Էդուարդ Բ. Աթանեսյան
1. ՈՒժի մասին
Այսօր, ինչպես և նախկինում, մենք կրկին կանգնած ենք հայության՝ իբրև ազգի և պետության կյանքում ուժի գործոնի վերաիմաստավորման և ճիշտ բանաձևելու հարցի առջև: Եվ այս առումով ուժը, զորությունը միշտ ասոցիացվում է դրա ելակետի՝ երկրի ԶՈՒ-ի հետ, որի հիման վրա է միայն ձևավորվում արտաքին ոտնձգություններին դիմակայելու ազգի և պետության հավաքական ներուժը: Դա, բնականաբար, ենթադրում է սեփական, այդ թվում մեր վերջին պատերազմների և ուրիշների փորձի ուսումնասիրում, ոլորտում կադրային ու կրթական քաղաքականության կատարելագործում, նյութատեխնիկական բազայի համալրում, գիտահեն լուծումների կիրառում: Միով բանիվ՝ պաշտպանության և անվտանգային ոլորտը մշտապես ենթակա է իր ձև(եր)ի և բովանդակության ներդաշնակեցմանն ու համապատասխանեցմանը առկա և հնարավոր մարտահրավերներին: Այս ամենի հետ մեկտեղ, վստահ ենք, ոլորտում նույնպես առկա է մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ հանրային որոշ մոտեցումներ և ընկալումներ վերանայելու անհրաժեշտություն:
Մենք հայ ազգի ծնունդը հաշվում ենք Հայկի և Բելի կենաց-մահու ճակատամարտից՝ մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11-ից: Վերստին շոյելով մեր ազգային հպարտությունը՝ փաստենք, որ ըստ պատմահայր Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» գործի տրամաբանության՝ այն հետջրհեղեղյան մարդկության պատմության մեջ հիշատակված առաջին պատերազմն էր: Եվ իրոք, հայերն, իբրև հնագույն ազգերից մեկը, մշտապես առնչվել են պատերազմների և ռազմարվեստի հետ, Հին աշխարհում հայտնի էին իբրև լավ նետաձիգներ, անպարտելի հզոր այրուձի ունեցող ազգ: Հայկական կանոնավոր բանակի և ռազմարվեստի վերաբերյալ օտար առաջին գրավոր աղբյուրները(1) թվագրվում են մ.թ.ա VI դարի կեսերով: Մ.թ.ա. 69 թվականին Տիգրան Մեծ արքայի թվով 6.000-ոց թիկնազորը ճեղքել է մայրաքաղաք Տիգրանակերտը պաշարած հռոմեական բանակի շարքերը, մուտք գործել քաղաք և, իր հետ վերցնելով արքունի գանձարանն ու կականոցը, մարտով դուրս եկել քաղաքից և հեռացել ապշած հռոմեացիների աչքի առաջ: Այս դրվագը իրավամբ կարելի է համարել հատուկ նշանակության աննախադեպ գործողության՝ պատմության մեջ փաստագրված թերևս առաջին օրինակը: VIII դարում հայ իշխան Աշոտ Բագրատունին կազմակերպեց անսպասելի հարձակում Մուշ քաղաքի արաբական կայազորի վրա, որի ընթացքում հայ զինվորները օգտագործեցին դահուկներ՝ լեռներից իջնելու և հանկարծակի հարձակվելու համար(2): 925 թ. Աշոտ Երկաթ արքան, ընդամենը 11 նավակով և փոքրաթիվ զորքով կարողացավ հաղթել թշնամու մեծաթիվ ուժերին Սևանա լճում, արձանագրելով հայոց ռազմարվեստի գագաթներից մեկը, այն էլ՝ ջրի վրա: Դեռևս մ. թ. IV–V դդ. հայերն ունեցել են պատերազմի դեպքում հայկական զորքի քանակը կանոնակարգող փաստաթուղթ՝ Զորանամակը: XIII դարում Կիլիկիո Տարսի արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացին կազմել է Զինվորական օրենքը` զինվորական գործին և կարգին նվիրված մի գործ, որի հիմքում էր բյուզանդական Էկլոգան: Նույն Կիլիկյան Հայաստանի անկումից հետո հակառակորդը այդպես էլ չկարողացավ գրավել որոշ ամրոցներ, որոնք ընկան տասնամյակներ անց միայն՝ դրանց պաշտպանների բնական մահով հեռանալուց հետո։ Միայն 1515 թ. օսմանյան թուրքերը կարողացան գրավել Կիլիկիան ամբողջությամբ, իսկ դրա մաս կազմող Զեյթունը կիսանկախ մնաց մինչև 1860-ական թվականներ։
Ազգային պետականության կորստի հետ հայության զինվորական և ռազմական ավանդույթները սեփական երկրում հիմնականում կորսվել են և սոսկ անհատական մակարդակով շարունակվեցին օտար պետությունների բանակներում: Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև կիսված պատմական Հայաստանի հայերը, փոքր բացառություններով (Սյունիք, Արցախ, Զեյթուն) դարեր շարունակ, իբրև մահմեդական տերությունների քրիստոնեա հպատակներ, զրկված էին ոչ միայն զինվորական ծառայությանն առնչվելուց, այլև, անգամ զենք կրելու իրավունքից: Զենքի գործոնի կորուստը հայոց առօրյայում և մշակույթում ակնհայտ երևում է XIX–XX դդ. սկզբի ազգային տարազը պատկերող նկարներից. մինչ հարևան ազգերի ու ազգությունների մոտ սառը զենքն ու հրազենը լայնորեն տարածված էին որպես ազգային տարազի մաս, հայերի մոտ այն շատ ավելի հազվադեպ է հանդիպում:
Հետագայում ևս հայազգի մարտիկները ակտիվորեն մասնակցել են տարբեր պատերազմների և ռազմական գործողությունների անհատապես և, անգամ, հայկական ստորաբաժանումների կազմում (օրինակ՝ Խորհրդային բանակում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ), արժանանալով իրենց երկրների բարձրագույն զինվորական կոչումների և պարգևների: Եթե ամփոփելու լինենք հայկական ստորաբաժանումների անցած մարտական ուղին համաշխարհային պատմության համատեքստում, ապա կարող ենք ասել, որ աշխարհի ներկայիս ազգերից հայերը միակն են, ով ազգային ստորաբաժանման ձևաչափով մասնակցել է թե՛ Բաբելոնի (մ.թ.ա 539 թ.-ին(3)) և թե՛ Բեռլինի (1945 թ.) պաշարման ու գրավմանը:
Ինչևէ, հենց դարերով ազգային պետականության կորստի պատճառով անզեն և անբանակ ազգի բարդույթն է, մեր կարծիքով, պայմանավորել և դեռ շարունակում է պայմանավորել հայության հանրային գիտակցության մեջ առկա ընկալումները, լայն իմաստով, ռազմական, ոլորտի նկատմամբ: Վերջինիս մասին անդրադառնանք սիմպտոմատիկ երկու օրինակով:
Շատերիս է ծանոթ ԶԼՄ-ներով շրջանառած՝ զորամասերի քայլահրապարակների ամբիոններում կանգնած բարձրաստիճան զինվորականների ու քաղաքացիականների և իրենց առջև շարային քայլով պատվի առած քայլող «զորքի» քայլերթի պատկերը: Ինչպես նաև խարույկի շուրջ հավաքված, տարբեր տարիքի զինվորական համազգեստ կրող՝ հիմնականում կամավորականներից բաղկացած միջավայր՝ ինքնաձիգները ձեռքներին, հայրենասիրական երգերով, կադրի մեջ ընկած հերթական գործող անձին տրվող հարցերով, մեկնաբանություններով, կատակներով, և այլն:
Սկսենք նրանից, որ ժամանակին Պրուսական բանակում միմյանց չճանաչող նորակոչիկներին (ռեկրուտներին) մարտական մեկ միավորի կազմում ներդաշնակեցման համար որդեգրված այս շարային հնարքը(4), որի ջատագովն էր Ֆրիդրիխ II-ը (1740–1786), ընդօրինակվել էր ռուսական բանակում Պավել I կայսեր (1796–1801) և նրա ժառանգների օրոք։ Այդ տիրակալներն աչքի էին ընկնում քայլերթներին և դրանցում առանձին՝ անհեթեթության հասնող նորամուծություններին չափազանց մեծ կարևորություն տալու հակումով։ Խորհրդային բանակում շարային պատրաստությունը ստացել էր «շագիստիկա» («шагистика»)՝ զորքերի շարային ուսուցման հեգնական անվանումը: Խնդիրն այստեղ ամենևին շարային պատրաստության մասին չէ՝ ժամանակին մեզանում այն դարձավ զինվորական ծառայության խորհրդանիշը՝ մարմնավորելով անկանոն ուժերից՝ ֆիդայական ջոկատներից և կազմավորումներից դեպի միասնական հրամանատարությամբ ՀՀ ԶՈՒ-ի անցումը:
«Զորքի» ճշգրիտ կառավարումն ու կառավարելիությունը ռազմական առաջադրանքի կատարման նախապայմանն է, ստորաբաժանումների փոխգործակցության երաշխիքն ու փոփոխվող մարտավարական իրավիճակներում ճիշտ որոշումներ և տեղաշարժեր իրականացնելու գրավականը: Այսպիսով, քայլահրապարակով (պլաց) անցնող «զորքի» շարային հստակ դասավորվածությունն ու անթերի քայլերթը ոչ միայն երազած սեփական, ազգային բանակի հիշվող ատրիբուտներից մեկն էր, այլև, խորքային առումով, հայկական իրականության համար ոչ բնորոշ մի երևույթ, երբ առանձնահատկություններով և յուրահատկություններով աչքի ընկնող մարդիկ մեկ միավորի շրջանակներում, միասին, համաժամ (սինխրոն), առանց խոսելու և հակաճառելու, միասնական հրամանատարության ներքո կարողանում էին ինչ-որ բան անել: Կարող ենք, արդյո՞ք, հիշել որևէ այլ ոլորտ կամ գործ, որում կոլեկտիվի՝ հավաքականի սկզբունքը ի զորու է իրապես գերակայել և երկրորդ պլան մղել մեզանում այդքան սիրելի վառ անհատականությունն ու դրան բնորոշ դրսևորումները: Չէ՞ որ երբ «քայլերթային տրամաբանությունից» դուրս տղամարդկանցից բաղկացած որևէ կոլեկտիվի անդամներին տալիս ենք մի փոքր անհատական ազատություն և որոշում կայացնելու իրավունք, ապա շատ արագ ստանում ենք, օրինակ, թիմային սպորտաձևերում մեզ պատուհասող անհաջողությունների խորքային պատճառը: Ինչևէ, զինվորական գործի վերաբերյալ վերոհիշյալ՝ ինչ-որ չափով իդեալականացված մոտեցումը կարելի է պայմանականորեն անվանել «սպայի ընկալում»:
Հակառակ իրավիճակն է հիշատակված մյուս «պատկերի» դեպքում: Այն գրեթե նույնությամբ վերարտադրում է գրական գործերից և արխիվային լուսանկարներից մեզ հայտնի հայդուկային-ֆիդայական միջավայրը, որը ևս աչքի է ընկնում իր խորքային շերտերով: Նախ, այն ի սկզբանե գաղափարապես խորթ է նախորդ կերպում ուրվագծված ԶՈՒ-ի՝ ընդգծված աստիճանակարգային (հիերարխիկ) կառուցվածքին, դրան գերադասելով իրավահավասար զինակիցների՝ կամավորության սկզբունքով ստեղծած ջոկատ–եղբայրությունների միջավայրն ու մթնոլորտը՝ ամենափորձառու և կարող զինակցի հրամանատարությամբ: Սա ավանդական՝ (տարիքով) «մեծ-ու-փոքր» հարաբերությունների տրամաբանությամբ մարտական ժողովրդավարության փակ համակարգ է, ուր մարդիկ գալիս են սեփական կամքով, բայց մնում միայն «քննություն» անցնելուց հետո:
Այս ձևաչափի հիմքում զենք կրելու/ունենալու իրավունք ստացած հայն է, որը հենց այդ զենքի ուժով անհատապես թոթափել է օտարի լուծը և հաղթահարել իր վախերը՝ պատրաստ լինելով ամեն ժամ կենաց-մահու կռիվ տալու հակառակորդի հետ: Այդ իսկ պատճառով նա միշտ իր անձնական զենքով է՝ հրացան/ինքնաձիգով և դաշույն/սվինով, բայց առանց սաղավարտի և զրահաբաճկոնի, քանզի դրանք ազատ ֆիդայական մշակույթի մաս չեն կազմել: Նա հազվադեպ է զինվորական գլխարկ կրում, քանզի վերջինը ևս չունի համապատասխան մշակութային փաթեթավորում, փոխարենը հակում ունի դեպի ենթագիտակցորեն ծանոթ տարատեսակ գլխարկների և գլխաշորերի: Նման մարտիկի համար գոյություն ունի ընդամենը երկու մարտական հրաման՝ «Կրակ» և «Առաջ», իսկ մնացածն, իր պատկերացմամբ, ավելորդ են, քանզի իրականացվում են անհատական որոշմամբ: Այստեղ չկան զինվորական կանոնադրության խիստ պահանջներն ու սահմանափակումները: Այստեղ էական չէ անցյալը, կրթությունն ու զբաղեցրած սոցիալական դիրքը, դրանք չէ, որ առավելություն են տալիս, այլ մարտական ոգին և ռազմական կրթությունն ու գիտելիքները փոխարինող համընդհանուր միջոցը՝ «քթածակը»: Նրա պատկերացումները պատերազմի մասին վառ են, բայց սահմանափակ՝ մեծապես պայմանավորված իր ջոկատին բաժին հասնող ճակատի երկարությամբ: Սա, իհարկե, ևս իդեալականացված պատկեր է, և «զինվորական կյանքի» այս կերպը կարող ենք պայմանականորեն անվանել «զինվորի ընկալում»:
Ի հայտ գալով պատմական որոշակի շրջանում և պայմաններում, փոխադարձաբար լրացնում են միմյանց՝ արտացոլելով մեր ընդհանրացված պատկերացումը ուժի, բանակի, ռազմական ոլորտի մասին մեզանում արմատավորված պատկերացումները: Մինչդեռ, մեր պատկերացմամբ, լուծումը դրանց կամրջումն է՝ անձի ներաշխարհում խնդիրների ռազմավարական խորության ընկալումն ու սեփական անելիքների անթերի կատարման պատրաստականությունը: Այս առումով զինվորությունը նաև համեստություն է, սեփական «ես»-ը անտեսելու, կարգ ու կանոնին ենթարկվելու, ամենադժվարին պայմաններում հրամաններ կատարելու պատրաստակամություն: Եվ այդ պատճառով է, որ մեր հիշողության մեջ է տպավորվել, օրինակ, 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իր թնդանոթի ֆոնի վրա նկարված փոշոտ, մրոտ, բայց աննկուն և իր երդմանը հավատարիմ Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը, որի մեջ մեր հասարակությունը ճանաչեց Հայաստանի ազգային հերոսին։
Կամ կյանքի գնով իր ազգի առջև պարտքը կատարած ցանկացած այլ խոնարհ հերոսի պատկերը, քանզի արդեն ասել ենք, որ «Նա ով ծառայում է, չի կարող ավելի բարձր լինել նրանից, ում որ ծառայում է»:
Անդրադառնալով բանակին՝ մշտապես շեշտում ենք դրա նկատմամբ հատուկ վերաբերմունքի և հոգատարության անհրաժեշտությունը: Ինչևէ, գիտակցենք նաև, որ չի կարող տկար հասարակությունն ամբողջապես առողջ բանակ ունենալ: Ավելին, հաշվի առնելով ԶՈՒ-ի՝ գոյութենական վտանգների եզրին իրենց գործառույթն իրականացնելու իրողությունը, արատներն այստեղ, ցավոք, կարող են ավելի փքուն դրսևորվել: Տարբեր ընտանեկան և սոցիալական ծագում ունեցող մարդիկ իրենց հետ բերում են տարբեր աշխարհընկալում, կրթվածության մակարդակ, արժեքներ և բարքեր: Եվ, այնուամենայնիվ, որոշակի պայմանների դեպքում բանակն ինքն ընդունակ է հասնել հասարակության ու դրանում տիրող մթնոլորտի փոփոխմանը: Հասարակության փոքր, յուրահատուկ և համեմատաբար փակ հաստատություն լինելով՝ այն կարող է դառնալ արժեքների և օրակարգերի ձևավորման և տարածման մոդել, ապագա հասարակական հարաբերությունների «մերան», առաջնորդության դպրոց: Այդ կարողությունն է բանակը դարերով դարձրել ազգերի ազնվականության և առաջնորդների դարբնոցը:
Զորակոչային տարիքի երիտասարդն ընդունում է այն իբրև կյանքի դպրոց, անձնական կայացման «ստուգարք», հետևաբար՝ պատրաստվում է բանակային կյանքին և մթնոլորտին նախապես, դեռ համազգեստ չհագած: Ցանկացած ծնող, զինվորական ծառայության ուղարկելով իր զավակին, հույս ունի, որ պետությունն՝ ի դեմս բանակի և սպայական կազմի, ամենայն ուշադրությամբ և հոգատարությամբ կվերաբերվի իր զավակի նկատմամբ: Սա է, իրականում, անհատի՝ պետության հետ կնքվող ամենակարևոր «քաղաքացիական պայմանագիրը», և պետության և հասարակության գերխնդիրն է ԶՈՒ-ում մթնոլորտի որակական բարելավումը, օտար բարքերի և բանակին ոչ հարիր ենթամշակույթների վերացումը թե՛ շարքային, և թե՛, առավել ևս, սպայական կազմի շրջանակներում:
Անդրադառնալով զինվորականության այս դասին, նշենք միայն, որ մերօրյա խոսքերով՝ բանակի սպա էր նաև Մեսրոպ Մաշտոցը, մի զինվորական, որը կանգնած է հայոց գրավոր ողջ մշակույթի ակունքներում: Եվ, միաժամանակ, մի գիտնական, որն իր կրթական, մտավոր և հոգևոր ներուժի շնորհիվ կարողացավ այբուբեններ ստեղծել երեք՝ իրարից արմատապես տարբերվող լեզուներով խոսացող ազգերի համար: Հայտնի են, արդյո՞ք, նման գիտնական-զինվորականի այլ օրինակներ մարդկության պատմության վերջին 1,5 հազարամյակի ընթացքում: Անկախ պատասխանից, բնական ենք համարում, որ պատմության ընթացքում նման սպա ունեցած ազգը չի կարող մեծ ակնկալիքներ չունենալ և բարձր նշաձող չսահմանել իր ներկայիս բանակի հրամանատարների համար:
Խոսելով հասարակության՝ զինվորականության նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին, պետք է սկսել հենց «ներբանակային» իրողություններից: Չի կարող Հայրենիքին լիարժեք և նվիրումով ծառայել ոչ ազատ, նվաստացած անհատը, որի համար կեղծ «յուրայինն» ու հակառակորդն իրարից գրեթե չեն տարբերվում: Զինվորական ծառայության կազմակերպումն ու օրակարգի ձևավորումը պետք է հիմնված լինի ոլորտում առկա խնդիրների ընկալման վրա, հաշվի առնի ազգային ավանդույթներն ու ազգային մտածելակերպը, ներգրավի ՀԱՍԵ սպասավորների, հոգեբանների և այլ մասնագետների: Մեր իրականության մեջ, երբ բազմաթիվ ընտանիքները օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով կարող են թերանալ իրենց զավակների դաստիարակության գործում՝ բանակը ստիպված է դառնալ անհատի հղկման և կայացման գործընթացի կարևոր փուլը, և սա ազգային անվտանգության խնդիր է:
Այս ուղու վրա, որքան էլ հակասական հնչի, արդիական քայլերից մեկը հայ հասարակության մեջ օրինական զենք ունենալու ավանդույթների վերակենդանացումն է: Զենք ունենալն ու դրան տիրապետելն արդիական է անգամ ազգային պետականության և բանակի առկայության պայմաններում: Դա բարդ և պատասխանատու գործընթաց է, որը, հասկանալի պատճառներով, կարող է առաջացնել ուժային կառույցների դժգոհությունը: Ինչևէ, զենքին տիրապետելու կարողությունը, «զինատեր» և «զինակիր» հասարակության մշակույթի ձևավորումը, ֆիզիկական պատրաստությունը, վերապրելու (survival) արվեստի իմացությունը, զինվորական և հոգեբանական պատրաստությունը պետք է դառնան ազգային մշակույթի և ապրելակերպի մաս: Դրանից է բխում նաև մեզանում նախազորակոչային, ռազմամարզական և ուսումնամարզական ակումբային կյանքի, ակտիվ հանգստի և (էքստրեմալ) զբոսաշրջության, մարզական և սիրողական հրաձգության, վերապրելու և լեռնագնացության դասընթացների տարածումը:
Նման պատրաստությունը կարևոր է ոչ միայն բանակային, զինվորական ծառայությանը պատրաստ լինելու առումով, այլև, առհասարակ, առօրյա կյանքում։ Բնական աղետների և արհավիրքների հետևանքների վերացման համաշխարհային փորձը վկայում է, որ դժվար իրավիճակներին ավելի լավ են դիմակայում գիտելիքներ ունեցող և պատրաստություն ստացած մարդիկ, որոնք ի վիճակի են հոգ տանել նաև ուրիշների համար։ Տվյալ տրամաբանությունն արդիական է նաև Հայրենիքից դուրս՝ Սփյուռքում ապրող հայության համար: Համապատասխան պայմանների առկայության և կազմակերպական գործունեության պայմաններում օտարության մեջ գործող հայկական հասարակական կառույցները միությունների ձևաչափով կկարողանան պատրաստ լինել բնակության երկրի պատկան մարմինների հետ համագործակցությամբ ապահովելու հայրենակիցների և համերկրացիների անվտանգությունը բնական աղետների, ներքին անկայունության և այլ իրավիճակներում:
Եվ, իհարկե, պաշտպանական և անվտանգային ոլորտներում ազգային ներուժի ստեղծման և համախմբման ձևավորման գործում առանցքային նշանակություն ունի գաղափարական տեսլականը մեզանում:
Ժամանակին, տերությունների կողմից հերթական անգամ հայության ճակատագիրը որոշելու ճակատագրական դրվագից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին՝ Խրիմյան Հայրիկը, շրջանառության մեջ դրեց հայտնի «հարիսայով կաթսայի», «թղթե» և «երկաթե շերեփի» մասին խոսույթները: Իր տեսածից դառնացած՝ հայության հոգևոր առաջնորդը, փաստորեն, տվեց թե՛ այն և թե՛, ցավոք, մեր օրերի միջազգային հարաբերությունների և դրանց ներքին տրամաբանության և գործիքակազմի շեշտակի բնութագրությունը: Շատ չանցած, ավելի մեծ արհավիրքների և դրանց հակազդելու փորձերի արդյունքում Գարեգին Նժդեհի կողմից հնչեցվեց նաև «Ուժն է ծնում իրավունքը» հայտնի եզրույթը, որն արտահայտում էր «Բեռլինի համաժողովների» վրա այլևս հույս չդնելու և ինքներս մեզ ապավինելու համոզմունքը:
Հասկանալով նժդեհյան՝ «Ուժն է ծնում իրավունք» խոսքերի պատմաքաղաքական համատեքստը՝ մեզ իրավունք ենք վերապահում չհամաձայնելու այդ մտքի նման խմբագրման հետ: Ճշմարտություններն համընդհանուր են, և եթե ընդունենք, որ ուժն է ծնում իրավունքը, ապա ապարդյուն են մեր բողոքներն ու դժգոհությունները մեզանից ավելի ուժեղների՝ մեր նկատմամբ իրագործված ոճրագործությունների համար: Բողոքները նաև անիմաստ են, քանզի վերոհիշյալ տրամաբանությամբ, օտարի ուժն ու մեր թուլությունն է «նրան» «օրինական իրավունք» տալու մեզ կոտորելու և հայրենազրկելու: Զուր են նաև մեր ներկայիս բոլոր տեսակի կոչերն առ միջազգային հանրություն ու դրա ատյաններն՝ արդարության պահանջով: Ստացվում է, որ եթե թույլ ենք, ապա անիմաստ է նաև մեր դիմադրությունը:
Չենք կարծում, որ նման փիլիսոփայությունը կարող է օգտակար լինել հայության համար: Ընդհակառակը, մենք վստահ ենք, որ ոչ թե ուժն է ծնում իրավունք, այլ ճշմարտությունը: Եթե մենք պայքարում ենք հանուն ճշմարտության, ապա մեզ հետ է Տերը: Պայքարը հանուն ճշմարտության արդար է, և մենք ունենք իրավունք, անգամ չունենալով ուժ: Մեզանից կարող են խլել ամեն ինչ, բայց ոչ իրավունքը, քանզի այն աստվածատուր է: Մեր ուժի սկիզբը՝ արդարության գիտակցումն է: Այդ իսկ պատճառով ուժի առկայությունը կամ բացակայությունը կարող է լինել ժամանակավոր, մինչդեռ ճշմարտությունն ու դրանից բխող մեր իրավունքը՝ ժամանակից և տարածությունից դուրս: Եվ այսպես. քանի դեռ կանք՝ իրավունք ունենք:
2. Կարողության մասին
Տնտեսության գաղափարական հիմքը դրախտի բարիքներից զրկված մարդու՝ «սեփական քրտինքով» իր ապրուստը վաստակելու մասին Տիրոջ խոսքն է(5): Այն նշանակում է նաև, որ մարդը պիտի վաստակի ապրելու համար և ոչ թե ապրի վաստակելու համար, քանզի կյանքի միջոցը չպիտի վերածվի կյանքի իմաստի:
Խոսելով ոլորտի մասին, ազգային օրակարգի առումով պետք է առանձնացնենք երկու փոխկապակցված, բայց տարբեր՝ գումար վաստակելու և գումար ծախսելու փիլիսոփայությունները:
Հայտնի է, որ ազգային պետականության կորստից հետո հայկական կապիտալը հիմնականում կենտրոնացավ առևտրա-տնտեսական գործունեության վրա՝ ժամանակի հետ ձևավորելով հուսալի կապեր Եվրոպայի և Հեռավոր Արևելքի առևտրական կենտրոնների միջև, զբաղվել մետաքսի, համեմունքների, գորգերի և թանկարժեք քարերի վաճառքով՝ ստեղծելով բարի համբավ և ապահովելով իրենց մուտքն անգամ օտարների համար ամենափակ շուկաներ: Հմուտ առևտրականներ լինելով, հայերն, այնուամենայնիվ, գործել են հստակ արժեհամակարգերի շրջանակներում, խորշելով, օրինակ, ստրկավաճառությունից, հաշիշի վաճառքից և այլն: Իրենց բարձրակարգ արտադրանքով և վարպետությամբ միջնադարում հայտնի էին նաև հայ արհեստավորները, որոնց հյուսքը, գորգագործությունը, ոսկերչությունը, կավագործությունը և մետաղագործությունը հայտնի էր շատ երկրներում, զարդարում էին եկեղեցիներ և պալատներ աշխարհով մեկ: Արդյունքում, հայերն իրենց բարի համբավի շնորհիվ իրավունք և հնարավորություն են ունեցել ազատորեն դավանել իրենց հավատքը, կառուցել հայկական եկեղեցիներ ու հաստատություններ, պահպանել իրենց արժեքներն ու մշակույթը բազմաթիվ վայրերում:
Ինչևէ պատմական հանգամանքների բերումով դարերով զրկված լինելով համազգային քաղաքական առաջնորդությունից, հայությունը չի ձևավորել ֆինանսական զգալի ներուժը համախմբելու և այն ազգային ինչ-ինչ տեսլականների իրականացմանն ուղղելու համազգային հայեցակարգեր, թեև առանձին փորձեր, այնուամենայնիվ, եղել են: Կուտակելով աշխարհի տարբեր անկյուններում և տնտեսության տարբեր ոլորտներում գումար վաստակելու դարերի փորձ, սեփական պետականության բացակայության պայմաններում, ի տարբերություն այլ ազգերի(6), չենք ձևավորել համախառն ազգային կապիտալի տնօրինման հայեցակարգ, ավանդույթներ և ինստիտուտներ՝ թողնելով ցանկացած տեսակի հանրային ծրագրի ձեռնարկումն ու իրականացումը առանձին անհատների հայեցողությանն ու քմահաճույքին: Մեծահարուստներ և նրանց ջանքերով կյանքի կոչված ազգանպաստ առանձին ձեռնարկումների փայլուն օրինակներ ունեցող ազգ լինելով՝ չենք ձևավորել նաև ունևոր մարդու վարքի կանոններ, ինչպես նաև սոցիալապես պատասխանատու բիզնես-մշակույթ: Ազգային պետականության կորստի պայմաններում հիմնականում Հայրենիքի սահմաններից դուրս պահելով կապիտալն ու արտադրական հզորությունները՝ լուսանցք ենք մղել անգամ հայրենի հողի հետ հայ անհատին կապող գյուղատնտեսության ոլորտը: Այդպիսի տրամաբանությամբ շարունակել ենք նաև պատմության նոր և նորագույն շրջաններում՝ արդյունքում օտար երկրներում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների, պատերազմների, արհավիրքների և այլ պատճառներով կամաց-կամաց կորցնելով դարերի ընթացքում ստեղծվածը:
Պատմական զարգացման նման տրամաբանության ներքո պետք է վերաիմաստավորենք ազգային ինստիտուտների խորքային իմաստները՝ գործնականում ծառայեցնելով դրանք հանրության կարիքներին, այլ ոչ թե ազգային փառամոլությանը: Այստեղ է, որ մեծ անելիքներ ունի ազգային բիզնես միջավայրը: Այսօր, ցավոք, դեռ առնչվում ենք մի իրողության հետ, երբ բազմաթիվ խնդիրներ դուրս են մնում պետության ուշադրությունից, մասնավորապես՝ սոցիալական ոլորտում: Այսօր, ի տարբերություն Ներսես Ա Հայոց Կաթողիկոսի ժամանակների, մենք իբրև պետություն և հանրություն առումով չենք ձևավորել «սոցիալական անվտանգության բարձիկի» անհրաժեշտության ընկալում, հոգեբանորեն և հաստատութենական հաշտվելով այն մտքի հետ, որ մեր համերկրացին կարող է ինչ-ինչ պատճառներով իր իսկ երկրում լինել անտեսված և թշվառ(7): Ինչպես արդեն ասել ենք, մեր ընկալմամբ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի ստորին նշաձողը սոցիալապես անապահով խավի (ՍԽԽ) խնդիրների առկայությունն է, որից էլ պետք է հաշվել զարգացման իրական ուղին: Այստեղ է, որ ազգային բիզնեսը կարող է համակարգային քայլեր ձեռնարկել ապահովելու ՍԽԽ ներկայացուցիչների շահերի իրական պաշտպանություն իրավական դաշտում (ՀՀ աղբյուրներից ֆինանսավորվող կամ ֆինանսավորման աղբյուրներն ամբողջությամբ բացահայտող տարաբնույթ ՀԿ-ների միջոցով); աջակցել նրանց ներառմանը համապատասխան պետական և մասնավոր ծրագրերում; ստեղծել և համալրել համապատասխան տեղեկատվական հարթակ; իրականացնել հասցեական աջակցություն անհատական, կազմակերպությունների և բիզնես ընկերության մակարդակով; ներդնել շեֆության (հովանավորության, այդ թվում` խնամակալական բնույթի) ինստիտուտը անհատական-կամավորական, տեղական ինքնակառավարման, առանձին անհատների խմբերի (հարևաններ և այլն), կառույցների և ընկերությունների մակարդակով: Նման համակարգված քաղաքականությունը կարող է արմատապես փոխել ազգային կարողության և ներուժի նկատմամբ հանրային ընկալումը՝ դրանից բխող բազմաթիվ հետևանքներով:
Ընդունված է ասել, որ ձեռնարկատիրական գործունեությունը՝ բիզնեսը արտաքին ազդեցություններին և հանգամանքներին արագ արձագանքող, տարբեր ներքին գործոններից կախման մեջ գտնվող նուրբ համակարգ է: Միաժամանակ, գործածարությունը մեծ կախում ունի նաև երկրի ներքին իրողություններից, շատ դեպքերում լինելով ժողովրդավարության (որն արտահայտվում է ազատ մրցակցության առկայությամբ) ավելի ճշգրիտ ցուցիչ, քան ժամանակավոր նախասիրություններով պայմանավորված քաղաքական ընտրությունները: Այս ամենով հանդերձ՝ «ազգային տնտեսությունն» ի վիճակի է առաջնորդվել սեփական երկրի օրակարգով, վերհանել և զարգացնել դրա մրցակցային առավելությունները(8), ծառայել իբրև Հայրենիքում այլ բիզնեսների համար հնարավորություններ ստեղծող համակարգ: Գործարարության՝ իբրև «գործ արարելու» կարևորությունն ազգի համար կայանում է իրենց հողում մարդկանց նախ վաստակելու հնարավորություն տալու և նոր ապա՝ հարկեր վճարելու մեջ: Այս գործառույթի համար է, որ բիզնեսին տրվում են հարկային արտոնություններ և «արձակուրդներ»:
Պետք է հիշել, որ երկրի բնական պաշարներից, մարդկային ներուժից և ընդձեռնված այլ հնարավորություններից օգտվող ձեռնարկատիրական գործունեությունը, այնուամենայնիվ, հիմնված է այն իրականացնողի ազատ կամքի վրա և մեր օրերում չի կարող պարտադրվել սեփականատիրոջ կամքին հակառակ: Մեր հասարակության մեջ դեռևս վառ են 1990-ականների սկզբի ազգային կապիտալի վերաբաշխման գործընթացի, ինչպես նաև դրան նախորդած «համատարած հավասարության» երանելի ժամանակների մասին հիշողությունները, ինչը և պայմանավորում է տեղական կապիտալի նկատմամբ որոշակի վերապահումները: Ի թիվս գերմրցակցային միջավայրի առանձնահատկություններին և այլ հարցերին, նաև այս պատճառով է, որ ոլորտում ներգրավված մարդիկ մշտապես կանգնած են ինքնակատարելագործվելու, նորը սովորելու և կիրառելու մարտահրավերի առջև: Եվ գիտակցումի, որ իր հողի վրա հայի ապրելու և արարելու գերխնդրի լուծումն անհնարին է առանց բիզնեսի և ազգային-պետական շահերի ներդաշնակեցման: Դա տվյալ բիզնեսի համար շահավետի և ազգի համար նպատակահարմարի ճիշտ (ընդունելի) հարաբերակցության բանաձևումն է ազգային օրակարգով մտահոգված յուրաքանչուր գործարարի կողմից:
Մենք ելնում ենք նրանից, որ տնտեսական բոլոր օրենքների առավելագույնս պահպանելով հանդերձ բիզնեսը պետք է լինի միջոց ազգի համար, ազգը՝ ներուժ բիզնեսի համար (սպառման շուկա, աշխատուժի աղբյուր), իսկ պետությունը՝ համագործակցության ապահով (ավելորդ արտաքին վտանգների համար փակ) միջավայր: Այնպես է ստացվել, որ հենց հայկական բիզնես հանրությունն է՝ ի դեմս իր գիտակից և սոցիալական պատասխանատվությունը գիտակցող ներկայացուցիչների, հայտնվել ազգային–պետական օրակարգի առաջմղման առաջին գծում: Նրանցից շատերն՝ անցնելով իրենց բիզնեսների ինքնահաստատման և կայացման փուլը, այժմ հայտնվել են որակապես այլ՝ «միջդիսցիպլինար» մոտեցումներ պահանջող հարցերի հրամայականի առջև: Ինչպես են նրանք ինքնակազմակերպվելու և գործելու՝ նրանց գործն ու որոշումն է:
Մեր կողմից ասենք միայն, որ հաշվի առնելով ազգի առջև առկա մարտահրավերներն ու տնտեսության առանձնահատկությունները (շուկայի փոքր ծավալը, որակյալ աշխատանքային ուժի պակասը, տեխնոլոգիական առաջընթացի անհրաժեշտությունը և այլն) զարգացման ազգային (Հայրենիք և Սփյուռք) տեսլականը տնտեսության ոլորտում պահանջում է շահագրգիռ շրջանակների կողմից մի շարք փոխկապակցված գործընթացների նախաձեռնում.
2. Կադրային ներուժի ձևավորում
- Նոր կադրային ներուժի կրթում(9), հաստատութենական և ծրագրային հարթություններում դրա ներգրավում
Բիզնեսի աշխարհը արագ փոփոխվող միջավայր է, անընդհատ նոր խնդիրներ և հեռանկարներ առաջարկող իր գործընթացներով, ինչը լրացուցիչ ջանքեր և աշխատանք է պահանջում, հատկապես, սահմանների բացման և տնտեսական հարաբերությունների ազատականացման պայմաններում: Խնդիրն ավելի արդիական է միջազգային հարաբերություններում տարատեսակ խնդիրների շուրջ պայքարի տնտեսական գործիքակազմի լայն ներգրավման պայմաններում: Օբյեկտիվ հանգամանքների բերումով ՀՀ բիզնես հանրությունը սկսել է ձևավորվել 1990-ականների կեսերին, իր վրա կրելով պահի ընկալումներն ու բավարարվելով ունեցած փորձով և գիտելիքներով: Այսօր առաջ գնալու և հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար անձնական, անհատական կարողությունները այլևս բավարար չեն, ուստի անհրաժեշտ է նոր ներուժի ներգրավում: Աշխարհում տարածված եղանակ է, երբ ընկերությունները նախապես իրենց վրա են վերցնում երիտասարդ մասնագետի կրթման և մասնագիտական փորձառության ապահովման գործը, նրանց հետ նախապես պայմանագրեր կնքում և գործնական մասնագիտական փորձառնություն ապահովում: Դա ոչ միայն կարող է ապահովել նոր, արդի գիտելիքներով սպառազինված կադրերի ներհոսքը տնտեսություն, նպաստել մասնագետների սերնդափոխությանը, ՀՀ-ում բիզնես կառավարման փիլիսոփայության փոփոխությանը (երբ սեփականատերը ծանրաբեռնում է իրեն առօրյա կառավարումով), այլև բարձրացնել կրթության պահանջվածությունը երիտասարդության շրջանում, հնարավորություններ ընձեռնել սոցիալապես անապահով, բայց շնորհաշատ երիտասարդներին:
- Բիզնես ոլորտի կադրերի ազգային ռեեստրի ստեղծում
Նպատակը հայաստանյան և սփյուռքի մասնագիտական ներուժի գույքագրումն ու մասնագիտական մրցակցային շուկայի ձևավորումն է՝ այն գիտակցումով, որ վերջինիս առկայությունը կարող է զգալիորեն հեշտացնել բիզնեսի ոլորտում նոր ծրագրերի և նախաձեռնությունների հաստատութենացումն ու արագ մեկնարկը, արդյունավետորեն տնօրինել նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցողների ներուժը, Հայաստանը ավելի գրավիչ դարձնել արտաքին ներդրումների համար: Եվ, բնականաբար, հնարավորություններ ընձեռնել մասնագետներին, աշխատանքային աճի հնարավորություններ ստեղծել այն ոլորտներում, որոնք պարտադիր պահանջում են առաջնային աշխատանքային փորձ, սակայն իրենք այն չեն տրամադրում:
2.2 Ազգային բիզնես-մշակույթի (վերա)ձևավորում
- Բիզնես հարաբերությունների ազգային կոդեքսի ներմուծում, աշխատողների շահերի և իրավունքների պաշտպանություն(10)
Վերոհիշյալ կոդեքսը (գրված կամ չգրված) պետք է ի մի բերի «բիզնես–բիզնես» (B2B, Business-to-Business), «բիզնես–հաճախորդ» (B2C, Business-to-Consumer) և «բիզնես–աշխատակից» (B2E, Business-to-Employee) հարաբերություններում առկա և նախկինում գործած նորմերն ու սովորույթները՝ դառնալով ուղեցույց անհատների բիզնես պահվածքի և գործելաոճի համար(11), վերակերտելով հայկական գործարար միջավայրի հեղինակությունն ու վստահելիությունը և բարձրացնելով դրա մրցունակությունը հնարավոր արտաքին տնտեսական էքսպանսիայի պայմաններում:
- Ազգային արտադրողի կամ ազգային կապիտալի մասնակցությամբ արտադրված ապրանքների սպառման մշակույթի ներմուծում
Գոնե այլ հավասար պայմաններում ազգային արտադրողի ապրանքներին առաջնահերթություն տալու սովորությունը քաղաքացիական հայրենասիրության տեսակ է(12), որն ապահովում է ազգային բիզնեսի հարատևությունը, երաշխավորում դրա կողմից աշխատավարձեր և հարկեր վճարելու կարողությունը: Մյուս կողմից, սակայն, հնարավոր չէ և չի կարելի սպառողին պարտադրել օգտվել ցածրորակ ապրանքներից և ծառայություններից՝ չարաշահելով դրանց ծագման հանգամանքը:
- Գոնե այլ հավասար պայմաններում ազգային արտադրողի և Հայրենիքում ազգային ներդրողի համար առաջնահերթության ապահովում
Չի կարող գլոբալ և տարածաշրջանային մրցակցության պայմաններում հայկական բիզնեսը գոյատևել և զարգանալ առանց վերջինիս նկատմամբ ոչ միայն հասարակության, այլև ազգային պետության յուրահատուկ հոգատարության: Հնարավոր է, որ պետության հնարավորությունները կարող են որոշ հարցերում սահմանափակված լինել ինչ-ինչ պատճառներով, ինչևէ, ցանկացած տեսակի տնտեսական գործունեության մեջ պետք է պահպանել ազգայինի առաջնահերթության սկզբունքը:
2.3 Ազգային կարողության համախմբում
Կարծում ենք, որ վերոհիշյալ կետերից բխող մշակույթի և գործընթացների իրականացման ուղղությամբ կատարվող քայլերն անգամ կարող են օրակարգ բարձրացնել գերհավակնոտ ազգային ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք կարող են մասշտաբայնացնել ունեցած դրական ծրագրերը, մեծացնել ազգային պետականության միջազգային դերն ու կարևորությունը, ինչպես նաև ամրապնդել դրա դիմադրողականությունը բոլոր տեսակի վտանգների առջև:
- Կոոպերացիայի, համատեղ և փայատիրական բիզնես ձևաչափերի խրախուսում
Ցավալի է, բայց խոստովանենք, որ մեզանում առկա է բիզնես գործունեության տվյալ ձևաչափի դրական փորձի պակաս, որի պատճառով, ինչպես ընդունված է ասել՝ «Մեկը երկու չի դառնում»: Պատճառները շատ են, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների գործոնը, հորիզոնական իրավահավասար ձևաչափերում որոշում ընդունելու մշակույթի թուլությունը, բիզնես ձեռնարկումների խիստ ուղղահայաց կառավարումը, «դրսից» հրավիրված պրոֆեսիոնալ մենեջմենթի հետ չաշխատելը և այլն: Ցավոք, խնդիրն առկա է անգամ մեկ ընտանիքի անդամների ձևաչափում:
- Տնտեսական փոխգործակցության համահայկական ձևաչափերի ներմուծում
Փայատիրական կապիտալով գործող ծրագրերի իրականացումը ոչ միայն ընդարձակում է ծրագրերի ֆինանսական բազան, այլև միավորում մարդկանց մեծ խմբերի տարբեր հեռանկարային ծրագրերի շուրջ և ոչ միայն դարձնում նրանց շահառու, այլև՝ ազգային ծրագրերի մասնակից: Հայաստան – Սփյուռք փոխգործակցության այս եղանակը հենց այն ձևաչափն է, որն ակտիվորեն ներգրավելով հայկական համայնքների ներկայացուցիչներին Հայաստանի օրակարգերին՝ որևէ կերպ չի «հարվածում» ՀՀ ինքնիշխանությանը:
- Ապրանքների և ծառայությունների համահայկական շուկայի/բորսայի ձևավորում
Սա արդեն հիշատակված քաղաքացիական հայրենասիրության համահայկական ձևաչափի մասին է, երբ ցանկացած գործարք և գնում ոչ միայն սեփական խնդիրների լուծմանն է ուղղված, այլև նպատակ ունի ամրապնդել ներհայկական կապերը, սատարել ազգային ձեռնարկատիրությանը առանց լրացուցիչ ջանքերի և, շատ դեպքերում, ծախսերի:
- Համահայկական բանկային (ֆինանսական) կապիտալի միախմբում
Հիշյալ կետը ենթադրում է հայության մեջ անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժի և ինստիտուտների առկայություն, համահայկական լայն կապերի և փոխադարձ վստահության ձևավորում, համաշխարհային տնտեսական միտումների և դրանցում ՀՀ և հայկական կապիտալի տեղի և դերի գիտակցում: Ինչքանով է դա հնարավոր մեր պայմաններում՝ բարդ հարց է, կախված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, այդ թվում՝ ազգային բիզնես խավի՝ առաջնորդություն ձևավորելու և թիմով աշխատելու ունակությունից, հանուն ընդհանուր գործի հաջողության ջանքեր գործադրելու և սեփական ամբիցիաներից հրաժարվելու կարողությունից, ռազմավարական թիրախավորումից, տարատեսակ խոչընդոտները հաղթահարելու պատրաստակամությունից: Բոլոր դեպքերում պարզ է, որ ոլորտի ներկայացուցիչները շատ լավ պատկերացնում են, որ իրենց դաշտում անգործությունն անընդունելի է ի սկզբանե, քանզի բիզնեսում պարտավոր ես ջանքեր գործադրել ոչ միայն առաջ գնալու, այլ անգամ ջրի երեսին մնալու համար:
(Շարունակելի)
(1) Տես Ксенофонт, Киропедия, https://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1348001000 (բեռնման օրը՝ 10.10.2024); Страбон, География, Книга XI, Глава XIV, https://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1260110000 (բեռնման օրը՝ 10.10.2024).
(2) Առաջին նման փաստագրված դեպքը Եվրոպայում վերաբերում է XII դարին:
(3) Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի («Կյուրոպեդիա») Բաբելոնի գրավմանը մասնակցել են արմենների (հայերի) 8-հազարանոց այրուձին և 40-հազարանոց հետևակը՝ Տիգրան և Եմնաս զորավարների առաջնորդությամբ:
(4) Իմիջիայլոց, նույն նպատակների համար հայկական ռազմարվեստը կիրառում էր ռազմական պարերը, որոնց ժամանակակից տարատեսակները հայտնի են քոչարի, յարխուշտա և այլն անվան տակ: Դրանք ուշադիր դիտելու դեպքում անմիջապես նկատելի են դառնում զենքով և զրահով սպառազինված զինվորի շարժումները: Պարերի հիշյալ նշանակությունն ավելի են ընդգծում դրանց ուղեկցող նվագարանները՝ դուդուկը, զուռնան ու դհոլը:
(5) «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ» (Ծննդ. 3.19):
(6) Օրինակ՝ հրեական, բրիտանական, հոլանդական, վենետիկյան, ջենովական և այլն:
(7) Խոսքը ոչ թե գրեթե բոլոր երկրներին հայտնի թափառականության և նման կենսակերպի ջատագովների, այլ աշխատած, սակայն աղքատության մեջ ապրող մարդկանց մասին է:
(8) Նման մրցակցային առավելություններից է, օրինակ, Տես Է. Աթանեսյան, Հավատք, Հայրենիք, Պետություն (Մաս III), (25.11.2024), ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն:
(9) Գործարար ոլորտը սեփական կադրար պատրաստելու հետ մեկտեղ կարող է նպաստել նաև երկրի ապագա հասարակական-քաղաքական էլիտայի ձևավորմանը՝ հստակ գիտակցելով, սակայն, որ վերջինիս պարագայում առաջնահերթ դերակատարում պետք է ունենան Բանակն ու Եկեղեցին:
(10) Ոլորտում նորարարական գործունեությունը կարող է հիմնվել հայկական «խոջայական կապիտալին», չելեբիության, ամիրայության և հայկական համքարությունների պատմության ու փորձի ուսումնասիրության վրա:
(11) Մտքի, խոսքի և գործի մեկտեղման և այլնի մասին արդեն խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում, Տես Է. Աթանեսյան, Հայկի ուղին և դեպի Հայկ ուղին (Մաս II), (18.11.2024), ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն:
(12) Նման մշակույթի վառ օրինակն է ա. կ. կոշերային սննդամթերքի և այլ ապրանքների սպառման պրակտիկան, որը դուրս գալով զուտ հրեական ավանդական միջավայրից, հետզհետե տարածվում է նաև կրոնական և մշակութային այլ արմատներ ունեցող սպառողների շրջանում: