Հրապարակում
Որոշումների ժամանակը. Մերձավորարևելյան ճգնաժամն ուժային սրացման շեմին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 23.11.2026 թ.[1]
1. Ներքաղաքական ժամկետները Իսրայելում և ԱՄՆ-ում
Ստացված տեղեկությունների համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը հասել է վճռորոշ փուլի: Վաշինգտոնի և Թել Ավիվի վարչակազմերն ունեն ընդամենը մի քանի շաբաթով սահմանափակված չափազանց սեղմ ժամանակամիջոց՝ Թեհրանի դեմ հերթական ռազմական սցենարը մեկնարկելու համար: Այս հնարավորության պատուհանը կփակվի, հենց որ ուժի մեջ մտնեն որոշումների ընդունումը սահմանափակող հաստատութենական արգելքները:
Մինչև 03.12.2026 թ. լրանում է Իսրայելի պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը պարտավոր է կոալիցիոն կառավարություն ձևավորել: Եթե նշված ամսաթվին Քնեսեթում կոալիցիայի կազմումը, կաբինետի անդամների նշանակումը և նրանց երդմնակալությունը ձախողվեն, նախագահ Իցհակ Հերցոգը իրավասու կլինի կառավարություն կազմելու մանդատը փոխանցել մեկ այլ թեկնածուի (ամենայն հավանականությամբ՝ Բինյամին Նեթանյահուին) կամ ուղղակիորեն Կնեսեթին: Այսպիսով, ԻԻՀ շուրջ լարվածության սրումը մինչև դեկտեմբերի 3-ը կարող է խափանել Գ. Այզենկոտի դաշինքի և այսպես կոչված «Արաբական կուսակցությունների» միջև կոալիցիոն համաձայնության ձեռքբերումը: Հակառակ դեպքում Բ. Նեթանյահուն մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը պահպանում է ձևավորվող կաբինետն Իրանի հետ զինված հակամարտության մեջ ներքաշելու հնարավորությունը, որին ընդդիմախոսներն ավելի վաղ ձեռնպահ էին մնում մասնակցելուց՝ նման սցենարը համարելով աննպատակահարմար ու էական ռիսկեր պարունակող:
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ուժերի նոր դասավորվածությունը, որը ձևավորվել է նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում, ժամանակի առումով միջակայք է սահմանել Դոնալդ Թրամփի ծրագրերի իրականացման համար՝ ուղղված ԻԻՀ նկատմամբ սրացման վերսկսմանը: Կոնգրեսականները պաշտոնապես իրենց լիազորությունները կստանձնեն 2027 թ. հունվարի 3-ին՝ ժամը 12:00-ին: Այդ պահից սկսած Դեմոկրատական կուսակցությունը կստանձնի մեծամասնության վերահսկողությունը թե՛ Սենատում և թե՛ Ներկայացուցիչների պալատում: Նման բաշխվածությունը ոչ միայն էապես կսահմանափակի երկրի ղեկավարի՝ ռազմական գործողություններ իրականացնելու իրավասությունները, այլև լրացուցիչ իրավական հիմքեր կընձեռի գործող նախագահի իմպիչմենտի ընթացակարգ նախաձեռնելու համար:
Մինչև հունվար Դ. Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված հնարավոր ռազմական գործողությունները կանխամտածված արգելափակելու նպատակով, 19.11.2026 թ. ԱՄՆ Սենատում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները փորձեցին անցկացնել «Ռազմական լիազորությունների մասին» բանաձև: Այդ նախաձեռնությունը պետության ղեկավարին պարտավորեցնում է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները կամ ստանալ ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական հավանությունը։ Քվեարկության արդյունքում բանաձևը մերժվեց (51 «դեմ», 48 «կողմ»): Հատկանշական է, որ նախաձեռնությանն աջակցություն են ցուցաբերել 3 հանրապետական սենատորներ (Սյուզան Քոլինզ, Լիզա Մուրկովսկի և Ռենդ Փոլ), մինչդեռ դեմոկրատ սենատոր Ջոն Ֆետերմանը քվեարկել է իր խմբակցության դիրքորոշմանը հակառակ:
Միևնույն ժամանակ, ամերիկացի վերլուծաբաններն ընդգծում են, որ այս բանաձևի ընդունումն առավելապես հռչակագրային բնույթ կկրեր, քանի որ «նույնիսկ դրա հաստատման դեպքում ԱՄՆ վարչակազմը մեծ հավանականությամբ կխուսափեր դրա վավերացումից և հետագա իրագործումից»: Նրանց եզրակացությունների համաձայն՝ Իրանի նկատմամբ Թրամփի ռազմատենչ ուղեգծին հակազդելու իրավական լծակները Դեմոկրատական կուսակցությանը կանցնեն միայն հունվարի 3-ից հետո, երբ նրա ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, քայլեր կձեռնարկեն ռազմական գործողությունների անցկացման համար հատկացումներն օրենսդրորեն սահմանափակելու և արգելափակելու ուղղությամբ: Հետևաբար, Դ. Թրամփը, Բ. Նեթանյահուն և նրանց մերձավոր շրջապատից կոշտ ուղեգծի կողմնակիցները ժամանակի առումով շատ սահմանափակ «պատուհան» ունեն՝ բառացիորեն մի քանի շաբաթ։ Այս ժամանակահատվածը նրանց տեսական հնարավորություն է տալիս նախաձեռնելու ռազմական գործողություններ՝ նվազագույն արտաքին և ներքին հակազդեցությամբ։
2. Արտաքին քաղաքական գործոն. Պեկինյան եռանկյունին
Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ Վաշինգտոնի իրանական քաղաքականության վերջնական որոշումների վրա վճռորոշ ազդեցություն են թողնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի միջև կայացած բանակցությունները: 2026 թ. նոյեմբերի 19-ին Պեկինում տեղի ունեցած երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովում իրանական հիմնախնդիրը, ուկրաինական ու թայվանյան ճգնաժամերի հետ մեկտեղ, դարձել էր քննարկումների առանցքային թեմաներից մեկը: Ամերիկյան կողմը փորձում էր հիմնավորել Թեհրանի դեմ ռազմական գործողությունների անխուսափելի լինելը: Դրա դիմաց Վաշինգտոնն ակնկալում էր Մոսկվայի չեզոքությունը Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան «խաղաղ նախաձեռնության» հարցում, ինչպես նաև Պեկինի զսպվածությունը Արևելաչինական ծովում իրադրության հնարավոր սրման համատեքստում, ինչի վտանգի մասին նախապես զգուշացրել էին չինական պետական աղբյուրները: Ըստ էության, Սպիտակ տունը ձգտում է թուլացնել գլոբալ հակամարտությունների հիմնական օջախները: Իրենց հերթին, Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ուժային քայլերի լռելայն ընդունումը դիտարկում են որպես հնարավորություն՝ թայվանյան և ուկրաինական ուղղություններով սեփական ռազմավարական նպատակ առաջ մղելու համար:
3. Ռազմական պատրաստություններ և FORTRESS ծրագիրը
Մինչ Վաշինգտոնում վերլուծվում են Պեկինում ռազմավարական խորհրդակցությունների արդյունքները, Մերձավոր Արևելքում արձանագրվում են ԱՄՆ Զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի բերելու նշաններ: Մասնավորապես, ըստ Israel Hayom թերթի հրապարակման՝ CENTCOM-ի հրամանատարական կազմն արդեն իսկ B-1 և B-2 ռազմավարական ռմբակոծիչները դրել է «մարտական կիրառման 96-ժամյա պատրաստականության ռեժիմի»։ Պենտագոնի՝ լայնածավալ էսկալացիաներն արագորեն կյանքի կոչելու պատրաստակամության ակնհայտ վկայությունն է FORTRESS համաշխարհային ծրագրի մեկնարկը, որի մասին սկզբնապես հայտնել էր Fox News հեռուստաընկերությունը։
Այս ծրագրի հիմնական չափորոշիչները.
- Ինքնավարության ապահովում. Քաղաքացիական ենթակառուցվածքների խաթարման կամ մատակարարման շղթաների ընդհատման պարագայում՝ ԱՄՆ ռազմակայանների պատրաստվածության ապահովում առանց արտաքին աջակցության՝ նվազագույնը 90 օր տևողությամբ:
- Էներգետիկ անվտանգության ապահովում. կենտրոնացված էլեկտրամատակարարման խափանումների պարագայում շարժական միջուկային ռեակտորների, տեղական միկրոցանցերի (microgrids) և հզոր կուտակիչ մարտկոցների միասնական համակարգերի կիրառում:
- Պաշարներ և կապ. վառելիքի և զինամթերքի լրացուցիչ պաշարների, պահուստային մատակարարման ուղիների ստեղծում և կապի ապահովում GPS-ի ճնշման և արբանյակների խափանումների ժամանակ:
Չնայած Պենտագոնի ներկայացուցիչները ԶԼՄ-ներում պնդում են, որ FORTRESS ծրագիրը ներկայացնում է լոկ երկարաժամկետ միջոցառումների համալիր՝ ուղղված ռազմակայանների կայունության բարձրացմանն ու օբյեկտների պաշտպանությանը «լայնածավալ հակամարտությունների պարագայում» և կապված չէ որևէ կոնկրետ ռազմական թատերաբեմի հետ, փորձագիտական-վերլուծական համայնքը վստահ է. գործնականում իրականացվում է Իրանի շուրջ ճգնաժամային սցենարի անմիջական նախապատրաստում:
Բացի այդ, հաշվի առնելով առաջատար երեք տերությունների ղեկավարների պեկինյան բանակցությունների անորոշ արդյունքները՝ չի բացառվում, որ Վաշինգտոնը ձգտում է նվազեցնել իր սփռված ուժերի համար առաջացող գլոբալ ռիսկերը, եթե հակաիրանական արշավը վերածվի լայնամասշտաբ հակամարտության:
Հետևաբար, Մերձավոր Արևելքում ուժային սցենարի իրականացման համար հատկացված ժամանակային պատուհանը չափազանց նեղ է: Այժմ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Դոնալդ Թրամփի սպասվելիք պաշտոնական որոշման վրա, որի մասին հայտարարությունն ակնկալվում է առաջիկայում:
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 20.11.2026 թ.: