Թուրքիա և Իսրայել. ռազմավարական հակասություններից մինչև ռազմական սրացում

Փորձագետի մեկնաբանություն, 26.09. 2025թ.
Բոգդան Բ. Աթանեսյան[2]
Մերձավոր Արևելքում ի հայտ է գալիս առճակատման նոր առանցք, որը ենթադրում է ուժերի հավասարակշռության հիմնարար փոփոխություն և տարածաշրջանում հակամարտությունների ներուժի ավելացում: Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի բախման հավանականությունը մեծանում է: Այս հեռանկարը, հեղինակավոր փորձագետների կարծիքով, այնպիսի ենթակայական գործոնների արդյունք չէ, ինչպիսիք են Բենիամին Նեթանյահուի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հատկանիշները, այլ ավելի շուտ բխում է իրադարձությունների առարկայական ընթացքից, ինչը հանգեցնում է երկու առանցքային տարածաշրջանային տերությունների՝ Թուրքիայի և Իսրայելի շահերի բախմանը։
Ընդհանրապես ընդունված է, որ Անկարայի և Թել Ավիվի միջև սերտ ռազմական և քաղաքական համագործակցությունը նախկինում պայմանավորված էր ԱՄՆ-ի գլխավորած Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարությամբ՝ ԽՍՀՄ-ին և նրա արբանյակներին զսպելու Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: ՆԱՏՕ-ի գլոբալ ռազմավարությունը ենթադրում էր համակարգման բարձր մակարդակ իր աշխարհաքաղաքական ճամբարում, ուստի Արևմուտքից ամբողջովին կախված Թուրքիան (ՆԱՏՕ-ի անդամ 1952 թ.-ից) և Իսրայելը («ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը ՆԱՏՕ-ից դուրս» 1987 թ.-ից) ստիպված եղան պահպանել համագործակցության բարձր մակարդակը՝ չնայած որոշակի տարածաշրջանային տարաձայնություններին: Ավելին, և՛ Անկարան, և՛ Թել Ավիվը հանդես են գալիս պանարաբիզմի դեմ, որը երկու կողմերն էլ համարում են ռազմավարական սպառնալիք:
ԽՍՀՄ փլուզումից և երկբևեռ դիմակայության ավարտից հետո Թուրքիան առարկայորեն կորցրեց իր նախկին նշանակությունը ՆԱՏՕ-ի համար և հնարավորություն ստացավ իր սուբյեկտայնության մակարդակն էապես բարձրացնել ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կյանքում: Դա հանգեցրեց պետական համակարգի ազատականացմանը, որը նախկինում ուղղված էր դեպի աշխարհիկությունը՝ քեմալիզմի շրջանակներում։ Քաղաքական վերնախավերը և հասարակությունը սկսեցին ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել այլընտրանքային գաղափարական հոսանքների նկատմամբ՝ ծայրահեղ ազգայնականություն, պանթուրանիզմ, նեոօսմանյան ռևիզիոնիզմ և պանիսլամիզմ[3]: Այս տրամադրությունները սրվեցին ԵՄ անդամակցության ձախողված բանակցություններից հետո, որն ամրապնդեց թուրքական վերնախավի այն համոզմունքը, որ Արևմուտքը Թուրքիային դիտարկում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես ռազմաքաղաքական գործիք։ Այս հիասթափության հիման վրա իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), որի գաղափարախոսությունը միավորում էր տարբեր հոսանքներ՝ Թուրքիային մղելով իր ինքնությունը որոնելու Արևելքում: Այս գործընթացին նպաստեցին երեք առանցքային գործոններ.
- Նոր քաղաքական ուժի ապահոված ցատկային բնույթի տնտեսական աճը.
- Պանարաբիզմի անկումն Արևմուտքի՝ Իրաք ներխուժումից և «Արաբական գարնան» հեղափոխությունների շարքից հետո, որոնք հանգեցրին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքական տեղապատկերի արմատական վերափոխմանը:
- Հետխորհրդային Ռուսաստանի ազդեցության թուլացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում.
Թուրքիան ձեռնամուխ եղավ արևելքում ակտիվ ծավալման քաղաքականությանը՝ նպատակադրվելով Արևմտյան Ասիայում հասնել էթնոքաղաքական գերակայության (պանթյուրքիզմ), իսլամական առաջնորդության (նեոօսմանիզմ) և տնտեսական գերիշխանության։ Անկարայի հաջողությունները պայմանավորված էին ինչպես իր ներքին ներուժի մեկտեղումով, այնպես էլ արևմտյան քաղաքականության հետ սեփական նախաձեռնությունների հմուտ համադրմամբ, որի նպատակն էր վերացնել ռուսական մնացուկ ազդեցությունը և վերակազմավորել հումքային ու լոգիստիկ շուկաները:
Ի տարբերություն Թուրքիայի, Իսրայելը ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում։ Դա պայմանավորված էր տարածաշրջանային հավասարակշռությունը վերափոխելու անհրաժեշտությամբ՝ հակազդելու Չինաստանի աճող ազդեցությանը, որն ակտիվորեն լրացնում էր ԽՍՀՄ-ից հետո բաց մնացած խորշերը՝ հաստատելով երկբևեռ աշխարհը վերականգնելու սեփական հավակնությունները, իր տնտեսությունն ապահովելով էներգետիկ պաշարներով և առևտրային ուղիներ կառուցելով դեպի Եվրոպա ու Աֆրիկա: Միևնույն ժամանակ, Իսրայելի ավանդական թշնամանքն Իրանի կրոնապետական վարչակարգի նկատմամբ և Արաբական աշխարհը պառակտելու փորձը հարմարավետորեն տեղավորվում էին ԱՄՆ-ի նոր ռազմավարության մեջ: Վաշինգտոնը շահագրգռված էր Իրանի դերի` որպես Պեկինի համար հումքային և լոգիստիկ ակտիվի վերացմամբ, Պարսից ծոցի նավթով հարուստ միապետությունների վերահսկմամբ և ռազմական ու ռազմաքաղաքական «խուսավարումներով» Սուեզի ջրանցքի շուրջ, որը մնում է Չինաստանի հիմնական մայրցամաքային առևտրային և լոգիստիկ զարկերակը:
Հաշվի առնելով դա, ԱՄՆ ռազմատեխնիկական և ֆինանսական աջակցության ավելացումը Թել Ավիվին սպասելի էր, ինչպես նաև այստեղ ծայրահեղ արմատական ուժերի իշխանության գալը, որոնք իրենց ռազմական դոկտրինան փոխեցին` պաշտպանականից անցնելով ագրեսիվ հարձակողականի: Թել Ավիվն անցավ առավելապաշտական քաղաքականության՝ «գոյատևման» հայեցակարգը փոխարինելով «ընդլայնման» և տարածաշրջանային թելադրանքի գաղափարախոսությամբ, որը ձևակերպվել է Բ. Նեթանյահուի առաջադրած, այսպես կոչված, «Մեծ Իսրայել»[4] ծրագրով: Ըստ վերլուծաբանների, դա ենթադրում է Իսրայելի տարածքի ընդլայնում՝ ներխուժելով Եգիպտոս, Սիրիա, Հորդանան, Լիբանան, Սաուդյան Արաբիա և Իրաք, գրավելով նավթ արդյունահանող առանցքային շրջանները և նոր միջմայրցամաքային առևտրի և էներգետիկ ուղիների ստեղծում Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ առանցքների երկայնքով՝ շրջանցելով Իրանը: Այս ծրագրի իրականացման գործիքներ պետք է լինեն Իսրայելի ռազմական հզորությունը, ԱՄՆ աջակցությունը, «Աբրահամի համաձայնագրի» նախաձեռնությունը և համաքրդական միասնության խաղաքարտի գործադրումը` «Մեծ Քրդստան» ստեղծելու հեռանկարով և այլն:
Եթե իսրայելական վերնախավերն իսկապես նման հավակնոտ ծրագիր ունեն, և այն համապատասխանում է ԱՄՆ-ի գլոբալ շահերին, ապա վերջինիս իրականացումը երկարաժամկետ ռազմավարություն կպահանջի: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ «Մեծ Իսրայել» ծրագիրը ժողովրդահաճո պատում է` որպես Գազայի իրադարձությունների և Իրանի հետ վերջին պատերազմի համապատկերում Իսրայելում ընթացող և հուզականորեն գունավորված գործընթացների արձագանք, ապա Թել Ավիվի գործողություններն` ուղղված առկա ստատուս քվոյի ապակայունացմանը, այդ դեպքում ևս չեն կարող անհանգստություն չառաջացնել տարածաշրջանային խաղացողների շրջանում: Նրանք գիտակցում են, որ Իսրայելի քաղաքականությունը հակասում է իրենց փորձերին` պահպանել անվտանգության մնացորդային հավասարակշռությունը և թույլ չտալ Մերձավոր Արևելքի գահավիժումը դեպի համատարած խառնաշփոթ։
Իսրայելի գործողությունները, նույնիսկ եթե ուղղված չեն տարածքների ուղղակի զավթմանը, նպաստում են տարածաշրջանի ռազմաքաղաքական կազմալուծմանը: Սա իր հերթին հակասում է Թուրքիայի հիմնարար շահերին, որն ունի իր ռազմավարական ծրագրերը և արդեն նշանակալի դիրք է գրավել տարածաշրջանում։ Ըստ էության, խոսքը վերաբերում է ոչ միայն այս ծրագրերի ձախողմանը, այլ նաև Թուրքիայի անվտանգության և տարածքային ամբողջականության համար գոյութենական սպառնալիքին։
Անկարայի և Թել Ավիվի միջև հակամարտությունը վաղուց էր հասունանում։ 2010 թ. «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպը[5] ոչ թե պատճառն էր, այլ սոսկ բացահայտ առճակատման ուղեցույցը, որի հիմքում ընկած էին կուտակված հակասությունները: Թուրքիան միտումնավոր էր դիմել այդ «մարդասիրական սադրանքին», որպեսզի ցուցադրի իսլամական աշխարհն առաջնորդելու իր պատրաստակամությունը և «արևմտյան իմպերիալիզմին» զսպելու իր մտադրությունը։
Սակայն «Արաբական գարունը» երկար ժամանակով հետաձգեց թուրք-իսրայելական հակամարտության կիզակետացումը։ Արաբական աշխարհում տեղի ունեցող խառնաշփոթ գործընթացները, քաղաքական վարչախմբերի արագ փոփոխությունները և, այսպես կոչված, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) առաջացումը երկու կողմին էլ զրկել էին կանխատեսումներ անելու և հուսալի դաշինքներ կառուցելու կարողությունից: Ստեղծվող աշխարհաքաղաքական միջավայրում Թուրքիային և Իսրայելին ավելի շատ մտահոգում էր «արաբական հեղափոխության» հետագա տարածման սպառնալիքը, որը կարող էր վտանգել նրանց արտաքին և ներքին անվտանգությունը։ Թուրքիան բախվեց իր հարավային սահմանի ողջ երկայնքում ապակայունացման, Սիրիայում, Իրաքում և իր տարածքում քրդական գործոնի ուժեղացման հետ և հայտնվեց, այսպես կոչված, թուրքական իրականության մեջ «արաբական հեղափոխություն» ներկրելու վտանգի առաջ։ Իսրայելի առաջ, իր հերթին, ծառացել էր հեղափոխական ալիքի վրա Եգիպտոսում իշխանության եկած «Մուսուլման եղբայրներին» (2012 թ.) զսպելու և դաշնակից Հորդանանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերահսկման հիմնախնդիրը, որտեղ Հաշիմյան միապետությունը բողոքների ճնշման ներքո ստիպված էր օրինականացնել քաղաքական իսլամը[6]: Եգիպտոսում, Սիրիայում և Հորդանանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները նույնպես որոշակի ազդեցություն ունեցան Գազայում ՀԱՄԱՍ-ի ագրեսիվության աճի վրա, որն «Արաբական գարնան» մեջ տեսավ հետհեղափոխական Արաբական աշխարհի կողմից պաղեստինցիների աջակցության ընդլայնման հեռանկարը։
Հետագա փուլում և Անկարան, և Թել Ավիվը հաջողությամբ օգտագործեցին «Արաբական գարնան» հետևանքները՝ ամրապնդելու համար իրենց արտաքին քաղաքական դիրքերը[7]: Իսրայելը վերացրեց հակասիոնիստական դաշինքներ ստեղծելու հնարավորությունը, մինչդեռ Թուրքիան հաստատվել է որպես մի շարք արաբական պետությունների (Լիբիա, Եգիպտոս, Կատար, հետասադյան Սիրիա) ռազմավարական գործընկեր՝ ցուցադրելով իր առաջնորդական հավակնությունները[8],[9]։ Բացի այդ, երկու երկրներն էլ ընդլայնել են իրենց ռազմական ներկայությունը սեփական սահմաններից դուրս, հիմնականում՝ սիրիական տարածքներում՝ հիմնավորելով դա «ահաբեկչական սպառնալիքների» դեմ անվտանգության բուֆերային գոտիների ստեղծման անհրաժեշտությամբ:
Արդյունքում Անկարան և Թել Ավիվը կառուցեցին ուժեղ տարածաշրջանային դիրքեր, ինչը նրանց թույլ տվեց որպես առաջատար դերակատարներ մասնակցելու Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական օրակարգի ձևավորմանը: Այնուամենայնիվ, առաջնայնության համար կատաղի մրցակցությունը չբացառեց շահերի մերձեցումը մի շարք հարցերի շուրջ։ Դրա օրինակն է Սիրիան, որտեղ երկու կողմերն էլ ռազմական և քաղաքական նախաձեռնություն ցուցաբերեցին Բ. Ասադի ռեժիմի դեմ պայքարում։ Հատկանշական է նաև Ադրբեջանի հետ կապված իրավիճակը, որտեղ Անկարան և Թել Ավիվը Բաքվին աջակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հարցում։ Վերջապես, առևտրատնտեսական գործընկերությունը մնաց փոխգործակցության կարևոր տարր, որը, չնայած Անկարայի հակաիսրայելական բոյկոտին և պաշտոնական արգելանքին, շարունակվեց ստվերային սխեմաների միջոցով[10]:
Միևնույն ժամանակ, երկու կողմերը սրեցին իրենց փոխադարձ ագրեսիվ հռետորաբանությունը և տարբեր տեսակետներ ցուցադրեցին տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Արևմտյան ուժային կենտրոնների նախաձեռնած հաշտեցման փորձերն արդյունք չտվեցին՝ բացահայտելով քաղաքական հարաբերությունների անշեղ անկում:
Մի շարք փորձագետների կարծիքով, եթե ԱՄՆ-ն աջակցում է իսրայելական զավթողականությանը՝ նպատակ ունենալով խաթարել Չինաստանի ազդեցությունը և լոբբինգ է անում IMEC առևտրա-էներգետիկ նախագծի համար[11], ապա տարածաշրջանում Թուրքիայի առաջնորդությամբ շահագրգռված է Մեծ Բրիտանիան։ Լոնդոնը ջանքեր է գործադրում աջակցելու Անկարայի ծրագրերին, որոնք նախատեսում են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական վերակազմավորումն այնպես, որ հենց Թուրքիայում (բայց ոչ Իսրայելում) միակցվեն Եվրասիայի միջմայրցամաքային ապրանքահոսքի և էներգակիրների մատակարարման հիմնական ուղիները («Զարգացման ճանապարհը»[12], Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, «Անդրկասպյան երթուղին», ա. կ. «Զանգեզուրի միջանցքը»): Այս պնդումների համաձայն՝ թուրքական գործոնի ուժեղացումը բխում է Մեծ Բրիտանիայի շահերից, որն իր մրցակցային խաղն է տանում տարածաշրջանում պաշարների և երթուղիների նկատմամբ գերիշխանության համար՝ բաց չթողնելով ԱՄՆ-ին խոստումնալից տարածքներից և նախագծերից դուրս մղելու հնարավորությունը[13]։ Այս մեծ մրցակցության մեջ Թուրքիան ընդամենը բրիտանական ռազմավարության օպերատորն է, ինչպես Իսրայելը՝ ամերիկյան ռազմավարության։ Սակայն արևմտյան երկու կարևորագույն դերակատարների շահերի «սպասարկումը» զգալի նախապատվություններ է խոստանում Անկարային և Թել Ավիվին: Եվ դա բացատրում է, թե ինչու Թուրքիան, հստակ գիտակցելով, որ Իսրայելը վայելում է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն իր ծավալապաշտական գործողություններում, չի հրաժարվում սեփական տարածաշրջանային հավակնություններից և ինքն է սրում առճակատումը։
Թեև 2010-ական թթ. սկզբից ի վեր Անկարայի և Թել Ավիվի միջև լարվածությունն արտահայտվում էր հիմնականում կոշտ հռետորաբանությամբ, իրավիճակը կտրուկ սրվեց 2024 թ. վերջից: Գործարկիչը (trigger) Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն էր Թուրքիայի կողմից աջակցվող Hayat Tahrir al-Sham – SHAMTS-ի (Սիրիա) ազգային զինված ուժերի հարձակումների ներքո: Ընդհանուր թշնամու հեռանալով՝ Թուրքիայի և Իսրայելի միջև բուֆերային գոտին նույնպես անհետացավ։ Դամասկոսում իշխանությունը զավթած Ահմեդ ալ-Շարաայի (ալ-Ջուլանի) թուրքամետ ռեժիմը փաստացի Թուրքիային թույլ տվեց մուտք գործել դեպի Իսրայելի արևելյան սահման[14]: Իր խոցելիության գիտակցումը Թել Ավիվին ստիպեց ալ-Շարաայի վարչախումբը հայտարարել «ահաբեկչական», իսկ Թուրքիային` «Իսրայելի անվտանգության թիվ 1 սպառնալիք», Իրանից ավելի վտանգավոր»[15]:
Իսրայելը նախաձեռնեց մի քաղաքականություն, որն ուղղված է, պաշտոնական մեկնաբանությամբ, Սիրիայի դաշնայնացմանը, սակայն իրականում նրա մասնատմանն ու փլուզմանը։ Աջակցությունն Աս-Սուվեյդայում դրուզների ապստամբությանը[16] և Ռոժավայում քրդական ինքնավարությունը խթանելու ծրագրերի մշակումը՝ տարածաշրջանում համաքրդական ինքնիշխան պետության ստեղծման հեռանկարով[17], բացահայտ մարտահրավերներ են դարձել Թուրքիայի համար։ «Քրդական խաղաքարտի» գործադրումն արդեն արդյունքներ է տալիս՝ ՔԲԿ-ին զինաթափելու Անկարայի նախաձեռնությունը ձախողվում է, իսկ Ռոժավան փաստորեն հրաժարվում է Սիրիան միասնականացնելու՝ Դամասկոսի հանդեպ ստանձնած իր պարտավորություններից[18], իսկ Իրաքի քրդաբնակ շրջաններով «Զարգացման ճանապարհ» երթուղու անցկացման հեռանկարները, որոնց միջոցով Թուրքիան ձգտում է ուղղակիորեն մուտք ունենալ Պարսից ծոցի հումքային պաշարների տարածաշրջան ու ելք ապահովել դեպի Հնդկական օվկիանոս, հետզհետե մշուշոտ են դառնում։
Թել Ավիվը ոչ պակաս վճռական քայլեր է ձեռնարկել Անկարայի «պաղեստինյան շահերի» դեմ՝ նպատակ ունենալով վերացնել Թուրքիայի հնարավոր աջակցությունն ու ազդեցությունը ՀԱՄԱՍ-ի վրա։ Ըստ միջազգային աղբյուրների՝ Կատարին հասցված հարվածի թիրախը եղել են ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայում ապաստան գտած թևի առաջնորդները։ Առավել ևս, Թել Ավիվն ի սկզբանե ծրագրել էր թուրքական տարածքում վերացնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը[19]: Կատարի վրա հարձակումը զգալի հարված էր Անկարայի հեղինակությանը, քանզի այնտեղ է տեղաբաշխված տարածաշրջանում ամենամեծ՝ «Թարիք բին Զիյադ» թուրքական ռազմակայանը[20]: Կատարի հակաօդային պաշտպանության պայմանագրի համաձայն՝ թուրքական ուժերը պետք է հետ մղեին հարձակումը, սակայն չկարողացան կամ չցանկացան դա անել։ Անկարան, ըստ էության, միայն զգուշացրել է Դոհա ժամանած պաղեստինցիներին Իսրայելի օդային հարվածների ժամանակի և կոորդինատների մասին[21]:
Այս գործողությունները, զուգորդված լինելով ՑԱԽԱԼ-ի` Թուրքիայի կողմից Սիրիային մատակարարվող հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքներին ուղղված հարվածներով, ցույց են տալիս, որ Թել Ավիվը հետևողականորեն սրում է իր առճակատումն Անկարայի հետ:
Իսրայելի հակաթուրքական գործողությունների համակարգված լինելու մասին է վկայում նաև նրա ակտիվության կտրուկ աճն Արևելյան Միջերկրական ծովում։ Ըստ աղբյուրների՝ Իսրայելն ինտենսիվորեն ՀՕՊ «Barracks MX» առաջնային համակարգեր է տեղակայում Կիպրոսի հունական հատվածում[22], ինչը փոխում է ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Ավելին, փորձագետները խոստովանում են կղզու բռնազավթված հատվածում Անկարայի կողմից կառուցված հակաօդային պաշտպանության համակարգի իսրայելական գործողության ընթացքում ոչնչացման մեծ հավանականությունը[23]։ Թեև իսրայելական ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերով Կիպրոսը վերազինելու գործընթացը նոր չէ («Երկաթե գմբեթ» գնելու մասին պայմանագիրը կնքվել է դեռ 2022 թ.[24]), այս թեմայի շուրջ նոր ոգևորությունը կարող է պայմանավորված լինել մատակարարումների ակտիվացմամբ և Իսրայելի կողմից թուրք-հունական ճգնաժամի նոր փուլի միտումնավոր սադրանքով, որին կհաջորդի հակաթուրքական ճակատի ընդլայնումը և հունական գործոնի ներգրավումն Անկարայի հետ առճակատման մեջ, որն էլ, իր հերթին, հղի է Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների սրմամբ։
Հանրագումարի բերելով վերը նշվածները` կարելի է եզրակացնել, որ այս փուլում հենց Իսրայելն է նախաձեռնողը, և նա է փորձում Թուրքիային ստիպել, որպեսզի ընդունի իր կանոնները: Նրա զինանոցում ռազմական և տեխնոլոգիական գերազանցությունն է` ներառյալ մարտավարական միջուկային մարտագլխիկները, «քրդական խաղաքարտը», հունական գործոնը և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը։
Թուրքիան փորձում է ավելի զգույշ գործել՝ խուսափելով միջադեպերից, որոնք կարող են ուղղակի բախումների հանգեցնել։ Թուրքիայի ԶՈՒ-ի և ՌԾՈՒ-ի քանակական գերազանցությունը, ինչպես նաև, ի տարբերություն Իսրայելի, ռազմավարական խորքի առկայությունը բավարար չեն հակագործողության դիմելու համար։ Անկարայում նաև հաշվի են առնում այն փորձագիտական կարծիքները, որոնք կանխատեսում են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի 5-րդ Հոդվածի իր պարտավորություններից Թուրքիայի և ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակցի միջև բախման դեպքում[25]:
Ելնելով դրանից՝ Անկարան տակավին փորձում է խուսավարել ու գործել քաղաքական և դիվանագիտական դաշտում՝ ակտիվորեն մասնակցելով ինչպես ՄԱԿ-ում հրեական պետության քաղաքական մեկուսացման նախաձեռնություններին՝ կապված Գազայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, այնպես էլ՝ փորձելով իր գլխավորությամբ հակաիսրայելական «Իսլամական կոալիցիա» ձևավորել[26], որը, սակայն, կապված է մեծ դժվարությունների հետ և չի կարող իրատեսական ուղի համարվել։
Անկարայի առջև ծառացած դժվարությունների մասին է վկայում «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դ. Բախչելիի հայտարարությունը, ով Ռ. Թ. Էրդողանին առաջարկել է դաշինք ստեղծել ՌԴ-ի և Չինաստանի հետ՝ ի հակակշիռ «չարի կոալիցիայի» (Իսրայել և ԱՄՆ): Մի շարք թուրք փորձագետներ այն կարծիքին են, որ «հիմնական թուրք ազգայնականի» առաջարկն ուղղված է «ներքին քաղաքականության կողմնորոշվածության օրակարգի ձևավորմանը»[27]: Մինչդեռ միջազգային վերլուծաբանների մեծ մասն այս առաջարկը մեկնաբանում է որպես ուղղակի նենգասպառնալիք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, որոնք, ըստ Թուրքիայի, չեն պահպանում հավասարությունն Անկարայի և Թել Ավիվի հետ հարաբերություններում[28]։ Դ. Բախչելին ավանդաբար համարվում է Ռ. Թ. Էրդողանի այն մտքերի բարձրաձայնողը, որոնք նախագահն ինքը չի կարող արտահայտել։ Դրանով իսկ Թուրքիայի առաջնորդը փորձում է Վաշինգտոնին փոխանցել Արևմուտքի հանդեպ դեպի թշնամական «Մոսկվա–Պեկին առանցք» իր ռազմավարական վերակողմնորոշման սպառնալիքը` Իսրայելի կողմից շարունակվող սրացման դեպքում:
Միևնույն ժամանակ, գործնականում բոլոր փորձագետներն էլ համամիտ են, որ դա «կեղծ» ազդանշան է, և Ռ. Էրդողանը նման աշխարհաքաղաքական շրջադարձ չի ձեռնարկի: Ավելի շուտ, Թուրքիայի առաջատար ազգայնականի միջոցով ուղարկված ազդանշանը ցույց է տալիս ոչ թե Թուրքիայի ուժն ու վճռականությունը՝ վերանայելու իր ռազմավարական դաշնակցությունն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, այլ նրա թուլությունն ու անպատրաստությունը մարտահրավերներին, որոնք նրան նետվել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակազմավորման համատեքստում։ Դրանք ոչ միայն ռազմաքաղաքական բնույթի մարտահրավերներ են, այլ նաև գործողություններ են, որոնք ուղղված են այդ երկրի միջազգային հեղինակության և նրա պատմա-քաղաքակրթական դերի վիժեցմանը, ինչը թուրքական իշխանությունները փորձում են պահպանել՝ ակտիվորեն սրբագրելով նրա անցյալը:
Մինչդեռ 2025 թ. օգոստոսի 26-ին Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն իր հարցազրույցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածն անվանեց «ցեղասպանություն», հավելելով, որ ընդունում է այդ փաստը[29]։ Տվյալ հայտարարությունը տարբեր մեկնաբանություններ է ստացել. սկսած Նեթանյահուի «սխալմունքից» և վերջացրած հակաթուրքական հուզական հռետորաբանության հերթական դրսևորմամբ, որն իրավական արժեք չունի, քանզի «1915 թվականի իրադարձություններն» առանց Կնեսետի համապատասխան բանաձևի Իսրայելում չեն կարող ցեղասպանություն համարվել: Այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ սա պարզապես հռետորական քայլ չէր Իսրայելի հասցեին նացիզմի և պաղեստինցիների ցեղասպանության Անկարայից հնչող մեղադրանքների համապատկերում, այլ հստակ նախազգուշացում Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն պետական ճանաչման բարձր հավանականության մասին, եթե Թուրքիան չհրաժարվի իր հավակնություններից: Եվ տարածաշրջանային գործընթացների լույսի ներքո հայերի, հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևը Բ. Նեթանյահուի կամքով ավելի շուտ անարգել կընդունվի Կնեսետի կողմից, քան թուրքական զորքերն Էրդողանի հրամանով Երուսաղեմ կմտնեն[30]:
Թուրքիան այսօր կանգնած է բարդ երկընտրանքի առաջ. կա՛մ Իսրայելին դիմակայել` իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու հեռանկարով, թեև այս պատերազմի անկանխատեսելի ելքով, կա՛մ գրեթե ամբողջությամբ հրաժարվել «ըստ սեփական կորաքանոնների» արաբական Մերձավոր Արևելքի վերակառուցման դժվարին, բայց հաջող աշխատանքից, որը կատարվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Անկարայի առջև արգելափակում են նեոօսմանյան ռևիզիոնիզմի գաղափարախոսությամբ ոգեշնչված ճանապարհը, դրդելով նրան դեպի պանթյուրքիզմի և պանթուրանիզմի հուն ուղղել իր ավելցուկ ուժերը: Դա եղել է Արևմուտքի «թուրքական քաղաքականության» հոլովույթը վերջին հարյուրամյակի ընթացքում, և հենց թուրքական զավթողամոլության վերակողմնորոշման այս վեկտորի վրա է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, հնարավոր է, արդեն փոխզիջում են փնտրում: Կովկասը և Կենտրոնական Ասիան Վաշինգտոնի և Թել Ավիվի համար հանդիսանում են թուրքական ուժի իրացման միակ ընդունելի ուղղությունը։ Եթե Լոնդոնը համաձայնի դրան, ապա Անկարան կարող է հույս դնել ԱՄՆ–Իսրայել երկյակի կողմից իր հավակնությունների աջակցության վրա:
Այդպիսով, Թուրքիան կարող է մնալ Վաշինգտոնի և Թել Ավիվի դաշնակիցների շարքում սոսկ այն պայմանով, եթե իր զավթողամոլ նկրտումներն ամբողջությամբ վերահասցեավորի դեպի «Թուրանի» ընդարձակ տարածքներ, որտեղ, սակայն, նա անխուսափելիորեն ստիպված կլինի բախվել «Մոսկվա–Թեհրան–Պեկին առանցքի» հետ:
[1] Մեկնաբանության բնօրինակը տեղադրվել է ԱՌՎԱԿ-ի կայքում 25.09.2025-ին:
[2] Հրապարակախոս, վերլուծաբան և վավերագրող: Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների ու 400 հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի: Աշխատել է Հ1, ԱՐ, Երկիր Մեդիա հեռուստաընկերություններում։ Համագործակցել և թղթակցել է «Голос Армении», «Aysor.am», «Ոսկանապատ», «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերին։
[3] Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62.
[4] «План «Великий Израиль»: отдайте нам половину Саудовской Аравии». Tasnim, 17.09.2025, https://bit.ly/3KiD6Uu (բեռնման օրը՝ 19.09.2025).
[5] «’Флотилия свободы’. Досье». TACC, 29.07.2015, https://tass.ru/info/2079767 (բեռնման օրը՝ 19.09.2025).
[6] Mazen Hawamdeh, Ahmad Al-Qteishat, «Political reforms in Jordan following the events of the Arab Spring». Вестник Российского университета Дружбы народов, 2019, https://journals.rudn.ru/public-administration/ article/view/22324/17484 (բեռնման օրը՝ 20.09.2025).
[7] Труевцев К., «Десять лет «арабской весны»: пейзаж после битвы». КиберЛенинка, https://cyberleninka.ru/article/n/desyat-let-arabskoy-vesny-peyzazh-posle-bitvy (բեռնման օրը՝ 20.09.2025).
[8] Петросян А. С., «Роль Турции в «Арабской весне». Фонд Нораванк, 2018, https://www.noravank.am/rus/ articles/security/detail.php?ELEMENT_ID=17605 (բեռնման օրը՝ 20.09.2025).
[9] Свистунова И., «Турция в контексте «арабской весны»: региональная стратегия». Российский институт стратегических исследований. РИСИ, 24.09.2011, https://riss.ru/analitica/turtsiya-v-kontekste-arabskoy-vesny-regionalnaya-strategiya/ (բեռնման օրը՝ 20.09.2025).
[10] Кантор В., «Турция и Израиль: Торговля из-под полы». Haqqin.az, 31.08.2025, https://haqqin.az/ news/358668 (բեռնման օրը՝ 20.09.2025).
[11] Сажин В., «Коридор Индия–Ближний Восток–Европа: еще один…». Международная жизнь, 28.09.2023, https://interaffairs.ru/news/show/42439 (բեռնման օրը՝ 20.09.2025).
[12] «Дорога развития»: Эрдоган реализует альтернативный США проект на Ближнем Востоке». Вестник Кавказа, 23.04.2024, https://vestikavkaza.ru/analytics/doroga-razvitia-erdogan-realizuet-alternativnyj-ssa-proekt-na-bliznem-vostoke.html (բեռնման օրը՝ 20.09.2025).
[13] «Бениамин Матевосян: Великобритания забирает себе «Зангезурский коридор». Alhpanews.аm, 18.09.2025, https://alphanews.am/ru/projects/beniamin-matevosyan-velikobritaniya-z/ (բեռնման օրը՝20.09.2025).
[14] «Израиль берет под прицел Турцию». Kommersant, 09.01.2025, https://www.kommersant.ru/ doc/742300 (բեռնման օրը՝ 20.09.2025).
[15] «Скрытая угроза: Израилю предрекли новую войну». Военное дело, 08.01.2025, https://voennoedelo.com/ posts/id68529-skrytaja-ugroza-izrailju-predrekli-novuju-vojn (բեռնման օրը՝ 20.09.2025).
[16] Նույն տեղում:
[17] «США и Израиль приступили к осуществлению проекта «Большой Курдистан». Аналитический центр АРВАК, 28.09.2025, https://bit.ly/48uRzGQ (բեռնման օրը՝ 20.09.2025).
[18] «Поддерживаемые США курдские ополченцы согласились объединиться с силами нового правительства Сирии». BBC, 11.03.2025, https://www.bbc.com/russian/articles/ckgzm1rx191o (բեռնման օրը՝ 20.09.2025).
[19] «KAN: Израиль рассматривал возможность удара по руководству ХАМАС в Турции, но выбрал Катар». Новости Mail, 11.09.2025, https://news.mail.ru/politics/67845443 (բեռնման օրը՝ 20.09.2025).
[20] «Катар все больше превращается в плацдарм Турции на побережье Персидского залива». Военно-политическая аналитика, 14.09.2024, https://vpoanalytics.com/sobytiya-i-kommentarii/katar-prevrashchaetsya-v-platsdarm-turtsii-na-poberezhe-persidskogo-zaliva/ (բեռնման օրը՝ 20.09.2025).
[21] «Турция спасла верхушку ХАМАСа: стало известно о сигнале Анкары группировке». GURSORINFO, 10.09.2025, https://cursorinfo.co.il/israel-news/turtsiya-spasla-verhushku-hamasa-stalo-izvestno-o-signale-ankary-gruppirovke/ (բեռնման օրը՝ 20.09.2025).
[22] «Что известно о системе, которую Израиль поставил на Кипр». GURSORINFO, 20.09.2025, https://cursorinfo.co.il/israel-news/chto-izvestno-o-sisteme-kotoruyu-izrail-postavil-na-kipre/ (բեռնման օրը՝ 21.09.2025)։
[23] «Израиль готовит спецоперацию в Турецком Кипре». Haqqin.az, 02.08.2025, https://haqqin.az/news/355825 (բեռնման օրը՝ 21.09.2025).
[24] «Forbes: Кипр покупает ՛Железный купол՛ и может отдать Украине свои старые системы ПВО». Detali.co.il, 26.08.2022, https://detaly.co.il/forbes-kipr-pokupaet-zheleznyj-kupol-i-mozhet-otdat-ukraine-svoi-starye-sistemy-pvo/ (բեռնման օրը՝ 21.09.2025).
[25] «Аналитик предупредил о риске военной атаки на Турцию». РИА Новости, 11.09.2025, https://ria.ru/ 20250911/ataka-2041128498.htm (բեռնման օրը՝ 21.09.2025).
[26] «Эрдоган строит «исламскую коалицию» против Израиля – не повторит ли он судьбу Саддама?». Афинские Новости, 16.09.2025, https://rua.gr/news/sobmn/73375-erdogan-stroit-islamskuyu-koalitsiyu-protiv-izrailya-ne-povtorit-li-on-sudbu-saddama (բեռնման օրը՝ 21.09.2025).
[27] «В Турции оценили идею создать альянс с Россией и Китаем». РИА Новости, 19.09.2025, https://ria.ru/20250919/turtsija-2042882199.html (բեռնման օրը՝ 21.09.2025).
[28] «Турция, Россия и Китай создадут новую ось». Haqqin.az, 20.09.2025, https://haqqin.az/ news/360638 (բեռնման օրը՝ 21.09.2025).
[29] Жуков E., «Нетаньяху признал резню армян в Османской империи геноцидом». DW, 27.09.2025, https://www.dw.com/ru/netanahu-priznal-reznu-arman-v-osmanskoj-imperii-genocidom/a-73783729 (բեռնման օրը՝ 21.09.2025).
[30] «Эрдоган угрожает Израилю: мы не откажемся от Иерусалима». CURSORINFO, 19.09.2025, https://cursorinfo.co.il/israel-news/erdogan-ugrozhaet-izrailyu-my-ne-otkazhemsya-ot-ierusalima/ (բեռնման օրը՝ 21.09.2025).