Հրապարակում
ՆԱՏՕ-ի ճգնաժամը և Թուրքիայի աշխարհաքաղաքական տագնապը
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 29.01.2026 թ.[1]
-
ՆԱՏՕ-ի ճգնաժամը և Թուրքիայի աշխարհաքաղաքական տագնապը
Թուրքական լրատվամիջոցները սփռում են երկրի ռազմաքաղաքական վերնախավի հարաճուն տագնապը՝ կապված ՆԱՏՕ-ի ապագայի հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքը, որի կազմում Թուրքիան առանցքային դիրք էր զբաղեցնում իր աշխարհաքաղաքական դիրքավորման և ռազմական ներուժի պատճառով, աննախադեպ ճգնաժամ է ապրում, ինչը կարող է տվյալ ռազմաքաղաքական դաշինքի փլուզմանը հանգեցնել:
-
Համակարգային ճգնաժամի ակունքները. «ժանդարմից» մինչև լճացում
ՆԱՏՕ-ի ներհամակարգային խնդիրներն արմատներով գալիս են 1990-ական թվականներից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը «գլոբալ կոմունիստական սպառնալիքը» զսպող հաստատությունից փաստորեն վերածվեց միաբևեռ աշխարհի «ժանդարմի»։ Դաշինքի ընդլայնումը դեպի արևելք, որ պատճառաբանված չէր ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների անվտանգության իրական մարտահրավերներով, հետխորհրդային Ռուսաստանին հրահրեց փոխել արևմտյան աշխարհի հետ ինտեգրման ուղեգիծը և զսպման ներուժի նոր զորաշարժը՝ շեշտը դնելով միջուկային պաշտպանության կարևոր բաղադրիչների վրա։
Դեպի ռուսական սահմաններ ՆԱՏՕ-ի անմիջական ելքը վերակենդանացրեց միջուկային ծավալման գոյութենական սպառնալիքը, ինչը չէր կարող նյարդայնություն չառաջացնել կազմակերպության առանձին անդամների շրջանում։ Միևնույն ժամանակ նշմարվեցին բլոկի ներսում անհավասարակշռության առաջին նշանները. երկրների մի մասը (առաջին հերթին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո կազմակերպության մեջ ընդունվածները) սկսեց ակտիվ ռազմականացման քաղաքականություն վարել, այն դեպքում, երբ շատ «վետերան պետություններ» բախվեցին ռազմարդյունաբերական համալիրի և բանակաշինության լճացման գործընթացներին՝ պաշտպանական կարիքների ֆինանսավորման առաջնահերթության կորստի պատճառով:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի համակարգը «փխրեցրել են» դաշինքի առավել ազդեցիկ անդամների մշտական լայնածավալ ռազմական գործողությունները, անդամներ, որոնք անտեսում են կազմակերպության ռազմավարական շահերի և կանոնադրության մեջ ամրագրված առաջնահերթությունների գոտուց դուրս դաշինքի պաշտպանական ներուժի՝ օգտագործման կապակցությամբ փոխհամաձայնությունը բոլոր դաշնակիցների հետ: Արդյունքում զավթախուժման պատերազմներ սանձազերծվեցին նախկին Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբիայում, ինչն էապես խորացրեց փոխըմբռնման ճգնաժամը դաշինքի ներսում:
-
Իմաստների արժեզրկումը և ԱՄՆ-ի պրագմատիզմը
Վարշավայի պայմանագրի կազմակերպության (ՎՊԿ), որպես հիմնական հակամարտ ուժի, գլոբալ ասպարեզից հեռանալու հետևանքով ՆԱՏՕ-ի գաղափարական հիմքերի արժեզրկումը հանգեցրեց այդ ռազմաքաղաքական դաշինքի առաջնահերթությունների ապակողմնորոշմանն ու թերևս նախորդ ձևաչափերում նրա հետագա գոյության իմաստների կորստին: Կոմունիստական սպառնալիքի ուրվականի լուսապատկերը չաշխատեց հյուծված և առարկայորեն թուլացած Ռուսաստանի պարագայում՝ կասկածի տակ դնելով Հյուսիսատլանտյան դաշինքի գոյության առաջնային իմաստը և նրա անդամների համերաշխությունը գլոբալ անվտանգության օրակարգում: Արդյունքում, ՆԱՏՕ-ն ձևականորեն պահպանվեց ու նույնիսկ ընդլայնվեց՝ իր անդամներին կառավարելու, անցանկալի միջազգային սուբյեկտներին ահաբեկելու, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի վաճառքի հսկայական շուկա ապահովելու և այս հարթակում հսկայական ֆինանսական միջոցներ կուտակելու համար, միջոցներ. որոնք հիմնականում սպասարկում են դաշինքի առաջնորդի՝ ԱՄՆ-ի տնտեսական շահերը։
-
Թուրքիան դաշինքում. պատմական փորձն ու «միջուկային հովանոցը»
ՆԱՏՕ-ին իր անդամակցության (1952 թ.) ողջ պատմության ընթացքում Թուրքիան անմիջականորեն զգացել է ինչպես ռազմաքաղաքական ինտեգրման նշանակալի դրական արդյունքները, այնպես էլ դաշինքում գտնվելու բացասական փորձը։ Հենց աշխարհում երկբևեռությունն էր (ՆԱՏՕ-ի և ՎՊԿ-ի հակամարտությունը), որ նպաստեց Թուրքիայի ներգրավմանը դաշինքում, ինչը նրան հնարավորություն տվեց ձևավորել արևմտյան առաջատար նմուշի բանակ, հասնել զգալի տեխնոլոգիական աճի ու տեղավորվել ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների «միջուկային հովանոցի» ներքո։
Խորհրդային սպառնալիքն զսպելու խնդրի վրա ՆԱՏՕ-ի զորաշարժը և կենտրոնացումը նույնպես նպաստեցին Անկարայի ուժի գրեթե անխոչընդոտ դրսևորմանը Միջերկրական ծովում հույն-թուրքական մրցակցության համատեքստում (թուրքական ներխուժումը Կիպրոս 1974 թ.), որը չկանխվեց դաշինքի անդամների կողմից՝ ելնելով կազմակերպության հակախորհրդային հարավային թևում Թուրքիայի առանցքային դերի գիտակցումից։ Փաստորեն, այս ձեռնարկը դարձավ ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամային ներուժի առաջին ազդակը, քանի որ հանգեցրեց կազմակերպության երկու անդամ պետությունների միջև դանդաղ ընթացող ռազմական առճակատման ձգձգված փուլի (Հունաստանը ՆԱՏՕ է ընդունվել Թուրքիայի հետ միաժամանակ՝ 1952 թ.):
-
Հետխորհրդային կերպափոխումը և բացառիկության կորուստը
ԽՍՀՄ փլուզումը նպաստեց Թուրքիայի դերի նկատելի թուլացմանը ՆԱՏՕ-ի փոխդասավորության մեջ։ Անկարան կորցրեց Ռուսաստանին՝ դաշինքի հիմնական ավանդական մրցակցին, ուղղակիորեն սահմանակից միակ անդամ երկրի չբարձրաձայնվող կարգավիճակը, այդ դիրքը զիջելով նախկին Վարշավայի դաշինքի երկրներին և Մերձբալթյան հանրապետություններին, որոնք շտապ կարգով ընդունվել էին կազմակերպության մեջ։ Այս գործընթացում էական դեր խաղաց նաև քեմալիզմի աշխարհիկ մոդելի և ավանդույթների վերաձևավորումը, ինչը Թուրքիային դեպի Ասիա ավելի ակտիվ և ինքնուրույն քաղաքականության վարման մղեց։
Ընդհանուր առմամբ, պաշտոնապես պահպանելով լիարժեք անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, Թուրքիան աստիճանաբար կորցրեց բացառիկ հարաբերությունները դաշինքի առաջնորդի՝ ԱՄՆ-ի հետ, դրանով իսկ զրկվելով ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի նորագույն տեխնոլոգիական անվանակարգի ապահովման ծրագրերից ազատ օգտվելու հնարավորությունից (Վաշինգտոնի կողմից Անկարայի բացառումը ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի վերազինման ծրագրերից, F-35-ի գործարքի խափանում և այլն)։ Բացի այդ, ՆԱՏՕ-ում ճգնաժամային խմորումները նպաստեցին դաշինքի ներսում ծածուկ դաշնային հարաբերությունների ձևավորմանը, որոնք ունեն ընդգծված հակաթուրքական ուղղվածություն (Հունաստանի և Ֆրանսիայի ռազմաքաղաքական սերտ համագործակցությունը)։ Նույն տրամաբանությամբ ներկայումս Արևելյան Միջերկրականում ձևավորվում է նոր դաշինք Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի միջև, որը պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն իրականում վայելում է Վաշինգտոնի աննախադեպ և համակողմանի ռազմաքաղաքական աջակցությունը՝ համաձայն 1987 թ. ստացած «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԱՄՆ հիմնական դաշնակցի» (Major Non-NATO Ally) կարգավիճակի։
-
Կարգավիճակի չարաշահումն ու «ուկրաինական գործոնը»
ՆԱՏՕ-ում համակարգային ճգնաժամի և ապակենտրոնացման աճը նպաստեց կազմակերպության կազմում Թուրքիայի հետագա մնալու նպատակահարմարության վերաբերյալ նրա շատ անդամների շրջանում առավել բացահայտ խոսույթի։ Միջերկրական ծովի արևելքում և Բալկաններում Անկարայի ագրեսիվությունը, դեպի արևելք նրա քաղաքական-քաղաքակրթական ձգողականությունը և Օսմանյան ժառանգության վերակենդանացման նկատելի միտումները ստիպում են դաշինքի ներսում ընդդիմախոսներին կասկածի տակ առնել Թուրքիայի կողմից անվտանգության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից տրամադրվող արտոնություններից օգտվելու իրավաչափությունը։
Խոսքը, մասնավորապես, «միջուկային հովանոցի» մասին է, ինչը Թուրքիային թույլ է տալիս արտակարգ ուժի դիրքերից իրականացնել սեփական աշխարհաքաղաքական նախաձեռնությունները, որոնք հաճախ հակասում են ՆԱՏՕ-ի շահերին։ Անդամակցության կարգավիճակի նման օգտագործումը դժգոհություն է առաջացնում դաշինքի մի շարք եվրոպացի մասնակիցների շրջանում, որոնք դա համարում են դաշինքի հեղինակության և ռազմական ներուժի բացահայտ չարաշահում՝ ի շահ Անկարայի աշխարհաքաղաքական գործարքների, որոնք չեն համապատասխանում կազմակերպության ընդհանուր շահերին։
ՆԱՏՕ-ի շատ երկրներ նույնպես խիստ դժգոհ են Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունների համատեքստում Թուրքիայի պասիվ պահվածքից, ինչպես նաև ռուս-արևմտյան հարաբերությունների նոր սրացման համապատկերում Մոսկվայի հետ նրա մերձեցման և համագործակցության քաղաքականությունից։ Մասնավորապես, Անկարաին մեղսագրվել է ՆԱՏՕ-ի կանոնադրության ՝ դաշինքում որոշումների ընդունման կոնսենսուսի մասին հիմնարար սկզբունքը շահագործելու նախաձեռնությունը՝ ելնելով սեփական և ՌԴ շահերից։ Օգտվելով վետոյի մասին հոդվածից՝ Թուրքիան տևական ժամանակ արգելափակել էր դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններն ու պայմանագրերի վավերացումը։ Այդպիսով իսկ հրապարակ հանվեց ՆԱՏՕ-ում համակարգային խորը ճգնաժամի մասին խոսույթը, իսկ ուկրաինական պատերազմի թեժ պահին արգելակվեցին Հյուսիսային Եվրոպայում, Բալթիկայում և Հյուսիսային բևեռում Ռուսաստանի զսպմանն ուղղված միջոցառումները։
-
Գրենլանդիայի երկընտրանքը և անվտանգության համակարգի քայքայումը
Սակայն, նույնիսկ հաշվի առնելով դաշինքի ներսում առկա խնդիրները և նրա բազմաթիվ անդամների հետ լարված հարաբերությունները, ՆԱՏՕ-ին թուրքական անդամակցությունը մինչև վերջերս մնում էր Անկարայի աշխարհաքաղաքական նախաձեռնողականության գլխավոր հենարանը և պաշտպանական ներուժի աճի պահպանման երաշխավորը։ Այս կապակցությամբ կառույցում առկա համակարգային ճգնաժամը չի կարող չանհանգստացնել Անկարային, որին դաշինքի փլուզման դեպքում սպառնում է ապակողմնորոշել աշխարհաքաղաքական առաջնահերթություններն ու պաշտպանական դոկտրինը:
Մասնավորապես, Անկարան կարող է զրկվել «միջուկային հովանոցից»։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ն այդ դեպքում կարող է նրան առաջարկել միջուկային պաշտպանության տրամադրման բացառիկ ձևաչափ, ինչպես նաև փոխգործակցություն ռազմական համագործակցության այլ ոլորտներում, սակայն դա չի կարող փոխհատուցել ՆԱՏՕ-ի գլոբալ անվտանգության հաստատութենական համակարգի կորուստը, որի գլխավոր սպառողներից մեկն է Թուրքիան մնացել գրեթե յոթ տասնամյակ:
Անկարայում հասկանում են, որ Սպիտակ տան կողմից նախահայտարարված Գրենլանդիայի բռնագրավման ծրագիրն այլևս չպետք է համարել անհավասարակշիռ Դոնալդ Թրամփի անխոհեմ գաղափարը: Ավելի շուտ, խոսքը վերաբերում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում ռազմավարական նշանակություն ունեցող ցամաքային տարածքի բացարձակ տիրապետման ԱՄՆ-ի համակարգային անհրաժեշտությանը, ինչը բխում է անայլընտրանքային միաբևեռ աշխարհի հաստատման նոր դոկտրինից։ Նրա նոր համակարգում Եվրոպան դադարում է լինել Վաշինգտոնի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների հիմնական սպառողը, այյ ՆԱՏՕ-ն իր ներկայիս ձևաչափով հետևողականորեն կկորցնի արդիականությունը։ Գրենլանդիայի և ՆԱՏՕ-ի միջև ԱՄՆ-ի առաջիկա ընտրության մասին ամերիկյան ԶԼՄ-ներին Դ. Թրամփի տված հայտարարությունները հստակ ցույց տվեցին, որ ամերիկյան վերնախավերի աչքին բացարձակապես արժեզրկված է ռազմաքաղաքական դաշինքի նշանակությունը։ Եվ, ամենայն հավանականությամբ, արդեն լուծված է Դ. Թրամփի երկընտրանքը դաշինքի պահպանման և Գրենլանդիայի փաստացի բռնազավթման միջև ընտրություն կատարելու վերաբերյալ: Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնում է փլուզում՝ անվտանգության ամբողջական համակարգը ՆԱՏՕ-ի պատասխանատվության նախկին տարածքում տեղական մասնատված դաշնային ռազմաքաղաքական կազմավորումների փոխակերպվելու հեռանկարով։ Աշխարհաքաղաքական առումով կարող են ձևավորվել անգլո-ամերիկյան, ամերիկա-իսրայելական, ֆրանս-գերմանական, արևելաեվրոպական դաշինքներ, որոնք կարող են ինչպես իրավիճակային բնույթ կրել, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարի և իրենց դաշնային սահմանների ընդլայնման հավակնել։
-
Ռիսկերն Անկարայի համար և վատագույն սցենարի նախապատրաստումը
Բազմաթիվ հակափաստարկների պատճառով քննադատության չեն դիմանում որոշ եվրոպացի քաղաքական գործիչների և փորձագետների լավատեսական գնահատականներն առանց ԱՄՆ-ի մասնակցության դաշինքի եվրոպական թևի ամբողջականության պահպանման հնարավորության վերաբերյալ: Ավելին, դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալը և «գրենլանդական ճգնաժամը», ամենայն հավանականությամբ, կարող են Եվրամիության փլուզման ձգան դառնալ, որը հիմնականում կրկնօրինակում է ՆԱՏՕ-ի սահմանների ուրվագծերը Հին աշխարհում և ապահովում է կազմակերպության անդամ երկրների աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերի համերաշխությունն անվտանգության միասնական համակարգի երաշխիքների հաշվին:
Իրադարձությունների զարգացման նման տրամաբանության դեպքում Թուրքիան կհայտնվի մեծ ռիսկի գոտում։ ՆԱՏՕ-ի փլուզումը և կամ ինչ-որ ձևաչափերի վերափոխումը երկրին կզրկի քրդական խնդիրն արդյունավետորեն վերահսկելու, Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ապակայունացնող գործընթացներն զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում իսրայելական գործոնի հետ մրցակցությանը դիմակայելու հնարավորությունից: Մեծ հարցականի տակ կհայտնվի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում թուրքական ծավալման ծրագրի իրականացումը։ Անկարան կարող է դրա փոխարեն բախվել հունա-իսրայելական դաշինքի զսպման կրիտիկական խնդրին, որին աշխարհաքաղաքականորեն կարող են միանալ Ֆրանսիան և միջերկրածովյան մի շարք այլ երկրներ: Սրանք գոյութենական մարտահրավերներ են ոչ միայն երկրի արտաքին անվտանգության, այլև նրա ներքին կազմակերպման համակարգի համար, որը բացառապես հիմնված է իշխող վերնախավերի՝ կայունությունը պահպանելու և Թուրքիային իր երբեմնի հզորությունը վերադարձնելու վերաբերյալ հասարակության առջև ստանձնած պարտավորության վրա։
Հարկ է նշել, որ Թուրքիային անակնկալի չի բերել ՆԱՏՕ-ի ճգնաժամը։ Ակնհայտ է, որ Անկարան, վերլուծելով դաշինքում առկա բացասական միտումները, վերջին իրադարձություններից շատ առաջ պատրաստվում էր իր համար վատագույն սցենարին։ Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր ապամոնտաժումից ծախսերը փոխհատուցելու նախազգուշական միջոցառումների համալիրը ներառում է ռազմարդյունաբերական համալիրի սեփական արդյունաբերական բազայի ընդլայնման և տեխնոլոգիական աճի խթանումը: Թուրքիային հաջողվել է զգալի հաջողությունների հասնել ռազմական նավաշինության, անօդաչու օդուժի և հեռահար հրթիռային համակարգերի ոլորտում։ Երկիրը ձգտում էր բազմազանեցնել սպառազինության առանձին տեսակների մատակարարումները՝ ելնելով այն ենթադրությունից, որ կարող է զրկվել ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում տեխնոլոգիաների փոխանակման և փոխգործակցության նախկին շղթաներից։
Զուգահեռաբար Թուրքիան հնարավորություններ էր փնտրում տեղական դաշինքներ կառուցելու և իր ռազմակայանները հիմնելու միջոցով ամրապնդվելու Սիրիայում, Հարավային Կովկասում (Ադրբեջան), հյուսիսաֆրիկյան ափերին (Լիբիա և Եգիպտոս), Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում (Սոմալի) և Արաբական թերակղզում (Կատար)։
-
Ասիական վեկտոր. նոր «միջուկային վահանի» որոնում
Դրա հետ մեկտեղ Անկարայի համար սկզբունքային է մնում գլոբալ հենարանի այլընտրանքի որոնումը, որը մինչ այժմ համարվում էր Հյուսիսատլանտյան դաշինքը՝ Թուրքիայի միջուկային ծածկույթի իր երաշխիքներով։ Սա չափազանց կարևոր խնդիր է, առանց որի լուծման տարածաշրջանային պարագծով զսպման ռազմավարական գիծ կառուցելու Անկարայի ջանքերը կորցնում են արդյունքն ու արդիականությունը։ Կարծիք կա, որ Ասիայում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև արդեն հայտարարված ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը, բացի իրանական օրակարգից, կապված է հենց այդ խնդրի հետ: Առաջարկվող միությունը ձևավորվում է՝ առաջին հերթին ելնելով տարածաշրջանի կայունացման անհրաժեշտությունից, ինչը հնարավոր խոցելի է ամերիկա-չինական առճակատման աճի համատեքստում, որի մաս է համարվում Իրանում ապակայունացման խնդիրը:
Ձևավորվող նոր կոալիցիան անհրաժեշտ է նաև Իսլամաբադին, Էր Ռիադին և Անկարային՝ հաշվի առնելով անհամաչափ ուժ ունեցող հարևան երկրների (Պակիստան–Հնդկաստան, Սաուդյան Արաբիա–Իրան, Թուրքիա–հունա-իսրայելական կոալիցիա և, հնարավոր է, Ռուսաստան) հետ կրիտիկական կամ հնարավոր հակամարտությունների առկայությունը։ Ինչպես նշել են որոշ փորձագետներ՝ ձևավորվող բլոկը պետք է իրականացնի սաուդցիների ֆինանսական կենսունակության, թուրքերի տեխնոլոգիական առաջընթացի և Պակիստանի միջուկային վահանի սիներգիան Ասիա մայրցամաքում ուժի ինքնաբավ և լիարժեք ռազմաքաղաքական բևեռի մեջ՝ դրանով իսկ կողմերից յուրաքանչյուրին փոխհատուցելով ԱՄՆ-ի գործողությունների գոյութենական սպառնալիքները՝ ամբողջ գլոբալ անվտանգության համակարգը վերակառուցելու համար:
Նոր դաշինքի մասնակիցներին միավորում է համընկնող աշխարհաքաղաքական շահերի զգալի համալիր, ինչպես նաև արևելյան ավանդույթների համար ոչ պակաս կարևոր գործոն իրենց վերնախավերի և հիմնական բնակչության դավանաբանական ինքնության (սուննիզմ) համար։ Միևնույն ժամանակ, գոյություն ունի բազմազան գործոնների մեծ շերտ, որոնք դժվարացնում են ապագա միության կայունությունն ու լիարժեքությունը։ Դրանց թվում են նրա մասնակիցների աշխարհագրական հեռավորությունը միմյանցից, պետական համակարգերի աշխարհիկության տարբեր մակարդակները, տրամագծորեն հակառակ քաղաքական կառուցվածքները, Ասիայում տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետների անհամապատասխանությունը, ինչպես նաև գլոբալ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տարբերությունները:
Սակայն, չնայած այդ դժվարություններին, կողմերը ինտենսիվ ռեժիմով հող են նախապատրաստել ռազմաքաղաքական դաշինքի շուրջ պայմանավորվածությունների իրագործման համար, ինչը վկայում է աշխարհում ուժերի գլոբալ վերակառուցման պայմաններում ռազմավարական անվտանգության կայունությունը կորցնելու նրանց մտավախությունների մասին:
-
Եզրակացություն
Անկարան, ամենայն հավանականությամբ, լրջորեն պատրաստվում է ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզմանը և ապահովագրական միջոցներ է ձեռնարկում։ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ դաշինքն այս պահին ռազմաքաղաքական բլոկի միակ իրական այլընտրանքն է, դաշինք, որի կազմում գտնվելը Թուրքիային երաշխավորել է ինքնիշխանության և անվտանգության պահպանումը: Թեև այս այլընտրանքը բացարձակապես համարժեք չէ ՆԱՏՕ-ին, սակայն այլընտրանքի բացակայության պայմաններում այն գոյութենական կարևոր նշանակություն է ձեռք բերում մի երկրի համար, որը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական տարածքի տեկտոնիկ բեկման գծում։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 26.01.2026 թ.: