Մեկնաբանություններ

COP29-ում Ադրբեջանի հիմնական խնդիրների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 22.11.2024 թ.(1)

2024 թ. նոյեմբերի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը՝ COP29։ Բաքուն ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ լրջորեն պատրաստվում էր այս իրադարձությանը` ջանք չխնայելով, որպեսզի COP29-ի մասշտաբներն ու նշանակությունը չզիջեն Փարիզում 2015 թ. տեղի ունեցած հիշարժան բնապահպանական համաժողովին: Կլիմայի միջազգային գագաթնաժողով անցկացնելու հարցում ԱդրՀ-ի ծայրահեղ շահագրգռվածության մասին է վկայում այն փաստը, որ Բաքուն ժամանակին Երևանից ստացել է COP29-ի կազմակերպման իրավունքը զիջելու համաձայնությունը՝ մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց:

COP29-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համաժողովը պետք է դառնա նախաձեռնող և «ապահովի կոնկրետ արդյունքների ձեռքբերում, որպեսզի կյանքի կոչի ԱՄԷ-ի անցյալ տարվա պատմական կոնսենսուսում արձանագրված խոստումները՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից յուրաքանչյուր երկրի և գլոբալ տնտեսության պաշտպանության համար»(2): Օրակարգում ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային հիմնադրամի ստեղծումն է, որի ֆինանսական միջոցները պետք է բաշխվեն երկրների միջև՝ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարելու համար։ Նախատեսվում է, որ հիմնադրամի միջոցները կկազմեն տարեկան առնվազն 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ դրա հիմնական դոնորները պետք է լինեն զարգացած երկրները, ինչպես նաև այն պետությունները, որոնք ապահովում են իրենց աճող բարեկեցությունը հանածո բնական պաշարների և արտադրող արդյունաբերության հաշվին, որը կապված է շրջակա միջավայրի աղտոտման բարձր ռիսկի հետ(3): «Կլիմայական» կամ «բնապահպանական» հիմնադրամը նախատեսվում է օգտագործել բնական էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու, տնտեսության արդյունաբերական ոլորտներում «կանաչ տեխնոլոգիաներ» ներմուծելու և ամբողջ աշխարհում վերականգնվող էներգիայի աղբյուրների հսկայածավալ միավորում (կլաստեր) ստեղծելու համար։

Դեռևս մինչև վաղ աշուն համարվում էր, որ խորհրդաժողովն ունի բոլոր հնարավորությունները հիմնադրամի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար՝ դրանով իսկ Բաքվի միջոցառումը վերածելով դարակազմիկ նշանակության իրադարձության։ Սակայն, երբ մոտենում էր համաժողովի բացման ժամկետը, հայտնի դարձավ, որ աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդները մեկը մյուսի հետևից հրաժարվում են մասնակցել գագաթնաժողովին։ Սա պատճառ դարձավ, որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները թերահավատորեն վերաբերվեն ինչպես Բաքվի խորհրդաժողովին, այնպես էլ համաշխարհային «բնապահպանական» հիմնադրամ ստեղծելու հնարավորություններին՝ թեկուզ հայտարարված մասշտաբով(4):

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովը հյուրընկալելու դրդապատճառների վերաբերյալ նշենք, որ Ի. Ալիևին անհրաժեշտ է լայնամասշտաբ միջոցառման կազմակերպում շուրջ 100 երկրների ներկայացուցիչներով (40-ից մինչև 70 հազար մասնակից), որպեսզի «օրինականացվեն» հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում և վերականգնվի իր հեղինակությունը, ինչի մասին արդեն գրել են միջազգային լրատվամիջոցները։ Սա, ըստ երևույթին, նույնպես որոշակի դեր է խաղացել Ադրբեջանի ղեկավարի ծրագրերում, ինչպես նաև նրա ցանկությունը միջազգային հանրությանն ու ներքին լսարանին ցույց տալու, որ Ադրբեջանն իր ղեկավարության օրոք կերտել է «հաջողակ» և «դինամիկ զարգացող երկրի» կերպար։ Բայց զուտ քարոզչական դրդապատճառներից բացի, Ալիևի ռեժիմը կարող է ծրագրեր ունենալ իր նպատակին հասնելու համար կլիմայական միջազգային հարթակն օգտագործելու իր ուղիղ նշանակմամբ՝ աջակցելու Ադրբեջանի նավթից կախված տնտեսությանը և փրկելու երկրի բնապահպանական բարդ իրավիճակը: Բաքվի համար այս շարժառիթները կարող են ոչ պակաս արժեքավոր լինել, քան քաղաքական և իմիջային դիվիդենտներ ստանալը լայնածավալ միջոցառումից։

Փաստն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը, չնայած իշխանությունների կողմից այն դիվերսիֆիկացնելու մշտական խոստումներին, մնում է կախված նավթագազային հատվածից և, հետևաբար, ածխաջրածինների համաշխարհային գների տատանումներից։ Թեև Ադրբեջանի տնտեսության դինամիկ դիվերսիֆիկացման ծրագիրը հայտարարվել է Ադրբեջանի կառավարության գերակայություն, իրականում այս ոլորտում շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ Նավթի և գազի արտահանումից ստացված եկամուտները շարունակում են մնալ ԱդրՀ ազգային եկամտի հիմքը՝ նույնիսկ հաշվի առնելով վերջին տարիներին նավթի արդյունահանման անկումը։ Ելնելով Ադրբեջանի տնտեսության կառուցվածքի առանձնահատկություններից, հումքի արտադրության անկումը, իր հերթին, դանդաղեցնում է տնտեսության ոչ նավթային հատվածների զարգացումը, որոնք սերտորեն փոխկապակցված են դրա հետ։ Եվ, հետևաբար, մղվող նավթի ծավալները կայունացնելու ակնկալիքով, Բաքուն ադրբեջանական հորեր շահագործող միջազգային ընկերություններին մղում է դեպի ցածր շահութաբերություն ունեցող նավթահորերի գործարկում և նոր հանքավայրերի ուսումնասիրություն։ Սա իր հերթին ավելի է սրում Կասպից ծովի առափնյա ծանծաղուտում առանց այն էլ բարդ բնապահպանական իրավիճակը, որը երկրների բնապահպանական արդյունավետության ցուցանիշներում Ադրբեջանին մղեց դեպի տարածաշրջանից դուրս գտնվող երկրների (outsider) շարք(5): Բնապահպանական ցածր վարկանիշն, իր հերթին, չի կարող չազդել ադրբեջանական նավթագազային ապագա ծրագրերի գրավչության և հեռանկարների վրա։ Այսպիսով, ուրվագծվում է մի արատավոր շրջանակ, որից ելքը շատ բարդ է թվում՝ հաշվի առնելով տեղական մտածելակերպը և երկրում տնտեսական կառավարման գործելաոճը։

Ադրբեջանի իշխանությունները չեն կարող չտեսնել, որ նավթային կախվածությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը, և համակարգի ծայրահեղ բյուրոկրատացումը թույլ չի տալիս կրկնել Ինդոնեզիայի, Մալազիայի և ԱՄԷ-ի հաջողված փորձը, որոնք համեմատաբար արագ դիվերսիֆիկացրեցին իրենց տնտեսությունները՝ տեղաբաշխելով նավթի արդյունահանումը ոչ թե իրենց զարգացման առաջնագծում, այլ միայն դրա կայուն զարգացումն ապահովող արդյունաբերության դիրքում: Արդյունքում՝ Ադրբեջանը հետ է մնում վերը նշված զարգացող և զարգացած (Նորվեգիա, Սինգապուր) նավթարդյունահանող տնտեսությունների վերակազմավորման դինամիկայից և գտնվում է աֆրիկյան երկրների (Նիգերիա, Գաբոն և այլն) մակարդակի վրա։ Թեև անգամ հումք արտահանող աֆրիկյան երկրների շարքում կան այնպիսիները, որոնք շոշափելի հաջողությունների են հասել նավթային և գազային կախվածությունից ազատվելու հարցում (օրինակ՝ Ալժիրը)։

Բնական է, որ այս բոլոր երկրներում բնապահպանական իրավիճակը ուղիղ համեմատական է նավթագազային հատվածից դրանց կախվածության աստիճանին, ինչի մասին են վկայում միջազգային աղբյուրները։ Ըստ այդմ, Ադրբեջանի բնության անմխիթար վիճակը ուղղակիորեն կապված է տնտեսության իրավիճակի հետ, որը հիմնված է վերջին 30 տարվա ընթացքում այս երկրին ծանոթ «արտամղում–վաճառում–մուտքագրում բյուջե» գծապատկերի վրա։ Եվ, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքուն չի ցանկանում ճանաչել, առավել ևս՝ աշխարհին ցույց տալ իր հետընթաց տնտեսական մոդելի և երկրի բնապահպանական բարդ իրավիճակի անմիջական կապը։ 2024 թ. նոյեմբերի 13-ին COP29-ի շրջանակներում «Երիտասարդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» խորհրդաժողովում ԱդրՀ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել էր, որ Ադրբեջանին բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների միայն 0,1%-ը, որը, ենթադրաբար, գլոբալ կլիմայի վատթարացման վրա Ադրբեջանի հանքային արդյունաբերության կործանարար ազդեցության չափազանց ցածր ցուցանիշ է(6)։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ խնդիրների է բախվում գետերի և Կասպից ծովի արագ ծանծաղացման պատճառով, սակայն նախընտրել է այդ հարցը չկապել երկրի հումքի ոչ ռացիոնալ շահագործման հետ՝ հին, էկոլոգիապես նվազագույն մաքրությամբ տեխնոլոգիական մեթոդներով։

Հատկանշական է, որ ադրբեջանցի մասնագետների վերջին ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ, իբր, Կասպից ծովի ծանծաղացման վրա հիմնականում ազդում է տարածաշրջանում ջերմաստիճանի ընդհանուր աճը՝ նպաստելով ծովի ջրի ինտենսիվ գոլորշիացմանը, Կենտրոնական Ասիայի անապատներում՝ Կասպից ծովի ջրերը չորացնող լայնածավալ քամու հոսքերի ձևավորումը, ինչպես նաև Վոլգա գետից Կասպից ծով մտնող ջրի ծավալների կրճատումը։ Այդ ծովի էկոլոգիայի վրա նավթի և գազի արդյունահանման հնարավոր ազդեցության գործոնը մոտալուտ աղետի պատճառների թվում չի հիշատակվում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանում (նաև Ղազախստանում և Թուրքմենստանում) պաշտոնական մակարդակով ընդունված չէ բնապահպանական խնդիրները կապել նավթարդյունաբերության հետ։ Բաքվի փորձագետները հակված են կարծելու, որ ծովում ջրի մակարդակի նվազմանը նպաստող միակ մարդածին գործոնը «ջրամբարների և այլ ջրաբաշխական օբյեկտների կառուցումն է ծովը սնուցող գետերի վրա, որոնք թույլ չեն տալիս ջրի հոսքը դեպի Կասպից ծով»(7): Հասկանալի է, որ խոսքը ՌԴ-ի մասին է, որի քաղաքականությունը Վոլգայից ջրառի հարցում դուր չի գալիս ԱդրՀ-ին և մերձկասպյան թյուրքական մյուս երկրներին, որոնք հակված չեն նավթաբեր կասպյան առափնյա ծանծաղուտի անխնա շահագործումը համարել ջրամբարի էկոլոգիայի վատթարացման հիմնական պատճառը:

Դեռևս Մոսկվա կատարած ապրիլյան այցի ընթացքում, այնուհետև Վ. Պուտինի՝ Բաքու կատարած օգոստոսյան այցի ժամանակ, Ի. Ալիևը ՌԴ նախագահի առջև բարձրացրել է Վոլգա գետից Կասպից ծով մտնող ջրային պաշարների կրճատման հարցը՝ խնդրելով կարգավորել խնդիրը։ Վ. Պուտինը հանձնարարել է ՌԴ մերձվոլգյան շրջանների ղեկավարներին խնդրի վերաբերյալ մանրամասն զեկույցներ և առաջարկներ պատրաստել։ 2024 թ. հոկտեմբերի սկզբին ռուսական կողմի նախաձեռնությամբ ստեղծվել է ռուս և ադրբեջանցի գիտնականների համատեղ աշխատանքային խումբ, որի նպատակն էր ուսումնասիրել Կասպից ծովի ծանծաղացման խնդիրները։ Սակայն, ինչպես կարելի է դատել ռուսական լրատվամիջոցներից, ՌԴ փորձագետներն արդեն հակված են կարծելու, որ կասպիական էկոլոգիական հավասարակշռության խախտման հիմնական պատճառներից մեկը մերձկասպյան երկրների կողմից տնտեսության ոչ ճիշտ կառավարումն է և բնական ռեսուրսների շահագործման ագրեսիվ մեթոդները(8). «Մերձկասպյան երկրների գերատեսչություններն ու մարմինները կենսառեսուրսների, զբոսաշրջության և հանգստյան գոտիների ռացիոնալ օգտագործման փոխարեն ավելի շատ զարգացնում են արդյունաբերության արդյունահանող և գյուղատնտեսական ճյուղերը»:

Կասպից ծովի ծանծաղացումը ԱդրՀ-ի միակ բնապահպանական խնդիրը չէ, որը պայմանավորված է այս երկրում կառավարման մեթոդներով: ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն անդրադարձել է այն թեմային, թե ինչպես է Ադրբեջանի լեռնահանքային արդյունաբերությունն ազդում այս երկրի էկոլոգիական հավասարակշռության խախտման վրա, աղտոտում բնական միջավայրը և հանգեցնում Ադրբեջանի քաղաքացիների մահվան ու ծանր հիվանդությունների։ Օգտվելով հանրապետության ոսկու հանքերում բաժնետոմսեր և վիճելի համբավ ունեցող բրիտանա-ամերիկյան ընկերությունների կապերից և աջակցությունից, Բաքուն խուսափում է շրջակա միջավայրին հասցված վնասի պատասխանատվությունից և չի ցանկանում լեռնահանքային արդյունաբերություն ներմուծել էկոլոգիապես մաքուր, բայց թանկարժեք տեխնոլոգիաներ։ Նման իրավիճակ է նաև նավթարդյունահանման ոլորտում, որը Բաքուն ոչ միայն մտադիր չէ վերակազմավորել իր տնտեսության բարդ կառուցվածքում, այլև չի ձգտում վերափոխել «կանաչ» նոր տեխնոլոգիաներով։

COP29 համաժողովի բացման ժամանակ իր ողջույնի խոսքում Ի. Ալիևը հայտարարեց, որ իրեն անխնա քննադատում են «Նավթն ու գազը Աստծո պարգև են» ձևակերպման հեղինակ լինելու համար։ Նա հաստատեց, որ մնում է այդ կարծիքին՝ Ադրբեջանին հանքանյութերի շահագործման միջոցով շրջակա միջավայրն աղտոտելու մեջ մեղադրելու փորձերն անվանելով «երեսպաշտական»։ «Նավթն ու գազը Աստծո պարգև են, ինչպես արևը, քամին և հանքանյութերը: Յուրաքանչյուր բնական ռեսուրս, լինի դա նավթ, գազ, քամի, արև, ոսկի, արծաթ, պղինձ – բոլորը բնական ռեսուրսներ են: Երկրներին չպետք է մեղադրել դրանց առկայության համար, և նրանց չպետք է մեղադրել այդ ռեսուրսները շուկա հանելու համար»(9): Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ ինքը «կանաչ էներգետիկայի» անցնելու համոզված կողմնակիցն է, ի ապացույց որի հաջորդ օրը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ ստորագրել է համաձայնագիր՝ «կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում գործընկերության մասին»: Խոսքը Կասպից ծովի հատակով, այսպես կոչված, «կանաչ մալուխ» անցկացնելու նախագծի մասին է, որն ապագայում պետք է միանա մեկ այլ մալուխի, որն էլ Սև ծովի հատակով տանում է Ադրբեջանից և Վրաստանից դեպի Եվրոպա (որին ժամանակին անդրադարձել է ԱՌՎԱԿ կենտրոնը), դրանով իսկ Հին աշխարհին ապահովելով վերականգնվող էներգիայի աղբյուրներով Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից(10): Ուզբեկստան–Ղազախստան–Կասպից ծով–Ադրբեջան հատվածի շինարարության ծախսերը հոգացել է սաուդյան ACWA Power ընկերությունը։

Հատկանշական է, որ COP29-ի բացման ժամանակ իր ելույթում Իլհամ Ալիևը խեղաթյուրել է փաստերը. իրականում ոչ ոք Ադրբեջանին երբևէ չի մեղադրել նավթի և գազի պաշարների տիրապետելու և դրանք վաճառելու մեջ։ Եթե Բաքուն քննադատության է ենթարկվել և շարունակում է քննադատվել միջազգային հարթակներում, ապա միայն այն պատճառով, որ այնտեղ ածխաջրածինների արտադրությունն իրականացվում է բնական ռեսուրսների շահագործման միջազգային բնապահպանական չափանիշների խախտմամբ։ Եվ նաև այն բանի համար, որ ԱդրՀ նավթի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործվել են երկիրը ռազմականացնելու, պատերազմներ և էթնիկ զտումներ սանձազերծելու, առանձին քաղաքական գործիչների և ամբողջ կառավարությունների կաշառելու և երկրի ու ժողովրդի կառավարման ավտորիտար մեթոդներ պարտադրելու համար: Սակայն Ի. Ալիևի համար կարևոր է նախևառաջ ցույց տալ ադրբեջանական հասարակությանը, որ մեղադրվում է ոչ թե անձամբ ինքը և նրա կառուցած ռեժիմը, այլ՝ ամբողջ երկիրը։

Ամփոփելով COP29-ի օրակարգի բաց տվյալների վերանայումը, ինչպես նաև վերլուծելով ադրբեջանական իշխանությունների հռետորաբանությունը և համակողմանի աշխատանքը, որը նրանք իրականացնում են խորհրդաժողովի շրջանակներում, կարող ենք եզրակացնել, որ Բաքուն միաժամանակ աշխատում է երկու ուղղությամբ։ Ադրբեջանը մի կողմից հասկացնում է, որ չի պատրաստվում հրաժարվել նավթի և գազի հանքավայրերի շահագործման ներկայիս քաղաքականությունից և փոխել իր տնտեսության կառուցվածքը։ Մյուս կողմից, այն միաժամանակ փորձում է օգտվել միջազգային հիմնադրամներից ու միջոցներից, որոնք ուղղված են բնության հավասարակշռության վերականգնմանը և վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) ոլորտում լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Այս երկու նպատակներն արդյունավետորեն համատեղելու համար Բաքուն պետք է վարի իր՝ քայքայիչ նավթարդյունահանման և բնապահպանական ոլորտում աղետալի իրավիճակի միջև անմիջական կապը ժխտելու քաղաքականություն։

Ածխաջրածինների համաշխարհային գների անկայունությունը, որը պարբերաբար պատուհասում է հանածո էներգետիկ ռեսուրսների միջազգային շուկան, մի շարք միջազգային փորձագետների կարծիքով, Ադրբեջանի տնտեսության գլխավոր խնդիրն է։ Այն խաթարում է տնտեսական աճի կայունությունը և նվազեցնում դրա կանխատեսելիությունը՝ նեղացնելով ոչ նավթային բարձր տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային ներդրումների համար հարմարավետության գոտին։ Մյուս կողմից, 2010-ականների վերջից Ադրբեջանում ածխաջրածինների արտադրության ծավալները անշեղորեն նվազում են՝ չնայած Ի. Ալիևի բազմիցս հայտարարություններին, որ երկիրը դեռ «հարյուր տարվա պաշարներ» ունի։ Մինչդեռ հարցն այն չէ, թե Ադրբեջանը դեռ քանի տարի կկարողանա նավթն ու գազը հանել Կասպից ծովի ծանծաղուտից, այլ այն, որ փոխվում է համաշխարհային տնտեսության ողջ ճարտարապետությունը, որում առանձին երկրներում նավթն ու գազը կորցնում են իրենց առաջատար դերը նոր «երեք սյուների»՝ ՏՏ, վերականգնվող էներգիայի աղբյուրների և լոգիստիկայի պատճառով:

ԱդրՀ ղեկավարությունը չի կարող չհասկանալ, որ ինչ-որ բան պետք է անել տնտեսական դիվերսիֆիկացման հարցում, և դա պետք է անել շատ արագ: Բայց փաստն այն է, որ տասնամյակներ կպահանջվեն նավթագազային կախվածությունից ազատվելու համար։ Ըստ էության, նավթարդյունահանող երկրները, որոնք կարողացան դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները, գնացին այս ճանապարհով արդեն 20-րդ դարի 90-ականներին։ Այսինքն, երբ Բաքուն կնքեց իր «Դարի պայմանագիրը» (1994) և նոր էր մտնում հետխորհրդային «ինքնիշխան նավթարդյունաբերության» դարաշրջան։ Այս անախրոնիզմն իրեն զգացնել է տալիս հիմա, քանի որ նավթային դարաշրջանի անկումը մտնում է իր վերջնական փուլը, իսկ նավթի ու գազի շուկան կորցնում է իր նախկին ազդեցության լծակները աշխարհատնտեսական և, հետևաբար, աշխարհաքաղաքական գործընթացների վրա։

Բաքվին արագացված դիվերսիֆիկացմանը ստիպող մյուս գործոնը ներքաղաքական իրավիճակն է։ Մինչ ղարաբաղյան հիմնախնդրի «լուծումը», Ի. Ալիևի վարչակարգը սոցիալական անհավասարակշռությունն ու տնտեսական համակարգի խնդիրները հիմնավորում էր «հայկական զավթողականությամբ» և «պատերազմական» շրջանով, մինչդեռ այժմ, գոնե ֆորմալ առումով, նման փաստարկները կորցրել են իրենց արդիականությունը։ Ադրբեջանական հասարակությունը, չնայած քաղաքական ընդդիմության ծայրահեղ թուլությանը, ավելի ու ավելի է դժգոհություն առաջ բերում՝ տնտեսության, սոցիալական ոլորտում և բնապահպանական իրավիճակից ելնելով։ Եվ փոփոխությունների իր որոնումներում այն այլևս չի ընդունում բարեկեցության խնդիրները «հայկական հարցի» հետ կապելը։ Այսօր Ի. Ալիևի ռեժիմը, ստեղծված իրավիճակից ելք փնտրելով, փորձում է ոչ թե փոխարինել, այլ փոխհատուցել երկրի նավթային կախվածությունը՝ մասնակցելով համաշխարհային լոգիստիկ և վերականգնվող էներգետիկայի նախագծերին։ Այդ նպատակով Բաքուն ձեռնամուխ է եղել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին ինտեգրվելու ուղուն՝ այս տարվա հուլիսին Պեկինի հետ ստորագրելով «Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը»(11)։ Նույն տրամաբանությամբ, նկատի ունենալով Հյուսիս–Հարավ առանցքի երկայնքով մայրցամաքային լոգիստիկ նախագծերի լիարժեք ֆինանսատնտեսական շահառուի կարգավիճակը՝ ԱդրՀ-ն վերջին տարիներին խորացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ փաստացի դրանք հասցնելով դաշնակցային մակարդակի, ինչի մասին է վկայում «Մոսկվայի պայմանագրի» ստորագրումը 22.02.2022 թ.(12):

Մյուս կողմից, Ի. Ալիևը փորձում է Ադրբեջանի համար ձեռք բերել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող «կանաչ էներգետիկայի» հանգույցի կարգավիճակ, ինչպես նաև միջազգային հանրությանը համոզել հարավկովկասյան այս երկիրը վերականգնվող էներգիայի արտադրողի և սպառողի՝ էկոլոգիապես մաքուր արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներով և զբոսաշրջության բացառիկ հնարավորություններով դինամիկ կերպով վերածելու հեռանկարի մասին: Այս՝ մասամբ արդեն իրականացված և մասամբ դեռ հայտարարված ծրագրերը, Ադրբեջանի իշխանությունների համոզմամբ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետք է մեղմացնեն այս երկրի նավթային դարաշրջանի մայրամուտի հետևանքները։ Միևնույն ժամանակ, Ի. Ալիևի վարչակարգը, ինչպես արդեն նշվեց, չի պատրաստվում և չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել մնացած ածխաջրածնային պաշարների հետագա հակաբնապահպանական շահագործումից, քանի որ երկրի տնտեսությունը և դրա ֆինանսավորման մեթոդները, ըստ էության, չեն թողնում ածխաջրածնային կախվածությունից ազատվելու հնարավորություններ: Ինչպես նախկինում, Բաքվի կողմից հայտարարված ծրագրերը ներառում են գազի արդյունահանման ծավալների ավելացում(13), ինչպես նաև նավթի նոր հանքավայրերի հետախուզման շարունակություն։

Այսպիսով, Բաքուն COP29 խորհրդաժողովի կազմակերպմանը մոտեցավ հակասական ակնկալիքներով և առավելապաշտական պահանջներով՝ փորձելով այս իրադարձությունը վերածել իր հավակնոտ խնդիրների լուծման ևս մեկ համապիտանի հարթակի։ Ադրբեջանական «բնապահպանական գործերի փաթեթը» բազմաթիվ հարցեր է առաջացնում, և արդեն այժմ միջազգային լրատվամիջոցները ոչ լավագույն ակնարկներ են պարունակում ինչպես այս միջոցառման կազմակերպչի, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ, համաժողովի ընթացքի մասին։ Մինչև COP29-ի ավարտը վաղաժամ կլիներ ամփոփել դրա արդյունքները, սակայն միջազգային փորձագետներն ու հետազոտական կենտրոններն արդեն ասում են, որ համաժողովն ի սկզբանե «ձախողված էր»՝ մոլորակի բնապահպանական խնդիրներ տեսլականի և դրանց լուծումների վերաբերյալ համաշխարհային հիմնական դերակատարների միջև փոխհամաձայնության բացակայության պատճառով: Եվ, հետևաբար, տրամաբանական ենթադրություն է առաջանում, որ «ձախողման» վայրը պատահական չի ընտրվել։ Հակառակ դեպքում, Բաքվին, որը հազիվ թե համընդհանուր թերահավատություն է առաջացնում, չէր վստահվի հաջող առաքելություն՝ կնքելու Երկրի կլիմայի և բնապահպանության ուղենշային համաձայնագիրը՝ տարեկան 1 տրիլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 19.11.2024 թ.:

(2) «ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսը Բաքվում. նոյեմբեր 2024» (ռուս.). UNFCCC (10.11.2024), https://unfccc.int/ru/cop29\ (բեռնման օրը՝ 12.11.2024):

(3) «COP 29-ի մասնակիցները քննարկում են կլիմայի պաշտպանության ֆինանսավորումը»՝ DW (11.11.2024), https://www.dw.com/ru/ucastniki-cop29-v-baku-obsuzdaut-finansirovanie-zasity-klimata/a-70750925\ (բեռնման օրը՝ 12.11.2024):

(4) «Ժամանակի վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվում կայանալիք COP29-ին» (ռուս.). Euronews (09.11.2024), https://ru.euronews.com/green/2024/11/09/cop29-world-leaders-refuse-.to-take-part-we-explain-why\ (բեռնման օրը՝ 11.11.2024):

(5) «Երկրների վարկանիշն ըստ բնապահպանական մակարդակի»՝ https://nonews.co/directory/lists/countries/ecology\ (բեռնման օրը՝ 12.11.2024):

(6) «Մեհրիբան Ալիևան պաշտպանում է հարձակումները» (ռուս.). Haqqin.az (13.11.2024), https://haqqin.az/news/332739\ (բեռնման օրը՝ 13.11.2024):

(7) «Կասպից ծովի ծանծաղացման խնդիրը. հայացք Ադրբեջանից» (ռուս.). Каспийский вестник (07.11.2024), https://casp-geo.ru/problema-obmeleniya-kaspiya-vzglyad-iz-azerbajdzhana/ (բեռնման օրը՝ 13.11.2024):

(8) «Մոսկվան և Բաքուն համատեղ կանդրադառնան Կասպից ծովի ծանծաղացման խնդրին», РИТМ ЕВРАЗИИ (07.11.2024), https://www.ritmeurasia.ru/news–2024-11-06–moskva-i-baku-sovmestno-zajmutsja-problemoj-obmelenija-kaspijskogo-morja-76658\ (բեռնման օրը՝ 13.11.2024):

(9) «COP29. Ալիևը Բաքվի հասցեին արևմտյան քննադատությունն անվանել է «երեսպաշտական». Ազատություն ռադիոկայանը (12.11.2024), https://www.svoboda.org/a/cop29-aliev-nazval-litsemernoy-kritiku-v-adres-baku.-so-storony-zapada-/33199761.html\ (բեռնման օրը՝ 13.11.2024):

(10) «Բաքուն, Աստանան, Տաշքենդը և Էր-Ռիադը ստորագրել են կարևոր փաստաթուղթ». Haqqin.az (13.11.2024), https://haqqin.az/news/332756\ (բեռնման օրը՝ 13.11.2024):

(11) «Ադրբեջանն ու Չինաստանը հաստատել են ռազմավարական գործընկերություն» (ռուս.). Anadolu Ajansi (03.07.2024), https://t.ly/I7ONY. (բեռնման օրը՝ 15.11.2024):

(12) «Հռչակագիր Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին». Ռուսաստանի նախագահ (ռուս.)., (22.02.2022), http://kremlin.ru/supplement/5777\ (բեռնման օրը՝ 15.11.2024):

(13) «Ադրբեջանը մինչև 2030 թվականը կավելացնի գազի արդյունահանումը 51 տոկոսով (ռուս.), Daryo.uz (14.10.2024), https://daryo.uz/ru/2024/10/14/dobycha-gaza-v-azerbaydzhane-mozhet-prevzoyti-dobychu-nefti-prognoz-rystad-energy\ (բեռնման օրը՝ 15.11.2024):