Արևմուտք, Սահմանակից երկրներ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգը. Իրան

Սեղմագիր

Հոդվածում վերլուծվում են ԱՄՆ-Իրան հարաբերությունները Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում և դրանց հնարավոր հեռանկարները։ Իրանի և Միացյալ Նահանգների փոխազդեցությունը դիտարկվում է ինչպես երկկողմանի հիմունքներով, այնպես էլ՝ հիմնվելով Մերձավոր Արևելքի հիմնական խաղացողների, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցության և շահերի վրա՝ չափազանց կարևոր և հաճախ որոշիչ լինելով ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ` Թեհրանի դիրքորոշումների համար։

ВНЕШНЕПОЛИТИЧЕСКАЯ ПОВЕСТКА США: ИРАН
(по состоянию на апрель 2025 г.)
Евстратов A. C.

Аннотация

В статье анализируются американо-иранские отношения в период второго президентского срока Дональда Трампа и их возможные перспективы. Взаимодействие ИРИ и США рассматривается как на двусторонней основе, так и исходя из влияния и интересов ключевых ближневосточных игроков, а также России – крайне важных и зачастую определяющих для позиций как Вашингтона, так и Тегерана.

U.S. FOREIGN POLICY AGENDA: IRAN
(по состоянию на апрель 2025 г.)
Evstratov A. G.

Summary

The purpose of this article is to present the ongoing military cooperation between Turkey and Pakistan over the past decade, highlighting its motivations and main areas. The study presents the types of joint military exercises and weapons exports, issues related to cooperation in the development of the military industry, as well as the opportunities and challenges of this partnership.

Անտոն Գ. Եվստրատով(1)

(2025 թ. ապրիլի դրությամբ)(2)

Ներածություն

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնում ընտրությունը մի շարք հարցեր է առաջացրել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ միանգամից մի քանի ուղղություններով: Դրանցից ամենավիճահարույցներից և ամենաքիչ հասկանալիներից մեկը Իրանն է։

ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առանց այդ էլ բարդ հարաբերությունները Դ. Թրամփի օրոք սպառնում են ոչ միայն անցնել տարափոխության փուլ, այլև վերածվել ռազմական առճակատման: Նման ենթադրությունների համար հիմք է հանդիսանում գործող ամերիկյան առաջնորդի հեղինակությունը, որը ձևավորվել է ոչ միայն նրա հայտարարությունների, թիմի անդամների կամ քաղաքական հայացքների հիման վրա, այլ նաև նրա նախկին նախագահական ժամկետի ընթացքում։ Այն ժամանակ Դոնալդ Թրամփը տորպեդահարեց Իրանի և աշխարհի առաջատար միջուկային տերությունների «+Գերմանիա» կոլեկտիվի միջև ձեռք բերված «միջուկային գործարքը», որից հետո հրաման տվեց հրթիռային հարվածով վերացնել իրանական Ալ-Քուդս բրիգադի հրամանատար, արտերկրում ԻԻՀ հատուկ գործողության ուժերի փաստացի ղեկավար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։ Զարմանալի չէ նաև այն, որ իրանական կողմն, իր հերթին, ոչ միայն չի կարող, այլև չի ցանկանում երկխոսություն վարել իր աչքում այդքան անախորժ քաղաքական գործչի հետ։ Ավելին, հաշվի առնելով Թրամփի՝ «միջուկային գործարքից» դուրս գալու փաստը, Իրանում նրան պարզապես հուսալի գործընկեր չեն համարում։ Այս ամենը, չխոսելով նույնիսկ ավելի գլոբալ համաշխարհային գործընթացների մասին (Ռուսաստանի և Արևմուտքի միջև ավելի ու ավելի թեժ դիմակայություն, Իրանի փաստացի պատերազմ Իսրայելի հետ, համաշխարհային տնտեսության անկում և այլն), բառացիորեն պատերազմի է մղում Վաշինգտոնին և Թեհրանին: Վերջինս, սակայն, երաշխավորված է անկանխատեսելի, բայց, միանշանակ, ճակատագրական հետևանքներ հարուցել Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար, ուստի պետք է պայմանավորվել, ինչը գիտակցում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Իրանում։ Ավելին, կողմերն արդեն իսկ կոնկրետ փորձեր են ձեռնարկել, թեկուզև առանց մեծ արդյունքների։

Ի՞նչ է պետք նախագահ Դ. Թրամփի օրոք սպասել ամերիկա-իրանական հարաբերություններից։

ԱՄՆ–Իրան օրակարգը Դ. Թրամփի առաջին պաշտոնավարման օրոք

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների և նոր համաձայնագրի կնքման կարևորությունը գիտակցվում էր Թրամփի վերընտրվելուց շատ առաջ: Այս տարբերակը ցանկալի էր ինչպես ամերիկյան նախկին վարչակազմի համար, որը բախվել էր բազմաթիվ գլոբալ խնդիրների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ բարդ հարաբերություններից մինչև հենց Թեհրանի միջուկային հնարավորությունների աճ, որն այժմ ուրանը հարստացնում է մինչև 60%՝ մարտական միջուկային լիցքեր ստեղծելու համար անհրաժեշտ 90% մակարդակի դեպքում, այնպես էլ Իսլամական Հանրապետության համար, որը լուրջ տնտեսական խնդիրների է բախվել ամերիկյան պատժամիջոցների համապատկերում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում Թեհրանի ղեկավարած «Դիմադրության առանցքի» թուլացման լույսի ներքո։

Ընդսմին, ԱՄՆ-ի նախկին ղեկավարությունը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, թեև Թրամփի վարչակազմից ավելի մեղմ էր գործում իրանական ուղղությամբ, սկզբունքորեն չփոխեց Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը. Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցների մեծ մասը պահպանվեց, իսկ դիվանագիտության միջոցով կողմերն այդպես էլ ընդհանուր եզրեր չգտան։ Այս իմաստով Բայդենի նախագահությունը կարելի է ինչ-որ առումով համարել երկրների միջև մերձեցման և փոխըմբռնման հասնելու բաց թողնված հնարավորությունների ժամանակ, քանի որ «նոր հին» առաջնորդի հետ Վաշինգտոնում դա շատ ավելի դժվար կլինի՝ ինչպես վերը նշված, այնպես էլ՝ շատ այլ պատճառներով:

Օրինակ, հենց ի պատասխան Դոնալդ Թրամփի փետրվարի սկզբին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի, որում նա հոգևորականին իրանա-ամերիկյան բանակցությունների անհաջող ավարտի դեպքում սպառնում էր պատերազմով, Իրանի ղեկավարությունը մերժեց ամերիկացիների հետ ուղղակի դիվանագիտական խորհրդակցությունների բուն գաղափարը՝ թողնելով միայն երրորդ երկրների միջոցով դրանց իրականացման հնարավորությունը(3)։ Փետրվարի 7-ի հայտարարության մեջ ԻԻՀ գերագույն առաջնորդն աներկբա մերժեց ամերիկացիների հետ ուղղակի, առանց միջնորդների բանակցությունների հնարավորությունը:

Դրա հետ մեկտեղ, չնայած հայտարարությունների նման ռազմատենչ տոնայնությանը, Իրանի Մեջլիսն այդպես էլ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական փոխգործակցության անօրինականության մասին՝ այդպիսով պահպանելով համապատասխան հնարավորությունը, որն էլ այժմ օգտագործվում է Իրանի ներկայացուցիչների կողմից: Ինչ վերաբերում է իրանական ուղերձների բուն հնչերանգին, ապա դրանք, նախ և առաջ, պայմանավորված են ամերիկա-իրանական հարաբերությունների ընդհանուր հակամարտային ենթատեքստով, իսկ երկրորդ՝ ամենից առաջ ընդգծում են Թրամփի՝ իր նախորդ նախագահական պաշտոնավարման ժամկետում արդեն ստորագրված «միջուկային համաձայնագրի» կատարումից խուսափումը՝ ապագայում նման վարքագիծ թույլ չտալու նպատակով։ Իրանի համար կարևոր են այն երաշխիքները, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ստորագրվելու դեպքում չի չեղարկվի գործող կամ հաջորդ ամերիկյան առաջնորդի քմահաճույքով:

Ավելին՝ Թրամփը, նույնիսկ բանակցային գործընթաց սկսելով Իրանի հետ, նոր պատժամիջոցներ սահմանեց նրա դեմ. հենց իրանական միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների երկրորդ և երրորդ (Հռոմի և Մոսկատի) փուլերի միջև ընկած ժամանակահատվածում հայտարարվեց իրանական տնտեսության նավթային հատվածի նկատմամբ նոր սահմանափակումների մասին: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար և Դ. Թրամփի մերձավոր գործընկեր Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Թեհրանը չի կատարել 2015 թ. կնքված Միջուկային ծրագրի գծով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարքի») պայմանները և կոչ է արել եվրոպական պետություններին, որոնք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, լուծել դրա հաստատումից հետո չեղյալ հայտարարված ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերադարձի հարցը: Դրա համար ձևական հիմք է դարձել իրանցիների կողմից ուրանի հարստացումը մինչեւ 60%-ի մակարդակ, այն դեպքում, երբ «միջուկային գործարքով» դա նրանց թույլատրվում է անել միայն մինչև 3,65%։ Սակայն, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԳՀՀԾ-ն փաստացի չի գործում, և Թեհրանը պարզապես դրա պայմաններով իրեն պարտավորված չի համարում։

Իրանը, իր հերթին, այդ դեմարշները դատապարտել է որպես թշնամական, իսկ ի պատասխան ՄԱԿ-ի կողմից սահմանափակումներ մտցնելու հնարավորության՝ սպառնացել ընդհանրապես դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ):

Նոր Թրամփը հին Թրամփը չէ

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքի առաջին իսկ օրերին, դեռևս առաջին ժամկետից արդեն ծանոթ դիրքորոշմամբ, ցույց տվեց Իրանի վերաբերյալ նրա ավելի կառուցողական, քան նախկինում էր, դիրքորոշումը՝ ինչ-որ առումով դիվանագիտական հաջողությունների հույս ներշնչելով: Այսպես, Իրանի հետ «միջուկային գործարքը» նշված էր որպես գործող ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից մեկը, և հենց նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ը «ցանկանում է» հենց այդ գործարքը, ինչի համար ակտիվորեն համագործակցում է Իսլամական Հանրապետության հետ(4)։

Սակայն ապագա համաձայնագրի պայմանները մինչ օրս հստակ սահմանված չեն հենց ամերիկյան ղեկավարության կողմից։ Մի կողմից, Թրամփը անձամբ հայտարարեց, որ Իրանը «պարզապես չի կարող միջուկային զենք ունենալ»։ Մյուս կողմից, մի փոքր ավելի ուշ, նա իրանցի պաշտոնյաներից պահանջեց ամբողջովին հրաժարվել ուրանի հարստացումից՝ նույնիսկ խաղաղ նպատակներով, անգամ՝ դադարեցնել հրթիռային ծրագիրը։ Բացի այդ, հավատարիմ լինելլով «ուժեղ առաջնորդի» իր վարկանիշին, ԱՄՆ-ի նախագահն իր հայտարարություններում չի բացառել Իրանի հարցի լուծման նաև ուժային սցենարը(5)։

Արդյունքում, կողմերը, որոնք արդեն անցել են ամերիկա-իրանական բանակցությունների 3 փուլ, չհասան որևէ կառուցողական արդյունքի։ Ավելին, եթե երկրորդ փուլում՝ Հռոմում, խորհրդակցությունները տեղի են ունեցել ինչպես միջնորդավորված, այնպես էլ ամերիկյան պատվիրակության ղեկավար Սթիվ Ուիտկոֆի և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի դեմ առ դեմ հանդիպմամբ, ապա առաջին և երրորդ փուլերում՝ Մոսկատում, իրանցիներն ամերիկացիների հետ շփվել են բացառապես Օմանի դիվանագետների միջոցով։ Բացի այդ, Օմանի խորհրդակցությունները ստվերվել են նաև իրանական Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունով, որը 18 իրանցիների կյանք է արժեցել(6): Չնայած նրան, որ միջադեպը որպես ահաբեկչություն չի ճանաչվել, և դրա հետաքննությունը շարունակվում է, հենց այն փաստը, որ պայթյուն է տեղի ունեցել նավահանգստում, որի միջոցով առևտուր է իրականացվում Իրանի գլխավոր տնտեսական գործընկեր Չինաստանի հետ, հենց ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ հնարավորություն է տվել մի շարք փորձագետների և լրագրողների ենթադրություններ անել տվյալ իրադարձության մեջ ամերիկյան հետքի մասին: Այնուամենայնիվ, դեպքը չխանգարեց իրանական և ամերիկյան պատվիրակություններին մի շարք հուսադրող հայտարարություններ անել Օմանի բանակցություններից հետո, ինչն առնվազն խոսում է շփման կետերի որոնման շարունակականության մասին:

Հարկ է առանձին նշել Իրանի ներկայացուցիչների և Իսլամական Հանրապետության լրատվամիջոցների տոնը, որոնք ամերիկացիների հետ բանակցությունները ներկայացնում են որպես փոխգործակցություն ուժի դիրքերից: Օրինակ, Javan պահպանողական պարբերականը հայտարարել էր ուժերի համաշխարհային հավասարակշռությունն Իրանի կողմը թեքվելու մասին(7)։ Ի դեպ, դժվար էր այլ համատեքստ ակնկալել՝ հաշվի առնելով Իրանում Դոնալդ Թրամփի և նրա թիմի հեղինակությունը (բացի նախագահից, Իրանի համար խիստ անախորժ են վերջերս պաշտոնաթող եղած ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և այլոք)։ Միաժամանակ տվյալ դիրքորոշումը հնարավորություն է տալիս բանակցել առանց Թեհրանի համար վարկանիշի վնասի, որ հատկապես կարևոր է, հաշվի առնելով ԻԻՀ-ի վարկանիշային կորուստները Գազայի հատվածում ու Լիբանանում Իսրայելի գործողություններն ԻԻՀ-ին հավատարիմ ուժերի դեմ, ինչպես նաև Սիրիայում Բաշար Ասադի իրանամետ ռեժիմի անկումը։

Այնուամենայնիվ, այս պահին պետք չէ խոսել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների ինչ-որ իրական մերձեցման մասին։ Իսլամական Հանրապետությունը նախկինի պես հայտարարում է, որ չի ցանկանում միջուկային զենք ունենալ(8), միաժամանակ, հրաժարվելով դադարեցնել խաղաղ միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացումը, ինչպես նաև ներկայիս փուլում բավականին հաջող իր հրթիռային մշակումները։ Երկու կետերն էլ Թեհրանն անվանում է իր «կարմիր գիծը» ցանկացած բանակցությունում։ ԱՄՆ-ն, իր հերթին, հանդես է գալիս Իրանի կողմից միջուկային վառելիքի հարստացումից լիովին հրաժարվելու և Բուշեհր քաղաքի միակ ատոմակայանի կարիքների համար դրա գնումներին անցնելու օգտին: Բացի այդ, ամերիկացիները, հավանաբար, մոտ ժամանակներս իսրայելական կողմի և եվրոպական պետությունների մատուցմամբ, կոշտ կերպով կբարձրացնեն Իսլամական Հանրապետության հրթիռային տեխնոլոգիաների հարցը։

Իրանցիներն ամերիկյան կողմի նկատմամբ, իրենց հերթին, ունեն իրենց պահանջները, որոնք ԱՄՆ-ը նույնպես չի պատրաստվում կատարել։ Խոսքն, առաջին հերթին, պատժամիջոցների գոնե մասնակի վերացման, օրինակ՝ ամերիկյան բանկերում իրանական ակտիվների ապասառեցման մասին է։ Այդ կետը բանակցությունների օրակարգում ընդգրկելու մասին հայտնել է, մասնավորապես, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին(9): ԱՄՆ-ի համար այդ պահանջի կատարումը եթե ոչ «կարմիր գիծ» է, ապա խիստ անցանկալի հեռանկար. չէ՞ որ պատժամիջոցները Թեհրանի վրա ճնշման տարրերից մեկն են՝ ռազմական սպառնալիքների հետ մեկտեղ և՛ Իրանի դաշնակիցների, և՛ հենց Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի բացահայտ ագրեսիայի հենարանը։

Այս ամենը չափազանց դժվարացնում է բանակցությունները։ Մինչդեռ, Թրամփն Իրանի ղեկավարությանը և անձամբ այաթոլլա Խամենեիին հիշյալ նամակում 2 ամիս ժամկետ է տվել գործարքը կնքելու համար(10), և չնայած մշուշոտ է այդ ժամկետը և ցնորական է «վերջնաժամկետը» (մասնավորապես, այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ երբ պետք է հաշվարկել այդ 2 ամիսը՝ ուղերձի հղումի՞ց, թե՞ բանակցային գործընթացի սկզբից), փորձագետները համակարծիք են, որ մինչ ընթացիկ տարվա աշուն ԱՄՆ-ի առաջնորդը ձգտելու է լուծել Իսլամական Հանրապետության «միջուկային խնդիրը»։

Սակայն ամերիկա-իրանական փոխգործակցությունը, ինչպես Դ. Թրամփի, այնպես էլ վերջին տարիների ցանկացած այլ առաջնորդի օրոք, միայն Միացյալ Նահանգների և Իրանի երկկողմ հարաբերությունների հարցը չէ։ Դրանք ավանդաբար ներառում են ամերիկյան դաշնակիցներ ու իրանական միջնորդ ուժերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և, առհասարակ, աշխարհի մի շարք այլ պետություններ։ Իմաստ ունի դիտարկել ԱՄՆ-ի «իրանական գործը»՝ ելնելով առաջին հերթին Իսրայելի, Թուրքիայի, Պարսից ծոցի պետությունների և Ռուսաստանի շահերից(11):

(1) Ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը (2010 թ.) և Վորոնեժի պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրան (2013 թ.): Պատմական գիտությունների թեկնածու է: Աշխատել է ռուսական տարբեր գիտական և Մեդիա կառույցներում։ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի դոցենտ (2024 թ., ք. Երևան): Գիտական հետաքրքրություններ՝ Մերձավոր Արևելք, Իրան, արաբական աշխարհ, իսլամ, շիա, մերձավորարևելյան քրիստոնեություն, Եվրոպայում ազգային և կրոնական սփյուռքների հիմնախնդիրներ, մահմեդական դավանանքի սլավոնական ժողովուրդներ: Հեղինակ է մի շարք գրքերի և ուսումնական ձեռնարկների, ինչպես նաև 200-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածների:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 06.05.2024 թ.։

(3) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում կքննարկի արտասահմանյան ակտիվների ապասառեցումը: (ռուս.), 28.04.2025, https://ria.ru/20250428/iran-2013789354.html?ysclid=maawuj19bo7 88934371 (բեռնման օրը՝ 01.05.2025):

(4) Banai H., Black Swan Scenarios in U.S.-Iran Relations During Trump’s Second Term. 16.04.2025, https://perryworldhouse.upenn.edu/news-and-insight/black-swan-scenarios-in-u-s-iran-relations-during-trumps-second-term/ (բեռնման օրը՝ 01.05.2025).

(5) «Լուրջ մթնոլորտ». Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների երրորդ փուլը: (ռուս.), 25.04.2025, https://www.bbc.com/russian/articles/cg72p2e5pdvo?ysclid=maaxfocsyd933494673 (բեռնման օրը՝ 02.05.2025):

(6) Faucon B., Gordon M.R., U.S. and Iran Conclude Latest Nuclear Talks, Divided on Key Issues. 26.04.2025, https://www.wsj.com/world/middle-east/u-s-and-iran-divided-by-key-question-in-nuclear-talks- 59b26210?mod=hp_lead_pos3 (բեռնման օրը՝ 01.05.2025).

(7) ԱՄՆ-ի հետ բանակցություններն «ինքնավստահություն և գերազանցության զգացողություն» են առաջացրել Իրանում: (ռուս.), 26.04.2025, https://www.vesty.co.il/main/article/rkrvuxqjee (բեռնման օրը՝ 01.05.2025):

(8) Արևելագետը հնարավոր է համարել Թրամփի օրոք Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը: (ռուս.), 27.12.2024, https://iz.ru/1814921/2024-12-27/vostokoved-dopustil-ukhud shenie-otnoshenii-irana-i-ssha-pri-trampe (բեռնման օրը՝ 01.05.2025)

(9) Ն. Նազիմօղլու, ԱՄՆ-Իրան. Պատերա՞զմ, թե՞ նոր գործարք: (ռուս.), 27.04.2025, https://oxu.az/ru/politika/ssha-iran-vojna-ili-novaya-sdelkaysclid=maaxwhwuvo437242569 (բեռնման օրը՝ 01.05.2025):

(10) Վ. Սաժին, Դոնալդ Թրամփը և Իրանը: (ռուս.), 24.03.2025, https://interaffairs.ru/news/show/50830?ysclid=maay7du8mv308555217 (բեռնման օրը՝ 02.05.2025):

(11) Մերձավոր Արևելք. Ո՞ւմ են արդեն բացառել պատերազմի հավասարումից: (ռուս.), 23.12.2024, https://globalaffairs.ru/articles/blizhnij-vostok-lerman/?ysclid=maay30atq612134340 (բեռման օրը՝ 01.05.2025):