Փորձագետի մեկնաբանություն, 26.02.2024 թ.
Բոգդան Բ. Աթանեսյան
Փետրվարի 25-26-ը Ադրբեջանը նշում է «Խոջալուի ցեղասպանության» 34-րդ տարելիցը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հանրապետությունը, ինչպես և նախորդ տարիներին, պատրաստվում է միջոցառմանը. զեկույցներ են պատրաստում, հեռուստատեսային նոր ֆիլմեր մոնտաժում, «հետազոտությունների» և գրքերի շնորհանդեսներ կազմակերպում։ Սակայն ներկայիս ամսաթիվը առանձնահատուկ է նրանով, որ 34 տարվա մեջ առաջին անգամ Խոջալուն (Իվանյանը)՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի հետ, հայտնվել է Բաքվի լիակատար վերահսկողության տակ, և, կարելի է ենթադրել, որ միջոցառումներ են պլանավորվում նաև հենց բնակավայրում։
Տրամադրվածությունը պարզ է. այժմ Ադրբեջանի համար անհրաժեշտություն է Խոջալուի թեմայի շուրջ տեղեկատվական և քարոզչական ալիք բարձրացնելը երկրի ներսում և, ցանկալի է, միջազգային հարթակներում՝ մեծ հնչեղություն ձեռք բերելու համար։ Նպատակը 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ալիևի վարչակարգի իմիջային կորուստները գոնե մասամբ պարտակելն է, որոնք ամբողջ աշխարհի աչքի առաջ նշանավորվեցին արցախցիների նկատմամբ էթնիկ զտումներով, ցեղասպանական գործողություններով, վանդալիզմով և այլատյացությամբ։
Անցած տարիների ընթացքում բավականաչափ ասվել ու գրվել է, որ Աղդամի մատույցներում մեսխեթցի-թուրքերի դեմ 34 տարի առաջ իրականացված իրադարձությունների մեկնաբանությունը և այն որպես «Խոջալուի դեպքեր» ներկայացնելը ադրբեջանական ստի, մեքենայությունների ու քարոզչական հնարքների մի կծիկ է: Կան հատորներներով փաստական տվյալներ, իրադարձությունների ժամանակագրությունը արձանագրած և տասնյակ ժամեր տևող տեսանյութեր՝ ականատեսների խոստովանություններով, մանրամասն ուսումնասիրություններ (և ոչ միայն հայ հեղինակների), որոնք վկայում են այն մասին, որ, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերը» Ադրբեջանում ներքաղաքական դավերի հետևանք էին, որոնց նպատակն էր տապալել այն ժամանակվա իշխող նախագահ Մութալիբովին։ Ադրբեջանում հիշում են, օրինակ, լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, որի միայն տեսանյութերն ու խոստովանություններն արդեն զգետնում են իրադարձությունների մասին պաշտոնական վարկածը։ Նրանք նաև հիշում են, որ Հեյդար Ալիևը, դառնալով երկրի ղեկավար, հրամայել էր լուծարել «Խոջալուի դեպքերը» հետաքննող կառույցը և ոչնչացնել հավաքագրված նյութերը։ Եվ այդ ամենից հետո է, որ առաջին պլան մղվեց և ադրբեջանական քարոզիչների կողմից մշակվեց Խոջալուի արկածախնդրության «կողմնակի արդյունք» հանդիսացող «հայկական հետքը»՝ Ադրբեջանում այլատյացության հիստերիա հրահրելու, ինչպես նաև Ղարաբաղյան ազատագրական պայքարի բարոյական և իրավական հիմքերն արժեզրկելու համար:
Սակայն, այս հրապարակման համատեքստում կարևորն այլ է:
Տասնամյակներ շարունակ «Խոջալուի» դեպքերի մասին կեղծ պատմությունների միջոցով ադրբեջանական հասարակությանը պարբերաբար ներարկվել է գազանային ատելություն հայերի՝ որպես «ցեղասպան ազգի» նկատմամբ, որն իր ազգային ինքնության հիմքում դրել է օտար ինքնության ոչնչացումն ու բնաջնջումը, հարևան ժողովուրդների կործանումը և նրանց մշակութային ու պատմական ժառանգության յուրացումը: Ընդ որում, «Խոջալուի ցեղասպանության» քարոզչությունն իրականացվել է ինչպես ԱդրբՀ ներսում, այնպես էլ միջազգային տիրույթմ՝ հայության գիշատիչ գործողությունների «միջազգայնացման» ակնկալիքով, ապահովելու նրա՝ «ֆաշիստական ազգի» կերպարը, որն հանցագործություններ է իրագործում իր «սատանայական» ծրագրի իրականացմանը խոչընդոտող ցանկացած էթնիկ խմբի դեմ։ Այս առումով «Խոջալուն» շարունակում է մատուցվել որպես համընդհանուր մասշտաբի հանցագործություն, որն առանց նախօրոք ստուգելու պետք է արդարացնի աշխարհի լռությունը Ադրբեջանի և դրա դաշնակիցների՝ ողջ տարածաշրջանը «հայաթափելուն», դրա՝ «ողջ մարդկությանը սպառնացող հայկական նացիզմից մաքրազերծմանն» ուղղված՝ իբր զուտ պատասխան գործողությունների նկատմամբ։
Բաքվի քարոզչության հատուկ թիրախային լսարանը միշտ եղել և մնում է համաշխարհային իսլամական համայնքը, որի «արդար զայրույթի» վրա էլ հույսը դնում է Ադրբեջանը՝ անընդհատ պտտելով «Խոջալուի ջարդի» հետ կապված հայատյացության պարույրը։ Տասնամյակներ շարունակ իսլամական երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր խմբային ձևաչափերով փոխգործակցություն կառուցելով, Բաքուն համակարգված կերպով «Խոջալուի գործոնը» խցկում էր հարաբերությունների օրակարգ՝ համոզելով, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ պահանջելով, որ այն հաշվի առնվի այդ երկրների և Հայաստանի միջև որևէ կապ հաստատելիս։ Ադրբեջանը բացահայտ կերպով խաղաց իսլամական ումմայի հպատակների կրոնական զգացմունքների վրա՝ «Խոջալուի ջարդը» մատուցելով որպես մահմեդական երկրի, մահմեդական ազգի, մահմեդական համայնքի դեմ հանցավոր արարք, որպես բացահայտ կրոնական, տվյալ դեպքում՝ հակաիսլամական ուղղվածության և շարժառիթավորման գործողություն։
Այլ հարց է, թե որքանով էր Բաքվին հաջողվում ազդել իր իսլամական գործընկերների գիտակցության և համոզմունքների վրա, բայց փաստն այն է, որ Խոջալուի թեման շահագործող Ադրբեջանը բազմաթիվ իսլամական գործընկերներից և դաշնակիցներից դեռևս ստանում էր տարբեր դիվիդենտներ՝ միջազգային հարթակներում քաղաքական աջակցության, նյութական օգնության և, նույնիսկ, Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման տեսքով:
Սակայն խնդիրն ամենևին էլ այն չէ, որ այդ երկրները, ենթարկվելով իսլամական համերաշխության զգացմանը, հետևեցին ադրբեջանական քարոզչությանը և «Խոջալուի հարցը» վերածեցին Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի աստիճանը որոշող էական գործոնի։ Իսլամի քաղաքական պատմության փորձի ու առանձնահատկությունների լույսի ներքո նման երևույթը նորություն չէ և, նույնիսկ, ունի որոշ օբյեկտիվ պատճառներ։ Հարցն այլ է. որքանո՞վ էին արդարացված ադրբեջանական քաղաքականությանը վստահող իսլամական երկրների և քաղաքական խմբերի ակնկալիքները, որ Բաքուն նույն կերպ վարձահատույց կլինի իրենց ըմբռնման և աջակցության համար։ Ավելի ճիշտ՝ ինչ էր ի պատասխան տրվել նույն պաղեստինցիներին, որոնք այժմ բացահայտորեն պաշտպանում էին իրենց հավատակից եղբայրներին, որոնցից Ադրբեջանը ժամանակին հետևողականորեն «քամում» էր հայերին «Խոջալուի համար» դատապարտելու հռետորաբանությունը՝ Ղարաբաղում մահմեդական սրբավայրերն, իբրև թե, պղծելու համար և, նույնիսկ, հարկադրում էր խոստանալ սրբազան ջիհադ սկսել հանուն ադրբեջանցի հավատակից եղբայրներին «հայկական տեռորից» ազատագրելու։
Իսրայելն արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Գազայում իրականացնում է «Երկաթե սուր» գործողությունը, որն, ըստ էության, վերածվեց ոչ թե հակաահաբեկչական գործողության, ինչպես հայտարարվել էր, այլ պատժիչ մի արշավի՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի դեմ։ Գազայի հատվածը գրեթե 90%-ով հավասարեցվել է հողին. խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, ըստ պաղեստինյան տվյալների, գերազանցել է 30.000-ը, վիրավորների թիվը գնահատվում է ավելի քան 100.000, իսկ երկու միլիոն մարդ մնացել է անօթևան և ծվարել ավերակներում կամ իսրայելա-եգիպտական սահմանին անապատում տեղադրված վրաններում. մարդիկ տառապում են սովից, վարակներից և դեղորայքի պակասից։ Ըստ ականատեսների՝ իսրայելցի զինվորականները կրակ են բացում բոլոր շարժվող թիրախների վրա՝ կլինի դա ՀԱՄԱՍ-ի գրոհային, Կարմիր մահիկի մեքենա, քաղաքացիական անձ, թե մանուկ։ Նման պայմաններում բացարձակապես անօգնական են թվում ՄԱԿ-ում և այլ միջազգային կառավարական կառույցներում շարունակվող տվայտանքներն այն մասին, թե Իսրայել պետության գործողությունները համապատասխանում են, արդյոք, «ցեղասպանություն» սահմանման չափանիշներին։ Մինչ շարունակվում են իրենց կամքը միջազգային հանրությանը թելադրող աշխարհի առաջատար երկրների՝ հիմնականում արտաքին քաղաքական իրավիճակով պայմանավորված այս բախումները, Գազայում ամեն օր հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Եվ անկախ նրանից, թե դա ինչպես է կոչվում՝ ռազմական գործողություն, պատերազմ, ջարդ, թե ողբերգական իրադարձություններ, փաստն այն է, որ աշխարհը գործ ունի մի ամբողջ ժողովրդի փաստացի ոչնչացման, հայրենիքից նրա վտարման, նրա սրբավայրերի ոչնչացման հետ՝ նրա կյանքի իրավունքի վերացումով։
Տեղի ունեցողը որպես ցեղասպանություն սահմանելու հարցում համերաշխորեն հանդես եկող միակ միջազգային խումբը, օբյեկտիվ պատճառներով, իսլամական համայնքն է, և այս գնահատականի համաժամանակացումը տեղի է ունենում նույնիսկ մահմեդական այնպիսի երկրների միջև, որոնք հակադիր տեսակետներ ունեն միջազգային և իսլամական օրակարգի գրեթե բոլոր այլ հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, նույնիսկ իսլամական աշխարհում, որն այս օրերին չափազանց համախմբված է, կա մի պետություն, որը ոչ միայն ձեռնպահ է մնում «Պաղեստինյան դատին» միանալուց, այլև իր ողջ պահվածքով ու իր բոլոր գործողություններով բացահայտորեն ընդունում է Գազայի և դրա քաղաքացիական բնակչության կործանման հրեշավոր արարքը։ Եվ այդ երկիրը Ադրբեջանն է՝ անվանապես իսլամական պետություն, Իսլամական համագործակցության կազմակերպության և միջիսլամական համագործակցության բազմաթիվ այլ հարթակների անդամ: Պետություն, որը Գազայի աղետի ամբողջ 5 ամիսների ընթացքում ցավակցություն է հայտնել միայն մեկ կողմին՝ Իսրայելին։ Պետություն, որը կապված այն ամենի հետ, ինչ կատարվում է հրեական պետության հարավում, օգտագործում է «կոտորած» տերմինը, սակայն նկատի ունենալով միայն 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից հրեական բնակավայրերի վրա հարձակումը։ Պետություն, որը բոլոր մակարդակներում՝ կառավարություն, մամուլ և հասարակություն, Գազայի դիմադրությունն անվանում է «ահաբեկչական մնացորդների» պաշտպանություն: Պետություն, որը Իսրայելի գործողությանը տրամադրում է ռազմավարական արտադրանք՝ վառելիք՝ ամեն ամիս ավելացնելով այդ պաշարները։ Պետություն, որը, հաշվի առնելով բոլոր վերևում ասվածները, առաջինը կշնորհավորի Իսրայելին հաղթանակի առթիվ՝ Գազայի վերջնական ավերածությունից ու դրա արյունաքամ ժողովրդի ստրկացումից հետո։
Այսպիսին է Ադրբեջանի գինը: Այս կերպ նա վերադարձնում է իր պարտքը իսլամական համայնքին և հավատքի եղբայրներին՝ պաղեստինցիներին, որոնց Բաքուն տասնամյակներ շարունակ փորձում էր ներքաշել հայերի և նրանց իրագործած «իսլամասպանության» դեմ համաիսլամական «հայցի» արկածախնդրության մեջ։
2024 թ. փետրվարի 25-26-ը Ադրբեջանը կնշի Խոջալուի դեպքերի 34-րդ տարելիցը, և, հենց այդ ժամանակ, Իսրայելը նախատեսում է ավարտել գործողության ակտիվ փուլը Գազայում։ «Խոջալուն» հիշատակելով, Ադրբեջանը հառաչելու է և իր մուղամային ողբը հասցնի աշխարհի բոլոր ծագերին։ Գազան կծխա ու կլռի՝ իր ողջ մնացած երեխաների թոշնած աչքերով անզգայացած նայելով անհայտությանը:
Եվ հիմա եկել է ժամանակը, որպեսզի իսլամական համայնքը, իսլամական համերաշխությունը, բարեպաշտ մահմեդականները, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիները, որոշեն, թե իսկապես որտեղ է թաքնված ցավը, և որտեղ՝ երկերեսանությամբ քողարկված հավատուրացությունը: