ՀՀ, Արցախ, Սփյուռք

Հայացք դեպի ապագա. Հայաստանի քաղաքական և ռազմական վերջին ձախողումներից արված հիմնական եզրակացությունները

Մասիս Ինգիլիզյան(1)(2)

2020 թ. կնքված զինադադարից հետո, ինչով ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմը մի կողմից՝ Ադրբեջանի, և մյուս կողմից՝ դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ու Հայաստանի միջև, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը` համագործակցելով տեղական հաստատությունների, ինչպես նաև սփյուռքի նախաձեռնությունների հետ, հանդես է եկել լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու առաջարկով` անվտանգության քաղաքականությունը բարելավելու, զսպման մոդելներ և Հայաստանի ազգային ռազմավարական նպատակների նկատմամբ դոկտրինալ մոտեցումներ մշակելու նպատակով: 2020 թ. 44-օրյա պատերազմում պարտությունից հետո այս նոր փորձերը ներառում էին ինչպես հայրենական ուսումնասիրություններ, այնպես էլ այնպիսի խմբերի աշխատանք, ինչպիսին է Justice Armenia-ն՝ ամերիկահայ կազմակերպություն, որի նպատակն էր բացահայտել վերջին 15 տարվա ռազմաքաղաքական ձախողումները և ռազմավարական բացթողումները:

Հարկ է նշել, որ Հայաստանի ռազմական ոլորտի և ազգային ռազմավարության դոկտրինների հիմնական տարրերը մշակվել են 2007 թ., իսկ ռազմական քաղաքականության ոլորտում վերաթարմացվել Կանխարգելիչ հարվածի դոկտրինի («Տոնոյանի դոկտրին», 2019) և Ն. Փաշինյանի նոր Ազգային ռազմավարության դոկտրինի (2021)(3) շրջանակներում: Այնուամենայնիվ, 44-օրյա պատերազմից եզրահանգումների գալու և նոր դոկտրիններ ու ռազմավարություններ մշակելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: Մասնավորապես, հարկավոր է լրացուցիչ աշխատանք իրականացնել տեղական Քննչական կոմիտեի` բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի և Օնիկ Գասպարյանի հետ փակ և բաց հարցաքննություններն, ինչպես նաև` բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, ՊՆ ներկայացուցիչների, հակաօդային պաշտպանության փորձագետների, ԱԹՍ-ների փորձագետների, հրետանային գնդերի, հատուկ գործողություններ իրականացնողների, զինվորների և կամավորների հետ Justice Armenia-ի համար հասանելի մի շարք գաղտնի հարցազրույցներն ամփոփելու համար:

Չնայած շուրջ 20 տարվա ջանքերին` Արցախյան երկրորդ պատերազմը բացահայտեց վճռորոշ թերություններ և զսպման ու պատասխան գործողությունների քաղաքականության կարևորության թերըմբռնումը: Այս սխալ հաշվարկները, հետազոտությունների, եզակի և նորարար դոկտրինալ մոտեցումների բացակայությունը, Ադրբեջանի ռազմավարական ուղղության թյուրըմբռնումը և ոչ ադեկվատ տեխնիկական պատրաստվածությունը լույս են սփռում կարևոր թերությունների վրա, որոնք հետապնդել են հայ ռազմական պլանավորողներին, Անվտանգության խորհրդին և ՊՆ-ին:

Սույն աշխատությունը սկսվում է Հայաստանն ու սփյուռքը կազմավորած առանցքային տարրերի և այդ իրադարձությունների վերաբերյալ դրանց արձագանքների ուսումնասիրությամբ: Այլընտրանքային պատասխանների ուսումնասիրության նպատակահարմարության մասին միտք արտահայտելով հանդերձ՝ աշխատությունը ներկայացնում է վերոհիշյալ զեկույցներից և, ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմից մի շարք հիմնական բացահայտումներ` դիտարկելով պատասխան գործողությունների հետաձգման պրակտիկան, որոշումներ կայացնելիս անկախության պահպանման կարևորությունը և տարբեր ռազմավարական գործընկերների ընտրությունը:

Այնուհետև, հոդվածում խոսվում է գիտելիքի բացերը վերացնելու առավելությունների մասին. նախ՝ ընդլայնելով կատարվող հետազոտությունների շրջանակը, արտապատվերով (outsourcing) ուսումնասիրությունները և միջինստիտուցիոնալ համագործակցությունը, և երկրորդ՝ առաջարկելով նոր դոկտրինալ մոտեցումներ «Պատերազմի վարման արվեստին»: Վերջապես, հոդվածն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես են սխալ խոսույթները ազդում ազգային ռազմավարության վրա և առաջարկում է անհրաժեշտ բարելավումներ կառավարության, ԶԼՄ-ների և սփյուռքի կողմից` օգտագործելով վերջին 15 տարիների օրինակներ:

Միով բանիվ, այս հոդվածի հիմնական նպատակն է անդրադառնալ Հայաստանի պետության, կառավարության և ազգային շահերի տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող ոլորտների բարեփոխմանը, և թե դրանք ինչպես կարող են փոխարինել խորհրդային շրջանից մնացած չափանիշները, որոնք խոցելի են դարձրել ավանդական մոտեցումներով կառուցված վերոնշյալ համակարգը: Բազմաթիվ կարծիքների համախմբումը կբարձրացնի թափանցիկությունը և կլրացնի հետազոտությունների բացերը, որոնք դուրս են գերատեսչությունների և, մասնավորապես, ՊՆ-ի անմիջական պատասխանատվության տիրույթից: Արտապատվերով աշխատող հաստատությունների կամ այլ՝ բաց հարթակներում աշխատող փորձագետների հետ համագործակցելը կարող է զգալիորեն մեծացնել Հայաստանի առաջընթացի արագությունն` իր բարեփոխումների ուղղությամբ և ընդլայնել հաստատությունների, ռազմական ընկերությունների և կառավարության միջև համագործակցության հնարավորությունները` հասնելու կենսունակ և ուժեղ Հայաստան ստեղծելու միասնական նպատակին:

Հայաստանի հետահայաց արձագանքը

Ցեղասպանության սահմռկեցուցիչ իրադարձություններից և բռնի կերպով Խորհրդային Միությանը անդամակցելուց հետո՝ ինքնավար Հայաստանի Հանրապետության` ՀԽՍՀ-ն, որևէ կերպ չի զբաղվել պաշտպանության և անվտանգության կառույցների ստեղծման ռազմավարական նախապատրաստմամբ: Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարության կողմից ճնշումներն ու գործելաոճը՝ առաջնորդվելու կայսրության, այլ ոչ թե՝ առանձին Հայաստանի աշխարհընկալումներով, հիմք դրեցին, որպեսզի Հայաստանը անվտանգության հարցերում հույսը դնի ոչ թե սեփական ուժերի և համապատասխան հետազոտությունների, այլ՝ մեկ ուրիշի վրա: Արդեն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո ապագային միտված ստեղծարար մոտեցումների և նորարարության բացակայությունը դարձավ հիմնական խնդիր, ինչը դեռևս շարունակում է արդիական մնալ ՀՀ-ի համար: Հայաստանում անվտանգության քաղաքականության մշակման դանդաղ տեմպերը գիտահետազոտական և ռազմագիտության ոլորտում հանգեցնում են Անվտանգության խորհրդի կայացման և 2007 թ. ընդունված Համազգային նպատակների շրջանակներում նոր դոկտրինների մշակման դանդաղեցմանը (խոսքը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին է – խմբ.): Բաց աղբյուրներից հայտնի է, որ դոկտրինները չեն թարմացվել կամ վերանայվել մինչև Կանխարգելիչ հարվածի դոկտրինը («Տոնոյանի դոկտրին»), որը հայտարարվել է 12 տարի անց: Սակայն նույնիսկ այս հայտարարությունը բավարար չէր վերածնվող ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու համար: Թեև, ռազմական կրթությունը, այնպես էլ՝ քաղաքագիտականը այնպիսի հաստատությունների միջոցով, ինչպիսին, օրինակ, ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն (ՊԱԱՀ) է, լրջորեն բարելավել է իր ռազմական, ռազմավարական և անվտանգային ուսումնասիրությունների ծրագրերը, սակայն, հայկական ոչ մի բուհ դեռ չի առաջարկում ռազմական գիտությունների թեկնածուի (PhD) գիտական աստիճան:

Այնուամենայնիվ, «Համընդհանուր պաշտպանությունը»` պաշտպանական քաղաքականության սկանդինավյան հայեցակարգը, մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է ֆիննա-սկանդինավյան պաշտպանական մոդելների փորձագետ Հրաչյա Արզումանյանի կողմից, ով վերջերս իր մշակումներն է ներկայացրել ՀՀ ռազմաքաղաքական շրջանակների ուշադրությանը: Արզումանյանի ջանքերը ոչ թե պետական կառույցների, այլ անկախ ինստիտուտների և փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների օրինակ են: Սակայն, եթե Արցախյան առաջին պատերազմից հետո պետական ինստիտուտները իրենց ջանքերն ուղղեին նմանատիպ հետազոտությունների, ապա այսօր մենք կարող էինք բոլորովին այլ արդյունքների ականատես լինել(4): Ֆիննական մոդելն իր հիմքում ունի եզակի բնութագրեր, ներառյալ՝ երկրի անկախ դիրքորոշումը և չեզոքության հայեցակարգը, որը բխում է այն գաղափարից, որ ազգը պետք է ինքը պաշտպանի իրեն, ինչը մասամբ բացատրում է Ֆինլանդիայի՝ վերջին 50 տարում ՆԱՏՕ-ին չմիանալու որոշումը(5): 1940 թ. Խորհրդային Միությանը տրված ֆիններով բնակեցված Կարելիայի շրջանի կորուստը խթան դարձավ պաշտպանության նոր դոկտրինների և նորարարական ռազմավարությունների մշակման համար և խթան հանդիսացավ հենարան փնտրելու ավելի շատ երկրի ներսում, քան՝ դրսում(6): Ավելին, իրականության ընդունումը, այլ ոչ թե ազգայնականության վրա հույս դնելը, նաև զգացմունքների նկատմամբ պրագմատիզմի հաղթանակը, ձևավորեցին ֆիննական ինքնությունը և ազգային պատմությունը, ինչպես նաև դրա անվտանգության ապարատը(7): Ֆինլանդիան ստեղծել է օրենքներ, որոնք վերաբերում են պաշտպանությանը և «Համընդհանուր պաշտպանության» սկզբունքով կրթական համակարգին, որը ներառում է զորակոչային ամուր բանակի ստեղծում, յուրաքանչյուր շենքի տակ բունկերի պարտադիր առկայություն և բարդ ռազմական թակարդներ մայրաքաղաք տանող ողջ ճանապարհին(8): Սրան հակառակ, առկա տվյալների համաձայն, Հայաստանը չունի հայտնի ստորգետնյա բունկերային համակարգեր կամ պաշտպանական կառույցներ(9): Նաև անհնար է գտնել երկրորդ (ոչ միջուկային) հարվածի համար հարթակներ, որոնք կառուցվել են Հայաստանի տարածքում 1994 թ.-ից հետո` հնարավոր գալիք պատերազմին նախապատրաստվելու համար, ինչը վկայում է Հայաստանը կողմից Ադրբեջանի դեմ «տոտալ պատերազմ» վարելու ցանկության բացակայության մասին(10): Նաև ավելի կարևոր է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո առկա պատկերներից, լուսանկարներից կամ տեղեկատվության արտահոսքից ոչ մի ծրագիր, նախապատրաստական աշխատանք կամ գաղտնի ամրություններ չի հաջողվել նշմարել, ինչը ենթադրում է, որ նույն դինամիկան առկա է նաև այսօր:

Մինչև 2020 թվականը եղած ձախողումները

2020 թ. հետո կատարված հետազոտություններում հիմնական ռազմավարական ձախողումներից մեկը պատասխան գործողությունների հարցում անվճռականությունն է(11): Պատերազմին նախորդած տարիներին՝ 2003 և 2006 թվականներին, Նոր Ջուղայում հայկական խաչքարերի նկատմամբ ադրբեջանական սանձարձակ վանդալիզմը ցույց տվեց, որ Հայաստանի չի ցանկանում գնալ հակամարտության սրման(12): Նմանօրինակ ձևով, ադրբեջանական «ակն ընդ ական» ռեժիմով սրացումները ցույց են տալիս Հայաստանի կողմից ռազմասիրական մակարդակով պատասխան հակահարված տալու շարունակական անվճռականությունը: 2014 թ. ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռը մեկ այլ օրինակ է, որը ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի ԶՈՒ-ի կրտսեր հրամանատական կազմի մակարդակում ճկունության բացակայությունը, այլև ռազմավարական որոշումների կայացման մակարդակում պատասխան քայլեր ձեռնարկելու անվճռականությունը(13): Բացի այդ, Ադրբեջանը շփման գծում իր դիրքերի առաջխաղացում է գրանցել դեպի առաջնագիծ՝ անմիջապես հայկական դիրքերի դիմաց համարձակ ինժեներական աշխատանքների և խրամատների շնորհիվ(14): Հայկական հատուկ նշանակության ստորաբաժանումների պաշտոնաթող զինծառայողների հետ հարցազրույցներից ստացված վկայությունները հաստատում են, որ հայկական կողմին հստակ հրահանգներ են եղել` չկրակել նման ինժեներական կառույցների ուղղությամբ(15): Արբանյակային պատկերները նույնպես հաստատում են ինժեներական աշխատանքների առկայությունը հայկական խրամատների առջև, որոնք իրականացվել են 1994 թ. հրադադարի համաձայնագրից հետո(16): Վերջապես, 2016-ի Քառօրյա պատերազմում մարտերի պաշտպանական բնույթով և անսպասելի ու անհայտ պատճառներով բարձրադիր վայրերի զիջմամբ պայմանավորված՝ Լելե Թեփեի կորուստը նույնպես խոսում է ռազմական դոկտրինի և ռազմաճակատում կամքի ակնհայտ թուլության մասին(17): 2018 թ. Ադրբեջանի պաշտպանական գծերի առաջխաղացումը Նախիջևանի սահմանային շրջաններում նույնպես հայկական կողմից որևէ արձագանքի չարժանացավ, ինչը վկայում է արմատացած ստատիկ և հիերարխիկ տրամաբանությամբ գործող պաշտպանական դոկտրինի մասին, ինչն ազդել է հայկական կողմի օպերատիվ մարտական գործողությունների անցկացման մեթոդների վրա(18): Այս մոտեցումը պահպանվեց նաև 2020 թ. Տավուշ/Թովուզյան սրացման ժամանակ, որտեղ, չնայած Տոնոյանի կողմից ձևակերպված «Կանխարգելիչ հարվածի մասին» նոր դոկտրինին, հայկական ուժերը ձեռնպահ մնացին կանխարգելիչ հարվածներ հասցնելուց՝ մնալով տեղում և շարունակելով պաշտպանական մարտերը, թեև այս անգամ հաջողությամբ գրավեցին մի լեռան գագաթ(19):

Քաղաքական և ռազմական ձախողումները 2020 թ. պատերազմում

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն ու ինստիտուտները որոշ չափով բարելավել են իրենց մոտեցումը հետազոտությունների և անվտանգության քաղաքականության ձևավորման հարցում` ավելի լուրջ վերաբերվելով 44-օրյա պատերազմից քաղած դասերին: Այնուամենայնիվ, պետական ինստիտուտների և ոչ կառավարական կառույցների միջև առկա է համադասված գործողությունների պակաս: Մասնավորապես, կառավարությունն ընտրեց, թե ինչ դասեր քաղել 44-օրյա պատերազմից, այդ թվում՝ սխալ մշակված քաղաքականության արդյունքում ընդունված որոշումների վերաբերյալ: Ի սկզբանե Փաշինյանի իշխանությունը հիմք դրեց մեղադրական խաղի համար` դատապարտելով նախորդ իշխանություններին թե՛ Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակի, թե՛ պատերազմում կրած պարտության համար(20): Օրինակ` Փաշինյանն իր փաստարկներն հիմնավորում է իր ժառանգած պետության կոռումպացված լինելով, սակայն Justice Armenia-ի զեկույցը զերծ է մնում կոռուպցիան որպես 44-օրյա պատերազմի պարտությանը նպաստող հիմնական գործոն համարելուց` ակնարկելով, որ կոռուպցիայի դերն ավելի քիչ է եղել, քան ի սկզբանե ենթադրվում էր: Որպես այլընտրանք, Սերժ Սարգսյանի կողմնակիցները պատերազմում կրած պարտության ողջ մեղքը բարդում են Ն. Փաշինյանի վրա: Այնուամենայնիվ, երկու քննչական խմբերի կողմից իրականացված մանրակրկիտ հետազոտությունները բացահայտել են այնպիսի խորքային խնդիրներ, որոնք ուրվագծում են պատերազմի պարտությունը՝ որպես ՌԴ հետ համակարգային-կառուցվածքային ռազմական ինտեգրման և ժառանգություն ստացած խորհրդային դոկտրինի հետևանք: Սա հաստատել են քաղաքական սպեկտրի երկու բևեռների բարձրաստիճան (այդ թվում՝ նախկին – խմբ. թարգմ.) պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անհայտ մնալ(21): Մեղադրելու այլ օրինակներ կան տարբեր շրջանակներում՝ նախընտրելով զբաղվել կուսակցական քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե՝ միասնաբար փորձել ընդունել ձախողումները և առաջ շարժվել, հատկապես, 2020 թ. հետպատերազմյան հետազոտությունների առկայության դեպքում(22): Կառավարության 44-օրյա պատերազմից քաղած դասերն անտեսելու օրինակ կարող են ծառայել այնպիսի խոսույթներ, ինչպիսին Փաշինյանի «խաղաղություն ամեն գնով» խոսույթն է, որի փոխարեն առաջնահերթությունը պետք է տրվի նոր պաշտպանական հետազոտություններին և կառույցներին(23):

Մյուս կողմից, միասնությունը պահպանելու և հաջողություններն ընդգծելու ջանքերն ակնհայտ են, չնայած հարացույցի թուլությանը: Օրինակ, սփյուռքահայ հետազոտող Վահան Զանոյանը կողմ է միասնականությանը և Սփյուռքը ներառող ռազմավարությունը, ինչը ենթադրում է Սփյուռքի ներկայացուցիչների՝ որպես արդյունավետ գործընկերների ներգրավումը Հայաստանում, ինչը, նրա կարծիքով, կարևոր է հայկական օջախների նկատմամբ ցանկացած քաղաքականության հաջողության համար: Հետազոտական մեկ այլ ինստիտուտ՝ APRI-ն (Applied Policy Research Institute, Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ), որը ստեղծվել է Արցախյան Երկրորդ պատերազմից հետո, ՀՀ-ում քաղաքականությանն աջակցման նպատակով հետազոտություն է իրականացնում այնպիսի փորձագետների հետ, որոնցից է Բենիամին Պողոսյանը, ով ռազմավարական հեջավորման (հավանական կորուստների և օգուտների ռիսկերի նվազեցում) նկատմամբ զգուշավոր և նրբերանգային մոտեցման կողմնակից է: Տեղական հայկական վերլուծական կենտրոնները նաև ֆինանսավորում են նոր հետազոտություններ և աշխատում են ոչ կառավարական կառույցների և կառավարության միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ` ազդարարելով, որ կան դրական տեղաշարժեր(24): Այնուամենայնիվ, ջանքերը պետք է լինեն համաձայնեցված և համակարգված, նպատակները պետք է ծրագրվեն և հիմնվեն ազգային առաջնահերթությունների, այլ ոչ թե գաղափարախոսության կամ կուսակցական քաղաքականության վրա և, ամենակարևորը` կառավարության ղեկավորության ներքո:

44-օրյա պատերազմի և նախորդ 15 տարիների ուսումնասիրություններից արված հիմնական եզրակացությունը, ամենից առաջ՝ անկախության և ինքնիշխանության պահպանումն է: Տարբեր ռազմավարական գործընկերներից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ջանքերն հաջողությամբ չպսակվեցին, ինչի օրինակն էր Ս. Սարգսյանի՝ Չինաստանի հետ գործարք կնքելու ձախողումը: Ս. Սարգսյանն արագ կերպով 180 աստիճանի շրջադարձ կատարեց և փոխարենը նախընտրեց ռուսական վարկը, ինչը ենթադրում է անկախ որոշումներ կայացնելու դժվարություններ(25): Նմանապես, 2014-ին Եվրոպայի հետ առևտրային պայմանագրից անցումը Եվրասիական տնտեսական միությանը նույնպես ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես շրջվում է դեպի Ռուսաստան, ինչը շողոքորթության և կախվածության նշաններից է: Չնայած լիարժեք անկախությունը փոքր երկրների համար որոշ չափով պատրանք է, ինքնիշխանության իրավունքը թույլ է տալիս ավելի կայուն որոշումներ կայացնել` ի աջակցություն Հայաստանի: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ այս շատ կարևոր ազգային նպատակներին հասնելու ռազմավարություններ գտնելու համար` հասուն դիվանագիտությամբ հասնելով այնպիսի նպատակների, ինչպիսիք են՝ արտաքին կախվածությունների նվազեցումը, ավելի բարդ և ճշգրիտ խոսույթներ ստեղծելը և համախմբված ճակատ ձևավորելը:

44-օրյա պատերազմի առավել կարևոր եզրակացություններից մեկը եղել է տարբեր ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններ պահպանելու և բազմավեկտոր ռազմավարական քաղաքականության խթանման իրավունքը: Բարձրաստիճան պաշտոնյան` անանուն մնալու պայմանով, հայտնել է նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանում ռուսաստանյան մասնագետների թիմերի սահմանափակ աջակցության վերաբերյալ և ընդգծել ռազմական տարբեր ոլորտներում ՀՀ առջև ծառացած դժվարությունները՝ ներառյալ տարբեր սարքավորումների, հատկապես` հեռահար զենքերի ձեռքբերման դանդաղ տեմպերը(26):

Ընդհանուր առմամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցները ուրվագծել են նաև մեկ հիմնական ռազմավարական դաշնակցի մոդելի կործանարար հետևանքները և այդ միակ գործընկերոջ վրա չափից ավելի ապավինելը(27): Այս միավեկտոր քաղաքականության մյուս օրինակներն են հայ-ռուսական հրամանատարություններն ու ուժերը(28): Հայաստանի ներկայիս կառավարությունն աշխատում է այս խնդիրը շտկելու ուղղությամբ և համառորեն պնդում է նոր ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու իր իրավունքի վրա: Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք սա ճիշտ ռազմավարություն է, սակայն քայլեր են ձեռնարկվել բազմավեկտոր քաղաքականություն վարելու ուղղությամբ(29):

Այս երկու եզրահանգումներից հետո 44-օրյա պատերազմի հետաքննությունը բացահայտել է ավելի շատ հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությունը, որը կլրացնի ՀՀ պետական և ոչ կառավարական ինստիտուտների կողմից իրականացվող ուսումնասիրությունների բացերը(30): Հիմնական առաջնահերթությունը պետք է լինի պարզել, թե որտեղ է առկա խնդիրների վերլուծության թերացումը և, համապատասխանաբար, աշխատել այդ բացը լրացնելու ուղղությամբ: Օրինակ, և՛ Մեծ Բրիտանիան, և՛ ԱՄՆ-ը տարբեր ոչ կառավարական կազմակերպություններում ունեն ռազմական հետազոտություններով, անվտանգության հարցերով զբաղվող արտապատվերային ընկերությունների լայնածավալ ցանց, գործում են անկախ վերլուծական կենտրոններ և փորձագետներ, որոնք բավարարում են պաշտպանական հետազոտությունների պահանջարկը և արագացնում պաշտպանական քաղաքականության մշակումը: Հայաստանի պարագայում որակյալ վերլուծության բացակայության պատճառով առաջացած ճակատագրական սխալ հաշվարկները եղել են ձևավորված կարծրատիպերի հիման վրա կայացված որոշումների արդյունք: Օրինակ, քաղաքական դրդապատճառներով այն համոզմունքը, որ ՀՀ-ն ունի տարածաշրջանում ամենաուժեղ բանակը, հանգեցրեց ինքնագոհության(31): Նմանապես, 2016 թ. քառօրյա պատերազմը, որի արդյունքները գնահատվեցին որպես ողջ առաջնագծի երկայնքով հաջող մարտերով հաղթանակ, նույնպես պաշտպանում էր ուժեղ բանակի գաղափարը(32): Էադո Հեխթը Military Strategy (Ռազմական ռազմավարություն) ամսագրի իր («ԱԹՍ-ները Լեռնային Ղարաբաղի պատերազմում. վերլուծելով տվյալները» «Drones In The Nagorno Karabagh War: Analyzing The Data») հոդվածում նշում է այն հանգամանքը, թե ինչպես «հայերը ոգևորված էին անօդաչու թռչող սարքերի ջախջախումից» նախքան 44-օրյա պատերազմը և Justice Armenia-ի «44-օրյա պատերազմի վերաբերյալ» զեկույցը նույնպես 2020 թ. Տավուշի մարտերում ՀՕՊ գործողությունները բնութագրում է որպես անհեռատես, քանի որ չեն կարողացել կանխատեսել 2020 թ. 44-օրյա պատերազմում նոր ԱԹՍ-ների` ինչպիսիք են Բայրաքթարը և Հարոպը, մոտալուտ գերակայությունը(33): Լուրջ հետազոտությունների բացակայությունը հանգեցրեց նրան, որ հայերը չկարողացան լիովին ըմբռնել ոչ միայն իրենց տեխնոլոգիական հետամնացության փաստը, այլև՝ Ադրբեջանի կողմից կիրառվող «Պատերազմի արվեստի» ռազմավարությունը(34): Այս առումով կենսականորեն անհրաժեշտ են նոր հետազոտական նախագծեր, նոր դոկտրիններ և «Պատերազմի արվեստի» նորարարական հայեցակարգեր, ինչպիսիք են՝ ռազմական գործողությունների կառավարման նոր կառույցները և հրամանատարական ու կառավարման նոր՝ ներառյալ ցանցակենտրոն պատերազմի վարման մեթոդները: Բացի այդ, «Համընդհանուր պաշտպանության» մոդելի հիմունքները պետք է ներառվեն ռազմական դոկտրինների և ռազմական կրթության մեջ: Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ» գիրքը ընդգրկում է համընդհանուր պաշտպանության վերաբերյալ հետազոտությունների լայն շրջանակ, այնուամենայնիվ, դոկտրինալ մոտեցումները և զսպման քաղաքականությունը պետք է ներդրվեն պետության ռազմական մտքի և պրակտիկայի մեջ:

Խոսույթներ

Վերլուծության և ապագա հետազոտությունների վերջին կատեգորիան վերաբերում է մարդկանց կառավարելու և մոտիվացնելու գործում խոսույթների դերին, ներառյալ՝ նյարդալեզվաբանական ծրագրավորումը (ՆԼԾ, NLP), որը հոգեբանական մոդելների վրա հիմնված հաղորդակցության ձև է: Այս տեխնիկաները կարող են ազդել ազգային նպատակների և մարդկանց՝ այդ թվում` թշնամու, կամքի վրա(35): Գերտերությունները ինտուիտիվ կերպով և, հաճախ, կանխամտածված պատրաստում են հայտարարություններ և կառուցում նախադասություններ, որպեսզի իրենց անհրաժեշտ ուղերձը փոխանցեն ենթագիտակցության մակարդակում(36): Արևմտյան դասագրքային օրինակ է CNN-ի հոդվածը` «Ադրբեջանը իրեն է վերադարձրել Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ է դա նշանակում այնտեղ ապրող տասնյակ հազարավոր մարդկանց համար»: Վերնագիրն ինքնին ընդունելի է դարձնում Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա` օգտագործելով «վերադարձնել» (reclaim) բառը` միաժամանակ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում բնակվող չնույնականացված ինչ-որ մարդկանց համար: Ռուսաստանյան քաղաքականությունը, նույնպես, հաճախ խոսույթներ է մշակում ուղղված Հայաստանի դեմ հասարակական կարծիք ձևավորելու, հայ ժողովրդին տարբեր քաղաքական ճամբարների բաժանելու և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կոնֆլիկտային կնճիռ ստեղծելու համար, նույն ձևով, ինչպես արդարացնում էր ուկրաինական հակամարտությունը՝ որպես նացիզմի լիկվիդացնելու (դենացիֆիկացիա) փորձ(37):

Հակախոսույթները կարևոր դեր են խաղում քաղաքականության և ազգային նպատակների ձևավորման գործում, որոնք հակասում են մեծ տերությունների քաղաքականությանը, հարց, որի շուրջ Հայաստանը հաճախ թերացել է: Օրինակ, Ավստրալիան ստեղծել է խոսույթ Չինաստանի դեմ, որ նա պաշտպանում է ազատականության գաղափարների վրա հիմնված կարգը, և որ իր գործողությունները ուղղված են ոչ թե Չինաստանի իշխանության կամ ազդեցության դեմ, այլ՝ նրա ռեվիզիոնիստական վարքագծի, այսինքն՝ Հարավչինական ծովում նրա ազդեցության աճի(38): Ձևավորվող պատկերը հետևյալն է՝ Ավստրալիան այլ ելք չունի, քան պայքարել իր տարածաշրջանում կարգուկանոն պահպանելու իրավունքի համար` միաժամանակ շարունակելով առևտրային և բարեկամական հարաբերությունները Չինաստանի հետ: ՀՀ դեպքում երկիրն իրավունք ունի ընտրելու իր ռազմավարական գործընկերներին, սակայն հարկավոր է սեփական քայլերը ուղղորդել մանրակրկիտ հակախոսույթներով: Նրբանկատ, բայց հզոր խոսույթների ստեղծումը կենսական նշանակություն ունի Հայաստանի նոր ռազմավարական հեջավորման համար: Հայաստանի հանրային կարծիքը պառակտելուն ուղղված ռուսաստանյան խոսույթներին հակազդելու օրինակ կարող է լինել Հայաստանի՝ տարբեր ռազմավարական գործընկերներ ընտրելու իրավունքի վերահաստատումը` հիմնվելով այն փաստի վրա, որ Ռուսաստանը անվտանգությանը վերաբերող իր խոստումները չի կատարել 2022 թ. Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու ժամանակ, այլ ոչ թե՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք նկրտումների պատճառով:

Թույլ խոսույթների այլ օրինակներ են հասարակական կազմակերպությունների ստեղծած «Ուժեղ Սյունիք» տարածված բառակապակցության փոխարեն՝ «Հավերժական Սյունիք» արտահայտությունը, որը կարող էր լավագույն խոսույթ դառնալ: Մինչդեռ առաջին տարբերակը ենթադրում է, որ Սյունիքը թույլ է, երկրորդը տանում է այն մտահղացմանը, որ Սյունիքը հայերին պատկանող հնագույն բնակավայր է: Մեկ այլ թույլ բառակապակցություն է Ռուբեն Վարդանյանի քաղաքական կուսակցության անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Ապրելու երկիր»: Այս ձևակերպումը կրկին ենթադրում է, որ երկիրը ապրելու տեղ չէ, մինչդեռ այլընտրանք կարող էր լինել «կառուցում ենք երկիր»: Նման կուսակցական գիծը ցույց կտար, որ կուսակցությունը ձգտում է դեպի ավելի մեծ հաջողությունների՝ դեպի վերելք: Խոսույթների պայքարն այն չէ, թե այս խնդիրներն արդյո՞ք ճիշտ են, և արդյո՞ք ներկայիս իշխանությունն իրականում հավակնություններ ունի Արևմուտքի կամ Ռուսաստանի նկատմամբ, այլ ավելի շուտ այն, որ նորարարական լեզուն կարող է օգնել քաղաքականություն մշակել հանրային ոլորտում և մարդկանց հոգեբանության մեջ: Այս գործընթացներն ու գիտությունները արժանի են հետագա ուսումնասիրությունների և առաջարկների՝ քաղաքական շրջանակներում իրականացնելու համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այս հոդվածի հիմնական նպատակն է օգնել և արագացնել քաղաքականության մշակման և հետազոտությունների գործընթացը, նաև խթանել համագործակցությունը պետական հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև: Ավելի հատկանշականն այն է, որ այս հոդվածը ծառայում է որպես մեկնակետ նման կարևոր թեմաների հետագա քննարկման համար` հիմնվելով նախկինում կատարված լուրջ հետազոտությունների և ապագա ուսումնասիրությունների ու բացահայտումների վրա: Հայաստանի ընդհանուր տրամադրվածությունը 2020 թ. առաջ և հետո տեղում համարժեք հակահարված չտալու հարցում, կարիք ունի նոր մոտեցումների` խորքային արմատացած խնդիրների լուծման համար: Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտի կառավարումն անվտանգության քաղաքականության և նրա նոր բազմակողմանի մոտեցման միջոցով գլոբալ անվտանգության փոփոխվող քաղաքական միջավայրում պահանջում է հաշվի առնել նրբերանգներն և առաջնորդությունը՝ ընդհուպ մինչև նախադասության կառուցվածքն ու լեզուն բյուրեղացնելու աստիճան: Այս նրբերանգներն ավելի լավ հասկանալու համար համապատասխան հետազոտությունների անցկացումը շատ կարևոր է ՀՀ ղեկավարության համար, որպեսզի նա կարողանա որոշումներ կայացնել՝ հիմնվելով հետազոտությունների վրա, այլ ոչ թե ինչ-որ սուբյեկտիվ գաղափարների վրա։ Այս խնդիրները պահանջում են ամենաբարձր մակարդակի գիտնականների և փորձագետների լուրջ հետազոտություններ, աշխատանք, որն այնուհետ կարող է դառնալ դիրիժոր և հարթակ հետագա նորարարությունների ներդրման համար, որոնք ապահովում են Հայաստանի կենսունակությունը այժմ և ապագայում։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Abrahamyan E., Jamestown, 2019. Rationalizing the Tonoyan Doctrine: Armenia’s Active Deterrence Strategy. https://jamestown.org/program/rationalizing-the-tonoyan-doctrine-armenias-active-deterrence-strategy/. Դոկտրինների համար տես նաև ՀՀ ՊՆ-ի և ԱԳՆ-ի կայքերը. https://www.mfa.am/en/, https://www.mil.am/en
  2. Hämäläinen U., Helsinkin Sanomat, 2022. “Optio, jonka arvo vain nousee”. https://www.hs.fi/kuukausiliite/art-2000008551871.html
  3. Քննարկում Ֆինլանդիայի պաշտպանության հայեցակարգի շուրջ. https://www.youtube.com/ watch?v=huwzf7Yg14U&t=36s
  4. Հայացք Ֆինլանդիայի լայնածավալ Ամբողջական պաշտպանության համակարգի կիրառմանը, բունկերներին և ամրաշինություններին. https://www.youtube.com/watch?v=922Db-kztC0
  5. Abrahamyan E., Ingilizian M., ‘44 Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում):
  6. Radio Liberty Chapple, A., 2020. When the World Looked Away: The Destruction of Julfa Cemetery. https://www.rferl.org/a/armenia-azerbaijan-julfa-cemetery-destruction-unesco-cultural-heritage/30986581.htmlb
  7. The Guardian, 2014. Armenian military helicopter shot down by Azerbaijani forces, killing three. https://www.theguardian.com/world/2014/nov/12/azerbaijani-forces-shoot-down-armenian-military-helicopter
  8. Ingilizian M., 2018. Azerbaijan Pushes Into Nakhichevan Borderlands. https://www.bellingcat.com/news/rest-of-world/2018/11/08/azerbaijan-pushes-nakhichevan-borderlands/
  9. Փաշինյանի մեղադրական խաղը. https://hetq.am/en/article/125051
  10. Հայացք 44-օրյա պատերազմի երկու հետաքննությունների հակառակ տեսակետին. https://armenianweekly.com/2022/04/06/equipping-armenia-to-defend-itself/
  11. Ե. Աբրահամյանը Հայաստանի ղեկավարության քայլերը դիտարկում է որպես կապիտուլյացիա, այլ ոչ թե որպես 2020թ. պատերազմից հետո բանակցությունների խաղացող. https://www.youtube.com/watch?v=gg-Yi6B HJKY&t=800s
  12. https://mirrorspectator.com/2024/02/01/defining-nation-and-state/
  13. Հայացք Չինաստանից ռազմական վարկով դիվերսիֆիկացնելու Հայաստանի ձախողված փորձին. https://www.cacianalyst.org/publications/analytical-articles/item/13491-russian-loan-allows-armenia-to-upgrade-military-capabilities.html?tmpl=component&print=1
  14. Գծապատկերը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը գերազանցում Հայաստանին. https://postimg.cc/zyrRCwPh
  15. https://www.sipri.org/databases/armstransfers
  16. https://evnreport.com/magazine-issues/arms-supplies-to-armenia-and-azerbaijan/
  17. Հայացք Ռուսական-Հայկական միացյալ ուժերի ստողծմանը. https://www.armenpress.am/ eng/news/854011/eng/
  18. Abrahamyan E., The Central Asian Caucasus Analyst Russia and Armenia Establish Joint Ground Forces. https://www.cacianalyst.org/publications/analytical-articles/item/13416-russia-and-armenia-establishjoint-ground-forces.html
  19. Փաշինյանի հարցքննությունը տեղական Քննչական կոմիտեում. https://www.youtube.com/watch?v=YiM1Cl4V6Ow
  20. Հայացք Սերժ Սարգսյանի մեկնաբանություններին կապված 4-օրյա պատերազմի վերաբերյալ իր վերաբերմունքի հետ. https://news.am/eng/news/597630.html
  21. https://hetq.am/en/tag/44-day%20war:%20the%20testimonies
  22. Patterson Molly; Monroe Kristen Renwick (1998-06-01). “Narrative in political science”. Annual Review of Political Science. 1 Polletta, Francesca; Callahan, Jessica (2017). “Deep stories, nostalgia narratives, and fake news: Storytelling in the Trump era”. American Journal of Cultural Sociology.
  23. https://www.nlpworld.co.uk/nlp-glossary/e/embedded-command/#:~:text=An%20N LP%20Embedded%20Command%20is,by%20voice%2C%20and%20 or%20 gesture.
  24. Ռուսաստանի դենացիֆիկացիայի խոսույթը. https://www.nbcnews.com/think/opinion/ ukraine-has-nazi-problem-vladimir-putin-s-denazification-claim-war-ncna1290946
  25. Tarapore A., Australia Is Not On The Fence Between Australia and China https://warontherocks.com/2018/01/australia-not-fence-america-china/, Example of Revisionist. https://apnews.com/article/us-philippines-blinken-marcos-south-china-sea-0c39aa94e32469f3d608561c2c0f167c
  26. Erickson E., The 44-Day War in Nagorno Karabagh Turkish Drone Success or Operational Art? https://www.armyupress.army.mil/Journals/Military-Review/Online-Exclusive/2021-OLE/Erickson/
  27. A Failure To Innovate Amirkhanyan Z., 2018. https://press.armywarcollege.edu/parameters/vol52/iss1/10/
  28. https://www.bellingcat.com/author/masisingilizian/
  29. https://jamestown.org/analyst/eduard-abrahamyan/
  30. https://geimint.blogspot.com/https://independent.academia.edu/MasisIngilizian
  31. https://www.airuniversity.af.edu/AUPress/Book-Reviews/Display/Article/3218364/7-seconds-to-die-a-military-analysis-of-the-second-nagorno-karabakh-war-and-the/
  32. Տոնոյանի հարցաքննությունը տեղական քննչական կոմիտեում: https://www.youtube.com/ watch?v=U3J1MFDSQeY
  33. https://securityanddefence.pl/Multi-dimensional-assessment-of-the-Second-Nagorno-Karabakh-War,146180,0,2.html
  34. https://www.csis.org/analysis/air-and-missile-war-nagorno-karabakh-lessons-future-strike-and-defense
  35. https://www.oryxspioenkop.com/2020/09/the-fight-for-nagorno-karabakh.html
  36. https://www.oryxspioenkop.com/search/label/Armenia?&max-results=7
  37. https://www.hrw.org/news/2020/12/11/armenia-unlawful-rocket-missile-strikes-azerbaijan
  38. https://securityanddefence.pl/Multi-dimensional-assessment-of-the-Second-Nagorno-Karabakh-War,146180,0,2.html

(1) Ավելի քան 10 տարի՝ Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի անկախ հետազոտող: Նախկինում մասնակցել է ռազմավարական պատերազմի վերաբերյալ IMINT Analysis (Imagery Intelligence/Պատկերների հետախուզություն)՝ պատերազմի վարման ռազմավարական մեթոդներին վերաբերող հրատարակության աշխատանքներին: Պարբերաբար մասնակցում է Bellingcat հարթակի՝ բաց աղբյուրներից հետախուզական տվյալների հավաքագրման աշխատանքներին: Նրա ուսումնասիրություններն վերաբերում են պատերազմի ռազմավարությանը, աշխարհաքաղաքականությանը, աշխարհառազմավարական խնդիրներին և Կովկասի, Իրանի, Ռուսաստանի հետ կապված միջազգային հարաբերություններին: Ներկայումս զբաղվում է ազգային անվտանգության ուսումնասիրություններով և ծառայում որպես Հայաստանի անվտանգության բարեփոխումների հետազոտական ծրագրի արտաքին քաղաքականության, ռազմական քաղաքականության և բարեփոխումների հարցերով խորհրդական և քաղաքականության փորձագետ: Ավելի հանգամանորեն տես. https://www.bellingcat.com/author/masisingilizian/

(2) Հոդվածը բերվում է թարգմանաբար, անգլերեն բնագիրը խմբագրություն է հանձնվել 01.04.2024:

(3) Abrahamyan E., Jamestown, 2019. Rationalizing the Tonoyan Doctrine: Armenia’s Active Deterrence Strategy. https://jamestown.org/program/rationalizing-the-tonoyan-doctrine-armenias-active-deterrence-strategy/ Դոկտրինների համար տես նաև ՀՀ ՊՆ-ի և ԱԳՆ-ի կայքերը. https://www.mfa.am/en/, https://www.mil.am/en (բեռնման օրը` 14.02.2024):

(4) Ռազմական հարցերով փորձագետը վկայում է ռազմական գիտության և դոկտրինների շուրջ թույլ ջանքերի մասին՝ անանունության պայմանով, ներառյալ «Ամբողջական պատերազմը»:

(5) Hämäläinen, U. Helsinkin Sanomat, 2022. “Optio, jonka arvo vain nousee”. https://www.hs.fi/kuukausiliite/ art-2000008551871.html (բեռնման օրը` 17.03.2024):

(6) Քննարկում Ֆինլանդիայի պաշտպանության հայեցակարգի շուրջ. https://www.youtube.com/watch?v =huwzf7Yg14U&t=36s (բեռնման օրը` 16.03.2024):

(7) Նույն տեղում:

(8) Հայացք Ֆինլանդիայի լայնածավալ Ամբողջական պաշտպանության համակարգի կիրառմանը, բունկերներին և ամրաշինություններին. https://www.youtube.com/watch?v=922Db-kztC0 (բառնման օրը` 04.03.2024):

(9) Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետը, ով ցանկացավ անհայտ մնալ, հեղինակի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանում հայտնի չեն ստորգետնյա բունկերներ կամ պաշտպանական կառույցներ, այդ թվում` Խորհրդային Միության տարիներին կամ Արցախյան առաջին պատերազմից հետո:

(10) Abrahamyan E., Ingilizian M., ‘44 Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում):

(11) Հայաստանի Արդարադատության և քննչական խմբի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի շուրջ քննարկումները եզրակացնում են, որ վրեժխնդիր լինելը մեծ դեր է խաղացել Հայաստանի` Ադրբեջանի ռազմական հզորության զոհ դառնալու հարցում: Նույն տեղում:

(12) Radio Liberty Chapple, A., 2020. When the World Looked Away: The Destruction of Julfa Cemetery. https://www.rferl.org/a/armenia-azerbaijan-julfa-cemetery-destruction-unesco-cultural-heritage/30986581.htmlb (բեռնման օրը` 27.01.2024):

(13) The Guardian, 2014. Armenian military helicopter shot down by Azerbaijani forces, killing three. https://www.theguardian.com/world/2014/nov/12/azerbaijani-forces-shoot-down-armenian-military-helicopter (բեռնման օրը` 13.03.2024). Abrahamyan E, Ingilizian M, ‘44-Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում): Գլուխ 4-ում քննարկվում է անհատական կամ միավորի/խմբային անկախ մտածողության բացակայությունը և այն, թե ինչպես է դա ազդել մարտադաշտի հոսքի և նախաձեռնության վրա:

(14) Ստուգեք 39°27’22.39″N, 47°15’40.18″E ֆայլը, գտեք 2004-ից 2010 թթ..` տեսնելու ադրբեջանական ինժեներական աշխատանքները, որոնք կառուցված են հենց հայկական խրամատների դիմաց:

(15) Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերում հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ հարցազրույցները հաստատել են այս խնդրի վերաբերյալ ինժեներական աշխատանքների թույլտվությունը հայկական կողմից դրված խրամատներին մոտենալու փաստերը:

(16) Ստուգեք 39°27’22.39″N, 47°15’40.18″E ֆայլը, գտեք 2004–2010թթ..` տեսնելու ադրբեջանական ինժեներական աշխատանքները, որոնք կառուցվել են հենց հայկական խրամատների դիմաց:

(17) Անանունության պայմանով հեղինակին տված հարցազրույցում բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ փորձագետները բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ հանդիպումներում բարձրաձայնել են 2016 թ. 4-օրյա պատերազմի մարտերի պաշտպանական բնույթի վերաբերյալ մտահոգությունները:

(18) Ingilizian M., 2018. Azerbaijan Pushes into Nakhichevan Borderlands. https://www.bellingcat.com/news/rest-of-world/2018/11/08/azerbaijan-pushes-nakhichevan-borderlands/ (բառնման օրը` 12.02.2024):

(19) Chapter 4 Abrahamyan E., Ingilizian M., ‘44-Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում):

(20) Փաշինյանի մեղադրական խաղը տեսնելու համար https://hetq.am/en/article/125051 (12.02.2024):

(21) Հեղինակի հետ հարցազրույցը բարձրաստիճան պաշտոնյայի հետ նկարագրում է խորքային խնդիրները որպես կառուցվածքային, այլ ոչ թե քաղաքական կամ անհատական: Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ երկրորդ հարցազրույցը նույնպես նկարագրել է ձախողումների նրբությունները որպես համակարգային, այլ ոչ թե կուսակցական փոխկապակցված: Այս տեսակետը եղել է կոնսենսուսային բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներում:

(22) Հայացք 44-օրյա պատերազմի երկու հետաքննությունների հակառակ տեսակետին. https://armenianweekly.com/2022/04/06/equipping-armenia-to-defend-itself/ (բեռնման օրը` 29.03.2024): Չնայած այս հոդվածը հրապարակվել է մինչև 44-օրյա պատերազմի վերաբերյալ հետագա հետազոտության եզրակացությունները, կարելի է ներել հեղինակին, սակայն այն ընդգծում է, թե ինչպես են իրենց հետևում հետազոտություններ չունեցող կարծիքները հաճախ օգտագործվում կուսակցական քաղաքականությանը աջակցելու համար խոսույթներ ստեղծելու նպատակով:

(23) Ե. Աբրահամյանը Հայաստանի ղեկավարության քայլերը դիտարկում է որպես կապիտուլյացիա, այլ ոչ թե որպես 2020 թ. պատերազմից հետո բանակցությունների խաղացող. https://www.youtube.com/ watch?v=gg -Yi6BHJKY&t=800s (բեռնման օրը` 29.03.2024):

(24) https://mirrorspectator.com/2024/02/01/defining-nation-and-state/ (բեռնման օրը` 19.02.2024):

(25) Հայացք Չինաստանից ռազմական վարկով դիվերսիֆիկացնելու Հայաստանի ձախողված փորձին. https://www.cacianalyst.org/publications/analytical-articles/item/13491-russian-loan-allows-armenia-to-upgrade-military-capabilities.html?tmpl=component&print=1 (բեռնման օրը` 28.03.2024):

(26) Abrahamyan E, Ingilizian M, ‘44-Day War Report’, Գլուխ 4-ը չհրապարակված զեկույցում (2024 թ.՝ առաջիկայում) ուրվագծում է հեռահար զենքի բացակայությունը` որպես 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության հիմնական գործոն: Տես գծապատկերը, որը ցույց է տալիս, թե ինչպես է ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին գերազանցում Հայաստանին վաճառվողին: https://postimg.cc/zyrRCwPh (բեռնման օրը` 25.03.2024): Տես https://www.sipri.org/databases/armstransfers տվյալների բազան` ստուգելու ԱդրՀ-ին վաճառված Smerch՝ 44-օրյա պատերազմում օգտագործված ամենաարդյունավետ հեռահար սպառազինության համակարգերի քանակը` համեմատած ՀՀ-ի թվերի հետ (բեռնման օրը` 25.03.2024):

(27) Հեղինակի հարցազրույցը բարձրաստիճան սպայի հետ նկարագրում է, թե Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության սահմանափակումն ինչ հետևանքներ ունեցավ:

(28) Հայացք Ռուս-հայկական միացյալ ուժերի ստեղծմանը (անգլ.): https://www.armenpress.am/eng/news/854011/eng/ (բեռնման օրը` 25.03.2024): Abrahamyan, E. The Central Asian Caucasus Analyst 2016. Russia and Armenia Establish Joint Ground Forces. https://www.cacianalyst.org/publications/analytical-articles/item/13416-russia-and-armenia-establishjoint-ground-forces.html (բեռնման օրը` 25.03.2024):

(29) Փաշինյանի խոստովանությունը տեղական Քննչական կոմիտեին տված հարցաքննության ընթացքում ընդգծում է այն վերաբերմունքը, որ գոյություն ուներ բազմավեկտոր քաղաքականություն վարելու նկատմամբ մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը. https://www.youtube.com/watchv=YiM1Cl4V6Ow (բեռնման օրը` 02.03.2024):

Նաև հեղինակի` Քննչական կոմիտեի անդամի հետ վարած հարցազրույցում, ով ցանկացել է անանուն մնալ, նկարագրվում է, որ 44-օրյա պատերազմի պարտությանը նպաստող գործոններից մեկը միավեկտոր քաղաքականությունն էր, որը սահմանափակեց ռազմավարական միջպլատֆորմային համագործակցությունը այլ ռազմական գործընկերների հետ:

(30) 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի շուրջ քննարկումները տեղի հետաքննող խմբի անդամի հետ, ով ցանկանում է անանուն մնալ, եզրակացնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ եղել է հետազոտության պակաս և ներկայումս դեռ առկա է ռազմական և դոկտրինալ մոտեցումների տարբեր ոլորտներում:

(31) Տես Chapter 3 Air Force and Air Defense Performance for complacency Abrahamyan E, Ingilizian M, Kalayjian Z, ‘44-Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում):

(32) Հայացք Սերժ Սարգսյանի մեկնաբանություններին Քառօրյա պատերազմի վերաբերյալ իր վերաբերմունքի շուրջ (անգլ.). https://news.am/ eng/news/597630.html (բեռնման օրը` 04.03.2024թ.):

Կեղծն այստեղ վերաբերում է ռազմավարական մակարդակի հաղթանակին, որն, ըստ էության, էր ձախողում, ոչ թե՝ իրական մարտավարական մարտերի տեսանկյունից, որոնց շնորհիվ պահվում էին տարածքները կամ ետ գրավվում դիրքերը: Abrahamyan E, Ingilizian M, ‘44-Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում) Գլուխ 4.

(33) Abrahamyan E, Ingilizian M, ‘44-Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում):

(34) Chapter 3 Air Force and Air Defense Performance Abrahamyan E, Ingilizian M, Kalayjian Z, ‘44-Day War Report’, չհրապարակված զեկույց (2024 թ.՝ առաջիկայում):

(35) Patterson, Molly; Monroe, Kristen Renwick (1998-06-01). “Narrative in political scienceAnnual Review of Political Science. 1 Polletta, Francesca; Callahan, Jessica (2017). “Deep stories, nostalgia narratives, and fake news: Storytelling in the Trump era”. American Journal of Cultural Sociology.

(36) Ներկառուցված հրամանների օրինակ. https://www.nlpworld.co.uk/nlp-glossary/e/embedded-command/#:~:text=An%20NLP%20Embedded%20Command%20is,by%20voice%2C%20and%20or%20gesture (բեռնման օրը` 03.03.2024):

(37) Ռուսաստանի դենացիֆիկացիայի խոսույթը. https://www.nbcnews.com/think/opinion/ukraine-has-nazi-problem-vladimir-putin-s-denazification-claim-war-ncna1290946 (բեռնման օրը`03.03.2024):

(38) Tarapore, A. Australia Is Not On The Fence Between Australia and China 2018. [Online] https://warontherocks.com/2018/01/australia-not-fence-america-china/, Example of Revisionist. https://apnews.com/article/us-philippines-blinken-marcos-south-china-sea-0c39aa94e32469f3d608561 c2c0f167c (բեռնման օրը` 03.03.2024):