Մեկնաբանություններ

Ռամիզ Մեհթիևի ձերբակալությունը. Կլանային պայքար և արտաքին քաղաքական խուսանավումները Ադրբեջանում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 13.11.2025 թ.[1]

2025 թվականի հոկտեմբերի կեսերին Ադրբեջանի իշխանությունները հանրությանը տեղեկացրին, որ հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իրենց պնդմամբ, բացահայտվել է հակապետական դավադրություն, որի մաս էր կազմում նախագահ Իլհամ Ալիևի հանդեպ մահափորձը[2]։

Տվյալ լուրը բավական անսպասելի էր, հաշվի առնելով, որ Ադրբեջանում ալիևների կառուցած իշխանության կոշտ ուղղահայացը չէր ենթադրում ծանրակշիռ խմբերի ձևւավորում երկրի համակարգի ներսում և ընդդիմադիր դաշտում, խմբեր, որոնք կարող են լուրջ քաղաքական մարտահրավեր նետել Ալիևների ընտանիքին և, առավել ևս, որոշել արմատական միջոցներ ձեռնարկելու նրա դեմ: 2020-ին և 2023-ին Լեռնային Ղարաբաղի ուժային զավթումը, ինչպես նաև 2024-ի սեպտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ոչ մի իրական ընդդիմադիր ուժ չմտավ Միլի մեջլիս[3], վերջնականապես ամրապնդեցին ալիևյան վարչախումբը։ Դրանով իսկ իրական ընդդիմությունը դուրս մղվեց խորհրդարանական հարթակից և վերջնականապես մարգինալացվեց, իսկ խոշոր քաղաքական և ֆինանսատնտեսական կլանները, որոնք հնարավորինս ունակ են ադրբեջանական հասարակությանն ու արտաքին քաղաքական գործընկերներին այլընտրանք առաջարկել իշխող ընտանիքին, «Ղարաբաղյան հաղթանակից» հետո զրկվեցին հայ-ադրբեջանական հակամարտության «չլուծվածությունը» և «ադրբեջանական տարածքների բռնազավթումը» շահարկելու հնարավորությունից։

Սակայն տվյալ հաղորդագրության գլխավոր ինտրիգն այն է, որ նախապատրաստվող հեղաշրջման մասին տեղեկությունները, ըստ պնդումների, ադրբեջանական կողմին է փոխանցել Մոսկվան: Ըստ իշխանական շրջանակներին մոտ կանգնած ադրբեջանական լրատվամիջոցների՝ համապատասխան տեղեկատվությունը Բաքվին է փոխանցվել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Դուշանբեում 09.10.2025 թ. կայացած հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ, որտեղ Ռուսաստանի նախագահն արդեն անձամբ, փակ բանակցային ձևաչափով, իր ադրբեջանցի գործընկերոջը ծանոթացրել է «դավադրության» մանրամասներին: Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններից, որոնք վկայակոչում են «անանուն իրազեկ աղբյուրին», Ադրբեջանի իշխանությունները հակված են կարծելու, որ ի սկզբանե դավադրությունը պատրաստվել է ռուսական կողմի և նրա «զինվորական շրջանակների» մասնակցությամբ: Նշվում է, որ նրանք ծրագրել էին 25.12.2024-ին խոցել ՌԴ ուղևորվող Ալիևի ինքնաթիռը, սակայն սխալմամբ ոչնչացրել են քաղաքացիական ինքնաթիռը, որը Բաքվի օդանավակայանից թռել էր նախագահական օդանավից 30 րոպե առաջ։ Այդ սխալը, իբր, Մոսկվային դրդել է «հետխաղ» կատարել և կասկածներն իրենից հեռացնելու համար հանձնել Ադրբեջանում դավադրության հանցակիցներին[4]։

Այսպես, թե այնպես, Ադրբեջանում պետական հեղաշրջման կազմակերպման գործով գլխավոր կասկածյալ Ռամիզ Մեհթիևը տնային կալանքի տակ է առնվել, և ներկա պահին ադրբեջանական իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում «նախապատրաստվող դավադրության» բոլոր մանրամասները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ: Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ, թեև հետաքննությունը դեռևս կոնկրետ անուններ չի հրապարակել, սակայն ճնշման տակ են հայտնվել Ռ. Մեհթիևի շրջապատի մեծ թվով քաղաքական գործիչներ, ովքեր, երբ նա  նախագահի աշխատակազմի ղեկավարն էր (1995–2019 թթ.), բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական ապարատում, բանակում և հատուկ ծառայություններում։

Խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով նախկին օգնական Ալի Հասանովին, ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկովին, ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, պետական անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովին, մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաևին և այլ տասնյակ անձանց, ովքեր ալիևյան վարչախմբի երբեմնի «գորշ կարդինալ» Ռ. Մեհթիևի մերձավորներն են համարվում։

Հիշյալ քաղաքական գործիչներն Ի. Ալիևի մոտ շնորհազուրկ են արվել վերջին իրադարձություններից շատ առաջ։ Նրանց մեծ մասը հեռացվել է իշխանությունից 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի նախօրեին։ Նրանց հետևողականորեն պաշտոնանկ անելու գործընթացն ուղեկցվել է ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներում եռուն քարոզչական արշավով՝ դատապարտելով նրանց ենթադրյալ սերտ կապերը Ռուսաստանի հետ և անթույլատրելի հակապետական գործողությունները՝ ի շահ Մոսկվայի։

Համաձայն կառավարության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների հաճախակի հրապարակումների՝ Ռ. Մեհթիևը «Կրեմլի մարդն» էր և իր դրածոների միջոցով ադրբեջանական իշխանության բոլոր ճյուղերում «Մոսկվայի թելադրանքով» տարվող և Ադրբեջանի ազգային շահերին հակասող քաղաքականություն էր իրականացնում։ Արդյունքում Ռ. Մեհթիևը նույնպես ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որից հետո որոշ ժամանակով (2019–2022 թթ.) գլխավորել Է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան (ԱԳԱԱ)։

Ինչպես կարծում էին Ադրբեջանում, այն ժամանակ Ի. Ալիևը միայն իր հոր հիշատակի հանդեպ հարգանքից ելնելով է, որ չէր վճռել ավարտին հասցնելու «գորշ կարդինալի» քաղաքական ոչնչացումը, ով բարձր էր գնահատում իր վաղեմի զինակից Մեհթիևին։ Բացի այդ, հենց Մեհթիևն էր կազմակերպել իշխանության հաջող տարանցումը հայր Ալիևից Ալիև-որդուն, և հենց նա է երիտասարդ նախագահին մտցրել մեծ քաղաքականություն։ Սակայն, դատելով Ադրբեջանից ստացվող տեղեկություններից, այս պահին Ռ. Մեհթիևին և նրա հին կադրերին չի հաջողվի խուսափել անողոք պատժից, քանի որ այդ միջոցը գոյութենապես անհրաժեշտ է Ալիևների ընտանիքին՝ սեփական իշխանությունը պահպանելու և ընդհանրապես «երկրի ինքնիշխանությունը» պաշտպանելու համատեքստում։

Հատկանշական է, որ նախապատրաստվող հեղաշրջման գործի համատեքստում, բացի նախկինում Մեհթիևի նշանակած գործիչներից, ադրբեջանական իրավապահ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական ավանդական ընդդիմության ներկայացուցիչները, որոնց նախկին «գորշ կարդինալն» իբր թե հավաքագրել էր դեռևս նախագահի աշխատակազմը ղեկավարելու շրջանում և մտադիր էր ենթադրյալ հեղաշրջումից հետո նրանց զգալի տեղ հատկացնել պետական ապարատում[5]:

Այսպիսով, Ադրբեջանում բացահայտ հայտարարում են, որ Ռուսաստանը մասնակից է եղել Ի. Ալիևի դեմ ծրագրվող դավադրությանը, և որ հենց նա է, փաստորեն, ադրբեջանական իշխանություններին տեղեկություններ փոխանցել Բաքվում գտնվող անձանց մասին, ովքեր եղել են այդ երկրում իշխանափոխության անօրինական փորձի նախաձեռնողները: Ռուսական պաշտոնական մարմինները չեն արձագանքում ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ների տարածած մեղադրանքներին և որևէ կերպ չեն մեկնաբանում դրանք: Մինչդեռ, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվին տեղեկություններ փոխանցելով «դավադրության» մասին՝ Մոսկվան այդպիսով իսկ ձգտում էր լուծել երկու խնդիր.

  1. Ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող էին մոտ գտնվել ռուսական կողմի մասնակցությամբ ենթադրյալ դավադրության ինքնուրույն բացահայտմանը, ինչը վերջնականապես կխորացներ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա ճգնաժամը և կդառնար բացահայտ թշնամանքի առիթ՝ առանց կարգավորման հեռանկարների։
  2. Հավանաբար Վ. Պուտինն այդպիսով Ի. Ալիևին ցույց տվեց, որ լիովին հրաժարվում է Ադրբեջանում ներքաղաքական և ներկլանային հակասություններն օգտագործելու փորձերից, ինչի երաշխիքը դարձավ այդ երկրի վերնախավում իր ազդեցության բոլոր գործակալների վերջնական հանձնումն իշխող վարչախմբին։ Դրանով Մոսկվան փաստացի ստանձնել է երաշխավորված պարտավորություն՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, հաղորդակցվել բացառապես Ալիևի հետ և հրաժարվել ավանդաբար ռուսամետ վեկտորին հավատարիմ վերնախավերի որոշակի խմբերի միջոցով նրա վրա ճնշում գործադրելու գործելակերպից։Այս առումով, ըստ Բաքվի աղբյուրների, Մոսկվայում համարել են, որ ՌԴ-ին հավատարիմ Մեհթիևի և նրա համախոհների մասին տեղեկատվության փոխանցումը զոհաբերություն է, որը համաչափ է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն ունեցող Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախկին «գորշ կարդինալի» շրջապատն ու ինքն անձամբ կորցրել են Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի վրա ազդեցության իրական լծակները և չեն արդարացրել Մոսկվայի հույսերը։

Բաքվի աղբյուրները պնդում են, թե «ռուսամետ ուժերի արտահոսքը» հարկադրված միջոց էր Մոսկվայի համար, քանի որ Ի. Ալիևի դիրքերն այս պահին չափազանց ամուր են, և Վ. Պուտինին այլ բան չի մնում, քան «հորիզոնական» մակարդակի քաղաքականություն կառուցել նրա հետ ու ադրբեջանական իշխանության համակարգի ներքին կառուցվածքին իր միջամտությամբ «չնյարդայնացնել»: Այսպիսով, Կրեմլի կողմից ադրբեջանական վերնախավում իր կողմնակիցների և գործընկերների մասին տեղեկատվության ենթադրյալ փոխանցումը դիտարկվում է որպես մեծ զիջում Ի. Ալիևին և նրա վստահությունն ու բարեհաճ վերաբերմունքը «շահելու» փորձ՝ Ռուսաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համապատկերում։

Այս համատեքստում ադրբեջանական հեղաշրջման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը շատ է հիշեցնում 2016 թ. հուլիսյան դեպքերը, երբ Ռուսաստանը թուրքական իշխանություններին նախազգուշացրեց նախապատրաստվող խռովության մասին[6]: Մոսկվայի հաշվարկներով՝ այդ քայլը պետք է նպաստեր Անկարայի հետ փոխվստահության հաստատմանը և միաժամանակ խթաներ տարաձայնություններն ու պառակտումը ՆԱՏՕ-ում, որոնք ՌԴ-ին խիստ անհրաժեշտ էին Սիրիայի և Ուկրաինայի համար պայքարի ակտիվ փուլի նախօրեին։ Կրեմլն ակնկալում էր, որ Ռեջեփ Էրդողանը բարձր կգնահատի Պուտինի այս «բարեկամական» ժեստը ինչպես քաղաքական, այնպես էլ զուտ անձնական մակարդակում՝ նախադրյալներ ստեղծելով երկու պետությունների ղեկավարների միջև առանձնապես վստահելի հարաբերությունների համար և դրանով իսկ չեզոքացնելով հակառուսական ճակատում Անկարայի ներգրավման սպառնալիքը և ՌԴ ֆինանսատնտեսական մեկուսացման ԱՄՆ նախաձեռնությունները։

Բաքվեցի դիտորդների կարծիքով, Մոսկվան Անկարայի մերձավոր դաշնակցի նկատմամբ նման քայլի դիմել է նաև ներկա իրավիճակում՝ ակնհայտորեն հասկացնելով Բաքվին, որ մտադիր է Ադրբեջանի հետ համագործակցել բացառապես ի դեմս Ի. Ալիևի։ Այսպիսով, Կրեմլը ցույց է տալիս, որ այլևս կասկածի տակ չի դնում նրա իշխանության օրինականությունը և մերձկասպյան հանրապետությունում չի տեսնում այլ ուժերի, որոնք կարող են փոխարինել իշխող վարչախմբին: Տարբերությունը սոսկ այն է, որ ենթադրյալ հեղաշրջման մասին տեղեկատվության փոխանցումն այս անգամ տեղի է ունեցել ոչ թե դրա իրականացման «փորձից» առաջ, այլ դրանից հետո և իր սլաքով ուղղված էր ոչ թե արևմտամետ ուժերի վրա, ինչպես Թուրքիայի դեպքում էր, այլ ՌԴ-ին հավատարիմ շրջանակների վրա, որոնց անհաջողությունը Մոսկվային ստիպել է վերջնականապես տարանջատվել նրանցից և նրանց մասին տեղեկությունները փաստացի փոխանցել Ալիևին։

Սակայն այս սցենարն անխուսափելիորեն հարց է առաջացնում. ինչո՞ւ Ի. Ալիևը, տեղեկանալով նախապատրաստվող հեղաշրջմանը ՌԴ-ի ենթադրյալ մասնակցության մասին և ստանալով Վ. Պուտինի ուշացած խոստովանությունը Ռ. Մեհթիևի կողմնակիցների՝ ռուս ուժայինների հետ շփումների մասին, չնախաձեռնեց Մոսկվայի հետ սրացման հերթական փուլը։ Տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն պետք է ամենակտրուկ ձևով պահանջներ ներկայացներ Մոսկվային, ընդհուպ մինչև բոլոր հարաբերությունների խզումը։ Նախագահի դեմ մահափորձին և այլ երկրում իշխանափոխության կազմակերպմանը մասնակցությունը բացահայտ թշնամական գործողություն է, որը կոշտ հետևանքներ է ենթադրում։ Սակայն, հասկանալով հանդերձ, որ Ռուսաստանի առաջնորդը չէր կարող նախապես տեղեկացված չլինել Ռ. Մեհթիևի ենթադրյալ ծրագրի մասին, իսկ նրա հետ կապի մեջ գտնվող ռուս ուժայինները չէին կարող գործել առանց Վ. Պուտինի թույլտվության, Ի. Ալիևը նախընտրեց գնալ Մոսկվայի հետ ճգնաժամի որոշակի լիցքաթափման։

Դուշանբեում Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպումը և դրա արդյունքում նկատելիորեն մեղմացած ալիևյան հռետորաբանությունը վկայում են այն մասին, որ Բաքուն չտրվեց զգացմունքներին և անհրաժեշտ համարեց հաստատել Ռուսաստանի իշխանությունների հետ հետագա համագործակցության հեռանկարը։ Նման պահվածքը զգալիորեն զարմանք է հարուցել ինչպես փորձագետների շրջանում, ովքեր կանխատեսում էին, թե Ի. Ալիևը ցանկացած լրացուցիչ և ծանրակշիռ առիթից կօգտվի առնվազն ՌԴ-ի[7] հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար, այնպես էլ ադրբեջանական հանրության շրջանում, որի միջավայրում պետական քարոզչությունն արդեն հասցրել է էապես բորբոքել հակառուսական տրամադրությունները: Դրանով Ի. Ալիևը հղեց մի ուղերձ, որը հակասում է ընդունված տրամաբանությանը։

Մինչդեռ այս մարտավարությունը, ի հեճուկս բաքվեցի դիտորդների կարծիքի, կարող է բացատրվել մի շարք գործոններով, որոնք չեն գտնվում հրապարակային քաղաքական օրակարգի մակերեսին։

Նախ, պետք է հաշվի առնել, որ Վ. Պուտինը Դուշանբեում կայացած առանձնազրույցի արդյունքում, որի ժամանակ, ըստ էության, խոստովանել է դավադիրների հետ ռուս ուժայինների առնվազն շփումները, ակնհայտորեն ստիպված է եղել Ադրբեջանի առաջնորդի համար նշանակալի զիջումների գնալ, որոնք չպետք է մեդիատարածքի սեփականություն դառնան։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց ՌԴ-ի վերոհիշյալ հրաժարմանը, այլև քաղաքական, ֆինանսական, տնտեսական և, վերջապես, անձնական հարաբերությունների լայն տարրապատկերի շուրջ ենթադրվող փոխզիջումներին: Նման զիջումների էության մասին կարելի է միայն ենթադրել, սակայն նախկինում նշված միջոցների հետ միասին դրանք ի վիճակի են ձևավորել Մոսկվայի և Բաքվի հորիզոնական հարաբերությունների հոլովույթը, ինչը չի կարող չբավարարել Ի. Ալիևի հավակնությունները։

Երկրորդ՝ պետք է ենթադրել, որ Մոսկվայի կողմից Ի. Ալիևին, այսպես կոչված, «դավադիրների» հանձնումն արտաքին քաղաքական խուսավարման հնարավորություն տվեց Բաքվի վրա արևմտյան գործընկերների հարաճուն ճնշման պայմաններում, նրանց, ովքեր Ադրբեջանի առաջնորդից պահանջում են սրել հարաբերությունները ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ։ Իր վերջին հրապարակումներից մեկում ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն դիտարկել է այն վարկածը, ըստ որի Ի. Ալիևն իր ռուս գործընկերոջ մատուցմամբ ժամանակին հնարավորություն է ստացել վերնախավերը «պետական դավաճաններից» մաքրելու պատրվակով նվազեցնել արևմտյան երկրների ճնշումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի[8] հետ Ադրբեջանի բացահայտ առճակատման հասնելու հարցում։ Կա ևս մեկ կարևոր տեսակետ. եթե ռուս ուժայինների և «Մեհթիևի խռովարարների» միջև ենթադրյալ դավադրությունն Ի. Ալիևի համար բացահայտեին նրա արևմտյան գործընկերները, ապա նա չէր կարողանա խուսափել ՌԴ-ի հետ առճակատման աստիճանը բարձրացնելու անհրաժեշտությունից։ Մինչդեռ Վ. Պուտինի կանխարգելիչ խոստովանությունն Ի. Ալիևին օգնեց Արևմուտքին ցույց տալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության պաշարի առկայությունը, ինչպես նաև անուղղակիորեն պահանջներ ներկայացնել արևմտյան գործընկերներին, որոնց Ադրբեջանում ազատորեն գործող «ամենազոր» ծառայությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել բացահայտել և կանխել դավադրությունն ադրբեջանական իշխանության դեմ և նախագահին ֆիզիկապես վերացնելու փորձը:

Թվարկված բոլոր գործոնները, ՌԴ-ի հետ ձևականորեն գործող ռազմավարական գործընկերության մասին 22.02.2022 թ. պայմանագրի հետ մեկտեղ, Ի. Ալիևին հնարավորություն են տալիս հեռանալ վտանգավոր առճակատումից, որին Բաքվին դրդում է ՆԱՏՕ-ի ճամբարի, Իսրայելի և Թուրքիայի հետ սերտ փոխգործակցությունը։ Ակնհայտ է, որ Վ. Պուտինին ընդառաջ կատարած իր քայլերով Ի. Ալիևը փորձում է վերականգնել նախկին հավասարակշռությունն ու փոխլրացման հոլովույթը համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների հետ հարաբերություններում: Այս խնդիրն այնքան կարևոր է նրա անձնական իշխանության և Ադրբեջանի անվտանգության համար, որ նա պատրաստ է հաղթահարել հարաբերությունների ճգնաժամի ընթացքում կուտակված հույզերն ու հակակրանքը Մոսկվայի նկատմամբ, հատկապես` ադրբեջանական «թիվ 1 ինքնաթիռի» վրա ռուս ուժայինների ենթադրյալ հարձակման փորձի մասին տեղեկատվությունից հետո:

Այսպես թե այնպես, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական մեծ պայքարի նոր փուլում, որի կիզակենտրոնը Ադրբեջանն էր, արդեն հայտնվել են առաջին զոհերը։ Դա Հեյդար Ալիևի, այսպես կոչված, «հին գվարդիան» է, որը ժամանակին իր ներդրումն է ունեցել գործող վարչախմբի ամրապնդման գործում և ապահովել իշխանության տարանցումը մեկ ընտանիքի ներսում։ Ադրբեջանում այս պահին ակտիվորեն իրականացվում է դրա քաղաքական ազդեցության մնացորդների վերացման, սեփականության և ֆինանսական ակտիվների բռնագրավման, դատավարությունների նախաձեռնման գործընթաց, որոնց արդյունքն ակնհայտ է:

Այս կապակցությամբ պետք է հակիրճ դիտարկել ևս մեկ ուշագրավ վարկած, ըստ որի իրականում Ադրբեջանում հեղաշրջման ոչ մի փորձ էլ չի եղել, այլ տեղի է ունեցել Մոսկվայի և Բաքվի կողմից «հեյդարյան նահապետնների» խռովության համատեղ բեմականացում, ընդ որում, կրկին Ի. Ալիևին խուսավարելու և արևմտյան գործընկերների առջև ստանձնած պարտավորություններից խուսափելու հնարավորություն տալու նպատակով, ինչի մասին արդեն խոսվել է վերևում։

Բանն այն է, որ Ադրբեջանում գործող համակարգի պայմաններում Ռ. Մեհթիևի և նրա համախոհների՝ հեղաշրջում կազմակերպելու հնարավորություններն ի սկզբանե զրոյի են հասցվել։ Հարկ է ընդգծել, որ դեռևս 2019-ի հոկտեմբերին նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնից «գորշ կարդինալի» հրաժարականը պաշտոնապես ներկայացվել էր որպես վաստակավոր պետական գործչի թոշակի և հանգստի պատվավոր ճանապարհում[9]։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի քաղաքական անվանակարգը և հանրությունը ոչ առանց հիմքերի դա ընկալեցին որպես Ալիևի քայլ` ուղղված հզոր մի պաշտոնյայի տապալմանը, ով նրա դաստիարակն է համարվում քաղաքականության մեջ։

Ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում է համակարգի փոխդասավորության վերակազմավորմանը և Մեհթիևի՝ առաջատար դիրքեր զբաղեցնող կադրերից պետական ապարատի ազատմանը։ Ընդ որում, այդ կադրերից շատերի պաշտոնանկությանն ուղեկցել են քրեական գործերի հարուցումն ու բացահայտ հետապնդումներն իշխանամետ ԶԼՄ-ներում։ Դա նշանակում էր, որ Ռ. Մեհթիևը շնորհազուրկ է արվել և իր բազմաթիվ հովանավորյալների հետ միասին իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների տեսադաշտում հայտնվել է Ի. Ալիևի հավանությամբ։ Մեհթիևի շրջապատի գրեթե բոլոր նշանակալի դեմքերը և ինքն անձամբ հայտնվել են շուրջօրյա սևեռուն հսկողության տակ, գաղտնալսվել են նրանց կապի միջոցները, իսկ նրանցից ոմանց արգելվել է լքել Ադրբեջանի տարածքը։

Նման պայմաններում հեղաշրջման կազմակերպումը ծայրաստիճան դժվարին նախաձեռնություն է՝ հաջողության նվազագույն շանսերով, ինչի մասին չէր կարող չիմանալ փորձառու չինովնիկ Մեհթիևը, որը քաջատեղյակ էր համակարգի ներսում վերահսկողության և տեղեկատվության հավաքագրման բոլոր մեխանիզմներին։ Բացի այդ, լուրջ հարցեր են առաջացնում խռովության կազմակերպման ներկայացված «ապացույցները», որոնց մի մասը հայտնվել է ԶԼՄ-ներում։ Մասնավորապես, խոսքն Ի. Ալիևի հեռացումից հետո հանրապետության պետական կառավարման կառուցվածքի վերակազմավորման ծրագրի մասին է, որն իբր թե Ռ. Մեհթիևը փոխանցել է իր ռուս «հանցակիցներին»:  Ռ. Մեհթիևի անունից հանրությանը ներկայացված նամակը շարադրված է տպագիր տառերով և  առանց նրա ստորագրության, ինչը չի բացառում «հանցանշանների» սովորական կեղծվածքը[10]։ Վերջապես, կասկած է հարուցում 87-ամյա մարդու խանդավառությունը, ով իբր որոշել է «ռևանշի» գնալ Ի. Ալիևի դեմ և, չնայած պատկառելի տարիքին, եռանդով ձեռնամուխ է եղել նախագահի դեմ մահափորձի կազմակերպմանը, հեղաշրջմանը և երկրի ողջ քաղաքական համակարգի արմատական վերակառուցմանը։

Հաշվի առնելով վերը թվարկված և այստեղ չնշված մի շարք այլ փաստարկներ՝ տպավորություն է ստեղծվում, որ վաղուց անբարյացակամ պաշտոնյայի և նրա շնորհազուրկ արված շրջապատի գործոնն Ի. Ալիևի կողմից օգտագործվել է արտաքին քաղաքական մեծ խաղի համատեքստում, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ներքաղաքական նպատակներով։ Կարելի է ենթադրել, որ Ի. Ալիևը նույնիսկ պատրաստ էր հենց իր համար Ռ. Մեհթիևի կառուցած սեփական իշխանական բուրգի ապամոնտաժման ընթացքում իր խնամակալի և հոր մերձավոր զինակցի ամբողջական մերկացմանն ու քաղաքական ոչնչացմանը, սակայն այդ տարահունչ ձեռնարկը հեռատեսորեն հետաձգեց ժամանակի մեջ՝ ավելի ծավալուն համակցությամբ օգտագործելու նպատակով։ «Մեհթիականների գործը» սառեցվել էր, և մինչև որոշակի ժամանակ դրան լայն ընթացք չէր տրվել։ Միևնույն ժամանակ, շնորհազուրկ արված պաշտոնյաներին անընդհատ լարվածության մեջ էին պահում քննչական միջոցառումներով և դատական գործերով: Այսպիսով, նախագահ Ի. Ալիևն անընդհատ աջակցում էր շնորհազրկված քաղաքական գործիչներին պահելով «գռեհկախաղի եզրին»՝ նրանց ստիպելով հավասարակշռել ողորմության և վերջնական պատժի միջև:

Ինքը՝ Ռ. Մեհթիևը, ինչպես ավելի վաղ նշվել էր, հեռացվել է նախագահական աշխատակազմից պատվով և նրան «Հեյդար Ալիև» շքանշանի հանձնմամբ: Ընդ որում, նա պաշտոնապես պահպանել է իր տեղը «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավարությունում, մնացել է ԱդրՀ Անվտանգության խորհրդի անդամ և գլխավորել ԱԳԱԱ-ն։ Սակայն որոշ ժամանակ անց քննչական մարմիններն սկսեցին հետաքրքրվել նրա հսկայական ֆինանսական ակտիվների աղբյուրներով, բազմազան անշարժ գույքով, ինչպես նաև գիտությունների ակադեմիայում կոռուպցիոն մեքենայություններով, որոնք, իբր, տեղի են ունեցել նրա ղեկավարման շրջանում[11]:

Կարելի է ենթադրել, որ 2010-ականների վերջից սկսած «մեհթիևցիների» շնորհազրկումը պայմանավորված էր մի քանի գործոններով.

  1. Ռ. Մեհթիևը և նրա մերձավորները՝ արտգործնախարար Է. Մամեդյարովը և Գլխավոր շտաբի պետ Ն. Սադիկովը, որոնք Ռուսաստանին մերձ գործիչներ էին համարվում, ձեռնտու չէին ՆԱՏՕ-ին և Թուրքիային։ Ուստի Ադրբեջանին Ղարաբաղյան հարցը ուժային ճանապարհով լուծելու հնարավորություն տալու շուրջ կոնսենսուսը ձեռք բերվեց այն պայմանով, որ Ի. Ալիևը 2020 թ. ռազմական արշավի նախաշեմին կձերբազատվի այդ կադրերից և լայնածավալ զտումներ կիրականացնի պետական ապարատում ու բանակում՝ բոլոր ռուսամետ տարրերին չեզոքացնելու նպատակով։
  2. Ռ. Մեհթիևն ու նրա շրջապատը դարձել են ադրբեջանական վերնախավում և Ալիևների ընտանիքի ներսում կլանային պայքարի զոհ, որտեղ երկրի նախագահն անվանապես «նախիջևանյան» («քրդական» կամ «երազական») կլանի ղեկավարն է, իսկ նրա կին և երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան (օրիորդական ազգանունը՝ Փաշաևա)՝ «փաշաևյան» («ապշերոնյան») խմբակցության ղեկավարը։ Այդ մրցակցությունը կատաղի ձևեր ստացավ Հեյդար Ալիևի մահվանից հետո, երբ երկրի առաջին տիկնոջ հայրական ընտանիքն սկսեց պետական ապարատի առանցքային դիրքերից ակտիվորեն դուրս մղել ամենազոր «նախիջևանցիների», մոտեցավ երկրում տնտեսական ազդեցության լծակներին ու բանկային հատվածին։ Ձգձգված պայքարի արդյունքում Մեհթիևը, ով «նախիջևանցիների» իրական ղեկավարն է, չդիմացավ «փաշաևների» ճնշմանը, և նրա պարտությունը վերջնականապես կանխորոշվեց «նախիջևանյան» կլանի անվանական առաջնորդ Ի. Ալիևի անցումով իր կնոջ հարազատների կողմը։ Ընդունված է համարել, որ կլանային դիմակայության ճակատագիրը որոշվել է ոչ թենախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնից Մեհթիևի հրաժարականով, այլ դրանից մեկուկես տարի առաջ, երբ Մ. Ալիևան նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում, օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ վաղաժամ պաշտոնաթողության դեպքում նախագահին փոխարինելու իրավունքով[12]։Սա ցույց տվեց իշխանության ծրագրվող տարանցման սցենարը և հաստատեց, որ Ալիևների ընտանիքն ապագայում «նախիջևանցիներին» չի դիտարկում որպես իշխանության միասնական և առաջատար խմբակցություն։
  3. Ի. Ալիևն ինքն իսկ սկսել էրճնշված զգալ Հ. Ալիևի պաշտամունքից և քայլեր էր ձեռնարկում իր անձնական իշխանության վրա ազդող հոր ստվերից ազատվելու համար։ Ի. Ալիևն սկսեց գիտակցել Ադրբեջանի պատմության մեջ սեփական բացառիկությունը, ինչին, սակայն, խոչընդոտում էր Ալիև ավագի պաշտոնապես ներդրված պաշտամունքը: Հենց Ռ. Մեհթիևն էր կանգնած Ադրբեջանում «ազգային առաջնորդի» պաշտամունքի ձևավորման ակունքներում՝ այն դարձնելով պետական համակարգի ողջ կառուցվածքի առանցքը, որն ապահովում էր Ալիևների իշխանության շարունակականությունն ու տեսանելի ամրությունը։ Առանց Մեհթիևի և իշխանության մեջ հին հեյդարյան զինակիցների թիմի քաղաքական չեզոքացման Ալիև կրտսերը չէր կարողանա վերակազմավորել պետական գաղափարախոսությունը և փոխարինել «համազգային առաջնորդի» կերպարին։ Այդ պատճառով Մեհթիևը պետք է հեռանար քաղաքական ասպարեզից, ընդ որում՝ անձի լիակատար վարկաբեկմամբ։Նրա հեռանալու հետ մեկտեղ պետք է վերանային Ալիև կրտսերի՝ որպես քաղաքական առաջնորդի ձևավորման գործում նրա ունեցած վաստակի մասին հիշեցումները, պետք է մոռացության տրվեր ադրբեջանական պատմագրության մեջ Մեհթիևի հիմնած «գիտական ուղղությունը»` «հեյդարագիտությունը» («գեյդարիստիկա»), առօրյա կյանքից պետք է վերանային շնորհազուրկ արված ակադեմիկոսի բոլոր հրապարակախոսական աշխատությունները, որոնք Ալիև ավագի անձի պաշտամունքի հիմքն են կազմում։ Ակնհայտ է, որ հավակնոտ Ալիև կրտսերը կարծում է, որ ինքն իր հորից ոչ պակաս արժանի է ապագայում «համազգային առաջնորդ» կոչմանը` իր անձնական ակտիվում գրանցելով Ադրբեջանի՝ որպես «տարածաշրջանային տերության» կայացումը։

Առավել լայն իմաստով խոսքը կարող է վերաբերել Ադրբեջանի պատմության էջը շրջելու Ալիևների ամուսնական զույգի ձգտմանը` հեյդարյան պաշտամունքի հետ միասին անցյալում թողնելով երկրի հետխորհրդային ժառանգությունը և իրենց իշխանության ու համակարգի մեջ նոր, ավելի ժամանակակից գաղափարական բովանդակություն ներշնչելռվ, իրականացնել վարչախմբի ռեբրենդինգ և նոր նշաձող նախանշել Ադրբեջանի զարգացման գործում։ Հնարավոր է, որ տարածաշրջանի խորքային վերաձևավորման ընդհանուր համատեքստում նման ազդակներ են հեռարձակվում նաև Ադրբեջանի գործընկերների կողմից, ովքեր ցանկանում են մերձկասպյան հանրապետության ապագան տեսնել առանց այն խորհրդային-ռուսական քաղաքական-գաղափարախոսական տարածքի հետ կապող տարրերի։ Եվ «մեհթիևցիները», որոնք հանրապետության քաղաքական անցյալի վերապրուկ էին համարվում և այնքան էլ չէին համապատասխանում ալիևյան վարչակարգի նոր կերտվածքին, որը որդեգրած է, այսպես կոչված, «միապետական ժողովրդավարության» գաղափարախոսությունը, անխուսափելիորեն պետք է զոհ դառնային այդ գործընթացներին։

Ակնհայտ է, որ թվարկված բոլոր գործոններն իրենց հանրագումարում վճռել են ալիևյան համակարգի ներսում Ռ. Մեհթիևի կառուցած իշխանական բուրգի ապամոնտաժումը, իսկ այդ գործընթացի զուգահեռ օգտագործումը, Ի. Ալիևի արտաքին քաղաքական ռազմավարության շահերից ելնելով, միայն լրացնում է ընդհանուր պատկերը։ Այնուամենայնիվ, վերը շարադրվածը պետք է դիտարկել որպես Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծության փորձ՝ հատվածական և հակասական բաց տեղեկատվության հիման վրա։ Ընդ որում, կարելի է այլ փաստերի և նրբերանգների առկայություն ենթադրել, որոնք առարկայական պատճառներով դուրս են մնում դիտորդների տեսադաշտից ու կարող են հնարավորինս կազմել հարավկովկասյան հանրապետությունում տեղի ունեցող այդ տարահունչ իրադարձությունների հիմքը:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 07.11.2025 թ.:

[2] «Переворот не туда: за что в Азербайджане могут посадить ближайшего соратника Алиевых». Известия, 02.11.2025, https://iz.ru/1983378/igor-karmazin/perevorot-ne-tuda-za-cto-v-azerbaidzane-mogut-posadit-blizaisego-soratnika-alievyh (дата обращения: 03.11.2025).

[3] «Парламентские выборы в Азербайджане: сторонники Алиева получают большинство, оппозиция – ни одного места». BBC, 02.09.2024, https://www.bbc.com/russian/articles/cvg5zpn9247o (բեռնման օրը՝ 03.11.2025).

[4] «Рамиз Мехтиев планировал убийство Ильхама Алиева». Вести Баку, 17.10.2025, https://vestibaku.com/politics/ramiz-mehtiev-planiroval-ubijstvo-ilhama-alieva/ (բեռնման օրը՝ 03.11.2025).

[5] «Список Мехтиева: названы люди, которые должны были войти в «госсовет» после переворота». MEDIA.AZ, 29.10.2025, https://media.az/society/spisok-mehtieva-nazvany-lyudi-kotorye-dolzhny-byli-vojti-v-gossovet-posle-perevorota (բեռնման օրը՝ 03.11.2025).

[6] «СМИ: Россия предупредила Эрдогана о готовящемся военном перевороте». ТАСС, 21.07.2016, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3472671 (дата обращения: 03.11.2025).

[7] «Декларация о союзническом взаимодействии между Российской Федерацией и Азербайджанской Республикой», Президент России. 22.02.2022, http://www.kremlin.ru/supplement/5777 (բեռնման օրը՝  04.11.2025).

[8] «Азербайджан и Армения в эпицентре глобального соперничества за Южный Кавказ». АРВАК Центр, 27.10.2025, https://arvak.am/ru/азербайджан-и-армения-в-эпицентре-гло/ (дата обращения: 04.11.2025).

[9] «Отставка Рамиза Мехтиева знаменует собой конец целой эпохи для Азербайджана».
Commonspace.eu, 24.10.2019, https://www.commonspace.eu/ru/news/otstavka-ramiza-mekhtieva-znamenuet-soboy-konec-celoy-epokhi-dlya-azerbaydzhana (բեռնման օրը՝ 04.11.2025).

[10] «В СМИ опубликовано письмо Рамиза Мехтиева в Россию». Oxu.az, 27.10.2025, https://oxu.az/ru/ obshestvo/opublikovano-pismo-ramiza-mehtieva-kak-on-namerevalsya-osushestvit-gosperevorot (բեռնման օրը՝ 05.11.2025).

[11] «Рамиз Мехтиев: Кто заводит на меня уголовное дело? Займитесь своими делами». BAKU.WS, 30.10.2024, https://baku.ws/ru/obschestvo/ramiz-mehtiev-kto-zavodit-na-menya-ugolovnoe-delo-zanimajtes-svoimi-delami (բեռնման օրը՝ 05.11.2025).

[12] «Зачем Алиев назначал свою жену вице-президентом Азербайджана». BBC, 21.02.2017, https://www.bbc.com/russian/features-39042289 (բեռնման օրը՝ 05.11.2025).