ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 26.10.2024 թ.(1)
12.10.2024 թ. Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը Ռուսաստանին և Իրանին կոչ է արել վերջ դնել Սիրիայի գլխին կախված իսրայելական սպառնալիքին։ «Ծայր աստիճան կարևոր է, որպեսզի Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ընդունեն այդ իրավիճակում, որն առավել քան մեծ սպառնալիք է ներկայացնում ՍԱՀ-ի տարածքային ամբողջականությանը», – հայտարարել է Էրդողանը, ընդգծելով, որ տեսնում է, թե ինչպես են Ռուսաստանը և Իրանը համատեղ գործում Սիրիայում։ Թուրք առաջնորդի այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ իսրայելական օդուժը 10.10.2024 թ. գրոհել էր Իրանի SABA մեքենաշինական գործարանը սիրիական Հասիե արդյունաբերական քաղաքում։ Ավելի վաղ՝ 08.10.2024 թ. ՑԱՀԱԼ-ը հարված էր հասցրել Դամասկոսի կենտրոնի մի բազմահարկ շենքի, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ էին զոհվել։
Թուրքիայի առաջնորդի կոչը Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին մի փոքր տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պահի դրությամբ հատկապես Թուրքիան է այն միակ երկիրը, որը բռնազավթման գործողություն է իրականացրել Սիրիայի դեմ։ Անկարան փորձում է օրինականացնել իր զորքերի ներխուժումն արաբական հանրապետության հյուսիսային սահմանամերձ շրջաններ՝ վկայակոչելով այնտեղ գործող Ռոջավայի և ՔԲԿ-ի (PKK) «քուրդ ահաբեկիչների» դեմ բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Իսրայելը չի հայտարարել Սիրիա ներխուժելու իր ծրագրերի մասին և առայժմ բավարարվում է դրա տարածքին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելով։ Բայց, հավանաբար, Անկարան վախենում է, որ ՑԱՀԱԼ-ը Լիբանանում «Հյուսիսի նետերը» ռազմագործողության շրջանակներում կարող է ավելի առաջ՝ դեպի Սիրիայի խորքը մղել Գոլանի բարձունքների ուղղության իր դիրքերը, փաստարկելով, թե անհրաժեշտ է ստեղծել բուֆերային գոտի, որը կչեզոքացնի «Հեզբոլլահի» սիրիական մասնաճյուղի հարձակումներն իսրայելական տարածքի վրա։
Հազիվ թե Թուրքիային ձեռնտու է զարգացումների նման սցենարը Թել Ավիվի սանձազերծած պատերազմում, սակայն, հաշվի առնելով սիրիական տարածքների բռնազավթման սեփական փորձը, Էրդողանի վարչախմբի համար այդ դեպքում ծայրաստիճան դժվար կլինի վիճարկել իսրայելական գործողությունների օրինականությունը։ Ուստի Էրդողանը, ըստ երևույթին, փորձում է Մոսկվայի և Թեհրանի ջանքերի հաշվին փակել Թել Ավիվի «սիրիական» ախորժակը։
Դրա հետ մեկտեղ, հարկ է դիտարկել Թուրքիայի նախագահի հայտարարության շարժառիթների ևս մեկ վարկած։ Հնարավոր է՝ նրան դրդում են ոչ այնքան Սիրիայի, որքան որ, ինչքան էլ տարօրինակ լինի, Ադրբեջանի ճակատագրի համար մտավախությունները։ Այն սպառնալիքների համապատկերում, որոնք իրանցի քաղաքական գործիչների կողմից հասնում են Բաքու՝ կապված «հակաիրանական գլոբալ ռազմաճակատին» Ադրբեջանի ենթադրյալ մասնակցության հետ, այդ մտավախությունները օրեցօր գնալով միայն սաստկանում են։ Միջազգային փորձագետներն ավելի հաճախակի են խոսում այն մասին, որ Իսրայելն ու Իրանը աշխարհագրական գործոնների և իրարից հեռու գտնվելու պատճառով լայնածավալ պատերազմի դեպքում չեն սահմանափակվի հրթիռա-հրետանային փոխհրաձգությամբ և կարող են միմյանց ռազմաբազաների և պրոքսի ուժերի դեմ ցամաքային ռազմագործողությունների դիմել երրորդ երկրի տարածքում։ Այս համատեքստում առավել հաճախակի հիշատակվում է հատկապես Ադրբեջանը, որի տարածքում Թել Ավիվը ԻԻՀ-ի դեմ տարիներ շարունակ ռազմա-հետախուզական ենթակառոուցվածք է ստեղծել։ Այն դեպքում, եթե Իրանը որոշակի հանգամանքների զուգադիպությամբ հարված հասցնի բացահայտ իսրայելամետ դիրքորոշման հակված Ալիևի վարչախմբին, Թուրքիան ստիպված պիտի անձամբ միջամտել պատերազմին։ Այդ պարագայում անխուսափելի կլինի հակամարտությանը նաև ՌԴ մասնակցությունն Իրանի կողմից։
Ակնհայտ է՝ Անկարայում կանխազգում են, որ Իսրայելը և նրա Արևմտյան դաշնակիցներն այդպիսով իսկ ցանկանում են տարածաշրջանային տերություններին արյունահեղ պատերազմի դրդել «ադրբեջանական թատերաբեմում»։ Ուստիև Թուրքիայից Մոսկվա և Թեհրան ազդանշաններ են հղվում՝ Թել Ավիվի հետ դիմակայության ռազմաճակատը նրա սահմաններին մոտ և իր սահմաններից հեռու տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Հակառակ դեպքում Անկարան ոչ միայն կզրկվի թյուրքական աշխարհի ինտեգրման և Հարավային Կովկասում իր երկարամյա քաղաքականության հաջող արդյունքների հեռանկարից, այլև կկանգնի սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հիմնախնդրի առջև։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 18.10.2024 թ.: