Սահմանակից երկրներ

ՆՈՐ ԹԵԺԱՑՈՒՄ ԻՍՐԱՅԵԼ– ԻՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վերանյան(1)

ՆՈՐ ԹԵԺԱՑՈՒՄ
ԻՍՐԱՅԵԼ–ԻՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ.
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (2)

1. Սպահանի ռազմական օբյեկտը. կողմերի արձագանքը

2023 թ. հունվարի վերջին Իրանի Սպահան քաղաքի կենտրոնում տեղակայված ռազմական օբյեկտներից մեկը ենթարկվեց օդային հարձակման։ Իրանական պաշտոնական աղբյուրներով, օդային հարձակումն իրականացվել էր ԱԹՍ-ների միջոցով և լուրջ վնասներ չէր պատճառել ռազմական օբյեկտի ենթակառուցվածքներին։

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ հրաժարվել է մեկնաբանություն տալ դեպքի առնչությամբ` ո՛չ հաստատելով, ո՛չ էլ հերքելով օդային հարձակման հարցում Իսրայելի ներգրավվածությունը։ Չնայած այդ ամենին, վերջին շրջանում իսրայելական կողմը մեկ անգամ չէ հայտարարել, որ Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման հարցի` դիվանագիտական խողովակներով կարգավորման անարդյունավետության դեպքում, պատրաստ է ռազմական հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին։

Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների թիրախավորման հարցում Իսրայելի պաշտոնական աղբյուրները, որպես կանոն, չեն ստանձնում պատասխանատվություն, թեև միջազգային լրահոսը, վերլուծական հանրությունը ուղիղ կապ է տեսնում նման գործողությունների իրականացման գործում Իսրայելի ներգրավվածության հետ։

Նկատենք, որ Իրանի տարածքի ուղղությամբ ԱԹՍ-ներ կիրառվել են նաև նախորդ տարիներին։

Վաշինգտոնը չհապաղեց իր գնահատականը տալ. Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի (Patrick Ryder) մեկնաբանությամբ, ԱՄՆ զինված ուժերը որեւէ մասնակցություն չեն ունեցել այդ միջադեպում, սակայն այդպես էլ շրջանցեց իսրայելական կողմի մասնակցության հարցը(3)։

Թեհրանում սկզբում խուսափում էին ուղիղ մեղադրանք հնչեցնել այս գործողության հարցում Իսրայելի հնարավոր մասնակցության առնչությամբ, սակայն պաշտոնական Թեհրանին մոտ կանգնած լրատվամիջոցների համաձայն, գործողության իրականացման ետևում Իսրայելի արտաքին հետախուզության մարմիններն են։ Աստիճանաբար, սակայն, Թեհրանի մեղադրանքները դարձան առավել հասցեական ու առարկայական։

2. Ենթակառուցվածքների թիրախավորման վիճակագրությունից

Այս տարեսկզբին Սպահանի ռազմական արդյունաբերական օբյեկտի թիրախավորումը բնավ առաջին նման միջադեպը չէր։ Հագեցած էր հատկապես 2020 թվականը, երբ Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ արձանագրվեցին շուրջ տասնյակ միջադեպեր, պայթյուններ։ Թեհրանում դեպքերը կապեցին տեխնիկական դրդապատճառների հետ` խուսափելով դրանց քաղաքական հիմքեր տալուց։

2020 թ. հունիսի վերջին Թեհրանից 30 կմ հեռավորությամբ գտնվող Փարչինի ռազմական համալիրում պայթյուն տեղի ունեցավ, որն ըստ պաշտոնական տեղեկատվության, տեղի էր ունեցել գազի արտահոսքի արդյունքում։ Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, որոնք հիմնվում էին արբանյակային լուսանկարների վրա, պայթյունը տեղի էր ունեցել ոչ թե ռազմական համալիրում, այլ հարևանությամբ գտնվող Խոջիրի հրթիռների արտադրության օբյեկտում (Khojir missile production facility):

2020 թ. հուլիսի սկզբին Իրանի Խուզեստան (Khuzestan) նահանգի Ահվազ քաղաքի էլեկտրակայանում (Zargan power plant) պայթյունի պատճառ դարձավ տրանսֆորմատորի անսարքությունը։ Կրկին Խուզեստանի նավթաքիմիական կենտրոնում (Karun petrochemical centre) գազի արտահոսքի արդյունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շուրջ 70 աշխատակիցներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։ Հուլիսի 18-ին պայթյունի հետևանքով վնասվեց Իրանի նավթատարի խողովակը՝ Ահվազի շրջանում։

Վերջին շրջանում Իրանի ռազմավարական ենթակառուցվածքներում տեղի ունեցած ամենախոշոր միջադեպը կապված էր Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի (Natanz nuclear enrichment facility) հետ: Ամենախոշորը թերևս այն պատճառով, որ դեպքը տեղի էր ունենում Իրանի միջուկային ծրագրի զարգացման ոլորտում ռազմավարական նշանակության կարևորագույն ենթակառուցվածքներից մեկում։

«New York Тimes» պարբերականում 2020-ի հուլիսի 5-ին հոդված հրապարակվեց, որի համաձայն Իսրայելը ռումբ էր տեղադրել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի շինությունում, որտեղ հավաքվում են ցենտրիֆուգներ[4]։

2021 թ. հունիսին օդային հարձակման ենթարկվեց Քարաջում (Karaj) տեղակայված ցենտրիֆուգների արտադրության կենտրոնը. 2023 թ. փետրվարի վերջին Քարաջ քաղաքում կրկին պայթյուններ տեղի ունեցան։ Իսկ 2022 թ. փետրվարին թիրախում հայտնվեց Քերմանշահի (Kermanshah) ԱԹՍ-ների պահեստն ու արտադրամասը։ Այս միջադեպերը նույնպես վերագրվեցին Իսրայելի հատուկ ծառայություններին։

3. Իսրայելի դոկտրինն ի գործ

Իրանի միջուկային ու այլ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են տեղավորվել Իսրայելի՝ Իրանին ուղիղ հարվածելու դոկտրինի տրամաբանությունում։ «Octopus» կոչվող դոկտրինը մշակել է Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը (Naftali Bennet), որի «ռազմավարությունը ներառում է ուղիղ հարվածներ Սիրիայում ու Իրաքում Իրանի զինվորական անձնակազմի ուղղությամբ և ոչ թե զուտ միայն թիրախավորելով Իրանի հովանու ներքո գործող խմբավորումները, ինչպես, օրինակ, Հեզբոլլահն է»։

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր սկսել է առավել անկաշկանդ ընդունել, որ Իսրայելն այսուհետ պետք է ստանձնի Իրանի ուղղությամբ հարձակումների պատասխանատվությունը՝ դարձնելով Իրանի հետ ստվերային պատերազմը բացահայտ և ուղիղ հակամարտություն։

Դոկտրինի էությունն այն է, որ Իրանի դեմ միջնորդավորված պատերազմն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտ է ուղիղ հարվածներ հասցնել Իրանին, այդտեղից էլ գալիս է դոկտրինի «ութոտնուկ» անվանումը: Դոկտրինի պատասխանատուները գտնում են, որ «պետք է չեզոքացնել ութոտնուկի գլուխը, այլ՝ ոչ թե վերջույթները՝ Իրանի հովանու ներքո գործող խմբավորումները»[5]:

4. Թեհրանի հակաքայլը

Այս գործընթացները տեղի են ունենում Իրանում հակակառավարական ցույցերի ակտիվացման ֆոնին` տեղավորվելով նույն հիբրիդային պատերազմի վարման համատեքստում։ Սպահանի դեպքը Իրանի ուղղությամբ օդային հարձակման առաջին միջադեպն է, ինչ 2022 թ. դեկտեմբերից վարչապետի պաշտոնը կրկին ստանձնել է Բենիամին Նեթանյահուն` ձևավորելով Իսրայելի պատմության մեջ ամենաաջակողմյան կառավարությունը։

Իրանի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի պաշտպանությանն
ուղղված ՀՆԱ -ի ծախսերը (աղբյուրը` Henry Rome (2020). Iran’s Defense Spending. The Iran Primer (17.06.2020), https://iranprimer.usip.org/blog/2020/jun/17/iran%E2%80%99s-defense-spending, (բեռնման օրը՝ 25.02.2023)

Դատելով օդային հարվածի արձակման տեղանքի ընտրությունից, ինչպես նաև հաշվի առնելով կիրառված ԱԹՍ-ների պարամետրերը (ըստ Թեհրանի, ընդհանուր առմամբ կիրառվել է 3 ԱԹՍ), հարձակումն ամենայն հավանականությամբ կարող էր իրականացվել Իրանի սահմանների ներսում։

Թեհրանը քանիցս մեղադրել է Իսրայելին Իրանի տարածքում գործող գործակալական ցանցի գործադրման միջոցով հարձակումներ նախապատրաստելու մեջ։ 2022 թ. հուլիսին իրանական կողմը ձերբակալեց հօգուտ Իսրայելի հետախուզական գործունեություն իրականացնող քուրդ զինվորականների մի խումբ, որոնք ծրագրում էին պայթեցնել Սպահանի նույն ռազմական արդյունաբերական օբյեկտը[6]։

Պաշտոնական Թեհրանի տեղեկատվությամբ, ձերբակալվածները անդամակցում էին Իրանի Քոմալա (Komala) քրդական ընդդիմադիր խմբավորմանը, որոնք հավաքագրվել էին Իսրայելի Մոսադ արտաքին հետախուզության կողմից։ Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի շրջանակում գործող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների մի մասը տեղակայված է Սպահան նահանգում, այդ թվում և Նաթանզի ռազմական օբյեկտը։

Սպահանի ռազմական օբյեկտի վրա հարձակումից օրեր անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հեռուստատեսությամբ եթեր արձակեց ժամանակակից, ցամաք-ցամաք տեսակի բալիստիկ հրթիռներից մեկի նկարները` իր արձակման կայանով` հրթիռի վրա «Մահ Իսրայելին» գրառմամբ։ Հրթիռի հանրայնացման նպատակով Սպահան քաղաքի կենտրոնում կազմակերպվեց հրթիռի ցուցադրությունը:

2023 թ. փետրվարի վերջին Իրանի պետական հեռուստաընկերության եթերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Ամիրալի Հաջիզադեն (Amirali Hajizadeh) հանրայնացրեց Իրանի նորագույն «Paveh» անվանումը կրող թևավոր հրթիռներից մեկը, որի հեռահարությունը 1.650 կմ է` բավարար Իսրայելին հարվածելու համար։ Պահապանների կորպուսի հրամանատարությունը մինչ այդ հայտարարում էր, որ Իրանի թևավոր հրթիռների հեռահարությունը հասնում է մինչև 1000 կմ։

«Մահ Իսրայելին» գրառմամբ հրթիռի ցուցադրությունից մեկ օր առաջ Իրանը հանրությանը ներկայացրեց իր առաջին ստորգետնյա «Eagle 44» անվանումը կրող ռազմաօդային բազան` հայտարարելով, որ այն, ի թիվս այլոց, պատրաստ է կիրառության Իրանին նետված սպառնալիքների չեզոքացման համար։

Ռազմաբազայում տեղակայվելու են վերջին սերնդի կործանիչներ։ Անվտանգության նկատառումներով «Eagle 44» ստորգետնյա ռազմաօդային բազայի տեղակայման վայրը գաղտնի է պահվելու[7]։

Իրանի պաշտոնական տեղեկատվությամբ, Սպահանի ռազմական օբյեկտի ուղղությամբ օդային հարվածից օրեր անց Իրանի հատուկ ծառայություններին հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել հարձակման պատասխանատուներին, ովքեր Իսրայելի կողմից վարձկաններ են[8]։

2023 թ. փետրվարի վերջին Մեծ Բրիտանիայի անվտանգության հարցերով նախարար Թոմ Թուգենդհատը (Tom Tugendhat) հայտարարեց, որ Իսրայելի հարվածների իրականացման դեպքում Իրանը ծրագրում է պատասխան գործողություններ ձեռնարկել Եվրոպայի ազդեցիկ հրեաների նկատմամբ. Թեհրանը կիրառում է ոչ ավանդական մեթոդներ, գործի դնում հանցավոր խմբեր Մեծ Բրիտանիայի հրեական համայնքի անդամների նկատմամբ լրտեսության, հետապնդման նպատակով[9]։

5. Իսրայել. հիբրիդային գործողություններ

Իսրայելում ռազմական ուղիղ կամ անուղղակի թիրախային հարվածներ իրականացնելու մարտավարությանը զուգահեռ մեծ տեղ են տալիս հիբրիդային գործողություններին, որոնք տարատեսակ են և ուղղված են տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացմանը` ընդհուպ մինչև Իրանում հեղաշրջման իրականացումը։

Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի ուղղությամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու ազդեցիկ գործիքներից մեկն էլ Իրանի ներսում հակակառավարական հանրային դժգոհություններ հրահրելն է։

Վերջին ամիսներին Իրանում հակակառավարական ցույցերի հերթական ալիքը սկսվեց 22-ամյա Մահսա Ամինիի (Mahsa Amini) մահից հետո, ով ծեծի էր ենթարկվել ոստիկանության բաժանմունքում՝ հիջաբը սխալ կրելու համար։

Հունվարի կեսերին Իրանում մահապատժի ենթարկվեց Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզա Աքբարին (Ali Reza Akbari), ով, միաժամանակ, նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Այդ միջադեպը` ունենալով լայն միջազգային հնչեղություն, նույնպես բացասական ազդեցություն թողեց Իրանում հակակառավարական հանրային դժգոհությունների համատեքստում։

Փետրվարի կեսերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի (Ebrahim Raisi)` 1979 թվականի Իսլամական հեղափոխության 44-րդ տարելիցին նվիրված տեսաելույթը կիբերհարձակման արդյունքում ընդհատվեց 19 վայրկյանով։ Կիբերհարձակումն իրականացրել էր «The Justice of Ali» անվանումը կրող հաքերային խումբը։ Վերջինս թվիթերում տեղադրեց տեսաուղերձ, որտեղ կոչ էր արվում դուրս գալ փողոց և միանալ հակակառավարական ցույցերին, ինչպես նաև դուրս բերել իրենց ֆինանսները իրանական բանկերից։

Իրանում հանրային դժգոհություններ ու ցույցեր հրահրելով` Իսրայելում և Արևմուտքում փորձում են Իրանի հիմնահարցը լուծել հնարավորինս անցնցում և խուսափել սիրիական սցենարի կրկնությունից։

Իսրայելի ղեկավարությունը քանիցս տեսաուղերձներ է հղել իրանցիներին` պայքարելու Իրանի ղեկավարության դեմ։ Այդ հարցում առավել ակտիվ է Նեթանյահուն, ով ուղերձներում Իրանի ժողովրդին կոչ էր անում դուրս գալ փողոց և պահանջել Իրանի ղեկավարությունից «Սիրիայում, Եմենում և Մերձավոր Արևելքի անիմաստ պատերազմներում ֆինանսներ վատնելու փոխարեն, լուծել երկրի առջև կանգնած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, ջրային սակավ ռեսուրսները, ահաբեկչությունը»։ Կոչ էր արվում նաև ազատվել Իրանի ղեկավարությունից, իսկ Իսրայելը ներկայացվում էր իբրև Իրանի ժողովրդի բարեկամ։

6. Ռազմական սցենարի հավանականությունը

Հիբրիդային գործողություններին զուգահեռ առաջնային նշանակություն է տրվում ռազմական թիրախային հարվածներ հասցնելու մարտավարությամբ Իրանի միջուկային հարցը լուծելուն` հատկապես երբ միջազգային հանրությանը չի հաջողվում հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։

Կարելի է ենթադրել, որ Իսրայելում լրջորեն նախապատրաստվում են Իրանի միջուկային ենթակառուցվածքների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու սցենարին։

Փետրվարի երկրորդ կեսին Իսրայելում էր գտնվում «Boeing»  ընկերության պաշտպանական թևի ղեկավար Թեդ Քոլբերտը (Ted Colbert), ով հանդիպումներ ունեցավ վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության բանակի ղեկավարության հետ։

Այցելության ընթացքում քննարկվել են երկար սպասված KC-46 վերալիցքավորման ինքնաթիռների ու թվով 25 F-15IA կործանիչների` Իսրայելին մատակարարման հարցերը` Իրանին հարվածելու կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կործանիչների մատակարարման հստակ ժամանակացույց դեռ սահմանված չէ, սակայն ամենայն հավանականությամբ ամենասեղմ ժամկետում դրանք կմատակարարվեն Իսրայել միայն 2028 թ-ին։ Իսրայելում ակնկալիքներն ավելի մեծ են[10]։ Ինչ վերաբերում է KC-46 տանկերներին, ապա դրանք նախատեսվում է Իսրայելին փոխանցել ավելի շուտ` 2025 թ-ին։

Վերջին շրջանում հաճախակիացել են վարչապետ Նեթանյահուի հանդիպումները երկրի ուժային կառույցների, այդ թվում` պաշտպանության բանակի, արտաքին հետախուզության, ռազմական հետախուզության ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային ենթակառուցվածքներին Իսրայելի հարձակման հնարավորության հարցերը։ Նեթանյահուն կրկին կոչ է արել միջազգային հանրությանը զսպել Իրանից եկող միջուկային սպառնալիքը ռազմական ճանապարհով. «որքան երկար սպասեք, այնքան ավելի բարդ է լինելու. մենք շատ երկար ենք սպասել»[11]։

Իրանում ուրանի հարստացման դինամիկան 2008–2022 թթ. (աղբյուրը` Katharina Buchholz (2022). The Development Of Iran’s Uranium Stockpile. Statista (11.03.2022), https://www.google.com/ amp/s/www.statista.com/chart/amp/23528/irans-stockpile-of–low-enriched-uranium/ (բեռնման օրը` 15.02.2023)

2023 թ. փետրվարի երկրորդ կեսին «Bloomberg» և «Reuters» պարբերականները զեկույցներ հրապարակեցին, որոնց համաձայն Իրանի ուրանի հարստացման ցուցանիշը մոտ է 90%-ին։

Զեկույցների հրապարակումից մեկ օր անց հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբին (Tzachi Hanegbi)` մասնավորապես նշելով. «կամ այժմ է հնարավոր կանգնեցնել Իրանին, կամ երբեք։ Մենք փորձում ենք համոզել բոլորին, որ Իրանի հետ դիմակայության կանխման համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ ռազմական սպառնալիք` կամ Իսրայելի, ԱՄՆ-ի կամ էլ միջազգային հանրության կողմից»[12]։ Ըստ Հանեգբիի, ուրանի հարստացման այդ ցուցանիշը չի կարող օգտագործվել քաղաքացիական նպատակներով. դրա միակ մոտիվացիան միջուկային զենքի արտադրությունն է։

Բայդենի վարչակազմը դեռևս խուսափում է թեժացնել Իրանի ուղղությամբ ռազմական սպառնալիքի հռետորաբանությունը, սակայն այլ կլինի իրավիճակը Թրամփի վերընտրվելու դեպքում։ Թրամփ–Նեթանյահու զույգը էապես կմեծացնի Իրանին ուղիղ ռազմական հարվածներ հասցնելու հավանականությունը։ Նեթանյահուի ակնկալիքները մեծ են ԱՄՆ-ի հրեական սփյուռքից, որն արդեն ակտիվ քաղաքական, հանրային աշխատանքներ է կատարում Թրամփի վերընտրվելու համար։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ակնկալիքները Վաշինգտոնից

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր է դիմել միջազգային հանրությանը հակաիրանական կոալիցիա ձևավորելու նպատակով` ձախողելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է միջազգային ուժերի աջակցությամբ հարվածներ հասցնել Իրանի ռազմավարական և միջուկային ենթակառուցվածքներին։ Խոսվում է շուրջ 3․000 նման թիրախների մասին, որոնք ծրագրվում է խոցել։ Որոշ տվյալներով, Իսրայելի ղեկավարությունն արդեն հանգամանորեն մշակել է հարձակման գործողությունների քարտեզը։

Իրանի ուղղությամբ հարձակումների ծրագրման համար միջազգային խաղացողների աջակցությունը ստանալու հարցում քաղաքական հանգամանքները նպաստավոր կարելի է համարել, քանի որ Արևմուտքին նյարդայնացնում է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանին Իրանի ցուցաբերած աջակցությունը։ Դժվար է ասել, որքանով կհաջողվի Իսրայելին հիմնավորել Իրանին հարվածելու գործում Արևմուտքի մասնակցության անհրաժեշտությունը, սակայն առավել հավանական խաղացողների ցանկում հիշատակվում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ինչպես նաև Ծոցի արաբական երկրները։ Պատահական չէր, որ վարչապետի պաշտոնը վերստանձնելուց հետո Նեթանյահուն իր առաջին այցը կատարեց Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման թեմաներից մեկը եղել է Իրանը։Նեթանյահուի ուղերձը հստակ է` Իսրայելն աջակցում է Արևմուտքին ռուս-ուկրաինական ճգնաժամում` դրա դիմաց ակնկալելով վերջինիս աջակցությունը Իրանի դեմ պատերազմում։

Իսրայելը շարունակում է ստանալ Վաշինգտոնի լիակատար քաղաքական, ռազմական աջակցությունը` Մերձավոր Արևելքում անվտանգության համակարգի արդյունավետության ապահովման համատեքստում, այդուհանդերձ Վաշինգտոնում որոշում են կայացրել շրջանցել հունվարի վերջին Սպահանի ռազմական օբյեկտի ուղղությամբ հարձակման գործողությանն Իսրայելին ուղիղ աջակցություն ցուցաբերելու հարցը։ Միացյալ Նահանգները աշխատանքներ է տանում Մերձավոր Արևելքում օդային պաշտպանության դաշինքի (Middle East Air Defense Alliance-MEAD) ձևավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Իսրայելի և Ծոցի արաբական երկրների միջև համագործակցությամբ լուծել Իրանից եկող մարտահրավերները։ Ծոցի արաբական երկրներն իրենց հերթին մտահոգված են Իրանի հրթիռային, միջուկային կարողությունների առնչությամբ, սակայն այնքան էլ ոգևորված չեն Իրանի ուղղությամբ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ռազմական ճնշումների խստացման հարցում. արդյունքում դա կարող է հանգեցնել Թեհրանի կողմից պատասխան գործողությունների ինչպես Իսրայելի, այնպես էլ Ծոցի արաբական երկրների ուղղությամբ։

2. 2. Թեհրան-Էր Ռիադ հարաբերությունների կարգավորումը

Միջազգային հարաբերություններում առհասարակ մեծացել է Ծոցի արաբական երկրների կշիռը։ Փոփոխություն է նկատվում վերջիններիս ուղղությամբ Թեհրանի դիրքորոշման մեջ։ Նախկին ուղիղ դիմակայությանը փոխարինելու է եկել պրագմատիկ ճկունությունը, ինչի արդյունքում Թեհրանում փորձում են Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավման միջոցով ստվերել վերջիններիս հետ Իսրայելի համագործակցությունը:

Իրան–Սաուդյան Արաբիա, Իրան–Իսրայել լարվածության դինամիկան 2020–2022 թթ. (աղբյուրը` Hamish Kinnear and Torbjorn Soltvedt (2022). Middle East’s widening fault lines threaten further energy turmoil. Verisk Maplecroft (09.12.2022), https://www.maplecroft.com/ insights/analysis /middle-easts-widening-fault-lines-threaten-further-energy-turmoil/ (բեռնման օրը` 15.02.2023):

Վերջին շրջանում նկատվում է Իրան–Սաուդյան Արաբիա հարաբերությունների ջերմացում։ Կողմերը փորձում են հաղթահարել տարիներ տևած առճակատումը, երբ Եմենի հութիները Թեհրանի ռազմաքաղաքական աջակցությունն են ստանում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարության դեմ պայքարում։

Սույն թվականի մարտի 10-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին (Ali Shamkhani) հանդիպում ունեցավ Սաուդյան Արաբիայի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ բին Մուհամեդ Ալ Այբանի (Musaad bin Mohammed Al Aiban) հետ։ Կողմերը պայմանավորվել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել դեսպանություններ։ Համաձայնություն է ձեռք բերվել հարգել երկու երկրների սուվերենությունը և չմիջամտել վերջիններիս ներքին գործերին։ Մինչ այդ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ կայացել են Իրաքում և Օմանում։

Ուշագրավ է, որ Էր Ռիադ–Թեհրան հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելություն է ստանձնել Չինաստանը, որտեղ և կազմակերպվել էր վերոնշյալ հանդիպումը։ Պեկինը սրանով լուրջ հաջողություն է արձանագրում մերձավորարևելյան իր դիվանագիտությունում, որը անվանում են գլոբալ համակարգը փոփոխող իրադարձություն։ Էր Ռիադ–Թեհրան հարաբերությունների կարգավորմամբ Պեկինն ամրապնդում է նաև իր տնտեսական-էներգետիկ շահերը։ Չինաստանը Ծոցից նավթ ներկրող հիմնական պետություններից է, որտեղ մեծ բաժինն ընկնում է Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշվին։ Վաշինգտոնում խանդով են մոտենում ընթացիկ զարգացումներին, սակայն նախընտրում են ընդունել, որ Մերձավոր Արևելքի երկու հակառակորդների հարաբերությունների մերձեցումը շահավետ է ԱՄՆ-ին։

3. Իսրայելի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամում

Վերջին տարիներին ուկրաինական ճգնաժամն իր վրա է սևեռել միջազգային հանրության ուշադրությունը, որտեղ խորանում է Արևմուտք-Ռուսաստան հիբրիդային հակամարտությունը։ Ուկրաինական ճգնաժամն այսպիսով ինչ-որ առումով ստվերել է տարբեր տարածաշրջանային ռազմաքաղաքական, անվտանգային զարգացումները։

Ընդլայնվում է ուկրաինական ճգնաժամի հիբրիդային աշխարհագրությունը` ներգրավելով այլ տարածաշրջանային խոշոր դերակատարներին։ Շատ է խոսվում Ուկրաինայի զինված ուժերի դեմ կիրառվող իրանական արտադրության հեռահար կամիկաձե ԱԹՍ-ների զանգվածային կիրառման մասին։ Սա խոսում է ուկրաինական ճգնաժամում Մերձավոր Արևելքի հիմնական դերակատարների` առաջին հերթին Իրանի ու Իսրայելի միջնորդավորված ներգրավվածության մասին։ Եվ Իրանի ռազմական արդյունաբերության օբյեկտի թիրախավորման միջադեպը անհրաժեշտ է դիտարկել ոչ այնքան մերձավորարևելյան տարածաշրջանային գործընթացների, որքան ռուս-ուկրաինական հակամարտության միջազգայնացման համատեքստում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ավագ օգնական Միխաիլո Պոդոլյակը (Mykhailo Podolyak) Սպահանի ռազմական օբյեկտի ուղղությամբ հարձակումն ուղղակիորեն պայմանավորեց ուկրաինական պատերազմով` թվիթերում կատարելով հետևյալ գրառումը. «պայթուցիկ գիշեր Իրանում. սա նախազգուշացում էր»։

Սիրիայում և Մերձավոր Արևելքում անվտանգային նկատառումներից ելնելով` Իսրայելն առայսօր շրջանցել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը` սահմանափակվելով հումանիտար նշանակության աջակցությամբ:

Վերջին շրջանում Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությունը փոխվել է` ուկրաինական ճգնաժամում իրանական արտադրության ԱԹՍ-ների հայտնվելուց հետո։

Սույն թվականի փետրվարի 1-ին CNN-ին տված հարցազրույցում Նեթանյահուն նշել է, որ «չի բացառում Ուկրաինային իսրայելական արտադրության Երկաթյա գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հնարավորությունը»։ Այն գլխավորապես ուղղված է Ուկրաինայի օդային տարածքը իրանական արտադրության ԱԹՍ-ներից պաշտպանելուն, ինչի անհրաժեշտության շուրջ Կիևը մեկ անգամ չէ, որ հայտնել է իր մտահոգությունը։

Հիշեցնենք, որ Սպահանի ռազմական օբյեկտի ուղղությամբ հարձակմանն ընդամենը մի քանի օր առաջ նախորդել էին ԱՄՆ–Իսրայել համատեղ զորավարժությունները, որոնք այդ երկու երկրների մասնակցությամբ պատմության մեջ ամենախոշոր զորախաղերն են եղել։

Իսրայելի հարավում տեղակայված Նեվաթիմ (Nevatim) ռազմաօդային բազայում կայացած «Juniper Oak» համատեղ զորավարժություններին կիրառվեցին հինգերորդ սերնդի ավելի քան 140 կործանիչներ, ԱԹՍ-ներ, մասնակցում էին շուրջ 6․400 ամերիկացի և 1․500 իսրայելցի զինվորականներ։ Զորավարժություններին ներգրավված էին երկու երկրների օդային, ծովային, ինչպես նաև ցամաքային ուժերը։

Համատեղ զորավարժությունների ավարտից օրեր անց՝ Սպահանի ռազմական օբյեկտի ուղղությամբ օդային հարձակմամբ, Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ կերպ ձգտում էր այն տպավորությունն ստեղծել, որ հարձակումը նախապատրաստվել էր Վաշինգտոնի հետ համատեղ և ներքաշել վերջինիս այդ գործողության համար պատասխանատվության մեջ` միջադեպին տալով միջազգային ենթատեքստ։ Դա է թերևս պատճառը, որ Միացյալ Նահանգներն անմիջապես հերքեց իր մասնակցությունը Սպահանի ռազմական օբյեկտի ուղղությամբ հարձակման գործողության ծրագրմանը։

Միգուցե Վաշինգտոնը փորձում է խուսափել Թեհրանին հրահրել, որը կարող է անմիջապես մեծացնել իր անուղղակի մասնակցությունը ուկրաինական ճակատում` դրանով իսկ բարդացնելով Արևմուտքի խնդիրները։

Վաշինգտոնում Իսրայելի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կարևորում են վերջինիս նկատմամբ ԱՄՆ ռազմավարական դաշնակցային համագործակցության պարտավորությունների կատարման համատեքստում` հատկապես վարչապետի պաշտոնին Նեթանյահուի վերադարձի ֆոնին, երբ Իսրայելում կառավարությունը կազմել են խիստ աջակողմյան ուժեր։ Սա առաջին հերթին ուղղված էր Իրանին, որ չնայած այդ ամենին, Վաշինգտոնը հավատարիմ է մնում Իսրայելի հետ իր դաշնակցային համագործակցությամբ ստանձնած պարտավորություններին։

Երկրորդ` զորավարժությունների կազմակերպումը շահավետ էր ամերիկյան կողմի համար վերջին ամիսներին Իրանի և մյուս կողմից Միացյալ Նահանգների ու ԵՄ միջև լարվածության ավելացման համատեքստում, ինչը պայմանավորված է ինչպես Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներով, այնպես էլ` ուկրաինական ճգնաժամով։ Այդ առումով զորավարժություններին Վաշինգտոնի մասնակցությունը կարող է դիտվել որպես դիվանագիտական փակուղու արդյունք` չբացառելով ռազմական ճանապարհով հարցի լուծումը։ Դժվար է ասել, արդյո՞ք Վաշինգտոնում որոշում կկայացնեն հարվածել Իրանին, թե ոչ. մեծ հաշվով, զորավարժություններով արդեն իսկ քաղաքական որոշակի ճնշումներ գործադրվեցին վերջինիս նկատմամբ։

Վերջերս ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը (Jake Sullivan) հաստատակամությամբ հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագիրը Վաշինգտոնի համար գերակայություն չէ ժամանակի ու հարցի համատեքստի առումով` միաժամանակ զգուշացնելով, որ Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ է` Իրանը երբեք ձեռք չի բերելու միջուկային զենք։

Այդ հայտարարության տրամաբանության շարունակությունն էր 2023 թ.  հունվարի վերջին Սալիվանի` Իսրայել կատարած այցը` Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկելու ինչպես Իրանի միջուկային հարցը, այնպես էլ՝ այլ տարածաշրջաններում վերջինիս ակտիվությունը զսպելու ռազմավարությունը։

Փորձագիտական գնահատականները կիսվում են ռուս–ուկրաինական հակամարտությունում Իսրայելի չեզոքության հարցում։ Իսրայելը արտաքուստ կամ ավելի շուտ` պաշտոնապես շարունակում է չեզոք լինել ճգնաժամում, սակայն իրապես ետկուլիսային հարթակում ուղղակի, թե անուղղակի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարևորելով ՌԴ հետ երկկողմ բավականին բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև՝ համագործակցությունը Մերձավոր Արևելքում ու, մասնավորապես, Սիրիայում` խուսափում է բացահայտ աջակցություն ցուցաբերել ուկրաինական կողմին։

Սակայն անհրաժեշտ է տարբերակել մերձավորարևելյան այդ պետության նախկին և գործող վարչակազմերի մոտեցումները։ Եթե նախկին իշխանություններն առանձնանում էին  ընդգծված դիրքորոշմամբ` տարբեր քաղաքական հարթակներում նույնիսկ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ապա այլ է վարչապետ Նեթանյահուի մոտեցումը։ Հիշեցնենք նախկին արտգործնախարար Յաիր Լապիդի հայտարարությունը, թե ՌԴ գործողությունները Ուկրաինայում միջազգային իրավունքի լուրջ խախտում են, որն Իսրայելը դատապարտում է[13]։

Չի բացառվում նաև, որ ռուս–ուկրաինական պատերազմի առաջին փուլում Իսրայելը փորձել է չեզոքություն պահպանել և նույնիսկ հանդես էր եկել որպես միջնորդ ներկայանալու առաջարկությամբ։ Դրանով Իսրայելը փորձել է լուծել մի քանի խնդիր. նախ` միջնորդի կարգավիճակը հնարավորություն կտար խուսափել քաղաքական անհարմար իրավիճակներից Մոսկվայի հետ հարաբերություններում, ինչու չէ նաև Վաշինգտոնի հետ երկխոսությունում, որը ևս լուրջ ակնկալիքներ ունի Իսրայելից ուկրաինական ճգնաժամում։

Երկրորդ` դա զգալիորեն կմեծացներ Իսրայելի դերը Մերձավոր Արևելքում։ Սակայն, ըստ էության, այդ միջնորդական առաքելությունը հաջողություն չունեցավ։ Ավելին, ռուս–ուկրաինական պատերազմում Իրանի ռազմաքաղաքական աջակցությունն առարկայացրեց նաև Իսրայելի դիրքորոշումը։

2022 թ. ապրիլին համացանցում նույնիսկ տեսանյութեր հայտնվեցին, որոնցում Ուկրաինայի զինված ուժերի շարքում կռվում էին այդ թվում իսրայելցիներ, սակայն Իսրայելում այդ առումով լռում են։

2022 թ. նոյեմբերին Թել-Ավիվը Հյուսիսատլանտյան դաշինքին արտոնեց Ուկրաինային իսրայելական տեխնոլոգիաներ պարունակող սպառազինության մատակարարումը։ «Haaretz» իսրայելական հեղինակավոր թերթը տեղեկատվություն հրապարակեց, թե Իսրայելը համաձայնել է ձեռք բերել միլիոնավոր դոլարների արժողությամբ ռազմավարական նյութեր (strategic materials)՝ Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների համար։

2022 թ. դեկտեմբերին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ Իսրայելը շեշտակի ավելացրել է իր սպառազինությունների վաճառքը` մասնակիորեն ի հաշիվ ամերիկյան «Lockheed Martin» կազմակերպության հետ գործարքի։ Հիշեցնենք, որ վերջինս Ուկրաինա ամերիկյան սպառազինությունների հիմնական մատակարարներից է։

Իսրայելը կարող է նաև աջակցություն ցուցաբերել Ուկրաինային բարձր տեխնոլոգիաների ոլորտւմ, որոնք կարող են օգտագործվել իրանական ԱԹՍ-ների դեմ։ Չի բացառվում, որ Իսրայելի տարածքը կարող է օգտագործվել որպես տարանցիկ երկիր՝ այլ պետություններից Ուկրաինա բեռնափոխադրումներ իրականացնելու համար[14]։

4. Մոսկվայի գործոնը

Իսրայելի պատմության մեջ ամենաաջակողմյան կառավարությունը, որի ղեկը ստանձնել է Նեթանյահուն, արդեն ուղերձներ է ուղարկում ուկրաինական պատերազմում նախկին ղեկավարության դիրքորոշումից շեղվելու շուրջ։ Համենայն դեպս, պաշտոնական հայտարարություններն ու արտաքուստ գործընթացները դրա մասին են խոսում։

2023 թ. հունվարի սկզբին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը (Eli Cohen) հայտարարեց, որ «ավելի զուսպ» է լինելու, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային։ Նեթանյահուի կառավարության դիրքորոշման փոփոխության մասին էր խոսում նաև այն, որ Քոհենն առաջինն առանձնազրույց ունեցավ ՌԴ արտգործնախարար Լավրովի, հետո միայն` Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ։

Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարևորվում է Իսրայելում՝ Սիրիայում Մոսկվայի հետ Թել-Ավիվի համագործակցության համատեքստում։ Ռուսաստանը, ժողովրդական լեզվով ասած, «աչք է փակում» Սիրիայում Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների վրա։ Սա ենթադրում է նաև Սիրիայում Իսրայելի ու Ռուսաստանի զինված ուժերի միջև համագործակցության բարձր մակարդակ։

Դա, խոշոր հաշվով, չի հակասում Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցությանը։ Ավելին, Վաշինգտոնին շահավետ է Ռուսաստանի հետ Իսրայելի համագործակցությունը, որը կարող է որպես խողովակ ծառայել Ուկրաինայի հարցով քաղաքական հարթակում բանակցությունների համար։

2023 թ. փետրվարի կեսերին, իսրայելական ընկերությանը պատկանող Campo Square տանկերը, որը նավարկում էր Արաբական ծովում, հարձակման է ենթարկվել իրանական նավատորմի և կամիկաձե ԱԹՍ-ների կողմից։ Հարձակման ընթացքում կիրառվել են Shahed 136 տեսակի ԱԹՍ-ներ, որոնք օգ տագործվում են ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։ Campo Square տանկերը, որը պատկանում է Zodiac Maritime ընկերությանը, իսրայելցի մագնատ Էյալ Օֆերի (Eyal Ofer) սեփականությունն է։

Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Նեթանյահուն` մեղադրելով Իրանին այդ գործողության իրականացման հարցում։ Այդ միջադեպը միգուցե պայմանավորված է Սիրիայում իրանական զինվորականների ուղղությամբ Իսրայելի ձեռնարկած օդային հարվածի հետ, որի արդյունքում 5 անձ զոհվեց, վիրավորվեցին 15-ը։ Ուշագրավ է, որ միջադեպն անմիջապես արժանացավ Մոսկվայի դատապարտմանը[15], ինչը վերլուծաբանները անմիջապես կապեցին Իսրայելի ԱԳ նախարար Քոհենի` Ուկրաինա կատարած այցի հետ, որը և արժանացրել է Մոսկվայի դժգոհությունը։

2023 թ. փետրվարի կեսերին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի Ուկրաինա կատարած այցելության արդյունքում Իսրայելն ու Ուկրաինան համաձայնության են եկել համագործակցել Իրանի հարցում։

Նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Քոհենը հայտարարեց, որ առանձնազրույց են ունեցել Իսրայելի և Ուկրաինայի միջև համագործակցության խորացման վերաբերյալ` միջազգային հարթակներում ընդդեմ Իրանի գործելու նպատակով։ Սակայն դժվար է այդ հայտարարությունից հասկանալ, արդյոք Իսրայելը պատրաստվում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Քոհենի այցելությունը ուշագրավ էր նաև նրանով, որ սա Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացված առաջին հանրայնացված, պաշտոնական այցելությունն էր Ուկրաինայի մայրաքաղաք՝ նախորդ տարի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ գործողություններից հետո։ Հատկանշական է նաև այն, որ Քոհենի այցը գրեթե համընկնում է Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկի հետ։

ԻՐԱՆ–ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1. Ընդհանուր միտումներ

Իսրայել–Իրան հակամարտությունը ժամանակ առ ժամանակ պրոքսի և հիբրիդային պատերազմների վարման տրամաբանությամբ կենտրոնանում է տարբեր տարածաշրջանների շուրջ` ընդգրկելով հին հակամարտության գոտիներ, նաև ձևավորելով նոր հակամարտության օջախներ։ Երկկողմ դիմակայությունը, որը փորձագիտական հարթակներում ստացել է ստվերային պատերազմ անվանումը, ընդգրկում է ինչպես ցամաքը, այնպես էլ օդային ու ծովային տարածքները[16]։

Այսօրվա դրությամբ Իրան–Իսրայել հակամարտությունն այլևս չի սահմանափակվում Մերձավոր Արևելքով. այն ընդգրկում է ասիական մայրցամաքը, Աֆրիկան, Եվրոպան։

Վերջին տարիներին Իրանի և Իսրայելի միջնորդավորված դիմակայությունը դրսևորվեց նաև Եվրոպայում։ 2018 թ. հունվարի կեսերին Գերմանիայի հակահետախուզությունը ձերբակալեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 10 գործակալի՝ Գերմանիայում գործող իսրայելական օբյեկտների դեմ լրտեսության կասկածանքով։ Ձերբակալություններ եղան Բեռլինում, Բադեն-Բադենում, Բավարիայում։

Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովում և այլ հարակից տարածաշրջաններում հակամարտությունները սկսել են ընդգրկել ծովային տարածքներն ու գոտիները՝ հաճախակի վերածվելով ռազմական լարվածության, ինչպես նաև բախումների թատերաբեմի։ 2021-ի մարտի սկզբին ակտիվացան ծովային հարձակումները մերձավորարևելյան տարածաշրջանում. այս անգամ թիրախում էր իրանական նավատորմը։

Վերջին տարիներին Իսրայելի կողմից Կարմիր ծովում և տարածաշրջանի այլ ծովային հատվածներում իրանական ավելի քան 14 նավ է թիրախավորվել ու խոցվել, որոնց մեծ մասը ուղևորվում էր Սիրիա։ Այդ տեղեկատվության համաձայն, նավերը գլխավորապես տեղափոխել են իրանական նավթ, այլ աղբյուրների համաձայն՝ նաև զենք ու զինամթերք։

2. Իսրայելը` գործոն տարածաշրջանում

Վերջին տասնամյակում Իրան–Իսրայել դիմակայության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել նաև Հարավային Կովկասում։ Այսօր արդեն իրողություն է, որ Իսրայելն ու Իրանը ուղիղ, թե անուղղակի կերպով ներքաշված են նաև արցախյան հակամարտության ռազմաքաղաքական       գործընթացներում։ Հարավային Կովկասում Իսրայելի ակտիվացմանն էապես նպաստում են Ադրբեջանի հետ ռազմավարական փոխշահավետ հարաբերությունները։

Դժվար է չհամաձայնել, որ Իսրայելը դարձել է ազդեցիկ գործոն հարավկովկասյան ռազմաքաղաքական, անվտանգային գործընթացներում։ Այդ հարցում Իսրայելին աջակցում է Ադրբեջանը, որը մերձավորարևելյան երկրի հետ իր համագործակցու0թյունը հասցրել է ռազմավարական հարթության։

Կողմերն ունեն փոխադարձ շահեր. Ադրբեջանը Իսրայել նավթի մատակարար հիմնական պետություններից է, Իսրայելի համար Ադրբեջանը` սպառազինության վաճառքի կարևոր շուկաներից մեկը։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute) տվյալների համաձայն, 2011–2022 թթ. ընթացքում Իսրայելն Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրորդ խոշոր երկիրն է Ռուսաստանից հետո[17]։

Հարավկովկասյան տարածաշրջանում Իսրայելի ներգրավվածությունը նախևառաջ պայմանավորված է իրանական գործոնով, որտեղ Իսրայելի և Ադրբեջանի շահերը խոշոր հաշվով համընկնում են։

3. Ադրբեջան–Իրան լարվածություն

Ադրբեջանի համար Իսրայելի հետ հակաիրանական ճակատում համագործակցության հարցը կարևորվում է տարբեր քաղաքական շահերով։ Նախ` դա ճնշման լծակ է Իրանի նկատմամբ Իրանում բնակվող ադրբեջանական էթնիկ փոքրամասնության, այսպես ասած, իրավունքների պաշտպանության համար, բայց իրականում՝ ի աջակցություն վերջինիս անջատողական գործընթացներին։ Իսրայել-Ադրբեջան փաստացի դաշինքը հավասարակշռում է Իրան–Հայաստան համագործակցությանը տարածաշրջանում, այդ թվում՝ ԼՂ հակամարտության ոլորտում։ Մյուս կողմից, իհարկե, Իսրայելին ներգրավելով՝ Ադրբեջանը ջուր է լցնում Անկարայի ջրաղացին, որը ձգտում է օգտվել տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացման ցանկացած հնարավորությունից։

Իրանում ուշադիր հետևում են Իսրայելի և Ադրբեջանի համագործակցության ընթացքին, որն ուղղակի սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ Իսրայելը մեկ անգամ չէ, որ օգտագործել է Ադրբեջանը որպես պլացդարմ Իրանի դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու համար։

Վերջին շրջանում կրկին սրվել են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Աճող լարվածության դրսևորումներից մեկն էլ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հրազենային հարձակման դեպքն էր, ինչի հետևանքով զոհվեց դեսպանության աշխատակիցներից մեկը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես եկավ դեսպանության ողջ անձնակազմի տարհանման անհրաժեշտության մասին հայտարարությամբ` մեղադրելով ԻԻՀ-ին հակաադրբեջանական արշավ սկսելու մեջ։

Բաքվի խորհրդարանում օրենք ընդունվեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման վերաբերյալ` դրանով իսկ խախտելով շուրջ երեք տասնամյակ այդ որոշման հետաձգման ավանդույթը։

1990-ական թթ. սկզբներին Իսրայելը Բաքվում բացեց իր դեսպանությունը, սակայն վերջինս, ելնելով Իրանի հետ հարաբերություններում զգուշավորությունից, մինչ վերջերս շրջանցում էր Իսրայելում դեսպանություն հիմնելու որոշումը։

Թեհրանն իր հերթին մեղադրում է Ադրբեջանին վերջին ամիսներին Իրանում հակակառավարական ցույցերի ալիքի ֆոնին Իրանի էթնիկ ադրբեջանցիների շրջանում կրքերը թեժացնելու հարցում, որը ստանում է Անկարայի աջակցությունը։ Հիշեցնենք 2022 թ. դեկտեմբերի կեսերին Թուրքիա–Ադրբեջան համատեղ զորավարժությունների մասին, որոնք ուղղված էին այդ թվում և Իրանի դեմ։ Թուրքիայի համար նպաստավոր հանգամանքներ են ստեղծվել հարավկովկասյան ուղղությամբ ընդլայնելու իր ազդեցությունը մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը կենտրոնացրել է իր հիմնական ուշադրությունը ուկրաինական ճակատում, իսկ Իրանը` գտնվում է ԱՄՆ և ԵՄ քաղաքական նոր ճնշումների ու ներքին հակակառավարական դժգոհությունների ալիքի մարտահրավերների առջև։

Ադրբեջանը շատ հաճախ օգտագործվում է Իրանի դեմ Իսրայելի հետախուզական, ռազմական այլ գործողությունների իրականացման համար։ Հիբրիդային գործողություն կարելի է համարել Թեհրանի միջուկային արխիվի պահուստների 2018 թ. հունվարին Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության իրականացրած գործողությունը, որով բացահայտվեց Իրանի միջուկային զենքի ստեղծման «Ամադ»  գաղտնի նախագիծը։ Հետախուզական գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել շուրջ կես տոննա, ավելի քան 100 հազ. փաստաթղթերի բնօրինակներ։ Որոշ գնահատականներով, գործողությունը կազմակերպվել է` օգտագործելով այդ թվում Ադրբեջանի տարածքը։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացումն անուղղակիորեն փոխկապակցված է Իսրայել–Իրան հիբրիդային հակամարտության հետ, որում ներքաշվել են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Արցախյան հիմնախնդիրը։ Իսկ ավելի գլոբալ առումով հարավկովկասյան ուղղությամբ այդ դիմակայությունում ներքաշված են աշխարհի առաջատար խաղացողները` Վաշինգտոնը, Մոսկվան, Բրյուսելը։

Մի կողմից, իհարկե Իսրայելի և Իրանի միջև հիբրիդային այս դիմակայությունը մեծացրել է Ադրբեջանի ազդեցությունը, կշիռը տարածաշրջանում, արդյունքում Բաքուն ձգտել է օգտվել ստեղծված իրավիճակից և կողմերից քաղել հնարավոր դիվիդենտներ, սակայն մյուս կողմից Ադրբեջանը խոշոր հաշվով դարձել է այդ երկու պետությունների միջև հակամարտության թատերաբեմ։

4. Թուրքիայի դիրքորոշումը

Իրան-Իսրայել դիմակայության դրսևորումներն ուղղակի, թե անուղղակի կերպով պայմանավորված են նաև Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության գործոնով։ Առհասարակ Հարավային Կովկասում տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև կոնֆիգուրացիան բավականին փխրուն է, փոփոխական` պայմանավորված տարբեր արտաքին շահերի խտացվածությամբ։ Մեր տարածաշրջանում ազդեցության գոտիների վերահսկման գործում առավել մրցակցային է Անկարա–Թեհրան դիմակայությունը. որքան մեծանում են վերջինիս նկատմամբ միջազգային ճնշումները, այնքան շահեկան դիրքում է հայտնվում Անկարան` փորձելով լրացնել ստեղծված վակուումը։ Անհրաժեշտ է չչափազանցնել վերջին հանգամանքը, քանի որ Իրանի նկատմամբ չափից ավելի ճնշումների բանեցումը հակասում է տարածաշրջանում Թուրքիայի շահերին։ Թուրքիայի ղեկավարությունը քանիցս հայտարարել է, որ նախընտրում է հարավկովկասյան հիմնահարցերը կարգավորել տարածաշրջանային հիմնական խաղացողների ներգրավվածությամբ։ Այս առումով, Հարավային Կովկասում Իսրայելի ներգրավվածությունը և հակաիրավական հստակ դիրքորոշումը միանշանակ չի ընկալվում Անկարայում։ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի պաղեստինյան հիմնահարցի շուրջ` քանիցս դատապարտելով Իսրայելի ռազմական գործողությունները Պաղեստինի նկատմամբ։ Անկարայում խանդով են վերաբերվում Ադրբեջան–Իսրայել ռազմավարական համագործակցությանը, որը մասնակիորեն հակակշռում է Անկարա–Բաքու դաշինքին։ Տարածաշրջանում Իսրայելի ազդեցության ավելացումը Անկարայում դիտվում է` որպես Վաշինգտոնի դիրքերի ամրապնդում, ինչը շահավետ է Թուրքիայի համար այնքանով, որքանով դա բացասաբար չի ազդում Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունների դինամիկայի, տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև ձևավորված կոնսենսուսի վրա։ Արդեն ավելի քան տասնամյակ է, ինչ նախկինում ազդեցիկ Թուրքիա–Իսրայել առանցքը կորցրել էր իր ակտուալությունը։

5. Հայացք Երևանից

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա Իսրայելի հետ չկան փոխշահավետ համագործակցության հաստատման համար այն անհրաժեշտ տնտեսական, ռեսուրսային նախադրյալները, ինչ մենք տեսնում ենք Ադրբեջանի դեպքում. բացառությամբ քաղաքական նախադրյալի, այն է` ՀՀ-ն հետաքրքիր է Իսրայելի համար Իրանի հետ ունեցած ցամաքային սահմանի առկայության հանգամանքով, ՀՀ–Իրան տնտեսական, քաղաքական բավականին բարձր մակարդակի համագործակցության հարցերով։ Միևնույն ժամանակ սակայն, այնքան էլ հստակ չէ, թե ինչո՞վ է ՀՀ-ն հետաքրքիր և կարևոր Իրանի համար Իսրայելի հետ դիմակայության համատեքստում, և որ արդյոք պաշտոնական Երևանը ձևակերպել է իր համար այդ տեսլականը, թե ինչպե՞ս կարող էր օգտագործել այդ դիմակայությունը` ստանալով դիվիդենտներ և խուսափելով հակամարտության ճակատ դառնալու հավանականությունից։ Ընդ որում, Իրանում հակահեղափոխական ալիքի միջոցով հեղաշրջման հնարավորության հարցը տարիներ շարունակ դրված է օրակարգում։ Մտահոգիչ է շարունակում մնալ այն հարցը, թե Իրանում սիրիական սցենարի հնարավորության դեպքում ինչպիսին կլինի հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային համակարգը և ինչպիսի՞ն է լինելու ՀՀ տեղը այդ համակարգում։

Անկախությունից հետո ՀՀ-ն հետևողականորեն շարունակում է զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերությունները արաբական երկրների հետ, ինչը դրական պետք է գնահատել։ Սակայն մտահոգիչ է, որ այդ գործակցությունն ընթացել է ի հաշիվ ՀՀ–Իսրայել հարաբերությունների։ Երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության հաստատման գործում բացասական ազդեցություն է թողել նաև նախկինում ազդեցիկ Թուրքիա–Իսրայել տանդեմը։ Վերջին տարիներին ՀՀ-ի դիվանագիտության ճկունության արդյունքում որոշակի դրական դինամիկա է նկատվում ՀՀ-ի և Իսրայելի միջև հարաբերություններում, սակայն դա բավարար չէ թեկուզ մասամբ հակակշռելու Ադրբեջան–Իսրայել ռազմավարական գործակցությանը։ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման համար նախադրյալ կարող է լինել Եվրոպայի և Միացյալ Նահանգների հայ և հրեական համայնքների միջև երկխոսության հարթակի ձևավորումը։ Մինչ օրս հրեական համայնքները լուրջ աշխատանքներ են տարել ադրբեջանական համայնքների հետ գործակցության հարցում։ Երկրորդ կարևոր նախադրյալ կարող է ներկայանալ վերջին տարիներին իրողություն դարձած Իսրայել–Հունաստան–Կիպրոս եռակողմ դաշինքը։ Տարիներ առաջ անհավատալի կթվար, որ Իսրայելը կարող է ռազմավարական համագործակցություն հաստատել Թուրքիայի հակառակորդներ Հունաստանի ու Կիպրոսի հետ։ Հայաստանը կարող է առարկայական քայլեր նախաձեռնել միանալու այդ եռակողմ դաշինքին` հաշվի առնելով Հունաստանի ու Կիպրոսի հետ ՀՀ-ի ավանդական բարիդրացիական հարաբերությունները։ Շոշափելի հաջողություն է նկատվում հրեական ու հունական սփյուռքի միջև գործակցությունում, ինչը նույնպես կարող է կամուրջ դառնալ վերջիններիս հետ հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ երկխոսության հաստատման համար։ Փոքր չէ նաև ՀՀ` Իսրայել–Իրան հարաբերությունների կարգավորման հարցում որպես միջնորդ ներկայանալու հնարավորությունը։ Այսօրվա հակառակորդներ համարվող մերձավորարևելյան այս երկրները կազմել են 20-րդ դարի կեսերի ամենաազդեցիկ դաշինքներից մեկը։ Միջնորդական առաքելությունը լայն հնարավորություններ կարող է ընձեռել այն ստանձնած պետության համար` օգտվելու ինչպես կողմերի միջև դիմակայությունից, այնպես էլ հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Սա դրական ազդեցություն կունենա ՀՀ անվտանգության միջավայրի վրա, կիջեցնի Հայաստանին նետված սպառնալիքների ռիսկայնության շեմը։

Ստեղծված իրավիճակում նպաստավոր հանգամանքներ են ձևավորվել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացի համար։ Դա կարող է հնարավորություն ստեղծել հայ–ադրբեջանական դիմակայության հարցում նվազեցնելու Ադրբեջանից Թուրքիայի կախվածությունը, կաշկանդվածությունը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կմեծացնի Հայաստանի կշիռը Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում։ Երևանը կարող է մանևրելու ավելի լայն դաշտ ունենալ Անկարա–Թեհրան մրցակցությունում։ Սա նպաստավոր ժամանակահատված է նաև այն առումով, որ լարված են Բաքու–Թեհրան հարաբերությունները։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իսրայել–Իրան դիմակայությունը լրջացման միտումներ ունի` պայմանավորված տարածաշրջանում Իրանի ազդեցության ընդլայնման հետ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում ուկրաինական ճակատում Իրանի անուղղակի ներքաշումից հետո։

Միացյալ Նահանգներում և հատկապես Իսրայելում առավել առարկայական է դարձել Իրանի միջուկային ենթակառուցվածքները թիրախավորելու հարցը։ Իրանի շուրջ միջազգային ճնշումների օղակը աստիճանաբար սեղմվում է. Արևմուտքում հաճախակիացել են Իրանում հեղաշրջման հնարավորության և անհրաժեշտության մասին խոսակցությունները։

Այս գործընթացները բացասական ազդեցություն են թողնում միջազգային անվտանգային համակարգի վրա, եթե կարելի է այն համակարգ անվանել` այն պարզ պատճառով, որ, ըստ էության, այդ համակարգը չի գործում։ Անկայուն, տուրբուլենտային փուլում են գտնվում տարբեր տարածաշրջաններ, այդ թվում և, Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող, Հարավային Կովկասը։ Իրանի միջուկային ենթակառուցվածքների ուղղությամբ հնարավոր օդային հարձակման, հեղաշրջման նպատակով Իրանի հանրային դժգոհությունների հրահրման սցենարների հնարավորության մեծացման միտումներն իրենց հերթին ավելացնում են Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին նետված մարտահրավերները, բարձրացնում ռիսկայնության շեմը։

Մյուս կողմից, իհարկե, Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելու շուրջ խոսակցությունները շրջանառվում են արդեն ոչ առաջին տասնյամակը, սակայն դրանք մնացին որպես խոսակցություններ. ինչպես ասում են` սպառնալիքի հնչեցումը որոշ դեպքերում շատ ավելի ազդեցիկ ու արդյունավետ է, քան բուն սպառնալիքի գործադրումը։ Միևնույն ժամանակ, սակայն, որևէ սցենար չպետք է բացառել. տասնամյակներ առաջ դժվար էր կանխատեսել սիրիական սցենարը, կամ տարիներ առաջ` ուկրաինական սցենարը։

Իսրայել–Իրան դիմակայությունը Հարավային Կովկասում դարձել է ընդգծված։ Տարածաշրջանային գործընթացների համատեքստում արցախյան 44-օրյա պատերազմը նույնպես մասամբ տեղավորվում է մերձավորարևելյան այդ հակամարտության տրամաբանությունում. խոշոր հաշվով դա ուղղված էր տարածաշրջանում Թեհրանի ազդեցության թուլացմանը։ Իրանի շուրջ ձևավորված արտաքին անկայուն միջավայրը բացասաբար է անդրադառնում հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության վրա և, դատելով ընթացիկ գործընթացներից` այդ անկայուն միջավայրը ավելի շուտ խորացման, քան լիցքաթափման միտումներ է կանխորոշում։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Agayev Z., Motevalli G. (2023). Azerbaijan, Iran and Rising Tensions in the Caucasus. The Washington Post. (08.02.2023). https://www.washingtonpost.com/ business/energy/azerbaijan-iran-and-rising-tensions-in-the-caucasus/2023/02/07/f2f 65480-a6b0-11ed-b2a3-ed b05ee0e313_story.html (բեռնման օրը՝03.2023).
  2. Bachner M. (2023). Iran-hired criminal gangs spying on UK Jews for potential murder campaign– The Times of Israel. (26.02.2023). https://www.timesofisrael.com/iran-hired-criminal-gangs-spying-on-uk-jews-for-potential-murder-campaign-minister/amp/ (բեռնման օրը՝ 27.02.2023).
  3. Baroud R. (2023). More weapons, less refugees: Is Israel a neutral party in the Russia-Ukraine war? Arab News. (13.02.2023). https://www.arabnews.com/node/ 2250131/amp (բեռնման օրը՝ 03.2023).
  4. Dassa Kaye D. (2023). Israel’s Dangerous Shadow War With Iran. Foreign (27.02.2023). https://www.foreignaffairs.com/israel/israels-dangerous-shadow- war-iran (բեռնման օրը՝ 03.03.2023).
  5. Fabian E. (2023). Senior Boeing official in Israel to push sale of advanced F-15 jets for Iran strike. The Times of Israel. (20.02.2023). https://www.timesofisrael.com/ senior-boeing-official-in-israel-to-push-sale-of-advanced-f-15-jets-for-iran-strike/amp/ (բեռնման օրը՝ 27.02.2023).
  6. Fabian E. (2023). Russia condemns Israeli strike on Syria as ‘flagrant violation’ of international law. The Times of Israel. (02.2023). https://www.timesofisrael.com/ russia-condemns-israeli-strike-on-syria-as-flagrant-violation-of-international-law/ (բեռնման օրը՝ 02.03.2023).
  7. Falk O. T. (2023). Will Israel and Russia forge closer ties under Netanyahu? Al Jazeera. (12.01.2023). https://www.aljazeera.com/amp/news/2023/1/12/israel-and-russia-may-forge-clo ser-ties-under-netanyahu (բեռնման օրը՝ 12.01.2023).
  8. Fassihi F., Perez-Pena R., Bergman R. (2020). Iran Admits Serious Damage to Natanz Nuclear Site, Setting Back Program. The New York Times. (05.07.2020). https://www.nytimes.com/2020/07/05/world/middleeast/iran-Natanz-nuclear-damage. html (բեռնման օրը՝ 02.2023).
  9. Hafezi P., Stewart P., (2023). Israel appears to have been behind drone strike on Iran factory,S. official says. Reuters. (29.01.2023). https://www.reuters.com/ world/middle-east/blast-heard-military-plant-irans-central-city-isfahan-state-media-2023-01-28/ (բեռնման օրը՝ 20.02.2023).
  10. Keinon H. (2020). Cyberwarfare and the ‘Octopus Doctrine’ – analysis. The Jerusalem Post. (05. 2020). https://m.jpost.com/middle-east/cyberwarfare-and-the-octopus-doctrine-analysis-628737 (բեռնման օրը՝ 25.02.2023).
  11. Lazaroff T. (2023). Israel: 84% enrichment means it’s now or never to stop Iran. The Jerusalem Post. (20.02.2023). https://m.jpost.com/middle-east/iran-news/article-732166/amp (բեռնման օրը՝ 02.2023).
  12. Staff T. (2023). Iran displays ballistic missile with ‘Death to Israel’ written in Hebrew. The Times of Israel. (08.02.2023). https://www.timesofisrael.com/iran-displays-ballistic-missile-with-death-to-israel-written-in-hebrew/amp/ (բեռնման օրը՝ 02.2023).
  13. Staff (2023). Netanyahu said to huddle repeatedly with military brass over possible attack on Iran. The Times of Israel. (22.02.2023). https://www.timesofisrael.com/netanyahu-huddles-with-military-top-brass-as-israel-looks-to-rattle-some-sabers/amp/ (բեռնման օրը՝ 27.02.2023).
  14. Iran says Israel-linked agents planned attack on defence plant. Reuters. (27.07.2022). https://www.reuters.com/world/middle-east/iran-says-israel-linked-agents-planned-attack-defence-plant-2022-07-27/ (բեռնման օրը՝ 25.02.2023).
  15. Iran says it arrests those behind attack on military site, blames Israeli ‘mercenaries’. Reuters. (10.02.2023). https://www.reuters.com/world/middle-east/ iran-arrests-those-behind-attack-military-site-blames-israeli-mercenaries-state-2023-02-10/ (բեռնման օրը՝ 26.02.2023).

[1] Արևելագետ, արաբագետ։ 2004-2018 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես փորձագետ, 2017թ-ից` Հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 2018-2021 թթ. կատարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ փորձագետի պարտականությունները։ Հեղինակել է ավելի քան 350 տպագրված հոդվածներ, գրքեր։

[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել  01.03.2023 թ.։

[3] Hafezi P., Stewart P., (2023). Israel appears to have been behind drone strike on Iran factory, U.S. official says. Reuters. (29.01.2023). https://www.reuters.com/world/middle-east/blast-heard-military-plant-irans-central-city-isfahan-state-media-2023-01-28/ (բեռնման օրը՝ 20.02.2023).

[4] Fassihi F., Perez-Pena R., Bergman R. (2020). Iran Admits Serious Damage to Natanz Nuclear Site, Setting Back Program. The New York Times. (05.07.2020). https://www.nytimes.com/2020/07/05/world/middleeast/iran-Natanz-nuclear-damage.html. (բեռնման օրը՝  24.02.2023).

[5] Keinon H (2020). Cyberwarfare and the ‘Octopus Doctrine’ – analysis. The Jerusalem Post. (20.05.2020).

https://m.jpost.com/middle-east/cyberwarfare-and-the-octopus-doctrine-analysis-628737 (բեռնման օրը՝ 25.02.2023).

[6] Iran says Israel-linked agents planned attack on defence plant. Reuters. (27.07.2022). https://www.reuters.com/world/middle-east/iran-says-israel-linked-agents-planned-attack-defence-plant-2022-07-27/ (բեռնման օրը՝25.02.2023).

[7] Staff T. (2023). Iran displays ballistic missile with ‘Death to Israel’ written in Hebrew. The Times of Israel. (08.02.2023). https://www.timesofisrael.com/iran-displays-ballistic-missile-with-death-to-israel-written-in-hebrew/amp/ (բեռնման օրը՝ 25.02.2023).

[8] Iran says it arrests those behind attack on military site, blames Israeli “mercenaries”. Reuters. (10.02.2023).

https://www.reuters.com/world/middle-east/iran-arrests-those-behind-attack-military-site-blames-israeli-mercenaries-state-2023-02-10/ (բեռնման օրը՝26.02.2023).

[9] Bachner M.  (2023). Iran-hired criminal gangs spying on UK Jews for potential murder campaign — minister. The Times of Israel. (26.02.2023).https://www.timesofisrael.com/iran-hired-criminal-gangs-spying-on-uk-jews-for-potential-murder-campaign-minister/amp/ (բեռնման օրը՝ 27.02.2023).

[10] Fabian E (2023). Senior Boeing official in Israel to push sale of advanced F-15 jets for Iran strike. The Times of Israel. (20.02.2023).https://www.timesofisrael.com/senior-boeing-official-in-israel-to-push-sale-of-advanced-f-15-jets-for-iran-strike/amp/ (բեռնման օրը՝ 27.02.2023).

[11] Staff T. (2023). Netanyahu said to huddle repeatedly with military brass over possible attack on Iran. The Times of Israel. (22.02.2023). https://www.timesofisrael.com/netanyahu-huddles-with-military-top-brass-as-israel-looks-to-rattle-some-sabers/amp/ (բեռնման օրը՝ 27.02.2023).

[12] Lazaroff T. (2023). Israel: 84% enrichment means it’s now or never to stop Iran. The Jerusalem Post. (20.02.2023). https://m.jpost.com/middle-east/iran-news/article-732166/amp.(բեռնման օրը՝ 28.02.2023).

[13] Baroud R. (2023). More weapons, less refugees: Is Israel a neutral party in the Russia-Ukraine war?. Arab News. (13.02.2023). https://www.arabnews.com/node/2250131/amp (բեռնման օրը՝ 01.03.2023).

[14] Falk O. T. (2023). Will Israel and Russia forge closer ties under Netanyahu?.Al Jazeera. (12.01.2023).

https://www.aljazeera.com/amp/news/2023/1/12/israel-and-russia-may-forge-closer-ties-under-netanyahu (բեռնման օրը՝ 12.01.2023).

[15]Fabian E. (2023). Russia condemns Israeli strike on Syria as ‘flagrant violation’ of international law. The Times of Israel. (19.02.2023). https://www.timesofisrael.com/russia-condemns-israeli-strike-on-syria-as-flagrant-violation-of-international-law/ (բեռնման օրը՝ 02.03.2023).

[16] Dassa Kaye D. (2023). Israel’s Dangerous Shadow War With Iran. ForeignAffairs. (27.02.2023).

https://www.foreignaffairs.com/israel/israels-dangerous-shadow-war-iran (բեռնման օրը՝ 03.03.2023).

[17] Agayev Z., Motevalli G. (2023). Azerbaijan, Iran and Rising Tensions in the Caucasus. The Washington Post. (08.02.2023). https://www.washingtonpost.com/business/energy/azerbaijan-iran-and-rising-tensions-in-the-caucasus/ 2023/02/07/f2f65480-a6b0-11ed-b2a3-edb05ee0e313_story.html (բեռնման օրը՝ 03.03.2023).