Սեղմագիր
Հետխորհրդային շրջանում ռուս-իրանական հարաբերությունները զարգանում են ընդհանուր առմամբ դրական հունով։ Երկու երկրների գործակցությունը ներկա պահին հասունացել է ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մոսկվան ու Թեհրանը լայնորեն համագործակցում են ռազմաքաղաքական, տնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։ Այնուամենայնիվ, երկու տերությունների հարաբերություններում առկա են նաև որոշակի մրցակցության տարրեր, ինչպիսիք են, օրինակ, պայքարը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ազդեցության համար, մրցակցությունը միջազգային էներգետիկ շուկայում և այլն։ Հարավային Կովկասի երկրների պատմական և աշխարհաքաղաքական առանձնահատկություններով պայմանավորված՝ Մոսկվա–Թեհրան հարաբերությունները տարբեր կերպ են անդրադառնում դրանցից յուրաքանչյուրի վրա։
РОССИЙСКО-ИРАНСКИЕ ОТНОШЕНИЯ И ЮЖНЫЙ КАВКАЗ
Овян В. Р.
Аннотация
Российско-иранские отношения в постсоветский период развиваются в общем в положительном русле. Сотрудничество двух стран в настоящий момент достигло уровня стратегического партнёрства. Москва и Тегеран широко сотрудничают в военно-политической, экономической, научно-образовательной и культурной сферах. Тем не менее, в отношениях двух держав существуют также элементы определённой конкуренции, такие как, например, соперничество за влияние на Ближнем Востоке и Южном Кавказе, конкуренция в международном энергетическом рынке и т. д. В силу исторических и геополитических особенностей стран Южного Кавказа, отношения Москва–Тегеран влияют на каждую из них по-разному.
RUSSIAN-IRANIAN RELATIONSHIP AND SOUTH CAUCASUS
Hovyan V. R.
Summary
In the post-Soviet period, Russian-Iranian relationship has generally developed within a positive framework. The cooperation between the two countries has matured into a strategic partnership. Moscow and Tehran cooperate broadly in the military-political, economic, scientific-educational, and cultural spheres. However, the relationship between these two powers also contains elements of rivalry, such as competition for influence in the Middle East and South Caucasus, and competition in the international energy market, among others. Conditioned by the historical and geopolitical peculiarities of the South Caucasian countries, Moscow-Tehran relations impact each of them differently.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստան-Իրան հարաբերություններն ունեն դարերի պատմություն։ Դրանք առավել բովանդակալի կերպով սկիզբ են առնում դեռևս 17-րդ դարավերջից 18-րդ դարասկիզբ ընկած ժամանակահատվածում, երբ հզորացման ուղին բռնած Ռուսական կայսրությունը ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը նաև դեպի հարավ։ Այն ժամանակ Հարավային Կովկասը, որը գտնվում էր շահական Պարսկաստանի կազմում, վերածվեց կռվախնձորի երկու տերությունների միջև։ Այս իրավիճակը պահպանվեց մինչև 19-րդ դարի առաջին երեսնամյակը և ավարտվեց տարածաշրջանի միացմամբ Ցարական Ռուսաստանին։
Հետխորհրդային շրջանում Հարավային Կովկասում ձևավորվեց երեք միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը(3), որոնք որոշակի ընդհանրություններով հանդերձ ունեն նաև պատմական և աշխարհաքաղաքական տարբերություններ։ Միաժամանակ, տարածաշրջանին սահմանակից երեք տերությունները՝ Ռուսաստանը (ՌԴ), Իրանը (ԻԻՀ) և Թուրքիան (ԹՀ), ձգտում են ոչ միայն պահպանել, այլև ընդլայնել իրենց ներկայությունն այստեղ։ Հետևաբար, Հարավային Կովկասի երկրների վրա մեծ ազդեցություն են գործում ոչ միայն եռակողմ՝ ռուս-թուրք-իրանական առնչությունները, այլև այդ տերությունների երկկողմ հարաբերությունները՝ ՌԴ–ԻԻՀ, ՌԴ–ԹՀ, ԻԻՀ–ԹՀ։ Այդ հարաբերություններից է կախված ոչ միայն պատերազմի և խաղաղության, անվտանգության և կայունության, այլև տնտեսական զարգացման ու բարօրության հարցը ողջ Հարավային Կովկասում։
Հոդվածը անդրադառնում է հետխորհրդային շրջանում ռուս-իրանական հարաբերություններին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։ Այս համատեքստում դիտարկվում է երկու տերությունների միջև հարաբերությունների ընդհանուր բնույթը, վերհանվում են նրանց միջև համագործակցության եզրերն ու շահերի բախման կետերը։ Վերլուծվում է նաև ռուս-իրանական հարաբերությունների ազդեցությունը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վրա։
ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Առաջին սառը պատերազմի ավարտը և ԽՍՀՄ անկումը (1991 թ.) նոր փուլի մեկնարկ դարձան թե՛ ՌԴ և թե՛ ԻԻՀ արտաքին քաղաքականության համար։ Հետխորհրդային ժամանակաշրջանում Մոսկվա–Թեհրան հարաբերություններն էապես պայմանավորված են եղել հետևյալ աշխարհաքաղաքական իրողություններով.
- Երկբևեռ աշխարհակարգի ավարտը։
- Նոր աշխարհակարգի վերաբերյալ երկու տրամագծորեն հակադիր ընկալումների ու «նախագծերի» առկայությունը։ Արդեն իսկ 1990-ական թթ. միաբևեռ համաշխարհայնացման (գլոբալացման) ամերիկյան նախագծին հակադրվելու եկավ բազմաբևեռ աշխարհակարգի վերաբերյալ ռուսական տեսլականը, որի հեղինակն ու ջատագովը ՌԴ նախկին ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովն էր։ Տեսլականը նպաստեց ռեգիոնալացման, այն է՝ տարածաշրջանային դաշինքների ձևավորման վերաբերյալ գաղափարների տարածմանը։
- Իրան-Արևմուտք հակադրությունը, որը ոչ միայն չավարտվեց հետխորհրդային շրջանում, այլև շարունակում է խորանալ նաև այսօր։
- 2010-ական թթ. կեսերից սկիզբ առած նոր սառը պատերազմը, որի ամենաակնառու դրսևորումը Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների աննախադեպ սրումն է։ Վերջինս 2020 թ. փետրվարին հանգեցրեց ռուս-ուկրաինական պատերազմին, որը շարունակվում է առ այսօր և որի հանգուցալուծումը, հակառակ միջազգային ջանքերին, դեռևս չի երևում։
Իրանը Ռուսաստանի համար որպես ռազմավարական գործընկեր և հնարավոր դաշնակից կարևորվում է որոշ աշխարհաքաղաքական գործոնների բերումով։ Այն 1.648.000 կմ2 տարածքով Մերձավոր և Միջին Արևելքի խոշորագույն պետություններից մեկն է, ունի մի քանի ելք դեպի ծով (Կասպից ծով, Պարսից և Օմանի ծոցեր)(4), ինչն էապես դյուրացնում է հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։ Իրանի ընդերքը հարուստ է բնական հանածոներով, մասնավորապես՝ էներգակիրներով։ Նավթի հետազոտված պաշարները գնահատվում են շուրջ 8 մլրդ տոննա, իսկ բնական գազի արդյունահանման ցուցանիշով ԻԻՀ-ը 2-րդն է աշխարհում։ Իրանը հարուստ է նաև այլ ռազմավարական հանածոներով՝ պղինձ, քրոմ, անագ, կոբալտ և այլն(5)։
Իսլամական Հանրապետությունը անդամակցում է ավելի քան 40 միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ՄԱԿ-ին և դրա մասնագիտացված կազմակերպություններին (ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ, ԱԷՄԳ (ՄԱԳԱՏԵ), ԱՄՀ և այլն), Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը, Իսլամական զարգացման բանկին, ՆԱԵԿ (ՕՊԵԿ)-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ԲՐԻԿՍ-ին և այլն։ Այն ունի դիտորդ երկրի կարգավիճակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում(6)։
Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած բազմաբևեռ աշխարհի հայեցակարգը(7) համահունչ է տարածաշրջանային առաջնորդության հասնելու Իրանի ձգտումներին, ինչը լուրջ նախադրյալ է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հաստատման և խորացման համար։ Այն ընդգրկում է ամենատարբեր բնագավառներ՝ անվտանգություն, տնտեսություն, գիտություն, կրթություն և այլն։
Մոսկվա–Թեհրան հարաբերությունների համար ակնհայտ դրական ժամանակաշրջանին կարելի է վերագրել 2012 թ.-ին սկիզբ առած և մինչ օրս շարունակվող համագործակցության զարգացման արդի փուլը։ Այն բնորոշվում է դիվանագիտական շփումների աշխուժացմամբ, ապրանքաշրջանառության աճով, համապարփակ տնտեսական փոխգործակցության ընդհանուր դրական միտումով։
Մոսկվային և Թեհրանին միավորող կարևորագույն գործոնների թվում են երկու երկրների նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները։ 2022 թ. մարտից Ռուսաստանը իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների թվով առաջին տեղում է աշխարհում՝ գերազանցելով Իրանին, որը ներկա դրությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Արևմտյան պատժամիջոցները սահմանափակում են Մոսկվայի և Թեհրանի արտաքին քաղաքական փոխգործակցության հնարավորությունները՝ ստիպելով միմյանց մեջ տեսնել պոտենցիալ գործընկերոջ։ Դա է պատճառը, որ ռուս-իրանական հարաբերությունները զարգացման մեծ խթան ստացան հատկապես ուկրաինական ճգնաժամի սրման համատեքստում։ Այսպիսով, Մոսկվա–Թեհրան հարաբերությունների զարգացումը երկու կողմի համար էլ շահավետ է, քանի որ որոշակիորեն չեզոքացնում է արևմտյան պատժամիջոցների հետևանքները։
2024 թ. հոկտեմբերի 23-ին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուս-իրանական կապերը վերելք են ապրում, կրում են իսկապես բարեկամական, կառուցողական բնույթ։ «Շուտով մենք կարող ենք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր մեծ միջպետական պայմանագրով», – ասել է Վ. Պուտինը(8)։
Նշյալ հանդիպման ժամանակ Վ. Պուտինը նշել է նաև, որ Մոսկվայի և Թեհրանի մոտեցումները համաշխարհային օրակարգի նկատմամբ մոտ են կամ լիովին համընկնում են։ «Մեզ միավորում է արդարացի բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման, միջազգային նորմերի պահպանման, ՄԱԿ-ի կենտրոնական դերի պահպանման ձգտումը», – ավելացրել է ՌԴ նախագահը(9)։
Ավելի վաղ՝ 2024 թ. հոկտեմբերի 11-ին Աշխաբադում տեղի ունեցած երկու նախագահների հանդիպմանը Վ. Պուտինն ասել է. «Իրանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար առաջնայնություն ունեն և զարգանում են շատ հաջող»(10)։ Ըստ նրա՝ Մոսկվան ու Թեհրանը աշխուժորեն համատեղ աշխատում են միջազգային ասպարեզում, նրանց գնահատականները աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հաճախ մոտ են, նույնիսկ համընկնում են(11)։
Իսկ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիտարկմամբ՝ Ռուսաստան–Իրան հարաբերությունները անկեղծ են և օրըստօրե բարելավվում են տարբեր ոլորտներում։ «Ուշադրության կենտրոնում ունենալով իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդի կամքը՝ Ռուսաստան–Իրան հարաբերությունները պետք է օրըստօրե բարելավվեն ու ամրապնդվեն։ Ռուսաստանն ու Իրանն այսօր շատ հնարավորություններ ունեն և պետք է աջակցեն միմյանց։ Երկու երկրների սկզբունքները նման են, դիրքորոշումները միջազգային ասպարեզում՝ նույնպես», – նշում է ԻԻՀ նախագահը(12)։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԵՎ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԵՏԵՐ
Ինչպես նշվեց վերը, ռուս-իրանական համագործակցությունը բավականին լայն է և ընդգրկում է ամենատարբեր բնագավառները՝ անվտանգություն, տնտեսություն, գիտություն, կրթություն և այլն։
ՌԴ և ԻԻՀ ռազմավարական գործակցությունը ազգային և միջազգային անվտանգության բնագավառում ենթադրում է.
ա) համաձայնեցված գնահատական թե համաշխարհային, թե տարածաշրջանային իրավիճակին և դրա զարգացման միտումներին,
բ) աշխարհակարգի երկուստեք ցանկալի մոդել և դրա կառուցման ռազմավարություն,
գ) կենսագործունեության առաջնային սկզբունքների և հոգևոր արժեքների համընկնող կամ միմյանց մոտ համակարգեր,
դ) միջազգային անվտանգային համակարգի ընդհանուր ընկալում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա,
ե) համագործակցություն և փոխօգնություն միմյանց պետականության և անվտանգության ամրապնդման գործում(13)։
Մոսկվան ու Թեհրանը ունեն թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային մակարդակով ռազմավարական համագործակցության հարուստ փորձ։ Դեռևս 1990-ական թթ. երկու երկրները, և, առաջին հերթին, դրանց հատուկ ծառայությունները, արդյունավետ կերպով համատեղ աշխատել են աֆղանական ուղղությամբ՝ ընդդեմ թալիբների, կասեցրել արյունահեղությունը և կայունացրել իրավիճակը Տաջիկստանում, գործակցել չեչենական անջատականության դեմ պայքարում։
Սիրիայում ռուսական և իրանական զինված ուժերի համատեղ գործողությունները նույնպես ժամանակին տվեցին ցանկալի արդյունք՝ կանխելով սիրիական պետականության կործանումը։ Առհասարակ, սիրիական ճգնաժամի համատեքստում ՌԴ-ն ու ԻԻՀ-ը հատկապես 2015 թ.-ից աշխուժորեն համագործակցում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։
Ռուսաստանը Սիրիական կարգավորման բանակցային գործընթացում Թեհրանի ընդգրկման նախաձեռնողն է եղել, ինչի համար ծանրակշիռ հիմք է ծառայել հիմնախնդրի վերաբերյալ երկու երկրների մոտեցումների ընդհանրությունը(14)։ ՌԴ-ն, ԻԻՀ-ը և ԹՀ-ը հանդիսանում են Սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձևավորված «Աստանայի ձևաչափի» երաշխավոր երկրներ։
Չնայած Մոսկվայի և Թեհրանի հերքումներին, արևմտյան մամուլն ու պետական գործիչները շարունակաբար հայտարարում են նաև ուկրաինական պատերազմում ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Համաձայն արևմտյան պնդումների՝ Իրանը Ռուսաստանին մատակարարում է ԱԹՍ-ներ և բալիստիկ հրթիռներ։
Ընդհանուր առմամբ Իրանն ու Ռուսաստանը կենտրոնական աշխարհաքաղաքական դիրք են զբաղեցնում Եվրասիական մայրցամաքում, տիրապետում են ռազմավարական առումով կարևոր բնական, ժողովրդագրական և տնտեսական ռեսուրսների, ինչպես նաև նշանակալի ռազմական ներուժի։ Այդ պատճառով էլ Մոսկվա–Թեհրան ռազմավարական գործակցությունը դիտվում է որպես միջազգային անվտանգության գործոն(15)։
Բացի երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ձգտումից, Մոսկվա–Թեհրան ռազմաքաղաքական համագործակցության զարգացումը պայմանավորված է նաև մի շարք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոններով։ Նախ, ինչպես վերը նշվեց, երկու տերություններն էլ գտնվում են Արևմուտքի նմանատիպ պատժամիջոցների ներքո։ Բացի այդ, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, նրանց պատկերացմամբ, պետք է ապահովվեն առանց արտատարածաշրջանային գործընկերների ներգրավման, ինչի համար անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանային միություններ և տարածաշրջանային մակարդակով լուծել առկա հակամարտությունները։ Այս համատեքստում է թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի կողմից կարևորվում Հարավային Կովկասում խնդիրների հաղթահարման և համագործակցության խթանման նպատակով հիմնված «3+3 ձևաչափը» (ՀՀ, Վրաստան, ԱդրՀ, ՌԴ, ԻԻՀ, ԹՀ)։ Ռուսաստանն ու Իրանը աշխուժորեն մասնակցում են այս ձևաչափի աշխատանքներին։
Իրանն, առհասարակ, դուրս է գտնվում հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգերից։ Այդ երկրի արտաբլոկային կարգավիճակը, արտասահմանյան գործընկերների հետ երկկողմ կապերը զարգացնելու դրա հակվածությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում սպառազինությունների ոլորտում ռուս-իրանական սերտ համագործակցության համար։ Թեհրանը Մոսկվային առաջարկում է ռազմատեխնիկական համագործակցության նոր մակարդակ՝ համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ (ԳՀՓԿԱ)։ Իրանը հավակնում է ոչ միայն ռուսական զենքի գնորդի դերին, այլև Մոսկվայի հետ իրավահավասար գործընկերության ԳՀՓԿԱ-ի և սպառազինությունների արդիականացման ոլորտներում։ Մոսկվան, իր հերթին` ի դեմս Թեհրանի, տեսնում է ռազմավարական գործընկեր, որն ի վիճակի է ուժերի հավասարակշռության միջոցով անվտանգության համար բարենպաստ պայմաններ ապահովել Մերձավոր և Միջին Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովի տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում։
ՌԴ–ԻԻՀ համագործակցության մյուս կարևոր բնագավառը տնտեսությունն է, որտեղ չափազանց կարևոր նշանակություն ունի նոր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումը։ Այն կոչված է զարկ տալու երկու երկրների առևտրաշրջանառությանը։
Տրանսպորտային և լոգիստիկ ոլորտի առավել նշանակալի նախագծերից հարկ է հիշատակել «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կարող է դառնալ չինական «Մետաքսի ճանապարհի» մի մասը։ Այն ընդհանուր 7.2 հազար կմ երկարությամբ երթուղի է Սանկտ-Պետերբուրգից մինչև Հնդկաստանի Մումբայ (նախկին՝ Բոմբեյ) նավահանգիստ և նախատեսված է Հնդկաստանից, Իրանից ու Պարսից ծոցի այլ երկրներից Կասպից ծովով ու Ռուսաստանի տարածքով դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա բեռնափոխադրումների համար։ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման շրջանակներում ռուս-իրանական գործակցության առաջնահերթություններից են Իրանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը միտված խոշորամասշտաբ ծրագրերը։
Հնդկաստանը բալթյան երկրների հետ միավորող «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի տնտեսության զարգացման համար։ Այն նկատելիորեն դյուրացնում է ապրանքների փոխադրումը երկրի ներսում, նպաստում առևտրի աշխուժացմանը։
Մեկ այլ կարևոր նախագիծ է Կասպից ծովը Պարսից ծոցին կապող ջրանցքի կառուցումը։ Ակնկալվում է, որ Ռուսաստանը կմիանա այդ նախագծին, որի արժեքը գնահատվում է $7 մլրդ։ Ծրագրվում է այն ավարտել 2030 թ.-ին։ Դրա շնորհիվ Կասպից ծով ելք ունեցող երկրները՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը, Իրանը, կկարողանան տեղափոխել նավթն ու բնական գազը նաև ջրային ճանապարհով։ Կասպից ծովի և Պարսից ծոցի միացումն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, քանի որ դրա արդյունքում կձևավորվի միջօրեականային տրանսպորտային միջանցք՝ ի հավելումն նոր չինական «Մետաքսի ճանապարհի»։ Իրանական ջրանցքի կառուցումը կնվազեցնի բեռնափոխադրումների ծախսը ավելի քան 20%-ով՝ Սուեզի ջրանցքով ապրանքների փոխադրման համեմատ(16)։
Ռուս-իրանական տնտեսական գործակցության առաջնահերթությունների շարքում է նաև էներգետիկան։ ՌԴ-ն Իրանի կարևոր գործընկերն է միջուկային տեխնոլոգիաների յուրացման հարցում։ Այս համատեքստում առկա են այնպիսի խոշորամասշտաբ համատեղ ծրագրեր, ինչպիսիք են «Բուշհեր» ատոմակայանի 2-րդ և 3-րդ էներգաբլոկերի կառուցումը։
Միջպետական ֆինանսական ներդրումների հիմնական հոսքերը ուղղված են նավթարդյունահանման ոլորտի զարգացմանը, որում երկու երկրներն էլ մտադիր են շարունակել և զարգացնել համատեղ նախագծերը։ Իրանի նավթարդյունահանման ոլորտում ռուսական ներդրումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ $4.5 մլրդ։ Հիմնական ներդրողներն են ռուսական խոշորագույն նավթագազային «Լուկօյլ», «Գազպրոմ նեֆտ», «Ռոսնեֆտ» և այլն ընկերությունները։
Ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների այժմեական խնդիրներից է երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում վերջին տարիներին նկատվող դրական դինամիկայի պահպանումը։ 2022 թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասան ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով գրեթե $5 մլրդ։ 2023 թ. դրանք նշանակալի անկում արձանագրեցին՝ նվազելով շուրջ $1 մլրդ-ով և կազմելով $4 մլրդ-ից մի փոքր ավելի(17)։ 2024 թ. դեռևս ավարտված չէ, սակայն առաջին երեք եռամսյակի (հունվարից-սեպտեմբեր) տվյալներով՝ կրկին առկա է առևտրաշրջանառության նշանակալի աճ, որը, թեև չի գերազանցում նախորդ տարվա անկումը, բայց, ըստ պաշտոնական շրջանակների, գոհացուցիչ է։ Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ առավելագույն $5 մլրդ-ի երկկողմ առևտրաշրջանառությունը խայտառակ ցածր ցուցանիշ է Ռուսաստանի և Իրանի նման խոշոր պետությունների համար։
2023 թ. օգոստոսից ուժի մեջ մտած ոչ վիզային ռեժիմը՝ զբոսաշրջիկների կազմակերպված խմբերի համար, խթանում է երկկողմանի զբոսաշրջային հոսքերը։ 2023 թ. այս ոլորտում աճը կազմել է 52%։
Տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունների շարքին կարելի է դասել ֆինանսաբանկային ոլորտը։ Այս ասպարեզում գործակցության խորացումը միտված է երկկողմ առևտրաշրջանառության մեջ ազգային արժույթների կիրառմանը, ինչը կարևոր է արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու տեսանկյունից։ Վճարման ընթացակարգերի դյուրացման նպատակով երկու երկրները ծրագրում են մշակել SWIFT վճարային համակարգի այլընտրանքային տարբերակ։
Մոսկվա–Թեհրան տնտեսական կապերի աշխուժացման հարցում մեծ դեր է կատարում ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Այդ կապերի ընդլայնմանն է միտված նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև 2023 թ. վերջին ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Մոսկվան աշխուժորեն աջակցել է Իրանի լիիրավ անդամակցությանը թե՛ ԲՐԻԿՍ-ին, թե՛ Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիտարկմամբ՝ ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի լիիրավ անդամակցությամբ միջազգային ասպարեզում համատեղ աշխատանքի լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում Մոսկվայի և Թեհրանի համար(18)։
Աշխուժորեն զարգանում է նաև ռուս-իրանական մշակութային-հումանիտար համագործակցությունը։ 2024 թ. հուլիսին ուժի մեջ է մտել մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը։ Հումանիտար կապերի համատեքստում իրականացվում են ուսանողների փոխանակման ծրագրեր, անցկացվում են ռուսական և իրանական բուհերի ռեկտորների կանոնավոր համաժողովներ, որոնց ընթացքում քննարկվում են գործակցության առաջնային ուղղությունները։ 2015 թ. ստեղծվել է ՌԴ և ԻԻՀ բուհերի ասոցիացիան, որը նպաստում է հասարակական, բնական և ճարտարագիտական գիտությունների ասպարեզում երկու երկրների գիտակրթական համագործակցությանը։
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին ռուսական բուհերում սովորող իրանցի ուսանողների թիվը բազմապատկվել է։ Եթե 2019թ. այն կազմում էր շուրջ 2.6 հազար, ապա 2020 թ. այն հասավ շուրջ 3.7 հազարի, 2022 թ.՝ շուրջ 4.7 հազարի, իսկ 2024 թ. տվյալներով՝ գերազանցում է 8 հազարը(19)։
Չնայած Մոսկվա–Թեհրան հարաբերություններում առկա ընդհանուր դրական մթնոլորտին, այնուամենայնիվ, կան նաև որոշակի կնճիռներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում երկկողմ համագործակցության համար։ Պատահական չէ, որ հետխորհրդային շրջանում Ռուսաստան–Իրան հարաբերությունները աչքի են ընկել որոշակի վայրիվերումներով՝ ունենալով մակընթացության և տեղատվության փուլեր։ Տեղատվության փուլ էր, օրինակ, 2010–2011 թթ. ժամանակահատվածը, երբ Մոսկվան աջակցեց ՄԱԿ-ի ԱԽ №1929 պատժամիջոցների բանաձևին(20), ինչպես նաև հրաժարվեց Իրանին մատակարարել հակաօդային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համակարգեր։
Երկարաժամկետ հեռանկարում ռուս-իրանական հարաբերություններում խոչընդոտ կարող է դառնալ մրցակցությունը Մերձավոր Արևելքում ազդեցության համար։ Իրանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զգալիորեն դիտարկում է նաև այդ տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Նման արտաքին քաղաքական կուրսը ապագայում կարող է վերածվել լուրջ տարաձայնության ՌԴ և ԻԻՀ միջև։
Մյուս խնդիրն Իրանի հարաբերություններն են արաբական աշխարհի առաջատար և ՆԱԵԿ-ի անդամ Սաուդյան Արաբիայի հետ։ Չնայած վերջին շրջանում նկատվող դրական միտումներին, այս երկու տերությունների միջև վաղեմի հակադրության վերաշխուժացման սցենարը լիովին բացառված չէ։ Թեև Մոսկվայում նման զարգացումը, մասնավորապես՝ Թեհրանի և Էր-Ռիյադի միջև ռազմական բախումը, իրատեսական չեն համարում, այնուամենայնիվ, Իրանի հետ մերձեցմամբ Ռուսաստանը որոշակի վտանգի է ենթարկում իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի պես կարևոր գործընկերոջ հետ։
Ռուս-իրանական հարաբերությունների համար մեկ այլ կարևոր մարտահրավեր է նաև մրցակցությունը Հարավային Կովկասում։ Այստեղ հակասությունները առավել ակնհայտ դրսևորվեցին Բաքվի կողմից առաջ քաշված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, որը ՀՀ Սյունիքի մարզի տարածքով պետք է միմյանց կապի ԱդրՀ հիմնական հատվածը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ)։ Նման սցենարը վտանգի տակ է դնում ցամաքային հաղորդակցությունը ԻԻՀ և ՀՀ միջև, որը կարևոր է Թեհրանի համար ինչպես Հարավային Կովկասում իր դիրքերի պահպանման ու ամրապնդման, այնպես էլ ավելի լայն միջազգային տեսանկյունից։
Այդ է պատճառը, որ եթե Մոսկվան հետևողականորեն պնդում է 2022 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի(21) 9-րդ կետի վրա, ապա Թեհրանն իր հերթին համառորեն խոսում է Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիության մասին։
Կարծում ենք, որ Ռուսաստանի կրավորական պահվածքը ինչպես 2020 թ. 44-օրյա Արցախյան պատերազմի, 2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված էթնիկ զտման, այնպես էլ 2021–2022 թթ. ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիաների ժամանակ նույնպես բացասական գործոն է ռուս-իրանական համագործակցության խորացման համար։ Հիշյալ իրադարձությունների արդյունքում ՌԴ-ն կորցրեց իր հեղինակությունը Թեհրանի աչքերում որպես վստահելի ռազմավարական գործընկեր և հավանական դաշնակից։ Փոխարենը իրանական և տարածաշրջանային այլ մեդիահարթակներում սկսեց ձևավորվել ՌԴ-ի՝ որպես սեփական շահերի համար դաշնակիցներին լքող և նրանց հակառակորդների կողմն անցնող պետության կերպար, ինչը չի կարող զգուշավորություն չհաղորդել իրանցիներին՝ Մոսկվայի հետ հարաբերությունները խորացնելու և դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հարցում։
Կարծում ենք, որ ռուս-իրանական հարաբերությունների վրա նմատաիպ ազդեցություն ունեցան նաև Մոսկվայի թույլ տված որոշակի սխալները Սիրիայում։ Խոսքը Իդլիբի խնդրի մասին է։ Երկու անգամ Սիրիական բանակը ռուսական զինուժի աջակցությամբ հնարավորություն ուներ ազատագրելու այն, սակայն երկու դեպքում էլ Մոսկվան, կարևորելով հարաբերությունները Թուրքիայի հետ, գործարքի գնաց վերջինիս հետ և Իդլիբը թողեց թուրքական վերահսկողության ներքո(22)։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայումս թուրքական վերահսկողության տակ գտնվող Իդլիբը վերածվել է ահաբեկչության կենտրոնակայանի, որտեղ պատրաստություն անցնող ահաբեկիչներն ուղարկվում են նաև Ուկրաինա՝ ՌԴ դեմ կռվելու համար։ Մի կողմ թողնենք նաև վերջին օրերին Իդլիբում պատրաստված զինյալների հարձակումը Հալեպի վրա, վերջինիս և այլ բնակավայրերի գրավումը, որը հանգեցրեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հեռացմանը պաշտոնից։ Իդլիբի հարցում Թուրքիային նման մեծ զիջման գնալը, կարծում ենք, խաթարեց Մոսկվայի՝ որպես հուսալի դաշնակցի հեղինակությունը թե՛ Սիրիայի և թե՛ Իրանի համար, ինչը չէր կարող հետք չթողնել երկկողմ հարաբերությունների վրա։
Ռուս-իրանական երկկողմ հարաբերությունների համար իրենից պոտենցիալ խոչընդոտ է ներկայացնում նաև մրցակցությունը էներգակիրների միջազգային շուկայում, որը երկու երկրի տնտեսության համար էլ առաջնային ուղղություն է։
Երկու երկրների գործակցության համար խոչընդոտների շարքին կարելի է դասել նաև արևմտյան պատժամիջոցների նկատվող սաստկացումը։ Վերջինս, մի կողմից, նպաստում է երկկողմ համագործակցության խորացմանը, մյուս կողմից, սակայն, մարտահրավեր ստեղծում դրա համար: Բանն այն է, որ նոր պատժամիջոցների սահմանման պատճառը ռուս-իրանական ամրապնդվող համագործակցությունն է՝ մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Խոսքն, առաջին հերթին, Իրանի կողմից ԱԹՍ-ների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների մատակարարման մասին է, որոնք, ըստ արևմտյան աղբյուրների, ՌԴ ԶՈՒ-ն աշխուժորեն կիրառում է Հատուկ ռազմական գործողության գոտում։ Նման համագործակցությունը հանգեցրեց ԵՄ կողմից 2022 թ. դեկտեմբերին Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմանը։ Իսկ պատժամիջոցները լուրջ մարտահրավեր են թե՛ ԻԻՀ և թե՛ ՌԴ տնտեսության համար, ինչից երկու երկրներն էլ ձգտում են հնարավորինս խուսափել։
Հիմք ընդունելով Մոսկվա–Թեհրան հարաբերություններում առկա որոշակի հակասություններն ու շահերի բախումը՝ արևմտյան լրատվամիջոցները վերջին ժամանակներս սկսել են կարծիք հայտնել, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը իրականություն չի դառնալու։
Այնուամենայնիվ, վերոշարադրյալ խոչընդոտներով հանդերձ՝ ՌԴ–ԻԻՀ արդի հարաբերությունները երկու երկրների արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններից են։ Ռուսաստանն ու Իրանը անգամ ներկա դժվարին պայմաններում անվտանգության ճարատարապետություն են կառուցում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովի ավազանում և Կենտրոնական Ասիայում։
Արձագանքելով «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» ռուս-իրանական միջպետական պայմանագրի վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների կասկածամիտ հրապարակումներին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Ռուսաստանի և Իրանի արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ երկու պետությունների, աշխուժորեն զարգանում է և ընթանում է իր հունով։ Այդ աշխատանքը շարունակական է։ Ռուսները հորդորում են չկասկածել, որքան էլ ասեկոսեներ տարածվեն հակառակի մասին»։ Համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ ռուս-իրանական նոր միջպետական պայմանագիրը, ըստ ռուս դիվանագետի, պատրաստ է և հանդիսավորապես կստորագրվի երկկողմ այցի ընթացքում, որի ժամկետները համաձայնեցվում են(23)։
ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ
Ռուսաստանն ու Իրանը չունեն ընդհանուր ցամաքային սահման և ստիպված են միմյանց հետ հաղորդակցվել Հարավային Կովկասի միջոցով։ Իսկ այս տարածաշրջանի երկրներից Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման ունեն Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Իրանի հետ՝ Հայաստանն ու կրկին Ադրբեջանը։ Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ։ Այս հանգամանքը թույլ է տալիս Բաքվին ներգրավվել ռուս-իրանական ինտեգրացիոն նախագծերում և դրանից ստանալ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական օգուտներ։ Այս առումով առանձնակի կարևորություն ունի հատկապես վերը հիշատակված «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը։
Տնտեսական առումով բազմակողմ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերին ներգրավվածությունը թույլ է տալիս Բաքվին նաև առանձին-առանձին զարգացնել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, իսկ քաղաքական առումով՝ զգալիորեն մեղմել այն հակասությունները, որոնք առկա են վերջիններիս հետ։ Մասնավորապես, Թեհրանի հետ Բաքվի այնպիսի լուրջ տարաձայնությունները, ինչպիսիք են կրոնական՝ շիա իսլամի գործոնը, ԱդրՀ շարունակաբար խորացող ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ, մրցակցությունը էներգակիրների՝ նավթի և գազի արտահանման հարցում, Կասպից ծովի էներգակիրների բաշխման հարցը և այլն, մղվում են երկրորդական պլան, ինչը դուռ է բացում տարբեր բնագավառներում համագործակցության խթանման համար։ Դա է պատճառը, որ նշված հակասություններով հանդերձ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները երբեք առճակատման աստիճանի չեն վատթարացել։ Փոքրիկ միջադեպեր, անշուշտ, եղել են երկկողմ հարաբերություններում, ինչպես, օրինակ, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը 2023 թ.-ին։ Բայց դրանք հարթվել են և չեն հանգեցրել խորը ճգնաժամերի՝ դիվանագիտական հարաբերությունների խզման, պատերազմի և այլն։ Այլ կերպ ասած, առկա խնդիրներով հանդերձ՝ Իրանն ու Ադրբեջանը երբեք չեն անցել հարաբերությունների վատթարացման «կարմիր գիծը»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա վերջինիս համար որոշակի կարևորություն է ստանում անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Վերջինիս և Իրանի միջև կնքված պայմանագիրը՝ ազատ առևտրի մասին, խթան է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման համար՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը միակն է ԵԱՏՄ երկրների շարքում, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Ընդհանուր առմամբ՝ նաև ԵԱՏՄ–Իրան առևտրի ազատականացման շնորհիվ է, որ վերջին շրջանում էապես աշխուժացել է հայ-իրանական առևտրաշրջանառությունը՝ հատելով $1 մլրդ շեմը։
Այնուամենայնիվ, Հայաստանի համար ռուս-իրանական հարաբերությունները կարևորվում են ավելի շատ քաղաքական համատեքստում։ Թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը 1990-ական թթ. առաջին արցախյան պատերազմի ժամանակ վարում էին հայկական կողմի համար որոշակիորեն բարենպաստ քաղաքականություն։ Իրանի պարագայում խոսքն առավելապես այն մասին է, որ պատերազմի տարիներին շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար հայ-իրանական սահմանը գրեթե միակ ցամաքային դարպասն էր դեպի արտաքին աշխարհ՝ իր վճռորոշ նշանակությամբ ինչպես ՀՀ կենսունակության, այնպես էլ արցախյան պատերազմում ռազմական գործողությունների համար։ Ահա թե ինչ է գրում ԻԻՀ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Վահան Բայբուրդյանը Արաքսի վրա 1992 թ.-ին կառուցված ժամանակավոր կամրջի մասին. «Հիրավի, այդ ժամանակավոր կամուրջը դարձավ «փրկության ուղի», «հույսի կամուրջ», «կյանքի ճանապարհ», «արյունատար անոթ», որը կոչված էր սնել շրջափակման հետևանքով հետզհետե հյուծվող մարմինը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Այսպիսով, Իրանը եղբայրական օգնության ձեռք մեկնեց մեր մանուկ հանրապետությանը՝ ճեղքելու շրջափակման օղակը և դուրս գալու լայն աշխարհ»(24)։
Այս հայանպաստ քաղաքականությունը, սակայն, հետագայում փոխվեց։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը մշտապես ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հատկանշական է, որ 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվան հանդես էր գալիս չեզոք, երբեմն էլ՝ ադրբեջանամետ դիրքորոշմամբ, իսկ Իրանը պաշտոնապես շնորհավորեց Ադրբեջանին՝ հաղթանակի կապակցությամբ։ Մոսկվան և Թեհրանը չդատապարտեցին նաև 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի դեմ և վերջինիս հայաթափումը։
Միևնույն ժամանակ, Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը։ Ըստ պաշտոնական Թեհրանի՝ ՀՀ սահմանները կամ տարածքային ամբողջականությունը իր համար «կարմիր գիծ» են, ինչը նշանակում է նաև իր կողմից ռազմական միջամտություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության դեպքում։ Պատահական չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ակտիվորեն շրջանառվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Իրանը Ադրբեջանի հետ սահմանին անցկացրեց մի քանի զորավարժություն՝ հստակ ցույց տալով, որ իր համար անընդունելի են Հայաստանի Հանրապետության տարածքով անօրինական կերպով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու փորձերը։ Մինչդեռ Ռուսաստանը, ինչպես նշվել է վերը, այս հարցում պնդում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետի վրա։
Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի զգայունությունը պայմանավորված է նրանով, որ դրա խախտումը, հատկապես՝ Սյունիքի մարզի հատվածում, կարող է հանգեցնել Հայաստանի հետ սահմանի կորստին։ Իսկ դա ձեռնտու չէ Իրանին ո՛չ ռազմաքաղաքական և ո՛չ էլ տնտեսական տեսանկյունից։ Ռազմաքաղաքական տեսանկյունից ՀՀ հետ սահմանի կորուստը կխորացնի Իրանի «պաշարվածությունը» ոչ բարեկամական պետություններով և նրանց ռազմական ուժերով։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Հայաստանի տարածքով է անցնում Պարսից ծոցը Սև Ծովին կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը, ինչը կարևոր նշանակություն ունի Իրանի համար։ Պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շահարկումների ակտիվ շրջանում Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց տալով իր շահագրգռվածությունը և նախանձախնդրությունը տարածաշրջանային երկրների սահմանների անխախտելիության հարցում։ ՌԴ-ն նույնպես Կապանում հյուպատոսություն բացելու մտադրություն է հայտնել, սակայն այդ հարցը դեռ սպասում է լուծման։
Առաջնորդվելով Հարավային Կովկասի խնդիրները տարածաշրջանի երկրների միջոցով լուծելու հայեցակարգով՝ Ռուսաստանը և Իրանը դժկամությամբ են վերաբերվում ՀՀ հարաբերությունների զարգացմանը հավաքական Արևմուտքի և առանձին վերցրած արևմտյան երկրների հետ, հատկապես երբ այն ձեռք է բերում ռազմատեխնիկական համագործակցության տարրեր։ Երկու երկրներն էլ բազմիցս հայտարարել են, որ դեմ են արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը՝ Հարավային Կովկասի խնդիրների լուծման գործում։ Ըստ նրանց՝ դա արդյունավետ չէ, ավելին՝ բարդացնում է այդ խնդիրների լուծումը։
Իրանի դիրքորոշումն, այնուամենայնիվ, այս հարցում համեմատաբար մեղմ է, հետևաբար, Թեհրանն ավելի ընկալունակ է ՀՀ փաստարկների նկատմամբ։
Ինչևէ, տարածաշրջանային խնդիրները բացառապես տարածաշրջանային երկրների ջանքերով լուծելու փիլիսոփայության համատեքստում Ռուսաստանը և Իրանը ակտիվորեն մասնակցում են «3+3 ձևաչափի» աշխատանքներին։ Թեև առանց շոշափելի արդյունքի՝ հիշյալ ձևաչափով մի քանի հանդիպում արդեն կայացել է։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ռուս-իրանական հարաբերությունները այնքան էլ անմիջական ազդեցություն չունեն վերջինիս վրա։ Պատճառը, մի կողմից, ռուս-վրացական բարդ հարաբերություններն են հետխորհրդային շրջանում, այս համատեքստում՝ աբխազական երկաթուղու փակվածությունը 1992 թ.-ից, իսկ մյուս կողմից՝ Իրանի հետ սահմանի բացակայությունը։
Վրաստանը միակ երկիրն է, որը չի միացել «3+3 ձևաչափին» և չի մասնակցում դրա աշխատանքներին, թեև մյուս երկրները հայտարարում են, որ դռները բաց են Թբիլիսիի առաջ, և հույս են հայտնում, որ վերջինս, ի վերջո, կօգտվի այդ հնարավորությունից։
Ժամանակին շրջանառության մեջ էր Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան քառակողմ ձևաչափով միասնական էներգետիկ համակարգի ստեղծման գաղափարը։ Սակայն այն այդպես էլ մնաց որպես գաղափար։ Իսկ այժմ առհասարակ մոռացության է մատնվել։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուս-իրանական բազմաբովանդակ և բազմաշերտ հարաբերությունները Հայաստանի համար որոշակիորեն պարունակում են թե՛ մարտահրավերներ և թե՛ հնարավորություններ։ Վերջիններիս համարժեք ընկալումը, ինչպես նաև արդյունավետ կառավարումը թույլ կտա մի կողմից չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել հնարավոր վնասները, իսկ մյուս կողմից՝ առավելագույն օգուտներ քաղել։
Մարտահրավերներ
- Ռուս-իրանական ռազմավարական գործընկերության կայացումը, եթե այն ստանա ընդգծված հակաարևմտյան բնույթ, կարող է սահմանափակել Հայաստանի արտաքին քաղաքական մանևրունակությունը՝ վերջինիս կանգնեցնելով «կա՛մ Արևմուտք, կա՛մ Արևելք» ծանր երկընտրանքի առջև։
- Այս պարագայում, եթե Հայաստանը ընտրի «արևմտյան» կողմնորոշում, ապա կհայտնվի տարածաշրջանային մեկուսացման մեջ՝ ընդդեմ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի։ Եվ, եթե Վրաստանի ներկայիս հակաեվրոպական կուրսն էլ շարունակվի և խորանա՝ միաժամանակ հեռանկարում հանգեցնելով ՌԴ հետ հարաբերությունների բարելավմանը, ապա ՀՀ տարածաշրջանային մեկուսացումը կդառնա լիակատար։
- Իսկ եթե Հայաստանը որդեգրի «արևելյան» կողմնորոշում, ապա կարող է հայտնվել միակողմանի կախվածության մեջ ՌԴ-ից և ԻԻՀ-ից, որոնք էլ կարող են զոհաբերել հայկական շահերը՝ հանուն իրենց շահերի։
- Ադրբեջանի ներգրավումը ՌԴ–ԻԻՀ ինտեգրացիոն նախագծերում, հատկապես՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ձևավորման գործում, մեծացնում է դրա քաղաքական ազդեցությունը թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի վրա, ինչը կարող է օգտագործվել ՀՀ դեմ։ Պատահական չէ, որ հայկական հասարակության շրջանում կան մտահոգություններ առ այն, որ Իրանը, շահավետ առաջարկներ ստանալու պարագայում, կարող է գործարքի գնալ և վերանայել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության իր սկզբունքային դիրքորոշումը։
- Հարավային Կովկասում ազդեցության համար Մոսկվա–Թեհրան մրցակցությունը, այլ հարցերում (մերձավորարևելյան խնդիրներ, մրցակցություն միջազգային էներգետիկ շուկայում և այլն) ևս ռուս-իրանական տարաձայնությունների սրումը նույնպես Հայաստանին կարող են կանգնեցնել ծանր երկընտրանքի առջև՝
«կա՛մ Ռուսաստան, կա՛մ Իրան» տրամաբանությամբ։ Այդ դեպքում կրկին կսահմանափակվի Հայաստանի արտաքին քաղաքական մանևրունակությունը՝ այս անգամ տարածաշրջանային մակարդակով։ Պատահական չէ, որ հայկական որոշ փորձագիտական շրջանակներում Իրան–Հայաստան գազամուղի փոքր տրամաչափը, դրա չվերածումը միջազգային տարանցիկ գազամուղի, Իրան–Հայաստան երկաթուղային հաղորդակցության բացակայությունը և առհասարակ տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցության առայժմ ոչ բավարար մակարդակը կապվում է ռուսական գործոնի հետ։
Հնարավորություններ
- ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի կնքումը լուրջ խթան է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, որից հարկ է առավելագույնս օգտվել։
- Իրանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչի մասին խոսույթն արդեն իսկ մուտք է գործել շրջանառության մեջ, որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև կմեծացնի Հայաստանի տեղը ԵԱՏՄ-ում, քանի որ այդ կերպ կվերանա կառույցի մյուս երկրների հետ մեր երկրի ընդհանուր սահման չունենալու հանգամանքը։ Այդ պարագայում Հայաստանը ԵԱՏՄ-ի «կցորդից» կվերածվի դրա օրգանական մասի, ինչը նաև քաղաքական օգուտներ կբերի մեր երկրին՝ բարձրացնելով նրա միջազգային կշիռը։ Իսկ ԵԱՏՄ-ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորումը, ինչին ձգտում են Հայաստանն ու Բելառուսը, թույլ կտա ՀՀ-ին ներքին գներով ներկրել էներգակիրներ, մասնավորապես՝ գազ և նավթ, ոչ միայն ՌԴ-ից, այլև ԻԻՀ-ից։
- Ռուսաստանի աջակցությամբ Իրանի լիարժեք անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին մեծացրել է Երևանի հետաքրքրությունը նաև այդ կառույցի նկատմամբ, քանի որ Հայաստանը դարձել է դրա սահմանակից պետություն։ Այս տեսակետից պատահական չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի և դրա գործընկեր երկրների վերջին գագաթնաժողովին։ Իսկ ԲՐԻԿՍ-ի հետ հարաբերությունների հաստատումը և խորացումը զարգացման նոր հնարավորություններ է բացում ՀՀ համար, ինչից ևս հարկ է առավելագույնս օգտվել։
- Վերջին շրջանում նկատվող ռուս-վրացական հարաբերությունների բարելավման միտումը շարունակականության դեպքում կարող է վերակենդանացնել Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան քառակողմ ձևաչափով համագործակցության և ինտեգրման երբեմնի գաղափարը և այն դնել գործնական հունի մեջ։ Խոսքը, մասնավորապես, քառակողմ էներգետիկ միասնական համակարգի ձևավորման արդեն մոռացված գաղափարի մասին է, որի հնարավոր վերակենդանացումը և կյանքի կոչումը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը։
- Ամենակարևորը՝ Իրանը գործնականում ցույց է տվել, որ սկզբունքորեն դեմ է Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխությանը։ Այս մասին հստակ ուղերձներ Թեհրանը հղել է ոչ միայն Բաքվին և Անկարային, այլև՝ Մոսկվային։ Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության հարցում բարձրացնում է վերջինիս դիմադրողականությունը «Զանգեզուրի միջանցք» կոչվող թուրք-ադրբեջանական գաղափարի(25) դեմ։ Հարկ է առավելագույնս օգտվել այս հնարավորությունից՝ Արցախի կորստից հետո խոցելի դարձած Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգությունները առավելագույնս չեզոքացնելու համար։ Սակայն այս և մյուս հնարավորություններից առավելագույնս օգտվել, ինչպես նաև վերոհիշյալ մարտահրավերները առավելագույնս չեզոքացնել հնարավոր չի լինի առանց Իրանի հետ հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը Հայաստանի և Իրանի միջև։ Ուստի, Հայաստան–Իրան երկաթուղու շինարարությունը պետք է հռչակվի ազգային առաջնահերթություն և իրականացվի՝ հակառակ բոլոր դժվարություններին։ Դրանից հետո կամ հընթացս կարելի է մտածել նաև Իրան–Հայաստան գազամուղի տրամաչափը մեծացնելու և այն գոնե մինչև Վրաստան տարանցիկ ենթակառուցվածքի վերածելու, ինչպես նաև այլ համատեղ նախագծերի իրականացման մասին(26)։
(1) Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006-2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակագիտության ամբիոնում։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 10.12.2024 թ։
(3) ԽՍՀՄ տրոհման ընդհանուր համատեքստում Անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների տարածքում ստեղծվեցին նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետությունը և Հարավային Օսիայի Հանրապետությունը:
(4) Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 4, Եր., 1978, էջ 442։
(5) Безносова М.И., Лихачёв К.А. Российско-иранские отношения на современном этапе: перспективы и потенциальные риски // Вестн. Удм. ун-та. Социология. Политология. Международные отношения. 2023. Т. 7, вып. 1, с. 88.
(6) Նույն տեղում, с. 89.
(7) Տե՛ս Концепция внешней политики Российской Федерации (утверждена Президентом Российской Федерации В. В. Путиным 31 марта 2023 г.), 31.03.2023, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/detail-material-page/1860586/ (բեռնման օրը՝ 29.11.2024).
(8) Встреча с Президентом Ирана Масудом Пезешкианом, 23.10.2024, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://www.kremlin.ru/events/president/transcripts/75376 (բեռնման օրը՝ 29.11.2024).
(9) Նույն տեղում։
(10) Встреча с Президентом Ирана Масудом Пезешкианом, 11.10.2024, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://www.kremlin.ru/events/president/news/75306 (բեռնման օրը՝ 29.11.2024).
(11) Նույն տեղում։
(12) Նույն տեղում։
(13) Տե՛ս Ивашов Л.Г. Роль стратегических отношений России и Ирана в современном мире // Сотрудничество России и Ирана в политической, экономической и культурной областях как фактор укрепления мира и безопасности в Евразии: Материалы Международной научно-практической конференции 19 октября 2016 г. – М.: ФГБОУ ВО МГЛУ, 2017. – сс. 8–11.
(14) Տե՛ս Вавилов А.И. Сотрудничество России и Ирана в поисках политического урегулирования в Сирии как фактор укрепления мира и безопасности в Ближневосточном регионе // Сотрудничество России и Ирана в политической, экономической и культурной областях как фактор укрепления мира и безопасности в Евразии: Материалы Международной научно-практической конференции 19 октября 2016 г. – М.: ФГБОУ ВО МГЛУ, 2017. – сс. 99–103.
(15) Տե՛ս Карякин В. В. Российско-иранское стратегическое партнерство как фактор международной безопасности // Сотрудничество России и Ирана в политической, экономической и культурной областях как фактор укрепления мира и безопасности в Евразии: Материалы Международной научно-практической конференции 19 октября 2016 г., М.: ФГБОУ ВО МГЛУ, 2017. сс. 83–98.
(16) Сченснович В.Н., Иран: Внешняя политика (Аналитический обзор), հոդված, https://cyberleninka.ru/article/n/iran- vneshnyaya-politika-analiticheskiy-obzor/viewer (բեռնման օրը՝ 29.11.2024).
(17) Տե՛ս Товарооборот России и Ирана в 2023 году снизился на 17,3%, до $4 млрд, լուր, 28.02.2024, https://www.interfax.ru/russia/948210 (բեռնման օրը՝ 09.12.2024).
(18) Встреча с Президентом Ирана Масудом Пезешкианом, 23.10.2024, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://www.kremlin.ru/events/president/transcripts/75376 (բեռնման օրը՝ 29.11.2024).
(19) Տե՛ս Число студентов из Ирана в российских вузах за последние три года выросло в 1,8 раза, լուր, 10.06.2022, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարություն պաշտոնական կայք, https://minobrnauki.gov.ru/press-center/news/mezhdunarodnoe-sotrudnichestvo/52533/ (բեռնման օրը՝ 09.12.2024); Доля иранских студентов в вузах РФ выросла почти в 3,5 раза за пять лет, լուր, 29.11.2023, https://tass.ru/obschestvo/19408007 (բեռնման օրը՝ 09.12.2024); Посол в РФ сообщил о более 8 тыс. иранских студентов в российских вузах, լուր, 16.04.2024, https://tass.ru/obschestvo/20563195 (բեռնման օրը՝ 09.12.2024)
(20) UN Security Council, S/RES/1929 (2010), https://main.un.org/securitycouncil/en/s/res/1929-%282010%29 (բեռնման օրը՝ 29.11.2024)
(21) Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации, 10.11.2020, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://kremlin.ru/acts/news/64384 (բեռնման օրը՝ 29.11.2024).
(22) Հովյան Վ., Իդլիբի խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, հոդված, 13.03.2020, https://orbeli.am/hy/post/394/2020-03-13/Իդլիբի%20խնդիրը%20ռուս-թուրքական%20հարաբերությունների%20 համատեքստում (բեռնման օրը՝ 29.11.2024)։
(23) Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 13 ноября 2024 года, 13.11.2024, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1981488/#24 (բեռնման օրը՝ 29.11.2024).
(24) Բայբուրդյան Վ. Ա., Հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո // «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հ. XVII, Եր., 1998, էջ 11-12 (5-20):
(25) Տե՛ս Овян В., О спекуляциях про «Зангезурский коридор», «Амберд бюллетень», № 5, 2022, сс. 90-95.
(26) Խնդրի մասին մանրամասն տե՛ս Hovyan V., On the Perspectives of Armenian-Azerbaijani Peace Agreement and Some Security Issues, “Amberd Bulletin”, № 6, 2023, pp. 79-84.