Մեկնաբանություններ

Իրանը «կողմ է» արցախցիների հայրենադարձությանը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 22.07.2024 թ.(1)

12.07.2024 թ. Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարություն է արել ղարաբաղցի հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու անհրաժեշտության մասին. «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այս հարցը վերքի է նման, և այն պետք է բուժվի։ Չբուժվելու դեպքում հնարավոր է, որ այն նորից բացվի։ Երբ խոսում են կայուն խաղաղության մասին, պետք է հաշվի առնել նաև այս վերքըՂարաբաղի բնակիչներն ինքնակամ չեն լքել իրենց տները, և ես հույս եմ հայտնում, որ պայմաններ կստեղծվեն այնտեղ նրանց ինքնակամ վերադառնալու համար»։

Դեսպան Սոբհանիի հայտարարությունը համահունչ է 44-օրյա պատերազմի իրադարձություններից հետո Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքին։ Այդ ժամանակ Ռահբարը կարծիք հայտնեց, որ պետք է ապահովվի ղարաբաղցի հայերի անվտանգությունն ու հայրենի հողում ապրելու իրավունքը։ Դեսպան Սոբհանիի արտահայտած մտքում նաև զուգահեռներ կան Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հայտարարության հետ, ով 06.09.2024 թ. CNN Turk-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը «ոչ մի դեպքում չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխություն»:

Սակայն Իրանի դեսպանի ներկայիս հայտարարությունը հատկապես ուշագրավ է և բացահայտում է սկզբունքորեն կարևոր մի շարք ասպեկտներ։

Նախ, Իրանի ներկայացուցիչն առաջին անգամ, առանց ակնարկների, ուղղակիորեն և հստակ արտահայտեց Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղցի փախստականների հետագա ճակատագրի վերաբերյալ։

Երկրորդ, այս հայտարարությունն արվել է Իրանի նոր նախագահի ընտրությունից հետո, ինչը, հավանաբար, վկայում է նախագահ Փեզեշքիանի օրոք Բաքվի նկատմամբ Թեհրանի քաղաքականության խստացման մասին, որի թիմը մտադիր է իրանա-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում այս հարցը վերածել Ի. Ալիևի վրա ճնշում գործադրելու ևս մեկ գործիքի։

Երրորդ, Սոբհանիի հայտարարած դիրքորոշումը համընկնում է ամերիկացի պաշտոնյաների, սենատորների և կոնգրեսականների՝ Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման համար բոլոր պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարությունների հետ։ Մասնավորապես, ամերիկացի պաշտոնյաներից վերջինը ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն էր, ով այս մասին նշեց Երևանում 10.07.2024 թ., այսինքն՝ Մեհդի Սոբհանիի հայտարարությունից երկու օր առաջ։ Ուստի՝ չի կարելի բացառել, որ Իրանի դեսպանն այս հարցում իրանական դիրքորոշման բարձրաձայնումը միտումնավոր է համաժամանակեցրել ԱՄՆ-ի ներկայացուցչի կարծիքի հետ։ Սա սկզբունքորեն կարևոր է, քանի որ ամերիկյան և իրանական կողմերի համար ղարաբաղցի հայերի հայրենիք վերադառնալու օրակարգը հիմնված է գլխավոր հարցի վրա՝ ինչպե՞ս և ո՞վ է վերահսկելու ու պահպանելու տարածաշրջանում անվտանգությունը։ Ակնհայտ է, որ «Ալիևի երաշխիքները» չեն կարող բավարար համարվել հայրենադարձության գործընթացն իրականացնելու համար, և ղարաբաղցիների վերադարձը, ինչպես նաև նրանց կյանքի կանոնավորումը, պետք է իրականացվի միջազգային խաղաղապահ առաքելության մանդատով օժտված ռազմաոստիկանական համակազմի պաշտպանության ներքո։ Թեհրանում մտավախություն ունեն (այն էլ ոչ առանց պատճառի), որ Վաշինգտոնը ձգտում է Ղարաբաղի փախստականների խաղաքարտը կիրառել հենց այն բանի համար, որ Իրանի հյուսիսային սահմանամերձ տարածքներ մուտք գործելու հիմք ստեղծի՝ իր սեփական և դաշնակիցների ուժերի համար: Այսպիսով, Արևմուտքի փաստացի ներկայությունը ռազմավարական տարածաշրջանում կօրինականացվի «միջազգային» խաղաղապահ առաքելության մանդատով։

Այս լույսի ներքո տրամաբանական կլիներ ակնկալել, որ Թեհրանը կխոչընդոտի Ղարաբաղի հայրենադարձության օրակարգի իրագործմանը, սակայն Իրանը հայտարարում է ամերիկյանին համահունչ դիրքորոշում։ Դա կարող է պայմանավորված լինել Թեհրանի ոչ պակաս լուրջ՝ «Ղարաբաղի շրջանը» Հյուսիսային Սիրիայի և Հյուսիսային Իրանի շրջաններից ժողովրդագրական տարրերով բնակեցնելու հնարավորության հետ կապված մտավախությամբ,  քանի որ դրանք են արմատական ​​թուրքամետ խմբավորումներից ԹՀ-ին և ԱդրՀ-ին մատակարարում սուննի զինյալներ: Իրանում հասկանում են, որ Անկարան և Բաքուն կարող են Լեռնային Ղարաբաղը վերածել սուննի ծայրահեղականության որջի, որը կսպառնա ԻԻՀ-ին և կնպաստի ԱդրՀ-ում շիայականության դիրքերի թուլացմանը, ինչին հետևողականորեն ձգտում է Անկարան։

Ելնելով սրանից, կարելի է ենթադրել, որ Թեհրանը մտադիր է աջակցել հայ փախստականների վերադարձի օրակարգին, սակայն կպնդի, որ խաղաղապահ առաքելություն իրականացնելու միջազգային մանդատը տրվի բացառապես տարածաշրջանային երկրների (ԻԻՀ, Թուրքիա և ՌԴ) ներկայացուցիչներից կազմված համակազմին։ Թեհրանը համոզված է, որ միայն այս պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում հակասությունների լուծմանը կարող է հանգեցնել տարածաշրջանում արդար խաղաղության ու կարգի հաստատմանը։

Այս առումով պետք է ակնկալել, որ Թեհրանը՝ Արևմուտքի հետ համահունչ, կշարունակի աջակցել Ղարաբաղի հայրենադարձության թեմային և կհայտարարի իր տեսլականը՝ տարածաշրջանային խաղաղապահ առաքելության շրջանակներում, երբ ղարաբաղցի հայերի վերադարձի հարցն առավել արդյունավետ ուրվագծեր ստանա, իսկ ԱՄՆ-ն միջազգային օրակարգ կմտցնի ԼՂ-ում հայերի անվտանգության ապահովման համար համակազմի ձևավորման անհրաժեշտության հարցը։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 16.07.2024 թ.: