Սեղմագիր
2020 թ. Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից, ինչպես նաև 2023-ին սեփական հայրենիքից արցախահայերի բռնի տեղահանումից հետո Հարավային Կովկասում կտրուկ փոխվել է ստատուս քվոն։ Թուրքիան տարածաշրջանում դիրքավորվել է որպես լիիրավ դերակատար, որը կարողանում է հակակշռել Ռուսաստանին, իսկ վերջինս ստիպված է ավելի շատ հաշվի նստել թուրք-ադրբեջանական գործոնի հետ։ Վերջին տարիների իրողությունը և դրա համատեքստում Վրաստան–Թուրքիա հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար որքան մտահոգիչ, այնքան էլ ուշադիր հետևելու, ճիշտ դիրքավորվելու և համապատասխան եզրակացություններ անելու խնդիր է։
Հոդվածում հայ-վրացական հարաբերությունների պահպանման, զարգացման համատեքստում ուսումնասիրվել են վրաց-թուրքական հարաբերությունների ռազմական, անվտանգային ասպեկտները, դրանցից բխող մարտահրավերները։ Փորձ է արվել ներկայացնել, թե ինչ գործոններ են ձևավորում, հաճախ կախվածություն առաջացնում վրաց-թուրքական ռազմավարական հարաբերություններում։
РАЗВИТИЕ И ПЕРСПЕКТИВЫ
ГРУЗИНО–ТУРЕЦКИХ ВОЕННЫХ ОТНОШЕНИЙ
Меликсетян А. М.
Аннотация
После крупномасштабного конфликта, инициированного Азербайджаном в Арцахе в 2020 г., а также насильственного изгнания арцахских армян с их родины в 2023 г., геополитический ландшафт региона Южного Кавказа претерпел глубокую трансформацию. Турция заявила о себе как о значимом игроке в регионе, способном уравновесить российское влияние. России, в свою очередь, приходится больше учитывать турецко–азербайджанский фактор. Реальность последних лет и динамика грузино-турецких отношений в ее контексте является предметом беспокойства Армении, а также предметом внимательного наблюдения, правильного позиционирования и принятия соответствующих выводов.
В статье рассматриваются военные аспекты и аспекты безопасности грузино–турецких отношений и возникающие в результате проблемы для Армении. В ней также исследуются факторы, формирующие стратегическую взаимозависимость между Грузией и Турцией.
GEORGIAN–TURKISH MILITARY RELATIONS:
DEVELOPMENT AND PROSPECTS
Meliksetyan H. M.
Summary
Following the large-scale conflict initiated by Azerbaijan in Artsakh in 2020, alongside the forced displacement of Artsakh Armenians from their homeland in 2023, the geopolitical landscape of the South Caucasus region has undergone profound transformation. Turkey has asserted itself as a significant stakeholder in the area, capable of balancing Russian influence. Russia, in its turn, has to take into account the Turkish–Azerbaijani factor more. The evolving dynamics in recent years, coupled with the evolving relationship between Georgia and Turkey, have become a subject of considerable concern and strategic scrutiny for Armenia.
There are examined the military and security dimensions of the Georgian–Turkish relationship and the resulting challenges for Armenia in the article. It also explores the factors shaping the strategic interdependence between Georgia and Turkey.
ՎՐԱՑ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Վրաստան-Թուրքիա հարաբերությունները ռազմավարական են։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթը կողմերն ստորագրել են 1992 թ-ին։ Թուրքիան 2007 թ.-ից Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, ինչպես նաև ամենաշատ ներդրում կատարող երկրներից։ Ռազմավարական դիրքի շնորհիվ Վրաստանն առանձնահատուկ տեղ ունի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Այն կարևոր կամուրջ է Թուրքիա–Ադրբեջան և Թուրքիա–Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Բացի այդ, Վրաստանն առանցքային դերակատարում ունի Կասպից ծովից էներգետիկ ռեսուրսների տարանցման հարցում։ Կողմերին կապում է նաև սևծովյան անվտանգության հարցը։ Թուրքիան, իր հերթին, Վրաստանի համար հնարավորություն է դեպի Եվրոատլանտյան ինտեգրացիան, ինչպես նաև Ռուսաստանին հակակշռելու և այդ երկրից կախվածությունը նվազեցնելու համար։ Վրաց–թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ ակտիվ է նաև Վրաստան–Ադրբեջան–Թուրքիա ձևաչափը։ Այս աշխատությունում փորձ է արվել ներկայացնել Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության առանցքային կողմերը, թուրքական ռազմական աջակցության ծավալն ու պաշտպանական ոլորտում երկկողմ/եռակողմ համագործակցության ուղղությունները։ Ներկայացվել է նաև ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին Թուրքիայի դերակատարումը։ Հաշվի առնելով Հարավային Կովկասում համագործակցության նման ծավալը՝ փորձ է արվել վերհանել Հայաստան–Վրաստան հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությունն ու սպառնալիքները։
Վրաստան–Թուրքիա ռազմական համագործակցությունը,
թուրքական ռազմական աջակցությունը
Վրաստանը ԽՍՀՄ փլուզումից և իր անկախացումից հետո փորձում էր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում անկախություն ունենալ Ռուսաստանից և ակտիվորեն փնտրում էր նոր գործընկերներ՝ ռազմատեխնիկական ոլորտը զարգացնելու համար։ Դեռ 1990-ականներից պաշտոնական Թբիլիսին ակտիվորեն դիտարկում էր ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում նոր գործընկերների հնարավորությունը։ Ստեղծված իրավիճակում ռուսական ազդեցությունը նվազեցնելու հարցում Վրաստանին սկսեցին օգնել ԱՄՆ-ն ու Թուրքիան։
Վրաստան–Թուրքիա ռազմական համագործակցության հիմքը դրվել է 1996-ին, երբ կողմերը ստորագրել են զորավարժությունների, տեխնիկայի և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր(3)։ Այդ ժամանակ թուրք զինվորականները փորձի փոխանակում պիտի կատարեին Վրաստանի ԶՈւ-ի համար։ Իսկ արդեն 1997-ին կնքվել է ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա էլ 1998-ին ստորագրվել է ռազմական դրամաշնորհի մասին համաձայնագիր(4)։ Ըստ դրա՝ Թուրքիան Վրաստանին դրամաշնորհի շրջանակներում հատկացրել է 2.755.500 թուրքական լիրա: Միջազգային մամուլում առկա հրապարակումների համաձայն այդ դրամաշնորհը կազմել է 5,5 մլն ԱՄՆ դոլար, որն օգտագործվել է 2005 թ-ից(5)։ Նշվում է, որ այդ գումարով կառուցվել են Վրաստանի Միացյալ ռազմական ակադեմիայի մարզադահլիճը, Գորիի ուսումնական կենտրոնի էլեկտրոնային հրաձգարանը, արվել են ենթակառուցվածքային այլ բարեփոխումներ։
1998–2004 թթ. Թուրքիան Վրաստանին հատկացրել է 37,4 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։ Ըստ ռուսական աղբյուրների՝ Jane’s Sentinel Security Assessment, Russia and the CIS 2006 թ. տարեգրքում նշվել է, որ 2003 թ.-ից սկսած Թուրքիայի ռազմական օգնությունը ծավալներով զիջել է միայն ԱՄՆ-ին(6): Աջակցությունն ուղղվել է Վրաստանի պաշտպանության նախարարության, զինված ուժերի բարեփոխումներին, ենթակառուցվածքների բարելավմանը, անձնակազմի վերապատրաստմանը, համատեղ զորավարժություններին։ Թուրքական օգնությունը տարիներ շարունակ հատկացվել է ոչ միայն ՊՆ-ին, այլ նաև՝ ՆԳՆ-ին։
Թուրքիայի արտահանողների միությունն ամսական և տարեկան հրապարակում է երկրի արտահանման ծավալներն ու արտադրանքի տեսակները, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մասով։ Վերջին տարիներին Վրաստան արտահանվող ռազմական նշանակության արտադրանքի ծավալներն էապես աճել են։ 2023 թ. Թուրքիան արտահանել է 5,5 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմական արտադրանք 147 երկիր, այդ թվում՝ Վրաստան(7)։ Թուրքիայի արտահանողների միության կայքում դեռ 2023 թ. հուլիսին նշվել էր, որ «հասել են արտահանման ամենաբարձր մակարդակի դեպի 5 երկիր, այդ թվում՝ Բուլղարիա, Վրաստան, Լիտվա»(8)։
Հարկ է նշել, որ դեպի Վրաստան արտադրանքի ծավալները կտրուկ մեծացել են 2019 թ.-ից, երբ դեկտեմբերի 25-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայում հանդիպել էր այդ երկրի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ(9)։ Կողմերը Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների անունից ստորագրել էին ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագիր։ Լոգիստիկ աջակցության մասին համաձայնագրով թուրքական կողմը Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացրել է 100 մլն թուրքական լիրա (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) դրամաշնորհ։
Արդեն 2020 թ. փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն, ի թիվս այլ համաձայնագրերի և համագործակցության ձևաչափերի, ներկայացրել էր նաև «Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը(10)։ Նախարարի տեղակալը հայտնել էր, որ համաձայնագրով նախատեսված գումարը բաշխվելու և օգտագործվելու է 5 տարվա ընթացքում։ Վրացական կողմը գրավոր ձևով ծանուցելու է Թուրքիային առաջնային համարվող նախագծի մասին, որից հետո թուրքական կողմը Վրաստանին ներկայացնելու է, թե որքան գումար է հատկացնելու դրա համար։ Համաձայնագիրը կատարելու են Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները։
2020 թ. մարտի 2-ին Ռատի Բրեգաձեն նույն համաձայնագիրը ներկայացրել էր նաև խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ընթացքում(11)։ Խորհրդարանի հաղորդագրությունում նշվել էր, որ 100 մլն թուրքական լիրայի շրջանակներում արդիականացվելու է Մառնեուլիի ռազմական աերոդրոմը(12), գնվելու են ապրանքներ և իրականացվեն տարբեր ծառայություններ։ Ինչ վերաբերում է արդիականացման մասին հավելյալ տեղեկությանը, ապա պետք է նշել, որ դեռ 2019 թ. դեկտեմբերի 14-ին (նախարարի Թուրքիա այցելությունից 10 օր առաջ) Մառնեուլիում տեղակայված խառն ավիացիոն բազա էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարն ու պաշտպանության ուժերի հրամանատարը(13)։ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունն այն ժամանակ հայտնել էր, որ իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ «Այժմ բազայի տարածքում կառուցվում է մարզադահլիճ, վերանորոգվում են օդաչուների կացարաններն ու պահակակետերը», – նշված էր հաղորդագրությունում։ Հաղորդվում էր նաև, որ 2019 թվականի համեմատ 4 անգամ ավելի՝ 100 մլն լարի է ծախսվելու ենթակառուցվածքների ծրագրերի վրա։
Հաշվի առնելով վերոնշյալ դրամաշնորհի չափը և նախկինում թուրքական գումարով թուրքական արտադրանք գնելու օրինակները՝ կարելի է ենթադրել/չբացառել, որ 2020 թ. առաջին եռամսյակում թուրքական ռազմական նշանակության արտադրանքի Վրաստան արտահանման ծավալների աճը կարող է փոխկապակցված լինել 100 մլն լիրա (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) դրամաշնորհին։
Հատկանշական է, որ Վրաստանն ու Թուրքիան համագործակցում են նաև ռազմական բժշկության ոլորտում։ 2023-ին Վրաստանի ՊՆ-ն և Թուրքիայի միջազգային հոսպիտալը հուշագիր են ստորագրել, որով Գորիում տեղակայված զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը կվերապատրաստվի(14)։ Նույն թվականին մեկ այլ հուշագիր է կնքվել Թուրքիայի ամենամեծ MLP Care հիվանդանոցային ցանցի հետ, ըստ որի՝ վրացի զինծառայողներին և ՊՆ քաղաքացիական անձնակազմին մատուցվելու են բարձրակարգ ծառայություններ, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվելու Գորիի զինվորական հոսպիտալի անձնակազմի համար(15)։
Ենթակառուցվածքների բարելավում, ռազմական,
ինժեներական տեխնիկայի տրամադրում
Ենթակառուցվածքների բարելավման օրինակներից ամենացայտունը հենց Մառնեուլիի ավիաբազան է։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ավիաբազայի վերանորոգման, արդիականացման համար հատկացումներ եղել են դեռ 1999 թ.-ից։ 1999 թ. նոյեմբերի 17-ին Թբիլիսիում ստորագրվել է վրաց-թուրքական արձանագրություն՝ Վրաստանին 2.1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ։ Վերոնշյալ գումարով զինված ուժերի արդիականացման 8 ծրագիր պետք է իրականացվեր, այդ թվում՝ Մառնեուլիի ռազմական ավիաբազայի արդիականացումը։ 2000 թ. հոկտեմբերի 17-ին Վրաստանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն ստորագրել էին «Մառնեուլիի աերոդրոմի արդիականացման և շահագործման մասին» արձանագրություն, որի շրջանակներում թուրքական կողմը 1.125 մլն ԱՄՆ դոլար էր հատկացրել(16)։ Գումարի դիմաց վրացական կողմը պարտավորվել էր 5 տարի ժամկետով ապահովել թուրքական ինքնաթիռների անվճար և անհերթ սպասարկումը։ Նշվում էր, որ այդ նպատակով Մառնեուլիում ծառայություն էր իրականացնելու թուրք զինծառայողների մի խումբ։
Թուրքիան նույն ավիաբազայի արդիականացման համար 3 մլն ԱՄՆ դոլար էլ հատկացրել էր 2004-ին։ Ավիաբազան և աերոդրոմը, սակայն, զգալիորեն վնասվել էին 2008 թ. վրաց–ռուսական պատերազմի ժամանակ։
«Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում թուրքական կողմը շարունակում է Վրաստանի Պաշտպանության ուժերին (ՊՈւ) մաս-մաս փոխանցել տարատեսական ինժեներական տեխնիկա(17)։ 2022 թ. hունվարի 29-ին վրացական կողմին հանձնվել են հատուկ տեխնիկա և սարքավորումներ՝ Մառնեուլիում տեղակայված ավիաբազայի նյութատեխնիկական հնարավորությունները զարգացնելու համար։ Փոխանցվել են 11 միավոր բեռնատար մեքենա, 2 միավոր միկրոավտոբուս, 2 միավոր տրակտոր և այլ տեխնիկական միջոցներ։ Դա համաձայնագրի շրջանակներում 2-րդ փոխանցումն էր, որի արժեքը 597.722,96 հազար ԱՄՆ դոլար է։ Առաջին փոխանցումն արվել է 2021 թ. ապրիլի 12-ին։ Ըստ հրապարակված տեսանյութի և լուսանկարների՝ թուրքական կողմը փոխանցել էր Ford մակնիշի 2 մարդատար մեքենա, 2 փոքր չափի ամբարձիչ և մի քանի այլ սարքավորում(18)։
Հարկ է նշել, որ Մառնեուլիի ավիաբազայից բացի, տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է հատկացվել նաև Վազիանիում տեղակայված ռազմաբազային։ 2002 թ-ին Թուրքիան 1,5 մլն ԱՄՆ դոլար էր հատկացրել և վերանորոգել նախկինում որպես ռուսական բազա ծառայած Վազիանիի ռազմաբազան։ Այն ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թևզաձեն հայտարարել էր, թե «Մարդ պետք է շատ ուժեղ երևակայություն ունենա, որպեսզի մեր գտած կմախքներից առարկա ստանա», նշելով նաև, թե «Թուրքիայի զոհաբերության թիկունքում ուժեղ և ինքնուրույն Վրաստանն է»(19)։ 2002 թ.-ին բազայի վերաբացման ժամանակ թուրքական կողմը հայտարարել էր նաև, որ արդեն վերապատրաստվել է 1.434 վրացի զինծառայող, ևս 139-ը դեռ ուսուցման փուլում է։ Մեկ տարի անց էլ՝ 2003 թ-ին, Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատարը Վազիանիի ռազմաբազայում վրացական կողմին էր հանձնել 5 բեռնատար և Land Rover ապրանքանիշի 5 ավտոմեքենա։ Թուրք զինվորականը նշել էր, որ Վրաստանին տեխնիկական և ֆինանսական օգնությունը միտված է վրացական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելուն(20)։
Ինչ վերաբերում է ինժեներական տեխնիկայի տրամադրմանը, ապա թուրքական կողմը պարբերաբար Վրաստանին է նվիրում ինժեներական տարատեսակ միջոցներ։ Վերջին տարիների պատկերը հետևյալն է՝ 2020 թ. նոյեմբերի 27-ին Վազիանիում թուրքական կողմը Վրաստանին է փոխանցել 5 մլն ԱՄՆ դոլարի ինժեներական տեխնիկա, այդ թվում՝ 12 միավոր տրակտոր և 35 ավտոբուս(21): 2021-ի տարբեր ամիսների Վրաստանին է փոխանցվել տեխնիկական սպասարկման մեքենաներ, լազերային հեռաչափներ, 8,5 մետրանոց ավտոբուսներ, ինժեներական մի շարք սարքավորումներ։ 2022 թ. հունվարին թուրքական կողմը Վրաստանին դարձյալ նվիրել է տրակտորներ, մեքենաներ, խոտ կտրող մեքենաներ և այլ տեխնիկա(22)։
Թուրքական արտադրության ռազմական տեխնիկան
Վրաստանի Պաշտպանության ուժերի հաշվեկշռում
Տարբեր տարիների վրացական բանակի հաշվեկշիռը համալրվել է ինչպես արտասահմանյան, այնպես էլ՝ հենց թուրքական արտադրության տեխնիկայով։ 2001 և 2007 թթ. Թուրքիան Վրաստանին է փոխանցել Bell UH-1 Iroquois տեսակի ուղղաթիռներ, իսկ 2022-ին էլ մատակարարել դրանց տարատեսակ պահեստամասեր(23)(24)։
«Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) բաց տվյալներով 1998-2024 թթ. Թուրքիան Վրաստանին է փոխանցել նաև՝
- 1998 թ. – 1 միավոր պարեկային նավ,
- 2008 թ. – 100 միավոր Cobra զրահամեքենա,
- 2009 թ. – 70 միավոր Ejder զրահամեքենա,
- 2009 թ. – 2 միավոր MRTP-33 պարեկային նավ:
SIPRI-ն հայտնել է նաև, որ 2024-ի մարտին նախատեսվում է 46 միավոր Vuran զրահամեքենայի տրամադրում։ Սոցցանցերում վրացի օգտատերերը արդեն 2024 թ. փետրվարի 10-ին տեսանյութեր էին հրապարակել, թե ինչպես են ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Վրաստանում տեղափոխում թուրքական Vuran զրահամեքենաների որոշակի խմբաքանակ(25)։ Մի քանի օր անց՝ փետրվարի 16-ին, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին այցելել է Վազիանիում տեղակայված ՊՈւ Արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի զորամաս(26), որտեղ, ի թիվս իսրայելական Wolf-ի և վրացական Didgori-ների, ցուցադրված է թուրքական տեխնիկան։
Պաշտոնական հաղորդագրություն տեխնիկայի ստացման մասին դեռևս չի հրապարակվել։ Չի բացառվում, որ պաշտոնական հաստատում կարող է լինել ամբողջ խմբաքանակի ստացումից հետո։
Եռակողմ ռազմաքաղաքական համագործակցություն
2024 թ. մարտի 15-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով հանդիպում, որտեղ քննարկվել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային հարցեր։ Կարևորվել է մոտ ապագայում Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի ամբողջական շահագործումը(27)։ Նշենք, որ ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ պարբերական հանդիպումների ձևաչափին հիմք է դրվել 2012-ին՝ Տրապիզոնում, որտեղ կողմերը ստորագրել են «Տրապիզոնի հռչակագիրը»(28)։ 2 տարի անց արտգործնախարարների հանդիպումների ձևաչափին ավելացավ նաև պաշտպանության նախարարների, իսկ հետո նաև ԶՈւ ԳՇ պետերի մակարդակով հանդիպումները։ ՊՆ նախարարների հանդիպումների ձևաչափի հաստատումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ «Եռակողմ հանդիպումները կարևոր են Հարավային Կովկասում խաղաղություն և հավասարակշռություն պահպանելու գործում», իսկ Վրաստանի պաշտպանության նախարարն էլ նշել էր, որ այն որևէ կերպ ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Արդեն 2018-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում պաշտպանության նախարարները ստորագրել էին Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագիր։
Հարկ է նշել, որ վրաց-թուրքական երկկողմ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերություններին զուգընթաց դեռ 2000-ականների կեսերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ու Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարի շահագործմամբ հող էր նախապատրաստվել Վրաստան–Ադրբեջան–Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցության համար(29)։ Նշված ենթակառուցվածքների պաշտպանության համար կողմերը սկսեցին 2006 թ-ից իրականացնել Eternity («Հավերժություն») վարժանքները, որի բուն նպատակն է սպառնալիքի դեպքում ապահովել նավթամուղի անվտանգությունը։ Ամենամյա հրամանատարաշտաբային զորավարժություններն իրականացվում են ռոտացիոն հիմունքներով։ Տարբեր տարիների հայտարարված սցենարներով խաղարկվում են ճգնաժամային իրավիճակներում նավթատարի պաշտպանության նպատակով բազմազգ բրիգադի համատեղ շտաբի ստեղծման, կառավարման առաջադրանքներ։
2009 թ.-ից վերոնշյալ երկրների հատուկ նշանակության ուժերի զինծառայողները մասնակցում են «Կովկասյան արծիվ» զորավարժություններին։ Վարժանքներին ներգրավվում են ինչպես ցամաքային ուժեր, այնպես էլ՝ ավիացիա։ Ավանդաբար վարժանքներին ամենամեծ թվով մասնակցություն ունենում է Թուրքիան։ Առաջին անգամ «Կովկասյան արծիվ»-ը Վրաստանում անցկացվել է 2017-ին(30), մինչ այդ իրականացվում էր միայն Թուրքիայում։
Թուրքիայի դերը Վրաստան–ՆԱՏՕ հարաբերություններում
և Վրաստանի հնարավոր անդամակցությունը
Հարավային Կովկասում Վրաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներից է, ով տևական ժամանակ սպասում է անդամակցությանը եվրոատլանտյան դաշինքին։ Ի տարբերություն եվրոպական առաջատար երկրների, որոնք տարատեսակ պատճառաբանություններով անորոշ ժամանակով հետաձգում են Վրաստանին Անդամակցության գործողությունների պլան կամ անդամակցություն շնորհելու գործընթացը, հարևան Թուրքիան լծվել է Վրաստանի շահերի պաշտպանությանը։ 2024 թ. մարտի 15-ին Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը «շարունակում է աջակցել» եվրոատլանտյան կառույցներին Վրաստանի հետագա անդամակցությունը(31)։ Տարիներ առաջ՝ 2020 թ.-ին, Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «չի հասկանում, թե ինչու Վրաստանին չեն հրավիրում կամ չեն ակտիվացնում Գործողությունների պլանն անդամակցելու համար»։ «Մեր արևմտյան գործընկերները չեն համաձայնում հրավիրել Վրաստանին, որովհետև չեն ուզում հրահրել Ռուսաստանին։ Բայց Վրաստանը մեր կարիքն ունի, իսկ մենք՝ Վրաստանի նման դաշնակցի: Հետևաբար, մենք ընդարձակման կարիք ունենք, և Վրաստանը պետք է անդամ դառնա»,– հայտարարել էր Չավուշօղլուն(32)։ Նա նմանատիպ հայտարարություն արել է նաև 2016-ին՝ Դաշինքի Վարշավայի գագաթնաժողովից առաջ։ Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի անդամակցությանը և գագաթնաժողովում անպայման բարձրացնելու է այդ հարցը(33)։
Հարկ է նշել, սակայն, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի խանդավառությունն էականորեն նվազել է, թեև պաշտոնական Թբիլիսին շարունակում է հավատարիմ մնալ եվրոատլանտյան անդամակցության հեռանկարին, իսկ հանրության շրջանում պարբերաբար իրականացվող հետազոտություններում Դաշինքին անդամակցել ցանկացողների թիմը շարունակում է բարձր մնալ։ Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Թբիլիսիի հիասթափության պատճառներից մեկը նաև ռուս–ուկրաինական պատերազմի համատեքստում Արևմուտքի վարած քաղաքականությունն է։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա դրա օրինակներից մեկը Կոսովոյում խաղաղապահ առաքելությունն էր։ 1999–2008 թթ. վրացի զինծառայողները թուրքական հրամանատարության ներքո ՆԱՏՕ-ի զորախմբի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացրել Կոսովոյում։ Թուրքական կողմն անմասն չէ նաև Վրաստան–ՆԱՏՕ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման հարցում։ 2016 թ.-ից 3 տարին մեկ անգամ Վրաստանում անցկացվող Վրաստան–ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժության պլանավորման, գնահատման փուլերին աջակցում է Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղակայված Դաշինքի ցամաքային ուժերի հրամանատարությունը(34)։ 2022-ին, սակայն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ առաջին անգամ պլանավորման և գնահատման բոլոր փուլերն իրականացվել են վրացի զինծառայողների կողմից՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հետևել են ամբողջ ընթացքին։
Թուրքիան, ինչպես ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, 2008 թ.-ից հանդիսանում է նաև ՆԱՏՕ–Վրաստան հանձնաժողովի (NGC) անդամ։ Այս հանձնաժողովը քաղաքական խորհրդակցությունների և գործնական համագործակցության հարթակ է, որի նպատակը Վրաստանին անդամակցության նախապատրաստելն է։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը 1990-ականներին, հետո նաև 2000-ականներին հիմք ստեղծեցին հետագա ռազմավարական հարաբերությունների համար։ Տնտեսական, էներգետիկ, տարանցիկության բաղադրիչին 2008 թ. ռուս–վրացական պատերազմից հետո էապես ավելացավ նաև անվտանգության ապահովման, եվրոատլանտյան ինտեգրման և սեփական բանակը զարգացնելու հարցը։ Վրաստանի պետական և անվտանգային շահի տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ Սակայն սա չի նշանակում, որ Վրաստանը փոխադարձաբար պակաս կարևոր է Թուրքիայի համար։ Երկկողմ այս համագործակցությունը հատկապես կարևորվում է ռուս–ուկրաինական պատերազմի ֆոնին՝ ռուսական նվազող ազդեցությանը հակակշիռ ստեղծելու տեսանկյունից։ Թե՛ Թուրքիային, թե՛ Վրաստանին ձեռնտու է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է ենթադրել, որ առաջիկա տարիներին Վրաստանն ու Թուրքիան կխորացնեն ռազմատեխնիկական, ռազմաարդյունաբերության և ռազմական բժշկության ոլորտներում։
Մարտահրավերներ, ազդեցությունը Հայաստան–Վրաստան հարաբերությունների վրա
- Տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացումը հանգեցնելու է Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։ Հաշվի առնելով ՀՀ աճող տնտեսական կախվածությունը ՌԴ-ից՝ դա կարող է հանգեցնել հավելյալ ռիսկերի։
- Վրաց-թուրքական հարաբերությունների հետագա խորացումը հայ–ադրբեջանական հնարավոր բախման դեպքում կարող է նաև խոչընդոտել դեպի Հայաստան զենքի մատակարարումներին:
- Վրաց–թուրքական ռազմական համագործակցության խորացման և դրա արդյունքում Թուրքիայի՝ Վրաստանում ազդեցության լծակների ավելացումը կարող է հանգեցնել Վրաստանի՝ ավելի ընդգծված ադրբեջանամետ և թուրքամետ արտաքին քաղաքականությանն ընդդեմ Հայաստանի:
- Վրաստանի` Թուրքիայի և Ադրբեջանի հետ աճող ռազմական համագործակցությունը խոչընդոտում է ՀՀ հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Давтян Э., Трехстороннее военное сотрудничество Турции, Грузии и Азербайджана (ноябрь 2012 г. – май 2016 г.), http://www.old.ysu.am/files/04E_Davtyan_r.pdf
- Вооруженные Силы Грузии, https://www.military-informer.narod.ru/ Georgia.html (բեռնման օրը՝ 19.03.2024). https://www.military-informer.narod.ru/ Georgia.html
- Аэродром в Марнеули будут обслуживать турки, 05.07.2001, https://www.ng.ru/cis/ 2001-07-05/5_airport.html
- შეთანხმება საქართველოს მთავრობასა და თურქეთის რესპუბლიკის მთავრობას შორის სამხედრო წვრთნის, ტექნიკისა და მეცნიერების სფეროებში, https://www.matsne.gov.ge/ka/document/view/1207372?publication=0
- ხელშეკრულება საქართველოსა და თურქეთის რესპუბლიკას შორის სამხედრო გრანტის შესახებ, https://matsne.gov.ge/ka/document/view/3656625?publication=0
- International Affairs:A Russian Journal Vol. 44, No. 6/December 1998–January 1999, https://ciaotest.cc.columbia.edu/olj/iarj/iarj_99chs01.html
- Turkish defense industry sets new record with $5.5B in 2023 exports, 03․01․2024 https://www.dailysabah.com/business/defense/turkish-defense-industry-sets-new-record-with-55b-in-2023-exports
- New Record in Export: All-Time the Highest July Export, https://tim.org.tr/en/news-new-record-in-export-all-time-the-highest-july-export
- Turkey donates UH-1H spare parts, equipment to Georgia, 18․12․2022, https://1tv.ge/lang/en/news/turkey-donates-uh-1h-spare-parts-equipment-to-georgia/
- Georgia received a batch of BMC Vuran MRAPs from Turkey. Georgian MoD reported the purchase of 46 such MRAPs from Turkey last year, 10.02.2024, https://www.reddit.com/r/Sakartvelo/comments/1amxish/georgia_received_a_batch_of_bmc_vuran_mraps_from/?rdt=57522
- Turkish FM vows support for Georgia’s Euro-Atlantic integration, 15․03․2024, https://agenda.ge/en/news/2024/38268#gsc.tab=0
- Turkish foreign minister calls for enlarged NATO, Georgia membership, 23.01.2020, https://www.reuters.com/article/idUSKBN1ZM1HB/
- Turkey supports Georgia’s NATO membership, 17․02․2016, https://www.hurriyetdaily.com/turkey-supports-georgias-nato-membership-95342
- Azerbaijan-Georgia-Turkey Trilateral Foreign Ministerial Held in Baku, 15․03․2024, https://civil.ge/archives/587335
- Trilateral Ministerial Dialogue Mechanism was established among Turkey, Azerbaijan and Georgia, https://www.mfa.gov.tr/trilateral-ministerial-dialogue-mechanism-was-established-among-turkey-azerbaijan-and-georgia.en.mfa
- ირაკლი ღარიბაშვილი ოფიციალური ვიზიტის ფარგლებში თურქ კოლეგას შეხვდა, 25․12․2019, https://mod.gov.ge/ge/news/read/7676/irakli-garibashvili-oficialuri-vizitis-farglebshi-turq-kolegas-shexvda
- საგარეო ურთიერთობათა კომიტეტის სხდომა, 20.02.2020, https://www.facebook.com/parliamentgeo/posts/3774533209253336/ Վրաստանի խորհրդարանի կայքից նիստի վերաբերյալ նյութը հեռացված է, սակայն ՖԲ էջում դեռ պահպանվել են արձանագրությունից հատվածներ և հղումը իրենց կայքին:
- თავდაცვისა და უშიშროების კომიტეტის სხდომაზე სარატიფიკაციოდ წარმოდგენილი ხელშეკრულებები განიხილეს03.2020, https://www.facebook.com/parliamentgeo/posts/3809964462376877/?paipv=0&eav=AfYWyB19lDuX4NXKr-HznGFhPVySwxZwSiHeUUAc1Ue1fq2ziCSF9GzxM0f-o6E4TEA&_rdr Վրաստանի խորհրդարանի կայքից նյութը հեռացված է, իսկ ՖԲ էջում պահպանվել է միայն այդ նյութի հղումը։
- თავდაცვის მინისტრი შერეული საავიაციო ესკადრილიის მარნეულის საავიაციო რგოლის ბაზაზე იმყოფებოდა, 14․12․2019, https://mod.gov.ge/ge/news/read/7665/tavd acvis-ministri-shereuli-saaviacio-eskadriliis-marneulis-saaviacio-rgolis-bazaze-imyofeboda-
- საქართველოს თავდაცვის სამინისტროსა და თურქეთის აჯიბადემის საერთაშორისო ჰოსპიტალს შორის მემორანდუმი გაფორმდა05.2023, https://mod.gov.ge/ge/news/read/9041/saqartvelos-tavdacvis-saministrosa-da-turqetis-ajibademis-saertashoriso-hospitals-shoris-memorandumi-gaformda-
- თავდაცვის სამინისტროსა და თურქეთის საავადმყოფოთა ქსელ „მედიქალპარკს“ შორის მემორანდუმი გაფორმდა 03․06․2023, https://mod.gov.ge/ge/news/read/9085/tavdacvis-saministrosa-da-turqetis-saavadmyofota-qsel-mediqalparks-shoris-memorandumi-gaformda-
- თურქეთმა თავდაცვის ძალებს სპეციალური ტექნიკა გადასცა, 29․01․2022, https://mod.gov.ge/ge/news/read/8543/turqetma-tavdacvis-dzalebs-specialuri-teqnika-gadasca-
- თურქეთმა თავდაცვის ძალებს ახალი სპეციალური ტექნიკა გადასცა, 12.04.2021, https://mod.gov.ge/ge/news/read/8149/turqetma-tavdacvis-dzalebs-axali-specialuri-teqnika-gadasca
- ვაზიანის სამხედრო ბაზა თურქეთის დახმარებით გაიხსნა, 06․06․2002, https://civil. ge/ka/archives/127824
- თურქეთმა საქართველოს არმიას დახმარება გადასცა, 23.10.2003, https://civil.ge/ka/archives/130667
- თავდაცვის მინისტრი მე-4 ქვეით ბრიგადას ესტუმრა, 16․02․2024, https://mod.gov.ge/ge/news/read/9359/tavdacvis-ministri-me-4-qveit-brigadas-estumra
- „ნატო-საქართველოს სწავლება 2016“-ის დაგეგმვის ძირითადი ჯგუფის სამუშაო შეხვედრა გაიმართა, 25.07.2016, https://old.newposts.ge/?newsid=114910-%E1%83%
- საქართველო სამმხრივ საველე სწავლებას „კავკასიის არწივი 2017“ მასპინძლობს, 05.06.2017, https://civil.ge/ka/archives/187588
- Türkiye, Gürcistan Ordusuna 5 milyon dolarlık araç hibe etti, 27.11.2020, https://www.defenceturk.net/turkiye-gurcistan-ordusuna-5-milyon-dolarlik-arac-hibe-etti
- Türkiye’den Gürcistan ordusuna araç ve teknik ekipman hibesi, 28․01․2022, https://www.aa.com.tr/tr/dunya/turkiyeden-gurcistan-ordusuna-arac-ve-teknik-ekipman-hibesi/ 2488348
(1) Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–-2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–-2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–-2018 թթթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզուանգլիալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.–ից սկսած աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 19․03․2024 թ․։
(3) შეთანხმება საქართველოს მთავრობასა და თურქეთის რესპუბლიკის მთავრობას შორის სამხედრო წვრთნის, ტექნიკისა და მეცნიერების სფეროებში, https://www.matsne.gov.ge/ka/document/ view/1207372?publication=0 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(4) ხელშეკრულება საქართველოსა და თურქეთის რესპუბლიკას შორის სამხედრო გრანტის შესახებ, https://matsne.gov.ge/ka/document/view/3656625?publication=0 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(5) International Affairs: A Russian Journal Vol. 44, No. 6/December 1998–January 1999, https://ciaotest.cc.columbia.edu/olj/iarj/iarj_99chs01.html (բեռնման օրը՝ 19.03.2024).
(6) Вооруженные Силы Грузии, https://www.military-informer.narod.ru/Georgia.html (բեռնման օրը՝ 19.03.2024).
(7) Turkish defense industry sets new record with $5.5B in 2023 exports, 03.01.2024, https://www.dailysabah.com/business/defense/turkish-defense-industry-sets-new-record-with-55b-in-2023-exports (բեռնման օրը՝ 19.03.2024).
(8) New Record in Export: All-Time the Highest July Export https://tim.org.tr/en/news-new-record-in-export-all-time-the-highest-july-export (բեռնման օրը՝ 19.03.2024).
(9) ირაკლი ღარიბაშვილი ოფიციალური ვიზიტის ფარგლებში თურქ კოლეგას შეხვდა, 25.12.2019 https://mod.gov.ge/ge/news/read/7676/irakli-garibashvili-oficialuri-vizitis-farglebshi-turq-kolegas-shexvda (բեռնման օրը՝ 19.03.2024).
(10) საგარეო ურთიერთობათა კომიტეტის სხდომა, 20.02.2020, https://www.facebook.com/ parliamentgeo/posts/3774533209253336/ (բեռնման օրը՝ 19.03.2024): Վրաստանի խորհրդարանի կայքից նիստի վերաբերյալ նյութը հեռացված է, սակայն ՖԲ էջում դեռ պահպանվել են արձանագրությունից հատվածներ և հղումը իրենց կայքին:
(11) თავდაცვისა და უშიშროების კომიტეტის სხდომაზე სარატიფიკაციოდ წარმოდგენილი ხელშეკრულებები განიხილეს 02.03.2020, https://www.facebook.com/parliamentgeo/posts/3809964 462376877/?paipv=0&eav=AfYWyB19lDuX4NXKr-HznGFhPVySwxZwSiHeUUAc1Ue1fq2ziCSF9GzxM0f-o6E4TEA&_rdr (բեռնման օրը՝ 19.03.2024): Վրաստանի խորհրդարանի կայքից նյութը հեռացված է, իսկ ՖԲ էջում պահպանվել է միայն այդ նյութի հղումը։
(12) 2004 թ. թուրքական կողմը 3 մլն ԱՄՆ դոլար էր հատկացրել Մառնեուլիի աերոդրոմի վերակառուցման աշխատանքների համար։
(13) თავდაცვის მინისტრი შერეული საავიაციო ესკადრილიის მარნეულის საავიაციო რგოლის ბაზაზე იმყოფებოდა, 14.12.2019, https://mod.gov.ge/ge/news/read/7665/tavdacvis-ministri-shereuli-saaviacio-eskadriliis-marneulis-saaviacio-rgolis-bazaze-imyofeboda- (բեռնման օրը՝ 19.03.2024).
(14) საქართველოს თავდაცვის სამინისტროსა და თურქეთის აჯიბადემის საერთაშორისო ჰოსპიტალს შორის მემორანდუმი გაფორმდა 06.05.2023, https://mod.gov.ge/ge/news/read/9041/saqartvelos-tavdacvis-saministrosa-da-turqetis-ajibademis-saertashoriso-hospitals-shoris-memorandumi-gaformda- (բեռնման օրը՝ 19.03.2024).
(15) თავდაცვის სამინისტროსა და თურქეთის საავადმყოფოთა ქსელ „მედიქალპარკს“ შორის მემორანდუმი გაფორმდა 03.06.2023, https://mod.gov.ge/ge/news/read/9085/tavdacvis-saministrosa-da-turqetis-saavadmyofota-qsel-mediqalparks-shoris-memorandumi-gaformda- (բեռնման օրը՝ 19.03.2024).
(16) Аэродром в Марнеули будут обслуживать турки, 05.07.2001, https://www.ng.ru/cis/2001-07-05/5_airport.html (բեռնման օրը՝ 19.03.2024).
(17) თურქეთმა თავდაცვის ძალებს სპეციალური ტექნიკა გადასცა, 29.01.2022, https://mod.gov.ge/ge/ news/read/8543/turqetma-tavdacvis-dzalebs-specialuri-teqnika-gadasca- (բեռնման օրը՝ 19.03.2024).
(18) თურქეთმა თავდაცვის ძალებს ახალი სპეციალური ტექნიკა გადასცა, 12.04.2021, https://mod.gov.ge/ge/news/read/8149/turqetma-tavdacvis-dzalebs-axali-specialuri-teqnika-gadasca (բեռնման օրը՝ 19.03.2024).
(19) ვაზიანის სამხედრო ბაზა თურქეთის დახმარებით გაიხსნა, 06.06.2002, https://civil.ge/ka/ archives/127824 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(20) თურქეთმა საქართველოს არმიას დახმარება გადასცა, 23.10.2003, https://civil.ge/ka/archives/ 130667 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(21) Türkiye, Gürcistan Ordusuna 5 milyon dolarlık araç hibe etti, 27.11.2020, https://www.defenceturk. net/turkiye-gurcistan-ordusuna-5-milyon-dolarlik-arac-hibe-etti (բեռնման օրը՝ 19.03.2024).
(22) Türkiye’den Gürcistan ordusuna araç ve teknik ekipman hibesi, 28.01.2022, https://www.aa.com.tr/tr/ dunya/turkiyeden-gurcistan-ordusuna-arac-ve-teknik-ekipman-hibesi/2488348 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(23) 2019 թ. հունվարին պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիան հայտարարել էր, որ 2019 թ. արդիականացվելու է 7 միավոր ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ։ «Այս տարի մենք սկսել ենք արդիականացնել ուղղաթիռներ և բյուջեից հատկացրել ենք 23 մլն լարի (ավելի քան 8,6 մլն ԱՄՆ դոլար)»։
(24) Turkey donates UH-1H spare parts, equipment to Georgia, 18.12.2022, https://1tv.ge/lang/en/news/ turkey-donates-uh-1h-spare-parts-equipment-to-georgia/ (բեռնման օրը՝ 19.03.2024).
(25) Georgia received a batch of BMC Vuran MRAPs from Turkey. Georgian MoD reported the purchase of 46 such MRAPs from Turkey last year, 10.02.2024, https://www.reddit.com/r/Sakartvelo/comments/ 1amxish/georgia_received_a_batch_of_bmc_vuran_mraps_from/?rdt=57522 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(26) თავდაცვის მინისტრი მე-4 ქვეით ბრიგადას ესტუმრა, 16.02.2024, https://mod.gov.ge/ge/news/ read/9359/tavdacvis-ministri-me-4-qveit-brigadas-estumra (բեռնման օրը՝ 19.03.2024).
(27) Azerbaijan-Georgia-Turkey Trilateral Foreign Ministerial Held in Baku, 15.03.2024, https://civil.ge/ archives/587335 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(28) Trilateral Ministerial Dialogue Mechanism was established among Turkey, Azerbaijan and Georgia https://www.mfa.gov.tr/trilateral-ministerial-dialogue-mechanism-was-established-among-turkey-azerbaijan-and-georgia.en.mfa (բեռնման օրը՝ 19.03.2024).
(29) Давтян Э., Трехстороннее военное сотрудничество Турции, Грузии и Азербайджана (ноябрь 2012 г. – май 2016 г.) http://www.old.ysu.am/files/04E_Davtyan_r.pdf (բեռնման օրը՝ 19.03.2024).
(30) საქართველო სამმხრივ საველე სწავლებას „კავკასიის არწივი 2017“ მასპინძლობს, 05.06.2017, https://civil.ge/ka/archives/187588 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(31) Turkish FM vows support for Georgia’s Euro-Atlantic integration, 15. -.2024, https://agenda.ge/en/ news /2024/38268#gsc.tab=0https://agenda.ge/en/news /2024/38268#gsc.tab=0 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(32) Turkish foreign minister calls for enlarged NATO, Georgia membership, 23.01.2020, https://www.reuters.com/article/idUSKBN1ZM1HB/ բեռնման օրը՝ 19.03.2024).
(33) Turkey supports Georgia’s NATO membership, 17.02.2016, https://www.hurriyetdailynews.com/ turkey-supports-georgias-nato-membership-95342 (բեռնման օրը՝ 19.03.2024).
(34) „ნატო-საქართველოს სწავლება 2016“-ის დაგეგმვის ძირითადი ჯგუფის სამუშაო შეხვედრა გაიმართა, 25.07.2016, https://old.newposts.ge/?newsid=114910-%E1%83%9C%E1%83%90%E1%83%A2% E1%83%9D,%20%E1%83%A1%E1%83%90%E1%83%A5%E1%83%90%E1%83%A0%E1%83%97%E1%83%95%E1%83%94%E1%83%9A%E1%83%9D(բեռնման օրը՝ 19.03.2024).