ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 30.11.2024 թ.(1)
Վրաստանում և Աբխազիայում ներքաղաքական իրավիճակի գրեթե համաժամանակյա ապակայունացումը չի կարող ենթադրություն չառաջացնել այս երկու, առաջին հայացքից, իրարից անկախ գործընթացների սերտ փոխկապվածության մասին: Եվ եթե Վրաստանում ընդդիմադիր բողոքները մեծ մասամբ սպասելի էին՝ ելնելով հերթական խորհրդարանական ընտրությունների շուրջ իրավիճակի լարվածությունից, ապա աբխազական իրադարձությունները իրական անակնկալ դարձան՝ հաշվի առնելով Մոսկվայի լայնորեն հայտնի վերահսկողությունը Սուխումի նկատմամբ:
Վրաստանում իրադարձությունները սկսեցին լարվել այս տարվա մայիսից, երբ հանրապետության խորհրդարանը ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Դրանից հետո, 2024 թ. սեպտեմբերին, խորհրդարանական մեծամասնությունը հասավ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների փաթեթի ընդունմանն արդեն 3-րդ ընթերցմամբ, որոնք արգելում են ԼԳԲՏ քարոզչությունը, նույնասեռ ամուսնությունները, սեռափոխությունը և այլն(2): Վրացական մայրաքաղաքում անկարգությունները ուղեկցվում էին մի շարք արևմտյան երկրների փորձերով՝ միջամտելու Թբիլիսիի ներքին գործերին և ճնշում գործադրելու իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» վրա: Սա բարդացրեց իրավիճակը հանրապետությունում և հանգեցրեց կառավարության դիրքորոշման կարծրացմանը և վերոհիշյալ հարցերում փոխզիջումներից հրաժարվելուն, ինչպես նաև ամբողջական հեռացմանը արևմտյան հովանավորությունից:
Հասկանալի դարձավ, որ հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունները կանցնեն ներքաղաքական լարվածության պայմաններում և, անկախ դրանց արդյունքներից, իշխանության համար պայքարը երկրում հերթական անգամ կտեղափոխվի փողոցներ: Վրացական ընդդիմությունը նախապես հայտարարում էր, որ իշխանությունը կկեղծի քվեարկության արդյունքները և, իբր, դա չի էլ թաքցնում(3): Այս տրամաբանության մեջ ընդդիմադիրները և, մասնավորապես, Մ. Սաակաշվիլին, կոչ էին անում իրենց կողմնակիցներին նախապես պատրաստվել փողոցային բողոքներին, որպեսզի ընտրություններից հետո ուժով տապալեն հակառակորդներին: Իր հերթին, «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, ներառյալ վարչապետ Ի. Կոբախիձեն, նույնպես բազմիցս հայտարարել են, որ ընդդիմությունը սպասում է իր ձախողմանը արդար ընտրություններում, ուստի նախապես պատրաստվում է փողոցային բողոքներին, որոնք դատապարտված են նույն ճակատագրին(4):
Այսպիսով, Վրաստանում իշխանության համար պայքարի ակտիվ փուլը տևում է արդեն մոտ մեկ տարի, և փողոցային դիմակայությունը կշարունակվի առնվազն մինչև Դ. Թրամփի նախագահական պաշտոնի ստանձնումը: Վրացական ընդդիմությունը լավ հասկանում է, որ Թրամփի թիմը կարող է հրաժարվել վրացական լիբերալ ուժերին աջակցելուց և իր ուշադրության կենտրոնը ընդհանրապես տեղափոխել այս հարավկովկասյան հանրապետությունից: Սա կարող է նշանակել, որ իշխանությունը փողոցով փոխելու կամ կրկնակի ընտրությունների գնալու վերջին փորձին ծայրահեղ ընդդիմության համար մնացել է ոչ ավելի, քան մեկուկես ամիս: Եթե բողոքի ակտիվությունը անարդյունավետ լինի, Սպիտակ տան նոր վարչակազմը, ակնհայտորեն, կդադարեցնի Վրաստանի ազատականացման և այն հերթական «Հակառուսաստան» դարձնելու նախագիծը:
Ի տարբերություն Վրաստանի, Աբխազիայում հակակառավարական բողոքները բռնկվեցին համեմատաբար վերջերս (11.11.2024) և ընդամենը մեկ շաբաթ անց հանգեցրին նախագահ Ա. Բժանիայի հրաժարականին, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրությունների նշանակմանը երեք ամսվա ընթացքում(5): Աբխազիայի դեպքում անկարգությունների պատճառ դարձավ հանրապետության խորհրդարանի կողմից Ռուսաստանի հետ «ներդրումային» համաձայնագրի վավերացման նախապատրաստումն՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու: Խոսքը պայմանագրի մասին է, որը նախատեսում է լայն արտոնություններ ռուսաստանցի ներդրողների համար Աբխազիայում: Պայմանագրի նախագիծը հանրայնացվել էր դեռ մեկ տարի առաջ: Դրա հիմնական դրույթները վերաբերում էին հողատարածքների հատկացմանը ռուսաստանյան ընկերություններին, այդ ներդրողների համար երկարամյա հարկային արձակուրդների ապահովմանը, Ռուսաստանից ներկրվելիք շինանյութերի անհարկ մաքսազերծմանը և Աբխազիայում օտարերկրյա աշխատուժի անխոչընդոտ ներգրավման հնարավորությանը(6): Աբխազական հանրությունը ի սկզբանե բացասաբար էր տրամադրված այս նախագծի նկատմամբ՝ այն համարելով սոցիալական առումով վտանգավոր, սակայն բաց բողոքների չէր դիմում՝ հույս ունենալով, որ հանրապետության իշխանությունները կհրաժարվեն այս նախաձեռնությունից: Սակայն, հենց որ փաստաթուղթը ներկայացվեց խորհրդարան վավերացման համար, բողոքողները կազմակերպված կերպով իրականացրին փողոցային ակցիաներ և ուժով գրավեցին մի շարք պետական հաստատություններ Սուխումում՝ ստիպելով Ա. Բժանիային հրաժարական տալ, իսկ խորհրդարանին՝ արգելանք դնել համաձայնագրի վրա:
Հաշվի առնելով Սուխումում բողոքողների համար իրադարձությունների արագ և հաջող ավարտը, դժվար է հավատալ զանգվածների և այս գործողությունները համակարգող աբխազական ընդդիմության ֆենոմենալ ինքնակազմակերպման մասին: Կարելի է նաև ենթադրել, որ բողոքների սոցիալական հիմքը միայն դրանց արտաքին դրսևորումն էր, մինչդեռ աբխազական հասարակությանը ավելի շատ անհանգստացնում է հարցի քաղաքական բաղադրիչը, այն է՝ Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը Աբխազիայի վրա և վերջինիս ամբողջական քաղաքական-տնտեսական կլանման փորձը: Աբխազիայի ամենաօդիոզ ընդդիմադիր առաջնորդները դա չեն էլ թաքցնում: Այս դեպքում առաջանում է տրամաբանական հարց՝ ի՞նչ արտաքին ուժերի վրա է հենվում աբխազական ընդդիմությունը, եթե իրոք նպատակ ունի լուծել գրեթե անհնարին խնդիրը՝ սահմանափակել Մոսկվայի ազդեցությունը Սուխումի վրա:
Այս առումով կարելի է տեսականորեն նշել միայն երկու կենտրոններ, որոնք ի վիճակի են խթանել քաղաքական տրամադրություններ աբխազական հասարակությունում և տալ դրանց հակառուսական ուղղություն: Դրանք են Անկարան և, որքան էլ տարօրինակ է, հենց Մոսկվան:
Անկարայի մասին խոսելիս կարելի է նշել, որ թեև դրա ներկայությունը Աբխազիայում «անտեսանելի» է քաղաքական կյանքում, բայց բավականին զգալի է տնտեսության մեջ: ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն թուրքական ներդրումների մասին շինարարության, զբոսաշրջության, առևտրի և աբխազական տնտեսության այլ ոլորտներում: Խոսվել է նաև կրթամշակութային ոլորտում բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման, Թուրքիայի և Աբխազիայի միջև կրոնական կազմակերպությունների և աբխազական սփյուռքի կառույցների գծով կապերի մասին: Ինչևէ, բազմաշերտ այս փոխգործակցության մասին ընդունված չէ խոսել ոչ Թուրքիայում և ոչ էլ Աբխազիայում: Այն չի գովազդվում, բայց կա և ընդլայնվում է տարեցտարի: Եվ, այնուամենայնիվ, նկատի ունենալով Աբխազիայում ռուսական (այդ թվում՝ ռազմական) ներկայության և ռուսական հատուկ ծառայությունների կողմից երկրի հասարակական-քաղաքական դաշտի վերահսկողության մասշտաբները, Անկարան չի կարող բավարար ներուժ ունենալ՝ Աբխազիայում նմանատիպ ճգնաժամային իրավիճակներ ինքնուրույն ձևավորելու համար: Մինչդեռ դրանք, ըստ երևույթին, բավական են Աբխազիայի հասարակությանը դեպի Թուրքիա փափուկ եղանակներով վերաուղղորդելու փորձերի համար՝ ճգնաժամի խորացման դեպքում: Ավելին, եթե Սուխումին ռուսական դոտացիաների հարցը չլուծվի, ապա Անկարան կմնա Աբխազիայի միակ հույսը՝ կենսականորեն անհրաժեշտ ֆինանսական մուտքերի առումով:
Հաշվի առնելով վերը նշվածը, ավելի հավանական է թվում այն վարկածը, որ աբխազական քաղաքական ճգնաժամի նախաձեռնողը կարող է համարվել հենց Մոսկվան, որը ձգտում է հանրապետությունում ստեղծել լայն հասարակական դժգոհության ֆոն՝ Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ: Դժվար թե աբխազական կողմից հայտնի համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը պնդող Կրեմլը չէր կանխատեսում զանգվածային դժգոհության դրսևորումներ կամ չէր համարձակվի Ասլան Բժանիային տալ քարտ-բլանշ՝ փողոցային բողոքները ուժով ճնշելու համար: Ստացվում է, որ Մոսկվան գիտակցաբար ճգնաժամ է հրահրել Աբխազիայում և, ընդհանուր առմամբ, ռուս-աբխազական հարաբերություններում: Հիմնական հարցն այն է, թե որո՞նք են այս քայլի նպատակները և ռուսական վերնախավում ո՞ւմ շահերից են բխում:
Մի շարք փորձագետների կարծիքով, աբխազական իրադարձությունները կապ չունեն Կրեմլի մեծ քաղաքականության հետ և արտացոլում են ռուսական էլիտայի խմբավորումների միջև ընթացող մրցակցությունը՝ Սուխումին հատկացվող դոտացիաների և ապագա ներդրումների վերահսկողության համար, որոնք կհոսեն Աբխազիա՝ վերը նշված համաձայնագրի վավերացման դեպքում(7): Այս տեսակետի համաձայն, Աբխազիայում իշխանափոխությունը թելադրված է Մոսկվայում որոշակի խմբերի շահերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թեկնածուները փոքր հանրապետության իշխանական կառույցների համար, մինչդեռ աբխազ ժողովուրդը սխալմամբ կարծում է, որ ծավալվող պայքարի արդյունքը կախված է իր կամքից: Այլ փորձագետների ենթադրությունների համաձայն, Ռուսաստանը նախաձեռնում է ճգնաժամ Աբխազիայում՝ աբխազական ֆորմալ ինքնիշխանությունը վերացնելու, դրա տարածքը բռնակցելու(8), ռեսուրսները յուրացնելու և ժողովրդագրական բալանսը փոխելու նպատակով:
Հնարավոր է, որ նշված վարկածները գոյության իրավունք ունեն, սակայն կա մեկ էական գործոն, որը դրանք կասկածի տակ է դնում: Դա ժամանակն է, որը ծայրահեղ անհաջող է ինչպես աբխազական ներդրումների համար ռուսական միջկլանային պայքարի տեսանկյունից, այնպես էլ Աբխազիայի Հանրապետության «վերացման և բռնակցման» գործողության առումով: Դժվար թե Վ. Պուտինի շրջապատի քաղաքական-ֆինանսական խմբավորումները համարձակվեին աբխազական ռեսուրսների համար պայքարի ելնել հենց այն պահին, երբ Արևմուտքի հետ մեծ բախման նախաշեմին Վ. Պուտինին ամենաքիչը պետք են «փողային վեճեր», այն էլ՝ անկանխատեսելի քաղաքական հետևանքներով: Չէ՞ որ օրակարգում ռուսական ինչ-որ տարածաշրջան չէ, որի ազդեցության ոլորտների վերաբաշխումը չի անդրադառնա ՌԴ արտաքին քաղաքական ճակատում իրավիճակի վրա: Խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական միավորի, որը Ռուսաստանը 2008 թ. օգոստոսյան իրադարձություններից հետո վերածեց Կովկասում իր անվտանգության ապահովման լրացուցիչ գործիքի և միջազգային ասպարեզում իր աշխարհաքաղաքական նպատակների իրականացման տարրի:
Բացի այդ, համոզիչ չեն նաև այն ենթադրությունները, որ Մոսկվան պատրաստվում է «բռնակցել» Աբխազիան: Ռուսաստանի ռազմական ներկայությունը Աբխազիայում առանց այդ էլ չափազանց նշանակալի է: Հանրապետության պետական մարմինները լուծարելը, թեկուզև ձևականորեն գոյություն ունեցող, ինչի վրա պնդում են փորձագետները, ամբողջությամբ ոչ ռացիոնալ քայլ է: Չէ՞ որ հենց Աբխազիայի իշխանության առկայությունն է, որ կարող է լեգիտիմացնել այս հանրապետության կլանումը ՌԴ կողմից: Ժամանակին, Ուկրաինա ներխուժման նախապատրաստման և իրականացման ընթացքում, Մոսկվան հենվում էր ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ձևական ինքնիշխանության վրա: Արևմուտքի երկրներից բաղկացած հակառուսական ճակատը վերջնականապես ձևավորվեց այն ժամանակ, երբ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեն և Խերսոնը հռչակվեցին Ռուսաստանի մաս: Դժվար թե Մոսկվային այժմ ձեռնտու լինի կրկնել այս փորձը Աբխազիայի հետ, ինչը կհանգեցնի ՌԴ–Արևմուտք հակասությունների էլ ավելի մեծ թեժացման:
Արդյունքում, կարելի է ենթադրել, որ Աբխազիայում իրադարձությունները զարգանում են ոչ առանց Կրեմլի թույլտվության, սակայն ունեն որոշակի այլ դրդապատճառներ: Այս առումով պետք է ավելի ուշադիր լինել բավականին տարածված այն վարկածին, որ Մոսկվան մտադիր է ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ՝ եթե ոչ Աբխազիան դրան հանձնելու գնով, ապա ապագայում վրաց-աբխազական վերաինտեգրման նախադրյալներ ստեղծելու միջոցով:
Ակնհայտ է, որ այս վարկածի նկատմամբ առավել թերահավատորեն են տրամադրված հենց Վրաստանի ընդդիմադիրներն ու նրանց քաղաքական օրակարգը սպասարկող փորձագետները: Սա հուշում է այն մասին, որ «Վրացական երազանքի» արևմտամետ հակառակորդները վախենում են այս հնարավորությունից և այն համարում անցանկալի գործոն հանրապետությունում իշխանության համար իրենց պայքարի համատեքստում: Այս մտավախությունները լիովին հասկանալի են, հաշվի առնելով, որ վրացական ընդդիմությունը ինքն է ամեն կերպ հասարակությանը պարտադրում այն մտածելակերպը, որ իշխող կուսակցությունը՝ Բ. Իվանիշվիլիի գլխավորությամբ, գաղտնի կապեր ունի Մոսկվայի հետ և պատրաստ է սկսել դրա հետ բարեկամական հարաբերությունների նոր փուլ: Այս դեպքում ստացվում է, որ վրացական ընդդիմության պնդումները իսկապես ճշմարիտ են, և Ռուսաստանը պատրաստ է բարձր գին վճարել վրաց ժողովրդին Աբխազիայի տեսքով՝ վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման նպատակով: Իսկ վրացական ընդդիմությանը հովանավորող Արևմուտքը հանրապետությանը ոչինչ չի կարող առաջարկել, բացի Թբիլիսիին ԵՄ և ՆԱՏՕ ընդունելու նախորդ 20 տարվա խոստումներից, եթե վրաց ժողովուրդը, այնուամենայնիվ, իշխանությունից հեռացնի «երազողներին»:
Ակնհայտ է, որ Մոսկվան զգացել է Վրաստանում իրեն թշնամական լիբերալ ուժերի մտավախությունները և սկսել խաղալ դրա վրա: Նրա նախաձեռնած «աբխազական ճգնաժամը» վրացական հասարակությանը ազդարարում է, որ արտաքին քաղաքական վեկտորի և համապատասխան իշխանության «ճիշտ» ընտրության դեպքում Վրաստանը հնարավորություն կստանա վերաինտեգրել այն տարածաշրջանը, որը դառնում է Ռուսաստանի «հինգերորդ անիվը» կովկասյան-սևծովյան քաղաքականության մեջ: Ռուսաստանը հասկացնում է, որ Աբխազիան կարող է Վրաստանին մատուցվել «սկուտեղի վրա»՝ տնտեսական և ֆինանսական առումով թուլացած, զրկված ռուսական աջակցությունից, ամբողջովին ապակողմնորոշված և տեղական կլանների միջև ներքին հակամարտություններով պատռված: Իրականում այժմ Մոսկվան, վերանայելով Սուխումին հատկացվող դոտացիաները, դադարեցնելով նրան էլեկտրաէներգիայի մատակարարումը և խստացնելով աբխազ-ռուսական սահմանի վերահսկողությունը, բարենպաստ հնարավորություններ է ազդարարում Թբիլիսիի համար և նշմարում հեռանկար՝ վերջինիս վերահսկողության տակ վերադարձնելու նախկինում նրանից անջատված հանրապետությունը:
Շատ առումներով սա նման է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին փաստացի հանձնելու սցենարին՝ ալիևյան ռեժիմի հավատարմության և Արևմուտքի հետ դրա կապերի սահմանափակման դիմաց: Վրացական ընդդիմությունը դժվար թե կարողանա որևէ բան հակադրել նման առաջարկին, մինչդեռ իշխող ուժը, իր դիրքերը հաջողությամբ պահպանելու դեպքում, այլևս խոչընդոտներ չի ունենա Մոսկվայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին: Նշանակալի է, որ հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման միակ խոչընդոտը անվանեց հանրապետության տարածքի 10%-ի գրավումը՝ նկատի ունենալով Աբխազիան և Հարավային Օսիան(9): Այս հայտարարությունից երկու շաբաթ անց Մոսկվան փաստացի հասկացրեց Թբիլիսիին, որ նա կարող է հույս դնել, առնվազն, 6%-ի վերադարձի հեռանկարի վրա. Հարավային Օսիայի հարցը, ըստ երևույթին, չի մտնում Կրեմլի նախաձեռնած խաղի մեջ:
Հաշվի առնելով այս վերլուծությունը, կարելի է արձանագրել, որ վրացական հետընտրական բողոքների և աբխազական քաղաքական ճգնաժամի սինխրոնությունը պատահական չէ: Մոսկվան նախաձեռնել է Սուխումի իրադարձությունները գրեթե նույն օրը, երբ սկսվեցին վրացական ընդդիմության զանգվածային ելույթները Թբիլիսիում և, ըստ երևույթին, դրանք հետագայում նույնպես կկարգավորի՝ համապատասխան Վրաստանում ընթացող գործընթացներին և դրանց նկատմամբ Դ. Թրամփի արձագանքին՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՌԴ գործողությունների նկարագրված հարացույցը, առաջանում է հետևյալ և, ըստ երևույթին, ամենակարևոր հարցը: Ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակելու աջակցել «Վրացական երազանքին» աբխազական օրակարգի միջոցով, եթե վերջինս արդեն փաստացի խզել է կապերը Արևմուտքի հետ, վստահորեն հաղթել է ընտրություններում և հաջողությամբ հաղթահարում է ռադիկալ ընդդիմության հուսահատ փորձերը՝ փողոցում իրեն դրսևորելու համար: Այս դեպքում «աբխազական զիջումը» կարող է համարվել չափազանց թանկ գին Ռուսաստանի համար: Այս հարցի պատասխանը կարող է լինել Մոսկվայի վաղեմի ձգտումը՝ ապաշրջափակել վրաց-աբխազական երկաթուղին, որը տեսականորեն կարող է ապահովել ՌԴ կապը Առաջավոր Ասիայի և Աֆրիկյան մայրցամաքի հետ: Ուկրաինայում պատերազմի, պատժամիջոցների, սահմանների մեկուսացման և Արևմուտքի կողմից Մոսկվային նետված այլ մարտահրավերների պայմաններում վերը նշված երթուղին բազմիցս մեծացրել է իր կարևորությունը ՌԴ-ի համար: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է Կրեմլը որոշել ցույց տալ, որ պատրաստ է թանկ վճարել Վրաստանի բարեհաճության համար:
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 29.11.2024 թ.:
(2) «Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը և սեռափոխությունը» (ռուս.), Forbes (17.09.2024), https://www.forbes.ru/society/521374-parlament-gruzii-prinal-zakon-o-zaprete-lgbt-propagandy-i-smeny-pola\ (բեռնման օրը՝ 26.11.2024).
(3) «Վրաստանում հնարավոր ընդդիմադիր դաշինք. «Երազանքի» հակառակորդները նախընտրական միավորումների մասին» (ռուս.), Эхо Кавказа (22.05.2024), https://www.ekhokavkaza.com/a/32959087.html\ (բեռնման օրը՝ 25.11.2024).
(4) «Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններից հետո ընդդիմության հնարավոր բողոքի ակցիաների մասին» (ռուս.), Ведомости (26.10.2024), https://www.vedomosti.ru/politics/news/2024/10/26/1071124-premer-gruzii\ (բեռնման օրը՝ 26.11.2024).
(5) «Աբխազիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել նախագահին. Ընդդիմությանը և իշխանություններին հաջողվեց համաձայնության գալ» (ռուս.), BBC (19.11.2024), https://www.bbc.com/russian/articles/c2dl8kk8gn0o\ (բեռնման օրը՝ 25.11.2024).
(6) «Սուբսիդիաները լավ են, ներդրումները՝ վատ։ Ինչո՞ւ է Ռուսաստանի հետ համաձայնագիրը անհանգստացնում աբխազներին (ռուս.)», BBC (14.11.2024). https://www.bbc.com/russian/articles/ c4gx9g4n72p\ (բեռնման օրը՝ 26.11.2024).
(7) «Պուտինը կորցնո՞ւմ է Աբխազիան» (ռուս), Радио Свобода (15.11.2024), https://www.svoboda.org/a/putin-teryaet-abhaziyu-/33203501.html\ (բեռնման օրը՝ 25.11.2024).
(8) «Ինչպես Ռուսաստանը գծեց Աբխազիան կլանելու իր ուղին» (ռուս.), Европейская правда (27.03.2024), https://www.eurointegration.com.ua/rus/news/2024/03/27/7182482/ (բեռնման օրը՝ 26.11.2024).
(9) «Վրաստանի վարչապետը բացառել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը» (ռուս.)»: РБК (27.10.2024), https://www.rbc.ru/politics/27/10/2024/671e4c7f9a7947b65e13d4d3\ (բեռնման օրը՝ 27.11.2024):