Մեկնաբանություններ

ՌԴ նոր գազային ռազմավարությունը և «Զանգեզուրի միջանցքը»

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 13.09.2024 թ.(1)

Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին 27.08.2024 թ. պաշտոնապես հայտարարել է, որ Կիևն այլևս մտադիր չէ երկարաձգել ուկրաինական տարածքով ռուսաստանյան գազի տարանցման մասին պայմանագիրը, որի ժամկետներն ավարտվում են 2024 թ. վերջին։ «Ոչ ոք չի երկարաձգելու Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Այստեղ մենք վերջակետ կդնենք։ Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը, եթե շարունակվի եվրոպական մեր գործընկերների պահանջարկը, ապա այդ ժամանակ մենք այլ հարցեր կքննարկենք», – մասնավորապես ասել է նա։ Ուկրաինացի առաջնորդի վերջին մտքի վերաբերյալ պարզաբանումներն ստացվել են նրա աշխատակազմից և Ուկրաինայի ճյուղային կառույցներից։ Այնտեղ հայտարարել են, որ եթե եվրոպական երկրները դրա կարիքն ունենան, ապա Կիևը պատրաստ է բաց թողնել Ռուսաստանի տարածքով արտամղվող միայն ղազախստանյան և ադրբեջանական գազը։

Այսպիսով, Ռուսաստանը փաստացի զրկված է դեպի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա գազի վերջին երթուղուց այն բանից հետո, երբ «Հյուսիսային հոսքերը» պայթեցվեցին և դադարեցվեց «Յամալ–Եվրոպա» խողովակաշարի երկայնքով գազի մղումը: Առայժմ գործող մյուս երկու` «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք», երթուղիները նախատեսված են ռուսաստանյան գազը Թուրքիային և Հարավային ու Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներին մատակարարելու համար։ Դրանց պայմանագրային բազան և հզորությունը Մոսկվային թույլ չեն տալիս արտամղել Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ հիմնական գնորդների համար նախատեսված ծավալները։ Իսկ դրանք կազմում են դեպի Եվրոպա ռուսաստանյան արտահանման առյուծի բաժինը։ Այսպես, 2020-ից սկսած Ռուսաստանը պարտավորվել է Ուկրաինայի միջով Եվրոպա առաքել 225 մլրդ խորանարդ մետր գազ, որից 65 մլրդ-ն՝ առաջին տարում և 40-ական մլրդ՝ առաջիկա 4 տարում։

Այդ ծավալների վաճառքից ստացվող արժութային մուտքերը կենսականորեն կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի «պատերազմող» տնտեսության համար։ Իսկ հիմա, ուկրաինական տարանցման արգելափակմամբ, Մոսկվան ոչ միայն կկանգնի ծավալուն ֆինանսա-տնտեսական դժվարությունների առջև, այլև՝ կզրկվի ԵՄ առանցքային երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի վրա քաղաքական ազդեցության վերջին լծակներից, ինչը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետագա զարգացման վրա։ Այդպիսով, ՌԴ-ի հետ գազի տարանցման մասին պայմանագրի երկարաձգումից հրաժարվելու վերաբերյալ ուկրաինական իշխանությունների որոշումը լույս է սփռում Վ. Պուտինի՝ 18.08.2024 թ. պետական այցով հանկարծակի Բաքու ժամանման վրա։ Ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Վ. Պուտինի և Ի. Ալիևի բանակցությունների գլխավոր թեման եղել է դեպի Եվրոպա ռուսաստանյան գազի արտահանման տարբերակների ուսումնասիրման հարցը, ինչպես նաև նույն այդ Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան ածխաջրածինների, թեև «ադրբեջանական պիտակավորմամբ», արտահանման հնարավորությունները։

Պուտինի այցը կայացել էր Վ. Զելենսկու պաշտոնական հայտարարությունից 10 օր առաջ, ինչը նշանակում է, որ Կրեմլում արդեն տեղեկացված էին Կիևի կողմից պատրաստվող որոշման մասին։ Ըստ երևույթին, Մոսկվայում, այնուամենայնիվ, մինչև վերջին պահը հուսով էին, թե կարող է կայանա «տարանցման պայմանագրի» երկարաձգումը և նորից Բաքվի հետ ծանր առքուվաճառքի անհրաժեշտություն չի առաջանա։ Դեռևս հուլիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, թե «Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական տարածքով գազ մատակարարել նաև 2024 թ. հետո», և թե այդ առումով այժմ ամեն ինչ կախված է Կիևի որոշումից։ Իսկ երբ հայտնի դարձավ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու վերաբերյալ ուկրաինական իշխանությունների վերջնական որոշման մասին, և խնդիրը միայն Վ. Զելենսկու հայտարարությունն էր մնացել, Կրեմլը կազմակերպեց ՌԴ ղեկավարի հապշտապ այցը ԱդրՀ։

Այդտեղ Վ. Պուտինի գլխավոր խնդիրն էր Ի. Ալիևին համոզել, որ  դեպի ԵՄ ռուսաստանյան ածխաջրածինների այլընտրանքային տարանցումը կազմակերպելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում ընդունել Ադրբեջանի էներգետիկ լոգիստիկան և գազային ենթակառուցվածքը ներկայացնելու վերաբերյալ։ Հետևապես, հենց այդ բանակցային փաթեթի հետ էր կապված ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի հայտարարությունը, այդպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հաղորդակցությունն ապաշրջափակելու՝ Հայաստանի «պարտավորությունների» մասին։ Կարելի է ենթադրել, որ այժմ Մոսկվան և Բաքուն հենց այդ հայկական մարզն են որպես միակ խոչընդոտ դիտարկում դեպի Թուրքիա և այնտեղից՝ Կենտրոնական ու Արևմտյան Եվրոպա ռուսաստանյան նոր գազային երթուղու կառուցման վերաբերյալ արդեն պայմանավորված ծրագրի կենսագործման համար։ Ակնհայտ է, որ Մոսկվան համարում է, թե Վրաստանը ապրիորի չի կարող այդ երթուղու այլընտրանք դառնալ, քանզի գործող իշխանությունը՝ ի դեմս «Վրացական երազանքի», որն աշխարհաքաղաքական չեզոքության է ձգտում, ի վիճակի չէ երաշխավորել անխափան տարանցումն իր տարածքով։ Իսկ եթե աշնանային ընտրությունների արդյունքում Թբիլիսիում իշխանության գա ներկայիս ընդդիմությունը, որին ակտիվ պաշտպանում է Արևմուտքը, ապա վրացական տարբերակն ինքնաբերաբար կվերանա։

Այն մասին, որ Բաքվի հետ Մոսկվայի պայմանավորվածությունները կայացել են, կարող են վկայել Կրեմլի և ՌԴ ԱԳՆ լավատեսական արձագանքները Վ. Պուտինի` Բաքու կատարած այցի և ռուսալեզու թուրքական ԶԼՄ-ներում հաճախակի դարձած հրապարակումները Եվրասիա մայրցամաքում Թուրքիայի՝ որպես գլխավոր գազային հանգույցի վերածվելու առնչությամբ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների վերաբերյալ։ Վերջինից հետևում է, որ Կրեմլը՝ հանձին Թուրքիայի, վերջնականապես կատարել է իր ընտրությունը, թեկուզ դեռ մեկ ամիս առաջ ռուսաստանյան ԶԼՄ-ները և վերլուծաբաններն աշխուժորեն քննարկում էին իրանական հարթակում արտամայրցամաքային գազային առևտրի կենտրոնացման տարբերակը։

Վերը բերված տվյալների կապակցությամբ հասկանալի է դառնում, թե Մոսկվան ինչու է վերստին սկսել նախաձեռնողականություն դրսևորել 09.11.2020 թ. փաստորեն չգործող եռակողմ պայմանագրի «մասնակի վերակենդանացման» խնդրում, որը, Ռուսաստանի կարծիքով, կարող է իրավական հիմք հանդիսանալ Սյունիքով միջանցքի զիջման հարցը Հայաստանին պարտադրելու համար։ Հավանական է թվում, որ Բաքվում Լավրովի հայտարարությունից հետո այդ թեման նախագահ Պուտինը քննարկել է նաև Ն. Փաշինյանի հետ 23.08.2024 թ. կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ Կրեմլի և ՀՀ կառավարության հաղորդագրությունների՝ երկու պետությունների առաջնորդները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները կրկին ռուսաստանյան հարթակ վերադարձնելու հնարավորությունը։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը, վերստին իրեն որպես միջնորդ առաջարկելով, ցանկանում է գործընթացի իրավական և քաղաքական հիմք ընդունել 09.11.2020 թ. եռակողմ փաստաթուղթը և դրանում, Մոսկվայի տեսանկյունից, «հաղորդակցությունների ապաշրջափակման» մասին «սևով սպիտակի վրա գրված» թերակատարված է միայն մի կետ, ապա պարզ է դառնում, որ Կրեմլին, գլխավորապես, հետաքրքրում է Սյունիքով անցնող «միջանցքի» նկատմամբ ռուսաստանյան վերահսկողության հաստատման հնարավորությունը։ Հավանական է, որ հենց դա է Վ. Պուտինը քննարկել իր ադրբեջանցի գործընկեր Ի. Ալիևի հետ, իսկ մի քանի օր անց՝ հեռախոսային զրույցի ընթացքում, Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանին, ըստ էության, առաջարկել է համաձայնել «միջանցքի» տրամադրմանը ռուս-ադրբեջանական պայմաններով։

Կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն և ԱդրՀ-ն համաձայնեցրել են, որ Մոսկվան կստանձնի Երևանի դիմադրության քաղաքական-դիվանագիտական հաղթահարման նախաձեռնությունը՝ «միջանցքի» նկատմամբ վերահսկողությունից նրան զրկելու հեռանկարով։ Իր հերթին, Ադրբեջանն իր վրա է թողել քաղաքական-տեղեկատվական ճնշումը Երևանի և նրան աջակցող գործընկերների վրա։ Օրինակ, Ի. Ալիևի միջազգային հարցերով օգնական Հ. Հաջիևը POLITIKO պարբերականին 01.09.2024 թ. տված հարցազրույցում կոչ է արել Հայաստանից դուրս հանել ԵՄ Դիտարկման առաքելությունը, որն, ինչպես հայտնի է, իր հիմնական աշխատանքը կենտրոնացրել է Սյունիքի ուղղության վրա։ Հաջիևի կարծիքով, ՀՀ-ի և ԱդրՀ-ի միջև սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգման մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո ԵՄ առաքելությունը ոչ միայն «կորցնում է իր իմաստը», այլև պետությունների միջև լարվածության նոր բռնկման «սպառնալիքներ է ստեղծում»։ Այս գաղափարի հետ լիովին համաձայն են Մոսկվայում՝ վաղուց պնդելով, թե եվրոպական այդ առաքելությունը ոչ թե դիտորդական պարտականություններ է կատարում, այլ իրականացնում է հետախուզական գործունեություն՝ «ի շահ Արևմուտքի»։

Դրանով իսկ Մոսկվան և Բաքուն վերստին համակցված աշխատանք են նախաձեռնել՝ ուղղված հայկական Սյունիքի մարզում արևմտյան ներկայության վարկաբեկմանը և Երևանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զիջման պարտադրմանը, որտեղով էլ, ըստ մտահղացման, պետք է դեպի թուրքական «հանգույց» և ապա՝ Եվրոպա անցնի Ռուսաստանի գազային երթուղին։

Դատելով Ն. Փաշինյանի՝ 31.08.2024 թ. Երևանում կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերից, Հայաստանի վարչապետը մերժել է հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանի միջնորդության մասին Վ. Պուտինի առաջարկությունը։ Դա կարող է նշանակել, որ Երևանը հրաժարվել է «միջանցքի» գործելու՝ ՌԴ պահանջած եղանակներից և պատրաստ է Սյունիքի հաղորդակցություններն ապաշրջափակել միայն սեփական պայմաններով և իր հարավային մարզի նկատմամբ ամբողջական ինքնիշխանության պահպանմամբ։ Ն. Փաշինյանի նման պահվածքը վկայում է, որ նա օգտվում է Արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ-ի աջակցությունից։ Իսկ Վաշինգտոնը մի շարք պատճառներ ունի, որպեսզի առնվազն ներկա փուլում պահպանի հայկական վերահսկողությունը Սյունիքի միջով ենթադրյալ երթուղու նկատմամբ։

Նախ. ԱՄՆ-ը տարիներ շարունակ աշխատել է դեպի Եվրոպա ռուսաստանյան բոլոր գազային երթուղիների շրջափակման ուղղությամբ, ուստի և հազիվ թե թույլ տա, որպեսզի Մոսկվան էներգառեսուրսների փոխադրման համար «հնարավորությունների նոր պատուհան» բացի Հարավային Կովկասում։

Երկրորդ. կոտրելով Մոսկվայի «հայ-ադրբեջանական» նոր խաղը, ԱՄՆ-ը ոչ միայն կսրի ՌԴ քաղաքական-տնտեսական իրավիճակը, այլև՝ ԵՄ-ին ամբողջովին կախվածության մեջ կդնի իր հեղուկ գազից, իսկ Թուրքիան կզրկվի «հաբ նախաձեռնողության» միջոցով չափից դուրս քաղաքական և ֆինանսա-տնտեսական անկախություն ձեռք բերելու հնարավորությունից։

Վերջապես, երրորդը. քաղաքական-աշխարհագրական առումով Սյունիքը երկարաժամկետ հեռանկարւմ գրավիչ է նաև Վաշինգտոնի համար և այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ին թույլ կտար որոշակի սցենարի պարագայում ապահովել իրանական էներգառեսուրսների հասանելիություն իր համար, ինչպես նաև կառուցել իր շահերն ու ազդեցությունը Չինաստանի հովանու ներքո անցկացվող «Միջին անդրկասպյան ուղի» հեռանկարային մեգանախագծի և Հնդկաստանի կողմից ձևավորվող «Հյուսիս–Հարավ» անդրմայրցամաքային երթուղու վրա։

Հաշվի առնելով այս գործոնները, միանգամայն հավանական է, որ Վաշինգտոնը, անկախ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներից, կավելացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, աջակցություն կցուցաբերի Ն. Փաշինյանի կառավարությանը և ճնշում կգործադրի Ի. Ալիևի վարչախմբի վրա՝ նպատակ ունենալով պարտադրել նրան հրաժարվելու ՌԴ-ի հետ գազային համագործակցությունից։ Վրաստանի ընտրություններում արևմտամետ ուժերի հաղթանակի դեպքում Բաքվի վրա ճնշումը կհասնի իր գագաթնակետին։ ԱՄՆ-ի հաշվարկներով, դա Բաքվին կստիպի հետքայլ կատարել Մոսկվայի հետ պայմանավորվածություններից ու սկսել քննարկել Սյունիքի հաղորդակցությունների շահագործման ամերիկյան տեսլականն ու առաջարկությունները՝ որպես ադրբեջանա-թուրքական ծրագրերի շրջանակներում ամենակարճ ցամաքային հաղորդակցության ձեռքբերման միակ հնարավորություն։ Պարզ ասած, եթե Բաքուն Մոսկվայի ձեռքից չստանա խոստացված «Զանգեզուրի միջանցքը», ապա նույն նպատակով առքուվաճառքի է գնալու Վաշինգտոնի հետ։ Այդ կապակցությամբ Երևանը, որը լիարժեք վստահություն է դրսևորում արևմտյան գործընկերների նկատմամբ, Սյունիքի հաղորդակցությունների հարցում հայկական ինքնիշխանությանը նրանց ներկայիս աջակցության պատճառով, պետք է չբացառի իրադարձությունների նման բարձր հավանականությունը։

Սյունիքի հաղորդակցությունների հիմնախնդրի լայն տեսադաշտը և «Զանգեզուրի միջանցք» թեմայով վերակենդանացվող պատումները հիմք են տալիս պնդելու, որ այդ տարածքի հարցը վաղուց արդեն դուրս է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակից և գտնվում է ուժերի համաշխարհային բևեռների աշխարհաքաղաքական դիմակայության առաջնագծում։ Հետևապես, ճիշտ չէ այն դիտարկել բացառապես ՀՀ և ԱդրՀ ներքաղաքական գործընթացների պրիզմայի միջով, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի համատեքստում։ Հեռանկարի նման «նեղացումը» աղճատում է հիմնախնդրի էությունը և զրկում դրա զարգացման սցենարները հավաստիորեն կանխագուշակելու հնարավորություններից։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 03.09.2024 թ.: