Մեկնաբանություններ

Ադրբեջանը և թուրք-իսրայելական փոխհամաձայնությունը ՍԱՀ-ի առնչությամբ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 30.04.2025 թ.(1)

Սիրիական խնդրի շուրջ 09.04.2025 թ. Բաքվում անցկացված թուրք-իսրայելական բանակցությունները սպասելի էին, ուստի ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե իբր իրենց նախաձեռնությունը պատկանում է Ի. Ալիևին, չափազանցված է։ Սակայն կասկած չի հարուցում այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները, տեղյակ լինելով նախատեսվող հանդիպման մասին, ամեն ինչ արել են, որպեսզի այն կայանա ոչ թե ԱՄԷ-ում, Բահրեյնում կամ Կատարում, այլ հենց Բաքվում: Ի. Ալիևի համար կարևոր էր երկու կողմերին էլ ցույց տալ, որ ինքը խիստ շահագրգռված է թուրք-իսրայելական հակասությունները լուծելու հարցում, ինչպես նաև հնարավորություն ստանալ միջնորդական առաքելության շրջանակներում իրենից կախված ամեն ինչ անել կողմերի միջև փոխըմբռնում և վստահություն հաստատելու համար: Ադրբեջանին ծայր աստիճան ձեռնտու չէ, որ թուրք-իսրայելական տարաձայնությունները վերածվեն հակամարտության, ինչը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ հենց Բաքվի համար։

Ի. Ալիևը հասկանում է, որ Սիրիայում «գետնի վրա» ստեղծված իրավիճակը, ի տարբերություն Ռ. Էրդողանի և Բ. Նեթանյահուի միջև Գազայի շուրջ բանավոր առճակատման, հանրային տիրույթում փոխադարձ սպառնալիքներից և հարձակումներից կարող է արագորեն վերածվել Անկարայի և Թել Ավիվի միջև ուժային բախման: Հարցն այն է, որ Սիրիայում կողմերը կարող են ժամանակին չկարողանալ գործնականում իրականացնել խուսավարում, քանի որ խոսքը մի կողմից՝ Իսրայելի սահմաններին ուղղակի սպառնալիքի, մյուս կողմից՝ Թուրքիայի հեղինակության և Մերձավոր Արևելքում իր գերիշխանությունը հաստատելու վաղեմի ռևիզիոնիստական ծրագրերի մասին է։ Իսկ հակամարտությունը կարող է չսահմանափակվել բացառապես Սիրիայում շահերի բախմամբ և շոշափել թուրք-իսրայելական հարաբերությունների ամբողջ օրակարգը՝ փոխգործության նախկին կետերը վերածելով դիմակայության ճակատի։ Նման սցենարի դեպքում՝ մինչ վերջերս Անկարայի և Թել Ավիվի հաջող փոխգործակցության հարթակ հանդիսացող Ադրբեջանը կհայտնվի բեկման գծում, ինչը նրան կսպառնա տարածաշրջանում դիրքերի անհավասարակշռությամբ։ Հենց Թուրքիայի և Իսրայելի վրա հավասարապես հուսալիորեն հենվելն էր, որ Բաքվին հնարավորություն տվեց հավասարակշռել Ռուսաստանի և Իրանի ճնշումը, կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ, կառուցել նոր տիպի բանակ, ձեռք բերել արդյունավետ ռազմարդյունաբերական համալիր և, վերջապես, դիմել Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանն՝ առանց իրենց համար էական բացասական հետևանքների։

Իսկ այժմ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև ենթադրվող հակամարտության պայմաններում, Բաքուն կարող է դուրս գալ աշխարհաքաղաքական հարմարավետության գոտուց՝ մնալով առանց իր հաջողությունների հետագա զարգացման որևէ տեսանելի հեռանկարի։ Այսպես, օրինակ, Սյունիքը Հայաստանից օտարելու ցանկությունը անհաղթահարելի խնդիր կդառնա առանց Անկարայի և Թել Ավիվի կողմից Բաքվին ցուցաբերվող միաժամանակյա աջակցության։ Ադրբեջանը հույս ունի ստանալու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ մեծավ մասամբ հաշվի առնելով Թուրքիայի շահերը թյուրքական աշխարհի միջև ցամաքային կապ հաստատելու և, միաժամանակ, Իսրայելի շահագրգռվածությունը Հարավային Կովկասով Իրանի մուտքը Եվրոպա խոչընդոտելու հարցում։ Այսինքն՝ «միջանցքի» գաղափարի իրականացման համար կպահանջվեն բոլոր 3 շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությունն ու համատեղ ջանքերը։ Իսկ թուրք-իսրայելական լարվածության ընդլայնման դեպքում բացառվում է փոխհամաձայնությունը, ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի սերտ փոխգործակցությունն ադրբեջանական ուղղությամբ։ Ուստի, Բաքուն ունի բոլոր հիմքերն զգուշանալու ոչ միայն իր հետագա ծրագրերի ձախողումից, այլև «Ղարաբաղյան հաղթանակից» հետո տարածաշրջանում արդեն ձեռք բերված դասավորությունը կորցնելու վտանգից։

Թուրքական և իսրայելական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը պետք է կայանա քրիստոնեական Զատիկից հետո, և պետք է ակնկալել, որ Բաքուն, որպես Անկարայի և Թել Ավիվի հակասությունների կարգավորմամբ առավել շահագրգիռ կողմ, կրկին հետամուտ կլինի դրա անցկացմանն ադրբեջանական հարթակում:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 16.04.2025 թ.: