Մեկնաբանություններ

Նոր խնդիրներ Եվրոպա – Ադրբեջան հարաբերություններում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 26.01.2024թ.

Ի պատասխան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ մտահոգությունների մասին հայտարարություններին, Բաքուն կոշտ քննադատության է ենթարկել եվրոպական կազմակերպությանը։ 2024 թ. հունվարի 22-ին ԱդրՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «կտրականապես մերժում է անհիմն մեղադրանքները»։

«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի բացահայտ խեղաթյուրումը անտեսում է Ադրբեջանի օրինական շահերը, իսկ սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որն էլ ավելի է լարում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները… Ի լրումն ամբողջական խեղաթյուրման Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին առնչվող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի տեսակետների վերաբերյալ Գերագույն ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»,– ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Բաքուն նաև Բորելի հայտարարությունները երկրից ֆրանսիացի դիվանագետների արտաքսման վերաբերյալ համարել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին և խոստացել է «վճռականորեն կանխել իրենց ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած պնդում և սպառնալից հայտարարությունները օրինականացնելու փորձերը»։

Կարելի է ենթադրել, որ վերոնշյալ վերջին արտահայտությունը վերաբերում է պատժամիջոցներին, ինչի մասին Բորելը հստակ ակնարկել է՝ իր ելույթում ընդգծելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների վրա։

Բորելի հայտարարությունը հնչել է ԵԽԽՎ նախագահական կոմիտեի որոշման ֆոնին, այն է՝ նախաձեռնել ԱդրՀ-ի մասնակցությունը այս կազմակերպությունում սահմանափակելու ընթացակարգ` ընդհուպ մինչև հեռացում, մի շարք պատճառներով, այդ թվում՝ փետրվարին ԵԽԽՎ պատվիրակությանը նախագահական ընտրություններին հրավիրելուց հրաժարվելն ու նախկինում այս կազմակերպության զեկուցողների մուտքի մերժումը Լաչին (Բերձոր)։

Ըստ երևույթին, Բորելի առաջարկություններին Ադրբեջանի ԱԳՆ-ի ջղաձիգ արձագանքը պայմանավորված է նրանով, որ Բաքուն քաջատեղյակ է եվրոպական կազմակերպությունների և իրենց քաղաքականության մեջ առանցքային դեր ունեցող երկրների հետ հարաբերությունների արժեզրկման հեռանկարի մասին։

Ակնհայտորեն, Փարիզի հետ քաղաքական-դիվանագիտական ​​պայքարում Բաքուն գերագնահատել է իր հնարավորությունները, ինչն էլ հակամարտությունը երկկողմ հարաբերությունների հարթությունից տեղափոխում է «Եվրոպա –Ադրբեջան» հարաբերությունների շատ ավելի լայն համատեքստ, որտեղ Փարիզն Ալիևի ռեժիմի վրա ճնշելու ավելի բազմաբովանդակ գործիքակազմ ունի: Եվ այս ճնշումը աստիճանաբար միայն աճելու է ոչ միայն Փարիզի՝ Հայաստանում ամրապնդվելու փորձերին Բաքվի կողմից խոչընդոտումների, այլ նաև Ի. Ալիևի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու արևմտյան բանակցային հարթակներից ձերբազատվելու ջանքերի և, ընդհանրապես, Ադրբեջանի արտաքին քաղաքական տեսլականի՝ դեպի Մոսկվա վերակողմնորոշման վերաբերյալ ԵՄ-ի աճող վստահության պատճառով:

Սպասելի է, որ ստեղծված անբարենպաստ իրավիճակում Բաքուն կրկին կփորձի հարցի էությունը քաղաքականից տեղափոխել տնտեսական հարթություն և իր «էներգետիկ հաղթաթուղթը» խաղի մեջ դնել եվրոպական կազմակերպությունների հետ հարաբերություններում՝ հենվելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի աջակցության վրա, ով լոբբինգ է արել Ի. Ալիևի ոչ ժողովրդավարական վարչակարգի նկատմամբ եվրոպական կառույցների հանդուրժողականությունն ապահովելու համար՝ պայմանավորելով «Եվրոպայի համար ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների աննախադեպ արժեքով»։