Սեղմագիր
Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական դաշնակիցն է և ցանկացած իրավիճակում հակադրվում է Հայաստանին՝ ի նպաստ իր դաշնակիցների։ Միաժամանակ, այն միջուկային պետություն է՝ ընկղմված իր ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերի մեջ։ Հոդվածում ներկայացրել ենք Պակիստանի արտաքին քաղաքականությունը, ներքին կառուցվածքը և իշխող խմբերը, տնտեսությունն ու ֆինանսական խնդիրները, ռազմական կարողությունը և միջուկային քաղաքականությունը։ Փորձել ենք նաև դիտարկել Պակիստանում ճգնաժամերի հավանական ազդեցությունները և դրանց հեռանկարները։
ПАКИСТАН։ СОЮЗНИК НАШИХ ПРОТИВНИКОВ
В ВОДОВОРОТЕ НАРАСТАЮЩИХ ПРОБЛЕМ
Арутюнян Г. К.
Аннотация
Пакистан является надежным союзником Турции и Азербайджана и в любой ситуации выступает против Армении, в пользу своих союзников. В то же время, это ядерная держава, погруженная во множество внутренних и внешних кризисов. В данной статье мы представили внешнюю политику Пакистана, внутреннюю структуру и правящие группы, экономику и финансовые проблемы, военный потенциал и ядерную политику. Помимо этого, мы попытались рассмотреть возможные последствия кризисов в Пакистане и их перспективы.
PAKISTAN։ OUR OPPONENT’S ALLY
IN THE MAELSTROM OF MOUNTING PROBLEMS
Harutyunyan G. K.
Pakistan is a permanent ally of Turkey and Azerbaijan, and in any situation it opposes Armenia in favor of its allies. At the same time, it is a nuclear state, immersed in many internal and external crises. In the article, we presented Pakistan’s foreign policy, internal structure and ruling groups, economy and financial problems, military capabilities and nuclear policy. We have tried to consider the possible consequences of the crises in Pakistan and their prospects.
Գ. Կ. Հարությունյան(1)
3. ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
3.1. Զինված ուժերի որոշիչ դերը քաղաքական համակարգում
Պակիստանը, որպես պետություն, ձևավորվել է Հնդկաստանի դեմ պայքարում և վերջինիս դեմ դիմադրության ընդհանուր նպատակի շուրջ։ Այդ պայքարը մի քանի անգամ ծանր պատերազմների ճանապարհով է անցել, ինչի արդյունքում երկրի պետական ծախսերը հաշվարկելիս նախընտրությունը տրվել է պաշտպանությանը՝ ԶՈՒ-ի կարիքները բավարարելուն։
Սա վստահություն և կարողություն է հաղորդել երկրի բանակին՝ միջամտելու պետական-քաղաքական որոշումների ընդունմանը։ Միաժամանակ, սա քաղաքական իշխանություններին ու քաղաքացիներին զրկել է բանակի վրա արդյունավետ վերահսկողություն ունենալու հնարավորությունից։ Ընդհակառակը, արտաքին թշնամու առկայությունը բանակի շուրջ է համախմբել քաղաքականությունը(3)։
Ավելին, Պակիստանի՝ վերջին տասնամյակներին այս կամ այն կողմից Աֆղանստանում մարտական ու հիբրիդային գործողություններին ներգրավված լինելու հետևանքով երկրի զինված ուժերը նաև միջազգային հեղինակություն են ստացել, քանի որ ուղիղ կապի մեջ են եղել նաև միջազգային խաղացողների հետ, այդ թվում՝ ԱՄՆ, ՆԱՏՕ, ՌԴ և այլն։
Զինված ուժերի (ու նաև Միջգերատեսչական հետախուզական ծառայության՝ ISI-ի) ազդեցությունն այնքան մեծ է, որ Պակիստանի պատմության ընթացքում զինվորականները հանրագումարում ավելի քան 30 տարի իրենց իշխանության տակ են պահել երկիրը։ Ընդ որում, սա միայն պաշտոնապես։ Իսկ մնացած ժամանակահատվածում ԶՈՒ-ն լուրջ ազդեցություն է ունեցել ընտրությունների ընթացքի և իշխանության ձևավորման վրա։
Հավանական է համարվում նաև, որ հենց զինված ուժերն են կանգնած եղել 2022 թ. երկրի վարչապետի ղեկից Իմրան Խանի հեռացման հետևում (ճակատագրի հեգնանքով՝ իր իշխանության գալով ևս նա պարտական էր զինվորականներին)։ Պաշտոնից հեռացվելու համար բանակին մեղադրել է նաև Խանն ինքը՝ նշելով, որ բանակն է իրեն վերջնագրեր ներկայացրել՝ կա՛մ հեռացում, կա՛մ հրաժարական և նոր ընտրություններ(4)։
Բայց ռազմաքաղաքական ազդեցությունից բացի, Պակիստանի բանակը նաև տնտեսական հսկայական ազդեցություն ունի երկրում։ Զինված ուժերի ենթակայության տակ գործում են վետերանների համար նախատեսված խոշոր հիմնադրամներ, որոնք, ըստ երևույթին, ծառայում են նաև ոչ կանոնադրական նպատակների։
Բանակն է հսկողության տակ պահում տնտեսության առանցքային ճյուղերը, ինչպիսին է, օրինակ, տեքստիլը։ Զինված ուժերն են վերահսկում նաև արտաքին ֆինանսական կառույցների հետ վարկային համագործակցությունը և հավաստիանում, որ Պակիստանի պարտավորությունները կատարվում են ժամանակին։ 2022-ին, երբ Իսլամաբադն արտաքին աշխարհից պարտք վերցնելու լուրջ անհրաժեշտություն ուներ, հենց երկրի ԶՈՒ ԳՇ պետն է բանակցել ամերիկյան կողմի հետ, այցելել Սաուդյան Արաբիա և Չինաստան(5)։
Երկրում գործում է նաև Հատուկ ներդրումների աջակցման խորհուրդ (Special Investment Facilitation Council – SIFC), որը նույնպես գործում է զինվորականների վերահսկողության ներքո, ինչի արդյունքում վերջիններս կարող են ուղղորդել խոշոր ներդրումներն իրենց նախընտրելի ճյուղեր(6)։ Երկրի տնտեսական զարգացման գործում բանակի առաքելությունը ներկայումս ամրագրված է նաև իրավական ակտերով(7)։
Մեկ տարի առաջ՝ 2023-ին, Պակիստանի տնտեսության մեջ բանակին պատկանող ակտիվները գնահատվում էին շուրջ 40 մլրդ դոլար(8)։
3.2. Նախկին և ներկա իշխանությունները
Պակիստանում որևէ վարչապետ չի պաշտոնավարել ամբողջական 5 տարի՝ ընտրությունից ընտրություն։ Նրանց մի մասը հրաժարական է տվել, ազատվել է պաշտոնից, կամ հեռացվել է տարբեր պատճառներով(9)։
Վերջին 5-6 տարում երկրում քաղաքական հիմնական պատկերը ձևավորվում է 3 ամենահեղինակավոր, ինչպես նաև նրանց միացող ավելի փոքր կուսակցությունների հարաբերակցությամբ։ Քաղաքական ընթացիկ իրավիճակը պայմանավորված է 2017–2018 և 2022 թթ. տեղի ունեցած իշխանափոխություններով։
Այսպես՝ 2013 թ. ընտրություններում հաղթեց Նավազ Շարիֆի գլխավորած PML-N (Pakistan Muslim League – Nawaz) կուսակցությունը: Արդյունքում՝ Շարիֆն ընտրվեց վարչապետ։ 2017 թ., սակայն, Panama Papers-ի բացահայտումներից հետո երկրի Գերագույն դատարանը նրան հեռացրեց վարչապետի պաշտոնից և արգելեց զբաղվել քաղաքականությամբ։ Կոռուպցիայի մեղադրանքով նա դատապարտվեց ազատազրկման, որոշ ժամանակ անցկացրեց բանտում, ապա 2019-ին մեկնեց Լոնդոն՝ բուժման(10), որտեղից վերադարձավ արդեն երկու իշխանափոփությունից հետո՝ 2023-ին։
Նրա հեռացումից հետո կուսակցության անդամ Շահիդ Խաքան Աբբասին վարչապետի պաշտոնը զբաղեցրեց մինչև հաջորդ ընտրությունները՝ 2018 թ.։ Այդ ընտրությունների ժամանակ էլ տեղի ունեցավ իշխանափոխություն։
2018-ի ընտրություններին խորհրդարանական ընտրություններում հաղթեց Իմրան Խանի ղեկավարած PTI (Pakistan Tehreek-e-Insaf) կուսակցությունը։ Նրան հաջողվեց կոալիցիոն մեծամասնություն ստանալ, և Խանը ընտրվեց երկրի վարչապետ։
Նոր կառավարությանը բաժին ընկավ ծանր ժամանակաշրջան, որի ընթացքում երկիրը բախվեց կորոնավիրուսի համաճարակին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, ֆինանսական ճգնաժամին և այլն։ Սակայն իշխող ուժի համար ճակատագրական դարձավ 2022 թ. Ուկրաինայի պատերազմի մեկնարկին չեզոքություն հայտարարելը։ Ավելին, Խանի՝ պատերազմի մեկնարկի օրը Մոսկվայում լինելու հանգամանքը զգալիորեն անհանգստացրեց ԱՄՆ-ին։
Կարճ ժամանակ անց երկրի ընդդիմությունը միավորվեց PDM (Pakistan Democratic Movement) դաշինքում։ Դրա կազմում առանցքային դեր ստացան երկու՝ նախկին հակառակորդ կուսակցությունները.
- PML-N-ը, որը Նավազ Շարիֆի փոխարեն գլխավորում է նրա եղբայրը՝ Շահբազ Շարիֆը, քանի որ, ինչպես նշվել էր, Նավազին արգելված էր զբաղվել քաղաքականությամբ,
- PPP (Pakistan People’s Party) կուսակցությունը, որը դեռ 1960-ականներին հիմնադրել էր երկրի վարչապետ Զուլֆիկար Բհուտոն, ապա ղեկավարել էր նրա դուստր, վարչապետ Բենազիր Բհուտոն, այժմ էլ կուսակցության առաջատար դեմքերն էին Ասիֆ Ալի Զարդարին (Բենազիր Բհուտոյի այրին) և նրա որդին՝ Բիլավալ Բհուտո Զարդարին։
Սկսվում է Խանին անվստահություն հայտնելու և վարչապետի պաշտոնից հեռացնելու գործընթաց։ Ապրիլին Խանը փորձեց ցրել խորհրդարանը, բայց Գերագույն դատարանը կասեցրեց խորհրդարանը ցրելու որոշումը և թույլ տվեց անցկացնել անվստահության քվեարկություն։ Խանի կուսակցության կոալիցիոն գործընկերների մի մասը անջատվեցին և միացան ընդդիմադիր PDM դաշինքին:
Խանն իր դեմ սկսված գործընթացի համար մեղադեց ԱՄՆ-ի իշխանություններին։ Հրապարակվեցին ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի և ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանի հանդիպման մանրամասները, համաձայն որոնց՝ Վաշինգտոնը ճնշում էր գործադրում Իսլամաբադի վրա՝ Խանի հեռացմանը հասնելու համար։ Պատճառը Պակիստանի կառավարության հայտարարած չեզոքությունն էր՝ Ուկրաինայի հարցում(11)։ Չնայած դրան՝ ԱՄՆ-ը հերքեց այս մեղադրանքները։
Ամենայն հավանականությամբ, Խանի հեռացման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում որոշիչ դեր խաղաց նաև Պակիստանի բանակի ներգրավվածությունը(12)։
Արդյունքում, երկրի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետին։ Խանը հեռացվեց պաշտոնից, ապա նաև ձերբակալվեց մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ կոռուպցիա, որպես վարչապետ ստացած նվերների վաճառք և այլն։ Նախկին վարչապետը դատապարտվեց ազատազրկման և այժմ էլ շարունակում է կրել պատիժը։ Նրա համակիրների անցկացրած ցույցերն ու ակցիաները իրավիճակը չփոխեցին։
Խանի հեռացումից հետո խորհրդարանի կողմից վարչապետ է ընտրվեց Նավազ Շարիֆի եղբայր Շահբազ Շարիֆը։ Սկսվեց պետական կառույցների միջև պայքար. [կենտրոնական] Ընտրական հանձնաժողովը և Գերագույն դատարանը իրար հակասող որոշումներ ընդունեցին ընտրությունների օրվա վերաբերյալ։ Իշխող ուժն իր հերթին անցկացրեց մարդահամար, որի արդյունքների ամփոփման համար պահանջվեց ժամանակ, որի ընթացքում պետք է նոր ընտրատարածքներ ձևավորվեին (սրա արդյունքում երկրի գործող իշխանությունները մեղադրվեցին ջերիմենդերինգի(13) մեջ)։
Ընտրություններին ընդառաջ էլ Իմրան Խանի ղեկավարած PTI-ի դեմ իրականացվեցին տարբեր ակցիաներ, օրինակ՝ թեկնածուների հետապնդումներ կամ թեկնածության չհաստատումներ՝ ընտրությունների վրա ազդելու համար։ Ինքը՝ Իմրան Խանը, շարունակեց կրել ազատազրկումը և ընտրություններին իր քաղաքական ուժն առաջնորդեց հենց կալանավայրից։
Սրանից բացի, երկրի Ընտրական հանձնաժողովն էլ արգելեց PTI-ին օգտագործել կուսակցության սիմվոլը՝ Կրիկետի մականը։ Սա էական նշանակություն ուներ կուսակցության համար, քանի որ անգրագիտության բարձր մակարդակ ունեցող Պակիստանում ընտրողների մի մասը կողմնորոշվում է հենց սիմվոլներով և լոգոներով։ Կուսակցության թեկնածուները հանդես եկան անհատապես, ու նույնիսկ այդ դեպքում նրանց վերաբերյալ քարոզչության տարածումը կանխելու համար արգելափակվեցին կուսակցության կայքերը(14)։ Այս ճնշումները, ինչպես նաև քվեարկությունից առաջ և դրա ընթացքում իրականացված խախտումները դիտարկվեցին և արձանագրվեցին նաև միջազգային հանրության(15) և ԶԼՄ-ների կողմից(16)։
Ի վերջո, ընտրությունները ուշացումով անցկացվեցին 2024 թ. փետրվարի 8-ին։ Դրանք ուղեկցվեցին ոչ միայն ընտրախախտումներով, այլ նաև բռնություններով, ընտրատեղամասերի վրա հարձակումներով ու սպանություններով։ Հայտարարված արդյունքներով առաջատար երեք կուսակցությունները 336 հոգանոց խորհրդարանում ստացան հետևյալ քանակով մանդատներ.
Ընտրություններից հետո Իմրան Խանը հայտարարեց , որ դրանք կեղծվել են, և իրենք չեն գնալու մյուս երկու խոշոր կուսակցությունների հետ համագործակցության։ Միևնույն ժամանակ, Խանը փորձեց բանակցություններ սկսել ռազմական վերնախավի հետ, սակայն վերջիններս, փաստացի, հրաժարվեցին նման երկխոսությունից(17)։
Իսկ մյուս երկու ուժերը գնացին համագործակցության, բայց՝ ոչ կոալիցիայի։ PML-N և PPP կուսակցությունները վտանգավոր դանդաղկոտությամբ բանակցություններ վարեցին, որոնց ընթացքում երկիրը կարող էր դուրս գալ վերահսկողությունից(18)։ Ի վերջո, կողմերը եկան համաձայնության, որ իրենցից և ոչ մեկի առաջնորդը չպետք է դառնա վարչապետ։ Փոխարենը պաշտոններ ստացանն երկրորդ դեմքերը. Շահբազ Շարիֆը երկրորդ անգամ դարձավ վարչապետ, Ասիֆ Ալի Զարդարին՝ երկրորդ անգամ նախագահ (առաջին անգամը՝ 2008–2013 թթ.)։
Չնայած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին բազմաթիվ տեղեկություններին, արդյունքներն, ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ այս 3 կուսակցությունները բավականին ընդգծված աջակցություն ունեն երկրի կոնկրետ հատվածներում։ Ավելի կոնկրետ, վարչապետ Շահբազ Շարիֆի PML-N կուսակցության ընտրողներն ավելի մեծ կշիռ ունեն երկրի արևելյան Փունջաբ՝ համեմատաբար հարուստ, նահանգում (բնակչությունը՝ շուրջ 110 մլն մարդ)։
Նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի PPP կուսակցությունը գրեթե բացարձակ առաջատար է հարավարևելյան Սինդ նահանգում (բնակչությունը՝ շուրջ 48 մլն), բայց ձայներ չի հավաքում այլ տեղերում։ Իսկ Իմրան Խանի PTI կուսակցությունը մեծ քանակով ձայներ հավաքում է հյուսիսային Խայբեր-Պախտունխվա նահանգում (բնակչությունը՝ ավելի քան 35 մլն մարդ), ինչպես նաև՝ Փունջաբում։
3.3. Ֆեդերալ կառուցվածքը և իշխանության բաշխումը
Պակիստանն ունի դաշնային (ֆեդերատիվ) կառուցվածք և բաղկացած է 4 նահանգներից, 2 վարչական կիսանկախ միավորներից ու Իսլամաբադի մայրաքաղաքային դաշնային շրջանից։ Սրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին ունի իր սեփական կառավարությունը, որը պատասխանատու է որոշակի ոլորտների համար։ Եվ այդ ոլորտների աշխատանքը կազմակերպելու համար կենտրոնական բյուջեից ստանում է հսկայական գումարներ՝ դաշնային կառավարության եկամուտների 57,5%-ը։ Դաշնային ծախսերին ուղղվում է մնացած 42,5%-ը։ Սրա զգալի մասն էլ դաշնային կառավարությունն ուղղում է արտաքին պարտքի սպասարկմանը, պաշտպանությանը, թոշակներին և այլ պարտադիր ծախսերի վրա։ Մի մասն էլ ուղղվում է հիշատակված 2 վարչական կիսանկախ միավորներին ու մայրաքաղաքին։
Ոլորտային մի քանի ուղղությունների համար կենտրոնական իշխանությունը և նահանգային իշխանությունները պայքար են մղում, քանի որ այդ ուղղությունները նույնպես ֆինանսական հսկայական հնարավորություններ են տալիս։
Ֆինանսների տեղաբաշխումը կատարվում է բարդ հաշվարկով, որում ամենամեծ կշիռն ունի յուրաքանչյուր նահանգային միավորի բնակչության թիվը (82%)։ Հաշվարկի մեջ ներառվում են նաև աղքատության մակարդակը (10,3%), հավաքված հարկերը (5%) և բնակչության նոսրությունը (2,7%)(19)։ Արդյունքում, ամենամեծ բնակչություն ունեցող Փունջաբը ստանում է դաշնային կառավարության բյուջեի 2/3-ի չափ ֆինանսավորում՝ ավելի քան մյուս 3 նահանգները միասին։ Եվ այսպիսի անհավասարությունը պարբերաբար հրահրում է դժգոհություններ. մյուս նահանգների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց բնակչության թվաքանակը քիչ է հաշվարկվում և այլն։ Միևնույն ժամանակ, քաղաքական ուժերն էլ նախընտրում են հենց Փունջաբում ամրապնդել իրենց իշխանությունը(20)։
Վերևում նշել ենք, որ առաջատար երեք կուսակցություններն ունեն իրենց նահանգային հենակետերը. PML-N-ը՝ Փունջաբում, PPP-ն՝ Սինդում, PTI-ը՝ Խայբեր-Պախտունխվայում (և ավելի քիչ Փունջաբում)։ Սակայն այս երեքից բացի նահանգային մակարդակում բավականին ուժեղ են նաև տեղական կուսակցությունները.
- Խայբեր-Պախտունխվա նահանգում՝ կրոնական ուղղվածությամբ JUI-F կուսակցությունը և ազգայնական ուղղվածության փաշտունական քաղաքական խմբերը։
- Բալոչիստան նահանգում՝ բելուջական ազգայնական խմբերը։ Այս նահանգում խոշոր 3 կուսակցություններն առանձնապես ձայներ չեն հավաքել։
Տեղական կուսակցությունները նաև որոշակիորեն կենտրոնախույս դեր են ստանձնել՝ ազգայնական հողի վրա խրախուսելով անջատողական գաղափարներ և իրենք էլ խրախուսվելով այդ գաղափարները կրողներից։ Ազգայնական դիրքորոշումների վառ արտահայտությունն են Բալոչիստան նահանգում բելուջական զինված կազմակերպությունների գոյությունը, ահաբեկչական հարձակումները։
Կարծիք կա, որ Պակիստանի դաշնային կառուցվածքը պահպանվել է շնորհիվ ռազմական վերնախավի, քանի որ զինվորականները նախընտրում են, որ քաղաքական իշխանությունը խիստ կենտրոնացած չլինի, և իրենց բրգաձև կառուցվածքով իրենք ավելի մրցունակ լինեն(21)։ Ըստ մեկ այլ կարծիքի՝ Պակիստանի քաղաքացիական իշխանություններն ուղղակի չեն կարողանում կայացնել նահանգային ինքնակառավարումը, ինչի պատճառով քաղաքացիական կառավարությունների ժամանակաշրջաններում դրանք թույլ են լինում։
Նահանգներից բացի, ինչպես նշել ենք, Պակիստանի փաստացի մաս են կազմում նաև երկրի հյուսիսում գտնվող Գիլգիթ-Բալթիստան և Ազադ Քաշմիր վարչական միավորները, որոնք իրավաբանորեն Պակիստանի մաս չեն ճանաչվել նույնիսկ Իսլամաբադի կողմից։ Սրանք ինքնակառավարվող տարածքներ են, որոնց հետ կապը պահելու համար Պակիստանի դաշնային կառավարությունում գործում են համապատասխան նախարարություններ։
Ինչո՞ւ այս տարածքները մինչև հիմա չեն ճանաչվել որպես Պակիստանի մաս։ Պատճառները մի քանիսն են, այդ թվում.
- Սրանք Հնդկաստանի հետ հակամարտության առարկա Քաշմիրի ավելի մեծ շրջանի մասերն են (Քաշմիրի մեծ մասը Հնդկաստանի վերահսկողության տակ է), և Պակիստանը խուսափում է այս տարածքներն իր նահանգը դարձնել, որպեսզի դա չընկալվի որպես հակամարտության ներկա իրավիճակի հետ համակերպում։
- Պակիստանի կողմից այս շրջաններն իր տարածքին պաշտոնապես միացնելը կամ դրանց կարգավիճակ տալը կարող են կտրուկ թեժացնել Հնդկաստանի հետ հակամարտությունը։ Մասնավորապես, Հնդկաստանը խիստ դժգոհություն է հայտնել
2020 թ., երբ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Գիլգիթ-Բալթիստանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե տարածքին կարող են նահանգի նախնական-ժամանակավոր կարգավիճակ տալ(22)։ - Պակիստանի վերահսկած տարածքներից միայն Գիլգիթ-Բալթիստանն է, որ սահման ունի Չինաստանի հետ։ Եվ հենց այս տարածքով են անցնելու Չինաստան–Պակիստան համաձայնությամբ ձևակերպված հաղորդակցության ռազմավարական ուղիները (CPEC–China–Pakistan Economic Corridor)։ Այս տարածքում նոր նահանգի ձևավորումը իշխանական շղթայում ևս մեկ օղակ է ավելացնելու, ինչը բարդացնելու և ուշացնելու է որոշումների ընդունման գործընթացը(23)։
Այս պայմաններում Գիլգիթ-Բալթիստանն ու Ազադ Քաշմիրը շարունակում են ինքնավար կարգավիճակում ընտրել սեփական իշխանություններ և ներկայացված էլ չեն Պակիստանի խորհրդարանում։ Միևնույն ժամանակ, այս տարածքների բնակչությունը կողմ է պաշտոնապես Պակիստանին միանալուն և դաշնային իշխանություն ձևավորվելու վրա ազդելու հնարավորություն ստանալուն։
3.4. Ներքին պառակտում և ահաբեկչություն
Պակիստանի գրեթե բոլոր տարածքներում գործում են ազգային ու ցեղային հողի վրա գործող անջատողական կամ կրոնական ծայրահեղական զինված խմբեր։ Դրանք տարեկան հարյուրավոր մարդկանց են սպանում ահաբեկչական հարձակումների միջոցով։
Ահաբեկչությունների թվային ցուցանիշները մատնանշում են, որ հարձակումների թիվը նախկինում նվազում էր, իսկ 2021 թվականից հետո սկսել է կայուն աճել՝ մեծացնելով զոհերի և վիրավորների թիվը։ Հավանական է, որ սա կապված է Աֆղանստանից ամերիկյան կոալիցիայի զորքերի դուրսբերման և այդ երկրում Թալիբանի իշխանության գալու հետ։ Պատճառն այն է, որ Պակիստանում ամենաշատ թվով հարձակումներ կազմակերպող կազմակերպություններից մեկը կապված է հենց Աֆղանստանի Թալիբանի հետ։
Պատկերում՝ Պակիստանում ահաբեկչական հարձակումների, դրանց հետևանքով սպանված և վիրավորված մարդկանց թվերը վերջին 10 տարում: Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակում կարելի է տեսնել նաև կոնկրետ ցուցանիշները։
2023 թ. տվյալներով՝ Պակիստանում տեղի ունեցած բոլոր ահաբեկչական հարձակումների 93%-ն իրականացվել է Բալոչիստան և Խայբեր-Պախտունխվա նահանգներում։ Սրանք երկուսն էլ երկրի արևելյան մասում են և սահմանակից են Աֆղանստանին, իսկ Բալոչիստանը՝ նաև Իրանին։
Տարվա ընթացքում բոլոր հարձակումների շուրջ 78%-ի կազմակերպիչները եղել են 3 ծայրահեղական-ահաբեկչական կազմակերպություններ(24).
- Tehreek-e-Taliban Pakistan (TTP), հիմնականում գործում է Խայբեր-Պախտունխվա նահանգում, որի մեջ ներառված են Աֆղանստանին սահմանակից շրջանները։ Սրանք նախկինում համարվել են դաշնային ենթակայության ցեղային տարածքներ, սակայն հետագայում մտցվել են նահանգի կազմի մեջ՝ գրգռելով տեղացիների անհամաձայնությունը։ Ահաբեկչական կազմակերպությունն էլ տեղայնացրել է Աֆղանստանի Թալիբանի պայքարի մեթոդները և իրենց դիրքավորում է որպես Պակիստանի պետական կառույցի դեմ գործող անջատողական կազմակերպություն։
- Islamic State-Khorasan (IS-K), գործում է Պակիստանի գրեթե ողջ տարածքում և դիրքավորվում է որպես կրոնական ծայրահեղական կազմակերպություն, որի նպատակն է տապալել Պակիստանի պետական կառավարման համակարգը և երկրում սահմանել Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության կառավարումը՝ Պակիստանը դարձնելով ապագա Իսլամական պետության Խորասանի նահանգի մաս։
- Balochistan Liberation Army (BLA), գործում է Բալոչիստան նահանգի տարածքում, հարձակումներ է իրականացնում ազգայնական-անջատողական պահանջներով։
Սրանցից բացի, գործում են նաև այլ ծայրահեղական-ահաբեկչական կազմակերպություններ, որոնք գործում են նաև այլ նահանգներում։ Օրինակ, Սինդ նահանգում ակտիվ է Sindhudesh Revolutionary Army (SRA) կազմակերպությունը, որն էլ ուզում է հասնել նահանգի անջատման։
CPEC նախագծի մեկնարկից հետո Պակիստանի համար խնդիր են դարձել նաև այս ահաբեկչական խմբավորումների հարձակումները Չինաստանի հետ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ու հենց չինացի աշխատողների վրա(25)։ Ահաբեկչական կառույցները դեմ են հանդես գալիս Չինաստանի կողմից Պակիստանի «տնտեսության, ընդերքի և ինքնիշխանության յուրացմանը»։
Չինական ներդրումներն ու չինացիներին պաշտպանելու համար Պակիստանի իշխանությունները հատուկ 10-հազարանոց զորախումբ են տրամադրել, որը հսկում է այդ ենթակառուցվածքների անվտանգությունը(26) (այլ աղբուրներում զորքերի մասին հիշատակվում է նաև 15 հազար թիվը(27))։ Բայց նույնիսկ այդ պայմաններում ահաբեկչական խմբավորումները կարողանում են թիրախավորել չինական ընկերություններին ու նրանց չինացի աշխատակիցներին(28)։
Պակիստանի զինված ուժերն, իրենց հերթին, պարբերաբար հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում երկրի ողջ տարածքում։ Սակայն, դրանց ընթացքում երբեմն հանդիպում են նաև տեղական բնակչության դիմադրությանը, քանի որ կենտրոնական իշխանության նկատմամբ վստահությունը մեծ չէ, իսկ որոշ տեղերում գործում են ցեղային միավորումներ, որոնք նախընտրում են ինքնուրույն լուծել իրենց միջև առաջացող խնդիրները։
Որոշակի խնդիրներ է ստեղծում նաև այն, որ Իրանի և Աֆղանստանի հետ սահմանային գոտիներում գոյություն ունեն անվերահսկելի հատվածներ, որոնց միջոցով ահաբեկչական կազմակերպությունները կարողանում են հատել սահմանն ու անցնել մյուս պետության տարածք։
Հավանական է, որ Աֆղանստանի դեպքում ահաբեկիչները կարող են նաև աջակցություն ստանալ իրենց սահմանային անցումների ժամանակ։ Ինքը՝ Պակիստանը, պարբերաբար բողոքներ է հայտնում Իրանին և Աֆղանստանին սահմանի այս խախտումների վերաբերյալ։
4. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ, ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
4.1. Տնտեսությունը, արտաքին առևտուրը և գործընկերները
Պակիստանի արտահանումը դիվերսիֆիկացված է գործընկերների, բայց` ոչ ապրանքների իմաստով։ Ինչպես նշել էինք, Իսլամաբադի արտահանման ամենամեծ ապրանքախումբը տեքստիլն է։ 2022–2023 ֆիսկալ տարում ընդհանուր 28,3 մլրդ դոլարի արտահանված ապրանքների շուրջ 60%-ը, կամ 16,7 մլրդ դոլարը, բաժին է հասնում հենց այս ապրանքային խմբին (HS կոդավորմամբ՝ 50-63 ապրանքախմբեր)(29), և 2024-ը ևս բացառություն չի եղել։
Տարիներ շարունակ գումարային հաշվարկով Պակիստանի արտահանման կեսից ավելին սպիտակեղեն–մանվածք–հագուստ ապրանքային խմբերն են (սրանով է պայմանավորված նաև արտադրական ճյուղի մեծ կշիռը տնտեսության կառուցվածքում)։ Իսկ այս ապրանքները չունեն բավարար յուրահատկություն՝ Պակիստանին արտահանման ոլորտում յուրահատկություն և, ըստ այդմ, մրցակցային առավելություն հաղորդելու համար։
Պատկերում՝ Պակիստանի տնտեսության բարդության ինդեքսի տատանումները 1994-2021 թթ.։ Համեմատության համար ներկայացված են նաև Հայաստանի և Ճապոնիայի ցուցանիշներ:
Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակում կարելի է տեսնել նաև կոնկրետ ցուցանիշները:
Տնտեսության բարդության ինդեքսով (Economic Complexity Index) Պակիստանը հետնապահների թվում է՝ նվազ բարդությամբ տնտեսություն ունեցողների խմբում(30)։ Եվ երկրի ցուցանիշն առանձնապես չի բարելավվում։ Սա կապված է հենց արտահանման կառուցվածքի հետ(31), որը նույնպես էական փոփոխությունների չի ենթարկվում։
Արտահանման ամենամեծ շուկան Եվրոպան է (արտահանման 35-40%-ը), որտեղ էլ հիմնական արտահանումը հենց տեքստիլի արտադրանքն է։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 17%, կրկին՝ հիմնականում տեքստիլի արտադրանք։ Եվ միայն 3-րդ տեղում Պակիստանի ռազմաքաղաքական գործընկեր Չինաստանն է (7%)։ Իսկ ահա Չինաստան արտահանման ամենամեծ խումբը պղինձն ու այլ գունավոր մետաղներն են, ապա՝ տեքստիլն ու բրինձը(32)։
Ներկրման դեպքում հիմնական ու ամենամեծ գործընկերը Չինաստանն է, որին բաժին է ընկնում ներկրումների 28-29%-ը։ Այնտեղից Պակիստան են ներմուծում էլեկտրական սարքեր, սինթետիկ տեքստիլային արտադրանք, քիմիական նյութեր (այդ թվում՝ պարարտանյութեր), բենզին և այլն։ Պակիստանի ներկրումների ծավալում 5-8% մասնաբաժին ունեն նաև արաբական երկրները՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Կատար։ Այստեղից Իսլամաբադը գնում է նավթամթերք և հարակից քիմիական արդյունաբերության արտադրատեսակներ։
Պատկերում՝ Պակիստանի տնտեսության կառուցվածքը 2022–2023 թթ.: Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակում կարելի է տեսնել նաև նախորդ տարիների տվյալները և հաջորդ տարվա կանխատեսումը, ինչպես նաև տնտեսական կառուցվածքում տարբեր ոլորտների չափերը՝ դրանց արժեքներով։
Պակիստանի տնտեսության կեսից ավելին ծառայությունների ոլորտն է, ներառյալ՝ առևտուրը։ Սակայն տնտեսության կառուցվածքի մասին գաղափար կազմելու համար շատ կարևոր է հասկանալ, որ «ստեղծող» ուղղություններից ավելի մեծ կշիռ ունեն արտադրությունը (14%) և գյուղատնտեսական ճյուղերը՝ անասնապահությունը (14%) և բուսաբուծությունը (11%)(33)։ Տնտեսական կառուցվածքում փոփոխությունները խիստ դանդաղ են ընթանում, բայց որոշակի միտում կա՝ ծանրության կենտրոնի տեղափոխումը ծառայություններից դեպի արտադրություն և բուսաբուծություն։
Տնտեսության կառուցվածքի կարևոր ցուցիչ է նաև այն, որ զբաղվածների 37.5%-ը ներգրավված է հենց գյուղատնտեսության ոլորտում (ամենաթարմ՝ 2021 թ. տվյալներով)։ Աշխատողների ևս 15%-ը զբաղված է արտադրության մեջ, 14%-ը՝ առևտրում, 10%-ը՝ շինարարության մեջ։ Այլ ոլորտներից յուրաքանչյուրի բաժինը չի գերազանցում 4%-ը(34)։
Պակիստանի տնտեսության համար առանցքային կարևորություն ունեն նաև արտագնա աշխատողները։ Մասնավորապես, աշխատանքի նպատակով արտերկիր մեկնող պակիստանցիների ավելի քան 90%-ը հայտնվում է Պարսից ծոցի արաբական երկրներում (Սաուդյան Արաբիա՝ 50 տոկոսային կետ, ԱՄԷ՝ 27 տոկոսային կետ)(35)։
Աշխատանքային միգրանտների այս խումբն ապահովում է դեպի Պակիստան հոսող տրանսֆերտների մոտ 50%-ը (մյուս մասը գալիս է ԱՄՆ-ում և ՄԹ-ում հաստատված պակիստանցիներից)։ Արտագնա աշխատանքի մեկնող պակիստանցիենրի՝ տուն ուղարկած գումարները կազմում են երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 8-9%-ը (28-31 մլրդ դոլար վերջին տարիներին)։
Այս ներհոսքն է ապահովում նաև երկրի արտարժույթի պաշարների համալրումը և թույլ է տալիս մեղմացնել առևտրային դիսբալանսը։ Բայց մյուս կողմից, այս ներհոսքը Պակիստանին կախման մեջ է գցում այլ շուկաներում, հատկապես` արաբական երկրներում տեղի ունեցող տնտեսական ցնցումներից։ Դեպի Պակիստան արտարժույթի ներհոսքի մի խոշոր մասն էլ ապահովում է արտահանումը, որի առանձնահատկությունները նույնպես այս երկիրը դնում են բարդ խնդրի առջև։
4.2. Թագավարակից մինչև ջրհեղեղներ՝ կասկադային աղետները
Տնտեսական փոթորկի համար գրեթե իդեալական պայմաններով էլ Պակիստանը մոտեցավ 2020 թ. համավարակին, ապա՝ ջրհեղեղներին, և դրանք էլ իրենց հետ բերեցին լրացուցիչ խնդիրներ։ Արդյունքում ձևավորվեց տնտեսության կասկադային փլուզման վտանգ, երբ ամեն հաջորդ խնդիրն ավելանում է նախորդին։
1. 2020 թ. սկսվեց համաշխարհային թագավարակային լոքդաունը, և պակիստանցի արտագնա աշխատողները չկարողացան մեկնել արաբական երկրներում աշխատելու(36)։ Արդյունքում, նրանց ընտանիքները զրկվեցին եկամուտի աղբյուրից, և դրանց մի մասն էլ սոցիալական բեռ դարձավ պետության համար։ Ընդ որում, սոցիալական աջակցությունը նույնպես լիարժեք չկազմակերպվեց և ոչ բոլորին հասանելի եղավ(37), ինչի հետևանքով էլ դժգոհություններ առաջացան։
Արժեշղթաների խափանումները և տնտեսության կանգերը հարվածեցին նաև Պակիստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկին՝ գյուղատնտեսությանը։ Միայն 2020 թ. 1,5 ամիս տևած կարանտինի պատճառով գյուղատնտեսական կորուստները գնահատվում են գրեթե 30% կամ շուրջ 11,2 մլրդ դոլար։ Գյուղատնտեսական առաջնային արտադրանքի նվազումն էլ հարվածեց երկրորդային ճյուղին՝ տեքստիլին, որտեղ էլ կորուստները կազմեցին 15% կամ 4,9 մլրդ դոլար(38)։
Սրանից նույնպես բխում էր գործարանների ժամանակավոր փակումն ու աշխատողների համար սոցիալական ծրագրերի իրականացումը։ Ընդ որում, քանի որ այս ոլորտը գիտատար չէ, երկարաժամկետ հեռանկարում սա կարող էր նշանակել նաև արտաքին շուկաների կորուստ, այդ թվում՝ հօգուտ Հնդկաստանի, Բանգլադեշի և այլ տարածաշրջանային մրցակիցների։
Արտագնա աշխատողների չմեկնելու և տեքստիլի արտահանման նվազման պատճառով Պակիստանը զրկվեց նաև արտարժույթի ներհոսքից(39), որն ընդհանուր ներհոսքի 8-9%-ն էր։ Արտարժութային բալանսի խնդիր ունեցող երկրի համար սա հերթական մեծ շոկն էր, որին դիմագրավելու համար կարիք եղավ որոշ սահմանափակումներ մտցնել, այդ թվում՝ արգելվեցին լայն սպառման որոշ ապրանքների ներմուծումները՝ հօգուտ կենսական ապրանքների ներմուծման, և դա նույնպես ներքին դժգոհության առիթ էր։
Արտարժույթի սակավության և արժեշղթաների խզման պայմաններում Պակիստանն ավելի քիչ ներմուծումներ կարող էր անել, և դա երկրորդային հարված էր նաև գյուղատնտեսությանն ու արտադրությանը, քանի որ ներկրվող ապրանքների թվում էին մեքենա-մեխանիզմները, պարարտանյութերը և այլ նյութեր։ Արտադրությունների 90%-ը այդ շրջանի վերաբերյալ հայտնել է կորուստների մասին, արտադրությունների կեսից ավելին դիտարկել է աշխատողների կրճատումներ։ Սա ևս մեկ հարված էր նաև գյուղացիների ու բանվորների ընտանիքներին(40)։
2. 2022 թ. այս ամենին գումարվեց Ուկրաինայի պատերազմը, որի հետևանքով կենսական նշանակության ապրանքների ու արտադրատեսակների գինն աշխարհում բարձրացավ, Ռուսաստանն ու այլ երկրները նաև սահմանափակումներ դրեցին այդպիսի ապրանքների, օրինակ՝ պարարտանյութերի ու հացահատիկի վրա։
Վառելիքը թանկացավ ոչ միայն պատժամիջոցների, այլև խաթարված արժեշղթաների հետևանքով։ 2022 թ.-ի մայիսին Պակիստանում տարեկան գնաճը գերազանցեց 20%-ը, 2023-ի մայիսին հասավ բարձրակետին՝ 38%, և միայն ս.թ. ապրիլին գրանցվեց 20%-ից ցածր ցուցանիշ(41)։
3. 2022 թ. օգոստոս–սեպտեմբերին Պակիստանի համար հերթական մարդկային, տնտեսական ու ենթակառուցվածքային աղետը եղավ խոշոր ջրհեղեղների տեսքով։ Մուսսոնային անձրևների ու սառցադաշտերի հալոցքի հետևանքով երկրի տարածքի մեկ երրորդի վրա եղան հեղեղումներ։
Մեկ ամիս անց Պակիստանի պլանավորման, զարգացման և հատուկ նախագծերի նախարարության հետազոտության համաձայն` ջրհեղեղների հետևանքով 1700 մարդ է մահացել։ Ջրհեղեղների ազդեցությունն իր վրա կրել էր 33 մլն մարդ։ Նրանցից շուրջ 8 միլիոնը տեղահանվեց։ Ջրհեղեղների հասցրած վնասները կազմել էին 14,9 մլրդ դոլար։ Տնտեսության կորուստը կազմել էր 15,2 մլրդ դոլար, և վերականգնման և վերակառուցման ծախսերը գնահատվել էին 16,3 մլրդ դոլար(42)։
Արբանյակային պատկերներում՝ Պակիստանի տարածքը՝ հունիսին, օգոստոսին և հոկտեմբերին։ Մեջտեղի նկարում երևում է ջրհեղեղների ազդեցության գոտին։ Պատկերը՝ NASA:
Գերատեսչության գնահատմամբ՝ ամենաշատ տուժած ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն էր։ Հեղեղները ոչնչացրել էին մոտ 1 մլն չափով անասնագլխաքանակ։ Ոչնչացվել էին նաև բամբակի ցանքատարածություններ, որոնք իրենց շղթայական ազդեցությունն էին ունենալու տեքստիլի ոլորտում, քանի որ տեղական տեքստիլի արդյունաբերության հումքի կեսից ավելին հենց տեղական հումքն էր։ Բամբակի կորուստը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների կորուստները, սպառնում էին նվազեցնել տեքստիլի արդյունաբերության արդյունքները, իսկ այդ ոլորտը, ինչպես նշվեց, Պակիստանի արտահանման կեսից ավելին է։ Սա նշանակում էր, որ կա՛մ տեղացի արտադրողները պետք է ներկրեն բամբակ ու դրանով մաշեցնեն առանց այն էլ փոքր ծավալի արտարժույթային ռեզերվները, կա՛մ նվազեցնեն արտադրությունը և արտահանումը՝ այսպիսով էլ նվազեցնելով արտարժույթի ներհոսքը։
4. Պակիստանում նախկինում նույնպես խոշոր ջրհեղեղներ եղել էին, և դրանցից ամենախոշորներից էր 2010 թվականինը, որի տնտեսական կորուստները գնահատվում էին ավելի քան 10 մլրդ դոլար, և սրա կեսից ավելին գյուղատնտեսության կորուստներն էին(43)։ Այդ տարերային աղետներից հետո Պակիստանում հեղեղների դեմ դիմակայունության միջոցառումներ էին ձեռնարկվել, սակայն կարծիք կա, որ 2022 թ. արհավիրքները Պակիստանն ավելի անպատրաստ դիմավորեց։
NY Times-ի վերլուծության(44) համաձայն՝ 2010 թվականի արհավիրքներից հետո միջազգային կառույցներն ու այլ դոնորները բազմաթիվ ենթակառուցվածքներ ու կազմակերպություններ էին ստեղծել Պակիստանում՝ հաջորդ ջրհեղեղներին պատրաստվելու համար։ Սակայն Պակիստանի իշխանությունները պարզել էին, որ իրենց տարածքում Ուսամա բեն Լադենին հետևելու համար ամերիկյան ուժերը օգտագործել էին հենց պատվաստումներով զբաղվող կազմակերպություններից մեկը։ Դրանից հետո այդ կազմակերպությունների զգալի մասը փակվել էր, մյուսներին հարկադրել էին հեռանալ երկրից։ Եվ սրա հետևանքով Իսլամաբադը զրկվել էր նոր ջրհեղեղների ժամանակ արագ օգնություն ստանալու հնարավորությունից։ Իսկ հիշյալ աղետների ժամանակ այդպիսի օգնությունը շատ պետք կլիներ երկրին, քանի որ այս անգամ ջրածածկույթը շատ ավելի երկար պահպանվեց։ Սրա հետևանքով մալարիայի և դենգեի տարածման վտանգները շատ ավելի մեծ էին։ Գումարվում էր նաև այն, որ սովորական պայմաններում մարդիկ այս վարակիչներից կպաշտպանվեին իրենց տներում՝ ցանցերի միջոցով։ Բայց այս դեպքում միլիոնավոր մարդիկ զրկվել էին տներից, իսկ բժշկական հաստատությունները գերծանրաբեռնված էին։
Ջրածածկույթի պահպանումը երկրորդային հարված էր նաև գյուղատնտեսության համար։ Արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ ջրով ծածկված տարածքները ոչ միայն զրկվել էին այդ տարվա բերքից, այլև հաջորդ տարվա ցանքի կատարման հնարավորությունից(45)։
4.3. Պետական պարտքի բեռը և հուզումների վտանգը
Նույնիսկ մինչև ջրհեղեղների հարուցած խնդիրները՝ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից օրեր անց, Պակիստանի այն ժամանակվա վարչապետ Իմրան Խանը հայտարարեց, որ էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի պայմաններում իրենք սուբսիդավորելու են վառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսերը։ Ուղերձում Խանը նաև նշում էր, որ հարկային արտոնություններ են տալու ՏՏ ընկերություններին, ֆինանսապես աջակցելու են գյուղացիներին, անտոկոս վարկեր են տրամադրելու ուսանողներին և ցածր եկամուտով այն ընտանիքներին, որոնք պատրաստվում են բիզնես սկսել կամ տուն կառուցել։
Այս քայլերը հակասում էին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ, IMF) հետ պայմանավորվածություններին, որոնց համաձայն Իսլամաբադը պետք է լայն բարեփոխումներ իրականացներ՝ տնտեսության դիմակայունությունը բարձրացնելու համար։ Սրանք նաև ակնհայտ պոպուլիստական քայլեր էին կառավարության ղեկավարի կողմից, քանի որ մեծացնում էին պետական ծախսերն ու, արդյունքում, փոշիացնում էին կառավարության միջոցները։ Բայց դրանք, ըստ էության, ստիպված քայլեր էին, քանի որ մարտին սպասվում էին ընդդիմության հանրահավաքներ հենց թանկացումների թեմայով(46)։
Հանուն արդարության պետք է նշել, որ Իմրան Խանը միակը չէր կառավարության ղեկավարներից, որ դիմել է նման քայլերի։ Պակիստանյան մամուլը գրում է, որ նախորդ կառավարությունները նույնպես դիմել են համանման քայլերի՝ վերցրել են վարկեր, բայց տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու փոխարեն գումարներն ուղղել են ընթացիկ ծախսերին, քանի որ այդպես այդ գումարներն անմիջապես հասնում էին ընտրողներին(47)։
Ապրիլին Իմրան Խանը հեռացվեց իշխանությունից։ Երկրի նոր իշխանությունները արտարժույթի հետ կապված մի շարք սահմանափակումներ մտցրեցին՝ երկրից արտարժույթի արտահոսքը կասեցնելու համար։ Դրանք վերաբերում էին և՛ ապրանքների ներմուծմանը (ոչ կենսական նշանակության ապրանքների ներմուծման սահմանափակումներ), և՛ արտասահման մեկնելիս արտարժույթ փոխադրելու թույլատրելի չափերին(48)։ Այս միջոցառումները հանգեցրին արտարժույթի նկատմամբ պահանջարկի մեծացման, տեղական արժույթի փոխարժեքի անկման(49) և արտարժույթի սև շուկայի ձևավորման(50) դրսևորումներին։ Սահմանափակումների թեթևացում եղավ միայն 2023-ի հունվարին, բայց դրանց մի մասն, այնուամենայնիվ, շարունակեց գործել(51)։
Իմրան Խանից հետո նոր իշխանությունները որոշեցին նաև արտաքին պարտքի մարումների համար պարտք վերցնել ներքին աղբյուրներից՝ առևտրային բանկերից։ Դրա հետևանքով արտաքին պարտքը փոխարինվեց ներքին ավելի մեծ պարտքով(52)։ Սակայն, նույնիսկ դա, էական փոփոխություններ չբերեց երկրի՝ քրոնիկ պարտքային խնդրի լուծման հարցում։
2022-ի օգոստոսին Իսլամաբադի արտարժույթային ռեզերվները այնքան էին նվազել, որ կբավականացնեին ընդամենը 6 շաբաթվա ներկրումների համար(53)։ Իսկ դեկտեմբերին դրանք հասել էին 8 տարվա նվազագույն մակարդակին(54), մինչդեռ երկիրը ստիպված էր մեծացնել
Պատկերում՝ Պակիստանի արտարժույթային ռեզերվների
մակարդակները 2021–2024 թթ.։ Նվազագույն մակարդակը գրանցվել է
2023 թ. հունվար–փետրվար հատվածում:
Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակում կարելի է տեսնել նաև կոնկրետ ցուցանիշները։
պետական պարտքի մարումները։ Հենց այսպիսի պայմաններն էին ստիպում Պակիստանին գնալ IMF-ից նոր վարկ վերցնելու՝ չնայած կազմակերպության կողմից խիստ պայմաններին։
Պակիստանը ընդհուպ մոտեցել էր դեֆոլտի՝ պարտքերը վճարելու անկարողության մասին հայտարարելու վտանգին։ Moody’s գործակալությունը երկրի վարկանիշն իջեցրեց Caaa3 մակարդակի, որից ցածր միայն երկու մակարդակ կա, և երկրորդը հենց փաստացի դեֆոլտի իրավիճակն է(55)։
Դեֆոլտից երկիրը փրկեց IMF-ից ստացած հերթական սթենդ-բայ(56) վարկը, որը թույլ տվեց ժամանակին կատարել արտարժույթային պարտավորությունները։ Դեռևս 2019 թ. IMF-ի խոստացած վարկի հերթական տրանշը չէր փոխանցվում, քանի որ կառույցը համարում էր, որ Իսլամաբադը չի կատարել իր պարտավորությունները։ Փոխանցումը չկայացավ նաև 2022-ի դեկտեմբերին՝ չնայած կառավարության փոփոխությանը։
Միայն 2023-ի հուլիսին IMF-ն ի վերջո համաձայնեց Պակիստանին փոխանցել 3 մլրդ դոլարի վարկային միջոցները(57)։ Միջազգային ֆինանսական կառույցի որոշմանը սպասում էին նաև Իսլամաբադի արաբական գործընկերները։ IMF-ի կողմից վարկի հաստատումից հետո Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Պակիստանի պետական բանկում դեպոզիտ բացեցին համապատասխանաբար՝ 2 մլրդ և 1 մլրդ դոլարի չափերով։
Հապաղման պատճառը, ըստ էության, այն է, որ եթե IMF-ը չհաստատեր վարկը, ապա արաբական այս ներդրումները կարող էին ուղղակի փոշիանալ երկրի դեֆոլտի պայմաններում։ Սրանք ոչ այնքան Պակիստանին տրված վարկեր էին, որքան Պակիստանի պետական բանկում դրված ավանդներ՝ երկրի արտարժույթային պաշարների լրացմանն օգնելու համար(58)։ Սակայն IMF-ի հաստատած վարկի համար Իսլամաբադը վճարելու էր ոչ միայն վարկային տոկոսներով, այլ նաև տնտեսական ցավոտ բարեփոխումներով, որոնք հարվածում են բնակչության գնողունակությանը։ Մասնավորապես, IMF-ի պահանջներից էին նաև պետական ծախսերի ու սուբսիդիաների կրճատումները։
Արդյունքում, Պակիստանի ժամանակավոր կառավարությունը ստիպված եղավ հրաժարվել վառելիքի սուբսիդիաներից ու բարձրացնել բնական գազի գինը սպառողների համար(59)։ Այդ թանկացումները բացասական ազդեցություն ունեցան ոչ միայն տնային տնտեսությունների, այլև՝ բիզնեսների համար։ Սրա հետևանքով տեղի ունեցան հուժկու ցույցեր և գործադուլներ(60)։
Քաշմիրի՝ Պակիստանի հսկողության տակ գտնվող հատվածում ցույցերը վերաճեցին արյունալի բախումների(61)։ Բիզնեսի ներկայացուցիչները զգուշացնում էին երկարաժամկետ, մասնավորապես՝ արտահանող ճյուղերում խնդիրների մասին, որոնց կարող է բախվել երկրի տնտեսությունը՝ էներգակիրների թանկացման պատճառով(62)։
4.4. Պակիստանի պարտքի աշխարհաքաղաքականությունը
Իսլամաբադի պարտքային թնջուկն ունի նաև աշխարհաքաղաքական բազմաթիվ շերտեր։ Պակիստանյան համատեքստում ավելի շատ հիշատակվում են IMF-ի տված վարկերն ու դրանց փրկիչ ազդեցությունը, քանի որ կառույցը մի քանի անգամ միջամտել է երկրի համար ծայրահեղ պահերին և այն դուրս բերել անելանելի վիճակից(63)։
Պատկերում՝ IMF-ի հատկացումները Պակիստանին, որոնք համընկել են երկրին վրա հասած ճգնաժամերի հետ։ Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակում կարելի է տեսնել կոնկրետ ցուցանիշները։
Նույնպիսի վարկեր IMF-ը Պակիստանին տվել է նաև 2008, 2013, 2019 թթ.-ին։ Բայց, թեև հենց IMF-ն է պարբերաբար փրկօղակ նետում այս երկրին՝ Իսլամաբադը շատ ավելի մեծ պարտավորություններ ունի Չինաստանի առջև։
Աղյուսակում ներկայացված են Պակիստանի պետական պարտքի չափերը որոշ վարկատուներին։ Առանձնահատուկ տեղ ունի Չինաստանը՝ պետության և մասնավոր բանկերի մասնակցությամբ։
ՉԺՀ պետական և մասնավոր կառույցներին Պակիստանի հանրագումարային պարտավորությունները կազմում են երկրի արտաքին պարտքի համարյա 30%-ը: Աղյուսակում նշված տվյալները
վերաբերում են 2023-ի դեկտեմբերի ցուցանիշներին(64)։
Չինաստանի համար սրանք նաև ներդրումներ են դաշնակից ու ռազմավարական գործընկեր պետության տնտեսությունում։ Բայց եթե այս կետերն էլ հաշվի չառնենք, ապա Պեկինը չի ցանկանա կորցնել իր այս ներդրումները ոչ մի երկրում։ Հետևաբար, կա կարծիք, որ Պակիստանի պարտքային ու արժույթային դիսբալանսի ծայրահեղ իրավիճակներում Պեկինը ստիպված է լինելու որոշակի ներգործություն ունենալ՝ իր պարտատուին և, ըստ այդմ՝ իր ներդրումները փրկելու համար։
«Եթե դու Չինաստանի կառավարությանը պարտք ես 1 մլն դոլար և չես կարող վերադարձնել այդ պարտքը, դու ունես խնդիրներ։ Բայց եթե դու Չինաստանի կառավարությանը պարտք ես 30 մլրդ դոլար և չես կարողանում վերադարձնել այդ պարտքը, ապա արդեն Չինաստանն ունի խնդիրներ», – նշվում է վերլուծություններից մեկում(65)։ Պեկինի նկատմամբ Պակիստանի պարտավորությունները դժկամությամբ են ընդունվում Արևմուտքում։ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը 2023-ին հայտարարել է, որ մտահոգված է Պակիստանի՝ Չինաստանի նկատմամբ ունեցած պարտավորություններով(66)։ Կա նաև կարծիք, թե Պակիստանը այլ երկրներից պարտք չի կարողանում վերցնել, քանի որ մեծ պարտքեր ունի Չինաստանին(67)։
Իսլամաբադի պարտքային աշխարհաքաղաքականության մյուս կողմում էլ ԱՄՆ-ն է, որի հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նշել ենք, պարբերաբար ունենում են ջերմացման ու սառեցման փուլեր։ Ամերիկյան The Intercept հետաքննական լրատվամիջոցում հրապարակված հոդվածի(68) համաձայն՝ 2023 թ. IMF-ի կողմից Պակիստանին ևս 3 մլրդ դոլարի վարկի տրամադրման հետևում կանգնած են եղել հենց ամերիկյան շահերը։ Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը Պակիստանին մղել է մի գործարքի, որով Ուկրաինային պետք է վաճառվեին պակիստանյան արտադրության հրետանային արկեր (գործարքի մասին տե՛ս հոդվածի «Ռազմարդյունաբերությունը, զենքի վաճառքն Ադրբեջանին և Թուրքիային» բաժինը)։
Հոդվածի բացահայտումների համաձայն՝ ԱՄՆ-ն օժանդակել ու պնդել է, որ Պակիստանում իշխանությունից հեռացնեն Իմրան Խանին, որն Ուկրաինայի պատերազմի հարցում, ըստ ամերիկյան դիտանկյունի, վարում էր «ագրեսիվ չեզոք» քաղաքականություն(69)։ Նրան իշխանությունից հեռացնելուց հետո ամերիկացիները նոր իշխանությունների հետ համաձայնության եկան, որ Իսլամաբադը զինամթերք կմատակարարի Ուկրաինային, դրա դիմաց կստանա արտարժույթի խոշոր ներհոսք, որը որպես տնտեսական կայունացման կատարված պարտավորություն կներկայացնի IMF-ին, որն էլ ամերիկյան կողմի դրդմամբ Պակիստանին կտրամադրի նոր վարկ։
Իրադարձությունները զարգացան հենց այդ հաջորդականությամբ։ Իմրան Խանի հեռացում – Ուկրաինային զինամթերքի մատակարարում – փողի ներհոսք Պակիստան – IMF-ի կողմից նոր վարկի հաստատում(70)։ Հոդվածի համաձայն՝ այս ամենը տեղի է ունեցել հենց ամերիկյան դիրիժորությամբ։ ԱՄՆ-ի և Պակիստանի պաշտոնյաները հերքել են այս ամենի կապը։
Սրանով հանդերձ, պետք է նշել, որ պարտքի տրամադրումը նաև քաղաքական որոշում է, թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամի քայլերը հիմնավորվում են այդ երկրների և կառույցի շահերով։
(1) Լրագրող։ Սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի և արևելագիտության ֆակուլտետներում։ Աշխատել է Ռազմինֆո մասնագիտացված պորտալում, «Շանթ» հեռուստաընկերությունում։ ԵՊՀ դասախոս է, ասպիրանտ։
(2) Հոդվածը խմբագրութուն է հանձնվել 02.08.2024 թ., բերվում է հատվածաբար, շարունակությունը՝ հաջորդիվ:
(3) Aqil Shah; The Army and Democracy: Military Politics in Pakistan; Harvard University Press (2014); https://www.researchgate.net/publication/292439938TheArmyandDemocracyMilitaryPoliticsinPakistan (բեռնման օրը՝ 03.05.2024).
(4) A Change of Command and Political Contestation in Pakistan; Crisis Group (2022), https://www.crisisgroup.org/asia/south-asia/pakistan/change-command-and-political-contestation-pakistan (բեռնման օրը՝ 03.05.2024).
(5) Lynne O’Donnell; Pakistan Is Drowning in Debt; Foreign Policy (2022), https://foreignpolicy.com/2022/08/05/pakistan-sovereign-debt-imf-inflation/ (բեռնման օրը՝ 03.05.2024).
(6) Laurent Gayer; Pakistan’s army shows who’s boss; Le Monde Diplomatique (2023), https://mondediplo.com/2023/12/08pakistan (բեռնման օրը՝ 03.05.2024).
(7) Bill ratifies army role in national development; Tribune.com.pk (2023), https://tribune.com.pk/story/2428164/%20bill-ratifies-army-role-in-national-development (բեռնման օրը՝ 03.05.2024).
(8) Explainer: A historical trail of Pakistan’s powerful military enterprise; theconversation.com (2023), https://theconversation.com/explainer-a-historical-trail-of-pakistans-powerful-military-enterprise-205749 (բեռնման օրը՝ 03.05.2024).
(9) Explained: How army is still deciding course of Pakistan politics; Times of India (2022),
http://timesofindia.indiatimes.com/articleshow/90626474.cms (բեռնման օրը՝ 03.05.2024).
(10) Nawaz Sharif: Ex-PM leaves Pakistan for medical treatment; BBC (2019), https://www.bbc.com/news/world-asia-50462154 (բեռնման օրը՝ 03.05.2024).
(11) Secret Pakistan cable documents U.S. pressure to remove Imran Khan; The Intercept (2023), https://theintercept.com/2023/08/09/imran-khan-pakistan-cypher-ukraine-russia/ (բեռնման օրը՝ 03.05.2024).
(12) Gen Faiz, Gen Bajwa orchestrated no-confidence move against Imran, claims Fazl; Dawn.com (2024), https://www.dawn.com/news/1814484/gen-faiz-gen-bajwa-orchestrated-no-confidence-move-against-imran-claims-fazl (բեռնման օրը՝ 03.05.2024).
(13) Իշխող ուժի կողմից ընտրատարածքների այնպիսի բաշխումը, որը թույլ է տալիս ձայները բաշխել հօգուտ հենց իշխող ուժի։ Օրինակ, ընդդիմադիր ձայներով հայտնի որևէ շրջան մտցնում են իշխանամետ ձայներով հայտնի ավելի մեծ շրջանի մեջ, ինչի արդյունքում ընտրատարածքից ընտրվում է իշխանական թեկնածուն, իսկ ընդդիմադիր ձայները փոշիանում են։ Այս մոտեցումը հիմնականում քննադատվում է, բայց գործնականում շարունակվում է կիրառվել աշխարհում։
(14) PTI says its websites ‘blocked’ in Pakistan ahead of Feb 8 polls; Dawn.com (2024), https://www.dawn.com/news/1808757 (բեռնման օրը՝ 03.05.2024).
(15) UN ‘Disturbed’ Over Pakistan’s Clampdown on Ex-PM Khan’s Party Ahead of Elections; VOA (2024), https://www.voanews.com/a/un-disturbed-over-pakistan-s-clampdown-on-ex-pm-khan-party-ahead-of-elections/7476779.html (բեռնման օրը՝ 03.05.2024).
(16) What the international media had to say about the elections that were everything but predictable; Dawn.com (2024), https://www.dawn.com/news/1813311 (բեռնման օրը՝ 03.05.2024).
(17) Pakistan’s military ‘well aware’ of its constitutional limits, says army chief; Anadolu (2024), https://www.aa.com.tr/en/asia-pacific/pakistans-military-well-aware-of-its-constitutional-limits-says-army-chief/3208310 (բեռնման օրը՝ 03.05.2024).
(18) Pakistan’s anti-Imran Khan coalition stuck on power-sharing formula; Nikkei Asia (2024), https://asia.nikkei.com/Politics/Pakistan-elections/Pakistan-s-anti-Imran-Khan-coalition-stuck-on-power-sharing-formula (բեռնման օրը՝ 03.05.2024).
(19) Presidential Order – 2010. (2010). NFC. https://finance.gos.pk/Home/Download?path=Resources\NFC\PresidentialOrders\2010.pdf (բեռնման օրը՝ 03.05.2024).
(20) Pakistan’s anti-Imran Khan coalition stuck on power-sharing formula; Nikkei Asia (2024); https://asia.nikkei.com/Politics/Pakistan-elections/Pakistan-s-anti-Imran-Khan-coalition-stuck-on-power-sharing-formula (բեռնման օրը՝ 03.05.2024).
(21) Provincial Power Up: Analyzing the Devolution of Power in Pakistan; Paradigmshift.com.pk (2024), https://www.paradigmshift.com.pk/devolution-of-power-in-pakistan/ (բեռնման օրը՝ 03.05.2024).
(22) Pakistan PM vows to grant provisional status to Gilgit-Baltistan; Al Jazeera (2020), https://www.aljazeera.com/news/ 2020/11/2/pakistani-pm-says-he-will-upgrade-status-of-part-of-kashmir (բեռնման օրը՝ 03.05.2024).
(23) Will Gilgit Baltistan Become Pakistan’s Fifth Province?; Modern Diplomacy (2024), https://moderndiplomacy.eu/2024/01/24/will-gilgit-baltistan-become-pakistans-fifth-province/ (բեռնման օրը՝ 03.05.2024).
(24) Pakistan Security Report 2023; Pak institute for Peace studies (2024), https://www.pakpips.com/article/book/pakistan-security-report-2023 (բեռնման օրը՝ 03.05.2024).
(25) The Benefits and Risks of the China-Pakistan Economic Corridor; CarnegieEndowment.org (2016); https://carnegieendowment.org/research/2016/12/the-benefits-and-risks-of-the-china-pakistan-economic-corridor?lang=en (բեռնման օրը՝ 04.05.2024).
(26) Pakistan Will Provide ‘Special Force’ to Defend Chinese Investments; Thediplomat.com (2016), https://thediplomat.com/2016/02/pakistan-will-provide-special-force-to-defend-chinese-investments/ (բեռնման օրը՝ 04.05.2024).
(27) Pakistan refocuses on counter-terrorism to protect China’s investments; IISS (2019), https://www.iiss.org/en/online-analysis/online-analysis/2019/09/sasia-pakistan-protects-chinese-investments/ (բեռնման օրը՝ 04.05.2024).
(28) Pakistan beefing up security after deadly attacks on Chinese workers; Nikkei Asia (2024), https://asia.nikkei.com/Politics/Terrorism/Pakistan-beefing-up-security-after-deadly-attacks-on-Chinese-workers (բեռնման օրը՝ 04.05.2024).
(29) Export of Goods and Services Jun-23, State Bank of Pakistan (2023), https://www.sbp.org.pk/publications/export/2023/Jun/2.pdf (բեռնման օրը՝ 22.05.2024).
(30) Harvard Growth Lab’s Country & Product Complexity Rankings, https://atlas.cid.harvard.edu/rankings (բեռնման օրը՝ 22.05.2024).
(31) Տնտեսության բարդության ինդեքսը հաշվարկվում է արտահանման բազմազանության, արտահանվող ապրանքների յուրահատկության և տարածվածության ցուցանիշների հիման վրա։ Մեթոդը մշակվել է Հարվարդի համալսարանի «Աճի լաբորատորիայում», https://atlas.cid.harvard.edu/glossary (բեռնման օրը՝ 03.06.2024):
(32) Pakistan: Exports, Imports and Trade Partners, OEC World (2023), https://oec.world/en/profile/country/pak?yearSelector1=2020 (բեռնման օրը՝ 22.05.2024).
(33) Pakistan Bureau of Statistics, Sectoral Shares in GDP (at Current basic prices), 2024, https://www.pbs.gov.pk/sites/default/files/tables/nationalaccounts/2023-24/Table7b.pdf (բեռնման օրը՝ 22.05.2024).
(34) Pakistan Bureau of Statistics, Percentage distribution of employed persons 10 years of age and over by major industry division, sex and area: Pakistan & Provinces (2024), https://www.pbs.gov.pk/sites/default/files/labourforce/publications/lfs202021/tables/Table15.pdf (բեռնման օրը՝ 22.05.2024).
(35) UN International Organization for Migration, Remittance inflows to Pakistan from Jan 2019 to Feb 2024 (2024), https://dtm.iom.int/sites/g/files/tmzbdl1461/files/reports/Remittance%20Inflows%20to%20Pakistan2024Final.pdf (բեռնման օրը՝ 22.05.2024).
(36) Pakistan expects UAE remittances to be slashed as pandemic hits migrant workers; CNBC (2020), https://www.cnbc.com/2020/07/10/pakistan-sees-remittances-hit-as-pandemic-hits-migrant-workers.html (բեռնման օրը՝ 22.05.2024).
(37) Shujaat Farooq, G. M. Arif; The facts of return migration in the wake of COVID-19: a policy framework for reintegration of Pakistani workers; Journal of Ethnic and Migration Studies (2023), https://www.tandfonline.com/doi/full/10.1080/1369183X.2024.2268976 (բեռնման օրը՝ 22.05.2024).
(38) Farah Syed, Naila Nazir, Asmat Ullah; The COVID‐19 lockdown in Pakistan: Estimating economic losses using input–output analysis; Regional Science Policy & Practice (2023), https://www.sciencedirect.com/science/article/pii/S1757780223007643 (բեռնման օրը՝ 22.05.2024).
(39) Sanchita Bhattacharya; Labour migration from Pakistan to the countries of Persian Gulf; Institute for Conflict Management (2024), https://www.researchgate.net/publication/377644831LabourmigrationfromPakistantothecountriesofPersianGulf (բեռնման օրը՝ 22.05.2024).
(40) Impact Assessment of COVID-19 on Pakistan’s Industrial Sector; UNIDO (2021), https://www.unido.org/sites/default/files/files/2021-03/UNIDO%20COVID19%20AssessmentPakistanFINAL.pdf (բեռնման օրը՝ 22.05.2024).
(41) Pakistan inflation slows to 17.3% in April, lowest in nearly 2 years; Nikkei Asia (2024), https://asia.nikkei.com/Economy/Inflation/Pakistan-inflation-slows-to-17.3-in-April-lowest-in-nearly-2-years (բեռնման օրը՝ 22.05.2024).
(42) Pakistan Floods 2022: Post-Disaster Needs Assessment; Ministry of Planning, Development, and Special Initiatives of Pakistan (2022), https://www.undp.org/pakistan/publications/pakistan-floods-2022-post-disaster-needs-assessment-pdna (բեռնման օրը՝ 22.05.2024).
(43) Robert Looney, Economic impacts of the floods in Pakistan; Contemporary South Asia (2012), https://www.researchgate.net/publication/254242687_Economic_impacts_of_the_floods_in_Pakistan (բեռնման օրը՝ 22.05.2024).
(44) Pakistan, Under Water; The Daily by NY Times (2022), https://pca.st/aur4gaas (բեռնման օրը՝ 22.05.2024).
(45) Flood Woes Continue in Pakistan; NASA Earth observatory (2022), https://earthobservatory.nasa.gov/images/150470/flood-woes-continue-in-pakistan (բեռնման օրը՝ 22.05.2024).
(46) Pakistan Will Cut Energy Prices to Offset Rising Costs After Invasion; NY Times (2022), https://www.nytimes.com/2022/02/28/world/asia/pakistan-energy-inflation.html (բեռնման օրը՝ 22.05.2024).
(47) Economy: Pakistan’s story of debt; Dawn.com (2022), https://www.dawn.com/news/1726921/economy-pakistans-story-of-debt (բեռնման օրը՝ 22.05.2024).
(48) Pakistan caps foreign currency carrying limit for outbound travelers at 5,000 USD; Xinhua (2022), https://english.news.cn/asiapacific/20221214/bcdf4b4709ae4dab8b8f9e8b5cd66554/c.html (բեռնման օրը՝ 22.05.2024).
(49) United States Dollar to Pakistani Rupee Exchange Rate; Google Finance, https://www.google.com/finance/quote/ USD-PKR?window=5Y (բեռնման օրը՝ 22.05.2024).
(50) Pakistan’s rupee surges amid crackdown on illegal dollar trade; Middle East Eye (2023), https://www.middleeasteye.net/news/pakistan-rupee-surges-amid-crackdown-illegal-dollar-trade (բեռնման օրը՝ 22.05.2024).
(51) SBP Exchange Policy Department Circular Letter No. 20 of 2022; State bank of Pakistan (2022), https://www.sbp.org.pk/epd/2022/FECL20.htm (բեռնման օրը՝ 23.05.2024).
(52) Pakistan’s Unprecedented Economic Crisis and Calls for Restructuring Debt; Moderndiplomacy.eu (2024), https://moderndiplomacy.eu/2024/02/09/pakistans-unprecedented-economic-crisis-and-calls-for-restructuring-debt/ (բեռնման օրը՝ 23.05.2024).
(53) Pakistan Is Drowning in Debt; Foreign Policy (2022), https://foreignpolicy.com/2022/08/05/pakistan-sovereign-debt-imf-inflation/ (բեռնման օրը՝ 23.05.2024).
(54) SBP’s forex reserves fall to eight-year low; Dawn.com (2022), https://www.dawn.com/news/1728960 (բեռնման օրը՝ 23.05.2024).
(55) Moody’s ratings announcements: Pakistan; Moody’s (2024), https://www.moodys.com/credit-ratings/Pakistan-Government-of-credit-rating-600014774/reports?category=Ratings_and_Assessments_Reports_rc&type=Rating_ Action_rc (բեռնման օրը՝ 30.05.2024).
(56) The Stand-by Arrangement factsheet; IMF, https://www.imf.org/en/About/Factsheets/Sheets/2023/Stand-By-Arrangement-SBA (բեռնման օրը՝ 30.05.2024).
(57) IMF approves much-awaited $3 billion bailout for Pakistan, saving it from defaulting on debt; AP (2023), https://apnews.com/article/pakistan-imf-bailout-approved-81bc70d9d707534ae3ffbba9030e8add (բեռնման օրը՝ 30.05.2024).
(58) Saudi Arabia deposits $2 billion in Pakistan’s central bank as a boost ahead of a key IMF meeting; AP (2023), https://apnews.com/article/pakistan-saudi-arabia-deposit-central-bank-d07809b3a89a9978023b5e50801e1243 (բեռնման օրը՝ 30.05.2024).
(59) Pakistan raises domestic natural gas prices for second time in four months; S&P Global (2024), https://www.spglobal.com/commodityinsights/en/market-insights/latest-news/lng/021624-pakistan-raises-domestic-natural-gas-prices-for-second-time-in-four-months (բեռնման օրը՝ 30.05.2024).
(60) Pakistan in uproar as protests over soaring energy prices turn violent; The Guardian (2023), https://www.theguardian.com/global-development/2023/sep/05/pakistan-uproar-violent-protests-soaring-fuel-electricity-prices (բեռնման օրը՝ 30.05.2024).
(61) Violent protests continue in Pakistan-held Kashmir against price hikes. Talks with the IMF begin; AP (2024), https://apnews.com/article/pakistan-kashmir-protest-violence-price-hike-ce817ac8bc79e9f98b0694d09d729409 (բեռնման օրը՝ 30.05.2024).
(62) Rising energy costs may decrease exports, trigger industrial closures, warn Pakistani industrialists; Arabnews.pk (2024), https://www.arabnews.pk/node/2464196/pakistan (բեռնման օրը՝ 30.05.2024).
(63) Nadia Dohadwala, Muhammad Bin Khalid, Karthik Nachiappan; Pakistan and the IMF: Debts, Deficits and Dependency; ISAS Insights (2020), https://www.isas.nus.edu.sg/papers/pakistan-and-the-imf-debts-deficits-and-dependency/ (բեռնման օրը՝ 30.05.2024).
(64) Pakistan: Decomposition of Public Debt and Debt Service by Creditor 2022/23–2024/25; IMF (2024), https://www.imf.org/en/Publications/CR/Issues/2024/05/10/Pakistan-Second-and-Final-Review-Under-the-Stand-by-Arrangement-Press-Release-Staff-Report-548741 (բեռնման օրը՝ 30.05.2024).
(65) The failing economy of Pakistan; Economics explained (2024), https://open.spotify.com/episode/4lGa7z2AkKtQSRSq0cu6sJ (բեռնման օրը՝ 30.05.2024): Սա նաև գործարար Պոլ Գետիի հայտնի խոսքերի բառախաղային վերաձևակերպումն է։ Գետիի խոսքերը հնչում են այսպես․ «Եթե դու բանկին 100 դոլար ես պարտք, դա քո խնդիրն է։ Եթե բանկին 100 միլիո՛ն դոլար ես պարտք, դա արդեն բանկի խնդիրն է»։ Հղում՝ https://www.goodreads.com/quotes/214064-if-you-owe-the-bank-100-that-s-your-problem-if (բեռնման օրը՝ 30.05.2024).
(66) US concerned about debt Pakistan owes China, official says; Arabnews.com (2023), https://arab.news/y6vec (բեռնման օրը՝ 30.05.2024).
(67) Farwa Sial, Juvaria Jafri, Abdul Khaliq, Pakistan, China and the Structures of Debt Distress: Resisting Bretton Woods; Development and Change journal (2023), https://doi.org/10.1111/dech.12798 (բեռնման օրը՝ 30.05.2024).
(68) U.S. Helped Pakistan Get IMF Bailout with Secret Arms Deal for Ukraine, Leaked Documents Reveal; The Intercept (2023), https://theintercept.com/2023/09/17/pakistan-ukraine-arms-imf/ (բեռնման օրը՝ 31.05.2024).
(69) Secret Pakistan cable documents U.S. Pressure to remove Imran Khan; The Intercept (2023), https://theintercept.com/2023/08/09/imran-khan-pakistan-cypher-ukraine-russia/ (բեռնման օրը՝ 31.05.2024).
(70) IMF Reaches Staff-level Agreement with Pakistan on a US$3 billion Stand-By Arrangement; IMF (2023), https://www.imf.org/en/News/Articles/2023/06/30/pr23251-imf-reaches-staff-level-agreement-with-pakistan-on-a-us-3-billion-stand-by-arrangement (բեռնման օրը՝ 31.05.2024).