Մեկնաբանություններ

ՌԴ-ն գերադասում է չնկատել ԱդրՀ-ի մեդիաահաբեկչությունը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 17.08.2024 թ.(1)

Ուկրաինայում, իսկ այժմ՝ նաև ՌԴ-ում (մարտական գործողությունները վերջերս տեղափոխվել են անմիջականորեն նրա տարածք) տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանությունը միջազգային ԶԼՄ-ներում տարափոխվում է ուկրաինական դիրքորոշման աներկբա աջակցությունից մինչև տեղի ունեցածի վերաբերյալ ռուսաստանյան տեսակետի առաջմղում։ Այդ բևեռների միջակայքում իրենց կոնտենտը՝ բովանդակային միջավայրն են ձևավորում այն ԶԼՄ-ները, որոնք փորձում են չեզոք և առարկայական դիրքորոշում ունենալ։ Բայց այդպիսիք ծայրաստիճան քիչ են՝ հաշվի առնելով աշխարհում զանգվածային լրատվության անկախության սահմանափակման հիմնախնդիրը։ Այսօր փաստերի մեկնաբանումը, դրանց մատուցման տոնայնությունը և շեշտադրումները հաճախ վկայում են խմբագրությունների քաղաքականացվածության և իրենց պետությունների՝ որպես քաղաքական-լրատվական միտումների գլխավոր պատվիրատուների դիրքորոշմանը համահունչ աշխատանքի մասին։

Ռուս-ուկրաինական զինված հակամարտությանը վերաբերող տեղեկատվական բովանդակությունն այս առումով հատկանշական է և անմիջականորեն արտացոլում է տարբեր երկրների հարցադրումները, դիրքորոշումներն ու մտադրությունները, երկրներ, որոնք սեփական շահերն ունեն այդ դիմակայության մեջ և իրենց ենթակա ԶԼՄ-ներին թելադրում են հարկ եղած ընդհանուր ուղղություններն ու նարատիվները։ Այդ առումով ակնհայտ է, որ հարկ է ռուս-ուկրաինական իրադարձությունների նկատմամբ այդ պետությունների վերաբերմունքի արժանահավատ ցուցիչ համարել հենց դրանց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների շեշտադրումներն ու պահվածքը, այլ ոչ թե պաշտոնական մակարդակով հնչած քաղաքական-դիվանագիտական դարձվածաբանությունը, որը հաճախ հակասում է շահագրգիռ երկրների իրական տրամադրություններին։

Այս առումով հատկանշական է Ադրբեջանի օրինակը, որը քաղաքական իշխանության մակարդակով առնվազն չեզոքություն է ցուցաբերում ռուս-ուկրաինական դիմակայության խնդրում, սակայն, դատելով ըստ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների, առիթ է տալիս արմատապես տարբեր կերպ գնահատելու Բաքվի իրական համակրանքը։

Բանն այն է, որ ԱդրՀ տեղեկատվական քաղաքականությունն ընդգծուն հակառուսական բնույթ է կրում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, ինչը հակասում է ոչ միայն ադրբեջանական պաշտոնյաների հնչեցրած «հավասար հեռավորություն կողմերից» դիրքորոշմանը, այլև 22.02.2022 թ. Մոսկվայում կողմերի ստորագրած «ՌԴ և ԱդրՀ միջև դաշնակցային փոխգործակցության» մասին հռչակագրի» ոգուն։ Մասնավորապես, այդ հռչակագրի առաջին կետը կողմերին պարտավորեցնում է «փոխադարձաբար հարգել երկու երկրների անկախությունը, պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը», ինչպես նաև պահպանել «հավատարմությունը միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին…»(2)։ Հենց փաստաթղթում ամրագրված վերոթվարկյալ պայմաններն ու պարտավորություններն է, որ ոտնահարում են Ադրբեջանի ԶԼՄ-ները, քանզի դրանցում մատուցվող տեղեկատվությունը, դրա ձևակերպումները և տոնայնությունը, փաստորեն, հարցականի տակ են դնում Ռուսաստանի ինքնիշխանությունը, իսկ Մոսկվայի գործողությունները որակվում են որպես ագրեսիա, ահաբեկչություն և բռնազավթում։

Խոսքը վերաբերում է տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների մեծ շրջանակին, ինչպես նաև հեռուստաալիքներին, որոնք եթե ձևականորեն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն էլ պատկանում պետությանը, ապա խստագույնս վերահսկվում են իշխանության գրաքննող ճյուղային մարմինների կողմից և, հնարավոր է, օգտվում են ալիևյան վարչախմբի կողմից ֆինանսավորման ոչ պաշտոնական խողովակներից։

Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Ադրբեջանում հայտնի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի հիմնած և ղեկավարվող haqqin.az տեղեկատվական պորտալը վարչախմբի հետ իր կապերում ֆինանսական շահագրգռվածություն չունի։ «Մասնավոր մեդիակառույցի» տեսքով տվյալ ռեսուրսի գործունեությունը, որն, իբր թե, հարաբերություններ չունի Մոսկվա–Կիև դիմակայության առնչությամբ Ադրբեջանի պետական քաղաքականության հետ, Բաքվում կիրառվող հակառուսական քարոզչության մեթոդիկայի նմուշ է։ Անվանապես haqqin.az-ը անկախ տեղեկատվական պորտալ է համարվում, սակայն Ադրբեջանում, նույնիսկ, բոլորի համար էլ ակնհայտ է դրա վարձված լինելը։ Այն բանից հետո, երբ ընդդիմադիր լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը (haqqin.az-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր) ճնշման ենթարկվեց (բռնություն, ազգականների առևանգում, բանտարկություն և այլն), Ադրբեջանում տեղի ունեցող իրողությունների հանդեպ նրա հայացքները «միանգամից» արմատապես փոխվեցին։ Իսկ դրան հետևած խրախուսանքները՝ դրամական պարգևավճարների, կառավարական պարգևների և նորակառույց շենքում բնակարանի հատկացման տեսքով(3), ամրապնդեցին քաղաքական-գաղափարական կերպափոխությունն անցյալում ալիևյան վարչախմբի հետ պայքարում կատաղի մարտիկի նրա աշխարհայացքում։ Տվյալ պահին haqqin.az-ը նույն այդ վարչախմբի քարոզչության ֆլագմանը՝ հրամանատարական նավն է և տարածաշրջանային իրադարձությունների ու միտումների և համաշխարհային քաղաքականության նկատմամբ Ադրբեջանում կառավարող ընտանիքի վերաբերմունքի ճշգրիտ ցուցիչը։ Քննարկվող թեմայի համատեքստում haqqin.az-ը ճշտությամբ արտացոլում է պաշտոնական Բաքվի վերաբերմունքը ռուս-ուկրաինական դիմակայության և, համապատասխանաբար՝ վարչախմբի համար պատերազմի ցանկալի ելքի նկատմամբ։

Ժամանակին նշված պորտալը Ուկրաինայում «Մայդանի» ժամանակահատվածը լուսաբանել է զգուշավոր տոնայնությամբ և չեզոքության հավակնությամբ, ինչը կարելի է բացատրել Կիևում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Բաքվի քաղաքական իշխանության անհանգստությամբ։ Յանուկովիչի վարչախմբի տապալումն անհանգստացրել էր Ի. Ալիևին, ով երկյուղում էր, թե «գունավոր հեղափոխությունների» շքերթը կարող է Ռուսաստանի սահմանի երկայնքով հասնել նաև Ադրբեջանին։ Սակայն 2014-ին Դոնբասում սկիզբ առած մարտական գործողությունները և Ղրիմի իրադարձությունները փոխեցին Ալիևի վերաբերմունքն ուկրաինական իրողությունների նկատմամբ՝ նրան մղելով ոչ միայն նյութական օգնություն, այլև քաղաքական-տեղեկատվական աջակցություն ցուցաբերել Կիևին։

Ի շարս կառավարամետ և պետական ԶԼՄ-ների, haqqin.az-ը սկսեց Ռւկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել «ագրեսոր–զոհ» բանաձևով՝ միանշանակ արտահայտելով իր համակրանքն ու համերաշխությունը ուկրաինական կողմին։ Նման դիրքորոշումն ադրբեջանական իշխանությունների և ԶԼՄ-ների համար խնդրահարույց չէր Մոսկվայի հետ հարաբերություններում, քանզի Բաքուն «ուկրաինական ժողովրդի՝ իր տարածքների ազատագրման համար պայքարը» ներդասավորել էր Ադրբեջանի՝ «սեփական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման» համատեքստում։ Եվ եթե պաշտոնական հռետորաբանության մեջ ԱդրՀ պաշտոնատար անձինք, այնուամենայնիվ, փորձում էին հնարավորինս(4) շրջանցել սուր ձևակերպումները, և նույնը հանձնարարել էին պաշտոնական ԶԼՄ-ներին, ապա «անկախ մամուլն» այդ հարցում ձեռքերի լիակատար ազատություն էր ստացել, ընդհուպ մինչև այն, որ հանդես գա արմատական դիրքերից։ Նույն այդ haqqin.az-ը դարձավ դեպի տեղեկատվական տարածք առավել սուր հակառուսական բովանդակությամբ նյութերի արտանետման և ուկրաինական դիրքորոշմանը համապատասխան լուրերի մեկնաբանման առաջատարը։

Տեսականորեն, Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) նախօրյակին «ՌԴ և ԱդրՀ միջև դաշնակցային փոխգործակցության» մասին հռչակագրի» ստորագրմամբ (22.02.2022 թ.) ԱդրՀ մամուլում ուկրաինական իրադարձությունների լուսաբանման դրվածքը պետք է որ որոշակի փոխվեր ի շահ ՌԴ-ի։ Չէ՞ որ խոսքը վերաբերում էր մի փաստաթղթի, որն այն ստորագրած երկու երկրների հարաբերությունները հասցրել էր «ռազմավարական մերձեցման» մակարդակի, ինչն, ի միջի այլոց, ենթադրում է նուրբ վերաբերմունք միմյանց մասին ստացվող և մատուցվող տեղեկատվության նկատմամբ։ Եվ դա՝ անկախ նրանից, թե խոսքը պետակա՞ն կամ (ձևականորեն) անկախ ԶԼՄ-ների մասին է։ Չէ՞ որ պարզ է, որ թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱդրՀ-ում չեն կարող, առնվազն, անտեսել իշխանությունների դիրքորոշումը։ Սակայն, Բաքուն գերադասեց ռուսական թեմատիկայի գրաքննման չդիմել իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում։ Եվ դա՝ ի տարբերություն Մոսկվայի, որը բազմաչափ տեղեկատվական ճակատի ողջ լայնքով մեկ արգելք էր դրել ադրբեջանական գործընկերների համար տհաճ թեմաների և նարատիվների վրա։ Ընդհակառակը, ՀՌԳ-ի մեկնարկից հետո ադրբեջանական տեղեկատվական կոնտենտը պայթեց հակառուսաստանյան տրամադրություններով և ագրեսիվ գործողությունների համար Մոսկվային ուղղված մեղադրանքներով։

Զորօրինակ, նույն haqqin.az-ը ոչ միայն չի սահմանափակվել «վիճելի մարզերի» գոտուց հեռու գտնվող ուկրաինական տարածքների վրա հարձակվելու համար Մոսկվային ուղղված մեղադրանքներով, այլև տեղեկատվական արշավ է նախաձեռնել Ադրբեջանում ռուսատյացության տրամադրություններն ու «դաշնակցային հարաբերությունների» դեմ դեմարշը վերարտադրելու ուղղությամբ։ ՀՌԳ-ի առաջին իսկ օրերին գլխավոր խմբագիր Է. Ֆաթուլաևն անձամբ մեկնել էր Ուկրաինա՝ տեղից լուսաբանելու իրադարձությունները և «մերկացնելու պուտինյան Ռուսաստանի նեոկայսերական ոտնձգությունները»։ Ուկրաինա «ռուսաստանյան ներխուժման» թեմայով haqqin.az-ի նյութերի եզրաբանությունն ու շեշտադրումները շիկացման աստիճանով գերազանցել են արևմտյան և, նույնիսկ, բուն ուկրաինական մեդիամիջոցների նմանատիպ բովանդակությանը, լայնորեն կիրառելով դյուրին ընկալելի այնպիսի բառամթերք, ինչպիսիք են՝ «զավթիչները», «մարդասպանները», «ագրեսորները», «նենգ հարձակում», «ցեղասպան գործողություններ» և այլն։

Բավականին հանրաճանաչ ռուսալեզու լրատվամիջոցի առանձնահատուկ աշխուժությունը չէր կարող չգրավել ռուսաստանյան իշխանությունների ուշադրությունը։ Որոշ տվյալների համաձայն՝ Մոսկվան անհաջող կերպով փորձել է հասնել Բաքվի կողմից այնպիսի գործողությունների, որոնք ուղղված կլինեն haqqin.az-ի հակառուսաստանյան հռետորաբանության վերանայմանը։ Բաքուն հրաժարվել է կատարել այդ խնդրանքը՝ վկայակոչելով լրատվամիջոցի անկախ կարգավիճակը և, իբր թե, հանրապետության իշխանությունների կողմից անթերի պահպանվում է մամուլի ազատության և դրա առարկայական գործունեության խրախուսման մասին Հ. Ալիևի 1998 թ. հրամանագիրը։ Ռուսական կողմի զուր խնդրանքների արդյունքը դարձավ Ռոսկոմնադզորի (Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) 2022 թ. մարտյան որոշումը Գլխավոր դատախազության հարցապնդմամբ ադրբեջանական կայքէջը ՌԴ տարածքում շրջափակելու մասին՝ «անկարգությունների, ծայրահեղականության կոչերով դրա պարունակած տեղեկատվության, ինչպես նաև արժանահավատ հաղորդագրությունների տեսքով տարածած ոչ արժանահավատ տեղեկատվություն տարածելու»(5) կապակցությամբ։

Այդպիսով իսկ քարոզչամիջոցը զրկվել է Ռուսաստանի մեծ նպատակային լսարանից, ինչը չէր կարող չազդել դրա լսարանի թվաքանակի և ֆինանսական մուտքերի վրա։ Ակնհայտ է, որ թե այդ տեղեկատվական պորտալը, թե նրա թիկունքում կանգնած ադրբեջանական իշխանությունները եռանդուն լոբինգ են արել haqqin.az-ը ռուսաստանյան մեդիատարածք վերադարձնելու հնարավորության համար, ինչի արդյունքը դարձավ մեկ տարի անց Ռոսկոմնադզորի ընդունած որոշումը Ռուսաստանի տարածքում դրա աշխատանքը վերարտոնելու մասին։ Կարելի է ենթադրել, որ ՌԴ և ԱդրՀ համապատասխան կառույցները պայմանավորվածության են եկել կայքէջի գործունեությունը «կառուցողականության» և «տեղեկատվության առարկայական մատուցման» հուն փոխադրելու շուրջ՝ առանց դրա լրախմբագրման և քարոզչական տարրի. հազիվ թե Մոսկվան այլ պայմաններով գնար նման փոխզիջման։

Տրամաբանական կլիներ ակնկալել, որ տվյալ դեպքում haqqin.az-ը հրաժարվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նախկին եղանակներից և դրանց կանխակալ մեկնաբանություններով հագեցած մատուցման ձևից։ Բայց, ինչպես ցույց է տալիս իրողությունը, դա տեղի չի ունեցել։ Հնարավոր է՝ ինչ-որ չափով ձևափոխվել են տեղեկատվության մատուցման ոճը և ձևակերպումների կտրականությունը, սակայն ինչպես լուրերի ամփոփագրերի, այնպես էլ՝ վերլուծական եզրահանգումների և հրապարակախոսական ակնարկների տոնայնությունն ու շեշտադրումները պահպանել են ռուս-ուկրաինական թեմատիկայի նախկին քարոզչական-գաղափարախոսական մատրիցան։ Դա առանձնապես սկսել է հստակ երևալ 2024 թ. օգոստոսի սկզբներից, երբ Մոսկվայի և Կիևի միջև մարտական գործողություններն արդեն տեղափոխվեցին ՌԴ տարածք։ haqqin.az-ի էջերում զետեղված «ռազմաճակատային ամփոփագրերում» դարձյալ սկսեց երևակվել մի այնպիսի եզրաբանություն, որը հարցականի տակ է դնում «ռազմավարական դաշնակցի» տարածքային ամբողջականությունը։ «Ուկրաինական Ղրիմ» բառակապակցությունը վերստին հիմնավորվեց համապատասխան բովանդակային նյութերում(3)։ Մոսկվան այլ մայրցամաքներում(7) արյունալի հեղաշրջումների և հակամարտային կետերի կազմակերպչի և հովանավորի նոր կերպար է «ձեոք բերել»։ Ռուսաստանը նորից սկսել է հանդես գալ ուկրաինական հարստությունների հափշտակչի դերում(8)։ Ռուսաստանցի զինվորականները բացահայտ ծաղր ու ծանակի առարկա են դարձել «կռվել չկարողանալու համար»(9)։

Ցուցակը կարելի է շարունակել։ «Անկախ» ռուսալեզու haqqin.az պորտալի, ինչպես նաև ադրբեջանական տասնյակ այլ ԶԼՄ-ների էջերը վերստին փայլում են տհաճ դարձվածքներով ու հակառուսաստանյան տոնայնությամբ, իսկ տեղեկատվության մշակումը կատարվում է հյուսիսային հարևանի նկատմամբ վառ արտահայտված ստորացուցիչ վերաբերմունքի ձևով։ Ընդ որում, նշված միտումը շարունակում է խորանալ։

Հնարավոր է՝ առարկայական տեսակետից դատապարտելի ոչինչ չկա պատկերվածում։ Ադրբեջանում «խոսքի բացարձակ ազատությունը» պետության կողմից ոչ մի սահմանափակում չի ենթադրում, և գրաքննությունը կարող է իրականացվել միայն հանրապետության իրավական, ի դեպ, այլ երկրների համեմատ բավականին ազատական, ակտերին համապատասխան։ Սակայն, հաշվի առնելով ադրբեջանական իրողությունները, կարելի է արձանագրել, որ ադրբեջանական մամուլում հակառուսաստանյան արշավը չի կարող նախաձեռնված լինել իրենց իսկ ԶԼՄ-ների կամ՝ միմիայն իրենց կողմից։

Բայց տվյալ պարագայում գլխավոր հարցը ոչ թե իր «դաշնակցի»՝ ՌԴ-ի դեմ ադրբեջանական կողմի ոչ մաքրաբարո խաղի մեջ է, այլ՝ այդ փաստի հանդեպ հենց նույն Ռուսաստանի վերաբերմունքի մեջ։ Իսկ ավելի ճիշտ՝ որևէ վերաբերմունքի և, համապատասխանաբար, նույնական հակազդեցության բացակայության մեջ։ Ընդ որում, պաշտոնական Մոսկվան մինչև հիմա էլ խստիվ հետևում է ռուսաստանյան տեղեկատվական դաշտում Ադրբեջանի՝ առավել քան հաճելի կերպարի կերտմանն ուղղված իր ստանձնած պարտավորություններին։ Հնարավոր է, դրա համար նա ունի ծանրակշիռ պատճառներ, որոնք ժամանակի մեջ երկարաձգում են հարկադրված համբերությունը։ Բայց, մյուս կողմից, նման՝ բացառապես «դեպի միևնույն դարպասը» խաղի բանաձևն օրեցօր հեռացնում է «ռազմավարական դաշնակիցների» միջև փոխվստահելի հարաբերությունների հավասարակշռությունը վերականգնելու հնարավորությունը։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 12.08.2024 թ.:

(2) «Հռչակագիր Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին» (ռուս.), Kremlin.ru (22.02.2022), http://www.kremlin.ru/supplement/5777 (բեռնման օրը՝ 09.08.2024):

(3) «Թուրան. Ադրբեջանական իշխանությունները բնակարաններ են բաշխել լրագրողներին, որպեսզի ընտրությունների նախաշեմին ապահովագրեն նրանց լռությունը» (ռուս.)։ Panorama.am (24.07.2013), https://www.panorama.am/ru/news/2013/07/24/azerbaijan-apartments/473477/ (բեռնման օրը՝ 10.08.2024):

(4) «Ինչն է առավել կարևոր ադրբեջանցի լրագրողների համար. անվճար բնակարա՞նը, թե ազատ միջավայրը» (ռուս.)։ OC Media (18.07.2017), https://oc-media.org/ru/statyi/chto-vazhnee-azerbayodzhanskim-zhurnalistam-besplatna ya-kvartira-ili-svobodnaya-sreda/ (բեռնման օրը՝ 10.08.2024):

(5) «Ռուսաստանի Ռոսկոմնադզորը շրջափակել է ադրբեջանական haqqin.az и minval.az կայքէջերի մուտքը» (ռուս.)։ Verelq (17.03.2022), https://verelq.am/ru/node/105749/ (բեռնման օրը՝ 09.08.2024):

(6) «Ուկրաինայի հետախույզների հաջող ռազմագործողությունը» (ռուս.), haqqin.az (07.08.2024), https://haqqin.az/news/324332/ (բեռնման օրը՝ 10.08.2024):

(7) «Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմաճակատն ընդլայնում է նաև Աֆրիկայում» (ռուս.), haqqin.az (08.08.2024), https://haqqin.az/news/324441/ (բեռնման օրը՝ 10.08.2024).

(8) «Հատուկ ծառայությունները կալանավորել են Ադրբեջանի քաղաքացուն. Ղրիմից ուկրաինական հացահատիկ է արտահանել» (ռուս.), haqqin.az (11.07.2024), https://haqqin.az/news/321832/ (բեռնման օրը՝  10.08.2024):

(9) «Կուրսկում Ռուսաստանի պարտության հայելին» (ռուս.), haqqin.az (10.08.2024), https://haqqin.az/oldage/324628/ (բեռնման օրը՝ 10.08.2024):