Հրապարակում
Հարավային Կովկասում անվտանգության նկատմամբ ԱՄՆ մոտեցումների փոխակերպումը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.03.2026 թ.[1]
-
ԱՄՆ նոր ռազմավարության հաստատութենականացումը. Ջո Ուիլսոնի ծրագիրը
Իրանի շուրջ լարվածության սրման համապատկերում «վրացական հարցը» կրկին արդիականանում է ԱՄՆ-ի հարավկովկասյան ռազմավարական օրակարգում: Մարտի սկզբին Հարավային Կարոլինայից Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջո Ուիլսոնը Կոնգրես է ներկայացրել «Կովկասի նկատմամբ Չինաստանի վերահսկողությանը հակազդելու ակտ» վերնագրով օրինագիծ: Փաստաթուղթն իրենից ներկայացնում Վրաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունների ծրագիր և նախատեսում է երկաստիճան մոտեցում:
- Աուդիտ և վերլուծություն. ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ազգային անվտանգության գործակալությունը և Պենտագոնը պարտավոր են 6 ամսվա ընթացքում իրականացնել Վրաստանում ռուսական և չինական հետախուզական կառույցների գործունեության ծավալների և մեթոդների համալիր գնահատում: Ստացված տվյալների հիման վրա կպատրաստվի Վաշինգտոնի հակագործողությունների ծրագրով զեկույց։
- Երկարաժամկետ պլանավորում. Թբիլիսիի հետ փոխգործակցության 5-ամյա ռազմավարության ձևավորում, որի պատասխանատվությունը դրվում է Պետդեպարտամենտի վրա:
Ջ. Ուիլսոնն օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պատճառաբանել է Վրաստանում չինական կապիտալի լայնածավալ ընդլայնման սպառնալիքով և Թբիլիսիի վրա Մոսկվայի քաղաքական ազդեցության ուժեղացմամբ, ինչի արդյունքում արևմտյան դերակատարները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, կորցնում են վերահսկողությունը ՉԺՀ-ն Եվրոպայի հետ կապող «Միջին ուղի» ռազմավարական տրանսպորտային-էներգետիկ երթուղու նկատմամբ: Կոնգրեսականի կարծիքով՝ վրացական ուղու վրա Մոսկվայի և Պեկինի շահերը լիովին համընկնում են, ուստի նրանք հավասարապես աջակցում են Թբիլիսիի կառավարությանը, որը նվազագույնի է հասցրել հարավկովկասյան այդ հանրապետությունում Արևմուտքի ազդեցության լծակները:
Օրինագծին նվիրված լսումների ժամանակ Ուիլսոնը Վրաստանը բնութագրել է որպես «երկու բռնապետական ուղեգծերի միախառնման» կետ, որոնք սպառնում են նրա ինքնիշխանությանը: Նա «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին բնորոշել է որպես մի առաջնորդի, ով երկրի տնտեսական ապագան պատվիրակել է Չինաստանի կոմկուսի վերահսկողությանը:
-
Արևմտյան ազդեցության քայքայումը
Այն տպավորությունն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ից և ՉԺՀ-ից ռևանշ վերցնել խորհրդարանական (2024 թ. հոկտեմբեր), նախագահական (2024 թ. դեկտեմբեր) և ՏԻՄ (2025 թ. հոկտեմբեր) ընտրություններում վրացական արևմտամետ ընդդիմության պարտությունից հետո, ընտրություններ, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, կեղծվել են իշխանության կուսակցության կողմից՝ ռուս և չինացի դաշնակիցների օգնությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների, Ուիլսոնի նախաձեռնությանը ջերմեռանդ աջակցում է նախագահ Դ. Թրամփը, որը կարծում է, թե Բայդենի վարչակազմը պասիվ դիրք է զբաղեցրել Վրաստանի վերջին տարիների ներքաղաքական զարգացումների նկատմամբ, ինչը հանգեցրել է այդ երկրում ռուս-չինական դիրքերի ամրապնդմանը:
Պաշտոնական Վաշինգտոնը Վրաստանի ներքաղաքական գործընթացներից, փաստորեն, ինքնամեկուսացվել է 2024 թ. նոյեմբերին, երբ ընդդիմության բողոքի ցույցերի համապատկերում սառեցվեց ռազմավարական գործընկերության ծրագիրը։ Այդ միջոցը հանգեցրել է պաշտոնական Թբիլիսիի վրա ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության կտրուկ թուլացման։ Առաջացած հաստատութենական բացն անմիջապես լցվեց Պեկինով, այն դեպքում, երբ «Վրացական երազանքը» միջազգային օրինականացման և այլընտրանքային գլոբալ ուժի կենտրոնի վրա հենվելու կարիք ուներ։
-
Չինաստանի տնտեսական ծավալումը
Դրան հաջորդած ժամանակահատվածում վրացական ընդդիմադիր կառույցների աջակցության հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել էր ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի վրա, որոնք փորձում էին փոխկապակցված ՀԿ-ների միջոցով ապակայունացնել իրավիճակը և խստացնել պատժամիջոցների ռեժիմը: Սակայն եվրոպացի դերակատարների ջանքերը բավարար չէին Թբիլիսիի արտաքին քաղաքական ուղեգծի շտկման համար։ ԱՄՆ-ն այդ գործընթացներին մասնակցել է այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են USAID-ը և NED-ը, սակայն որոշ չափով խուսափել է նրանց գործունեությունն ուղղակի զուգորդել ամերիկյան կառավարության հետ։ Արդյունքում ԵՄ-ի ջանքերը բավարար չէին Թբիլիսիի արտաքին քաղաքական ուղեգծի վերաձևավորման համար։ «Վրացական երազանքը» հասարակական տրամադրությունների վերարտադրման գործընթացում հաջողությամբ օգտագործել է եվրոպական երկրների ապակառուցողական վարքի և Չինաստանի իրատեսական գործողությունների հակադրությունը։ Մինչ Արևմուտքը կենտրոնանում էր օրենսդրության վերանայման պահանջների վրա (Օրենք «Օտարերկրյա գործակալների մասին») և հակված էր Թբիլիսիին ներգրավել տարածաշրջանային հակամարտության մեջ, Չինաստանը հետևողականորեն ներդրումներ էր կատարում հանրապետության երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներում՝ այն ինտեգրելով «Միջին ուղու» լոգիստիկ ցանցին: Վրացական հասարակությունն իր ճնշող մեծամասնությամբ դրականորեն ընդունեց գործող իշխանությունների ձգտումը՝ վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, չեզոքություն պահպանել ուկրաինական խնդրի նկատմամբ և հասնել տնտեսական կայունության, ինչն ապահովում էր Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, ինչը ծանրաբեռնված չէ քաղաքական խնամակալությամբ։
-
Ազատական հոլովույթի ճգնաժամը
Այս համապատկերում Վրաստանի ներքին օրակարգում Արևմուտքի ներգրավվածության բարձր ինտենսիվությունն աստիճանաբար հոգնածություն և գրգռվածություն է առաջ բերել հասարակության շրջանում։ Փորձագիտական գնահատականների համաձայն՝ արմատական ընդդիմությունը չափազանց գաղափարախոսականացման հետևանքով կորցրել է վստահության վարկանիշը, որը չի ամրապնդվել քաղաքական իրատեսությամբ։ Ընդդիմության առաջարկած արմատական «դեպի Արևմուտք շրջադարձը» քաղաքացիների շրջանում սկսեց ընկալվել որպես ոչ իրատեսական և վտանգավոր ռազմավարություն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական խզվածքի գծում Վրաստանի աշխարհագրական դիրքը։
Արևմտամետ ուղեգծի նկատմամբ սոցիալական հուլությունը հաստատվել է 2025 թ. հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, որոնցում «Վրացական երազանքը» մեծամասնություն է ստացել տեղական կառավարման բոլոր մարմիններում։ Այս արդյունքները, փաստորեն, արձանագրեցին «ազատական հեղափոխության» փորձերի պարտությունը, ինչը հանգեցրեց արևմտամետ քաղաքական ուժերի և ՀԿ-ների լուսանցքում հայտնվելուն։
-
Մոտեցումների տարբերակումը. եվրոպական ճնշումներից դեպի ամերիկյան իրատեսություն
Այս համատեքստում կոնգրեսական Ջո Ուիլսոնի նախաձեռնությունը ներկայացվում է որպես ռազմավարության վերագործարկվում «մաքուր էջից»։ Պատահական չէ, որ հանրապետականն ԱՄՆ իշխանություններին և հատուկ ծառայություններին կոչ է անում համապարփակ գույքագրել Վրաստանում ամերիկյան քաղաքական, հետախուզական և տնտեսական ներուժը՝ իրական հենակետերը որոշելու համար։ Ուիլսոնի օրինագիծը, ըստ էության, արձանագրում է այն փաստը, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այս փուլում պարտվել են ՉԺՀ-ի և ՌԴ-ի հետ մրցակցությունում, և ռևանշի հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ողջ ռազմավարության վերակառուցում: Պահանջվող վերակազմավորումը ենթադրում է առաջնորդության անցում Միացյալ Նահանգներին՝ օժանդակ դեր հատկացնելով եվրոպական գործընկերներին:
Որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի («Հելսինկյան հանձնաժողով») համանախագահ՝ Ջ. Ուիլսոնը 2021 թ. համակարգել է Վաշինգտոնի գործողությունները Բրյուսելի և Լոնդոնի ջանքերի հետ՝ «Վրացական երազանքը» հավաքական Արևմուտքի ազդեցության ուղեծրում հարկադրաբար (ըստ որոշ գնահատականների) ներգրավելու ուղղությամբ։ Հետագայում նա նպաստեց ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ներգրավմանն այդ հարավկովկասյան հանրապետության ներքաղաքական գործընթացներին՝ նպատակ ունենալով գործող իշխանությանը հեռացնել կամ ընտրությունների, կամ «հեղափոխության» միջոցով։ Հաշվի առնելով դա՝ կոնգրեսականը ծանոթ է վրացական ներքաղաքական ուղու վրա եվրոպական դաշնակիցների և գործընկերների գործողությունների փորձին ու, հետևաբար, տեղյակ է Բրյուսելի և Լոնդոնի սխալ հաշվարկներին, որոնք հանգեցրել են Թբիլիսիում իշխանափոխության ծրագրերի տապալմանը։ Մասնավորապես, խոսքն իր արտաքին քաղաքականության կոմպլեմենտարությունն ապահովելու Թբիլիսիի փորձերի նկատմամբ Եվրոպական երկրների և հաստատությունների կոշտ մոտեցման, Թբիլիսիի դեմ քաղաքական պատժամիջոցների կիրառմամբ վրացական իշխանությունների հետ աշխատանքի հաճախ ոչ դիվանագիտական մեթոդների և Վրաստանում ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ առավել արմատական տրամադրված եվրոպացի քաղաքական գործիչների ելույթների մասին։ Ակնհայտ Է, որ Ջ. Ուիլսոնը և ԱՄՆ-ում նրա նախաձեռնությանն աջակցող քաղաքական գործիչները հանգել են այն եզրակացության, որ այդ մեթոդները միայն սաստկացրել են վրաց հասարակության գրգռվածությունն ու հուլությունն Արևմուտքի նկատմամբ և ամրապնդել «Վրացական երազանքի» համոզմունքը Եվրոպայից հեռու մնալու անհրաժեշտության մասին՝ առնվազն ընթացիկ փուլում սառեցնելով եվրաինտեգրման ծրագրերը։
-
Երկկողմանի երկխոսության վերափոխդասավորում
Լրատվադաշտի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ տեղի է ունենում հրաժարում Թբիլիսիի վրա ազդեցության արմատական մեթոդներից և Վրաստանում գործողությունների ավելի չափավոր և զգուշավոր մարտավարության որոնում: Չնայած Ջ. Ուիլսոնն անձամբ «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «բռնապետ» է անվանել, օրինագծում նրա առաջարկած ամերիկա-վրացական հարաբերությունների վերաբեռնման մեխանիզմը վկայում է Թբիլիսիում իշխանության վրա բազմաչափ ազդեցությունը զորաշարժի ենթարկելու և ընդլայնելու, բայց ոչ պաշտոնանկության նպատակով դրա դեմ պայքար մղելու մտադրության մասին: Խոսքը Վրաստանում ռուս-չինական ազդեցության հետ հավասարության վերականգնման մասին է (առնվազն առաջին փուլում), որին հաջորդում են Մ. Սահակաշվիլիի վերջներգի ժամանակաշրջանի Վաշինգտոն–Թբիլիսի հարաբերությունների մոդելին վերադառնալու հետագա ծրագրերը։ Դա հավակնոտ խնդիր է, սակայն Ջ. Ուիլսոնը և նրան աջակցող քաղաքական գործիչները՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, նպատակադրված են հենց նման արդյունքի հասնել, քանի որ խնդիրը դիտարկում են Եվրասիայի պաշարների և առևտրային ուղիների համար Վաշինգտոնի և Պեկինի գլոբալ մրցակցության համատեքստում:
Ախտանշական է, որ Կոնգրեսում Ջ. Ուիլսոնի օրինագծի ներկայացման և Հելսինկյան հանձնաժողովի՝ Վրաստանում ռուս-չինական ծավալման թեմայով նրա կազմակերպած լսումների օրերին Վաշինգտոնում կայացել է Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակության հանդիպումն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնդրյու Բեյքերի, ինչպես նաև կոնգրեսական Էնդի Օգլսի հետ: Երկու հանդիպումներում էլ խոսվել է «Միջին ուղու» զարգացման հեռանկարների, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՉԺՀ-ի հետ Վրաստանի գործընկերության, եվրաինտեգրման, կիբեռանվտանգության և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ամերիկա-վրացական գործընկերության վերագործարկման հնարավորության մասին, որը, Ն. Սամխարաձեի խոսքով, սառեցվել էր «Վրաստանի ներքաղաքական գործընթացներին Վաշինգտոնի և Բրյուսելի միջամտությունից հետո»: Հանդիպումների արդյունքում կողմերը նշել են «հարաբերություններում դրական տեղաշարժերը» և կառուցողական փոխգործակցության հաստատման լավ հեռանկարները:
Հանդիպումները և կոնգրեսական Ուիլսոնի զուգահեռ աշխուժացումը չպետք է զուգադիպություն համարել։ Վաշինգտոնը տարբեր մակարդակներով ազդանշաններ է տալիս Թբիլիսիի հետ հարաբերությունների ամբողջական «վերաբեռնման» պատրաստակամության մասին, ընդ որում՝ հաշվի առնելով Վրաստանում առկա նոր իրողություններն ու փոխգործակցության ուղղահայաց մոդելը հորիզոնական հոլովույթ տեղափոխելու վերաբերյալ «Վրացական երազանքի» պահանջները։
-
«Վրացական հանգույցի» ազդեցությունը հայկական ուղեգծի կայունության վրա
Վաշինգտոնն առաջնորդվում է Հարավային Կովկասի ամբողջական յուրացման հայեցակարգով, քանի որ այս բարդ տարածաշրջանը դժվարությամբ է ենթարկվում աշխարհռազմավարական պրոյեկտման՝ դրա բոլոր սուբյեկտների վրա հավասարաչափ ազդեցության բացակայության պայմաններում։ ԱՄՆ-ը կարող է, առանց վերականգնման և Վրաստանում իր բազմապլանային ներկայության ավելացման, կորցնել նախկինում այստեղ ձեռք բերված ակտիվները՝ ներկայիս հայկական իշխանության ընդգծված արևմտամետ կողմնորոշման, «հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի» կարգավորման և TRIPP նախագծի շուրջ պայմանավորվածությունների տեսքով։ Հատկապես այդ ակտիվները վտանգի տակ են հայտնվել Իրանի շուրջ իրավիճակի անորոշության և Հայաստանում մոտեցող խորհրդարանական ընտրությունների համապատկերում, որոնց ելքը դժվար է կանխատեսել։ TRIPP-ը փաստացի հայտնվել է ներունակ պատերազմի գոտում, ինչի պատճառով «Միջին ուղու» վրացական երթուղիների նշանակությունը բազմապատկվում է։
Մյուս կողմից, եթե ԱՄՆ–Վրաստան և Եվրոպա–Վրաստան հարաբերություններում իրավիճակը փակուղային մնա, ապա դա բացասաբար կանդրադառնա Երևանում ազատական ուժերին աջակցելու Արևմուտքի հնարավորությունների վրա, ուժեր, որոնց դիրքերը թուլացել են Անկարայի և Բաքվի հետ ամեն գնով հարաբերությունների կայունացմանն ուղղված նրանց քայլերի համապատկերում: Չի բացառվում, որ հենց դա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ 11.03.2026 թ. Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ Երևանի եվրաինտեգրման շանսերն ուղղակիորեն կապել է վրաց-եվրոպական հարաբերություններում տիրող իրավիճակի հետ։ Ակնհայտ է, որ նա թափանցիկ հասկացրել է. Թբիլիսիի հետ հարաբերությունների սառեցումը պահպանելու դեպքում Արևմուտքը կկորցնի Երևանը, իսկ դրա հետ մեկտեղ նաև տարածաշրջանային հարաբերությունների ամբողջ կառուցվածքը, որը մանրակրկիտ նախագծված է Ռուսաստանին վերջնականապես վտարելու և Հարավային Կովկասում չինական աշխարհատնտեսական ծավալումը սահմանափակելու համար։ Ստեղծված պայմաններում Վաշինգտոնն արագացնում է վերադարձը վրացական օրակարգ՝ գիտակցելով խուսավարելու համար ժամանակավոր պաշարի կրիտիկական նվազումը։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 23.03.2026 թ.: