Սեղմագիր
Հայաստանի անկախացումից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության (ՖՀ) հետ ձևավորվել են ջերմ և բարեկամական հարաբերություններ։ Վերջին շրջանում դրանք ձեռք են բերում նաև որոշակիորեն ռազմավարական բնույթ։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դերակատարություն է ունեցել Արցախյան հիմնահարցում։ Ներկայումս այդ դերակատարությունը շարունակվում է հայ–ադրբեջանական հարաբերություններում։ Փարիզը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և քրեականացրել դրա ժխտումը։ Ֆրանսիայի կողմից ձևավորվող անվտանգային համակարգերում ՀՀ-ն այս պահին մեծ հեռանկարներ չունի, սակայն կարող է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով զարգացնել հարաբերությունները դրանցում ընդգրկվող բարեկամ պետությունների հետ։
АРМЯНО–ФРАНЦУЗСКИЕ ОТНОШЕНИЯ
НА СОВРЕМЕННОМ ЭТАПЕ
Овян В. Р.
Аннотация
С момента независимости у Армении с Францией сформировались тёплые и дружественные отношения. В последнее время они в некоторой мере приобретают также стратегический характер. Франция как страна-сопредседатель Минской группы ОБСЕ играла важную роль в Арцахской проблематике. В настоящее время эта роль задействована в армяно-азербайджанских отношениях. Париж признал Геноцид армян и криминализировал его опровержение. В формирующихся со стороны Франции архитектуре безопасности Армения на сей момент не имеет больших перспектив, однако может по двусторонним и многосторонним форматам развивать отношения с вовлеченными в указанные системы дружественными странами.
ARMENIAN–FRENCH RELATIONS AT THE CURRENT STAGE
Hovyan V. R.
Summary
Warm and friendly relations have been formed with France since the proclamation of independence of Armenia. Recently they are achieving to some extent a strategic character as well. As an OSCE Minsk Group Co-chair country France has had an important role in Artsakh problem. Currently that role is being continued in the Armenian–Azerbaijani relations. Paris has recognized the Armenian Genocide and criminalized its rejection. At the moment Armenia doesn’t have great perspectives in the security architecture, being formed by France, however, it can develop bilateral and multilateral relations with friendly states included in thе mentioned architecture.
ՀԱՅ–ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են վերջինիս անկախացումից անմիջապես հետո։ Երկու երկրների հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարեկամական ոգով և փոխըմբռնմամբ։ Դրանք զարգացել են քաղաքական, տնտեսական, գիտատեխնոլոգիական, կրթամշակութային և այլ բնագավառներում։ Վերջին տարիներին նկատելի է նաև համագործակցությունն անվտանգության ոլորտում։
Փարիզը, լինելով Արցախյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, անմիջական առնչություն է ունեցել հակամարտության կարգավորման գործընթացին: Այն մշտապես հանդես է եկել խնդրի խաղաղ և փոխզիջումների վրա հիմնված կարգավորման օգտին, մասնակցել հիմնահարցի կարգավորման բոլոր նախագծերի մշակմանը։
2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից, ինչպես նաև 2023 թ. ԼՂՀ դեմ սանձազերծված ագրեսիայից ու նրա հայաթափումից հետո էլ Փարիզը շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ հայ–ադրբեջանական հարաբերություններում։ 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիայի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների, ինչպես նաև միջազգային այլ դերակատարների կեցվածքից։ Փարիզը հստակորեն դատապարտեց Արցախյան հիմնահարցը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի գործողությունները, նրա իրականացրած վայրագությունները, ինչպես նաև Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին։ Ֆրանսիայի այս դիրքորոշումը շարունակվում է մինչ օրս և դրսևորվում նաև Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն անվերապահ աջակցությամբ։
Փարիզը օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև՝ քրեականացրել դրա ժխտումն իր տարածքում։ Բացի մարդու իրավունքների և, առհասարակ, մարդասիրական արժեքների ջատագովությունից, այս հարցում էական դերակատարություն է ունեցել ևս երկու գործոն՝ թուրք–ֆրանսիական հակասությունները, հատկապես՝ Միջերկրական ծովին հարող Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, ինչպես նաև Ֆրանսիայում ստվարաթիվ և կազմակերպված հայ համայնքի եռանդուն գործունեությունը։
Ֆրանսիան Միջերկրական ծովին հարող տարածաշրջաններում փորձում է իր առանցքի շուրջը ձևավորել անվտանգային համակարգեր, որոնց հետ որոշակի առնչություն կարող է ունենալ նաև Հայաստանը։
Հոդվածը նպատակ է հետապնդում ամփոփ վերլուծության ենթարկել հայ–ֆրանսիական միջպետական հարաբերությունները Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը, վերհանել Փարիզի դերակատարությունը Արցախյան հիմնահարցում, դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում, ինչպես նաև վերլուծել Երևանի հնարավոր առնչությունները Փարիզի կողմից ստեղծվող անվտանգային համակարգերում։
ՀԱՅ–ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայ-ֆրանսիական առնչությունները սկիզբ են առնում դեռևս 4-5-րդ դարերում, երբ հայ հոգևորականները Աստվածաշունչ էին քարոզում հյուսիսային և կենտրոնական Ֆրանսիայում(3)։
Արդի փուլում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թ. փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների 63 այց Ֆրանսիա։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին այցը տեղի է ունեցել 1993 թ. մարտին։ Առաջին նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ևս երկու անգամ՝ 1996 թ. հունիսին և 1997 թ. հոկտեմբերին այցելել է ՖՀ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում (1998–2008) Ֆրանսիա է այցելել 10 անգամ, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2008-2018)՝ 11 անգամ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1918 թ.-ից ի վեր Ֆրանսիա է այցելել 6 անգամ։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաև ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԳ նախարարների, ԱԺ նախագահների, ՀՀ նախագահների (խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո), վարչապետների (կիսանախագահական կառավարման ձևի ժամանակ) բազմաթիվ այցեր։
Հիշյալ ժամանակահատվածում ֆրանսիացի պետական բարձրաստիճան այրերի այցերը Հայաստան ավելի սահմանափակ քանակությամբ են՝ 17 այց։ Սակայն այդ երկրի չորս նախագահ՝ Ժակ Շիրակը (2006 թ.), Նիկոլա Սարկոզին (2011 թ.), Ֆրանսուա Օլանդը (2014 և 2015 թ.), Էմանուել Մակրոնը (2018 թ.), այցելել են Հայաստան։ 2023 թ. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, այցելել է ՀՀ։
Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է իրավա-պայմանագրային շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։ Դրանցով կարգավորվում են երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում, ինչպես նաև հիմք է դրվում այդ ոլորտներում երկկողմ համագործակցության։ 1993 թ. մարտի 12-ին՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է Պայմանագիր համաձայնության, բարեկամության և համագործակցության մասին։ 2009 թ. հոկտեմբերի 7-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կարճաժամկետ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին։ Ֆրանսիայի երկու խոշոր քաղաքում՝ Մարսելում (2011 թ.-ից) և Լիոնում (2013 թ.-ից), գործում են ՀՀ գլխավոր հյուպատոսությունները։
Գիտակրթական և մշակութային ոլորտներում դեռևս 1995 թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ստորագրվել է Համաձայնագիր մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ։ 1997 թ. մարտի 29-ին Ֆրանսիայի Դեսպանության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է Համաձայնագիր Հայաստանում երկլեզվյա (ֆրանսերեն, հայերեն – Վ. Հ.) ուսուցմամբ դասարանների մասին։ 2011 թ. մարտի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՖՀ արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարության միջև ստորագրվել է Համաձայնագիր Հայաստանի ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման մասին։ 2017 թ. մարտի 8-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, որն առնչվում էր բուհի հետագա զարգացմանը(4)։ Ինչպես երևում է թվարկված փաստաթղթերից, Ֆրանսիան մեծ ուշադրություն է դարձնում «փափուկ ուժի» քաղաքականությանը Հայաստանում։
Տնտեսության բնագավառում 1995 թ. նոյեմբերի 4-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է Համաձայնագիր կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, 1997 դեկտեմբերի 9-ին՝ Համաձայնագիր եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին, 2017 թ. դեկտեմբերի 22-ին՝ Համաձայնագիր մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին, 2018 թ. մայիսի 28-ին՝ Հայաստանում՝ Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության հիմնադրման և գործունեության մասին։
Ռազմական ոլորտում դեռևս 2010 թ. փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր համագործակցության մասին։
Միգրացիայի ոլորտում 2016 թ. հոկտեմբերի 27-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է Համաձայնագիր միգրացիոն գործընկերության վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը։
Հայաստանում տարբեր բնագավառներում գործում են ֆրանսիական այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Ֆրանսիական համալսարանը, «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որը Երևանի կոնյակի գործարանի սեփականատերն է, «Քարֆուր» առևտրային ցանցը, «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնը և այլն։ Հայաստանը նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։
2019–2022 թթ. Ֆրանսիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ունի հետևյալ պատկերը։ 2019 թ. արտահանումը եղել է շուրջ $8.7 մլն, 2020 թ.՝ շուրջ $5.8 մլն, 2021 թ.՝ շուրջ $10.7 մլն, 2022 թ.՝ շուրջ $9.8 մլն։ 2019 թ. ներմուծումը Ֆրանսիայից եղել է շուրջ $84.2 մլն, 2020 թ.՝ շուրջ $82.6 մլն, 2021 թ.՝ շուրջ $83.8 մլն, 2022 թ.՝ շուրջ $112.6 մլն(5)։
Ինչպես երևում է վերոհիշյալ տվյալներից, Ֆրանսիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ոլորտում՝ արտահանում–ներմուծում հարաբերակցության մեջ գերակայողը ներմուծումն է։ Այն գրեթե 10 անգամ գերազանցում է արտահանմանը։ 2020 թ. Հայաստանի արտահանումը Ֆրանսիա զգալիորեն նվազել է նախորդ տարվա համեմատ, իսկ 2021 թվականին կտրուկ աճել՝ գրեթե կրկնապատկվելով։ Նվազման պատճառները, թերևս, եղել են թագաժահրի համավարակը և Արցախյան 44-օրյա պատերազմը։ Ֆրանսիայից ապրանքների ներմուծումը Հայաստան 2019–2021 թթ. գրանցել է մոտավորապես նույն ցուցանիշները՝ չնչին տարբերություններով։ Սակայն 2022 թ. այն նկատելիորեն աճել է։
Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ հայ–ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես ցույց են տալիս առևտրաշրջանառության ցուցանիշները, դեռևս բավականին թույլ են, չեն համապատասխանում երկու երկրների քաղաքական հարաբերությունների որակին ու մակարդակին, զգալիորեն զիջում են նաև այլ ոլորտներում (կրթություն, գիտություն, մշակույթ և այլն) առկա համագործակցության ծավալներին։ Հետևաբար՝ դրանք աճի զգալի տեղ ունեն։
Ֆրանսիան և Հայաստանը ավանդաբար եղել են բարեկամ երկրներ, որոնց հարաբերությունները կառուցվել են փոխըմբռնման մթնոլորտում և փոխշահավետության հիման վրա։ Վերջին 2-3 տարիներին երկկողմ համագործակցության մեջ նկատելի է դառնում ռազմական ոլորտը։ Այն դրսևորվում է սպառազինությունների որոշ տեսակների մատակարարմամբ («Բաստիոն» մարտական զրահամեքենաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ), ինչպես նաև ՀՀ զինված ուժերի համար կադրերի պատրաստմամբ։
Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների մատակարարումը, Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը 2022 թ. սեպտեմբերյան արյունալի բախումներից հետո, որի քանակակազմը գնալով ընդլայնվում է, Հայաստանին ԵՄ պաշտպանական հիմնադրամից հնարավոր աջակցության տրամադրումը՝ առայժմ ոչ մահաբեր սպառազինությունների տեսքով, հայ–ֆրանսիական աշխույժ քաղաքական շփումներն ու փոխըմբռնումը հիմք են տալիս ասելու, որ հայ–ֆրանսիական, ինչպես նաև ավելի լայն առումով՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունները ավանդական բարեկամականից աստիճանաբար ձեռք են բերում նաև ռազմավարական բնույթ։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
Պաշտոնական Փարիզը անմիջականորեն կապված է Արցախյան հիմնահարցի հետ։ Ի սկզբանե Ֆրանսիան եղել է Արցախյան հիմնահարցով զբաղվող միակ միջազգային ատյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկը (ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին)։ Որպես միջնորդ պետություն Ֆրանսիան մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ և փոխզիջումային հանգուցալուծման օգտին, ակտիվորեն մասնակցել է թե՛ բանակցություններին և թե՛ Արցախյան հիմնահարցի լուծման նպատակով տարբեր նախագծերի մշակմանը։
Ֆրանսիայի դիրքորոշումն Արցախյան հիմնահարցում, այնուամենայնիվ, ավելի ցայտուն է դրսևորվել 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ որոշակիորեն տարբերվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կեցվածքից։ 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիան միակ երկիրն էր, որը միանշանակ դատապարտում էր Արցախյան հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու Բաքվի քաղաքականությունը, վերջինիս կողմից իրականացվող բարբարոսություններն ու պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև Ադրբեջանին անվերապահ աջակցության Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքից վարձկան–ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան և նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին։
Ցավոք, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած սկզբնական շրջանում Ֆրանսիայի՝ իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները մեծ չէին և սահմանափակվեցին հիմնականում Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրմամբ՝ հատկապես առողջապահության ոլորտում, ինչպես նաև բարոյական աջակցությամբ։ Մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները՝ Ազգային ժողովն ու Սենատը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խորհրդատվական (կատարման համար ոչ պարտադիր) բանաձև ընդունեցին։
44-օրյա պատերազմից հետո էլ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը մնացել է նույնը՝ ենթարկվելով իրավիճակից բխող որոշակի փոփոխությունների։ Այդ դիրքորոշումը կարելի է ամփոփ բնութագրել հետևյալ կետերով.
ա) խնդրի խաղաղ կարգավորում՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման,
բ) արցախահայության իրավունքների հարգում, այդ թվում՝ անվտանգ ապրելու իրավունքի,
գ) Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ պաշտպանություն։
Այս մոտեցումները պաշտոնական Փարիզը հստակորեն ցուցաբերել է թե՛ հայ-ադրբեջանական սահմանային բախումների (2021–2022 թթ.), թե՛ Բերձորի (Լաչին) միջանցքի արգելափակման, թե՛ Արցախի դեմ 2023 թ. Սեպտեմբերյան ագրեսիայի ու հայաթափման ժամանակ, և թե՛ այլ իրավիճակներում։
Բացի Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններից և հոգևոր-քաղաքակրթական ընդհանրություններից, Ֆրանսիայի նման դիրքորոշումը պայմանավորված է ևս մի շարք հանգամանքներով։ Նախ՝ այդ երկիրը կախում չունի ադրբեջանական էներգակիրներից։ Եթե ԵՄ որոշ երկրների համար Ադրբեջանը էներգետիկայի բնագավառում կարևոր գործընկեր է՝ հատկապես ուկրաինական ճգնաժամի պայմաններում Արևմտյան երկրների կողմից ռուսական էներգակիրներից հրաժարվելու համատեքստում, ապա Փարիզն այդ խնդիրը չունի։ Բացի այդ, Ֆրանսիան աշխարհաքաղաքական և տնտեսական սուր մրցակցության մեջ է գտնվում Թուրքիայի հետ՝ Միջերկրականի տարածաշրջանում (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա)(6)։ Իսկ Ադրբեջանի՝ որպես Թուրքիայի կրտսեր եղբոր ուժեղացումը կհանգեցնի, ընդհանուր առմամբ, թուրքական գործոնի հզորացմանը։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասը նույնպես դիտվում է Մեծ Մերձավոր Արևելքի մաս։ Վերջապես, Հայաստանի՝ որպես Ֆրանսիայի համար բարեկամ երկրի շահերի շարունակական ոտնահարումը, նրա համար ստեղծվող անվտանգային մարտահրավերները կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում՝ ի վնաս ֆրանսիական շահերի։
Ֆրանսիայի՝ որպես ԵՄ առանցքային երկրի դիրքորոշումը զգալիորեն ազդում է նաև այդ կառույցի, ինչպես նաև դրա առանձին անդամ-երկրների դիրքորոշման վրա։ Արդ, Ֆրանսիայի և ԵՄ դիրքորոշումը Արցախյան հիմնահարցում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո գործնականում դրսևորվել է հետևյալ կերպ.
ա) քաղաքական և դիվանագիտական որոշակի աջակցություն Հայաստանին, այդ թվում՝ Ադրբեջանի վրա որոշակի ճնշումների միջոցով, ինչպիսիք են՝ հնարավոր պատժամիջոցների մասին հիշատակումները, էներգետիկայի ոլորտում ձեռք բերված համաձայնությունների հնարավոր չեղարկման մասին զգուշացումները(7), և այլն,
բ) Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության տեղակայումը,
գ) Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների մատակարարումը,
դ) ԵՄ պաշտպանական հիմնադրամից հնարավոր աջակցությունը Հայաստանին,
ե) ԵՄ-ի կողմից Հայաստանին մարդասիրական և զարգացման ծրագրերի նպատակով դրամական աջակցությունը և այլն։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն Կապանում ֆրանսիական հյուպատոսություն բացելու մտադրությունը՝ ընդդեմ Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանական սպառնալիքների ու ոտնձգությունների(8), ինչպես նաև Սյունիքի մարզի զարգացման նպատակով ԵՄ դրամական հատկացումները։
Հատկանշական է Փարիզի արձագանքը 2023 թ. դեկտեմբերի սկզբին գերիների փոխանակման վերաբերյալ հայ–ադրբեջանական համատեղ հայտարարությանը(9)։ Ֆրանսիան ոչ միայն ողջունեց այն, այլև ակնկալիք հայտնեց, որ նման գործողությունները շարունակական կլինեն՝ որպես մեկ շղթայի օղակներ։ «Ֆրանսիան հույս ունի, որ սա կլինի առաջին քայլը՝ բանտարկյալների, պատանդների և անհետ կորածների իրավիճակի լուծման ճանապարհին։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելուն՝ Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ։ Ամուր խաղաղություն կարող է հաստատվել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիություն հարգմամբ», — ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ(10)։
Եթե փորձենք վերհանել այս հայտարարության մեջ Փարիզի ուղերձները, ապա դրանք հետևյալն են.
ա) Փարիզն ակնկալում է, որ նման գործողությունները շարունակական կլինեն,
բ) Փարիզը կարևորում է բանտարկյալների, պատանդների և անհետ կորածների խնդրի վերջնական լուծումը (կարելի է ենթադրել, որ պատանդներ ասելով Ֆրանսիան հասկանում է ԼՂՀ նախկին նախագահներին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներին, որոնք ներկայում գտնվում են ադրբեջանական բանտերում),
գ) Փարիզը կարևորում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի շուրջ բակակցությունների վերսկսումը, այսինքն՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատումը,
դ) Փարիզի համար նախընրելի է հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակը՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հովանավորությամբ,
ե) Փարիզը կարևորում է միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության հարգումը, որի վրա կարող է խարսխվել ամուր խաղաղությունը Հարավային Կովկասում։
Հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի և Փարիզի ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է շարունակական լինել։ Ընդ որում, այն կարող է թե՛ ընդլայնվել, թե՛ խորանալ, մասնավորապես, ընդգրկելով նոր և ավելի հզոր սպառազինությունների մատակարարումներ։ Այսպես, 2023 թ. դեկտեմբերի սկզբին Ֆրանսիայի Սենատը կոչ է արել գործադիր իշխանությանը ամենակարճ ժամանակում ուսումնասիրել Հայաստանին «Ցեզար» մակնիշի ինքնագնաց հրետանային միջոցներ մատակարարելու համար անհրաժեշտ քայլերը(11)։
Ինչ վերաբերում է ՖՀ կողմից հայկական կողմին ցուցաբերվող բարոյական աջակցությանը, ապա դրա դրսևորում էր 2023 թ. դեկտեմբերին Փարիզի «պատվակալ քաղաքացու» կոչման շնորհումն իր բնօրրանից բռնագաղթի ենթարկված հավաքական արցախահայությանը։ Դա աննախադեպ երևույթ էր։ Փարիզի քաղաքապետարանը առաջին անգամ այդպիսի կոչում շնորհեց ոչ թե անձի, այլ մի ամբողջ ազգաբնակչության՝ Արցախի 120 հազար հայությանը։ Դեկտեմբերի 18-ին «պատվակալ քաղաքացիության» վկայականը Փարիզի քաղաքային խորհրդի անունից քաղաքապետ Անն Իդալգոն հանձնել է Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին(12)։
«Պատվակալ քաղաքացու» կոչումը տրվում է ճնշումների ենթարկված կամ անպաշտպան մնացած մարդկանց աջակցելու համար։ Դա խորհրդանշական քայլ է։ Փարիզի քաղաքային խորհուրդը այս կերպ պարզապես վերականգնել է Ադրբեջանի կողմից իրենց հողերից վտարված արցախցիների ոտնահարված արժանապատվությունը(13)։
Ֆրանսիայի համապատասխան քաղաքականությունը Արցախյան հարցում երևում է ոչ միայն Հայաստանին ցուցաբերվող բարոյական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական և այլ աջակցությամբ, այլև ադրբեջանա–ֆրանսիական և թուրք–ֆրանսիական հարաբերություններում ակնհայտ դրսևորվող և օրեցօր աճող լարվածությամբ։ 2023 թ. դեկտեմբերի 28-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ իր երկրի հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա(14)։
Ադրբեջանն ու Թուրքիան հատկապես ցավագին ընդունեցին Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինությունների մատակարարման փաստը։ Դրա պատճառը թերևս այդ փաստի անսպասելիություն էր Բաքվի և Անկարայի համար։ Վերջիններիս ենթադրությամբ ֆրանսիական աջակցությունը Հայաստանին պետք է որ սահմանափակվեր մարդասիրական և տնտեսական օգնության տրամադրմամբ, քաղաքական և բարոյական աջակցությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օրինակ, 2023 թ. դեկտեմբերի սկզբին սադրանք է որակել Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարումը։ Ըստ նրա՝ Ֆրանսիան պետք է գիտակցի, որ այդ կերպ ոչ թե օգնում, այլ վնասում է Հայաստանին(15)։
Բաքուն և Անկարան մեղադրում են Ֆրանսիային կողմնակալության մեջ հայ–ադրբեջանական հարաբերություններում, Հայաստանին միակողմանի աջակցության մեջ և պնդում, որ այդ իսկ պատճառով Փարիզը չի կարող միջնորդ հանդիսանալ հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովն այս առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանում այլևս չեն վստահում Ֆրանսիային՝ իբրև անաչառ միջնորդի։ Ըստ պաշտոնյայի՝ Փարիզ–Բաքու հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումն է, ինչը, նրա կարծիքով, վտանգում է անվտանգությունը Անդրկովկասում՝ տարածաշրջանը նետելով նոր ռազմական հակամարտությունների և սպառազինությունների անիմաստ մրցավազքի հորձանուտ։ Ամիրբեկովի խոսքերով՝ երկար ժամանակ Փարիզը, որ ամեն տեսակ դիվանագիտական, տնտեսական, իսկ վերջերս էլ՝ ռազմական աջակցություն է ցուցաբերում Երևանին, իր վնասակար գործողություններով վտանգում է հայ–ադրբեջանական հաշտության հեռանկարները(16)։
Բաքվի և Փարիզի միջև դիվանագիտական լարված հարաբերությունների ամենացցուն դրսևորումը այն լրտեսական սկանդալն է, որ ծագել է երկու պետութունների միջև։ Պաշտոնական Բաքուն 2024 թ. հունվարի 9-ին, ի վերջո, հաստատեց լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրը, ըստ որի՝ ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։ Արձագանքելով գործարարի ձերբակալության փաստին՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն այն որակել է որպես կամայականություն և պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը(17)։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն մեղադրել է Փարիզին իրականությունը խեղաթյուրելու, Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու մեջ(18)։
Փարիզի հետ դիվանագիտական առճակատման մեջ Բաքուն իրեն բավական ինքնավստահ է զգում՝ ոչ միայն «խիզախորեն» հակադարձում է Ֆրանսիայի մեղադրանքներին, այլև ինքն է հանդես գալիս Փարիզի դեմ ուղղված մեղադրանքներով ու սպառնալիքներով։ Խոսում է կորսիկացի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին, սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ և այլն։ Բաքվի դիվանագիտական-քաղաքական գործողությունները, բնականաբար, ուղեկցվում են պայքարի ևս մեկ ճակատում՝ տեղեկատվական-քարոզչական բնագավառում աշխույժ հակաֆրանսիական գործողություններով։
Դրա ցցուն դրսևորումներից է Փարիզում կայանալիք 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի դեմ Բաքվի սանձազերծած տեղեկատվական-քարոզչական արշավը։ Համացանցային արտաքին միջամտությունների դեմ պայքարով զբաղվող ֆրանսիական պետական հաստատությունը պարզել է, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ ջախջախիչ մեծամասնությամբ ադրբեջանական ծագում ունեցող թվային հարթակների հրապարակումներով փորձ է արվել վարկաբեկել Ֆրանսիան։ Հետաքննությունը բացահայտել է, որ 2023 թ. հուլիսի 26-27-ը՝ գրեթե 24 ժամ, «Իքս» սոցիալական ցանցում (նախկին «Թվիթեր») ավելի քան 1600 հրապարակում է կատարվել, բոլորն էլ միմյանց նման նյութերով, որոնք կոչ են անում բոյկոտել Ֆրանսիայում տեղի ունենալիք օլիմպիական խաղերը՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով այդ երկիրը, հատկապես ընդգծելով այնտեղ տիրող անապահով մթնոլորտը։ Հրապարակումներին կցվել են լուսանկարներ Ֆրանսիայում տեղի ունեցած այս կամ այն խռովությունից։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ ապատեղեկատվություն է որակել և դատապարտել այդ արշավը(19)։
Այս ամենին ավելացնենք նաև այն, որ 2024 թ. հունվարի սկզբին նախ՝ Ադրբեջանը, ապա, որպես պատասխան քայլ, Ֆրանսիան «ոչ ցանկալի անձ» հռչակված դիվանագետներ են արտաքսել(20)։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հայաստանի անկախացումից ի վեր էապես մեծացել է այն երկրների թիվը, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի Ֆրանսիան։ Վերջինիս դիրքորոշումը Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում բնութագրվում է հետևյալ հատկանիշներով։ Նախ՝ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով (2001 թ.)(21)։ Այսինքն՝ դա ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված բանաձև է, հայտարարություն և այլն, այլ օրենք, որը կազմում է այդ երկրի օրենսդրության անբաժանելի մասը։ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքը Ֆրանսիայում ընդունվել է՝ անցնելով առհասարակ ցանկացած օրենքի ընդունման համար սահմանված ընթացակարգերը։ Մասնավորապես, այն նախ ընդունվել է խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի կողմից, ապա ստորագրվել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի կողմից։
Ֆրանսիական դիրքորոշման մյուս հատկանիշն այն է, որ այդ երկիրը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև քրեականացրել դրա ժխտումն իր տարածքում (2016 թ.)(22)։ Իսկ ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի 2019 թ. ապրիլի 10-ի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր(23)։
Այսպիսով, Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առնչությամբ ընդունել է երկու օրենսդրական ակտ, որոնցով ոչ միայն օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև քրեականացրել դրա ժխտումն իր տարածքում։ Փարիզի նման դիրքորոշումը, բացի մարդու իրավունքների պաշտպանությանը նրա ավանդական ջատագովությունից, ինչպես նաև Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններից, պայմանավորված է ևս երկու կարևորագույն գործոնով։
Առաջինը Միջերկրական ծովի ավազանում՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գնալով լարվող հարաբերություններն են Թուրքիայի հետ(24)։ Մյուս գործոնը Ֆրանսիայում մեծաքանակ և կազմակերպված հայ համայնքի առկայությունն է(25)։ Այդ երկրում հայերի թիվը շուրջ կես միլիոն է։ Այս ցուցանիշով Ֆրանսիայի հայ համայնքը ամենախոշորներից է Եվրոպայում (Ռուսաստանի և Ուկրաինայի հայ համայնքների կողքին)։ Այստեղ գործում են բազմաթիվ հայկական հաստատություններ, որոնց ջանքերը մեկտեղվում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությամբ։ Իսկ Ֆրանսիայի հայկական համայնքը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը, ինչպես նաև համազգային բնույթի այլ խնդիրներ։
Այսպիսով, Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, դրա ժխտման քրեականացումը տարաբնույթ գործոնների համադրության արդյունք են, որոնցում առանցքային դերակատարություն ունեն այդ երկրի արտաքին քաղաքական շահերը և հայ համայնքի գործունեությունը։ Հայտնի բան է, որ լոբբիստական գործունեությունը, հատկապես, երբ խոսքն ազգային լոբբիզմի մասին է, արդյունավետ է այն պարագայում, երբ դրա նպատակները համընկնում են տվյալ պետության արտաքին և ներքին քաղաքականության հետ։ Հակառակ պարագայում այն հաջողության մեծ հեռանկարներ չունի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ Փարիզը ձգտում է իր դերակատարության մեծացմանը եվրոպական-միջերկրածովյան համագործակցության մեջ։ Դեռևս Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում ջանքեր են գործադրվել Ֆրանսիայի գերակայությամբ տարածաշրջանային դաշինք ձևավորելու ուղղությամբ։ Այս քաղաքականությունը, այնուամենայնիվ, առավել ցայտուն է դրսևորվում ներկա նախագահ Էմանուել Մակրոնի օրոք։ Վերջինիս կառավարումը բնորշվում է Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում բացառիկ ազդեցությամբ անկախ ռազմավարական միավորի վերաբերյալ միջազգային ընկալումը վերականգնելու ընդգծված ձգտմամբ։ Այս տեսակետից պատահական չէր Pax Mediterranea-ի ընդունման Է. Մակրոնի կոչը դեռևս 2020 թ. օգոստոսին, որը, ըստ էության, Փարիզին հարող տարածաշրջանային կարգ ձևավորելու նպատակով միջերկրածովյան համագործակցության նոր ձևաչափի հաստատման փորձ էր(26)։
Ինչևէ, Ֆրանսիայի կողմից ստեղծվող անվտանգային համակարգերը դիտարկվում են նեղ և լայն ձևաչափով։ Նեղ ձևաչափում այդ համակարգը Ֆրանսիայի հետ միասին կազմում են Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը։ Իսկ ավելի լայն ձևաչափով դրա մեջ կարող են ընդգրկվել նաև Իսրայելը, Սիրիան, Լիբանանը, Լիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հայաստանի առնչությունները Ֆրանսիայի կողմից ձևավորվող անվտանգային համակարգերի ճարտարապետությունում երկակի են՝ դրական և բացասական։ Դրական առումով Հայաստանը կարող է երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունների ձևաչափով զարգացնել իր հարաբերությունները այդ համակարգերում ներառված երկրների հետ, քանի որ դրանցում ընդգրկված են ՀՀ հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներ, ինչպիսիք են, մասնավորապես, Հունաստանը և Կիպրոսը։ Հայաստան–Հունաստան–Կիպրոս եռակողմ ձևաչափով արդեն իսկ առկա է համագործակցություն տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ռազմաքաղաքական։ Ժամանակին խոսքը նույնիսկ քառակողմ ձևաչափի մասին էր, որում ընդգրկված կլիներ նաև Իսրայելը։ Սակայն այդ հեռանկարը առայժմ մնում է տեսական մակարդակում։ Եգիպտոսի հետ նույնպես Հայաստանն ավանդաբար ունեցել է բարեկամական հարաբերություններ, որոնք զարգացման ներուժ ունեն։ Արաբական այլ երկրներից Սիրիան և Լիբանանը նույնպես Հայաստանի ավանդական բարեկամ երկրների շարքին են դասվում։ Ինչ վերաբերում է Իտալիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, ապա վերջիններիս հետ Հայաստանը քաղաքական որևէ հակասություն չունի։ Հետևաբար, որևէ խոչընդոտ չկա նրանց հետ նույնպես զարգացնելու հարաբերություններն ամենատարբեր, այդ թվում՝ անվտանգային բնագավառներում։
Սակայն ինստիտուցիոնալ առումով Հայաստանը մեծ հեռանկարներ չունի ընդգրկվելու Ֆրանսիայի կողմից ձևավորվող անվտանգային համակարգերում՝ հետևյալ նկատառումներով.
Այդ համակարգերը ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանին հարող տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Այստեղ կարևոր դեր է խաղում ծովի գործոնը։ Թեև Հարավային Կովկասը նույնպես դիտվում է որպես Մեծ Մերձավոր Արևելքի մաս, այնուամենայնիվ, այն աշխարհագրորեն հեռու է Միջերկրական ծովից։ Իսկ Հայաստանը, մասնավորապես, ցամաքապատ՝ ոչ ծովային երկիր է։
Թեև Ֆրանսիան շահեր ունի նաև Հարավային Կովկասում, որտեղ գտնվում է Հայաստանը, այնուամենայնիվ, վերջինիս ռազմավարական նշանակությունը Փարիզի համար համեմատելի չէ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ։ Հետևաբար՝ Ֆրանսիայի առաջնային հետաքրքրության առանցքում մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրներն են, այլ ոչ թե Հայաստանը։
Ֆրանսիայի կողմից ձևավորվող անվտանգային համակարգերում ընդգրկված պետություններին մեծ հաշվով միավորում են էներգետիկ շահերը, մասնավորապես՝ Միջերկրական ծովում վերջին տարիներին հայտնաբերված բնական գազի պաշարների բաշխման հարցը։ Իսկ ՀՀ-ն այդ խնդրին առնչություն չունի։
>Ցավոք, ՖՀ կողմից ձևավորվող անվտանգային համակարգերում ընդգրկված բոլոր երկրները չէ, որ միանշանակ բարեկամական հարաբերություններ ունեն Հայաստանի հետ։ Խոսքը, մասնավորապես, Իսրայելի մասին է։ Թեև այդ երկրում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացմամբ ակնկալվում էր երկկողմ հարաբերությունների ջերմացում և զարգացում, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ չկան։ Ավելին, նկատի ունենալով Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունների բարձրացումը ռազմավարական մակարդակի, ինչպես նաև տեղի հայ համայնքի ու հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ պարբերական ոտնձգությունները, կարելի է ասել, որ հայ-իսրայելական հարաբերություններում ներկա պահին ավելի շատ տեսանելի է հետընթաց, քան՝ առաջընթաց։ Չնայած Պաղեստինյան հակամարտության վերջին սրման ետնապատկերին թուրք–իսրայելական հարաբերություններում առերևույթ լարվածությանը, գործնականում այդ երկու երկրները շարունակում են տարբեր ոլորտներում սերտ հարբերություններ ունենալ միմյանց հետ։
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, ինչը, իրավական առումով, սահմանափակում է այլ ռազմաքաղաքական և տնտեսական համակարգերին ինստիտուցիոնալ կերպով ինտեգրվելու նրա հնարավորությունները։
Նկատի ունենալով ռուս–թուրքական սերտացող հարաբերությունները՝ Հայաստանի ներգրավումը Ֆրանսիայի կողմից ձևավորվող դաշինքներին կարող է որպես մարտահրավեր ընկալվել ոչ միայն Թուրքիայի, այլև բարեկամ և դաշնակից Ռուսաստանի համար։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացումը ինչպես հնարավորություններ է ընձեռում Հայաստանին, այնպես էլ ենթադրում է որոշակի մարտահրավերներ։
Հնարավորություններ
- Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը դիվանագիտական, քաղաքական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում բազմազանեցնում է Հայաստանի անվտանգության գործիքակազմը՝ չեզոքացնելով անվտանգության բնագավառում երկրի կախվածությունը մեկ կենտրոնից։
- Դա խթան կդառնա ՀՀ ավանդական դաշնակիցների համար, ինչպիսիք են ՌԴ-ն, Իրանը և այլն, ավելի նախանձախնդիր լինել Երևանի հետ համագործակցության խորացման բնագավառում, մասնավորապես՝ ավելի բարձր մակարդակով կատարել իր դաշնակցային պարտավորությունները։
- Հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացումը կցրի Ռուսաստանի իշխող վերնախավի մոտ արմատավորված այն տեսակետը, թե Հայաստանը ոչ ոքի պետք չէ, ոչ ոք հետաքրքրված չէ նրա հետ հարաբերությունների զարգացմամբ, հետևաբար՝ ոչ ոք շոշափելի աջակցություն չի ցուցաբերի նրան,հատկապես՝ անվտանգային հարցերում, հետևաբար՝ Երևանը, բացի ՌԴ-ից, որևէ այլ դաշնակից չունի, նրա համար չկա այլընտրանք անվտանգության ապահովման հարցում։ Չհավակնելով Կրեմլի խորհրդականի դերին՝ այնուամենայնիվ նշենք, որ նման մտածողությունը և դրա վրա հիմնված արտաքին քաղաքականությունը չի նպաստում հայ–ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հետևաբար՝ ռուսական դիվանագիտության հաջողությանը Հարավային Կովկասում։
- Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացումը կմեծացնի ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների հասանելիությունը ՀՀ-ի համար, այդ թվում՝ ռազմական, ինչը կխթանի երկրի գիտատեխնոլոգիական զարգացումը։
- Քանի որ Ֆրանսիան ԵՄ առանցքային երկիր է, նրա հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների և ավելի լայն կտրվածքով՝ Հայաստան–Արևմուտք հարաբերությունների ու համագործակցության վրա, ինչը կնպաստի երկրի զարգացմանը տնտեսական, գիտատեխնոլոգիական, կրթամշակութային և այլ բնագավառներում։
Մարտահրավերներ
- Հայկական Զինված ուժերը մեծ մասամբ զինված են խորհրդային և ռուսական սպառազինություններով։ Ֆրանսիական ռազմական տեխնոլոգիաների ներկրմամբ առաջանում է խորհրդային և ռուսական տեխնոլոգիաների հետ դրանց համադրելիության կամ համատեղելիության խնդիր։ Հարց է առաջանում՝ արդյունավետ կգործառնի՞ ներկրված ֆրանսիական զինտեխնիկան հայկական բանակում արդեն իսկ առկա սպառազինությունների կողքին։ Իսկ բանակի ամբողջական վերազինումը արևմտյան տեխնոլոգիաներով թե՛ ժամանակատար, և թե՛ ծախսատար գործընթաց է։
- Արևմտյան, այդ թվում՝ ֆրանսիական սպառազինությունների ներկրումը առաջացնում է այդ տեխնոլոգիաներին տիրապետող կադրերով ԶՈՒ-ն ապահովովելու խնդիր։ Որքան էլ տեխնոլոգիաները կատարյալ լինեն, շատ բան կախված է դրանք կիրառող կադրերից։ Հետևաբար, ֆրանսիական սպառազինություններով հայկական բանակի համալրումը իր հետ բերում է նաև անձնակազմի շարունակական վերապատրաստման ու կատարելագործման խնդիր։
- Ֆրանսիական սպառազինությունների մատակարարումը՝ որպես ածանցյալ խնդիր, առաջացնում է դրանց արդյունավետ սպասարկման հետ կապված հարցեր, ինչպիսիք են՝ վերանորոգումը, պահեստամասերի փոխարինումը և այլն։
- Եթե Փարիզի կողմից Հայաստանին ցուցաբերվող դիվանագիտական-քաղաքական և բարոյական աջակցությունը չուղեկցվի գործնական քայլերով, ապա այն ոչ միայն անօգուտ կլինի, այլև կարող է անգամ վնասակար լինել։ Դա միայն Հայաստանի դեմ տարածաշրջանային երկրների գրգռման առիթ կծառայի։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև բարեկամ Ռուսաստանի և Իրանի մասին է։
- Ի վերջո, շատ մեծ ակնկալիքներ չպետք է կապել ֆրանս–թուրքական հակասությունների հետ։ Մեծ տերությունները, ունենալով հակասություններ, տիրապետում են նաև պայմանավորվելու, փոխզիջումների հիման վրա համաձայնության գալու արվեստին։ Իսկ այդ դեպքում նրանց հակասությունների հորձանուտ ներքաշված փոքր երկրներին հիասթափություն է սպասում։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ատրպէյճան այլեւս չի վստահիր Ֆրանսային, «Նոր Մարմարա», 01.01.2024։
- Ատրպէյճանի մէջ ձերբակալուեցաւ ֆրանսահպատակ «գործակա՞լ» մը…, «Նոր Մարմարա», 10.01.2024։
- Գերեվարուած 32 հայ զինուորներ հասան Հայաստան, «Նոր Մարմարա», 14.12.2023։
- Երկկողմ հարաբերություններ. Ֆրանսիա, ՀՀ ԱԳՆ Պաշտոնական կայք, https://www.mfa.am/hy/bilateral-relations/fr (բեռնման օրը` 01.2024):
- Էրտողան.- «Ֆրանսա զէնք վաճառելով լաւութիւն չ՚ըներ Հայաստանին», «Նոր Մարմարա», 09.12.2023։
- Լոյս տեսաւ Հրանդ Նորշէնի «Հայերը ֆրանսական հողի վրայ» հատորը, «Նոր Մարմարա», 13.01.2024։
- Հակոբյան Գ., Հայկական եւ ֆրանսիական գիտական ներուժը կօգտագործվի, լուր, հարցազրույց, 15.03.2017, https://www.aravot.am/2017/03/15/866089/ (բեռնման օրը՝ 19.01.2024)։
- «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2003, էջ 622–657։
- Ղարապաղի ժողովուրդը՝ Փարիզի պատուակալ քաղաքացի, «Նոր Մարմարա», 19.12.2023։
- Ճանաչում, ՀՀ ԱԳՆ Պաշտոնական կայք, https://www.mfa.am/hy/recognition/ (բեռնման օրը` 01.2024):
- Միջազգային արձագանգներ գերիներու փոխանակման հարցով Հայաստանի ու Ատրպէյճանի համատեղ յայատարարութեան մասին, «Նոր Մարմարա»,, 09.12.2023։
- Պաքու-Փարիզ դիւանագիտական առճակատումը կը շարունակուի, «Նոր Մարմարա», 11.01.2024։
- «Պլումպէրկ» էն ուշագրաւ տեսակէտ մը, «Նոր Մարմարա», 21.12.2023։
- Ֆրանսա չ՚ուզեր կրկնել Ուքրանիոյ հարցով սխալները, «Նոր Մարմարա», 04.12.2023։
- Ֆրանսա պաշտօնապէս դատապարտեց ատրպէյճանական ապատեղեկատուական արշաւը, «Նոր Մարմարա», 18.11.2023։
- Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում. Կոլոննա, լուր, 27.09.2023, https://www.civilnet.am/news/752418/ֆրանսիան-հյուպատոսություն-կբացի-սյունիքում․կոլոննա/ (բեռնման օրը՝ 10.01.2024)։
- Воронкова Т., Влияние турецкого фактора на средиземноморскую политику Франции при президенте Э. Макроне, Проблемы национальной стратегии, № 4 (67), 2021, сс. 114-129.
- Norsen H., Les Armeniéns en Terre de France, Maisons Alfort, Kirk Publishing, 2023.
(1) Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006–2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակական գիտությունների ամբիոնում։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 20.01.2024 թ.։
(3) Տե՛ս Norsen H., Les Armeniéns en Terre de France, Maisons Alfort, Kirk Publishing, 2023; Լոյս տեսաւ Հրանդ Նորշէնի «Հայերը ֆրանսական հողի վրայ» հատորը, «Նոր Մարմարա», 13.01.2024։
(4) Տե՛ս Հակոբյան Գ., Հայկական եւ ֆրանսիական գիտական ներուժը կօգտագործվի, լուր, հարցազրույց, 15.03.2017, https://www.aravot.am/2017/03/15/866089/ (բեռնման օրը՝ 19.01.2024)։
(5) Երկկողմ հարաբերություններ. Ֆրանսիա, ՀՀ ԱԳՆ Պաշտոնական կայք, https://www.mfa.am/ hy/bilateral-relations/fr (բեռնման օրը` 10.01.2024):
(6) Տե՛ս Воронкова Т., Влияние турецкого фактора на средиземноморскую политику Франции при президенте Э. Макроне, Проблемы национальной стратегии, № 4 (67), 2021, сс. 114-129.
(7) Սա բավականին լուրջ սպառնալիք է Բաքվի համար։ Դեպի ԵՄ երկրներ բնական գազի արտահանման կրկնապատկման շնորհիվ նավթից և բնական գազից ստացվող Ադրբեջանի եկամուտը 2021 թ. $19.5 մլրդ-ից մեկ տարի անց հասավ $35 մլրդ-ի։ Սա էական աճ է այնպիսի երկրի համար, որի պետական միջոցների ավելի քան կեսը գոյանում է էներգակիրների վաճառքից։ «Պլումպէրկ» էն ուշագրաւ տեսակէտ մը, «Նոր Մարմարա», 21.12.2023։
(8) Տե՛ս Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում. Կոլոննա, լուր, 27.09.2023, https://www.civilnet.am/news/752418/ֆրանսիան-հյուպատոսություն-կբացի-սյունիքում․-կոլոննա/ (բեռնման օրը՝ 10.01.2024)։
(9) Տե՛ս Գերեվարուած 32 հայ զինուորներ հասան Հայաստան, «Նոր Մարմարա», , 14.12.2023։
(10)Մեջբերումն արևմտահայերերնից արևելահայերենի է վերածվել հեղինակի կողմից։ Միջազգային արձագանգներ գերիներու փոխանակման հարցով Հայաստանի ու Ատրպէյճանի համատեղ յայատարարութեան մասին, «Նոր Մարմարա», 09.12.2023։
(11) Ֆրանսա չ՚ուզեր կրկնել Ուքրանիոյ հարցով սխալները, «Նոր Մարմարա», 04.12.2023։
(12) Ղարապաղի ժողովուրդը՝ Փարիզի պատուակալ քաղաքացի, «Նոր Մարմարա», 19.12.2023։
(13) Նույն տեղում։
(14) Ատրպէյճան այլեւս չի վստահիր Ֆրանսային, «Նոր Մարմարա», 01.01.2024։
(15) Մանրամասն տե՛ս Էրտողան.- «Ֆրանսա զէնք վաճառելով լաւութիւն չ՚ըներ Հայաստանին», «Նոր Մարմարա», 09.12.2023։
(16) Ատրպէյճան այլեւս չի վստահիր Ֆրանսային, «Նոր Մարմարա», 01.01.2024։
(17) Ատրպէյճանի մէջ ձերբակալուեցաւ ֆրանսահպատակ «գործակա՞լ» մը…, «Նոր Մարմարա», 10.01.2024։
(18) Պաքու-Փարիզ դիւանագիտական առճակատումը կը շարունակուի, «Նոր Մարմարա», 11.01.2024։
(19)Ֆրանսա պաշտօնապէս դատապարտեց ատրպէյճանական ապատեղեկատուական արշաւը, «Նոր Մարմարա», 18.11.2023։
(20)Պաքու-Փարիզ դիւանագիտական առճակատումը կը շարունակուի, «Նոր Մարմարա», 11.01.2024։
(21)Ճանաչում, ՀՀ ԱԳՆ Պաշտոնական կայք, https://www.mfa.am/hy/recognition/ (բեռնման օրը` 10.01.2024):
(22)Նույն տեղում:
(23)Նույն տեղում։
(24)Տե՛ս Воронкова Т., նշվ. աշխ.։
(25)Տե՛ս «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2003, էջ 622-657։