Մեկնաբանություններ

ՄԱԿ-ը և միջազգային իրավունքի ճգնաժամը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 13.10.2024 թ.(1)

02.10.2024 թ. Իսրայելի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտարարել է անցանկալի անձ։ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը պաշտոնապես հայտնել է, որ Գուտերեշին արգելված է մուտք գործել հրեական պետություն։ Ի. Կացն այդ որոշումը բացատրել է նրանով, որ Ա. Գուտերեշը «հանդես չի եկել Իրանի հրթիռային հարվածի անվերապահ դատապարտմամբ»։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը «X» սոցցանցի իր էջում գրել է. «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ Իսրայելի հողի վրա ոտք դնելուն»։

Դրանով հանդերձ, ՄԱԿ-ի ստեղծման ողջ պատմության ընթացքում առաջին անգամ այդ, թվում է թե ամենաազդեցիկ միջազգային կառույցի անդամ-երկիրը նման պատժամիջոց է կիրառել դրա ղեկավարի հանդեպ։ Դեպքն աննախադեպ է, ինչի մասին վկայում է ՄԱԿ-ի ինչպես շարքային, այնպես էլ առանցքային անդամ-երկրների, ներառյալ՝ Անվտանգության խորհրդի անդամների արձագանքը։ Կացի հայտարարությունից մեկ ժամ անց այդ համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վ. Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի վարմունքն անվանել է «գյադայական արարք» և «ապտակ» Անվտանգության խորհրդին։ Այդ հարցի առնչությամբ առավել զուսպ է արտահայտվել ԱՄՆ-ը, սակայն նույնպես հասկացնելով, որ Թել Ավիվի նման վարքագիծը դուրս է գալիս թույլատրելի նորմերի շրջանակներից։ ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մ. Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Իսրայելի գլխավոր դաշնակից Վաշինգտոնը նրա վարմունքը չի ողջունում. «Մենք չենք համարում, թե այդ քայլն արդյունավետ կլինի այս կամ այն տեսքով»։ Իր հերթին՝ Չինաստանը նույնպես աջակցություն է հայտնել Ա. Գուտերեշին՝ դատապարտելով Թել Ավիվի արարքը։ ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգի խոսքով՝ Պեկինը հանդես է գալիս «Իսրայելի անհիմն որոշման դեմ, որն իր իսկ դեմ է»։

Համանման ուղերձներով արդեն շատ երկրներ են հանդես եկել՝ ինչպես այդ միջազգային կազմակերպություններում դեսպանների, այնպես էլ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և պետությունների առաջին դեմքերի մակարդակով, ինչը վկայում է, որ իսրայելական նախաձեռնությունը մեծ արձագանքի է արժանացել։ Միջազգային լսարանի համար խոսքը վերաբերում էր ոչ թե ՄԱԿ-ի այս կամ այն որոշման դեմ դեմարշին և ոչ էլ, պարզապես, նրա պասիվության դատապարտմանը, այլ միջազգային իրավաքաղաքական կառույցի բարձրագույն ներկայացուցչի կարգավիճակում գտնվող անձի նկատմամբ նսեմացնող վերաբերմունքին, կառույց, որը հանդիսանում է գոյություն ունեցող աշխարհակարգի կանոնները պահելուև պահպանելու երաշխավոր։

Եվ, այնուամենայնիվ, ճիշտ չէր լինի պնդել, որ աննախադեպ աղմկահարույց միջադեպի պատճառը գլխավորապես «Իսրայելի լկտիությունն ու իրականության բթացած ընկալումն» է, ինչի մեջ արդեն հասցրել են մեղադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք ոչ մշտական անդամներ։ Իսրայելի ներկայիս իշխանությունների ինքնավստահությունն ու բացառապես սեփական շահերի և ամենաթողության ու սեփական անմեղության վարկածի տեսանկյունից իրադարձությունների մեկնաբանումը վաղուց գաղտնիք չէ։ Ուշագրավ է, որ այն շարժառիթները, որոնք Իսրայելին մղել են դեմարշի դիմել ՄԱԿ-ի դեմ, չեն բխում այդ կառույցի անգործությամբ պայմանավորված «վրդովմունքից»՝ ի պատասխան պաղեստինյան և իրանական «ագրեսիային»: Առավել քան կարևոր դեր է խաղացել հենց իր՝ հրեական պետության անպատժելիության զգացումը, որը ՄԱԿ-ի կողմից որևէ պատժի չարժանացավ նույն այդ Իրանի, Պաղեստինի և այլ՝ իր հանդեպ թշնամաբար տրամադրված միջազգային սուբյեկտների նկատմամբ՝ իր թույլ տված միջազգային նորմերի և կանոնների կոպիտ խախտումների համար։ Նույնիսկ ՄԱԿ-ի պաշտոնական արբիտրաժը այլևս կորցրել է իր նշանակությունը Թել Ավիվի համար։

Ինչպե՞ս է ՄԱԿ-ը թույլ տվել իր հեղինակությունն իջնի նման մակարդակի։ Ո՞րն է հենց կազմակերպության մեղքի և նրա հաստատութենական անկարողության չափը, որ հնարավոր է դարձրել նման միջադեպը։ Չէ՞ որ օբյեկտիվության տեսակետից, հաշվի առնելով միջազգային ասպարեզում ՄԱԿ-ի գործունեությանը վերաբերող բազմաթիվ հարցերը, վերոնշյալ աղմկահարույց քայլով կարող է աչքի ընկնել ոչ միայն Իսրայելը, այլև մեծ թվով այլ երկրներ, որոնք զրկված են միջազգային հանրության ուշադրությունից և արդարությունից։ Այլ հարց է, որ տվյալ պահին հենց հրեական պետությունն է օժտված այն աստիճանի ինքնուրույնությամբ և ուժով, ինչը նրան թույլ է տալիս «ապտակ հասցնել» գերիշխող միջազգային հաստատությանը։ Եվ խոսքը ոչ թե  հենց կազմակերպության, և, հատկապես, ոչ էլ դրա գլխավոր քարտուղարի անձի մասին է, այլ հենց միջազգային իրավունքի համապիտանի հաստատության, որի համակարգաստեղծ օղակը ՄԱԿ-ն է։ Իսրայելը դրանով իսկ հրապարակավ հնչեցրել է այն ճշմարտությունը, որը գիտեին բոլորը, բայց նախընտրում էին չբարձրաձայնել. միջազգային իրավունքն այլևս չի գործում։ Հետևապես, երկրների շահերի օրինականացման միակ աղբյուրը համարվում է միայն «ուժի իրավունքը», և հենց դա է ի վիճակի հաստատելու նոր կանոններ ու նոր կարգեր։

«Ուժի իրավունքը», ըստ էության, արդեն վաղուց գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունը ձևավորող հրամայական նորմ է, որը թաքնված է արդարության ու մարդասիրության իբրև թե գործող և համապիտանի սկզբունքների հետևում: Արդի միջազգային իրավունքի համակարգի կայացման պատմության դիտարկումը թույլ է տալիս առանձնացնել երկու հիմնական գործոններ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են այդ հաստատությանը պատուհասած ճգնաժամի առանցքային պատճառները։ Խոսքը վերաբերում է, նախ և առաջ, ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում ազդեցության ոլորտների և տարածությունների վերակազմակերպման գործընթացին, ինչը ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական հին կոնֆիգուրացիաների ապամոնտաժումը և նորերի կառուցումն անհնարին է միջազգային իրավունքի տառի պահպանման պարագայում։ Իսկ երկրորդը՝ տեխնոլոգիական առաջընթացի համապատկերում իր ծանրակշիռ դերն է խաղացել հանրությունների արժեքային համակարգի աստիճանական անկումը՝ ձևավորելով սոցիումի մի նոր տեսակ, որն առանձնանում է սպառողականությանը նվիրվածությամբ և բարոյականության ու մարդասիրության համընդհանուր նորմերի մերժմամբ։ Հարմարակեցությունը, անհոգևորությունը և անտարբերությունը դարձել են հասարակության վարքագծի չափանիշներ՝ շատ հարցերում կանխորոշելով նոր քաղաքական հայացքների և ընտրանիների առաջնահերթությունների համապատասխան միջավայրը։ 20-րդ դարի 40-ական և 50-ական թվականներին աշխարհը համակած հոգևորության և մարդասիրության աճի ալիքը, որը հանգեցրել է աշխարհում ապագաղութացման և հասարակության անապահով շերտերի համար «բոնուսների», կտրուկ հետ է գլորվել՝ մակերեսին թողնելով այս տասնամյակների ընթացքում կուտակված հակասություններն ու հավակնությունները։ Աշխարհակարգի վերակազմավորման գործընթացը ձեռք է բերել տարբեր գաղափարական շրջանակներ՝ կախված գլոբալ խաղացողներից և նրանց նպատակներից։ Արևմուտքը գործում էր աշխարհի «գլոբալացման» և «ազատականացման» գաղափարական հայեցակարգերով, մինչդեռ գլոբալ Արևելքը ծնեց բազմաբևեռության, բազմազանության և աշխարհի մշակութա- քաղաքակրթական բազմազանության պահպանման գաղափարներ։

Միևնույն ժամանակ, չնայած տրամագծորեն հակառակ ձգտումներին և դրանցից բխող տարբեր գործնական խնդիրներին, երկու բևեռներն էլ պաշտոնապես ցույց տվեցին համապատասխանություն միջազգային իրավունքին, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և կոդավորված նորմերի ու կանոնների փաթեթներով, որոնք համընդհանուր են ճանաչվել ողջ խաղաղ հանրության համար:

Միջազգային իրավունքի բուն տառը, ճիշտ Հին Կտակարանի պես, որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել և խմբագրման կամ ճշգրտման ենթակա չի եղել: Սակայն դրա փոխարեն օրենքը ենթարկվել է համատարած խախտման իր անփույթ մեկնաբանության միջոցով: Հենց միջազգային իրավունքի ազատ մեկնաբանության գործոնն էր, որ ճանապարհ բացեց գլոբալ աշխարհաքաղաքական առճակատման դերակատարների համար՝ առաջ մղելու իրենց շահերը՝ շրջանցելով գոյություն ունեցող աշխարհակարգի հռչակված նորմերը և կանոնները։ Եվ հենց այս հանգամանքն էլ դարձավ «երկակի ստանդարտների» քաղաքականության ի հայտ գալու պատճառը, որը լճացման մեջ գցեց ՄԱԿ-ի հաստատությունը։

Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի ռմբակոծությունները, որոնք արտոնված չէին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոնսենսուսային որոշմամբ, բայց իրականացվել են հղում կատարելով աշխարհում անվտանգության պաշտպանության վերաբերյալ այս կազմակերպության բոլոր դրույթների վրա, անհեթեթություն են՝ հիմնված «այստեղ օրենքը պետք է հարգվի, իսկ այնտեղ այն պարտադիր չէ» սկզբունքի վրա։ Շատ առումներով, բուն միջազգային իրավունքի դրույթների խառնաշփոթը և միանշանակ փաստարկների ու միասնական մեկնաբանության բացակայությունը հեշտացրել են խախտողների գործը։ ՄԱԿ-ի Կանոնադրությունը և այս կազմակերպության կողմից ընդունված հարյուրավոր ակտեր դեռևս չեն նպաստել հայեցակարգային ապարատի հստակ քաղաքական և իրավական սահմանազատմանն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են «սահմանների անձեռնմխելիությունը» և «ինքնորոշման իրավունքը», «հարևան երկրի տարածքների բռնազավթումը» և «անվտանգության բուֆերային գոտու ստեղծումը», «ահաբեկչական գործունեությունը» և «հարկադրված ինքնապաշտպանությունը»։

Հաշվի առնելով այս հասկացությունների որակավորման չափանիշների և մեթոդաբանության փաստացի անորոշությունը, ինչպես նաև հզոր քաղաքական լոբբինգի առկայությունը, միջազգային իրավունքի հաստատությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, սկսեց բոլորովին այլ գնահատականներ տալ և ընտրովի մոտեցումներ կիրառել համանման խնդիրների նկատմամբ։ Հարավային Սուդանի անջատումը որակվեց որպես ինքնորոշման իրավունքի իրացման ակտ, մինչդեռ Ադրբեջանից անկախանալու Ղարաբաղի հանրաքվեն մեկնաբանվեց որպես միջազգային իրավունքին չհամապատասխանող։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մեկնաբանվում է որպես ագրեսիայի և օկուպացիայի ակտ, մինչդեռ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսային տարածքների գրավումը գործնականում ողջունվում է՝ նկատի առնելով թուրքական սահմանների անվտանգության հրամայականը։ Հյուսիսային Կովկասում ահաբեկչական սինդիկատների գործողությունները ներկայացված են ազատագրական ապստամբական պատերազմի պրիզմայում, մինչդեռ Գազայի խաղաղ բնակչության դեմ իսրայելցիների պատժիչ զանգվածային գործողությունները մեկնաբանվում են որպես «լայնածավալ հակաահաբեկչական գործողություն»։

Միջազգային իրավունքի ինստիտուտների անկարողության մեկ այլ կարևորագույն ցուցանիշ է միջազգային կարգը և դրա կանոնները խախտող երկրներին և այլ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու անբողոքարկելի միջոցների մեխանիզմի բացակայությունը։ ՄԱԿ-ի քաղաքականության մեջ պատժամիջոցների պրակտիկան ընտրանքային է՝ վերստին հաշվի առնելով ներքին և արտաքին լոբբինգը։ Այս ոլորտում ճգնաժամի ամենախոսուն օրինակը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Հաագայի Միջազգային դատարանի բազմաթիվ վճիռներն են, որոնց կիրարկումը ամբաստանյալ երկրները դանդաղեցնում կամ բացարձակապես անտեսում են։

Միջազգային դատարանն ինքը չունի պատասխանող կողմերին հարկադրելու գործիքներ, սակայն ՄԱԿ-ը, որը ստեղծել և երաշխավորում է Միավորված ազգերի կազմակերպության այս կառույցի աշխատանքը, կարող է և իրավունք ունի պատժամիջոցային ճնշում նախաձեռնել ինչպես սեփական, այնպես էլ այլ կառույցների, ինչպես նաև հենց կազմակերպության անդամ երկրների հաստատութենական կարողությունների միջոցով։ Այնուամենայնիվ, դա միշտ չէ, որ արվում է, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն կազմակերպության աշխատանքի որակն ու կարողությունները, այլև դրա հեղինակությունը: «Մեղք–պատասխանատվություն–հարկադրանք» տրամաբանության մեջ ՄԱԿ-ի գործողությունների ալգորիթմների աստիճանական անկման հստակ ապացույցը կրկին կարող է լինել Ղարաբաղյան օրակարգի դրվագներից մեկը։ 2023 թ. փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի Հանրապետության պահանջով «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» դրույթների շրջանակներում Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բաքուն ոչ միայն չկատարեց այս պահանջը, այլև խստացրեց Արցախի Հանրապետության շրջափակումը, որից հետո իրականացրեց դրա ռազմական զավթումն ու կազմակերպեց էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հաագայի դատարանը հաստատեց Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և իր պարտավորությունների կոպիտ խախտումը։ Դատարանի արձագանքն ակնհայտորեն օրինականացրեց այն պատժամիջոցները, որոնց ՄԱԿ-ը կարող էր դիմել՝ Բաքվին պատասխանատվության ենթարկելու մասով: Սակայն ՄԱԿ-ը ոչինչ չարեց՝ դրանով իսկ Բաքվի համար ճանապարհ հարթելով ապագայում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող նմանատիպ քայլերի դիմելու համար։

Հակամարտությունների բազմաթիվ դրվագներում և, ընդհանրապես, բոլոր միջազգային հարցերում ՄԱԿ-ի վարքագծի նման մարտավարությունը առիթ է տվել, որ աշխարհում միջազգային իրավունքի գրեթե բոլոր սուբյեկտ–շահառուները այս միջազգային կազմակերպությանը մեղադրեն թուլության, կոռուպցիայի և հարմարվողականության մեջ։

Չխորանալով ՄԱԿ-ին առաջադրված բոլոր մեղադրանքների մանրամասների մեջ, պետք է նշել, որ «հարմարվողականություն» սահմանումը, մեր կարծիքով, առավել համապարփակ է արտացոլում միջազգային ասպարեզում այս կառույցի վարքագծի և գործողությունների բնույթը։ Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի հաստատությունը, որն ի սկզբանե մտածված էր որպես համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացները հավասարակշռող մարմին, ի զորու չէ իր կշիռն ու գործառույթները «պաշտպանել» միջազգային քաղաքականության հիմնական խաղացողների անմիջական ազդեցությունից։ ՄԱԿ-ը միջազգային իրավիճակից և ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունից ամբողջովին կախված կառույց է։ Բայց, դրա հետ մեկտեղ, առարկայական իրականությունը հուշում է, որ այս կազմակերպությունը, երկար ժամանակ խճճված լինելով գլոբալ կենտրոնների շահերի և հակասությունների մեջ, այսուհետ ի վիճակի չէ հավակնել միջազգային իրավունքի «քարե տախտակի» պահառուի դերին։ Եվ, փաստորեն, խնդիրը ոչ թե բուն ՄԱԿ-ի, նախորդ աշխարհակարգի բուրգի այս ձևական վերնաշենքի մեջ է, այլ հենց այս կարգի վերակազմակերպման մեջ, որը Երկրորդ աշխարհամարտի հետևանք էր, սակայն արդեն ժամանակավրեպ նորագույն իրողություններում:

Միջազգային իրավունքի «քարե տախտակները» չեն խմբագրվի, բայց քանի դեռ աշխարհը գտնվում է իր նոր կազմաձևման և արժեքային համակարգի որոնման գործընթացում, այդ իրավունքը չի գործելու: Իսկ առայժմ՝ սոսկ «ուժեղի իրավունքն» է լիարժեք գործողության և հարգ ու պատվի մեջ, ինչը Իսրայելն առաջինն էր, որ բացահայտ և առանց ձևականության ցուցադրեց։