Հրապարակում
05.03.2026 թ. «Նախիջևանի միջադեպը». նպատակները և դերակատարները

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 10.03.2026 թ.[1]
-
Միջադեպն ու տարածաշրջանային դերակատարների արձագանքը
Դեպի Նախիջևանի օդանավակայանի տարածք անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ 05.03.2026 թ. առավոտյան տեղի ունեցած միջադեպը կարող է ուժերի դասավորվածության արմատական փոփոխությունների հանգեցնել մերձավորարևելյան հակամարտության համատեքստում և ընդլայնել դրա տարածման աշխարհագրությունը:
Ադրբեջանի Հանրապետությունը տեղի ունեցած հարձակման կապակցությամբ պաշտոնական բողոք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ներողություն խնդրելու պահանջ ներկայացնելով վերջնագրի տեսքով, ինչպես նաև լիարժեք մարտական պատրաստության վիճակի բերելով իր զինված ուժերը: Իր հերթին, ԻԻՀ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ԱԳՆ-ը, հայտարարել են, որ իրանական կողմն առնչություն չունի այս միջադեպին՝ այն համարելով երրորդ կողմի նախաձեռնություն, որն իրականացվել է սադրիչ նպատակներով: Իրանի ռազմական կառույցները նույնպես պաշտոնական պատասխանատվություն չեն ստանձնել տեղի ունեցածի համար, ի տարբերություն այն գործնական իրողության, որ նկատվել է Պարսից ծոցի երկրների ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո: Այնուամենայնիվ, տեղեկատվական տիրույթում արձանագրվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության անանուն ներկայացուցիչների կողմից «Նախիջևանի միջադեպը» որպես Թեհրանի պատասխան պատժիչ-կանխարգելիչ միջոց ներկայացնելու փորձեր՝ «ի պատասխան Ադրբեջանի կողմից իր տարածքի տրամադրմանը՝ Իրանի ժողովրդին հարվածելու համար»։ Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում ֆիզիկապես տեղի ունեցող մարտական գործողություններին ուղեկցող տեղեկատվական գործողությունների ինտենսիվությունը, նման տեղեկություններին պետք է վերաբերվել առավելագույն զգուշությամբ։
-
Իրանական հետքի ռազմավարական աննպատակահարմարությունը
Անկախ փորձագետների մեծ մասը կասկածներ է հայտնում «իրանական հետքի» մասին տեղեկությունների արժանահավատության կապակցությամբ՝ մատնանշելով առնվազն ընթացիկ փուլում Բաքվի դեմ ԻՀՊԿ կողմից նման գործողությունների աննպատակահարմարությունը: Ադրբեջանը բավականին ուժեղ բանակ ունի, ինչպես նաև Թուրքիայի հետ կապված է ռազմավարական պաշտպանական համաձայնագրերով։ Բացի այդ, Ադրբեջանը սահմանակից է Իրանի թյուրքաբնակ շրջաններին, և Թեհրանի ռազմական հրամանատարությունը չի կարող հաշվի չառնել Բաքվի հետ բախման ողջ վտանգն Իրանի ներսում առկա բարդ էթնոքաղաքական հարաբերությունների համապատկերում, որոնք գոյութենական նշանակություն են ձեռք բերում՝ հատկապես վերջին շրջանում:
Վերջապես, Ադրբեջանը գտնվում է Իրանը Ռուսաստանին կապող «Հյուսիս–Հարավ» ռազմավարական միջանցքի վրա և զգալի չափով վերահսկում է դեպի ՌԴ ձգվող ծովային երթուղին, ինչը կրիտիկական կարևորություն է ներկայացնում բոլոր կողմերից փաստացի մեկուսացված Իսլամական Հանրապետության համար: Հաշվի առնելով այս գործոնները՝ ադրբեջանական ուղղությամբ արմատական գործողություններին իրանցի զինվորականների պատրաստակամությունը խիստ կասկածելի է թվում, նույնիսկ վերջին իրադարձությունների համատեքստում իսրայելական և ամերիկյան կառույցների հետ Բաքվի իշխանությունների համագործակցության որոշակի նշանների առկայության դեպքում։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել նախիջևանյան հարձակմանն իրանական միջին օղակի հրամանատարների հնարավոր ներգրավվածության մասին բավական տարածված ենթադրությունը, հրամանատարներ, ովքեր կառավարման միասնական համակարգի էական անկազմակերպվածության պայմաններում կարող էին ինքնուրույն որոշումներ կայացնել կամ սխալ մեկնաբանել կենտրոնից իջեցված որոշակի կարգադրություններ:
-
«Ուրիշի դրոշի ներքո» գործողության վարկածը
Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական ուժերի հարձակման կանխամտածված լինելու վերաբերյալ փորձագիտական հանրության կասկածներն ուժեղանում են Իսրայելի հռետորաբանության աննախադեպ աշխուժացման համապատկերում՝ ուղղված Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների սրմանը: Իսրայելն առաջիններից էր, որ պաշտոնական մակարդակով արձագանքեց Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին և, չսպասելով կատարվածի հանգամանքների հետաքննությանը, Ադրբեջանին կոչ արեց պատասխան միջոցներ ձեռնարկել: Իսրայելցի տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ ԶԼՄ-ներում աշխուժորեն քննարկում են ադրբեջանա-իրանական վերահաս պատերազմի թեման՝ այն մեկնաբանելով որպես անխուսափելիություն: Իսրայելական որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով հրեական պետության կառավարության և ուժային կառույցների աղբյուրներին, արդեն հաղորդում են Իրանի հյուսիս ցամաքային ներխուժմանը Բաքվի իբր նախապատրաստվելու մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անկախ փորձագետները մատնանշում են Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին ամերիկա-իսրայելական երկյակի մասնակցության մեծ հավանականությունը։ Ընդ որում՝ ընդգծվում է, որ նման «սադրանքի» զուտ տեխնիկական իրականացումն զգալի դժվարություններ չէր առաջացնի Իսրայելի պետության հետախուզական ծառայությունների և զինված ուժերի համար: Որպես պատկերավորում՝ բերվում են, այսպես կոչված, «ուրիշի դրոշի ներքո» գործողությունների օրինակներ, որոնք ենթադրաբար կազմակերպվել են Իսրայելի կողմից ծոցի արաբական միապետություններում՝ «իրանական վարչախմբի» նկատմամբ նրանց թշնամանքը սաստկացնելու համար։ Փորձագիտական հանրության գնահատականներով՝ հենց Իսրայելի և ԱՄՆ-ի խմբավորումն է առավել շահագրգռված Ադրբեջանի և նրա առանցքային դաշնակից Թուրքիայի՝ Իրանի հետ բացահայտ ռազմական դիմակայությամբ: Մասնավորապես, մեծանում է ադրբեջանական գործոնի նշանակությունը հակաիրանական արշավին Իրաքում և Իրանում քրդական կազմավորումներին ընդգրկելու Վաշինգտոնի ոչ այնքան հաջող նախաձեռնության համատեքստում, ինչն իր հերթին կարող էր խթանել նրանց աշխուժացումն ու Թուրքիայի հնարավոր միջամտությունն Իրանի ներքին գործերին: Հետևաբար, Նախիջևանին հասցված սադրիչ հարվածը ենթադրաբար կարող էր իրականացվել Անկարային Թեհրանի հետ հակամարտության մղելու նպատակով՝ այս անգամ գործի դնելով ադրբեջանական գործոնը։
Այս լույսի ներքո ուշադրության է արժանի այն փաստը, որ սադրանքն իրականացվել է ոչ թե Իրանի հետ սահմանակից «մայրցամաքային» Ադրբեջանի գոտիներից մեկում, որտեղ Թեհրանն ավանդաբար արձանագրել է իսրայելական հատուկ ծառայությունների հատուկ ակտիվությունը, այլ հենց նախիջևանյան արտատարածքում, որի իբրև անվտանգության երաշխավոր ավելի քան մեկ դար հանդես է գալիս Թուրքիան՝ համաձայն Մոսկվայի (16.03.1921 թ.) և Կարսի (13.10.1921 թ.) պայմանագրերի: Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ սադրանքի նախաձեռնողները հույսը դրել են ոչ միայն Ադրբեջանի անհապաղ և կոշտ արձագանքի վրա՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի ենթադրյալ թշնամական գործողությունների, այլև հակամարտության մեջ Թուրքիայի բռնի ներգրավման վրա (ներառյալ Իրանի հյուսիս-արևմուտքում ցամաքային գործողությունը)՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու իր ուղղակի պարտավորությունները կատարելու պատրվակով։
-
Անկարայի և Բաքվի դիվանագիտական զսպվածությունը
Ակնհայտ է, որ Անկարայում, որն աշխուժորեն հնարավորություններ է փնտրում խուսափելու (գոնե այս փուլում) Իրանի հետ բախումից, բացահայտել են նախիջևանյան սադրանքի նպատակներն ու հեղինակներին։ Անկարան համեմատաբար զուսպ է արձագանքել 04.03.2026 թ. իր օդային տարածքում խոցված ենթադրաբար իրանական բալիստիկ հրթիռի հետ կապված միջադեպին: Նաև թուրքական իշխանությունները բավական նրբանկատ են վերաբերվել Նախիջևանի միջադեպին՝ սահմանափակվելով դաշնակից Ադրբեջանին անվերապահ ռազմաքաղաքական աջակցության հավաստիացումներով և Թեհրանի հասցեին հերթական նախազգուշացմամբ։ Այնուամենայնիվ, գործնական հարթությունում Անկարան դեռևս չի դիմում այնպիսի միջոցների, որոնք վկայում են Իրանի հետ հարաբերությունները սրելու պատրաստակամության մասին։ Ամենայն հավանականությամբ, նույն մարտավարությունը Թուրքիան խորհուրդ է տալիս նաև դաշնակից Ադրբեջանին։ Նախիջևանի միջադեպից հետո օրվա ավարտին Բաքուն բանակը լիարժեք մարտական պատրաստության էր բերել, նախաձեռնել Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի տարհանման գործընթացը, փակել իրանական սահմանը և աննախադեպ բարձրացրել առճակատման հռետորաբանության աստիճանը։ Սակայն Ռ. Թ. Էրդողանի և Ի. Ալիևի հեռախոսազրույցից հետո վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը նկատելիորեն թուլացել է։ Ընդ որում, մարտի 6-7-ն ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «գլխավոր» լուրերից հանել են Նախիջևանի թեման, ինչպես նաև գործնականում դադարել Թեհրանին ուղղակիորեն մեղադրել Ադրբեջանի դեմ ագրեսիայի մեջ: Հավանական է, որ բացի խորհուրդներից, թուրքական կողմը կարող էր նաև ադրբեջանական իշխանություններին տրամադրել որոշ տեղեկություններ, որոնք կասկածի տակ են դնում նախիջևանյան հարձակման «իրանական հետքի» մասին պաշտոնական վարկածի միանշանակ լինելը:
-
Ծուղակի մեջ ընկնելու ռիսկերը
Թուրքիան ձգտում է շրջանցել իրանական օրակարգի «ծուղակը»՝ գիտակցելով հակամարտությանն ուղղակի միջամտության գոյութենական սպառնալիքը։ Հասկանալով, որ Իրանի մասնատումը սեփական սահմանների ապակայունացման և արևմտյան տերությունների կողմից «Մեծ Քրդստանի» ստեղծման նախագծի վերսկսման վտանգ է պարունակում, Անկարան բացառիկ զգուշություն է ցուցաբերում։ Այս փուլում Իրանի հետ ռազմական դիմակայության մեջ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղակի ներգրավումը գնահատվում է որպես արկածախնդրություն, որի հետևանքները կարող են աղետալի լինել տարածաշրջանային անվտանգության համար:
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 09.03.2026 թ.: