Ուսում և Մշակույթ
Էդուարդ Բ. Աթանեսյան
1. Ուսման մասին
Ուսումը (կրթվելը)՝ աստվածաշնչյան պատգամ է:
Մարդը մշտապես ձգտել է գիտելիքին: Անգամ արգելված պտղի մասին աստվածաշնչյան դրվագն, ի թիվս այլ խնդիրների, արտացոլում է մարդու «հակվածությունը» նորն իմանալու, անճանաչելին հասկանալու հարցում: Ինչևէ, թե՛ անցյալում, և թե՛ ներկայումս դժվարությունը, շատ հաճախ, կայանում է ոչ թե գիտելիքը ստանալու, այլ դրան պատրաստ լինելու, այն յուրացնել կարողանալու մեջ: Ադամի և Եվայի պարագայում՝ բառի թե՛ բուն, և թե՛ փոխաբերական իմաստով: Ուսումն ու կրթությունը, լայն իմաստով, գիտելիքի համակարգումն է, պատճառահետևանքային կապերի ընկալումը, այլոց և սեփական փորձն ուսումնասիրելու, համեմատելու, վերլուծելու ունակությունը և կիրառումը կյանքում՝ անկախ տարիքից, ոլորտից և հարցադրումներից: Եվ եթե կենսաբանական վերարտադրությունը աշխարհ է բերում նոր մարդուն՝ նախնյաց ժառանգականությամբ և, միգուցե, խնդիրներով (կամ դրանց ավելացնելով նորերը), ապա կրթությունն ու ուսումը՝ մի ամբողջ հասարակություն վերարտադրելով, ունակ են այն դարձնել ավելի ուժեղ և կենսունակ՝ հաղթահարելով նախկինում եղած արատները: Ընտանիքի հետ միասին կրթությունը, լայն իմաստով, ձևավորում են այն միջավայրը, որի բացակայությունը հաղթահարելու համար պետությունը ստիպված է լինում արձագանքել՝ կալանավայրերի և հիվանդանոցների թիվն ավելացնելով:
Հայության համար կրթվելու պատգամը ծնեց Հայոց գրերի գյուտն ու աստվածաշնչյան առաջին իսկ հայատառ մտքով ամրագրեց մեր ազգի՝ հետագա 15 դարերի արհավիրքները վերապրելու բանաձևը. «Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը»(1): Իր ելակետային կարևորությունն ունեցած Գրերի գյուտը Պետականության և Եկեղեցու՝ հանուն իրենց ժողովրդի ջանքերի մեկտեղման և ռազմավարական պետական ծրագրի իրականացման փայլուն օրինակ է(2): V դարում նախաձեռնած պետական այդ ծրագրի ելքն ու արդյունքն այնքան մեծ էր, որ, ըստ Կորյունի, բավարարեց նաև հարևան Վիրքի և Աղվանքի համար այբուբենների կերտմանը:
Գրերի գյուտին Հայաստանում հաջորդեց, ինչպես այսօր կասեին՝ «կադրային անթերի քաղաքականությունն» ու հայ մտքի ակունքներում կանգնած երևելիների մի ամբողջ սերնդի կրթումն ու նախապատրաստումն իրենց լուսավորչական առաքելությանը: Ապա՝ թարգմանչական աշխատանքը, հոգևոր և աշխարհիկ կյանքի «հայաֆիկացումը», հայկական «Ոսկե դարի» սկիզբը, հայոց մեջ հանրակրթական և բուհական կրթահամակարգերի հիմքերի ներդրումը: Շեշտենք, որ Գրերի գյուտը բերեց երկրի աշխարհիկ իշխանության՝ մինչ այդ արամեերեն և հունարեն իրականացվող գրագրության «հայկականացում», (հայաֆիկացում) մի բան, որից այսօր հեռու ենք մենք՝ առօրյայում օտար և օտարալեզու օպերացիոն համակարգեր կիրառողներս:
Գրերի գյուտի և դրա հիման վրա ստեղծված ազգային կրթության համակարգի հիմքում երկու ելակետային բաղադրիչի՝ ժամանակի առաջատար փորձի ու ազգայինի մեկտեղումն էր: Դրա շնորհիվ է, որ հայությունը, չնայած իր մեջ ունեցած տարբեր «ազդեցության բևեռների», այնուամենայնիվ, չտարրալուծվեց տերություն–քաղաքակրթությունների մրցակցության բովում՝ շարունակելով ապրել և արարել իբրև ինքնուրույն և, շատ առումներով, ինքնաբավ ազգ: Վանական կրթարան-դպրոցներից սկիզբ առած համակարգը դեռ միջնադարում, Եվրոպայից ավելի շուտ ստեղծել է համալսարաններ, իսկ ազգային ազնվականության մայրամուտի շրջանում՝ նաև ստանձնել ազգի առաջնորդության ձևավորման գործը:
Այլոց առաջադեմ փորձի հիման վրա հայ դաստիարակելու և կրթելու բանաձևը պահանջված է նաև այսօր, որովհետև հիշյալ բաղադրիչներից որևէ մեկն անտեսելու դեպքում կամ դատապարտված ենք մասնագիտական ներուժ կրթել ուրիշների համար կամ էլ մեր նոր սերունդների գիտելիքները «փոխարինել» դիպլոմներով: Ուստի՝ ընդհանուր, կենսական և մասնագիտական գիտելիք փոխանցելու իր առաքելությամբ հանդերձ կրթական համակարգը մնում է ազգի գոյության, ինքնության պահպանման և արարման հիմքը:
Համակարգի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց և, առավել ևս, արդի «առաջադիմական» հովերը մեր իրողություններում տեղայնացնելուց առաջ չէր խանգարի ուսումնասիրել այն հին, բայց ժամանակի մեջ իրենց արդյունավետությունն ապացուցած եկեղեցական կրթական մոտեցումներն ու մեթոդները գոնե հայագիտական առարկաների տիրույթում, որոնց միջոցով դարերով՝ անգամ ամենադժվարին պայմաններում, առանց պետական աջակցության ձևավորվել է ազգային կադրային ներուժ:
Այդ կրթության և դաստիարակության շնորհիվ է, որ, եթե պատկերավոր ասենք, իր ազգը իրապես ճանաչածի համար ազգայինը չի ասոցիացվել «հայավարի»-ի հետ, որը նա սիրահոժար կփոխարիներ աշխարհը ճանաչելուց հետո, այլ «հայեցի»-ի հետ՝ իբրև կատարելագործման ուղի: Ասվածը չի հերքում առաջադեմ կրթական փորձի կարևորությունը, սակայն ուղին և մեթոդն ընտրելիս անհրաժեշտ է ոչ թե հրապուրվել ինչ-որ մեկով, այլ խորապես ծանոթանալ տարբերների հետ, օրինակ՝ Սինգապուրի, Ճապոնիայի, Իսրայելի, Չինաստանի և այլոց ավանդական մոտեցումներին, մշտապես գիտակցելով, որ նպատակն, այնուամենայնիվ, հայ դաստիարակելն է: Այդ իսկ պատճառով, կրթական համակարգը չի կարող գործել ազգային օրակարգից հեռու՝ «ասինխրոն» եղանակով, իսկ դա ենթադրում է կրթության առկա՝ պետական համակարգի կատարելագործում և անցում կրթության (համ)ազգային համակարգին: Դա, իր հերթին, նշանակում է ողջ ազգի գիտակրթական ներուժի ներգրավում նոր սերունդներ դաստիարակելու գործում, ներառյալ ՀՀ-ից դուրս ազգային կրթօջախների (վերա)բացում, միջնակարգ, մասնագիտական և բուհական կրթության համակարգերի արդիականացում, արդի մարտահրավերներին և ազգային շահերին համապատասխանող կրթական ծրագրերի մշակում: Հայկական և հայամետ գիտամանկավարժական ներուժի գույքագրումը աշխարհում և մասնագիտական կադրերի փոխանակումը Հայաստանի և Սփյուռքի օջախների միջև պարարտ հող կդառնա նոր մշակումների և ծրագրերի համար՝ հարստացնելով հայության բոլոր հատվածերը: Պահպանողական մնալով իր արժեքների և նպատակների մեջ, կրթությունը պետք է, այնուամենայնիվ, շարժունություն (դինամիզմ) հաղորդի հասարակությանը՝ ապահովելով օժտված և տաղանդավոր մարդկանց համար «սոցիալական վերելակներ» (լիֆտեր)՝ անկախ նրանց նյութական հնարավորություններից: Մյուս կողմից, կրթության անտեսումը առողջ մրցակցության պայմաններում պետք է երաշխավորի ինքնակատարելագործումն անտեսողների ելքը մրցավազքից:
Կրթության՝ որպես անձնական և մասնագիտական ուղու, կարևորումը հասարակության մեջ ենթադրում է դրանում մանկավարժի և ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն(3), պետական քաղաքականության մեջ և տվյալ ոլորտում ձևի և բովանդակության ներդաշնակեցում: Չի կարող մեզանում գիտելիքի և ուսման նկատմամբ վերաբերմունքն համարժեք (ադեկվատ) համարվել, եթե արդի փոփ-մշակույթի շնորհիվ երիտասարդության շրջանում հետևողականորեն ձևավորվում է ուսուցչի, դասախոսի ու մտավորականի՝ իբրև ֆիզիկապես տկար և թույլ, ֆինանսապես անապահով, խրթին արտաքին և խոսելաձև ունեցողի կերպար:
Շեշտադրումների վերանայման անհրաժեշտություն կա նաև ավելի խորքային հարցում:
Այսպես՝ մեր իրականության մեջ և դրանից դուրս ճանաչում ունեցող հայազգի երևելիներին անդրադառնալիս հաճախ հակված ենք շեշտը դնելու մարդկության համար նրանց կարևորության վրա, այդ գործիչներին դիտարկելով իբրև «ազգային պարծանքի» առարկա, այլ ոչ թե` աշխատասիրության և հետևողական ջանքերի շնորհիվ բարձունքներ նվաճած անհատների օրինակներ: Արժևորելով արդյունքը՝ շեշտում ենք անցյալը, մինչդեռ կրթության փիլիսոփայության համար առաջնահերթը հենց գործընթացն է. ոչ թե գեղեցիկ, բայց ստատիկ անցյալը, այլ՝ դինամիկ ապագան, ոչ թե արդյունքը, այլ՝ դրան հասնելու բանաձևը:
Ազգային օրակարգի՝ կրթությանն առնչվող ռազմավարական խնդիրներից է ազգային վերնախավի կերտումն ու հղկումը: Պատմության ընթացքում հայ ազգին և պետականությանը հասցված ծանր համակարգային հարվածներից է տոհմիկ ազնվականության գրեթե ի սպառ կորուստը, որը հետևողականորեն իրականացվել է հայությանը գլխատելու, կամազրկելու և ենթարկելու համար(4): Հիշյալ դասի կորուստը ոչ միայն մարդկանց, այլև առաջնորդության, նվիրումի և ծառայության ավանդույթների կորուստ էր: Իրեն ներհատուկ և մարդկային բնույթից բխող թերություններով հանդերձ՝ ազնվականությունն եղել է ազգային պետականության «մերանը», այն վերակերտելու ներուժը: Դրա ժառանգական բնույթը ենթադրում էր ոչ միայն իրավունքների, այլև պարտականությունների և պատասխանատվության սերնդե-սերունդ փոխանցում, վտանգի պահին իր զավակների հետ առաջին շարքերում կռվելու, ժողովրդին առաջնորդելու պատրաստակամություն: Դրա հետ մեկտեղ, այդ խավն իր կրթվածության և պահպանողականության պատճառով դիտարկվել է նաև իբրև բարոյականության, արժեքների և հեղինակության խորհրդանիշ, հանրային վարքի կանոններ, խոսքի մշակույթ թելադրողն ու կրողը: Նման գործառույթներ իրականացնող խավից զուրկ հանրությունը աչքի է ընկնում քաղքենիական բարքերով, գավառականությամբ և ամբարտավան մեծամտությունն իբրև «ազնվազարմ կեցվածք» հրամցնելու ճիգերով:
Մեր պատկերացմամբ, Հայաստանն այդպիսի մի «նեոազնվականության» կարիքն ունի՝ իբրև ազգի չտրոհվող կորիզ, անհատական մակարդակով ազգի ոգու, գենի և առաքելության կրող: Ձեռնարկումն առավել կարևոր է հայության համար մեր օրերում, երբ օբյեկտիվ հասարակական-քաղաքական իրողությունների հետևանքով ոչ ծագումը և ոչ էլ ունեցվածքը այլևս չեն կարող ուղեգիր լինել դեպի մի հարթակ, որը, ենթադրաբար, պետք է կազմեն «սեփական խաչը վերցրած» մարդիկ: Ցավով փաստենք, որ անկախացումից ի վեր՝ անցած 30-ից ավելի տարիները չդարձան նոր սերունդներից հասարակական-քաղաքական նոր վերնախավ դաստիարակելու շրջան: Մի բան, որն, իմիջիայլոց, բավականին հետևողականորեն իրականացրել և շարունակում են իրականացնել մեր բոլոր հարևանները: Ընդհակառակը, մեր իրականության մեջ սելեկցիոն և կրթական գործունեությամբ ավելի ակտիվ զբաղվել են այլոք՝ ընտրելով և որոշակի սեփական ընկալումների, հարցադրումների և արժեքների շրջանակներում կրթելով աչքի ընկնող երիտասարդների, հետազոտողների և առանձին մասնագետների, ծանոթացրել նրանց միմյանց հետ, ձևավորել նրանց միջև սոցիալական կապեր, կազմակերպել նրանց համար տարատեսակ միջոցառումներ և այլն:
Առանձին անձանց «առաջ տանելու» փորձեր եղել են նաև իրար հաջորդած մեր բոլոր վարչակարգերի օրոք, սակայն մեծ խմբերի հետ աշխատելու միակ քիչ թե շատ համակարգված փորձը, թերևս, «Բազե» երիտասարդական շարժման նախաձեռնումն էր, որը, սակայն, իր ժամանակաշրջանին բնորոշ քաղաքական երևույթ լինելով՝ կարճ կյանք ունեցավ: Հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում բացառապես վերահսկողական գործառույթով սահմանափակվող պետության կողմից վերնախավ չձևավորելու պատճառները շատ են, սակայն նշենք մի քանիսը: Նախ, անկախ Հայաստանում երբեք չի իրականացվել միասնական կադրային քաղաքականություն, իսկ պաշտոնավարող քաղաքական թիմերն առանձին անհատների «առաջ են քաշել» վերարտադրվելու և սեփական քաղաքական գիծը շարունակելու տրամաբանությամբ: Երկրորդ, որևէ թիմի պաշտոնավարման շրջանը, բնականաբար, բավարար չէ նոր հասարակական-քաղաքական վերնախավ կերտելու համար, մինչդեռ ամեն հաջորդ թիմ փաստացի հրաժարվել է նախորդի «նախագծերից» ու սկսել նոր(եր)ը, և այդպես շարունակ: Երրորդ, նոր մարդկանց առաջ տանելու քայլերի հիմքում չկար միասնական, վերքաղաքական գաղափարաբանություն՝ զուրկ բացառապես ընթացիկ օրակարգերը սպասարկելու տրամաբանությունից: Եվ, վերջապես, անկախության շրջանի (ընդհանուր առմամբ՝ ոչ համակարգված) սելեկցիոն աշխատանքի անարդյունավետության հիմքում ընկած է այն, որ «ընտրված կադրերը» դիտարկում էին իրենց առաջխաղացումը ոչ թե գալիք առաքելության, այլ սոցիալական «վերելակների» (լիֆտերի) և կարիերա կերտելու տրամաբանության ներքո: Երեք տասնամյակ անց ՀՀ-ն համակած քաղաքական մտքի և ավանդական գաղափարախոսությունների ճգնաժամի, թև առնող և ազատականության գաղափարական հենքի վրա տարածվող ընկալումների ներքո խնդիրն ավելի է բարդանում: Որոշում կայացնելու և սեփական կյանքն ու ուղին տնօրինելու իրավունքն այլևս ենթակա չէ ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական և արժեհամակարգային սահմանափակումների և կարգավորումների: Ուստի, երկրի հասարակական-քաղաքական դասի ձևավորման գործում պարտադիր պահանջ է անհատի՝ առաքելություն ստանձնելու և սեփական պատասխանատվությունը գիտակցելու գործոնը:
Նվիրումը դուրս է իրավական դաշտից և չի կարող պարտադրվել, սակայն իբրև բարոյական պարտք կարող է բխեցվել անհատի երևելի նախնիների, այն էլ՝ ոչ բոլորի, առաքելությունից: Հետևաբար, մեր պատկերացմամբ, ազգային պատմության դժվարին այս փուլում, երբ ապագայի մասին հույսերն ու պատկերացումները կապվում են ազգի հոգևոր և բարոյահոգեբանական վերածննդի անհրաժեշտության հետ, այս ուղղությամբ կատարվող որևէ գործունեություն չի կարող ամբողջական համարվել առանց ազգային վերնախավի՝ իբրև հանրային և մշակութային կյանքի երևույթի վերակերտման: Մեր օրերում, երբ հայ ազնվականությունից մնացել են սոսկ բեկորներ նկատի չունենք հայ ազնվականների շառավիղներին գտնելու և ինչ-որ իրավունքներով օժտելու ծրագիր, չնայած անվանիների գենը կրողները ևս կարող են և պարտավոր են իրենց ներդրումը բերել ազգի վերածննդին: Ծրագրի թիրախում պետք է հայտնվեն խոհեմ, համեստ և իրենց ազգին ու Հայրենիքին որևէ ոլորտում ծառայել պատրաստ անհատներ, որոնք անձնական և մասնագիտական կայացման ուղին կապել են և կապելու են Հայրենիքի հետ՝ նաև հանուն նախնյաց հիշատակի: Հաստատութենական (ինստիտուցիոնալ) առումով թիրախային խումբը չպիտի դառնա «ընտրյալների ակումբ», այլ միևնույն արժեքները կիսող համախոհների հարթակ՝ բաց նրանց համար, ովքեր պատրաստ են ազգին բերել սեփականը և ոչ թե տանել դրա համար նախատեսված ուրիշինը: Եվ այստեղ ևս իր անելիքն ունի ՀԱՍԵ-ն, քանզի, ինչպես ասեցինք, պետական իշխանության ձևավորման քաղաքական բնույթն ու գործունեության ժամանակագրական առանձնահատկությունները դժվարացնում են երկարաժամկետ ծրագրերի իրականացումն իր կողմից: Բացի ամենից, նման ծրագրի իրագործումն՝ իբրև պատմամշակութային ֆենոմենի վերակենդանացում, կարող է նպաստել մարդկանց՝ սեփական արմատների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հայրենաճանաչության մեծացմանն ու ազգային ինքնության ամրապնդմանը թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում:
2. Մշակույթի մասին
Մշակույթը՝ որպես անհատի և ազգի ստեղծագործական կյանքի արգասիք, կյանքի և գործունեության միջավայր և մթնոլորտ ձևավորող նյութական և ոչ նյութական արժեքների ամբողջականություն է՝ աշխարհայացք, կենսակերպ, հանրային վարք, ճաշակ ու նախասիրություններ ձևավորող գործոն:
Այն կարևոր և հարազատ «ձևերի», «կերպերի» մշտական վերարտադրման գործընթաց է, որը մարդկությանը ուղեկցում է իր ողջ պատմության ընթացքում: Այսպես օրինակ, քանդակների, զարդանախշերի ու նկարների նպատակը կարևոր մարդկանց կամ բնության տարրերի վերարտադրումն էր, երաժշտական գործիքները՝ բնության ձայների, ուրախ կամ տխուր երաժշտությունը՝ հոգեվիճակի և տրամադրության, պարերը՝ կենդանիների և բնության երևույթների շարժը, գորգերն ու հագուստը՝ բնության կերպերի և գույների: Նույն տրամաբանությունը պահպանվել է նաև ճարտարապետության և, անգամ, մեծածավալ շինություններ կերտելու պարագայում՝ արհեստական բլուրներն ու եգիպտական բուրգերը վերարտադրում էին սարեր, իսկ Շամիրամի այգիները՝ իր հայրենիքի փարթամ բուսականությունը:
Սերտորեն կապված լինելով բնության և մարդու կենսամիջավայրի հետ և բազմաթիվ նյութական և աներևույթ թելերով ազդելով անհատի արտաքինի և ներքինի վրա՝ մշակույթը մարդու ներաշխարհն ու միջավայրը ներդաշնակեցնող գործընթաց է, այն ոչ միայն արտացոլում, վերարտադրում է միջավայր, այլև ստեղծում է այն: Մշակույթն իր բնույթով ճկուն և պլաստիկ է՝ ձևից սահուն անցնելով բովանդակության և բովանդակությունից վերափոխվելով ձևի: Այսպես, մենք գիտակցում ենք, որ պատից կախված Մասիսի պատկերը յուղաներկով կտավի վրա վերարտադրված պատկեր է, և այնուամենայնիվ, այն ի զորու է առաջ բերել զգացմունքների մի լայն ներկապնակ, հիշողության մեջ արթնացնել սարին նվիրված բանաստեղծական տողեր: Ներկայացման ընթացքում թատերաբեմի վրա տեղադրված իրականին նման կամ ամբողջությամբ «պայմանական» կահույքը, իրական չլինելով, ձևավորում է կատարվող գործունեության համար անհրաժեշտ միջավայր և այլն:
Հենց սրանում է կայանում մշակույթի կարևորությունն իբրև պայմանականի և իրականի սահմանագոտում անհատի ուղեկցող «զբոսավար», և հենց այդ երկուսի միջև սահմանի հետզհետե վերացումն է, որ էլ ավելի կարևոր է դարձնում ազգային մշակույթի գործառույթը անհատի և ազգի կյանքում:
Արդի տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացման դարում տեխնիկական միջոցներն ու թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ձևավորել «երևակայական», «լրացված» և «կառավարվող» իրականություն, ստեղծել արհեստական զրուցակիցներ, կենդանացնել հին լուսանկարներ, գեներացնել հայտնի, գոյություն ունեցող մարդկանց կյանքի դրվագներ, ստեղծել իրականության հետ որևէ կապ չունեցող, բայց իրականից չտարբերվող կոնտենտ: Արհեստական բանականության միջոցով ձևավորված նկարների և տեսանյութերի որակը գնալով կատարելագործվում է, զրկելով անհատին ճշմարիտն ու կեղծը իրարից տարբերելու հնարավորությունից: Տեխնիկական առաջընթացի շնորհիվ ժամանակակից տեղեկատվությունը, ֆիլմերը, երաժշտությունը, խաղերը և այլն ստեղծում են վառ և գունեղ փոխկապակցված տիեզերք՝ իր հերոսներով, իրողություններով և օրենքներով՝ գրավելով հատկապես երիտասարդ սերնդի ուշադրությունը: Գրավելով անհատի ուշադրությունն ու ժամանակը, այդ ամենը գալիս է վերջինիս համար փոխարինելու նախասիրություններն ու որակյալ գրականությունը՝ անհատի ներաշխարհը, քննադատական մտածելակերպն ու երևակայությունը զարգացնող խթանիչ ուժը, պատրաստի վիդեոկոնտենտով՝ պատրաստի կերպերով, բանաձևերով և վարքագծային կերպերով (փաթերններով):
Վիրտուալ իրականությունն (VR) ու արհեստական բանականության (AI) կողմից գեներացված աներևակայելի տեսարանների հմայքը ստվերում է հայրենի եզերքի բնապատկերների՝ մանկությունից մեզանում ձևավորված գրավչությունն ու ջերմությունը, իսկ մանկական ուղեղների համար այն դարձնում գորշ և անհետաքրքիր: Արդի աշխարհի «հերոսների» շոշափելի, ճանաչվող պատկերների, նրանց աներևակայելի ունակությունների համեմատ «խամրում» են ավանդական էպոսների, հերոսապատումների և հեքիաթների կերպարները, նրանց սխրագործությունները դառնում չոգեշնչող, իսկ մասշտաբները՝ աննշան: Նորօրյա հերոսների սխրանքները «ֆիզիկական» են և գրեթե երբեք «հոգևոր», նրանք գրեթե միշտ մենամարտում և հաղթում են ուրիշներին և համարյա երբեք՝ իրենք իրենց թուլությունները(5):
Ժամանակակից մշակույթի ևս մի ապակողմնորոշիչ առանձնահատկություններից է այն, որ «չարը» կարող է «բարի» լինել, իսկ «բարին»՝ նաև «չար»՝ համակրանք ձևավորելով առաջինի նկատմամբ և հակակրանք՝ երկրորդի: Ասվածը հատկապես ճշմարիտ է մատաղ սերնդի համար, որը մշտապես շրջապատված լինելով «մանկական» տարբեր, այդ թվում՝ տձև հերոսներով, մուլտֆիլմերով, ֆիլմերով, առնչվելով դրանց պատկերներով հագուստի, խաղալիքների, դպրոցական պարագաների և այլնի հետ, արդյունքում ակամա ձևավորում է հետագա կյանքում նոր կողմնորոշիչներ և վարքագծի օրինակներ(6):
Ավելի հասուն տարիքի հանրությանը տարբեր եղանակներով հրամցվող հերոսների «անթերի» կերպարները ենթագիտակցորեն դրդում են մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական և ուրիշների արտաքին «ձևերի» վրա՝ հետին պլան մղելով սեփական և նրանց ներաշխարհ «բովանդակությունը»: Տեղի-անտեղի պլաստիկ վիրահատությունների և արտաքինը արմատապես փոխելու մոլուցքը խորապես համահունչ լինելով «պոստհումանիզմի» հովերին՝ ձևավորում է համոզմունքից, թե մարդ արարածը ենթակա է կատարելագործման և նրա ունակություններն ու կարողությունները կարելի է և պետք է նոր մակարդակի վրա բարձրացնել:
Արդյունքում աղճատվում է նաև մարդու բնական գեղեցկության մասին պատկերացումները: Առավել ևս, երբ խոսվում է նորագույն գիտական նվաճումների շնորհիվ ԴՆԹ-ի վերափոխումների և կատարյալ ցուցանիշների տեր մարդկանց «ստեղծելու» մասին: Առավել ծայրահեղականները, չհամակերպվելով իրենց սեռական պատկանելության հետ՝ փորձում են իրենց «իրական բովանդակությանը» համապատասխանեցնել սեփական արտաքին «ձևը»՝ գնալով սեռափոխման վիրահատությունների և այլն:
Վերոհիշյալ բացասական երևույթները, բնականաբար, ուղղված չեն բացառապես հայության դեմ, այլ ընթանում են ողջ աշխարհում և թիրախավորում գրեթե բոլոր ազգերին: Ավագ սերնդի ներկայացուցիչները դեռ հիշում են ժամանակները, երբ «թշնամական» մշակույթի ազդեցության դեմ պայքարն իրականացվում էր վարչահրամայական եղանակներով՝ արգելելով պաշտոնական քաղաքականությանը հակասող ցանկացած երևույթ և քրեական պատասխանատվության կանչելով դրանց կազմակերպիչներին: Այսօր ևս որոշ հանրություններում ծայրահեղ եղանակներով փորձ է արվում թույլ չտալ անցանկալի արժեքների մուտքը երկիր (օրինակ` Աֆղանստանում)՝ մեթոդաբանություն, որի կիրառելիությունը վիճարկելի է մեզ համար թե՛ քաղաքակրթական, և թե՛ արդյունավետության տեսակետից: Կարծում ենք, որ տվյալ պարագայում բացասական երևույթների դեմ պայքարը պետք է իրականացվի ճիշտ այն դաշտում, այն էլ՝ առաջնորդվելով ոչ թե «վատը» արգելելու, այլ իրական ճաշակ և պահանջարկ ձևավորելու, «վատի» կողքին «լավ» այլընտրանք ստեղծելու եղանակով:
Այս առումով կարևոր անելիք ունի մեր ազգային մշակույթը, որի հարուստ և բազմակողմանի ժառանգությունը, որը հայության ստեղծագործական մտքի արգասիքների շտեմարան լինելով՝ արդի տեխնոլոգիաների կիրառման և ճիշտ փաթեթավորմամբ մատուցելու դեպքում հնարավորություն է տալիս ձևավորել պատկառելի մրցակցային ներուժ՝ արտաքին ազդեցությունների դեմ:
Ազգային մշակույթի վերաիմաստավորման ուղու վրա առաջնայնությունը ողջ հայության, այդ թվում՝ հայրենի հողի կորստի պատճառով սնուցման աղբյուրներից զրկված բեկորների մշակութային ժառանգության հավաքագրումն ու կոդիֆիկացումն է, և ապա միայն ազգային արժեքներն ու օրակարգն արտացոլող ստեղծագործական ներուժի ու դրա արգասիքների կոմունիկացումը հանրությանը՝ թե՛ մեր, թե՛ օտար: Իր հարուստ գործիքակազմի միջոցով մշակույթն ունակ է վերարտադրել ազգայինը նաև Հայրենիքից դուրս՝ իր նպաստը բերելով հայապահպանությանը:
Իր ձևերի բազմազանությամբ ազգի մշակութային ժառանգությունը կարող է երբեմն նաև դուրս գալ արժեբանական ավանդական ուղեծրից՝ պայմանավորված թե՛ վերոնշյալ գլոբալացման միտումներով ու արտաքին ազդեցությամբ և թե՛ միջավայրի առանձնահատկություններով, նյութական գործոններով և այլն: Ինչևէ, ինչպես փաստում է պատմությունը, միայն սակրալ արժեքներից բխող և այն արտացոլող ստեղծագործական կյանքն է ունակ ծնելու ժամանակից և տարածությունից դուրս մնայուն արժեքներ: Այս առումով ազգային մշակույթի մյուս կարևոր գործառույթը հայկական միջավայր մուտք գործող նորարությունների և տարաբնույթ(7) ստեղծագործական արգասիքների զտումն ու «հայկականացումն» է՝ ներդաշնակումը ազգային ժառանգության հետ, դրանց ազգային բովանդակությամբ և նրբագծերով (շտրիխ) համալրումը: Խոսքը նյութական մշակույթի այնպիսի տարածված դրսևորումների մասին է, ինչպիսիք են, օրինակ, մեր բնակավայրերի դիմագիծն արագորեն փոփոխող ճարտարապետությունը, իր վրա ազգային որևէ տարր չունեցող հագուստը և այլն: Նորի և հնի, ժամանակակից հովերի և ավանդական արժեքների մեկտեղման և ազգային հստակ ուրվագծի պահպանման օրինակները քիչ չեն աշխարհում: Դրանցից թերևս ամենահայտնին Ճապոնիայի օրինակն է, որը հանդիսանալով գիտատեխնիկական զարգացման ամենաառաջադեմ օրինակն աշխարհում, կարողացել և կարողանում է իր զարգացման փիլիսոփայությունը բխեցնել սեփական քաղաքակրթական և, առաջին հերթին՝ մշակութային ժառանգությունից:
Մեր մշակութային ժառանգությունն ուսումնասիրողներն ու, առհասարակ, դրա հետ ծանոթացող մարդիկ փաստում են, որ դրսևորումների (ձևերի) մեջ մնալով ազգային, հայկական մշակույթը բովանդակային առումով մեծապես համահունչ է համամարդկային ավանդական արժեքների և ընկալումների հետ և, այդպիսով՝ հասու և հասկանալի նաև օտար միջավայրում: Այս առումով ազգային մշակույթը հայկական «փափուկ ուժի»՝ աշխարհի հնագույն ազգերից մեկի ասելիքները պատեհ փաթեթավորմամբ աշխարհին մատուցելու հիմնական գործիքներից է: Մենք հիրավի առանձնահատուկ տեղ ունենք քաղաքակրթության պատմության մեջ և դրա համար, սակայն օտարներին մեզ ներկայացնելիս պետք է մշտապես փորձենք ոչ թե նրանց հասու դարձնել «աշխարհի համար հայերի արածի» մասին հայտնի խոսույթները, այլ այն, ինչ արել ենք ինքներս մեզ համար:
Ընդունենք նաև, որ չի կարող որևէ ազգ հոգեպես հզոր և հարուստ լինել բացառապես իր մեջ, առանց այլոց ստեղծագործական մտքի հետ ծանոթանալու և առնչվելու: Մեզանում աշխարհի ճանաչումն ու ընկալումը չի կարող արտահայտվել արդի «մշակութային հովերի» դեմ մեր դարպասները փակ պահելով: Սեփականը ճանաչելու և հասկանալու համար հասարակությունը պետք է ծանոթ լինի համաշխարհային մշակույթի գլուխգործոցների հետ, ճանաչի մշակույթն իր ամբողջականության և փոխկապակցվածության մեջ, քանզի դա է ազգերի և ժողովուրդների միջև իրական կամուրջը:
Ստեղծագործելու (արարելու) տրամաբանության վրա խարսխված լինելով, մշակույթն ազատ է իր ձևերի մեջ: Ինչևէ, ամփոփելով նշենք, որ ինքնության պահպանման գերխնդրի շրջանակներում ազգային մշակույթն ունի իր անելիքները, որոնց իրականացմանն անհրաժեշտ է ներգրավվել ազգովի և պետականորեն.
- ազգային արժեքների հստակ ձևակերպումը, զարգացումն ու հանրահռչակումը,
- ազգային միջավայրի ձևավորումը Հայրենիքում և դրա վերարտադրումը Հայրենիքից դուրս,
- ազգի պաշտպանությունը մշակութային ագրեսիվ ներազդեցություններից,
- արդի մշակութային հովերի ներդաշնակեցումն ազգային ընկալումների հետ,
- վտանգված մշակութային ժառանգության պահպանումը և կոդիֆիկացումը,
- մշակույթի՝ իբրև հայկական «փափուկ ուժի» բաղադրիչի զարգացումը:
(1) Առակներ. 1.2:
(2) Սա գալիս է վերստին փաստելու ՀԱՍԵ-ի առաջադիմական դերը հայոց պատմության մեջ, իսկ մեր օրերում այդ երկու ինստիտուտների հակադրումը միմյանց, բնականաբար, տանում է հայ ազգի ներուժի աղճատմանն ու նվազեցմանը:
(3) Նշենք, որ Քրիստոսին ևս դիմում էին «Ուսուցիչ»:
(4) См. также: Эдуард Б. Атанесян. Почему мы проигрываем? / Комментарий эксперта, Центр АРВАК, 12.03.2024, https://bit.ly/3Nvgm1P (дата обращения: 18.10.2024).
(5) Թերևս նման ներքին պայքարի օրինակ կարող ենք տեսնել «Մատանիների տիրակալը» բազմասերիանոց հայտնի կինոնկարի դրվագներից մեկում, այն էլ, սակայն, ոչ ամբողջությամբ պարզաբանված և բացահայտված:
(6) Ժամանակին հայկական միջավայրում մեծ տարածում էին ստացել ամերիկյան «Կնքահայր», «Սպիավոր դեմքը», հայկական «Որոգայթ», ռուսական «Բրիգադա» և նման այլ ֆիլմերը՝ ձևավորելով երկրպագուների մի մեծ բանակ:
(7) Այսպես կոչված՝ «լայն սպառման» համար նախատեսված: