ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 15.10.2024 թ.(1)
2024 թ. սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ ԱդրՀ Կուսարի շրջանի անտառներում մարտեր են սկսվել Ադրբեջանի ՆԳՆ, ՊԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների և «իսլամիստ-գրոհայինների» միջև։ Կուսարի շրջանի լեզգիաբնակ Գյիլ բնակավայր են մտցվել զրահամեքենաներ և գործադրվել ԱԹՍ-ներ։ Մերձավորարևելյան մի շարք Տելեգրամ-ալիքների տվյալներով՝ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումներն առ 16.09.2024 թ. կարողացել են ոչնչացնել շուրջ 10 գրոհայինի, իսկ իրենք 8-ից ոչ պակաս կորուստ են ունեցել։
Մարտական բախումների ծավալների մասին վկայում են մի շարք անուղղակի տվյալներ։ Օրինակ, 18.09.2024 թ. ադրբեջանական սոցցանցերում հայտնվել են հանրապետության մայրուղիներով մարտական տեխնիկայի և տրանսպորտի շարասյուների տեղաշարժը ցուցադրող կադրեր։ Համացանցի հայկական հատվածում լուրեր են տարածվել առ այն, որ, իբր, Ադրբեջանը զորքեր է տեղափոխում դեպի ՀՀ հարավում գտնվող Կապան քաղաքի ուղղությամբ։ Սակայն դատելով այն բանից, որ շարասյուները բաղկացած էին անձնակազմի տեղափոխման համար նախատեսված անիվային զրահատեխնիկայից, կարելի է ենթադրել, որ դրանք մեկնում էին Կուսար։ Բացի այդ, տեղաշարժերն արձանագրվել են ցերեկը, ինչը բնորոշ չէ լայնածավալ հարձակողական ռազմական գործողության նախապատրաստությանը և վկայում է ուժերի շտապ տեղափոխման մասին։ Ըստ ամենայնի, Կուսարի միջադեպն այնքան ծավալուն ու անսպասելի էր Բաքվի համար, որ նրան ստիպեց տարբեր շրջաններից հապշտապ կերպով ՊՆ ստորաբաժանումներ տեղափոխել հանրապետության հյուսիս։
Բացի այդ, հատուկ ուշագրավ է նաև այն փաստը, որ ադրբեջանական ինչպես իշխանամետ, նույնպես և ընդդիմադիր ԶԼՄ-ները ոչ մի կերպ չեն արձագանքել Կուսարում տեղի ունեցող իրադարձություններին։ Ակնհայտ է, որ նման ոչ բնորոշ լռությունը պայմանավորված էր մամուլի վրա վարչախմբի ճնշմամբ։ Դժվար է պատկերացնել, որ ԱդրՀ-ում գրոհայինների սահմանափակ խմբի վերացմանն ուղղված «հաղթական գործողությունը» չարժանանար տեղական ԶԼՄ-ների ուշադրությանը։ Հետևապես, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե գրոհայինների սահմանափակ խմբին, այլ տակավին օրակարգում մնացող ծավալուն հիմնախնդրին։
Ռուսաստանի որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Կուսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Շրջանը մեկուսացված է արտաքին աշխարհից, ամենուրեք անցակետեր են տեղադրվել, հատուկ նշանակության ստորաբաժանումները միջոցառումներ են անցկացնում՝ ուղղված 3000 (!) գրոհայինների որոնմանը, որոնք թաքնվում են ինչպես լեռնա-անտառային տեղանքում, այնպես էլ՝ գյուղերում(2)։ Դա կարող է նշանակել, որ եթե բերված տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա Կուսարի շրջանի ավելի քան 90 բնակավայրում այս պահի դրությամբ կենտրոնացված են առնվազն 15.000 աշխատակիցներ հանրապետության տարբեր ուժային գերատեսչություններից ու կառույցներից։ Ենթադրյալ թիվն ինքնին խոսում է իր մասին։
Հաշվի առնելով Ադրբեջանի համար հիմնախնդրի բարդությունը և այն ժամանակաշրջանը, երբ այն նման մասշտաբով իրեն զգացնել տվեց, կարելի է ենթադրել, որ այդ իրադարձությունները նախապես ծրագրված էին։ Համաձայն դեպքի վայրից ԶԼՄ-ներ թափանցած կցկտուր տեղեկությունների (Բաքուն արգելափակել է համացանցը և կապի այլ միջոցները Կուսարում)՝ շրջանում բախումների բռնկումն ինքնաբուխ է եղել։ Պատճառը եղել է Ադրբեջանի ԱԻՆ-ի աշխատակցի սպանությունը Գյիլ գյուղի դիմացի լեռնա-անտառային զանգվածում։ Իբր անտառում զբոսանքի ժամանակ նա պատահաբար հանդիպել է գրոհայինների որջին և, նկատվելով նրանց կողմից, տեղնուտեղը գնդակահարվել։ Դրանից հետո ՆԳՆ տեղական կառույցները հանցագործության մեջ կասկածել են Կուսարի անտառներում թաքնված իսլամիստ գրոհայիններին և շտապ օգնություն խնդրել անվտանգության հանրապետական կառույցներից։
Տվյալ վարկածը կարող էր հավաստի համարվել, եթե չլիներ մեկ այլ իրադարձություն, որն օրվա ճշտությամբ համընկել է Ադրբեջանի Կուսարի շրջանում տեղի ունեցած մարտական բախումների բռնկման հետ։ Հենց 14.09.2024 թ. է, որ այցով Բաքու էր ժամանել բրիտանական ՄԻ6 գաղտնի ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, ում նպատակը, Report-ի հաղորդմամբ, իբր թե դասախոսություն կարդալն էր ադրբեջանական ԱԴԱ համալսարանում(3)։ Միջազգային փորձագիտական հանրության համար, ինչպես և սպասվում էր, համոզիչ չէր Ռ. Մուրի՝ ԱդրՀ այցի պաշտոնական վարկածը։ Բրիտանական հետախուզության գերզբաղված ղեկավարի համար հանուն դասախոսության բազմաժամ թռիչքներն անթույլատրելի շռայլություն են։ Եթե, իհարկե, խոսքը Ի. Ալիևի հետ հանդիպման մասին չէր։ Ինչպես վկայում են ոչ պաշտոնական աղբյուրները՝ այդ չհրապարակված հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։
Մի շարք հայ վերլուծաբանների կարծիքով՝ Ռ. Մուրի ժամանումը Բաքու պայմանավորված էր Ի. Ալիևին ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ ԱդրՀ-ի հարաբերությունների վերաբերյալ որոշակի ուղերձ հանձնելու անհրաժեշտությամբ։ Բաքու մեկնելուց մեկ շաբաթ առաջ Ռ. Մուրը Լոնդոնում հանդիպել էր ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բեռնսի հետ, ուստի նշանակում է, որ կարծես թե հենց այդ հանդիպման արդյունքում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրել Ռ. Մուրի և Ի. Ալիևի գաղտնի բանակցությունների օրակարգը(4)։ Մի շարք իրանցի փորձագետների եզրահանգումների համաձայն՝ Մուրը հերթական անգամ պահանջ է ներկայացրել Ադրբեջանին՝ արևմտյան բլոկին ձեռնտու, պայմաններով արագացված խաղաղություն կնքել Հայաստանի՝ ներառյալ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Վաշինգտոնի և Լոնդոնի համար ծայր աստիճան անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի Սյունիքի տարածքով հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն անցնի իրենց տնօրինմանը՝ այդպիսով իսկ բացառելով Ռուսաստանի ԱԴԾ զորքերի ներկայության հնարավորությունը նշված տարածաշրջանում։ Բացի այդ, բրիտանական հետախուզության ղեկավարը, հավանաբար, նախազգուշացրել է Բաքվին հրաժարվել «Հյուսիս–Հարավ» համաշխարհային առևտրա-էներգետիկ նախագծին ինտեգրվելու մտադրությունից, որը պլանավորում են Մոսկվան և Թեհրանը՝ որպես հիմք դիտարկելով ստորագրման պատրաստվող «ռազմավարական գործընկերության» մասին համաձայնագիրը։ Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանի կարծիքով՝ եթե Ալիևը հաշվի չառնի Արևմուտքի պահանջները, ապա Մեծ Բրիտանիան «պատրաստ է վերջ տալ նրա վարչախմբին»(5)։
Ինչպես իր հերթին ենթադրում է հայ փորձագետ Հայկ Նահապետյանը՝ Ռիչարդ Մուրը նպատակ ուներ Իլհամ Ալիևին դրդելու այնպիսի որոշումների, որոնք պետք է պայթեցնեն Հարավային Կովկասը և, այդպիսով իսկ, այն վերածեն ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատի»։ Ըստ փորձագետի՝ Վ. Պուտինի օգոստոսյան այցը Բաքու կապված էր հենց Ի. Ալիևի վրա ազդելու փորձի հետ և նպատակ ուներ կանխելու Արևմուտքի այդ ծրագիրը(6)։ Նրա կարծիքով՝ ուկրաինական ճակատում անհաջողություններից և, մանավանդ, «Կուրսկի ռազմագործողության» ձախողումից հետո ամերիկա-բրիտանական տանդեմը ձեռնամուխ է եղել Հարավային Կովկասի ապակայունացմանն ուղղված ծրագրի նախապատրաստմանը, որը կոչված է լինելու շեղել ՌԴ ուշադրությունը և ուժերը հետ քաշել Ուկրաինայից։ Ըստ փորձագետի՝ այդ համատեքստում Արևմուտքի աշխատանքի ուղղություններից մեկը լինելու է Վրաստանը, որտեղ Վաշինգտոնը և Լոնդոնը հուսով են ընտրություններից հետո ստանալ իրենց հանդեպ բարեհաճ նոր իշխանություն, որը պատրաստ կլինի դիմակայության մեջ մտնել ՌԴ-ի հետ։ Այն դեպքում, եթե չհաջողվի խաղաղ ճանապարհով հասնել դրան, երկյակը նախատեսում է քվեարկության արդյունքները նենգափոխված լինելու պատրվակով քաղաքացիական դիմակայություն նախաձեռնել այդ երկրում և նպաստել վրաց «արևմտականների» կողմից իշխանության զավթմանը։ Ամերիկա-բրիտանական երկյակի հարավկովկասյան օրակարգի երկրորդ նշանակալի կետը Ադրբեջանն է, որի ղեկավարությունից Վաշինգտոնը և Լոնդոնը պահանջում են երաշխավորված քաղաքական և տնտեսական անջատում Ռուսաստանից և, հնարավոր է, նրա հետ ուղղակի հակամարտության մեջ մտնել Դերբենդի շուրջ պատմական-տարածքային վեճերի կամ այլ կուտակված հակասությունների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության հիման վրա։ Դա, իր հերթին, գործընթացում երաշխավորված կերպով կներգրավի Թուրքիային, որը ձեռնամուխ կլինի ՌԴ-ին Կովկասից դուրս մղելու վերջին փուլի գործողություններին։
Դատելով ստացվող տվյալներից, Ի. Ալիևը հայտնվել է ծանր կացության մեջ։ Մի կողմից՝ նա արդեն մտել է ՌԴ-ի հետ համակողմանի մերձեցման և «Արևելյան բլոկի» երկրների փոխգործակցության գլոբալ ծրագրերին ինտեգրման մեջ։ Դրա վառ օրինակ է ծառայում ԲՐԻԿՍ-ին միանալու մասին Բաքվի հայտը, որ ներկայացվել է Բաքվից Պուտինի մեկնելուց անմիջապես հետո(7)։ Անձամբ Ի. Ալիևի համար դժվար կլինի երես թեքել այդ գործընթացներից՝ հաշվի առնելով ադրբեջանական տնտեսության գոյութենական կապվածությունը ՌԴ-ի հետ, ինչպես նաև երկրի, այս համատեքստում, աննպաստ աշխարհագրական դիրքը, որը սեղմված է «ռուսական Սցիլլայի» և «իրանական Խարիբդայի» արանքում։ Մյուս կողմից՝ ԱդրՀ նախագահը հայտնվել է Արևմուտքի խիստ ճնշման տակ, որի ազդեցության գործիքակազմը Բաքվի վարչախմբի վրա նույնպես լայնածավալ է։ Խոսքը նաև Ղարաբաղյան հարցի ճակատագրի մասին է, որը դեռևս քաղաքաիրավական ձևակերպում չի ստացել միջազգային ատյաններում, և պատժամիջոցների սպառնալիքի մասին՝ ինչպես ամբողջ Ադրբեջանի, այնպես էլ՝ անձամբ այնտեղ իշխող ընտանիքի դեմ։
Ալիևի համար միանգամայն դժվար է գլուխ հանել աշխարհաքաղաքական կողմնորոշման երկընտրանքից, որը վաղ թե ուշ պետք է իր վարչախմբին կանգնեցնի գոյութենական ընտրության առջև։ Խուսավարելու ռեսուրսը, որը նրան թույլ է տալիս երկար ժամանակ «պարտքեր կուտակել» ուժի գլոբալ հակադիր կենտրոններից, արդեն սպառել է իրեն։ Բոլոր կողմերից «պարտատերերը» Բաքվից պահանջում են վերադարձնել ամեն ինչ և անմիջապես։
Քիչ հավանական է, որ ԱդրՀ-ում իշխող վարչախումբն արդեն կատարել է իր ընտրությունը և չի փորձի շարունակել մրցակից աշխարհաքաղաքական կենտրոնների միջև խուսավարելու քաղաքականությունը։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Բաքվի համար կտրուկ նեղացել է խուսավարելու տարածքը՝ Ի. Ալիևին թույլ չտալով խուսափել «պարտատերերի» հետ ունեցած խնդիրներից կամ դրանք հետաձգել ավելի ուշ։ Ըստ ամենայնի, Ռ. Մուրը Բաքու էր ժամանել վերջնագրային պահանջներով, ինչը վկայում է Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերություններում առաջացող ճգնաժամի և դրա հնարավոր ծայրահեղ բացասական հետևանքների մասին անձամբ Ի. Ալիևի համար։
Նախ, պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Ալիևի հետ Մուրի հանդիպումից ընդամենը մի քանի օր անց British Petroleum բրիտանական անդրազգային էներգետիկ կորպորացիան հայտարարեց միջազգային ТАР կոնսորցիումում իր՝ 20% բաժնեմասից ազատվելու որոշման մասին։ Ոլորտի միջազգային փորձագետների կարծիքով՝ ВР-ն վաղուց էր մտադիր վաճառքի հանել կոնսորցիումի իր մասնաբաժինը, սակայն վերջնական որոշումը չգիտես ինչու կայացրել է հենց հիմա։ Վերլուծաբանները հակված են կարծելու, որ այդ որոշման վրա ազդել է այն, որ գրավիչ չեն ադրբեջանական էներգետիկ նախագծերը, և որ սպառվում են այդ երկրի ածխաջրածինների պաշարները։ Սակայն, միևնույն ժամանակ, նրանք չեն բացառում որոշակի քաղաքական դրդապատճառներ, որոնք Միացյալ Թագավորությանը ստիպել են սառել Ադրբեջանի նկատմամբ(8)։ Այն տպավորությունն է ստեղծվում, թե ВР-ն երկար ժամանակ փորձում էր հրաժարվել ТАР կոնսորցիումի իր ակտիվներից, սակայն դրա համար չէր ստացել Մեծ Բրիտանիայի կառավարության թույլտվությունը։ Իսկ այժմ պատժամիջոցը հանվել է, ինչը կարող է ուղղակիորեն կապված լինել Լոնդոնի և Բաքվի միջև հարաբերությունների քաղաքական ուղու որոշ հակասությունների հետ։
Սակայն, բրիտանա-ադրբեջանական բացահայտված թերըմբռնումների հիմնական նշաձող պետք է համարել հենց Կուսարի իրադարձությունները, որոնց սկիզբը համընկավ Ռ. Մուրի՝ նույն օրը Բաքու կատարած այցի հետ։
Բանն այն է, որ մերձավորարևելյան և ռուսաստանյան մի շարք աղբյուրների տվյալներով՝ բրիտանական հետախուզությունն անմիջական առնչություն ունի «Լեզգիստանի» ապստամբական շարժումների հետ, որոնք գործում են ինչպես ՌԴ Դաղստանի Հանրապետության տարածքում, նույնպես և ԱդրՀ-ում։ Ռուսաստանում և Ադրբեջանում լեզգիական ազատագրական շարժման առաջացման պատմությունը սկիզբ է առնում անցյալ դարի 80-ականների վերջերին, երբ տակավին ԽՍՀՄ օրոք Դաղստանում ընդհատակում տարանջատ գործող ուսանողական ազգայնական բջիջների հիման վրա կազմակերպվեց «Սադվալ» կառույցը։ Սկզբում դրա առաջնորդները, օգտվելով ԽՍՀՄ փլուզման ժամանակ Կովկասում առաջացած վակուումից, ձգտում էին ստեղծել «Լեզգիստան» անկախ պետությունը, որը պետք է ներառեր ռուսաստանյան Դաղստանի հարավային ծայրամասերը և նախկին ԱդրԽՍՀ-ի հյուսիսային շրջանները։ Սակայն ՌԴ-ում և ԱդրՀ-ում կենտրոնական իշխանության դիրքերն ամրապնդվելուց հետո շարժումը փոխեց իր ռազմավարությունը և սկսեց աշխատանք տանել, նպատակ ունենալով հասնել ռուս-ադրբեջանական սահմանների վերանայմանը՝ ի նպաստ ՌԴ կազմում լայն ինքնավարության իրավունքով լեզգիական ժողովրդի վաղնջական հողերի վերամիավորման։ «Սադվալն» առանձնապես ակտիվ պայքար էր մղում Դերբենդի ադրբեջանականացման և Ադրբեջանի գերազանցապես լեզգիներով բնակեցված հյուսիսային շրջաններում Բաքվի վարած ուծացման քաղաքականության դեմ։ «Սադվալը» քաղաքական պայքար էր մղում՝ ցուցադրաբար Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններին հասկացնել տալով, որ չի ընդունի ուժի կիրառումը «պատմական արդարության» հաստատման հարցում։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի չվերացնեն կազմակերպության առաջնորդներին։ 2015 և 2016 թթ. տարօրինակ հանգամանքներում զոհվեցին շարժման երկու առաջնորդները Ռուսլան Մահոմեդռահիմովը և Նազիմ Հաջիևը։ Նրանցից առաջինին խեղդել են անհայտ անձինք, իսկ երկրորդը դանակահարվել է Մախաչկալայի իր բնակարանում(9)։
Եվ, այնուամենայնիվ, քաղաքական քայլերին զուգահեռ, «Լեզգիստանի» ազատագրման շարժման որոշ հատվածներ դիմեցին պայքարի զինված ապստամբության ձևին։ Պայքարող լեզգիների հատկապես ակտիվորեն ռազմականացված թևը հանդես էր գալիս ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք ամենայն կերպ ճնշում էին մայրենի լեզվով կրթություն ստանալու և խոսելու, ազատորեն սունի ուղղության իսլամ դավանելու և անձնագրում իր հիմնական ինքնությունն արձանագրելու այդ կովկասյան ժողովրդի իրավունքը։ Ռուսաստանն այդ հարցերում ավելի հանդուրժողական էր պահում իրեն, ուստի Լեզգիստանի «Անտառային եղբայրների» զինված պայքարը հիմնականում ուղղված էր ադրբեջանական համակարգի դեմ։ Լեզգիների շրջանում գերակշռում էր այն կարծիքը, որ ապարդյուն է երկու ճակատով առճակատումը և, հետևաբար, իրենց իրավունքների համար պայքարում պետք է հենվել կողմերից մեկի՝ ՌԴ-ի վրա, որն ավելի բարեհաճ էր ազգային ինքնության հարցի նկատմամբ և այդ ժամանակ ոչ այնքան լավ հարաբերություններ ուներ ԱդրՀ-ի հետ։
Սակայն, Մոսկվայի և Բաքվի միջև թերըմբռնումները լրիվ վերացան, երբ նրանք համաձայնության եկան էներգետիկ ոլորտում մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև որոշեցին հանել սահմաններին առնչվող բոլոր վիճելի հարցերը։ Ռուսաստանը 2011թ. սահմանագծեց Ադրբեջանի հետ իր սահմանը, ինչի արդյունքում հարավային հարևանին փոխանցեց լեզգիական երկու գյուղ և 2000 հա ալպիական արոտավայրեր։ Բացի այղ, Ադրբեջանն իրավունք ստացավ Սամուր լեռնային գետից դեպի իրեն մղել նրա ջրի կեսը(10)։ Դա մեծ առիթ դարձավ Ռուսաստանի լեզգիների՝ դեպի արտաքին աջակցության հնարավոր կենտրոններ ուղղված հիասթափության և ազատագրական շարժման վերակողմնորոշման համար։ Հենց այդ ժամանակ էր, երբ լեզգիների շարժումը, բացի ազգային գաղափարից, սկսեց հենարան փնտրել արմատական կրոնական հոսանքներում։ Արդյունքում շարժումը վերածվեց ծայրահեղ ազգայնականության և կրոնական ծայրահեղականության տարրերի հիբրիդային խառնուրդի։ «Սադվալի» առաջնորդների վերացումից հետո, որը շատ դիտորդների կարծիքով իրականացվել է Մոսկվայի և Բաքվի փոխհամաձայնությամբ ու գործողություններով, չկային հեղինակավոր գործիչներ, ովքեր կարող էին կանխել վերափոխման այդ գործընթացն ու թույլ չտային ծայրահեղական բնույթի գաղափարների արմատավորումը շարժման մեջ։ Միևնույն ժամանակ, գտնվեցին ուժային կենտրոններ, որոնց ջանքերով «Ազատ Լեզգիստանի» գաղափարի իսլամացումը համակարգային ու զանգվածային բնույթ ստացավ։ «Չեչենական նախագծի» ձախողումից հետո Թուրքիան, ԱՄՆ-ը և հիմնականում Մեծ Բրիտանիան սկսեցին լեզգիներին համարել որպես ՌԴ դեմ հաջորդ խոյահար։ Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ ու մասնակի տվյալներ, որ Լոնդոնը տևական ժամանակ ֆինանսապես աջակցել է Ադրբեջանում և Դաղստանում գործող «Անտառային եղբայրներին», մարտական գործողությունների վարման հրահանգներ տվել նրանց և գաղափարախոսական մշակում իրականացրել արմատական մահմեդականության գաղափարների շրջանակում։ Այդ գործունեության նպատակն էր ստեղծել ապակայունացման նոր վիթխարի շիկացած օջախ, որը կարող է անհրաժեշտ պահին պայթեցնել Դաղստանն ու ամբողջ Կովկասը։ Թուրքիան, իր հերթին՝ նախագծի շահառու էր, քանզի դրա մեջ դիտարկում էր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին վճռական հարված հասցնելու և, այսպես կոչված, «թուրանական տարածություն» մուտք գործելու հնարավորությունը։ Ռիչարդ Մուրի վերջին հայտարարությունը թյուրքական ինտեգրման ծրագրերի հեռանկարայնության մասին ևս մեկ անգամ վկայում է, որ Մեծ Բրիտանիան է «լեզգիական խաղաքարտի» խաղարկումը ներառող այդ նախագծի գլխավոր ճարտարապետը։ Եվ հենց ՄԻI6-ի ղեկավարին՝ մասնագիտությամբ թյուրքագետ ու դիվանագետ Ռիչարդ Մուրին պետք է համարել ծրագրի գլխավոր համակարգողը, ում 2020 թ. հետախուզության պետի պաշտոնում նշանակումը նշանավորեց դրա ակտիվ փուլի մեկնարկը(11)։
Հաշվի առնելով վերն ասվածը՝ կարելի է պատկերացնել, որ Կուսարում տեղի ունեցած մարտերը և շրջանի պաշարված վիճակն ի սկզբանե չէին կարող մտնել բրիտանական ծրագրերի մեջ։ Բայց դա տեղի ունեցավ, ընդ որում՝ ոչ թե ՌԴ-ի, այլ ԱդրՀ-ի դեմ, ինչը կարող է Ի. Ալիևի համար ազդանշան ծառայել Լոնդոնի դժգոհության մասին։ Իսկ այն կարող է կապված լինել Կովկասում իրավիճակի սրումից Բաքվի հրաժարվեկու հետ՝ «հետընտրական» Թբիլիսիի և Ի. Ալիևի՝ Վ. Պուտինից ու նրա ծրագրերից հեռու մնալու դժկամության հետ։
Կուսարում տեղի ունեցածը մեկնաբանած իրանական Տելեգրամ-ալիքների համաձայն՝ Ի. Ալիևը տեղեկացված էր Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ ԱդրՀ-ի հյուսիսային շրջաններում իսլամիստական լեզգիական ստորաբաժանումներ ստեղծելու ծրագրերին։ Երկրի ղեկավարը ոչ միայն չէր կարող տեղյակ չլինել այդ մասին, այլև հազիվ թե բուն գործընթացը կարող էր տեղի ունենալ առանց ադրբեջանական հատուկ ծառայությունների անմիջական մասնակցության։ Չէ՞ որ, ինչպես պնդում են իրանցիները, խոսքը 7000 գրոհայիններից բաղկացած մի ամբողջ բանակի մասին է, որն առանց Բաքվի մասնակցության, ըստ էության, հնարավոր չէ պահել ու մարտի պատրաստել։ Հետևապես, իրանցիների տրամաբանությամբ, Ի. Ալիևն ինքը բրիտանա-թուրքական նախագծի շահառու է հանդիսանում, հանուն ինչի նա նույնիսկ աչք է փակել լեզգիական հարցի ազգայնական բաղադրիչի վրա՝ վստահ լինելով, որ նախագծի հակառուսական ուղղվածությունը հետագայում ԱդրՀ-ի ներկայիս ներքաղաքական ծախսերն ու նրա ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը կփոխհատուցի լայնածավալ աշխարհաքաղաքական ձեռքբերումներով։ Սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, տվյալ պահին Բաքուն էր, որ ստիպված եղավ զգալ «լեզգիական թրի» սրությունը՝ բախվելով արևմտյան բարեկամների ու դաշնակիցների հետ հարաբերություններում առկա հիմնախնդիրներին։
Եվ, այնուամենայնիվ, բացի Կուսարի իրադարձությունների իրանական վարկածից, կան նաև այլ կարծիքներ։ Մասնավորապես, չի բացառվում, որ ապակայունացումը Կուսարում կազմակերպել է անձամբ Ի. Ալիևը, ընդ որում՝ հենց այն պահին, երբ հյուրընկալում էր բրիտանական հետախուզության ղեկավարին։ Նրա այդ քայլը կարող է նշանակել, որ Բաքուն այլևս չի ցանկանում համագործակցել Արևմուտքի՝ ռուսաստանյան Կովկաս ապակայունացնող տարրեր արտահանելու ծրագրերի հետ։ Եվ, որ Ադրբեջանը պատրաստ է վերջ տալ լեզգիական ազգայնական-իսլամիստական նախագծին, որի ստեղծմանն անմիջական մասնակցություն է ունեցել։ Այդ դեպքում ձախողում կունենան Ռուսաստանի կովկասյան սահմանի ամբողջ երկայնքով ապակայունացման գոտու ստեղծման ամերիկա-բրիտանական ծրագրերը(12): Պարզվեց, որ ՈւԶՈՒ-ի ներխուժումը ՌԴ Կուրսկի մարզ բավարար չէր մարտական գործողությունների ռազմաճակատն արմատապես վերակազմավորելու և Դոնբասի ու Խարկովի ուղղություններում ռուսական ուժերի խտությունը նվազեցնելու համար։ Եվ, ըստ Արևմուտքի «Բ» պայմանական ծրագրի, միայն «Կովկասյան ճակատի» ստեղծումն է, որ կարող է հանգեցնել Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի ճնշման թուլացմանը՝ Ռուսաստանում զորահավաքի նոր ալիք առաջ բերելով և խուճապ ու դժգոհություն տարածելով այդ երկրում։ Բոլոր այս և այլ անուղղակի հետևանքները, ըստ Լոնդոնի և Վաշինգտոնի հաշվարկների, կարող են աղետի եզրին հասցնել «Պուտինի վարչախմբին» և ամբողջ Ռուսաստանը։ Սակայն Ի. Ալիևը, եթե հիմք ընդունենք այս վարկածը, փորձում է, ոչ առանց Վրաստանում տիրող իրավիճակի դիտարկման, տապալել այդ ծրագրերը։ Եթե հոկտեմբերյան ընտրությունների արդյունքում իշխանությունը Թբիլիսիում մնա Բ. Իվանիշվիլու գլխավորած քաղաքական ուժերի ձեռքում, ինչը միանգամայն հավանական է, ապա ՌԴ դեմ Լոնդոնի գործադրած «լեզգիական խաղաքարտը» կարող է աղետի վերածվել հենց իսկ Ադրբեջանի համար։ Նման սցենարի դեպքում դրա ամբողջ հյուսիսային մասը կհայտնվի «ռուսաստանյան երկրորդ ՀՌԳ»-ի գոտում։
Այսպես, թե այնպես, գործնականում կասկած չկա, որ Ադրբեջանի և ամերիկա-բրիտանական երկյակի միջև նշմարվել են համակարգային ճգնաժամի նշաններ։ Դրա պատճառներն այն են, որ Ի. Ալիևը, պատկերավոր ասած, համաձայն չէ այն գնի հետ, որ Արևմուտքը ներկայացրել է Արցախի զիջման և 2023 թ. սեպտեմբերին իրականացրած էթնիկ զտումների թեմայի շուրջ միջազգային ասպարեզում լռության դիմաց։ Այն, որ առկա հակասությունները հատել են «բարեկամական ու գործընկերային» հարաբերություններում ընդունելի սահմանագիծը, վկայում է նաև Ադրբեջանի նախագահի՝ Վաշինգտոնին ուղղված հայտարարությունների տոնը, որ նա արել է 04.10.2024 թ. Ջեբրայիլի բնակչության հետ հանդիպման ժամանակ։ Իր ելույթում Ի. Ալիևը, իր քաղաքական կարիերայի ընթացքում աննախադեպ ոճով կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին և նրան մեղադրել «ապերախտության մեջ»(13)։ Այդ հարձակումներն անսպասելի էին անգամ բուն ադրբեջանական իստեբլիշմենտի և ԶԼՄ-ների համար՝ վատ սքողված տագնապի տեղիք տալով։ Սակայն վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիրների համար, ովքեր լավատեղյակ են և ընկալում են Արևմուտքի տրամադրվածությունը Բաքվի իշխող վարչախմբի հանդեպ, միանգամայն հասկանալի է Ի. Ալիևի՝ վերջին շաբաթների իմպուլսիվությունը։ Ադրբեջանից արտագաղթած քաղաքական այլախոհները նկատելիորեն աշխուժացել են և ակտիվորեն պնդում են, որ ազատական աշխարհը պատժամիջոցներ է պատրաստում Ադրբեջանի և անձամբ Ալիևների ընտանիքի դեմ։
Վերոնշյալ ամեն ինչ մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ գործնականում ավարտվել է Հարավային Կովկասում համաշխարհային խոշոր խաղացողների շահերի միջև Բաքվի անվերջ խուսավարելու ժամանակը։ Ներկայումս «խաղն» անցնում է վա-բանկի, և գլոբալ մրցակիցները վերջնագրի տեսքով «խաղադրույք» են պահանջում ալիևյան Ադրբեջանից։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 09.10.2024 թ.:
(2) «Ադրբեջանը սկսել է լեզգիների նկատմամբ պատժիչ գործողությունները Կուսարի շրջանում»: (ռուս.) Ռուս-արցախյան բարեկամության ընկերություն (14.09.2024), https://russia-armenia.info/node/100045\ (բեռնման օրը՝ 05.10.2024).
(3) «Բրիտանական ՄԻ6-ի ղեկավարն այցով գտնվում է Բաքվում» (ռուս.). Rerort.az (14.09.2024), https://report.az/ru/vneshnyaya-politika/rukovoditel-britanskoj-mi6-nahoditsya-s-vizitom-v-azerbajdzhane/ (բեռնման օրը՝ 04.10.2024)
(4) «Բրիտանական հետախուզության ղեկավարը Բաքվում է. Տարածաշրջանում շահերի հակամարտությունը մոտ է գագաթնակետին» (ռուս.): Verelq (16.09.2024), https://verelq.am/ru/node/149854\ (բեռնման օրը՝ 06.10.2024):
(5) «Ի՞նչ օրակարգով է Բաքու ժամանել ՄԻ6-ի ղեկավարը» (ռուս.). Hraparak (20.09.2024), https://hraparak.am/post/25823b60c127061dc5e973c91e3071c7\ (բեռնման օրը՝ 05.10.2024)
(6) Տես նույն տեղում:
(7) «Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ի մեջ ընդունվելու հայտ է ներկայացրել» (ռուս.): ТАСС (20.08.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/21646425\ (բեռնման օրը՝ 06.10.2024):
(8) «British Petroleum-ը վաճառում է իր ակտիվները։ Բրիտանացիները չեն ցանկանում մասնակցել նախագծերի, որոնք պետք է եկամուտ բերեն Ռուսաստանին, և փաստ չէ, որ այդ ներդրումները կարդարացնեն իրենց» (ռուս.): Regionstv. am (27.09.2024), https://regionstv.am/ru/7755.html\ (բեռնման օրը՝ 05.10.2024).
(9) «Ո՞ւմ էր ձեռնտու «Սադվալի» առաջնորդների մահը (ռուս.) / Кавказский узел (09.02.2021), https://www.kavkaz-uzel.eu/articles/359170\ (բեռնման օրը՝ 04.10.2024):
(10) «Ռուսաստանն Ադրբեջանին «նվիրել է» երկու գյուղ և 600 քաղաքացու» (ռուս.) / ФЛНКА (01.08.2011), https://flnka.ru/digest-analytics/201-rossiya-podarila-azerbaydzhanu-dva-sela-i-600-grazhdan.html\ (բեռնման օրը՝ 05.10.2024).
(11) Հասանով Քյամրան Նիզամի օղլի, «Բրիտանիայի ազդեցությունն Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականության վրա», (ռուս.). КиберЛенинка, https://cyberleninka.ru/article/n/vliyanie-velikobritanii-na-politiku-turtsii-v-zakavkazie-i-na-blizhnem-vostoke\ (բեռնման օրը՝ 04.10.2024).
(12) Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի (առանց Աբխազիայի և Օսիայի) փաստացի սահմանի երկարությունը 575 կմ է, Ռուսաստանի Դաշնության հետ Ադրբեջանի սահմանի երկարությունը՝ 327,6 կմ։ Սա միասին մոտ 900 կմ է: Համեմատության համար նշենք, որ ռուս-ուկրաինական ճակատի երկարությունը (ըստ ուկրաինական տվյալների) 2023 թ. գարնան դրությամբ կազմել է մոտ 3750 կմ։ (Աղբյուր՝ Վլադիսլավ Կրավցով, «Ցույց է տալիս լարվածության մակարդակը. Պաշտպանության ուժերը հայտարարեցին առաջնագծի ներկայիս երկարության մասին», 2023 թվականի մայիսի 19, Ռազմական մեդիա կենտրոն, https://24tv.ua/ru/sily-oborony-nazvali-aktualnuju-protjazhennost-fronta-24-kanaln2317087 (բեռնման օրը՝ 07.10.2024):
(13) «Ալիևը դժգոհել է Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի երախտամոռությունից» (ռուս.): РБК (04.10.2024), https://www.rbc.ru/politics/ 04/10/2024/66ffce209a79473e9cdc7d92\ (բեռնման օրը՝ 07.10.2024):