Սյունիքի անվտանգության և սպասվող հակաիրանական ռազմարշավի մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 06.04.2025 թ.(1)
Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան հերթական անգամ առաջին պլան է մղում Սյունիքի մարզի և ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները։ Ըստ էության, վերջին հինգ տարում Հայաստանի «հարավային դարպասներին» սպառնացող վտանգը եղել է մշտական, սակայն, ինչպես կարծում է փորձագետների ճնշող մեծամասնությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ադրբեջանի ծրագրերը կարող են իրականություն դառնալ միայն Իրանի Իսլամական Հանրապետության վրա ամերիկա-իսրայելական կոալիցիայի լայնածավալ հարձակման դեպքում։
Հենց այս հանգամանքը Բաքվի և ոչ պակաս շահագրգիռ Անկարայի համար կապահովի արտատարածաշրջանային հիմնական դերակատարների միջև անհրաժեշտ փոխհամաձայնություն Ադրբեջանի և նրա էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) և, համապատասխանաբար, Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցության ապահովման հարցում։
Դատելով վերջին իրադարձություններից՝ հակաիրանական լայնածավալ գործողության սպառնալիքը ներկայումս շատ մեծ է։ Այդ մասին են վկայում ինչպես Վաշինգտոնից և Թել Ավիվից ստացված վերջնագրերը, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերի հարվածային խմբավորումների ինտենսիվ կուտակումների մասին ստացվող տեղեկատվությունը։ Օբյեկտիվ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը ներառված է հակաիրանական արշավի իրականացման ռազմավարական ծրագրերում։ Դրա մասին ուղղակիորեն խոսվում է նաև Իրանում՝ մատնանշելով, որ Իսրայելը վերջին 10-15 տարվա ընթացքում հարավկովկասյան այս հանրապետությունում հետևողականորեն կառուցել է իր հետախուզական ենթակառուցվածքը և նպաստել ԱդրՀ-ի ռազմականացմանը, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում Թեհրանի անվտանգության համար՝ հաշվի առնելով վերջինիս խնդիրը՝ դրսից խթանվող, այսպես կոչված, «իրանցի ադրբեջանցիների» անջատողականությունը։
Հակաիրանական արշավանքին Ադրբեջանի ներգրավվածության աստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված կոալիցիայի գործողությունների նպատակներից և ծավալներից։ Արշավն ինքնին կարող է ներառել՝ 1) Իրանի միջուկային ենթակառուցվածքի ոչնչացում և դրանով սահմանափակում այս փուլում, 2) Իրանի ամենանշանակալի ռազմական օբյեկտների, արդյունաբերական և հումքային բազայի խափանում, ինչպես նաև ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարության վերացում, 3) ի լրումն վերը նշված կետերի՝ Իրանում հակակառավարական ընդվզումների կազմակերպում էթնիկ անջատողականության հիման վրա՝ պրոքսիների ներգրավմամբ և կոալիցիայի հատուկ նշանակության ուժերի սահմանափակ ցամաքային գործողություններով հանդերձ։ Ամերիկա-իսրայելական երկյակի հնարավոր գործողությունների շրջանակը կարող է բավականին լայն լինել, սակայն ցանկացած սցենարի դեպքում Ադրբեջանի տարածքը դաշնակիցների առանցքային ակտիվն է։ Սա նշանակում է, որ Իրանին նույնիսկ սահմանափակ օդային հարվածները կարող են իրագործվել առնվազն էլեկտրոնային հետախուզական միջոցների և ԱդրՀ-ում տեղակայված իսրայելական այլ հետախուզական ու ռազմական ենթակառուցվածքների ներգրավմամբ:
Սակավ հավանական է, որ ստեղծված իրավիճակում Բաքուն բաց թողնի ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» հարցում հակաիրանական կոալիցիայի անդամների միջև փոխհամաձայնության հասնելու հնարավորությունը։ Սա կարող է լինել այն գինը, որն Ադրբեջանն ակնկալում է իր համար վտանգավոր հակաիրանական նախաձեռնությանն ուղղակի կամ անուղղակի մասնակցության համար։ Բաքուն, ամենայն հավանականությամբ, կհիմնավորի հայկական տարածաշրջանի կամ դրա մի մասի նկատմամբ վերահսկողության հաստատման անհրաժեշտությունը՝ վկայակոչելով ՆԻՀ-ին սպառնացող մեկուսացումը և հարևան Իրանի կողմից հարձակման ենթարկվելու վտանգը։ Այս սպառնալիքը միանգամայն իրատեսական է, և Թեհրանն ինքը բազմիցս ակնարկել է ամերիկա-իսրայելական կոալիցիայի հարձակման դեպքում Ադրբեջանին իր պատասխան գործողությունների շրջանակում ներառելու հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, ՆԻՀ-ը կարող է դառնալ Իրանի համար պոտենցիալ թիրախ՝ անկախ Իրանի պատասխան գործողությունների ծավալից։ Բաքուն կձգտի միջազգային հարթակներում օրինականացնել «Զանգեզուրի բռնազավթումը»՝ որպես երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն «արմատական իսլամական վարչախմբի» ոտնձգություններից պաշտպանելու հարկադրական միջոց։
Իր հերթին, Ադրբեջանի ենթադրյալ հարվածը Սյունիքին և այս քայլին Իրանի հակազդեցությունը միայն կնպաստի Թեհրանի վիճակի վատթարացման ամերիկա-իսրայելական կոալիցիայի ծրագրերին, քանի որ դրանք նախադրյալներ կստեղծեն հակամարտությանը Թուրքիայի անմիջական միջամտության համար։ 15.06.2021-ի «Փոխօգնության մասին Շուշիի հռչակագրի» դրույթները ռազմարշավին մասնակցելու անհրաժեշտ քաղաքական և իրավական հիմքեր են տալիս Անկարային, որպեսզի վերջինս կարողանա շահաբաժիններ ստանալ ինչպես Իրանի հարցում ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, այնպես էլ Ադրբեջանում իր դիրքերը վերջնականապես ամրապնդելու առումով։ Արդյունքում կստացվի, որ Թուրքիան իրականացնում է ցամաքային «Թուրանի միջանցքի» ստեղծման իր վաղուց փայփայած ծրագիրը, որն ուղղակի մուտք է բացում դեպի Կասպիականի և Կենտրոնական Ասիայի տնտեսական պաշարները և այդ տարածաշրջաններում իր քաղաքական գերակայությունը:
Հարկ է հաշվի առնել, որ նման սցենարի դեպքում Հայաստանը կարող է բախվել շատ ավելի շոշափելի տարածքային կորուստների սպառնալիքի, քան, ասենք, հայ-իրանական սահմանի հատվածն է։ Համապատասխան աշխարհաքաղաքական իրավիճակի դեպքում խոսք կարող է գնալ ամբողջ Սյունիքի մարզը, հնարավոր է նաև Վայոց ձորը վերահսկելու ադրբեջանա-թուրքական ծրագրերի մասին։ Բաքուն կարող է չափազանց ձեռնտու համարել «հայկական սեպի» ճեղքումը Մեղրիից հնարավորինս հեռու գտնվող տարածքներում, ինչը առարկայական բարդություններ կներկայացնի Իրանի հնարավոր ռազմական հակաքայլերի համար։ Հեռակայությունը, բարդ լեռնային տեղանքը և անհրաժեշտ հուսալի ճանապարհների բացակայությունը ժամանակ կպահանջեն և զգալիորեն կնվազեցնեն ՀՀ-ին իրանական օգնության ազդեցությունը, եթե Թեհրանը որոշի այն տրամադրել, ինչի մասին բազմիցս պնդել են Իրանի պաշտոնատար անձինք: Բացի այդ, Սյունիքից հյուսիս գտնվող ճեղքման շրջանների ընտրությունն Ադրբեջանին թույլ կտա, եթե հաջողվի, կիսել Հայկական բանակը՝ փաստացի պատանդ վերցնելով տասնյակ հազարավոր սյունեցիների և վերջնականապես բարոյալքելով Երևանը:
Նման ծրագիրը, Բաքվի և Անկարայի շահերի տեսանկյունից, ենթադրաբար լիովին հնարավոր է և ամենաշահավետը։ Ամերիկա-իսրայելական կոալիցիայի տեսակետից դրա իրականացումը կարելի է համարել մեծ աշխարհաքաղաքական արկածախնդրություն, բայց եթե այն «բարենպաստ ելք» ունենա, ապա կարող է ձևավորվել Ադրբեջանից և Թուրքիայից բաղկացած «հակաիրանական հյուսիսային ճակատ», որն ամեն դեպքում կխոչընդոտի Իսլամական Հանրապետության ռազմավարական ելքը դեպի Եվրոպա և Ռուսաստան։
Չափազանց մեծ է իրանական պատերազմի մեջ Հարավային Կովկասի ներքաշվելու սպառնալիքը։ Թեհրանը հասկանում է, որ դա հենց այն ուղղությունն է, որով կոալիցիան կարող է ձգտել ԻԻՀ-ին մղելու ոչ միայն զուտ պաշտպանական կանխարգելիչ միջոցառումների, այլ նաև ցամաքային ուժերի և միջոցների ակտիվ, լայնածավալ նախահարձակ օգտագործման, ինչը հղի է Իրանի հյուսիսային նահանգներում իրավիճակի համար անկանխատեսելի հետևանքներով: Ահա թե ինչու վերջին օրերին ԻԻՀ բարձրագույն քաղաքական իշխանության ներկայացուցիչները հաճախակի են այցելում Հայաստան և Ադրբեջան։ Ըստ երևույթին, Երևանում նրանք փորձում են ճշտել դիրքորոշումները և խորհրդակցել հայ գործընկերների հետ, իսկ Բաքվի դեպքում պատվիրակված են «վերջնական նախազգուշացում» փոխանցել հօգուտ հակաիրանական կոալիցիայի շահերի Ադրբեջանի ճակատագրական ընտրության ծանր հետևանքների մասին։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 04.04.2025 թ.: