Հրապարակում
Իրանա–իսրայելական «12-օրյա պատերազմն» ու Ռուսաստանը
Ирано-израильская «12-дневная война» и Россия
Овян В. Р.
Аннотация
Эта научно-аналитическая статья рассматривает вспыхнувшую в июне 2025 г. Ирано-израильскую «12-дневную войну», анализируя ее военно-политическую динамику и позицию России. Статья констатирует пассивность Москвы в вопросе оказания военной помощи Тегерану, выделяя 5 основных причин: Украинская война, положительная динамика в российско-американских отношениях, ослабление влияния России на Кавказе и Ближнем Востоке, российско-иранское взаимное недоверие и отсутствие стратегических логистических инфраструктур.
В статье представляются противоречивые оценки российских экспертных кругов о результатах войны и обсуждаются те геополитические вызовы и возможности, которые происходят для Армении, как компонента создания новой архитектуры региональной безопасности.
The “Iran-Israeli 12-Day War” and Russia
Hovyan V. R.
Annotation
This scientific-analytical article examines the military-political dynamics and Russia’s position regarding the Iranian-Israeli conflict that occurred in June 2025 (referred to as the «12-day war»). The analysis focuses on Moscow’s passivity in providing military support to Tehran, identifying five primary contributing factors: the ongoing war in Ukraine, positive trends in Russian-American relations, Russia’s diminished influence in the Caucasus and the Middle East, mutual distrust between Russia and Iran, and the lack of necessary strategic logistical infrastructure.
Furthermore, the article presents the contradictory evaluations within Russian expert circles concerning the war’s outcomes. It also discusses the resulting geopolitical challenges and opportunities emerging for Armenia within the context of the evolving regional security architecture.
Վահրամ Ռ. Հովյան[1]
Իրանա–իսրայելական «12-օրյա պատերազմն» ու Ռուսաստանը[2]
Ներածություն
2025 թվականի ամռան միջազգային քաղաքական աշխարհաքաղաքական տեղաշարժերից առանցքայինը Իրան–Իսրայել «12-օրյա պատերազմն» էր, որի հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունը թողնել մինչ օրս։ Քանի որ Իրանը սահմանակից է Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանային տերություն է, ապա այնտեղ և նրա շուրջը տեղի ունեցող ցանկացած նշանակալի գործընթաց իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է թողնում ՀՀ վրա։ Եթե հաշվի առնենք, որ Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից փաստացի շրջափակման պայմաններում Հայաստանի՝ դեպի արտաքին աշխարհ ցամաքային երկու «պատուհաններից» մեկն է, որի միջոցով ՀՀ-ն կապ է հաստատում Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ, ապա Երևանի զգայունակությունը Իրանում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների նկատմամբ ավելի է մեծանում։
Միջազգային ուժի կենտրոններից Հարավային Կովկասին սահմանակից է Ռուսաստանը, որի արտաքին քաղաքականությունը ևս ուղղակի և անուղղակի ազդեցություն է թողնում թե բովանդակ տարածաշրջանի և թե դրա առանձին պետությունների վրա։ Չնայած վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ծագած լուրջ բարդություններին, այդ գերտերությունը շարունակում է մնալ ՀՀ դաշնակիցը։ Համենայն դեպս, երկու երկրների դաշնակցային հարաբերություններն ամրագրող իրավապայմանագրային հիմքերը ոչ ոք չի չեղարկել։ Այսպիսով, բարեկամ ԻԻՀ-ի և դաշնակից ՌԴ-ի փոխհարաբերությունները «12-օրյա պատերազմի» համատեքստում ոչ միայն ակադեմիական և վերլուծական հետաքրքրության առարկա են, այլև ունեն գործնական մեծ նշանակություն ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մշակման և իրականացման տեսանկյունից։
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում ՀՀ հարաբերությունները 12-օրյա հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված կողմերից մեկի՝ ԱՄՆ-ի հետ, գոնե առերևույթ, նկատելի վերելք են ապրում, և մեծանում է Վաշինգտոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ապա խնդրի ուսումնասիրությունը ձեռք է բերում լրացուցիչ այժմեականություն։
Հոդվածը փորձ է քննության ենթարկելու իրանա-իսրայելական «12-օրյա պատերազմի» ռազմաքաղաքական շարժընթացը (դինամիկան), դրա արդյունքները, ՌԴ պետական քաղաքականությունն այդ պատերազմի համատեքստում, ինչպես նաև դիտարկելու ռուսաստանյան փորձագիտական շրջանակների՝ այդ հակամարտությանը տրված գնահատականները։
Իրանա-իսրայելական հակամարտության 2025 թ. հունիսի բռնկումն ու ընթացքը
2025 թ. հունիս 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 3-ի մոտակայքում, Իսրայելը սկսեց «Վեր հառնող առյուծ» անվանումը կրող ռազմական գործողությունն Իրանի դեմ, որը վերաճեց 12-օրյա պատերազմի։ Այս պատերազմում Իսրայելի, ինչպես նաև նրա դաշնակից ԱՄՆ-ի հետապնդած նպատակները կարելի է բաժանել երկու մասին՝ մարտավարական և ռազմավարական։ Մարտավարական նպատակը Թեհրանի միջուկային ծրագրի խափանումն էր, վերջինիս ատոմային զենք ստեղծելու հնարավորությունից զրկումը։ Սա նշանակում էր իրանական միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների ոչնչացում կամ շարքից հանում, ինչպես նաև միջուկային ոլորտի մասնագետների (գիտնականներ, փորձագետներ և այլն) չեզոքացում՝ վերջիններիս կյանքից զրկելու կամ այլ եղանակներով։ Որպես մարտավարական խնդիր կարելի է դիտել նաև Իրանի հրթիռային հնարավորությունների ոչնչացումը կամ դրանց էական սահմանափակումը, քանի որ Թեհրանի պարագայում հրթիռները հանդիսանում են միջուկային զենքի կիրառման ամենաարդյունավետ և նպատակային միջոցը, առանց որոնց զուտ միջուկային մարտագլխիկի առկայությունը դեռ ծանրակշիռ միջոց չի հանդիսանում այն տիրապետող երկրի համար։ Իսկ սա նշանակում էր հարվածներ նաև Իրանի հրթիռային ռազմակայաններին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորական հրամանատարների չեզոքացում՝ սպանության կամ այլ միջոցներով։
Ինչ վերաբերում է ռազմավարական նպատակին, ապա այն, ըստ էության, Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունն էր, ավելի հստակ՝ իսլամական կրոնապետության փոխարինումը աշխարհիկ արևմտամետ վարչակարգով, գուցե անգամ՝ նախկին շահական համակարգի տեսքով։ Թել Ավիվը և Վաշինգտոնն իրենց հաշվարկներում առաջնորդվում են այն տրամաբանությամբ, որ ներկա վարչակարգի պայմաններում Իրանը բոլոր դեպքերում շարունակելու է կյանքի կոչել իր միջուկային ծրագիրը։ Հետևաբար, միայն միջուկային օբյեկտներին և ենթակառուցվածքներին հասցվելիք հարվածներով հնարավոր չէ կանխել Թեհրանի միջուկային ծրագրի իրականացումը, քանի որ դրանից հետո էլ ԻԻՀ-ը կփորձի այլ միջոցներ գտնել իր միջուկային ծրագիրն ավարտին հասցնելու կամ այն նորովի իրականացնելու համար։ Այսպիսով, ռազմավարական առումով խնդիր էր դրված Իրանում ներկայումս իշխող վարչակարգը փոխարինել այնպիսի մի նոր վարչակարգով, որը, եթե նույնիսկ չլինի էլ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, ապա, գոնե, վերջինիս հետ պահպանի ոչ կոնֆլիկտային, բարեդրացիական հարաբերություններ։
Ինչևէ, պատերազմի առաջին օրը հրթիռակոծվեց իրանական Նաթանզի միջուկային կենտրոնը, որի հետևանքով զոհվեց մի քանի գիտնական։ Հարվածներ հասցվեցին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կենտրոնատեղիի վրա, ինչի հետևանքով զոհվեցին կառույցի գլխավոր հրամանատար Հոսեյին Սալամին և ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմեդ Բաղերին։ Իրանը, Իրաքը և Իսրայելը փակեցին իրենց օդային տարածքը։
Հետագա օրերին հարվածները չդադարեցին։ Իսրայելը շարունակում էր ռմբակոծել Իրանի միջուկային ծրագրում ընդգրկված կառույցները, ինչպես նաև Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային ռազմակայանները։ Հարվածներ հասցվեցին նաև մայրաքաղաք Թեհրանին, Սպահան, Թավրիզ, Ղոմ և այլ խոշոր քաղաքներին, որտեղ տեղակայված էր Իրանի հոգևոր և քաղաքական ղեկավարությունը։ Դրանց հետևանքով զոհվեցին կարևոր անձիք, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև միջուկային ոլորտի մասնագետներ։ Թեհրանում և այլուր հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական շենքերին՝ հանգեցնելով մարդկային զոհերի և վիրավորների, այդ թվում՝ կանանց և երեխաների շրջանում։
Ինչպես ցանկացած պատերազմ, իրանա-իսրայելական պատերազմը ևս ուներ տեղեկատվական բաղադրիչ՝ ուղղված ոչ միայն միջազգային հանրությանը, այլև հակառակորդ երկրի հասարակությանը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, բացատրելով Թել Ավիվի նպատակը, հայտարարել էր, որ իրենք աշխատում են վերացնել իրանական սպառնալիքը՝ ի նպաստ Իսրայելի անվտանգության և գոյատևման։ Ըստ նրա՝ ռազմական գործողությունները շարունակվելու էին այնքան ժամանակ, քանի դեռ առկա է այդ սպառնալիքը։ Ապա Բ. Նեթանյահուն կոչ էր արել Իրանի ժողովրդին՝ դուրս գալ սեփական կառավարության դեմ։ Սակայն Իսրայելի վարչապետի այս կոչը անարձագանք մնաց ԻԻՀ հասարակության կողմից։ Այլ կերպ ասած՝ տեղեկատվական այդ գործողությունը տապալվեց[3]։
Ի պատասխան իսրայելական հարձակման՝ Իրանը պատերազմի հենց սկզբից ամենուրեք պարզեց կարմիր դրոշը՝ որպես վրիժառության խորհրդանիշ։ Առաջին օրվա անակնկալից անմիջապես հետո և պատերազմի ողջ ընթացքում Իսլամական Հանրապետությունն էլ ԱԹՍ-ներով ու հրթիռներով փորձում էր հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին՝ թիրախավորելով տարբեր կենտրոններ։ Ըստ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ թեև հարձակումների հետևանքով բազմաթիվ հրամանատարներ և գիտնականներ էին զոհվել, սակայն նրանց փոխարինողներն ու գործընկերները անհապաղ անցել էին իրենց պարտականությունների կատարմանը՝ հաջողությամբ կատարելով իրենց վրա դրված գործառույթները։
Ռազմական գործողությունների սկզբնական փուլում ԱՄՆ-ից հնչեցին հակասական գնահատականներ և մեկնաբանություններ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Թել Ավիվը միակողմանիորեն էր գործողություններ ձեռնարկել, որոնց Վաշինգտոնը չի մասնակցել։ Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն հայտնեց պաշտպանելու Իսրայելին՝ Իրանի պատասխան գործողությունների դեպքում։
Այնուամենայնիվ, հուլիսի 22-ի առավոտյանը Վաշինգտոնն ուղղակիորեն միջամտեց Իրան–Իսրայել պատերազմին։ Վերջին սերնդի ռազմական ինքնաթիռներով հարվածներ հասցվեցին Իրանի միջուկային կենտրոններին, որտեղ իրականացվում էին ուրանի հարստացման և միջուկային էներգիայի ստացմանն ուղղված աշխատանքներ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռակոծեցին Իրանի երեք միջուկային կառույց։ Օդանավերից մեկը «ռումբերով լի բեռ» նետեց լեռան խորքում տեղակայված Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա։ Հարվածներ հասցվեցին նաև Նաթանզի ու Սպահանի կառույցներին։
ԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփը գործողության «հաջող» ավարտից հետո հեռուստատեսային հայտարարություններով սպառնաց Իրանի պատասխանի դեպքում ձեռնարկել ավելի ծանր միջոցառումներ՝ ավելի աղետալի հետևանքներով։ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարեց, որ Վաշինգտոնն ամբողջությամբ պատասխանատու է Իրանի կողմից հավանական որևէ հակաքայլի համար։ Արդյունքում, Իրանն ի պատասխան նվազագույնը 6 բալիստիկ հրթիռ արձակեց Կատարում տեղակայված ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ։ Հրթիռակոծության հետևանքով պայթյուններ լսվեցին մայրաքաղաք Դոհայում։ Բահրեյնում ևս իրանական հարվածները թիրախավորեցին ԱՄՆ 5-րդ նավատորմի կենտրոնական գրասենյակը։ Այդ հարվածներից հետո Սպիտակ տնից հայտնեցին, որ Թրամփի վարչակազմը, թեև սպասում էր Իրանի պատասխան գործողություններին, նոր հարձակումների չի պատրաստվում։
Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը Դ. Թրամփը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ։ Թել Ավիվը հաստատեց դա։ Հրադադարը ձեռք էր բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակումից հետո Իրանը հաղորդագրություն էր ուղարկել Սպիտակ տուն՝ տեղեկացնելով, որ հետագա հարվածներ չեն լինելու։ Ամերիկյան վարչակազմն էլ ի պատասխան հայտարարել էր, որ չի նախատեսում պատասխանել իրանական հարձակմանը և պատրաստ է վերսկսել բանակցությունները Թեհրանի հետ։ Այս զարգացումներից հետո շարունակվեցին բանակցությունները Վաշինգտոնի և Թել Ավիվի, ինչպես նաև Դոհայի և Թեհրանի միջև հրադադարի պայմանների և այն սկսելու ժամանակի շուրջ։ Երբ ամեն ինչի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, ԱՄՆ ղեկավարը հայտարարեց զինադադարի մասին։
Ռազմական գործողություններից հետո թե՛ Իրանում և թե՛ Իսրայելում գերիշխում էին հաղթական տրամադրությունները։ Երկու երկրներն էլ իրենց էին վերագրում հաղթանակի դափնիները։ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի խոսքերով՝ Իրանի միջուկային կենտրոնների վրա հարձակումները հաջողությամբ էին պսակվել, խափանվել էր միջուկային էներգիա ստանալու այդ երկրի ծրագիրը։ Ավելի ուշ՝ Սպիտակ տանը օգոստոսի 8-ին տեղի ունեցած Թրամփ–Փաշինյան–Ալիև եռակողմ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետներին, հայտարարել էր, որ 12-օրյա ռազմական գործողությունների արդյունքում լիովին ոչնչացվել են ուրանի հարստացման Իրանի ենթակառուցվածքները[4]։ Մինչդեռ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքերով՝ պատերազմում, որն իրենք չեն հրահրել, Թեհրանը հաջողությամբ պաշտպանվել է։ Ընդհանուր առմամբ, Իրանում հաջողություն կամ հաղթանակ է դիտվում այն, որ ամերիկա-իսրայելական կողմը չկարողացավ հասնել այդ երկրում վարչակարգի փոփոխությանը, թեև Վաշինգտոնն ու Թել Ավիվը, չբացառելով այդ սցենարը, այնուամենայնիվ, հրապարակայնորեն նման խնդիր այս փուլում ուղղակիորեն չէին դրել իրենց առջև։
Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Թեհրանը որոշեց դադարեցնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հուլիսի կեսին տեղի ունեցած հեռախոսային հաղորդակցության արդյունքում որոշեցին մինչև օգոստոսի ավարտը պայմանաժամանակ տալ Թեհրանին՝ միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։ Հակառակ պարագայում երեք եվրոպական երկրները նախատեսում էին վերականգնել այն պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ դեռևս 2015 թ. Իրանի հետ կնքված միջուկային գործարքի շնորհիվ։ Եվրոպական երկրները մտադրություն էին արտահայտել բանակցություններ սկսելու Թեհրանի հետ՝ համոզելու վերջինիս խուսափել պատժամիջոցներից, որի համար Իրանը պետք է քայլեր ձեռնարկեր՝ փաստելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Խոսքը, մասնավորապես, երկու հանգամանքի մասին է. ա) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից վերահսկողության վերականգնում և բ) մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի դուրս բերում երկրից։
Ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանը մի պահ վերականգնեց համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ թույլ տալով վերջինիս մասնագետներին այցելել իր միջուկային օբյեկտներ։ Ավելի ուշ, սակայն, տարաձայնությունների խորացումը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ այն պատժամիջոցների վերականգնումը, որոնք չեղարկվել էին 2015 թ. միջուկային գործարքի արդյունքում, հանգեցրեց այդ համագործակցության վերստին դադարեցմանը։
Ինչ վերաբերում է մոտ 400 կգ հարստացված ուրանին, ապա առաջ անցնելով ասենք, որ ՌԴ-ն այս հարցում առաջարկում է իր ծառայությունները։ Խոսքը հարստացված ուրանի ապահարստացման մասին է, որի տեխնոլոգիաները, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ունի Մոսկվան։ Սակայն այս հարցում ևս մինչ օրս համաձայնություն չկա։ Իրանը չի ցանկանում հրաժարվել հարստացված ուրանի իր պաշարից։ Եվ չնայած Թեհրանի հետ վերջնական խաղաղության հասնելու նախագահ Դ. Թրամփի լավատեսական հայտարարություններին, մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի հարցի շուրջ տարաձայնությունները, փաստորեն, պահպանվում են և խորանալու միտում դրսևորում։
Այսպիսով, Իրանի իշխանությունների տրամադրության ներքո հարստացված ուրանի առկայության փաստը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնն ու Թել Ավիվը լիովին չեն կարողացել լուծել 12-օրյա պատերազմում իրենց առջև դրված մարտավարական խնդիրը՝ Իրանի միջուկազերծումը։ Այս հանգամանքը, ինչպես նաև Իրանում վարչակարգի փոփոխության հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող նկրտումները հավանական են դարձնում պատերազմի նոր փուլը կամ նոր ռազմական գործողությունների բռնկումը։
Որպես Իրանում վարչակարգի փոփոխության ռազմավարական նպատակի այլընտրանք կամ որպես «պլան Բ» է դիտարկվում նաև ներկա վարչակարգի շրջանակներում կոշտ գծի կողմնակից պահպանողականների թևի փոխարինումը բարեփոխիչների թևով։ Սակայն սա հաջորդ նախագահական ընտրություններում ներքաղաքական պայքարի հարց է, որտեղ արտաքին ուժերը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Իսրայելի և եվրոպական երկրների, կաջակցեն բարեփոխիչներին՝ գուցե նաև ռազմական միջամտության ճանապարհով։
Բոլոր դեպքերում, ԻԻՀ Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին համարվում է պահպանողականների թևի առաջնորդ։ Ուստի պատահական չէ, որ 12-օրյա պատերազմի օրերին Իսրայելն ու ԱՄՆ-ն սպառնում էին թիրախավորել անձամբ նրան։ Քանի որ ներկայումս էլ Իրան-ԱՄՆ, ինչպես նաև Իրան–Իսրայել հակասությունների թնջուկը պահպանվում է, ապա կարելի է ենթադրել, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը շարունակում է մնալ հակառակորդ պետությունների թիրախում։
ՌԴ դիրքորոշումը հակամարտության նկատմամբ
Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ երկրներից են։ Հետևաբար, նրանց հետ հարաբերությունները չեն կարող երկրորդական նշանակություն ունենալ միջազգային ուժային կենտրոնների, այդ թվում՝ ՌԴ-ի համար։ Թե ինչ կարևորություն ունեն Թեհրանի հետ ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի համար, արծարծվել է մեր՝ 2024 թ. դեկտեմբերին ԱՌՎԱԿ կենտրոնի համար պատրաստած «Ռուս-իրանական հարաբերությունները և Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածում։ Կրկնությունից խուսափելու համար այստեղ բավարարվում ենք համապատասխան հղմամբ[5]։ Այնուամենայնիվ, հիշատակենք նաև մի քանի գործոն.
- Թե Ռուսաստանը և թե Իրանը գտնվում են արևմտյան խիստ պատժամիջոցների ներքո, ինչը միավորիչ հանգամանք է երկու տերության համար էլ։ Թեհրանն ու Մոսկվան հաճախ համատեղ են պայքարում այդ պատժամիջոցների դեմ, միասնաբար են փորձում գտնել դրանք հաղթահարելու կամ շրջանցելու միջոցներ։ Առհասարակ, ընդհանուր թշնամու առկայությունը լուրջ կռվան է անգամ համատեղ շահեր չունեցող երկրների համագործակցության համար։
- Մոսկվային և Թեհրանին միավորում է նաև Արևմուտ–Արևելք հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության ձգտումը՝ ընդդեմ արևմտյան վերահսկողության։ Նկատի ունենալով մեր օրերում հաղորդակցության ուղիների աշխարհաքաղաքական նշանակությունը՝ կարելի է պնդել, որ սա ռազմավարական հարց է երկու տերությունների համար էլ։
- Իրանը Ռուսաստանի համար կարևոր է նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայի մատակարարումների ապահովման տեսանկյունից։ Նկատի ունենալով ռուս-վրացական հարաբերությունների ոչ միանշանակ բնույթը, չնայած վերջին շրջանում նկատվող դրական միտումներին, կարելի է ասել, որ հայ-իրանական սահմանը միակ հուսալի երաշխիքն է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի մատակարարումներն իրականցնելու համար։
- Վերջապես, Իրանը հանդես է գալիս որպես հակակշիռ թուրքական ազդեցությանը Միջին Ասիայում։ Այս հանգամանքը կարևորվում է, հատկապես, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Որքան երկարաձգվում է ուկրաինական պատերազմը, այնքան թուլանում է Մոսկվայի ազդեցությունը այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը։ Մխրճված լինելով Ուկրաինայի հետ պատերազմի հորձանուտում, Ռուսաստանն իր հիմնական ռեսուրսներն ստիպված է ուղղել դեպի այդ ճակատ, ինչի հետևանքով չի կարողանում լրջորեն ուշադրություն դարձնել այլ տարածաշրջաններին։ Այս պարագայում, բնական է, ՌԴ-ի ավանդական մրցակից Թուրքիան չի հապաղելու իրենով լրացնելու թուլացող ռուսական ազդեցությունը[6]։ Հետևաբար, իրանական գործոնը կարևոր է Մոսկվայի համար գոնե առժամանակ հակակշռելու թուրքական ազդեցությանը մինչև Ռուսաստանը կրկին կկարողա գործուն քաղաքականության վերադառնալ հիշյալ տարածաշրջաններում։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինս իր տեխնոլոգիական զարգացման աստիճանով, հետխորհրդային շրջանում ռուսալեզու հրեաների մեծաքանակ ներգաղթով և այլ գործոնների բերումով նույնպես հետաքրքրություն է ներկայացնում ՌԴ-ի համար։ Սակայն 2023 թ. հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի բռնկման լույսի ներքո ռուս-իսրայելական քաղաքական հարաբերությունները ներկայումս գտնվում են խիստ ցածր մակարդակի վրա՝ խորքային տարաձայնությունների պատճառով։ Մոսկվան, իհարկե, դատապարտել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը 2023 թ. հոկտեմբերի 7-ին, սակայն Թել Ավիվի պատասխան գործողությունները համարում է «հավաքական պատիժ» Պաղեստինի ժողովրդի համար, ինչն անընդունելի է։ ՌԴ-ն, միաժամանակ, անընդունելի է համարում նաև Իսրայելի կողմից գրավված տարածքներում հրեական բնակավայրերի հիմնումը։ Վերջապես, Մոսկվան Պաղեստինյան խնդիրը «Երկու պետություն» բանաձևի միջոցով լուծելու ջատագով է, ինչին գոնե ներկա հանգրվանում դեմ է Իսրայելը։
Պաշտոնական Մոսկվան ի սկզբանե դատապարտեց Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակումը և իր լիարժեք աջակցությունը հայտնեց Թեհրանին։ Ըստ Ռուսաստանի՝ ստեղծված իրավիճակը լարվածության վտանգավոր աճ էր Մերձավոր Արևելքում։ Իրանի դեմ տեղի ունեցածը ինքնիշխան պետության դեմ չհիմնավորված ագրեսիա էր, ՄԱԿ-ի Կանոնադրության[7] և միջազգային իրավունքի նորմերի խախտում։
Ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ երկու հայտարարությամբ[8], որոնցում խստորեն դատապարտում էր իսրայելական գործողությունները՝ դրանք համարելով հանցավոր և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար աղետալի հետևանքներով հղի արկածախնդրություն։ Միջուկային զենքի չտարածման մտահոգությունները ՌԴ ԱԳՆ-ն այդ համատեքստում համարում էր թվացյալ, իսկ ռազմական հարձակումը դրանցով արդարացնելու փորձերը՝ բացահայտ ցինիզմ։
Մոսկվան կարևորում էր այն, որ 2025 թ. հունիսի 13-ի դրությամբ, երբ առաջին հարվածներն հասցվեցին Իրանին, Օմանի միջնորդությամբ ընթանում էր Վաշինգտոն–Անկարա աշխույժ, թեև ոչ դյուրին, բանակցային գործընթաց։ Հունիս 15-ին նշանակված էր բովանդակային երկխոսության հերթական փուլը, որին Թեհրանը պատրաստել էր խնդրի հանգուցալուծմանը միտված մի շարք առաջարկություններ։ Միաժամանակ, ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի նստաշրջանում աշխուժորեն քննարկվում էին իրանական միջուկային գործարքին առնչվող հարցեր։ Մինչդեռ իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ի դերև ելան մեծ ջանքերի շնորհիվ նախաձեռնված բազմակողմ աշխատանքները՝ կոչված առճակատման մեղմմանը և իրանական «խաղաղ ատոմի» նկատմամբ կասկածների փարատմանը[9]։ Մոսկվայի գնահատմամբ՝ Թել Ավիվը գիտակցված ընտրություն էր կատարել հօգուտ լարվածության աճի։
Ռուսաստանի համար կտրականապես անթույլատրելի էին իսրայելական հարձակումները ԻԻՀ «խաղաղ ատոմային օբյեկտների վրա»։ Դրանք, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովայի, անօրինական էին միջազգային իրավունքի տեսանկյունից, ստեղծում էին անընդունելի սպառնալիքներ միջազգային անվտանգության համար և տանում աշխարհը դեպի միջուկային աղետ[10]։ Մոսկվային հատկապես մտահոգում էր «Բուշհեր» ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը, որի աշխատանքներում ներգրավված են ռուս մասնագետներ։ Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը կոչ էր անում Թել Ավիվին անհապաղ դադարեցնել հարձակումները ԱԷՄԳ-ի վերահսկողության և երաշխավորության ներքո գտնվող միջուկային կառույցների վրա։
Աշխարհի տարբեր երկրների կոշտ և դատապարտող արձագանքը Իրանի տարածքին, այդ թվում՝ միջուկային էներգիայի ենթակառուցվածքներին, Իսրայելի կողմից հասցված հարվածներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2025 թ. հունիսի 13-ի արտակարգ նիստի և ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի 2025 թ. հունիս 16-ի հատուկ նստաշրջանի արդյունքները Մոսկվան համարում էր միջազգային հանրության կողմից Թել Ավիվի ագրեսիվ և կործանարար քաղաքականության մերժում։
Ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրը ՌԴ նախագահ Վ. Պուտինը հեռախոսազրույցներ[11] է ունեցել Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի և ԻԻՀ նախագահ Մ. Փեզեշքիանի հետ։ Հաջորդ օրը ՌԴ ղեկավարը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի հետ[12]։ Այնուհետև հեռախոսային հաղորդակցություն է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի[13] և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մ. Բեն Զաիդ Ալ Նահայանի[14] հետ։
ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն էլ իր հերթին հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի[15], Թուրքիայի[16], Եգիպտոսի[17] և Օմանի[18] իր գործընկերներ, համապատասխանաբար՝ Աբբաս Արաղչիի, Հաքան Ֆիդանի, Բադր Աբդելաթիի, Բադր Բեն Համադ Ալ-Բուսաիդիի հետ։ Ստեղծված ճգնաժամին Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովի[19] հետ հեռախոսազրույցի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգինոյի[20] հետ բանակցությունների ընթացքում։ Հիշյալ դիվանագիտական ջանքերի նպատակը պատերազմի դադարեցումն էր և կողմերին բանակցային սեղան վերադարձնելը։
ՌԴ-ն սատարում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված տարաձայնությունների հաղթահարմանը՝ միջազգային իրավունքի, հավասար և անբաժանելի անվտանգության, ինչպես նաև ազգային շահերը փոխադարձաբար հարգելու և հավասարակշռելու սկզբունքների հիման վրա։ Միաժամանակ, Մոսկվան ամեն կերպ ձգտում էր ետ պահել ԱՄՆ-ին հակամարտությանը ռազմական միջամտության գաղափարից։ Դա, ՌԴ գնահատմամաբ, կլիներ ծայրահեղ վտանգավոր քայլ՝ անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Սակայն ռուսական այս հորդորները, ինչպես կյանքը ցույց տվեց, չկանխեցին Վաշինգտոնի անմիջական ներգրավվումը ռազմական գործողություններին։
Մոսկվան բարձր էր գնահատում իրանական կողմի հայտարարությունները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով[21] ստանձնած պարտավորություններին իր անխախտ հավատարմության և իսրայելական հարձակումների դադարեցման դեպքում Վաշինգտոնի հետ հաղորդակցության վերսկսման պատրաստակամության մասին՝ համարելով, որ հակասությունների հաղթահարումը կարող է տեղի ունենալ միայն դիվանագիտական ճանապարհով։
Այնուամենայնիվ, ՌԴ-ի աջակցությունը ԻԻՀ-ին սահմանափակվեց միայն քաղաքական-դիվանագիտական և տեղեկատվական-քարոզչական հարթություններով։ Ռազմական աջակցություն տեղի չունեցավ։ Համենայն դեպս, բաց աղբյուրներում այդ մասին որևէ տեղեկատվություն չկա։ Թե ինչո՞ւ Ռուսաստանը ռազմական աջակցություն չցուցաբերեց Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատերազմում հարցին միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը[22]։ Վերջինս դա հիմնավորել է 3 փաստարկով. ա) Իրանական կողմից նման օգնության խնդրանք չի եղել, այսինքն՝ Թեհրանն այդ հարցով չի դիմել Մոսկվային, բ) 2025 թ. ստորագրված ռուս-իրանական հռչակագիրը չի պարունակում ռազմավարական գործընկերության մասին պարտավորություններ կողմերի համար, գ) ժամանակին Մոսկվան առաջարկել է Թեհրանին ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, սակայն վերջինս մեծ ոգևորություն չի ցուցաբերել այդ գաղափարի նկատմամբ։
Իրանին ռազմական աջակցությունից Ռուսաստանի զերծ մնալը, բացի վերոհիշյալ երեք փաստարկներից, կարելի է բացատրել ևս մի քանի գործոնով։ Առաջինը՝ ՌԴ-ի մխրճվածությունն է ուկրաինական պատերազմի հորձանուտի մեջ, ինչը ենթադրում է, որ այդ երկիրն ինքն ունի թե զորքերի մեծ թվաքանակի և թե սպառազինությունների ապահովման խնդիր։ Ապացույցը Հյուսիսային Կորեայից ավելի քան 10 հազարանոց զորակազմի մասնակցությունն էր Կուրսկի հատվածում ընթացող մարտերին, ինչի համար պաշտոնական Մոսկվան առիթը բաց չի թողնում երախտագիտություն հայտնելու Փհենյանին[23]։ Նման պայմաններում պատերազմի երկրորդ ճակատի բացումը խիստ անցանկալի է ՌԴ-ի համար՝ հատկապես ԱՄՆ-ի պես հզոր հակառակորդի դեմ։
Երկրորդ գործոնը Դ. Թրամփի նախագահ վերընտրվելուց հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող որոշակի դրական դինամիկան է[24]։ Արևմուտքի հետ բարդ հակամարտության մեջ և ծանր պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանի համար ցանկալի չէր այդ հարաբերությունների խաթարումը։ Ուստի, Մոսկվան ձգտում էր և հետայսու էլ ձգտելու է հնարավորինս խուսափել նման սցենարից։ Թերևս այս հանգամանքն էլ որոշակի դեր է խաղացել ամերիկա-իսրայելական կողմի համար Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում։
Երրորդ գործոնը Արցախի անկմամբ և Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալմամբ պայմանավորված ՌԴ-ի դիրքերի թուլացումն էր Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Իսկ վերջիններս այն տարածաշրջաններն են, որտեղից Ռուսաստանը կարող էր ռազմական աջակցություն ցուցաբերել Իրանին։ Հընթացս նշենք նաև, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը, զգալիորեն խաթարելով շիական կիսալուսինը, հանգեցրեց նաև Իրանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում՝ մեծացնելով վերջինիս դեմ անմիջական ռազմական հարձակման վտանգը։
Չորրորդ գործոնն այն էր, որ Արցախի անկումը և Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև ռուս-իրանական գործընկերության խորացման վրա՝ դառնալով որոշակի փոխադարձ անվստահության պատճառ[25]։ Թեհրանի կողմից ռուս-իրանական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումից հրաժարումը, ինչի մասին խոսեց ՌԴ նախագահ Վ. Պուտինը միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, դրա ապացույցն է։ Եթե 2022 թ. սեպտեմբերյան երկօրյա հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը չգործարկվեց, ապա ի՞նչ երաշխիք, որ կգործարկվեր ռուս-իրանական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը։ Միանշանակ պնդում, իհարկե, չենք կարող անել։ Այնուամենայնիվ, որպես վարկած հնչենցնենք հետևյալ հարցը՝ գուցե՞ ժամանակին հայ-ռուսական ՀՕՊ համակարգի անգործունակությունն է զգուշավորություն հաղորդել իրանական կողմին՝ Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման գործում։
Բոլոր դեպքերում թե ՌԴ-ն, թե ԻԻՀ-ը ճակատագրական սխալ թույլ տվեցին Արցախյան հարցում և այսօր քաղում են իրենց այդ քաղաքականության պտուղները։ Ռուսաստանը՝ Ուկրաինայում, իսկ Իրանը՝ իր իսկ տարածքում։ Ուկրաինական պատերազմի և Արցախյան 44-օրյա պատերազմի կապի մասին վերլուծությունը դուրս է սույն աշխատանքի նյութից։ Ուստի, դրան կարելի է անդրադառնալ մեկ այլ առիթով[26]։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարելի է փաստել հետևյալը. քանի կար Արցախը, որևէ երկիր (ոչ Իսրայելը, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ պետություն) չէր պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Փոխադարձ սպառնալիքներ, տեղեկատվական-քարոզչական պատերազմ միշտ էլ եղել են, սակայն գործը պատերազմի երբեք չի հասել։ Ճիշտ է, 2020 թ. հունվարի սկզբին տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ամերիկյան ԱԹՍ-ի հարվածի միջոցով, սակայն դա տեղի ունեցավ Իրանի սահմաններից անդին՝ Իրաքի տարածքում։ Այսինքն՝ բուն Իրանի տարածքի վրա հարձակում չի եղել։ Իսլամական Հանրապետության վրա անմիջական ռազմական հարձակման սպառնալիքը գնալով մեծացավ նախ 44-օրյա պատերազմից հետո, ապա՝ Արցախի հայաթափումից (2023), 2024 թ. ապրիլյան իրադարձություններից[27], նույն թվականի հոկտեմբերյան դեպքերից[28] հետո և, ի վերջո, իրական դարձավ 2025 թ. ամռանը՝ հունիսի 12-24-ը ընկած ժամանակահատվածում։ Պատահականությո՞ւն էր դա, արդյոք։ Կարծում ենք՝ ամենևին ոչ։ Արցախի անկումը և ադրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցության խորացումը թուլացրեց Իրանի դիրքերը տարածաշրջանում՝ հնարավոր դարձնելով ուղիղ արտաքին ռազմական հարձակումը վերջինիս վրա։
Միաժամանակ, Արցախի անկումը թե Ռուսաստանի, թե Իրանի համար էապես նվազեցրեց նաև Ադրբեջանի վրա ազդեցության հնարավորությունները՝ սկսած «փափուկ ուժից» ընդհուպ մինչև այդ երկրի ազգային փոքրամասնությունների (լեզգիներ, թալիշներ, թաթեր և այլն) հետ տարվող աշխատանք և անգամ ռազմական միջամտություն։ Դրա վկայությունն է թեկուզ այն, որ Ադրբեջանում գնալով մեծանում է Թուրքիայի ռազմական ներկայությունը։ Նախքան 44-օրյա պատերազմը Նախիջևանում արդեն իսկ տեղակայված էր թուրքական զինուժ։ Իսկ դրանից հետո պարբերաբար շրջանառության մեջ է դրվում խոսույթ նաև «մայրցամաքային» Ադրբեջանում՝ ՌԴ-ի և ԻԻՀ-ի սահմաններին մոտ, թուրքական ռազմաբազաներ հիմնելու մասին։ Սա ոչ միայն թուլացնում է Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա, այլև ուղղակի անվտանգային սպառնալիք է վերջիններիս համար։ Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա այդ երկրի ռազմաբազաների հիմնումը Ադրբեջանում կնշանակի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զինուժն է հայտնվում Ռուսաստանի և Իրանի անմիջական հարևանությամբ։
Արցախի անկումից հետո Բաքվի ստացած «ձեռքերի ազատության» ևս մեկ դրսևորում են Կասպից ծովին լճի կարգավիճակ տալու նրա նկրտումները։ Նման սցենարի իրականացման դեպքում Ադրբեջանը ավելի մեծ չափաբաժին կստանա կասպյան էներգետիկ պաշարներից՝ ի հաշիվ մյուս երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի և ԻԻՀ-ի։
Այս ամենը նվազեցնում է նաև Արևելք–Արևմուտք հաղորդակցության ուղիների նկատմամբ Ռուսաստանի և Իրանի վերահսկողության հնարավորությունները։ Դրա վկայություններից են Բաքվի և Անկարայի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ չդադարող շահարկումները, ինչպես նաև 2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի միջնորդությամբ և վկայությամբ ստորագրված Հայ-ադրբեջանական խաղաղության հռչակագիրը, որով, ըստ էության, Մոսկվան ու Թեհրանը դուրս են մնում ապագայում «Միջին միջանցքի» մաս կազմելիք «Թրամփի ուղի» նախագծից։ Իսկ «Միջին միջանցքը» Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային մեծ ենթակառուցվածք է։
Ընդհանուր առմամբ, ռուս-իրանական ռազմաքաղաքական դաշինքի կայացման համար էական խոչընդոտ են հանդիսանում նաև երկկողմ թույլ տնտեսական կապերը։ Չնայած վերջին շրջանում ձեռնարկված միջոցառումներին, ինչպիսիք են Իրանի լիիրավ անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին, Իրան–ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը և այլն, ռուս-իրանական տնտեսական համագործակցության մակարդակը դեռևս բավական ցածր է և չի համապատասխանում ոչ երկու երկրների տնտեսական ներուժին և ոչ էլ քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Չկան նաև երկու երկրները միմյանց տնտեսապես կապող ռազմավարական լոգիստիկ ենթակառուցվածքներ։ Կան որոշ գաղափարներ և նախագծեր այդ ուղղությամբ, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել։
Այդպիսի ամենանշանակալի նախագիծը «Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքն»[29] է, որը երկաթուղու միջոցով Ադրբեջանի տարածքով պետք է ապահովի Իրան–Ռուսաստան ցամաքային կապը։ Սակայն այդ նախագիծը դեռևս իրականացման փուլում է, չնայած առաջ է քաշվել տասնամյակներ առաջ։ Հաշվի առնելով, որ մեր ժամանակներում լոգիստիկ ենթակառուցվածքներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, և որոշ գնահատականների համաձայն՝ նույնիսկ աշխարհի քաղաքական քարտեզը կարելի է գծել ըստ այդ ենթակառուցվածքների[30], քանի որ դրանց շուրջ են ձևավորվում նաև ռազմաքաղաքական դաշինքները, կարելի է ասել, որ Ռուսաստանն ու Իրանը միմյանց տնտեսապես կապող ռազմավարական ենթակառուցվածքների բացակայությունը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների կայացմանը։ Սա կարելի է դիտել ևս մեկ գործոն՝ հինգերորդը, որով բացատրվում է, թե ինչու Ռուսաստանը զերծ մնաց Իրանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց։
ՌԴ փորձագիտական շրջանակների գնահատականները
Ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ ռուս փորձագետների գնահատականները առավելապես կենտրոնանում են այն հարցի վրա, թե ո՞վ հաղթեց Իրան–Իսրայել «12-օրյա պատերազմում» և, հետևաբար, որ կողմի համար է ավելի նպաստավոր իրավիճակ ստեղծվել։ Այդ հարցում կարծիքները առաջին հայացքից աչքի են ընկնում բազմազանությամբ[31]։ Որոշ գնահատականների համաձայն՝ հաղթել են բոլոր կողմերը, որոշ փորձագետներ էլ պնդում են հակառակը՝ բոլոր կողմերը պարտվածի կարգավիճակում են։ Որոշ փորձագիտական գնահատականներ հաղթանակը վերագրում են Իրանին, որոշներն էլ՝ Իսրայելին։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ «հաղթել են բոլորը» և «պարտվել են բոլորը» գնահատականները միևնույն մեդալի երկու կողմերն են։ Եթե բոլորը հաղթել են, ապա, ըստ էության, բոլորն էլ պարտվել են, և հակառակը։
Պլեխանովի անվ. Ռուսական տնտեսագիտական համալսարանի Քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևի կարծիքով՝ մերձավորարևելյան հակամարտությունում հաղթանակ են տոնել բոլոր կողմերը՝ և ԱՄՆ-ը, և Իսրայելը, և Իրանը[32]։ Իսրայելը կարող է հաղթանակ համարել Իրանին հասցված վնասը, ԱՄՆ-ը՝ Թեհրանի միջուկային ծրագրի խափանումը, ինչում վստահ են ամերիկացիները, իսկ Իրանը՝ գործող վարչակարգի պահպանումը։
Ըստ փորձագետի՝ երեք պետությունների առաջնորդներն էլ կարողացել են պահպանել դեմքը իրենց ժողովուրդների առաջ, և երեքն էլ իրենց համարում են հաղթող։ Ոչ ոք ոչինչ չի գրավել, դիմակայությունն ընթանում էր բացառապես բարձրտեխնոլոգիական միջոցներով, ուղիղ շփում չի եղել՝ չհաշված խափանարարների (դիվերսանտ) գործողությունները։
«Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը վկայակոչում է հաջողության վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի փաստարկները, ըստ որոնց՝ իրանական կողմը կարողացավ դիմակայել ամենաահեղ հակառակորդին, Իսրայելը լուծեց հարցերը Թեհրանի հետ, որը, իբրև թե, այլևս չունի միջուկային ծրագրեր, իսկ Վաշինգտոնը հաստատեց երկար սպասված խաղաղությունը Մերձավոր Արևելքում[33]։
Ամերիկայի գծով փորձագետ Մալեկ Դուդակովը, մատնացույց անելով Իրանի և Իսրայելի կրած նշանակալի տնտեսական և ենթակառուցվածքային վնասները, ինչպես նաև պառակտումը ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Դ. Թրամփի որոշումից հետո, գտնում է, որ «12-օրյա պատերազմի» արդյունքներով հակամարտող բոլոր կողմերին կարելի է պարտված համարել[34]։ Փորձագետի բառերով՝ ԱՄՆ նախագահի համար Մերձավոր Արևելքում այժմ մեծ գործարք կնքելն ավելի բարդ է, քան մինչև Իրանին հարվարծներ հասցնելը։
Ըստ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսաստանյան կենտրոնի փորձագետ Յուրի Լյամինի՝ Իսրայելի նշանակալի ռազմական հաջողությունը պայմանավորված էր հանկարծակիության գործոնով, ակտիվ խափանարար (դիվերսիոն) գործողություններով, հետախուզական հնարավորությունների քանակական և որակական առավելությամբ և ռազմաօդային ուժերի հզորությամբ[35]։ Այնուամենայնիվ, փորձագետը Իսրայելի հաղթանակը կատարյալ չի համարում, քանի որ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը լիովին ոչնչացված չեն և կարող են վերականգնվել։ Այս տեսակետը կիսում է նաև ռազմական փորձագետ Ալեքսեյ Անպիլոգովը, ում խոսքերով՝ եթե 6-օրյա պատերազմից Իսրայելը դուրս եկավ որպես անվիճելի հաղթող, ապա այս դեպքում հրեական պետության օդային բլիցկրիգը (կայծակնային պատերազմ – Վ. Հ.), թեև հաջողվեց, սակայն չհանգեցրեց նշանակալի արդյունքների[36]։
Յու. Լյամինը մատնացույց է անում, որ Իրանն առաջվա պես ունի հարյուրավոր հրթիռներ, որոնք ունակ են հասնելու մինչև Իսրայել։ Փորձագետի տպավորությամբ՝ նվազել է իսրայելական ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը իրանական հրթիռները որսալու հարցում, ինչի հնարավոր պատճառ է նա համարում ռազմամթերքի (հակահրթիռների) պաշարների նվազումը։ Պատերազմի ժամանակ Իսրայելում տեղակայված ամերիկյան ՀՕՊ համակարգը, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը գործուն կերպով աջակցել են Իսրայելին հետ մղելու իրանական գրոհները[37]։
Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ, քաղաքագետ Ալեքսեյ Մակարինը մասնակի հաղթանակ է որակում Իսրայելի գործողությունները։ Ըստ փորձագետի՝ Իրանի միջուկային ծրագրի կյանքի կոչումը ծայրահեղ բարդացել է։ Հիմնական օբյեկտները բերվել են անաշխատունակ վիճակի, սպանվել են ինչպես շատ ռազմական հրամանատարներ, այնպես էլ միջուկային ծրագրի իրականացմամբ զբաղվող առանցքային գիտնականները։ Փորձագետը, մատնացույց անելով իսրայելական հատուկ ծառայությունների խափանարարությունները (դիվեսիա), որոնք հակամարտության սկզբում նշանակալի վնաս են հասցրել իրանական հակաօդային պաշտպանությանը, գտնում է, որ ներկայումս Իրանից պահանջվում է ՀՕՊ-ի և մարտական ավիացիայի էական ուժեղացում։ Սակայն, ըստ նրա՝ պատժամիջոցները և սահմանափակ ռեսուրսները դա թույլ չեն տալիս։ Իրանը ստիպված է վերականգնել հակաօդային պաշտպանության համակարգը տնտեսությունում առկա բարդագույն խնդիրների և նավթի գների նվազման պայմաններում[38]։
Փորձագետի գնահատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնամյակներով կառուցած «Դիմադրության առանցքը» փլուզվել է։ Եթե նախկինում առաջնագծում էին Լիբանանի շիաները և Սիրիայի ալավիները, ապա այժմ հարվածն ուղղակիորեն ստացել է բուն Իրանը։ Քաղաքականապես և ռազմական առումով թուլացած «Հեզբոլլահը» նախընտրեց դիտորդի դերը՝ աջակցություն չցուցաբերելով Իրանին այն ժամանակ, երբ դա առավել կարևոր էր վերջինիս համար։
Այստեղ նկատենք, որ առավելապես ցամաքային մարտերի գծով մասնագիտացած «Հեզբոլլահը», ինչպես նաև մյուս կիսառազմականացված կառույցները իրականում չէին կարող աջակցություն ցույց տալ Իրանին 12-օրյա պատերազմի օրերին, քանի որ վերջինս կրում էր հեռավար-օդային բնյութ։
Միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, ազգությամբ հրեա Սայմոն Ցիպիսի կարծիքով՝ Նեթանյահուի կառավարությանը չի հաջողվել հասնել «Վեր հառնող առյուծ» գործողության հռչակված նպատակներին, քանի որ Իրանի միջուկային ծրագիրը, ըստ փորձագետի, չի ոչնչացվել, վարչակարգն էլ՝ տապալված չէ։ Իսրայելը պարտված է, քանի որ հայտնվել է մի իրավիճակում, երբ Վաշինգտոնը երկրորդ անգամ չի գա օգնության։
Փորձագետի խոսքերով՝ Իսրայելում պատրաստ չեն հաշտվել պարտության մտքի հետ, սակայն հրեական պետությունը չի կարող շտկել իրավիճակը՝ նոր հարվածներ հասցնելով Իրանին։ Իսրայելի իշխանությունները հայտնվել են թակարդում։ Նրանց գործերը վատ են և իրադարձությունները կարող են զարգանալ նրանց հրաժարականի սցենարով[39]։
Ցիպիսը պատահականություն չի համարում հրադադարի հաստատումը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենախոշոր ռազմակայանին Իրանի հասցրած հարվածից հետո։ «Լավ լուր հաղթանակի մասին գործողությունը», փորձագետի գնահատմամբ, թույլ տվեց Իրանի իշխանություններին «պահպանել դեմքը» և հակամարտությունից դուրս գալ ուժի դիրքերից։
Ինչպես երևում է, հնչած գնահատականները հիմնականում սուբյեկտիվ ընկալումներ են։ Միևնույն երևույթը մի փորձագետի կողմից դիտվում է որպես հաղթանակ, մյուսի կողմից՝ պարտություն։
Եզրակացություններ
Մարտահրավերներ
- Իրանի ռազմական և քաղաքական թուլացումը կարող է լրացուցիչ կերպով գրգռել ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» հարցով Բաքվի և Անկարայի ախորժակը։ Այստեղ հարկ է հաշվի առնել նաև բարդ իրավիճակում հայտնված Թեհրանի որոշակի կախվածությունը Անկարայից։ Պատերազմի օրերին Թուրքիան, գոնե առերևույթ, իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Իրանին։ Իսկ Անկարան, ինչպես նաև Բաքուն, այն սուբյեկտներն են, որոնք երբեք «էժան չեն վաճառում» իրենց բարեկամությունը որևէ մեկին։ Ուստի, Թեհրանին ցուցաբերած իր դիվանագիտական և քաղաքական աջակցության դիմաց Անկարան կարող է նրանից ակնկալել որոշակի զիջում «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
- Իրանի հնարավոր մասնատման պարագայում հայ-իրանական սահմանի հնարավոր կորուստը կխորացնի Հայաստանի էթնիկ-քաղաքական շրջափակվածությունը թյուրքական աշխարհով, քանի որ ՀՀ-ին սահմանակից ԻԻՀ հյուսիսային հատվածը գերակշիռ մեծամասնությամբ թյուրքաբնակ է։ Նման սցենարի դեպքում Սյունիքն էլ կկորցնի իր աշխարհառազմավարական դերը Հայաստանի, ինչպես նաև միջազգային դերակատարների համար։ Հաշվի առնելով, որ Վրաստանի հարավային շրջաններն էլ գերակշռաբար թյուրքաբնակ են, հիշյալ սցենարի իրականացման դեպքում ՀՀ-ի համար որպես ցամաքային պատուհան դեպի արտաքին աշխարհ կմնա միայն ՀՀ հյուսիս-արևմտյան սահմանին կից Ջավախքի փոքրիկ հատվածը։ Սա, գոյաբանական մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի համար, հընթացս կնվազեցնի վերջինիս միջազգային դերն ու նշանակությունը։
- Հայաստանի հետ ԻԻՀ սահմանի հնարավոր կորուստը նաև լրջորեն կասկածի տակ կդնի ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մատակարարումների հարցը։
- Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից առաջացած ռադիոակտիվ ճառագայթման ալիքը կարող է հասնել նաև ՀՀ՝ իր հետ բերելով նաև երկարաժամկետ բնապահպանական և առողջապահական հետևանքներ։
- Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է խաթարել հայ-իրանական տնտեսական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին լուրջ վերելք են ապրում։ Առևտրաշրջանառությունը մոտենում է $1 մլրդ-ի, ինչը պատմական մրցանիշ (ռեկորդ) է երկկողմ տնտեսական հարաբերություններում։
- Քանի որ Իրանը տարանցիկ երկիր է ՀՀ համար դեպի Մերձավոր Արևելք, Պարսից ծոց և Հնդկաստան, ապա այդ երկրում ծագած անկայունությունը՝ հրահրված թե ներքին և թե արտաքին գործոններով, կարող է վնաս հասցնել նաև մերձավորարևելյան և Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերին։
- Իրանում և նրա շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, անկայունության նոր դրսևորումները կարող են դեպի Հայաստան փախստականների մեծ հոսքի պատճառ դառնալ, ինչը ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ կստեղծի վերջինիս համար։
- Իրանի ապակայունացումը կարող է հանգեցնել նաև Մերձավոր Արևելքի ամենաավանդական և ամենախոշոր համայնքներից մեկի՝ իրանահայ համայնքի քայքայմանը կամ խիստ թուլացմանը, ինչը տեղի ունեցավ սիրիահայ համայնքի պարագայում։ Պետք է ասել, որ իրանահայ համայնքը տարածաշրջանի այլ երկրների հայ համայնքների նման առանց այդ էլ բավականին նոսրացել է վերջին տասնամյակներին։ «12-օրյա պատերազմի» հնարավոր երկարաձգումը, վերածումը ցամաքային պատերազմի կամ հնարավոր նոր ռազմական ճգնաժամը մահացու հարված կարող էին լինել Սփյուռքի այդ կարևոր գաղթօջախի համար։
- Քանի որ Իրանում առկա է նաև հայկական հսկայական պատմամշակութային ժառանգություն՝ վանքեր, եկեղեցիներ, ձեռագիր մատյաններ, հինավուրց դպրոցներ, ճարտարապետական այլ հուշարձաններ, ապա այդ երկրում իրավիճակի ապակայունացումը սպառնալիք է նաև ընդհանուր հայկական պատմամշակութային արժեքների պահպանման համար։
Հնարավորություններ
- «12-օրյան պատերազմից» հետո թե ԻԻՀ-ը, թե ՌԴ-ն հնարավոր է դասեր քաղեն Արցախի հարցում ժամանակին իրենց թույլ տված սխալից և որոշակի հայանպաստ սրբագրումներ իրականացնեն իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ։
- «12-օրյա պատերազմը» Իրանի համար որոշակիորեն բացահայտեց նաև Ադրբեջանի «դեմքը»։ Չնայած պաշտոնական Բաքվի վճռական հերքումներին, միջազգային և իրանական մամուլում շարունակում են համառ լուրեր պտտվել առ այն, որ պատերազմի ժամանակ Իրանի վրա հարձակում է տեղի ունեցել նաև Ադրբեջանի տարածքից՝ Իսրայելի ձեռամբ: Այս հանգամանքը հետայսու պետք է որ զգուշավորություն հաղորդի Թեհրանին՝ Ադրբեջանի հետ մերձեցման հարցում։
- Վերոգրյալը վերաբերում է նաև Մոսկվային՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական «դաշնակցային» հարաբերություններում ներկայումս նկատվող «ճաքերը»։ Սակայն դա այլ վերլուծության նյութ է։
- Բաքվի կողմից Հյուսիս–Հարավ (Ռուսաստան–Ադրբեջան–Իրան) միջանցքի տապալման քաղաքականությունը մեծացնում է Հայաստանի հնարավորությունները դառնալու տարանցիկ երկիր Պարսից ծոցը Սև ծովին, իսկ ավելի լայն կտրավածքով՝ Եվրոպան Ասիային կապելու գործում, ինչը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և անվտանագային առավելություններ կտա Երևանին։
- Միաժամանակ, տարածաշրջանային լոգիստիկ ուղիների զարգացումը կմեծացնի դրանցում նաև Չինաստանի ներգրավման հավանականությունը։ Խոսքը, մասնավորապես, Չինաստան–Իրան–Հայաստան–Վրաստան միջանցքի («Հյուսիս–Հարավ» միջանցքի 2-րդ ճյուղ) կյանքի կոչման մասին է։
- Իրանի տևական ապակայունացման դեպքում հայ համայնքի ներկայացուցիչների արտահոսքի հիմնական ուղղություններից մեկն էլ, բնականաբար, լինելու է Հայաստանը, ինչը կարող է վերածվել տարերային հայրենադարձության մի նոր ալիքի՝ նպաստելով Հայաստանի ժողովրդագրական բարդ իրավիճակի մեղմմանը և արտագաղթի հակակշռմանը։ Այդ պարագայում, սակայն, ՀՀ իշխանություններից պահանջվում է հաշվի առնելով տարերային հայրենադարձությունների նախորդ փորձը՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ երկիր ներգաղթած իրանահայերը վերջնականպես հաստատվեն իրենց հայրենիքում, այլ ոչ թե այն դիտեն որպես տարանցիկ երկիր՝ այլ պետություններ արտագաղթելու համար։
Աղբյուրներ և գրականություն
- Դունամալյան Ն., Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դիրքավորումը Արևմուտք-Ռուսաստան առճակատման համատեքստում. շարժառիթներ, սուբյեկտներ և գործոններ: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 23.08.2023, https://arvak.am/ հարավային-կովկասի-աշխարհաքաղաքական/
- Իրանի դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը /Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ/, 07.2025, https://www.youtube. com/watch?v=9NU1XnKe-zI
- Հովհաննիսյան Տ., Հարավային Կովկասը ՌԴ–Արևմուտք հակամարտության համատեքստում: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 18.07.2023, https://arvak.am/ հարավային-կովկասը-ռդ-արեվմուտք-հակա/
- Հովյան Վ., Ռուս-իրանական հարաբերությունները և Հարավային Կովկասը: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 18.12.2024, https://arvak.am/ռդ-իրան-կապերը-և-հարավային-կովկասը/
- Հովյան Վ., Սիրիական խնդրի ներկա հանգրվանը. հիմնական դերակատարների քաղաքականությունը: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն,03.2025, https://arvak.am/սիրիական-խնդրի-ներկա-հանգրվանը/
- Белова Н., Назван победитель в конфликте Ирана и Израиля. ru, 26.06.2025, https://lenta.ru/news/2025/06/26/nazvan-pobeditel-v-konflikte-irana-i-izrailya/
- Брифинг заместителя директора Департамента информации и печати МИД России А. В. Фадеева, Москва, Официальная страница МИД РФ, 08.2025, https://www.mid.ru/ru/ foreign_policy/news/2041388/#13
- Брифинг официального представителя МИД России М. В. Захаровой. Санкт-Петербург, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/ 2028529/#6
- Встреча с руководителями международных информагентств. Официальный сайт Президента РФ, 06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77208
- Гасымов Н., Мишутин Г., Кто победил в ирано-израильском конфликте. ru, 25.06.2025, https://www.vedomosti.ru/politics/articles/2025/06/25/1119812-kto-pobedil-v-irano-izrailskom-konflikte
- Договор о нераспространении ядерного оружия. UN official web-site, https://www.un.org/ ru/documents/decl_conv/conventions/npt.shtml
- Заявление МИД России в связи с израильскими ударами по территории Ирана, Официальная страница МИД РФ, 13.06.2025, https://mid.ru/ru/foreign_policy/news/20 25920/
- Заявление МИД России в связи с эскалацией ирано-израильского конфликта, 17.06.2025, Официальная страница МИД РФ, https://mid.ru/ru/foreign_policy/news/2027588/
- Комментарий помощника Президента России Юрия Ушакова по итогам телефонного разговора Владимира Путина с Президентом США Дональдом Трампом, Официальный сайт Президента РФ, 06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77187
- Кто победил в войне Израиля и Ирана: мнение экспертов. News.Mail.ru, 26.06.2025, https://news.mail.ru/politics/66750306/
- Куликова А., Анпилогов назвал три урока из 12-дневной войны Израиля и Ирана. VZ.ru, 24.06.2025, https://vz.ru/news/2025/6/24/1340731.html
- Куликова А., Израильский эксперт: Нетаньяху хочет продолжать войну с Ираном. VZ.ru, 24.06.2025, https://vz.ru/news/2025/6/24/1340743.html
- Куликова А., Иран и Израиль победили друг друга. ru, 24.06.2025, https://vz.ru/world/ 2025/6/24/1340736.html
- Макаркин А., Кто победил в израильско-иранской войне? 25.06.2025, https://t.me/BuninCo/4674
- О переговорах Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова с Министром иностранных дел Республики Индонезии Сугионо, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/2027488/
- О телефонном разговоре Министра иностранных дел России С. В. Лаврова с Министром иностранных дел и по вопросам эмиграции Египта Б. Абдельати, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/ 2027533/
- О телефонном разговоре Министра иностранных дел России С. В. Лаврова с Министром иностранных дел Исламской Республики Иран А. Аракчи, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2026234/
- О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова с Министром иностранных дел Азербайджанской Республики Д. А. Байрамовым, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/press_service/ telefonnye-razgovory-ministra/2028116/
- О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова с Министром иностранных дел Султаната Оман Б. Бен Хамадом Аль-Бусаиди, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2027953/
- О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова с Министром иностранных дел Турецкой Республики Х. Фиданом, Официальная страница МИД РФ, 06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2026280/
- Совместная пресс-конференция Президента России и Президента США, Официальный сайт Президента РФ, 08.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77793
- Телефонные разговоры с Президентом Ирана Масудом Пезешкианом и Премьер-министром Израиля Биньямином Нетаньяху. Официальный сайт Президента РФ, 06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77181
- Телефонный разговор с Президентом ОАЭ Мухаммедом Аль Нахайяном. Официальный сайт Президента РФ, 06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77201
- Телефонный разговор с Президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, Официальный сайт Президента РФ, 06.2025, http://www.kremlin.ru/events/president/ news/77191
- Тихонов А. Е., Акинфиева А. Э., Попов Д. С., Тасиц К. И., Трансформация международной торговли и её влияние на транспортно-логистические маршруты в Евразии. Проблемы национальной стратегии, № 3, 2025, сс. 12-53.
- Karadeniz R. F., From Border Walls to Corridors: An Analysis of Connectivity in a Changing Multilateral World Order. Perceptions, № 2, 2024, pp. 8-27.
- LIVE: Trump meets with Armenian, Azerbaijani leaders on new peace deal. 08.08.2025, https://www.youtube.com/watch?v=9Po1W0CPNhI
- United Nations Charter, ՄԱԿ-ի պաշտոնական կայք, https://www.un.org/en/about-us/un-charter/full-text
- 2th Summit of the Organization of Turkic States was held on 7 October 2025 in Gabala. 09.10.2025, https://www.youtube.com/watch?v=RcFhasGq4eU
[1] Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006–2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակագիտության ամբիոնում։ 2025 թ.-ից աշխատում է նաև ՀՊՏՀ Սոցիալական և վարքաբանական հետազոտությունների կենտրոնում՝ որպես հետազոտող։
[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 29.10.2025 թ.:
[3] Տե՛ս՝ Իրանի դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը /Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ/, 17.07.2025, https://www.youtube.com/watch?v=9NU1XnKe-zI (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[4] LIVE: Trump meets with Armenian, Azerbaijani leaders on new peace deal, 08.08.2025, https://www.youtube. com/watch?v=9Po1W0CPNhI (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[5] Հովյան Վ., Ռուս-իրանական հարաբերությունները և Հարավային Կովկասը: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 18.12.2024, https://arvak.am/ռդ-իրան-կապերը-և-հարավային-կովկասը/ (բեռնման օրը՝ 24.08.2025).
[6] Տե՛ս՝ 12th Summit of the Organization of Turkic States was held on 7 October 2025 in Gabala, 09.10.2025, https://www.youtube.com/watch?v=RcFhasGq4eU (բեռնման օրը՝ 15.10.2025).
[7] United Nations Charter. UN Official web-site, https://www.un.org/en/about-us/un-charter/full-text (բեռնման օրը՝ 17.08.2025).
[8] Заявление МИД России в связи с израильскими ударами по территории Ирана, 13.06.2025, Официальная страница МИД РФ, https://mid.ru/ru/foreign_policy/news/2025920/ (բեռնման օրը՝ 17.08.2025). Заявление МИД России в связи с эскалацией ирано-израильского конфликта, 17.06.2025, Официальная страница МИД РФ, https://mid.ru/ru/foreign_policy/news/2027588/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[9] Брифинг официального представителя МИД России М. В. Захаровой, Санкт-Петербург, Официальная страница МИФ РФ, 19.06.2025, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/2028529/#6 (բեռնման օրը՝ 17.08.2025).
[10] Նույն տեղում։
[11] Телефонные разговоры с Президентом Ирана Масудом Пезешкианом и Премьер-министром Израиля Биньямином Нетаньяху. Официальный сайт Президента РФ, 13.06.2025, http://www.kremlin.ru/ events/ president/news/77181 (բեռնման օրը՝ 17.08.2025).
[12] Տե՛ս՝ Комментарий помощника Президента России Юрия Ушакова по итогам телефонного разговора Владимира Путина с Президентом США Дональдом Трампом, Официальный сайт Президента РФ, 14.06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77187 (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[13] Телефонный разговор с Президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, Официальный сайт Президента РФ, 16.06.2025,http://www.kremlin.ru/events/president/news/77191 (բեռնման օրը՝ 17.08.2025).
[14] Телефонный разговор с Президентом ОАЭ Мухаммедом Аль Нахайяном, Официальный сайт Президента РФ, 18.06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77201 (բեռնման օրը՝ 17.08.2025).
[15] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Исламской Республики Иран А. Аракчи. Официальная страница МИД РФ, 14.06.2025, https://www.mid.ru/ru/ press_service/telefonnye-razgovory-ministra/2026234/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[16] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова с Министром иностранных дел Турецкой Республики Х. Фиданом. Официальная страница МИД РФ, 15.06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2026280/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[17] О телефонном разговоре Министра иностранных дел России С. В. Лаврова с Министром иностранных дел и по вопросам эмиграции Египта Б. Абдельати. Официальная страница МИД РФ, 17.06.2025, https://www.mid.ru/ ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2027533/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[18] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова с Министром иностранных дел Султаната Оман Б. Бен Хамадом Аль-Бусаиди. Официальная страница МИД РФ, 18.06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2027953/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[19] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова с Министром иностранных дел Азербайджанской Республики Д.А.Байрамовым. Официальная страница МИД РФ, 18.06.2025, https://www.mid.ru/ru/press_service/telefonnye-razgovory-ministra/2028116/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[20] О переговорах Министра иностранных дел Российской Федерации С .В. Лаврова с Министром иностранных дел Республики Индонезии Сугионо. Официальная страница МИД РФ, 17.06.2025,, https://www.mid.ru/ru/ foreign_policy/news/2027488/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[21] Договор о нераспространении ядерного оружия. UN official web-site, https://www.un.org/ru/documents/ decl_conv/conventions/npt.shtml (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[22] Встреча с руководителями международных информагентств, Официальный сайт Президента РФ, 19.06.2025, http://www.kremlin.ru/events/president/news/77208 (բեռնման օրը՝ 17.08.2025).
[23] Տե՛ս՝ Брифинг заместителя директора Департамента информации и печати МИД России А. В. Фадеева, Москва, Официальная страница МИД РФ, 13.08.2025, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/2041388/#13 (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[24] Տե՛ս՝ Совместная пресс-конференция Президента России и Президента США, 16.08.2025, Официальный сайт Президента РФ, http://www.kremlin.ru/events/president/news/77793 (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[25] Հովյան Վ., Սիրիական խնդրի ներկա հանգրվանը. հիմնական դերակատարների քաղաքականությունը: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 13.03.2025, https://arvak.am/սիրիական-խնդրի-ներկա-հանգրվանը/ (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[26] Այս հարցի որոշ ասպեկտների մասին տե՛ս՝ Դունամալյան Ն., Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դիրքավորումը Արևմուտք-Ռուսաստան առճակատման համատեքստում. շարժառիթներ, սուբյեկտներ և գործոններ: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն 23.08.2023, https://arvak.am/հարավային-կովկասի-աշխարհաքաղաքական/ (բեռնման օրը՝ 21.08.2025)։ Հովհաննիսյան Տ., Հարավային Կովկասը ՌԴ-Արևմուտք հակամարտության համատեքստում: ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 18.07.2023, https://arvak.am/հարավային-կովկասը-ռդ-արեվմուտք-հակա/ (բեռնման օրը՝ 21.08.2025)։
[27] 2024 թ. ապրիլյան հարվածների պատճառը ապրիլի 1-ին Իսրայելի կողմից Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսությանը հասցված հարվածն էր, ինչի հետևանքով զոհվեցին բարձրաստիճան իրանցի հրամանատարներ։ Ի պատասխան՝ Իրանը ապրիլի 13-14-ին Իսրայելի ուղղությամբ արձակեց մոտ 300 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և հրթիռ։ Ըստ արևմտյան աղբյուրների՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների աջակցությամբ որսացին արձակված թիրախների մեծ մասը։
[28] Իսրայելի կողմից 2024 թ. հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայիի, իսկ սեպտեմբերին Բեյրութում «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից հետո Իրանը հոկտեմբերի 1-ին մոտ 200 բալիստիկ հրթիռ արձակեց Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ բարձրացնելով վերջինիս հետ հակամարտության աստիճանն ու ներքաշվելով արդեն իսկ ուղիղ հակամարտության մեջ։
[29] Տե՛ս՝ Тихонов А. Е., Акинфиева А. Э., Попов Д. С., Тасиц К. И., Трансформация международной торговли и еeвлияние на транспортно-логистические маршруты в Евразии, Проблемы национальной стратегии, № 3, 2025, сс. 40-48:
[30] Տե՛ս՝ Karadeniz R. F., From Border Walls to Corridors: An Analysis of Connectivity in a Changing Multilateral World Order, Perceptions, № 2, 2024, p. 9:
[31] Տե՛ս՝ Кто победил в войне Израиля и Ирана: мнение экспертов. News.Mail.ru, 26.06.2025, https://news.mail.ru/politics/66750306/ (բեռնման օրը՝ 17.08.2025)։
[32] Белова Н., Назван победитель в конфликте Ирана и Израиля. Lenta.ru, 26.06.2025, https://lenta.ru/news/2025/06/26/nazvan-pobeditel-v-konflikte-irana-i-izrailya/ (բեռնման օրը՝ 17.08.2025).
[33] Куликова А., Иран и Израиль победили друг друга. VZ.ru, 24.06.2025, https://vz.ru/world/2025/ 6/24/1340736.html (բեռնման օրը՝ 17.08.2025).
[34] Նույն տեղում։
[35] Гасымов Н., Мишутин Г., Кто победил в ирано-израильском конфликте. Vedomosti.ru, 25.06.2025, https://www.vedomosti.ru/politics/articles/2025/06/25/1119812-kto-pobedil-v-irano-izrailskom-konflikte (բեռնման օրը՝ 17.08.2025).
[36] Куликова А., Анпилогов назвал три урока из 12-дневной войны Израиля и Ирана. VZ.ru, 24.06.2025, https://vz.ru/news/2025/6/24/1340731.html (բեռնման օրը՝ 17.08.2025).
[37] Гасымов Н., Мишутин Г., նշվ. աշխ.։
[38] Макаркин А., Кто победил в израильско-иранской войне? 25.06.2025, https://t.me/BuninCo/4674 (բեռնման օրը՝ 17.08.2025).
[39] Куликова А., Израильский эксперт: Нетаньяху хочет продолжать войну с Ираном. «ВЗГЛЯД.РУ», 24.06.2025, https://vz.ru/news/2025/6/24/1340743.html (բեռնման օրը՝ 17.08.2025).