Փորձագետի տեսակետ, 11.11.2024 թ.(1)
(Մաս I) Ներածություն
Էդուարդ Բ. Աթանեսյան
«Տեր, կեցո դու զհայս/Եւ արա զնոցա պայծառս…»
Տեր կեցո, Մաղթանք ազգային, երգ
Հեղ.՝ Կոմիտաս Վարդապետ, Մ. Թաղիադյան
1990-ական թթ. սկզբին անկախ պետականության վերականգնումից ի վեր հայությանը բաժին ընկած փորձություններում Արցախի կորուստն ու դրան նախորդած և հաջորդած իրողությունները դարձան այն ծանրագույն մարտահրավերը, որը սասանեց հայության ազգային-պետական կյանքի և գաղափարախոսական ողջ հիմքերը: Նույնիսկ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը մարդկային բազմաթիվ ողբերգություններով և կործանարար արդյունքներով նման ազդեցություն չթողեց հանրային տրամադրությունների վրա:
2020–2023 թթ. իրադարձությունները վեր հանեցին հայոց հասարակական-քաղաքական կյանքի մի շարք խորքային հիմնախնդիրներ: Հայության պատմական պարտությունը փաստացի արձանագրեց ոչ միայն ազգային պետականության ռազմավարական անկարողությունը վերահաս ռազմաքաղաքական վտանգներին նախապատրաստվելու և դիմակայելու հարցերում, այլև հասարակական-քաղաքական շրջանների՝ նույն այդ վտանգների առջև համախմբվելու և դիմագրավելու անգործունակությունը:
Ամենևին էլ չմերժելով պարտությունը պայմանավորած օբյեկտիվ ու անհաղթահարելի արտաքին գործոնները, ներկայիս քաղաքական խոսույթը հակված է պայմանավորել տեղի ունեցածը նաև սուբյեկտիվ պատճառներով: Այն է՝ հայկական կողմերը կարող էին ավելի արդյունավետ դիմակայել մարտահրավերներին և վտանգներին, եթե անկախության շրջանում առկա ողջ ներուժը իրապես ի սպաս դրվեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը, տնտեսության և գիտության զարգացմանը, ծավալվեր իրական պայքար կոռուպցիայի, չարաշահումների և բացասական այլ երևույթների դեմ:
Արցախի կորուստը եզրագծեց Արցախյան իսկ հիմնախնդրով սկիզբ առած նորանկախ հայոց պետականության ուղին, որի ընթացքում «հասցրեցին» պաշտոնավարել 4՝ կարծրատիպային տարբեր ընկալումներ խորհրդանշող և պաշտոնավարման սկզբում կառավարման տարբեր ոճերի հետ զուգորդվող ղեկավարներ՝ ա) «խելացի ղեկավարը» (Լևոն Տեր-Պետրոսյան), բ) «խիստ ղեկավարը» (Ռ. Քոչարյան), գ) «ճկուն ղեկավար» (Ս. Սարգսյան), դ) «ժողովրդավար ղեկավարը» (Ն. Փաշինյան)(2):
4-րդ՝ «ժողովրդական ղեկավարի» օրոք պարտվելու իրողությունը սկիզբ տվեց իրողությունների 3 խոսույթ-վարկածների ձևավորմանը. 1. մեղավորները «նորերն» են, 2. մեղավորները «հներն» են, 3. Հայաստանն ի սկզբանե ընթանում է սխալ ուղղությամբ:
1-ին և 2-րդ խոսույթները մեծապես կրում են նաև ներքաղաքական պայքարի տրամաբանությունը, մինչդեռ 3-րդ մոտեցումը թիրախավորում է ոչ այնքան անձերին ու թիմերը, որոնք տվյալ պարագայում երկրորդական նշանակություն ունեն, այլ նորանկախ Հայաստանի հիմքում դրված խորքային իմաստները:
Պատմությունը դեռ գնահատական կտա իր այս փուլին որոշ ժամանակ անց՝ պատվերներից և գրաքննությունից զուրկ, ավելի կայուն և կողմնակալությունը բացառող պայմաններում՝ զատելով «չորը թացից», հայությանը բաժին հասած արհավիրքի մեջ ուրվագծելով անհատների, հասարակական և քաղաքական ուժերի, պատմական իրողությունների և գործընթացների դերն ու նշանակությունը: Ինչևէ, տեղի ունեցածը լրջորեն հարվածեց հայկական հասարակական-քաղաքական մտքի և մշակույթի կողմից հայության նորագույն շրջանում շրջանառության մեջ դրված խոսույթներին ու գաղափարներին՝ հրաժարվելով դրանցից և առերևույթ վերաիմաստավորելով և ընդհուպ մինչև հարցականի տակ դնելով «Հայրենիք», «Հայաստան», «հայություն», «ազգ», «հավատք», «ազգային արժեք», «պայքար» և այլ եզրույթների ավանդական ընկալումները: Եվ արվեց դա ազգայինի մասին մեծամասամբ բացասական երանգներով արտահայտվելով, երբեմն էլ՝ առկա խնդիրները մեր իսկ գոյությամբ պայմանավորելով, ինքներս մեզ ապագայի իրավունք չտալով:
Կրկնելով այն, ինչ ասում և անում են հայության «չկամները»:
ՀՀ-ին և Արցախին հասցված հարվածների պատճառով հայկական հասարակական-քաղաքական միտքը հայտնվել է իմացական (կոգնիտիվ) և գաղափարախոսական լուրջ խնդրի առջև՝ «Ինչո՞ւ երկիրը պարտվեց «առաջադեմ երկրների» աչքի առջև հենց «ժողովրդավարական» ճանապարհով ընտրված իշխանության օրոք: Ինչո՞ւ է քաղաքակիրթ աշխարհը աչք փակում ակնհայտ հանցավոր և ցեղասպանական արարքների վրա: Չէ՞ որ ենթադրվում էր, որ «ժողովրդավար նորերը», վերջ դնելով «ավտորիտար նախկինների» ապօրինություններին, էլ ավելի ամուր կդարձնեն երկիրը բոլոր մարտահրավերների առջև»: Եվ այլն, և այլն:
Ավելին, տեղի ունեցածը հարվածեց նաև ազգային ինքնության հիմքերին:
«Հեղափոխական» վերնախավի ռազմաքաղաքական ձախողումը «նախկինների» երկարամյա հեղինակազրկման ֆոնի վրա ամբողջացրեց հայության հասարակական-քաղաքական առկա ողջ վերնախավի փաստացի արժեզրկման գործընթացը հայ հանրության աչքերում: Հասարակական-քաղաքական կյանքի նկատվող խորքային ճգնաժամը պայմանավորված է առկա հիասթափությամբ՝ անկախությունից ի վեր հայության կողմից ձևավորված պետական կառավարման ապարատի և ավանդույթների, աճեցված կադրային ներուժի և, իբրև հանրագումար՝ ազգային հասարակական-քաղաքական ուժերի, դրանց վերնախավերի և խոսույթների նկատմամբ:
Իրականությունն այն է, որ տասնամյակներով հանրային ընկալման մեջ քաղաքական գործընթացը գերադասվել է դրա նպատակից՝ իշխանության համար պայքարը դարձնելով գերխնդիր և հասարակության բոլոր մակարդակներում «ծամծմելու» առարկա՝ բակային զրուցարաններից մինչև քաղաքական օթյակներ: Իշխանության հասնելը դարձել էր ինքնանպատակ, իսկ դրա կողմից ընծայվող «հնարավորությունները»՝ իբրև այն, ինչ անգլերենում հայտնի է trophy, իսկ հայերենում՝ ոչ այդքան բարեհունչ «ավար» եզրույթով: Մինչդեռ իշխանության հասածների բուն անելիքների վերաբերյալ հանրությունը մնաց մեծամասամբ անտարբեր և հանդուրժող, իշխանավորներին ավելի շատ ընդունելով իբրև լծակներից օգտվելու իրավունք ունեցող «ընտրյալների»: Եթե հայտնի խմբի հայտնի երգի «The winner takes it all»[2] բառերին ավելացնենք մեր ազգային «Բա [ուրիշ] ո՞նց»-ը, ապա կստանանք այն բանաձևը, որի ներքո մեր հանրությունը, որոշակի քննադատությամբ հանդերձ, տասնամյակներ շարունակ ընկալել է քաղաքական պայքարի իմաստն ու էությունը:
Խորհրդային Միության կողմից պարտադրված գաղափարախոսական կարծրատիպերից և արհեստական օրակարգերից ու «երկաթյա վարագույրների» կործանումից հետո վրա հասած ազատականությունը չէր կարող չանդրադառնալ մեր ազգային «էկոհամակարգի» վրա: «Չարի կայսրության» օրոք «ազատ Արևմուտք – անազատ Արևելք» գաղափարախոսական դուալիզմի կործանման և գլոբալիստական հողմերի ազդեցության տակ մեր հասարակությունը ճշմարտությունները հետզհետե պատրաստակամորեն փոխարինեց կարծիքներով, արժեքները մտան «մրցակցային դաշտ» և դարձան համեմատության առարկա: Սոցիալ-դարվինիզմի և շուկայական տնտեսության պայմաններում սկսեցին հաղթել ավելի «կենսունակն» ու «արդյունավետը», ուստի դրամական (դոլարային) հոմանիշ չունեցող ցանկացած բան (երևույթ, անձ, շնորհ) հայտնվեց հասարակության կյանքի լուսանցքում: Իսկ ունեցողն, իր հերթին, մղվեց դեպի զանգվածների ուշադրության կենտրոն:
Ապա՝ գիտատեխնիկական առաջընթացի և տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացման պայմաններում «Like»-ը դարձավ «պոստ-ճշմարտության» (“post-truth”) դարաշրջանի ազդեցության, հետևաբար, նաև «հավաստիության» չափման միավոր՝ ակնհայտ առավելություններ ընձեռելով բարետես գեղուհուն տարեց գիտնականի և/կամ բարոյական խրատներ հնչեցնող հոգևորականի նկատմամբ: Ինտերնետն ու վիրտուալ աշխարհը սկսեցին կլանել մատաղ սերնդին, տանել նրան աներևակայելի և/կամ վիրտուալ իրականությամբ (VR) աշխարհներ՝ երկրորդական նշանակություն հաղորդելով իրական հողին ու միջավայրին, հայրենի եզերքին և դրա սահմաններին: Նախասիրությունների տարբերությունն ու ճաշակը (քաղաքական, մշակութային և այլն) աղճատել և աղճատում են արժեքները, տրոհում ազգը միաբանող հիմքերն ու «անհատականություն» դարձած անհատներին թողնում բազմաթիվ բացված «Օվերտոնի պատուհաններից» փչող միջանցիկ քամիների քմահաճույքին:
Ներքին արժեհամակարգային ազատականացման և արտաքին մոդայիկ հովերի ազդեցության արդյունքում արդի աշխարհում հայը, գերմանացին, էստոնացին և ուրիշը դառնում է զանազան տեղեկատվական հոսքերի և գաղափարախոսական ազդեցությունների թիրախ: Բարքերի, արժեհամակարգի և հանրային խոսույթների արագ փոփոխության պայմաններում իր անցյալի և շրջապատի հետ կապը կորցնող և հետզհետե կղզիացմանը դատապարտված մարդը առերեսվում է անծանոթ երևույթների հետ և հայտնվում նոր իրողություններում կյանքի ուղեգիծ բանաձևելու խնդրի առջև: Ինչպե՞ս վարվել, երբ դեռ երեկվա անհանդուրժելին դառնում է «նոր նորմալություն» (“new normality”): Երբ մարդու շուրջ ձևավորված ագրեսիվ միջավայրը արագորեն վերափոխում է նրա կենսամիջավայրը, աղճատում ավանդական արժեքներն ու ինստիտուտները՝ ընտանիք, ազգային ինքնություն, Հայրենիք ու հավատք: Երբ անհատի կյանքում գնալով ավելի մեծ տեղ են ստանում «սուրոգատները»՝ համակեցությունն ընտանիքի, քաղաքացիությունը՝ ազգային ինքնության, կենսամիջավայրը՝ Հայրենիքի և սինկրետիկ հավատալիքներն ու սնոտիապաշտությունը՝ հավատքի փոխարեն:
Դարին բնորոշ՝ «Մեկ անգամ ենք ապրում» կարգախոսը համահունչ է «Child-free» փիլիսոփայությանը՝ «անզավակ»՝ երեխա ունենալուն դեմ հանդես եկող ընտանիքների նոր ձևավորվող երևույթին: Քաղաքացիության առաջնահերթության հայեցակարգի տեսակետից Սփյուռքի հայությունը վերածվում է ընդամենը այլ երկրների՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների ամբողջականության, հայրենասիրությունը՝ լոկ հարկեր վճարելու պարտավորության: «Հայոց պատմություն»-ից ի օգուտ «Հայաստանի պատմություն» հայեցակարգի հրաժարված հանրության համար Հայկի մասին առասպելը, Արտաշեսի և Արտավազդի մասին պատումներն ու «Սասնա ծռեր» էպոսը դուրս են մնում ներկայիս ՀՀ տարածքից, հետևաբար՝ նաև «պաշտոնական» պատմությունից: Հայաստանի Հանրապետությունից դուրս են Բագավանը, Նարեկավանքը, Անի-Կամախը, Բագրատունյաց Անին և պատմական Հայաստանի այլ մայրաքաղաքները, ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս են ծնվել Մեսրոպ Մաշտոցը, Խորենացին, Կոմիտասը, էլ չասենք ազգային-ազատագրական պայքարի բազմաթիվ գործիչներ, այժմեական չեն Շիրակացու, Ամիրդովլաթ Ամասիացու և այլոց գործերի մի զգալի մասը, և այլն: Հարցականի տակ է մնում «Հոգևոր Հայաստան» եզրույթը՝ ժամանակից և տարածությունից վեր և դուրս հոգևոր-մշակութային մի ողջ «էկոհամակարգ»:
Հայոց նոր իրականությունը բնութագրող դրսևորումներից է նաև վերաբերմունքը թե՛ ՀԱՍԵ-ի և թե՛, ընդհանրապես, քրիստոնեության նկատմամբ: Փորձ է արվում ազգի անցած ուղին դիտարկել «նախաքրիստոնեական» և «քրիստոնեական» շրջանների տեսանկյունից՝ առաջինին վերագրելով «փառապանծ մարտական», իսկ երկրորդին՝ «բարոյական հաղթանակների» շրջանների ընկալում: ՀԱՍԵ-ի առանձին գործիչների նկատմամբ վարկաբեկող լուրերի նպատակաուղղված տարածմանը զուգընթաց Հայաստանում և Արցախում ժամանակին արագ տեմպերով ի հայտ եկավ աղանդավորական կառույցների ցանց, հիմնականում՝ բողոքական, խարիզմատիկ ուղղության: Հայ հոգևորականներին անընդունելի վարքի և զեխությունների մեջ մեղադրող (առանձին դեպքերում՝ միգուցե արդարացիորեն) մամուլը միաժամանակ ցուցաբերել և ցուցաբերում է ակնհայտ հանդուրժողականություն աղանդավորական շրջանակներում առկա խնդիրների նկատմամբ: Մինչդեռ վերջիններիս սրբության՝ Սևանի վրայով քայլելու և ջուրը գինի դարձնելու ունակությունները հավաստող փաստեր ևս չկան:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայության միջև սեպ խրելու ակտիվ փորձեր են արվում նաև հեթանոսական որոշ հավատալիքների վերականգնման փորձերի ներքո: Քրիստոնեությունն իբրև «օտարածին» հավատք հորջորջող քուրմ-առաջնորդներին, կարծես թե, ամենևին էլ չեն մտահոգում հեթանոսական պանթեոնի «ազգային», «հայկական» աստվածությունների ոչ հայկական՝ մարրական, հունական, պարսկական և սեմական անունները և ոչ էլ այն, որ քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ պայքարելու իրենց խոսույթները կրկնում են բոլշևիկյան և հայատյաց այլ ուժերի և երկրների գաղափարները: Յոգայի և այլ հոգևոր-ֆիզիկական տարբեր պրակտիկաների և, դրանցով պայմանավորված, կենսակերպի տարածման ֆոնի վրա «Լեռան քարոզի» արժեքները դառնում են ոչ մոդայիկ և քիչ պահանջված:
Արդյունքում, Արցախի կորուստն արձանագրեց «նախկին» գաղափարներով և «Աշխարհը փոխվել է» վերտառությամբ նոր արժեքներով առաջնորդվող հանրության՝ արտաքին վտանգներին դիմակայելու անկարողությունն ու անզորությունը: Եվ դա է պատճառը, որ դեռևս այդ ամենի դեմ պայքարել փորձող հայկական հանրության մեջ սկսել է շրջանառել ազգային «նոր գաղափարախոսության» անհրաժեշտության մասին խոսույթը, իսկ ազգով և ազգայինով հետաքրքրվող մարդիկ փորձում են գտնել բանաձևը, որն իմի կբերի հայության համախմբմանն ու առկա խնդիրների լուծման ուղիները:
Միով բանիվ, եթե մի կողմ դնենք քաղաքագիտական կաղապարներն ու բանաձևումները՝ խոսքն իրականում «հայավարիից» դեպի «հայեցի» որակական անցման անհրաժեշտության գիտակցման և ուղիների որոնման մասին է, իր ձևով պերճախոս ազգային-հայրենասիրականը, բայց «զանգ կախող չունեցող»-ը՝ ձևով և բովանդակությամբ համահունչ տեսլականով փոխարինելու մասին է:
Այս հոդվածաշարի նպատակը նման ազգային գաղափարախոսություն ուրվագծելը չէ. այն, թերևս, ոչ պակաս հավակնոտ է և նպատակ ունի վերհանել մեր ազգային-հոգևոր-մշակութային տիրույթում արդեն իսկ առկա բանալիները՝ ազգային ինքնության և ազգային առաքելության վերաբերյալ հիմնական հարցերին պատասխանելու համար: Մենք փորձելու ենք դիտարկել մեր ազգային պատմությունը մեկ, միասնական ամբողջականության մեջ, առանց հետևելու մոդայիկ դարձած «նախաքրիստոնեական» և «քրիստոնեական» շրջանների այն բաժանելու փորձերի, ամրագրելու ենք հոգևոր-գաղափարախոսական ելակետը, փորձելու ենք հասկանալ ազգային ինքնության «կորիզն» ու դրա նշանակությունը ազգային պատմության մեջ, ուրվագծելու ենք Հայրենիքի չափումները և հիմնավորելու ենք վերջինիս նկատմամբ անհատի կապի սկզբունքները և այլն:
Եվ ինչպես ցանկացած շենքի ամրությունն է չափվում իր առանձին աղյուսի կարծրությամբ, այդպես էլ, մեր պատկերացմամբ, ազգի կենսունակությունն ու հարատևությունը սկիզբ է առնում անհատից, ուստի ազգի զարթոնքը պետք է սկսել ոչ թե ապագա Հայաստանի «շենքը» նախագծելով՝ մի մոտեցում, որը բավականին տարածված է ոլորտով հետաքրքրվողների մոտ, այլ այդ «շենքի» համար աղյուս թրծելով: Մենք վստահ ենք, որ արժեքներից կառչած անհատն է այն «աղյուսը», որը տեր է ազգի ապրելու իրավունքին և արարելու շնորհին: Թրծված աղյուսն ինքնին արժեքավոր է, և ավելի է արժևորվում կառույցի մեջ, որտեղ ստանձնում է իր յուրահատուկ գործառույթը: Նույնպես և գիտակից անհատն է, որն արժեքավոր լինելով ամենուրեք, հենց իր ազգի շարքերում դառնում է նաև կարևոր: Համոզված ենք, որ մարդու էության և դրանում ընթացող պայքարի մեջ են թաքնված մարդկության մեծ և փոքր խնդիրների արմատները, հետևաբար՝ նաև անհատի ու ազգի հարատևության բանալիները:
Ուստի, իր ինքնությունն ու ազգայինն արժևորողը թող պայքարը սկսի իր անձից. անձնատուր չլինի իր թուլություններին, չդառնա չարի կամակատար և չդատապարտվի հոգևոր կործանման՝ կորցնելով իր անձը և չկարողանալով օգնության ձեռք մեկնել ուրիշին:
Ի մի բերելով, մեկը մյուսից բխեցնելով և իրարով պայմանավորելով մեր ընկալումները՝ փորձելու ենք կազմել յուրահատուկ «արժեշղթա»՝ պարզ, հասկանալի և, միաժամանակ, արժեքավոր: Կարևորելով միասնական ինքնության հիմքերը, խոսելու ենք առանձին անհատի մասին, փորձելով հասկանալի և կիրառելի դարձնել ազգային «նոր գաղափարախոսության» կանխադրույթները (պոստուլատները) կյանքում և կենցաղում, քաղաքական հարթակներից և ամբիոններից դուրս և հեռու: Եվ այդ ամենը սկսելու ենք մեր ազգի առաջին անհատ–անհատականությունից՝ Հայկ Նահապետից:
(Շարունակելի)
(1) Ընթերցողի դատին է ներկայացվում փորձագետի տեսակետ՝ Ազգային գաղափարախոսության արժեբանական հիմքերի վերաբերյալ: Ուսումնասիրությունը բաղկացած է 5 մասից, բերվում է հաջորդաբար, ընդգրկված նկարները վերցված են համացանցից:
(2) Ղեկավարների դասակարգումը մերն է, այն փոքր-ինչ տարբերվում է Հերբերտ Սայմոնի կողմից բանաձևած և դասական համարվող ղեկավարների տիպաբանությունից և տրվում է մեր հասարակության շրջանում վերջին 30 տարիների ընթացքում տարածված հիմնական խոսույթների հիման վրա: