Մեկնաբանություններ

Բաքուն ինքնավարություն է փնտրում «ալբանա-ուտիական եկեղեցու» համար

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.05.2025 թ.(1)

Իր նախորդ հրապարակումներից մեկում ԱՌՎԱԿ կենտրոնը կանխատեսել էր, որ ԱդրՀ-ն ծրագրում է լայնամասշտաբ աշխատանքներ ծավալել, այսպես կոչված, «ալբանա-ուտիական եկեղեցու» («(Կովկասյան) Ալբանական եկեղեցու») ինքնավարության (ավտոկեֆալիայի) «վերականգնման» ուղղությամբ: Այս մտադրությունների մասին կարելի էր եզրակացնել Ադրբեջանի փոքրաթիվ ուտիական համայնքի աննախադեպ ակտիվացումից 2020 թ. աշնանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Բաքվի իշխանություններն ուտիական համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել էին մի շարք ուղևորություններ և ուխտագնացություններ դեպի այն ժամանակ ադրբեջանական բանակի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության առավել նշանակալի քրիստոնեական սրբավայրեր (Դադիվանքը Քարվաճառում, Ծիծեռնավանքը Բերձորում և այլն), ինչպես նաև նախաձեռնել էին ԶԼՄ-ներում Ղարաբաղի մշակութային և կրոնական քրիստոնեական ժառանգության նկատմամբ նրա «օրինական իրավունքների» լայնորեն լուսաբանումը: Պաշտոնական Բաքուն հանդես էր եկել մի շարք հայտարարություններով առ այն, թե ԱդրՀ-ն մտադիր է օգնել ուտիական քրիստոնեական համայնքին՝ միջազգային ասպարեզում «պատմական արդարության վերականգնման» հասնելու և լոբբինգ անել աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր քրիստոնեական կենտրոններում: Մասնավորապես, Ադրբեջանի «ուտիա-ալբանական համայնքի» ղեկավար Ռոբերտ Մոբիլին հայտարարել է, որ Բաքվում քաղաքական իշխանությունների աջակցությամբ ադրբեջանական ուտիները, որպես Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) ժառանգության իրավահաջորդներ, մտադիր են վերադարձնել իրենց բոլոր պատմական տաճարները և Կոստանդնուպոլսի պատրիարքարանի առջև բարձրացնել ուտիներին 19-րդ դարում ռուս միապետի և Հայ Եկեղեցու Սինոդի կողմից փոխանցված բոլոր իրավունքներն ու քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու պաշտոնական հարցը:

Հաշվի առնելով առկա տեղեկատվությունը՝ կարելի է ենթադրել, որ Բաքուն արդեն 2020 թ. աշնանից սկսել էր քայլեր մշակել միջազգայնորեն օրինականացնելու Արցախի Հանրապետության բռնազավթումը և տարածաշրջանի հոգևոր-նյութական պատմական ժառանգությունը յուրացնելու ուղղությամբ՝ օգտագործելով «ուտիական գործոնը»։ Խոսքը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի և Վատիկանի՝ որպես քրիստոնեական աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ կենտրոնների աջակցությամբ «(Կովկասյան) Ալբանական եկեղեցու» սուբյեկտայնության և ինքնիշխան կարգավիճակի «վերականգնման» փորձի մասին էր։ Ընդ որում, նախաձեռնությունը կյանքի կոչվեց առանց հաշվի առնելու համաքրիստոնեական հոտի առանձնահատկություններն ու դավանաբանական տարբերությունները, հետևաբար նաև` կաթոլիկ և հունաուղղափառ կենտրոնների միջամտության անօրինականությունն ավանդական արևելաքրիստոնեական եկեղեցիների գործերին։ Սա, իր հերթին, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում պատրաստ են «վերականգնել» Աղվանքի մտացածին ինքնավար եկեղեցին՝ պատմական Աղվանքի էթնիկ խմբերից միայն մեկը հանդիսացող ուտիական էթնոսի մնացորդներին, որոնք դավանում են Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ավանդույթները, վերածելով հունական ուղղափառության կամ կաթոլիկության հետևորդների՝ կախված նրանից, թե ո՞վ կստանձնի Հայկական Գահի շահերին հարված հասցնելու համարձակությունը՝ Ֆանարը (Ֆեները),  թե Վատիկանը:

Բաքվի համար Արցախ–Ղարաբաղի հոգևոր և պատմական ժառանգությունը ցանկացած միջոցներով բռնագրավելու հարցը զուտ քաղաքական խնդիր է, մինչդեռ Ադրբեջանի փոքրաթիվ ուտիական համայնքի խամաճիկային կառույցների համար դա Ի. Ալիևի վարչակարգի կողմից պարտադրված հարկադրական միջոց է: Կասկած չկա, որ եթե Կոստանդնուպոլսի պատրիարքարանը կամ Պապական կուրիան համաձայնության դեպքում ստեղծեն «(Կովկասյան) Ալբանական մետրոպոլիա» կամ «կաթողիկոսություն»՝ Արցախ-Ղարաբաղի հայկական հոգևոր ավանդույթի 17-դարյա հիմքի վրա, պաշտոնական Բաքուն, անտեսելով աշխարհում առկա հասարակական-քաղաքական և գիտա-պատմական բացասական արձագանքը, ձեռնամուխ կլինի նախագծի եզրափակիչ փուլի իրականացմանը:

Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, Բաքուն ի սկզբանե հույսը դրել էր Պոլսո պատրիարքարանի աջակցության վրա, թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆանարը ոչ վաղ անցյալում արդեն «նոր եկեղեցի» ստեղծելու փորձ ուներ։ Այսպես, Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը 2019 թ. հունվարի 6-ին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն (որը ստեղծվել է Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տեղում) հանձնեց ինքնավարություն տրամադրելու տոմոս: Ֆանարն այդ ռիսկային քայլին գնաց՝ չնայած ուղղափառ աշխարհում առաջացած բուռն արձագանքին և Մոսկվայի պատրիարքարանի՝ Կոստանդնուպոլսի հետ հաղորդությունը խզելու որոշմանը, որն, այդպիսով, իր շահերից ելնելով, փաստորեն օտարեց Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու «կանոնական տարածքը»: Եվ, այնուամենայնիվ, այդ փորձը տեղի է ունեցել ուղղափառ աշխարհի սահմաններում, ինչը չի կարելի համեմատել Բաքվի մտադրությունների հետ՝ ուտիական եկեղեցու հետ ձեռնածության մեջ ներքաշել Ֆանարին, որը պատմականորեն և հոգևոր ավանդույթի տեսանկյունից կապ չունի դրա հետ։ Բացի այդ, Ֆանարի՝ Ուկրաինայում սլավոնական ուղղափառության պառակտմանն ուղղված գործողություններն ակնհայտորեն ներշնչված էին նաև Անկարայի քաղաքականությամբ, որը, սեփական շահերից ելնելով, ձգտում է ոչնչացնել Ռուսական Եկեղեցու և սլավոնական ժողովուրդների հոգևոր համախմբվածությունը։ Հնարավոր է, որ Բաքվի առաջարկին Ֆանարի պասիվ արձագանքը, ի թիվս այլ պատճառների, կապված է նաև պաշտոնական Անկարայի հորդորի հետ՝ անմասն մնալ Ադրբեջանի, այսպես կոչված, «(Կովկասյան) Ալբանական եկեղեցու» հարցում նախաձեռնած արկածախնդրությանը։ Այսպես թե այնպես, Բաքվի և Ֆանարի միջև այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքի նշաններ դեռևս չեն նկատվում։ Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանություններն իրենք էլ գիտակցում են «Կոստանդնուպոլսի ուղղության» անհեռանկարայնությունը, որը հղի է, այն էլ, բարձր ռիսկայնությամբ՝ կապված Հարավային Կովկասում ևս մեկ ուղղափառ պատրիարքարանի՝ վրացականի առկայության հետ, որի հետ Բաքուն, չնայած ցուցադրական բարեհաճությանը, զգալի տարաձայնություններ ունի ներկայիս ԱդրՀ-ի հյուսիս–արևմտյան շրջանների (Բելոկան, Զաքաթալա, Կախ) քրիստոնեական հոգևոր-նյութական ժառանգության հարցում։ Այս համատեքստում Ղարաբաղի հայկական ժառանգության վրա ուղղափառ գործոնի ազդեցության ուժեղացումը, որը Բաքուն «կովկասյան ալբանական գանձարանի» անվան տակ ցանկանում է պաշտոնապես փոխանցել ուտիներին, հղի է Ադրբեջանի համար լրացուցիչ քաղաքական բարդություններով, որոնց Ի. Ալիևի վարչակարգը հազիվ թե պատրաստ լինի։

Ի հակադրություն «Կոստանդնուպոլսի ուղղությամբ» առկա պասիվության՝ վերջին շրջանում Բաքվի և Վատիկանի միջև նկատվում է զգալի ակտիվացում։ Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանի իշխանությունները և Պապական կուրիան վերջին ամիսներին աշխուժացրել են արդեն իսկ դինամիկ փոխգործակցությունը մի շարք ուղղություններով, որոնց այժմ ավելացել է նաև «(կովկասյան) ալբանական փաթեթը»։ 2024 թ. աշնանը հայտնի դարձավ, որ Լեհաստանում կաթոլիկ ճեմարաններում սովորելու են ուղարկվել Ադրբեջանի ուտիական համայնքի ներկայացուցիչները։ 2024 թ. հուլիսի վերջին Վատիկանի L’Osservatore Romano պաշտոնաթերթում երկու հոդված է հրապարակվել Արցախ–Ղարաբաղի համայն աշխարհում հայտնի քրիստոնեական վանքերը «հին (Կովկասյան) Ալբանիային» «վաղնջական ժամանակներից պատկանելու» մասին: Հրապարակումների հեղինակները, ադրբեջանական քարոզչական պատումներին համապատասխան, կեղծ գիտական թեզեր են ներկայացրել երկրամասի աղվանական մշակութային-կրոնական ժառանգությունը հայերի կողմից բռնագրավվելու մասին, որն այժմ իբր իրավամբ պետք է պատկանի Ադրբեջանին և նրա ժողովրդին։

Դրանից հետո, 2025 թ. ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի Վատիկանի Գրիգորյան պապական համալսարանում մեկնարկեց Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) ժառանգությանը նվիրված 12-րդ միջազգային «գիտաժողովը»՝ «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» թեմայով: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վատիկանում կայացած «գիտական միջոցառումը» համատեղ կազմակերպել են Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնը, Աբասղուլի Աղա Բաքիխանովի անվան ԳԱԱ պատմության և ազգաբանության ինստիտուտը, Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանությունը և «ալբանա-ուտիական քրիստոնեական կրոնական համայնքը»: Նշված գիտաժողովի ուղերձները ներառում էին նաև երեք հիմնական թեզեր.

  1. Ադրբեջանը Կովկասյան Ալբանիայի իրավահաջորդն է, որը տարածաշրջանում ողջ քրիստոնեական կյանքի պատմական կենտրոնն էր:
  2. Հայերը կեղծիքի և բարբարոսական գործողությունների միջոցով բռնագրավել են Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգությունը։
  3. Ադրբեջանը բազմամշակութային և աշխարհիկ երկիր է, որտեղ բոլոր էթնիկ և կրոնական խմբերը դարեր ի վեր և մինչ օրս ազատորեն դավանում են իրենց կրոնը և հարգում ազգային ավանդույթները:

«Միջազգային գիտաժողովում» ելույթ ունեցողները, ինչպես և սպասվում էր, ոչ մի անգամ հայությանը չհիշատակեցին Հարավային Կովկասում քրիստոնեական ավանդույթներ տարածողների և կրողների շարքում, ինչպես նաև լռությամբ շրջանցեցին «բազմամշակութային և աշխարհիկ» Ադրբեջանից նրանց բռնի արտաքսման թեման:

L’Osservatore Romano պարբերականի աղմկահարույց հրապարակումները, ինչպես և Պապական Համալսարանում անցկացված «գիտաժողովը», կանխատեսելիորեն բացասական արձագանք են առաջացրել միջազգային հասարակական և գիտական շրջանակներում և պատճառ դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զուսպ, բայց, միևնույն ժամանակ, Վատիկանին հետագա սխալներից զգուշացնող արձագանքի: Երկու դեպքում էլ Հռոմի կուրիան նախընտրել է հանդես գալ արդարացնող հայտարարություններով՝ մատնանշելով Վատիկանի կառույցների գիտամշակութային գործունեության շրջանակներում բոլոր միջոցառումների և հրապարակումների վերահսկման և գրաքննության բարդությունը, ինչպես նաև հերքելով այն թեզը, թե Պապական աթոռը ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական հոգևոր-պատմական հետքը ոչնչացնելու ադրբեջանական ծրագրի թողտվության քաղաքականություն է վարում: Սակայն Վատիկանի բերած փաստարկները հազիվ թե արժանի են լուրջ ուշադրության՝ հաշվի առնելով իր կառավարման և քարոզչության մարմինների նկատմամբ աստվածապետական կաթոլիկ պետության վերահսկողության բազմաշերտ համակարգը։ Վատիկանի կենտրոնական թերթում գիտաժողովի «գիտական բովանդակությունը» ադրբեջանցի գործընկերների հետ համաձայնեցնելու և համակարգելու վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Պապական կուրիան Բաքվի հետ ամենամտերիմ գործնական և բարեկամական հարաբերությունների մեջ է, որոնք չի պատրաստվում փչացնել:

Բավական է հիշել այն փաստը, որ նշված համաժողովից մեկ շաբաթ առաջ, ԱդրՀ դեսպան Իլգար Մուխթարովին 2025 թ. մայիսի 3-ին Սուրբ Աթոռում Վատիկանի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարրայի ձեռամբ շնորհվել է «Պապական ասպետական շքանշանի Մեծ խաչ»: Շքանշանը հիմնադրվել է Պիոս IX պապի կողմից 1847 թ. և նախատեսված է այն աշխարհականների համար, ովքեր «ներդրում են ունեցել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ամրապնդման գործում»: Բացի այդ, L’Osservatore Romano-ում հրապարակված հոդվածներից ընդամենը մեկուկես ամիս անց, 2024 թ. սեպտեմբերի 12-ին Հ. Ալիևի հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալաքբարովը և քաղաք-պետություն Վատիկանի նահանգապետարանի նախագահ կարդինալ Ֆերնանդո Վարգես Ալսագան ստորագրել են Ադրբեջանի կողմից Սուրբ Պողոսի տաճարում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման մասին պայմանագիր: Այս գործարքը վերջին տարիներին Ադրբեջանի փոխնախագահ և Հ. Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի կողմից հօգուտ Վատիկանի նախաձեռնած «բարեգործական ձեռնարկների» բավականին երկար շարքի վերջինն էր։ Խոսքը Բաքվի բազմամիլիոնանոց ներդրումների մասին է, որոնց անշահախնդրությունը կասկածներ է առաջացնում։ Սակայն ակնհայտ է, որ «վերականգնողական տրանշները» Վատիկանի և Բաքվի միջև կապերի այսբերգի միայն տեսանելի գագաթն են։ Կարելի է ենթադրել, որ իրականում կաթոլիկ աշխարհի կենտրոնի և այդ իսլամական երկրի միջև քրիստոնեական ժառանգության և արժեքների նկատմամբ առավել անհանդուրժողական երկրներից մեկի միջև ֆինանսական հարաբերությունները, ըստ էության, տարբերվում են հայտարարագրված շատ ավելի բարեգործական տրանշների շատ ավելի մեծ ծավալներով: Կարծիք կա, որ խոսքը կարող է լինել Վատիկանի բանկային կառույցներում Ալիևյան ընտանիքի եկամուտների լվացման մասին, որոնք, ինչպես հայտնի է բաց աղբյուրներից, ենթակա չեն միջազգային կառույցների վերստուգման և աուդիտի:

Այսպես թե այնպես, Սուրբ Աթոռի և Ադրբեջանի միջև անհերքելի ֆինանսական կապերի առկայությունը հուշում է, որ Վատիկանի օրակարգում «(Կովկասյան) Ալբանական փաթեթի» հայտնվելը ոչ թե պատահականություն է, այլ՝ համակարգված և համաձայնեցված աշխատանք: Վատիկանը, փաստորեն, «ուսը դեմ է տալիս» Բաքվին՝ առայժմ սահմանափակվելով միայն Ադրբեջանի տեղեկատվական աջակցությամբ Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) հանրահռչակման հարցում, որը, ինչպես թվում է Ալիևների ընտանիքին, իրավունք է տալիս յուրացնելու բռնազավթված Արցախի պատմաքաղաքակրթական բաղադրիչը։ Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ կաթոլիկ եկեղեցին պատրաստ է դիմել ավելի վճռական քայլերի՝ հիմք պատրաստելով երկարաժամկետ հեռանկարում ճանաչելու և ի հեճուկս եկեղեցական կանոնների՝ ստեղծվող «ալբանա-ուտիական եկեղեցու» ինքնավարությունը՝ դրանով իսկ գործելով կաթոլիկ եկեղեցու դեպի արևելք բազմադարյա ծավալման տրամաբանության մեջ։

Ենթադրենք, որ այս հարցում շատ բան կարող է պարզ լինել նոր հովվապետի ընտրությունից հետո, որի ընտրությունից մեծապես կախված կլինի ներքրիստոնեական գործերին միջամտելու ադրբեջանական նախագծի ճակատագիրը:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 07.05.2025 թ.: