ՀՀ-Ը ԵՎ ԱՆԴՐՍԵՎԾՈՎՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԱԼՈՒԽ ԾՐԱԳԻՐԸ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏ
Արա Հ. Մարջանյան(1)
ՀՀ-Ն ԵՎ ԱՆԴՐՍԵՎԾՈՎՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԱԼՈՒԽ ԾՐԱԳԻՐԸ.
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏ(2)
1. ԽՆԴԻՐԸ
2022 թ. դեկտեմբերի 17-ին Բուխարեստում կայացավ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների հանդիպում` նվիրված «Կանաչ էներգետիկայի (Green Energy) զարգացման և տեղափոխման գործում ռազմավարական համագործակցությանը» (տես Նկ. 1)։ Հանդիպման ընթացքում ստորագրվեց «Անդրսևծովյան Էլեկտրական Մալուխ» (Black Sea Energy Submarine Cable) միջպետական ծրագրի (այսուհետ՝ ԱՍԾԷՄ ծրագիր) իրականացման վերաբերյալ փոխըմբռնման քառակողմ հուշագիր (Memorandum of Understanding)։
Նկ. 1. Ձախից՝ աջ Ռումինիայի և Հունգարիայի վարչապետները, Ադրբեջանի և Ռումինիայի նախագահները, ԵՀ նախագահը և Վրաստանի վարչապետը «Կանաչ էներգետիկայի զարգացման և տեղափոխման գործում ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունից առաջ:
2022 թ. դեկտեմբերի 17, Բուխարեստ, Ռումինիա (աղբյուրը՝ Xinhua)։
Պաշտոնապես, ԱՍԾԷՄ ծրագիրը նախատեսում է Վրաստանի և Եվրոպայի միջև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնել, որը հնարավորություն կընձեռի Հարավային Կովկասից Եվրոպա արտահանել այսպես կոչված «Կանաչ էլեկտրաէներգիա» (Green Energy): Ինչպես տեսնում ենք, ծրագիրը ենթադրում է, որ Վրաստանում և Ադրբեջանում կա «Կանաչ էլեկտրաէներգիա»: Եվ կա այնքան շոշափելի ծավալներով, որ այն իմաստ ունի ավելի քան հազար կմ երկարությամբ անդրծովյան մալուխով արտահանել դեպի Եվրոպա:
Այս հարցերը և, ընդհանրապես, ԱՍԾԷՄ ծրագրի էներգետիկ ասպեկտները մանրամասն կքննարկվեն առանձին հոդվածում, իսկ այստեղ խնդիրը մեզ համար, առաջին հերթին, կայանում է նրանում, որ, դատելով բաց աղբյուրներից, բուխարեստյան ստորագրման արարողությանը ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցել և, հավանաբար, չէին հրավիրվել։
Ավելին, Եվրոպական Հանձնաժողովի[3] (ԵՀ, EC) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի պաշտոնական հայտարարությունում[4] ՀՀ-ն որպես ԱՍԾԷՄ ծրագրի մասնակից երկիր չի հիշատակվում: Այստեղ նշվում է միայն Ռումինիան, Վրաստանը, Ադրբեջանը և Հունգարիան, վերջինս՝ որպես տարանցիկ երկիր (via Romania and through Hungary): Ֆոն դեր Լայենը ՀՀ-ն չի հիշատակում նաև ծրագրի հնարավոր ընդլայնման մասին բաժնում, որտեղ նշվում են միայն Մոլդովան, Արևմտյան Բալկանները և Ուկրաինան, վերջինիս՝ ետպատերազմյան վերականգնման հեռանկարում։
Մինչդեռ, ինչպես կտեսնենք ստորև, որպես ԱՍԾԷՄ ծրագրի մասնակից-երկիր Հայաստանի ներկայությունը այս արարողությանը տրամաբանական կլիներ, գործնական առումով՝ անհրաժեշտ, իսկ նախկինում ընթացող գործընթացների քիչ թե շատ հետևողական իրագործման տեսանկյունից՝ պարտադիր։ Կարծում ենք, որ ստեղծված իրադրությունը վերլուծության կարիք ունի։
Սույն հոդվածի խնդիրն է պարզաբանել այս ամենի հետ կապված քաղաքական և աշխարհաքաղաքական մանրամասները, ինչպես նաև գնահատել այս տեսանկյուններից ԱՍԾԷՄ ծրագրին Երևանի մասնակցության նպատակահարմարությունը և հեռանկարները։
ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրի համարժեք ընկալման համար անհրաժեշտ ենք համարում ընդգծել ԱՍԾԷՄ ծրագրին առնչվող որոշ մանրամասներ։ Ստորև դրանք հիմնականում բերվում են ըստ ժամանակագրության, բայց սկզբից նպատակահարմար ենք համարում մի փոքր խախտել այս մոտեցումը և սկսել 2021 թ. դեկտեմբերի 1-ից։
Այդ օրը, ԵՀ նախագահ Ու. ֆ-դ Լայենը պաշտոնապես հայտարարեց Եվրոպական նոր ռազմավարության՝ «Global Gateway» ծրագրի մեկնարկի մասին, նպատակ ունենալով «զարկ տալ խելացի, մաքուր և հուսալի կապերին՝ թվայնացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև՝ ուժեղացնել առողջապահական, կրթական և հետազոտական համակարգերը ողջ աշխարհում»[5]: Դրա համար 2021-2027 թթ. ընթացքում «Global Gateway» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն իր ենթակառուցվածքային զարգացման գործընկերների հետ կմոբիլիզացնի մինչև €300 մլրդ ներդրումներ: Սա ինքնին հիշարժան ու բազմատարր նախաձեռնություն է, սակայն մենք այստեղ կառանձնացնենք երկու հանգամանք:
Նախ նշենք, որ այս ծրագրի (որը ԵՀ-ում նախընտրում են անվանել ռազմավարություն) հավակնոտ նպատակները, գլոբալ մասշտաբը և պլանավորվող շոշափելի ներդրումները, մեկնարկի արարողությանը հրավիրված լրագրողների և մեկնաբանների մոտ հարց առաջացրին. «Արդյո՞ք Global Gateway ռազմավարությունը չինական «Մեկ Ճանապարհ և Ուղի» ծրագրի[6] եվրոպական պատասխանն է, ու այս առումով ունի հակա-չինական ուղղվածություն»: Այս հարցը այնքան հաճախակի էր տրվում, որ ԵՄ պաշտոնյաները հարկ համարեցին պատասխանել դրան գրավոր ու համակարգված:
ԵՄ պաշտոնական պատասխանը հետևյալն է. «B3W և Global Gateway ռազմավարությունները կոչված են փոխլրացնել և ուժեղացնել միմյանց։ Համատեղ աշխատանքի այս հանձնառությունը ամրագրվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2021 թ. «COP-26» կոնֆերանսում, որտեղ ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրենց շուրջ համախմբեցին միևնույն կողմնորոշում ունեցող գործընկերներին՝ հասցեագրելու համար կլիմայի փոփոխման ճգնաժամը ենթակառուցվածքային զարգացման միջոցով, որը կլինի մաքուր (clean), դիմակայուն (resilient) ու համահունչ ածխածնի զրոյական հետքով ապագային (net-zerofuture)»[7]:
Խոսքն այստեղ «Build Back Better World» (B3W) ծրագրի մասին է։ Այն հանդիսանում է «Մեծ 7-նյակի» (G7) 2021 թ. հունիսի 1-ի նախաձեռնությունը և «կոչված է այլընտրանք առաջարկել չինական «Մեկ Ճանապարհ և Ուղի» ծրագրին ցածր և միջին եկամուտով երկրների (LMIC) ենթակառուցվածքային զարգացման գործում»։ Այլ խոսքերով, ԵՄ պատասխանն է՝ «այո, Global Gateway-ը որոշակի առումով հակաչինական է և փոխլրացնում է B3W ծրագիրը»:
Նկ. 2. ԱՍԾԷՄ ծրագրի բուկլետը, հատված
(աղբյուրը՝ EU Neighbourhood, հարցումը՝ 2023 թ. փետրվարի 15):
Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է: ԵՄ կայքում զետեղված ԱՍԾԷՄ ծրագրի բուկլետի (տե՛ս Նկ. 2) ուսումնասիրումը վկայում է, որ.
- այն կրում է «Global Gateway» ընդհանուր խորագրումը (լոգոն), և ունի երկու խորագիր. «Մաքուր էներգետիկա» (Clean Energy) և «Էներգետիկ կապակցվածություն» (Energy connectivity),
- որպես ԱՍԾԷՄ ծրագրի հարավկովկասյան գործընկերներ նշված են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, իսկ միջազգային գործընկերներն են ԵՄ-ը, Համաշխարհային բանկը, Ռումինիան և Հունգարիան,
- ԱՍԾԷՄ ծրագրի իրականացման առաջին փուլը սկսվելու է 2022 թ. դեկտեմբերի 17-ին Բուխարեստում, «ԵՀ օժանդակությամբ Սևծովյան երկրների միջև համաձայնագրի ստորագրումով (Agreement between Black Sea countries)»,
- ծրագրի նախնական ներդրումային բյուջեն €2.3 մլրդ է,
- բուկլետը թվագրված է 2022 թ. դեկտեմբերով: Դատելով այս փաստաթղթի URL–ից[8]՝ կարելի է եզրակացնել, որ այն համացանց է ներբեռնվել 2022 թ. դեկտեմբերի 4-ին,
- դատելով փաստաթղթի URL–ից՝ կարելի է եզրակացնել, որ, հավանաբար, այս բուկլետը ի սկզբանե մշակվել է ԵՄ Եվրոպական Հարևանության քաղաքականության գլխավոր դիրեկտորատում (DG NEAR)[9]։
Այսպիսով, ԵՄ ու ԵՀ տեսանկյունից ԱՍԾԷՄ ծրագիրը պետք է իրականացվի «Global Gateway» ռազմավարության շրջանակներում։ ԱՍԾԷՄ-ի €2.3 մլրդ բյուջեն, հավանաբար, «Global Gateway»-ի «մինչև €300 միլիարդ» ներդրումային փաթեթի մի մասն է: ԵՄ ու ԵՀ տեսանկյունից ՀՀ-ն հանդիսանում է ԱՍԾԷՄ ծրագրի մասնակից երկիր, կամ, գոնե, սա է պնդում համացանցում 2022 թ. դեկտեմբերի 4-ին տեղակայված ԱՍԾԷՄ ծրագրի պաշտոնական բուկլետը:
Արձանագրենք հետևյալը։ Ինչպիսի՞ն է «Global Gateway»-ի ԱՍԾԷՄ ծրագրի փոխկապակցվածությունը ԵՄ DG NEAR-ի Արևելյան գործընկերության տրանսպորտային և ենթակառուցվածքային կապակցվածության զարգացման մեկ այլ՝ «TEN-T» ծրագրի հետ։ Ավելի կոնկրետ, արդյո՞ք ԱՍԾԷՄ-ի €2.3 մլրդ բյուջեի ՀՀ մասնաբաժինը (եթե այն կա) գալու է «TEN-T» ծրագրով ՀՀ ենթակառուցվածքային զարգացման համար նախատեսված €2.6 մլրդ բյուջեից[10], թե՝ ոչ։
Եվ ընդհանրապես, ի՞նչ եղավ «TEN-T» ծրագիրը, որի մասին այդքան խոսվում էր մամուլում ոչ վաղ անցյալում ՀՀ ենթակառուցվածքային զարգացման առնչությամբ։ Ի՞նչ եղավ այդ ծրագրով ՀՀ նախատեսված €2.6 մլրդ բյուջեն։ Կա՞ն այստեղ կոնկրետ ծրագրեր, և որքանով են դրանք ենթակառուցվածքային: Կա՞ այս գումարի իրացման որևէ ժամանակացույց, և եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ:
Բայց վերադառնանք ԱՍԾԷՄ-ի ժամանակագրությանը։ Համաձայն վրացական աղբյուրների, ԱՍԾԷՄ ծրագիրը ի սկզբանե Վրաստանի և Ռումինիայի կառավարությունների նախաձեռնությունն էր։ «Ի սկզբանե», եթե նկատի չունենանք 2006-13 թթ. թուրք-ռումինական «Անդրսևծովյան էլեկտրական մալուխ» ծրագիրը։ Ի վերջո, այն տապալվեց Բուլղարիայի դիրքորոշման հետևանքով. մալուխը պետք է անցներ այդ երկրի սևծովյան հատվածով, իսկ Բուլղարիան չէր ցանկանում կորցնել Թուրքիայի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համագործակցության «մենաշնորհը» և իր «Բելենա» ատոմակայանի հեռանկարները[11]։
Իր հերթին, 2008-09 թթ. Թուրքիայի էներգետիկ մասնագիտական օղակներում հասունացավ երկրին սպառնացող էներգետիկ ճգնաժամի գիտակցումը, և Անկարան ձեռնամուխ եղավ այս վտանգը զսպելուն ուղղված համալիր միջոցառումների իրականացմանը՝ սկսած սեփական ատոմակայանի կառուցման[12] և բնական գազի ներկրման[13], մինչև հիդրոէներգետիկայի զարգացման և Թուրքիա էլեկտրաէներգիա ներկրելու ծրագրերի մշակում, այդ թվում՝ անդրսևծովյան մալուխով։
2022 թ. դեկտեմբերի 20-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը իր հաղորդագրությունում մեջբերում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լ. Դավիթաշվիլու հետևյալ խոսքերը. «ԱՍԾԷՄ ծրագիրը Վրաստանի կողմից առաջարկվել էր դեռևս 2021 թ.-ին, սակայն այդ ժամանակ ԵՄ պաշտոնյաները այն մեծ կասկածով ընդունեցին։ Եվ միայն Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո ԵՄ-ը ընդունեց այս ծրագրի հրատապության փաստը»[14]։
Կարևոր է ընդգծել, որ ԱՍԾԷՄ ծրագիրը ի սկզբանե ուներ համալիր բնույթ. այն ոչ միայն, ու ոչ այնքան էլեկտրաէներգետիկական ծրագիր էր, այլ, առաջին հերթին, կապի, ինֆորմացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ԻՀՏ, ICT) ոլորտի՝ օպտիկա-մալուխային կապակցվածության ծրագիր։
Այսպես, «Business Media Georgia» վրացական կայքի 2022 թ. ապրիլի 22-ի հաղորդագրությունը[15], մեջբերելով Վրաստանի փոքր և միջին հեռահաղորդակցային օպերատորների միության նախագահ Ու. Սետուրիին (Ucha Seturi), նշում էր, որ «Վրաստանը և Ռումինիան ձեռնամուխ են եղել Սև ծովի հատակով նոր օպտիկա-մանրաթելային մալուխ (fiber-optic cable) անցկացնելու ծրագրին: Այն պետք է միացնի Վրաստանը Ռումինիային՝ դարձնելով Վրաստանը տարածաշրջանային հեռահաղորդակցական հանգույց՝ էականորեն բարձրացնելով լայնաշերտ և ինտերնետ կապի թողունակությունը»։ Ըստ հաղորդագրության, օպտիկա-մալուխային այս ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմում էր մոտ €70-80 մլն, աշխատանքների տևողությունը՝ 7-8 ամիս։
Ըստ Սետուրիի՝ «նպատակահարմար է, որ այս նոր օպտիկա-մալուխային գծի օպերատորը լինի մասնավոր ընկերություն։ Ընդհանրապես մենք [Վրաստանը], ինտերնետ կապ ունենք մեր բոլոր հարևանների հետ. Եվրոպայի հետ՝ Փոթի-Վառնա անդրսևծովյան մալուխով, ՌԴ-ի հետ՝ ցամաքով, Լարսով, և անդրսևծովյան մալուխով, Թուրքիայի հետ՝ Սարփիով և Վալեով, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ 2-ական հանգույցներով։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը ինտերնետ կապը համարում է ռազմավարական կարևորության ենթակառուցվածք, և այստեղ կարևոր է որքանով հնարավոր է թուլացնել մեր կապը ՌԴ-ի հետ և տարածաշրջանային ինտերնետ հոսքը իրականացնել Վրաստանի միջոցով»։
Հարկ ենք համարում ընդգծել, որ հակառակ Վրաստանին, տարածաշրջանի մայրուղային ցանցերին ՀՀ օպտիկա-մալուխային ցանցի (ՕՄՑ) համակցումը խոցելի է ու սահմանափակ։ Թեև Հայաստանի ներքին ՕՄՑ-ն, թե՛ իր խտությամբ և թե՛ իր արագությամբ, լավագույնն է Հարավային Կովկասում։ Ըստ էության, ՀՀ-ն մեկուսացված է այդ մայրուղային ցանցերից, թե՛ Հարավում (ТАЕ), թե՛ Հյուսիսում (ТАSIM)։ Եվ սա ՀՀ ենթակառուցվածքային շրջափակման տասնամյակներ վարվող ռազմավարության ևս մի հետևանք է[15]։
«Վրաստանի պետական Էլեկտրահամակարգ» (GSE)[x] բաժնետիրական ընկերության 2022 թ. հունիսի 15-ի հաղորդագրության[16] համաձայն, «[ԱՍԾԷՄ ծրագրի շրջանակներում] GSE ընկերությունը ակտիվ համագործակցում է ռումինական էլեկտրահամակարգի օպերատոր՝ Transelectrica-ի հետ, իսկ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում իր գործընկեր կառույցների հետ Ռումինիայում, Հայաստանում և Ադրբեջանում: ԱՍԾԷՄ ծրագիրը նախաձեռնել էր GSE ընկերությունը՝ Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն զարգացման նախարարության աջակցությամբ և Համաշխարհային Բանկի ակտիվ մասնակցությամբ»։
2022 թ. օգոստոսի 24-ի «РИА Новости»-ի հաղորդագրությունը[17] մեջբերում էր Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պ. Սիյարտոյին. «Ես հրաշալի խոսակցություն ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Նա տեղեկացրեց ինձ, որ Ադրբեջանը պատրաստվում է մեծ քանակությամբ «կանաչ» էլեկտրաէներգիա արտադրել, որը կմատակարարի Վրաստանին, իսկ այնտեղից, անդրծովյան մալուխով՝ Ռումինիային։ Այսօր մենք պայմանավորվեցինք, որ Հունգարիան կմիանա այս մասշտաբային ծրագրին: Բանն այն է, որ այս ծրագրին ԵՄ աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է առնվազն ԵՄ երկու անդամ-երկրների մասնակցությունը։ Եվ ահա, Հունգարիան «կանաչ» էլեկտրաէներգիա կստանա, որը կարող ենք մասնակիորեն յուրացնել, իսկ մի մասի համար գործել որպես տարանցիկ երկիր»:
Հավելենք, որ 2022 թ. դեկտեմբերի 1-ին հայտարարվեց, որ «պաշտոնական Երևանը ու Բուդապեշտը քննարկում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը»:
Վրացական GSE ընկերության 2022 թ. սեպտեմբերի 8-ի հաղորդագրության[18] համաձայն «կայացավ Հայաստանի և Վրաստանի էներգետիկների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց Վրաստանի և ՀՀ միջև արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին համաձայնագիրը։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ ՄԶ գործակալության (USAID) ներկայացուցիչները։ Քննարկումներ կայացան նաև ԱՍԾԷՄ ծրագրի շուրջ»։
Ըստ իտալական CESI ընկերության կայքի 2022 թ. սեպտեմբերի 20-ի հաղորդագրության[19], այդ ընկերությունը հաղթող է ճանաչվել վրացական GSE ընկերության կողմից հայտարարված և Համաշխարհային բանկի կողմից աջակցվող «Վրաստան-Ռումինիա համակցման ծրագրի» (GE-RO Interconnection Project) մրցույթում` ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման (feasibility study) պատրաստման համար։ Նշվում է, որ բացի Վրաստան-Ռումինիա էլեկտրական մալուխից, որի թողարկումը ներառված է 2020-2030 թթ. Վրաստանի էլեկտրական ցանցերի զարգացման` GSE կողմից մշակված պետական ծրագրում։ «Վրաստան-Ռումինիա համակցման ծրագիրը» ներառում է նաև օպտիկա-մանրաթելային մալուխի զուգահեռ անցկացումը Սև ծովի հատակով»[20]։
Վրացական GSE ընկերության 2022 թ. հոկտեմբերի 28-ի հաղորդագրության[xvi] համաձայն` «կայացավ ԱՍԾԷՄ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական արդյունքների քննարկումը իտալական CESI ընկերության և GSE աշխատակիցների միջև։ Միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված իտալական CESI ընկերությունը իրականացնում է ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը 2022 թ. մայիսի 11-ից»։
CESI ընկերության 2022 թ. նոյեմբերի 18-ի հաղորդագրությունը[21]՝ անդրադառնալով ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելյիի (Oliver Varhelyi) Վրաստան կատարած այցին, ընդգծում էր, որ անդրսևծովյան էլեկտրական մալուխի երկարությունը մոտ 1.195 կմ է, որից 95 կմ-ը կանցնի ցամաքով։
2022 թ. դեկտեմբերի 5-ին, ԵՄ կայքում ԱՍԾԷՄ ծրագրի ինֆորմացիոն բուկլետի հայտնվելուց մեկ օր անց և Բուխարեստյան «քառակողմ» հանդիպումից (2022 թ. դեկտեմբերի 17, տե՛ս վերը) 12 օր առաջ, «sputnik-georgia.ru» կայքում հրապարակվեց «Сербия планирует с января 2023 года получать электроэнергию из Азербайджана. Хватит ли у Баку мощностей для экспорта в Европу?» անվանումով հոդվածը[22]։ Այն հանդիսանում էր 2022 թ. նոյեմբերի 29-ին «az.sputniknews.ru» կայքում «Сербия в очереди: откуда Баку возьмет допмощности электроэнергии для экспорта в Европу» հոդվածի[23] վերատպված տարբերակը, բայց մեկ կարևոր լրացումով։
Այստեղ բերվում էր Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից պատրաստված ԱՍԾԷՄ ծրագրի «հավանական քարտեզը» (տե՛ս Նկ. 3)։
Նկ. 3. Ադրբեջանի էներգետիկայի նախարարության ԱՍԾԷՄ ծրագրի «հավանական քարտեզը» զետեղված «sputnik-georgia.ru» 2022 թ. դեկտեմբերի 5-ի հոդվածում (աղբյուրը՝ sputnik-georgia.ru):
Ինչպես տեսնում ենք, ըստ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության, 500 կՎ լարման դասի մալուխը պետք է սկիզբ առնի Ադրբեջանի «Աղստաֆա» բարձրավոլտ ենթակայանից, ցամաքով հատի Վրաստանի տարածքը՝ մինչև վրացական «Կուլևի» Սևծովյան տերմինալ[24], որտեղից և սկիզբ է առնում մալուխի անդրծովյան հատվածը։ Այն ավարտվում է ռումինական «Կոնստանց» նավահանգստի մոտակայքում։
Առանձնացնենք երկու հանգամանք։ Նախ, «քարտեզի» հեղինակները հարկ են համարել պատկերել անդրսևծովյան մալուխի ուղու այն հատվածը, որն անցնում է Սև ծովի ՌԴ տերիտորիալ ջրերով (բաց դեղին սեկտոր, Նկ. 3)։ Հիշյալ սեկտորը հաշվարկված է «Բաց Ծովի» (High Seas) մասին միջազգային իրավունքի նորմերով, եթե այն սկսենք Ղրիմ թերակղզու ծայր-հարավային ափեզրից։ Իսկ որքանով է Ղրիմի պատկանելիությունը ՌԴ-ին համապատասխանում միջազգային իրավունքին ու դրա մասը կազմող «Բաց Ծովի» օրենքին՝ առանձին հարց է, որն ընկած է ներկայիս աշխարհաքաղաքական բուռն և տագնապալի զարգացումների հիմքում։
Երկրորդ, բերված «քարտեզը» խնամքով շրջանցում է ՀՀ-ն, իսկ հիշյալ հոդվածներում ՀՀ-ն ընդհանրապես չի հիշատակվում և ոչ մի առիթով։ Մինչդեռ ՀՀ-ն, որպես ԱՍԾԷՄ ծրագրի հարավկովկասյան գործընկերներ, նշվում է վրացական GSE ընկերության 2022 թ. հունիսի 15-ի և սեպտեմբերի 8-ի հաղորդագրություններում, ինչպես նաև՝ ԵՄ կայքի ԱՍԾԷՄ ծրագրի բուկլետում, որը ԵՀ կայքում տեղակայվել էր «sputnik-georgia.ru» հոդվածի հրապարակումից մոտ 24 ժամ առաջ (տե՛ս Նկ. 2)։
Ընդհանուր առմամբ, «az.sputniknews.ru» և «sputnik-georgia.ru» հիշյալ հրապարակումները նմանօրինակ են 2021 թ. հունվարի 13-ի ռուսական «Коммерсантъ»-ի տխրահռչակ հոդվածին, որը, հիշեցնենք, շրջանառության մեջ առաջին անգամ մտցրեց «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը։ Այս և նմանատիպ հրապարակումները անհրաժեշտ է դիտարկել ՀՀ դեմ վարվող տեղեկատվա-հոգեբանական հատուկ գործողությունների համատեքստում։
2022 թ. Բուխարեստում (Ռումինիա) կայացած «Սևծովյան էներգետիկ շաբաթ – 2022» համաժողովի շրջանակներում վրացական GSE ընկերության տնօրենների խորհրդի անդամ Զվիադ Գաչեչիլաձեի (Zviad Gachechiladze) «Black Sea Submarine Cable Project» զեկույցում[25], թվագրված 2022 թ. դեկտեմբերի 7-ով, ԱՍԾԷՄ ծրագրի ժամանակագրության առնչությամբ նշվում են հետևյալ մանրամասները.
- 2019 թ.՝ Ծրագրի նախնական հայտի կազմում՝ ԵՄ «Արևելյան գործընկերության ծրագրերի ցանկի» (PEPI) շրջանակներում[26]։
- 2020 թ.՝ Ծրագրի նախնական տնտեսական վերլուծության հրապարակում Համաշխարհային բանկի կողմից։
- 2021 թ.՝ Սևծովյան տարածաշրջանային հաղորդման պլանավորման (BSTP)[27] ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի Էներգետիկ ասոցիացիայի (USEA) կողմից ֆինանսավորված և ԱՍԾԷՄ ծրագրին առնչվող երկու հետազոտությունների՝ «Հաստատուն հոսանքի բարձրավոլտ մալուխների տեխնոլոգիաներ» և «Համակարգի կայունության վերլուծություն», հրապարակում։
- 2021 թ.՝ Ծրագրի ներկայացում ԵՄ էլեկտրահաղորդման օպերատորների համագործակցության միությանը (ENTSO-E)՝ համակարգերի զարգացման 10-ամյա զարգացման պլանում (TYNDP)[28] ներառելու համար։
- 2022 թ.՝ Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվության պատրաստման մեկնարկ։
Նկ. 3. Ադրբեջանի էներգետիկայի նախարարության ԱՍԾԷՄ ծրագրի «հավանական քարտեզը» զետեղված «sputnik-georgia.ru» 2022 թ. դեկտեմբերի 5-ի հոդվածում (աղբյուրը՝ sputnik-georgia.ru):
Հիշյալ զեկույցում բերվում է ԱՍԾԷՄ ծրագրի վրացական GSE ընկերության պատկերացումներով կազմված քարտեզը (Նկ. 4)՝ մի շարք տեխնիկական մանրամասներով։ Ըստ դրա, ԱՍԾԷՄ-ը վրացական ափեզրին պետք է սկսվի «Անակլիա» խորջրյա նավահանգստից[32], այլ ոչ թե Կուլևի տերմինալից` ըստ ադրբեջանական պատկերացումների (տե՛ս վերը՝ Նկ. 3)։ Ընդ որում, ծրագրի ակունք է հանդիսանում Ինգուրի ՀէԿ-ը, որի «Ջվարի» (Jvari, տե՛ս Նկ. 4) ենթակայանից դեպի Անակլիա նախատեսվում է կառուցել 500 կՎ լարման դասի փոփոխական հոսանքի երկշղթա բարձրավոլտ օդային գիծ (Նկ. 4, կապույտ ընդհատ գիծ)։ Անակլիայի ենթակայանում պետք է տեղակայվի երկու 500 ՄՎտ հզորությամբ AC/DC փոխակերպիչ, որոնք և կուղղեն արդեն հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիան 1․100 կմ երկարությամբ անդրծովյան մալուխով՝ դեպի ռումինական Կոնստանց նավահանգիստ։
Վերջապես, 2023 թ. դեկտեմբերի 7-ին և 8-ին Բուխարեստում ընթացող «Սևծովյան էներգետիկ շաբաթ – 2023» համաժողովի շրջանակներում նույն Զ. Գաչեչիլաձեն իր հարցազրույցում շեշտում էր[33], որ «[ԱՍԾԷՄ] ծրագիրը մեր նախաձեռնությունն էր, հավակնոտ նախաձեռնություն, բայց դե մենք էլ հավակնոտ ազգ ենք։ …Այն հնարավորություն կընձեռի վերականգնվող աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիա արտահանել դեպի Եվրոպա նաև այլ երկրներից, օրինակ՝ Ադրբեջանից։ Ներկայումս Ադրբեջանը արտադրում է հողմա-արեգակնային 27 ԳՎտ[34] և կարող է ապահովել ԱՍԾԵՄ ծրագրի մինչև 20-30%»։
Բացի այս, պ. Գաչեչիլաձեն հիշյալ հարցազրույցում նշում էր, որ «ըստ ԱՍԾԷՄ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման հիմնական սցենարի, ծրագրի հզորությունը 1000-1500 ՄՎտ է, թեև դիտարկվում է նաև 3000 ՄՎտ հզորությամբ սցենար։ …Բյուջեն գնահատված էր 2.3 մլրդ, բայց դե դա մինչև պատերազմն էր[35], հիմա գները աճել են։ …Շինարարությունը նախատեսվում է սկսել 2025 թ. սկզբին, շահագործման մեկնարկը՝ 2030-ին»։
Հարցին, թե «ի՞նչու եք կարծում, որ այս ծրագիրը կհաջողի։ Նախկինում շատ նման ծրագրեր են եղել, օրինակ՝ թուրքմենական-ադրբեջանական-վրացական գազային «Սպիտակ հոսքը» կամ ադրբեջանական–վրացական–ռումինական հեղուկ գազի ինտերկոնեկտորի ծրագիր, որոնք չեն հաջողել», պ. Գաչեչիլաձեն պատասխանել է. «Ի տարբերություն նախկիններից, այս ծրագրում մենք ունենք միջազգային դոնոր կազմակերպությունների ցանկությունը և մտադրությունը աջակցել ծրագրին»։
3․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի մի բերելով ասվածը կարելի է գալ հետևյալ եզրահանգումների.
Ա․ ՀՀ-ը մասնակցում էր ԱՍԾԷՄ ծրագրին, թե՛ գործնական քննարկումների մակարդակով, ինչի մասին, մասնավորապես, վկայում են վրացական GSE ընկերության 2022 թ. հունիսի 15-ի և սեպտեմբերի 8-ի հաղորդագրությունները, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակով, որպես ծրագրի մասնակից-երկիր։ Ինչի մասին վկայում է ԵՀ «Global Gateway» ռազմավարության խորագրով և 2022 թ․ դեկտեմբերով թվագրված ԱՍԾԷՄ ծրագրի պաշտոնական բուկլետը, տեղակայված համացանցում 2022 թ․դեկտեմբերի 4-ին։
Դիտարկվո՞ւմ էր (է), արդյոք, ՀՀ-ն Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ իտալական CESI ընկերության կողմից կազմված ԱՍԾԷՄ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվությունում, պարզ չէ[36]։
Անհասկանալի են ԵՄ «Global Gateway» և «TEN-T» ծրագրերի ՀՀ-ին առնչվող բյուջեների և ծրագրերի փոխկապակցվածության ու իրացման հարցերը։
Բ․ ՀՀ-ի բացակայությունը 2022 թ. դեկտեմբերի 17-ի ծրագրի փոխըմբռնման քառակողմ հուշագրի բուխարեստյան արարողությանը, հնչեցված ելույթների շեշտադրումները և այլն, վկայում են, որ ՀՀ-ն հետևողականորեն «արտաքսվել» է ԱՍԾԷՄ ծրագրի նախնական փուլի գործընթացներից։
Գործիքային առումով ուշագրավ են հիշյալ «արտաքսման» մեխանիզմները: Առաջինը կայանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ու հարակից կառույցների (ԱՄՆ ՄԶԳ (USAID), Սևծովյան տարածաշրջանային հաղորդման պլանավորման (BSTP), միջազգային դոնոր կազմակերպություններ) օգտագործման մեջ: Ժամանակին (2006–2010 թթ.) դրանք «արդյունավետ» օգտագործվեցին Հարավկովկասյան բարձրավոլտ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերից ՀՀ-ին դուրս թողնման գործում. այդ ժամանակ սառեցվեց ՀՀ–Վրաստան 400-500 կՎ գծի կառուցումը[37], փոխարենը կառուցվեց Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան բարձրավոլտ «էներգակամուրջ»[38]։
ԱՍԾԷՄ ծրագրի հետ կապված Թուրքիան, ի շարս այլի, անուղղակիորեն օգտագործեց Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափը՝ պատրվակ ստեղծելով հեռու պահել ՀՀ-ին մտադրությունների մասին քառակողմ հուշագրի ստորագրման 2022 թ. դեկտեմբերի 17-ի բուխարեստյան արարողությունից։
Մյուս մեխանիզմը դա դեռ Ռամիլ Սաֆարովի հարցով Հունգարիա – Ադրբեջան համագործակցությունն է: Այստեղ այն արտահայտվեց 2022 թ. ամռանը, երբ Ադրբեջանի խնդրանքով, հորդորով և ճնշումով ԱՍԾԷՄ ծրագրի մեջ ներգրավվեց Հունգարիան, իբրև եվրոպական 2-րդ երկիր (Ռումինիայից բացի), որի մասնակցությունը անհրաժեշտ է ԵՄ «Global Gateway» ծրագրից ֆինանսավորում ստանալու համար[39]:
ԱՍԾԷՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Կարծում ենք, որ չնայած հրապարակայնորեն հայտարարված նպատակներին, ԱՍԾԷՄ ծրագրի հիմնական՝ աշխարհաքաղաքական, նպատակն է նպաստել «Գերճկել Ռուսաստանը» ռազմավարությանը[40], զսպել ու արտամղել ՌԴ-ն Հարավային Կովկասից։
Հաշվի առնելով ԱՍԾԷՄ ծրագրի համալիր բնույթը (էներգետիկ և ԻՀՏ բաղադրիչներ) կարծում ենք, որ չնայած հրապարակայնորեն հայտարարված նպատակներին, ծրագրի տեխնիկական նպատակներն են.
1․ էլեկտրաէներգետիկ ոլորտում․
- ապահովել Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումը, թուլացնել այս առումով Վրաստանի կախվածությունը ՌԴ-ից, զսպել ՌԴ-Վրաստան աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավոր համագործակցությունը,
- վավերացնել Արցախում անցած տասնամյակում կառուցված վերականգնվող էներգետիկ կայանների 2020 թ. ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցման փաստը,
- ներկայացնել Արցախի «Կանաչ և մաքուր» էներգետիկ ներուժը որպես «ադրբեջանական ազգային ներուժ», առաջարկելով այն օգտագործել ԱՍԾԷՄ ծրագրի շրջանակներում:
Առաջին նպատակը կրկնում է վաղ 90-ականների քաղաքականությունը, երբ Կասպիցի «Ազերի–Չերաղ–Գյունեշլի» (ԱՉԳ) նավթադաշտի յուրացման ընթացքում ստացված հարակից գազը[41] մեծ քանակությամբ մատակարարվում էր Վրաստան, խախտելով անգամ ԱՉԳ դաշտի շահագործման պլանավորված նորմերը: Արդյունքում, խափանվեց ԱՉԳ դաշտի BP ընկերության 3-փուլ ծրագիրը, ԲԹՋ նավթամուղը այդպես էլ դուրս չեկավ իր ծրագրային ցուցանիշներին, բայց այս մատակարարումներով հաջողվեց կտրել Վրաստանի գազային և էներգետիկ կապը ՌԴ-ից, բերել Վրաստանը թուրք–ադրբեջանական նավթային, գազային, էլեկտրաէներգետիկ, տրանսպորտային և աշխարհաքաղաքական աքցան[42]։
Վերջին երկու նպատակները մանրամասն կքննարկվեն ԱՍԾԷՄ ծրագրի էներգետիկ ասպեկտներին նվիրված առանձին հոդվածում։
2․ Ինֆորմացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ԻՀՏ) ոլորտում.
- օժանդակել ՌԴ-ն հարավից շրջանցող օպտիկա-մալուխային մայրուղային ցանցի զարգացմանը,
- ուժեղացնել դրանում Վրաստանի դերակատարումը` որպես տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույց։
Այս նպատակները նույնպես կրկնում են 2000-ականների սկզբի քաղաքականությունը, երբ ՀՀ-ն թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերով դուրս թողնվեց Հարավային Կովկասի օպտիկա–մանրաթելային մալուխների տարածաշրջանային ծրագրից. հյուսիսում՝ TASIM-ից, հարավում՝ TAE-ից[43]։
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
ՀՀ «արտաքսումը» ԱՍԾԷՄ ծրագրից մեզ համար գործնական առումով վտանգավոր է ոչ այնքան էներգետիկ, որքան որ ԻՀՏ զարգացման, անխափան լայնաշերտ կապի, այդ թվում՝ ինտերնետ կապի անվտանգության տեսակետից։
Բանն այն է, որ ՀՀ-ն այս հարցերում գերզգայուն է Վրաստանում գտնվող օպտիկա-մալուխային հանգույցից. այստեղով է անցնում արտաքին աշխարհի հետ ՀՀ լայնաշերտ կապի առնվազն 85%-ը և ինտերնետ հոսքերի մոտ 80%-ը։ Ավելին, այս հանգույցը վրացական իշխանությունը գերադասում է պահել մասնավոր սեփականության տիրույթում, և վերջերս այն անցավ ադրբեջանական ծագում ունեցող կապիտալի վերահսկողության տակ։
Ամբողջությամբ դուրս մնալով վրացական ծովափի օպտիկա-մալուխային հանգույցներին առնչվող ծրագրերից՝ Երևանը կարող է կորցնել, եթե չասենք իր վերահսկողությունը դրանց նկատմամբ, ապա գոնե՝ տեղեկացված լինելու հնարավորությունը դրանց շուրջը ծավալվող գործընթացների վերաբերյալ (Ադրբեջանի/Թուրքիայի կողմից լիակատար վերահսկողության հաստատում, որոշակի տեխնիկական միջոցառումներ և այլն)։
Հակառակ դրան, բուն էլեկտրաէներգետիկական առումով ԱՍԾԷՄ ծրագրից ՀՀ հնարավոր «արտաքսումը» մեզ համար ունի երկրորդական նշանակություն։ ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացման տեսանկյունից առաջնային ու ռազմավարական նշանակություն ունեն Սյունիքի լեռնահարստացուցիչ համալիրի զարգացումը, ատոմային նոր բլոկի թողարկումը, Իրանի և Վրաստանի հետ բարձրավոլտ (400-500 կՎ) էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, Արաքս գետի վրա «Մեղրի» (ՀՀ) և «Ուշթուբին» (Իրան) ՀԷԿ-երի կառուցումը։
Այլ խոսքերով, էլեկտրաէներգետիկայի ոլորտում ԱՍԾԷՄ-ից զատ, ՀՀ-ն շատ ավելի կարևոր ծրագրեր ունի իրականացնելու[44]։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՍԾԷՄ ծրագիրը ՀՀ համար կարող է դառնալ գրավիչ այն պարագայում, եթե առաջիկա տասնամյակում շարունակվի ճնշված մնալ Իրանի, ՌԴ և Վրաստանի հետ բարձրավոլտ մայրուղային էլեկտրակաn ցանցի զարգացման ծրագրերի իրականացումը, տապալվի ՀՀ–Թուրքիա էլեկտրաէներգետիկ համագործակցությունը։
Ծրագրին ՀՀ մասնակցությունը կունենա նաև քարոզչական, տեղեկատվական և հանրային կապերի (PR) զարգացման նշանակություն, կբարձրացնի ՀՀ ներդրումային ու իմիջային գրավչությունը: Այս հանգամանքը կարելի է օգտագործել ԱՍԾԷՄ ծրագրում ՀՀ մասնակցության վերականգման ու դրանում Երևանի դերակատարման վերաիմաստավորման համար։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Հայրապետյան Ս. (2021). ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք ներդրումային փաթեթը կավելացնի՝ դարձնելով 2,6 մլրդ եվրո. Ազատություն ռադիոկայան. (09.07.2021). https://www.azatutyun.am/a/31350272.html (բեռնման օրը՝ 14.02.2023)։
- Հարությունյան Գ., Մարջանյան Ա., Վերանյան Կ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Մանուկյան Ս., Թևիկյան Ա. և այլոք. (2018). Կրիտիկական ենթակառուցվածքներ և ազգային անվտանգություն. Նորավանք ԳԿՀ, Երևան։
- Մարջանյան Ա. (2011). Ազգային անվտանգությունը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում.21-րդ ԴԱՐ, (1), 30-60. https://cyberleninka.ru/article/n/nacionalnaya-bezopasnost-v-ehpohu-globalnyh-geopolitichesk ih-izmenenij (բեռնման օրը՝ 21.02.2023)։
- Մարջանյան Ա. (2013). Ադրբեջանական Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը. Նորավանք ԳԿՀ, հ.1։
- Մարջանյան Ա. (2019). Վրաստանի նավահանգիստները. Կուլևի նավթային տերմինալը. Օրբելի կենտրոն. (25.11.2019). https://www.orbeli.am/hy/post/320/2019-11-25/Վրաստանի++նավահանգիստները+Կուլևի++նավթային++տերմինալը (բեռնման օրը՝ 19.02.2023)։
- Մարջանյան, Ա., Վերանյան, Կ. (2019). Անակլիա. Վրաստանի խորջրյա նոր նավահանգիստը. Օրբելի կենտրոն. (14.11.2019). https://orbeli.am/hy/post/315/2019-11-14/ Վրաստանի+խորջրյա+նոր+նավահանգիստը (բեռնման օրը՝ 19.02.2023)։
- Марджанян А. (2021). Энергетика и война (Доклад). Центр поддержки Русско-Армянских стратегических и общественных инициатив. (15.02.2021). https:// russia-armeinfo/node/73622 (բեռնման օրը՝ 15.02.2023).
- Чарквиани, Н. (2022). ЕС выделит миллиарды евро на прокладку кабеля по дну Черного моря. (20.12.2022). https://www.golosameriki.com/a/electricity-cable-from-azerbajzan -to-europe/6884303.html (բեռնման օրը՝ 16.02.2023).
- Власти Венгрии планируют получать зеленую электроэнергию из Азербайджана. (2022). https://ria.ru/20220824/vengrii-1811971060.html (բեռնման օրը՝ 15.02.2023).
- Сербия в очереди: откуда Баку возьмет допмощности электроэнергии для экспорта в Европу. (2022). https://az.sputniknews.ru/20221129/serbiya-v-ocheredi-otkuda-baku-vozmet-dopmoschnosti-elektroenergii-dlya-eksporta-v-evropu-449062217.html? (բեռնման օրը՝ 20.02.2023).
- Энергомост между Европой и Южным Кавказом – взгляд из Баку. (2022). https:// sputnik-georgia.ru/20221205/272705392.html (բեռնման օրը՝ 20.02.2023).
- Dobbins J., Cohen, R. S., Chandler N., Frederick B., Geist E., DeLuca P., … & Williams B. (2019). Overextending and Unbalancing Russia. RAND Corporation. https://www.rand.org/ pubs/research_briefs/RB10014.html (բեռնման օրը՝ 25.02.2023).
- Gachechiladze Z. (2022). Black Sea Submarine Cable Project. https://www. energy-community.org/dam/jcr:f8a94f9c-0881-4849-accb-cf33256b4459/WSIC-EL_ GSE_12.22.pdf (բեռնման օրը՝ 19.02.2023).
- Mosoianu, A. (2015). CJUE va decide soarta hidrocentralei Tarnița-Lăpuștești și a cablului electric submarin România-Turcia. (11.11.2015). https://www.profit.ro/povesti-cu-pro fit/energie/cjue-va-decide-soarta-hidrocentralei-tarnita-lapustesti-si-a-cablului-electric-subma rin-romania-turcia-14472076 (բեռնման օրը՝ 19.02.2023).
- Patricolo C. (2023). Turning Ambitions into Reality: the Black Sea Energy submarine cable – interview with Zviad Gachechiladze, Member of the Board of Directors, GSE. CEENERGYNEWS. (15.02.2023). https://ceenergynews.com/interviews/ turning-ambitions-into-reality-the-black-sea-energy-submarine-cable-interview-with-zviad-gachechiladze-member-of-the-board-of-directors-gse/ (բեռնման օրը՝ 19.02.2023).
- Taktakishvili, N. (2022). Submarine Communications Cable to be Constructed under the Black Sea. (19.04.2022). https://bm.ge/en/article/submarine-communications-cable-to-be-constructed-under-the-black-sea/107075 (բեռնման օրը՝ 18.02.2023).
- Black Sea Submarine Cable Project Feasibility Study Review. (2022). https://www.gse.com.ge/communication/news/2022/black-sea-submarine-project-feasibility-study-review/ (բեռնման օրը՝ 13.02.2023).
- Black Sea Submarine Cable Project Feasibility Study First Draft Assignment. (2022). https://www.gse.com.ge/communication/news/2022/Black-Sea-Submarine-Cable-Project-Feasi bility-Study-First-Draft-Assignment (բեռնման օրը՝ 19.02.2023).
- CESI, feasibility Study for the GE-RO Interconnection Project. (2022). https://www.cesi.it/news/2022/cesi-feasibility-study-ge-ro-interconnection-project/ (բեռնման օրը՝ 19.02. 2023).
- EU Commissioner Varhelyi on the Black Sea Submarine Cable. (2022). https://www. cesi.it/news/2022/eu-commissioner-varhelyi-on-the-black-sea-submarine-cable/ (բեռնման օրը՝ 20.02.2023).
- Statement by President von der Leyen at the Signing Ceremony of the Memorandum of Understanding for the Development of the Black Sea Energy Submarine Cable. (17.11.2022).https://ec.europa.eu/commission/presscorner/detail/ en/statement_22_7807 (բեռնման օրը՝ 11.02.2023).
- Working Meeting Between Georgian and Armenian Colleagues. (2022). https://www.gse.com.ge/communikatsia/akhali-ambebi/2022/working-meeting-between-georgi an-and-armenian-colleagues/ (բեռնման օրը՝ 19.02.2023).
- https://commission.europa.eu/index_en (բեռնման օրը՝ 11.02.2023).
- https://commission.europa.eu/strategy-and-policy/priorities-2019-2024/stronger-europe-world/ global-gateway_en (բեռնման օրը՝ 12.02.2023).
- https://commission.europa.eu/document/download/fa74658e-7c35-4df3-ae21-63bcfa 122b07_en (բեռնման օրը՝ 13.02.2023).
- https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/system/files/2022-12/4.Black Sea Electricity.pdf (բեռնման օրը՝ 13.02.2023).
[1] ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), տ.գ.թ., ա.գ.ա.: Ինժեներ-էներգետիկ (Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, 1980թ.): Տեխնիկական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ, 1987թ.), ավագ գիտաշխատող (ԽՍՀՄ ԲԱԿ, 1989թ.): Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ԱՄՆ Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայում (NREL, Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ, 1993-94 թթ.): 2015-ից՝ Հայաստանում ԵՄ ազգային փորձագետ՝ տրանսպորտի հարցերով: 2017-ից՝ ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ: «21-րդ Դար» վերլուծական հանդեսի հիմնադիր խմբագիր (2003-06 թթ.)։ Եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, ապա՝ Հիմնադրամի փոխտնօրեն:
[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 01.03.2023 թ.։
[3] https://commission.europa.eu/index_en (բեռնման օրը՝ 11.02.2023).
[4] Statement by President von der Leyen at the signing ceremony of the Memorandum of Understanding for the development of the Black Sea Energy submarine cable. (17.11.2022). https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/statement_22_7807 (բեռնման օրը՝ 11.02.2023).
[5] https://commission.europa.eu/strategy-and-policy/priorities-2019-2024/stronger-europe-world/glo bal-gateway_en (բեռնման օրը՝ 12.02.2023).
[6] Վերլուծական նյութերում և հրապարակումներում հաճախ մոռացվում է, որ չինական այս ծրագիրը իրականում ռազմավարություն է, և որ այն ունի իր հատուկ անվանումը՝ «Միացյալ Ճակատագրի Հանրություն»:
[7] https://commission.europa.eu/document/download/fa74658e-7c35-4df3-ae21-63bcfa122b 07_en (բեռնման օրը՝ 13.02.2023).
[8] https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/system/files/202212/4. black sea Electricity.pdf (բեռնման օրը՝ 13.02.2023).
[9] EU Directorate-General for Neighbourhood and Enlargement Negotiations, DG NEAR.
[10] Հայրապետյան Ս. (2021). ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք ներդրումային փաթեթը կավելացնի՝ դարձնելով 2,6 մլրդ եվրո. Ազատություն ռադիոկայան. (09.07.2021). https://www. azatutyun.am/a/31350272.html (բեռնման օրը՝ 14.02.2023)
[11] Mosoianu A. (2015). CJUE va decide soarta hidrocentralei Tarnița-Lăpuștești și a cablului electric submarin România-Turcia. (11.11.2015). https://www.profit.ro/povesti-cu-profit/energie/ cjue-va-decide-soarta-hidrocentralei-tarnita-lapustesti-si-a-cablului-electric-submarin-romania-turcia-14472076 (բեռնման օրը՝ 19.02.2023).
[12] Օգտակար կլիներ կատարել բուլղարական «Կոզլոդույ» և պլանավորվող «Բելենա», հունգարական «Պակշ», թուրքական կառուցվող «Աքքույու», իրանական «Բուշեր» և հայկական «Մեծամոր» ԱԷԿ-ների ծրագրերի միացյալ վերլուծությունը՝ տարածաշրջանային ինտեգրացիոն տարատեսակ սցենարների մրցակցության/հակամարտության լույսի ներքո։
[13] 2014 թ. դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը Անկարայում տրված իր հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» ծրագրից՝ ԵՄ և Բուլղարիայի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով։ Փոխարենը, 2015-16 թթ. ընթացքում ՌԴ-ն և Թուրքիան ձեռնամուխ եղան «Թուրքական հոսք» գազային ծրագրին։ Պաշտոնապես այն թողարկվեց 2020 թ. հունվարի 8-ին՝ Արցախյան «44-օրյա» պատերազմի մեկնարկից մոտ 9 ամիս առաջ (տե՛ս նաև՝ Марджанян, А. (2021). Энергетика и война (Доклад). Центр поддержки Русско-Армянских стратегических и общественных инициатив. (15.02.2021). https://russia-armenia.info/ node/73622 (բեռնման օրը՝ 15.02.2023))։
[14] Чарквиани Н. (2022). ЕС выделит миллиарды евро на прокладку кабеля по дну Черного моря. (20.12.2022). https://www.golosameriki.com/a/electricity-cable-from-azerbajzan-to-europe/ 6884303.html (բեռնման օրը՝ 16.02.2023)
[15] Taktakishvili N. (2022). Submarine Communications Cable to be Constructed under the Black Sea. (19.04.2022). https://bm.ge/en/article/submarine-communications-cable-to-be-constructed-under-the-black-sea/107075 (բեռնման օրը՝ 18.02.2023).
[16] Մանրամասների համար տե՛ս. Հարությունյան Գ., Մարջանյան Ա., Վերանյան Կ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., ՄանուկյանՍ., Թևիկյան Ա. և այլոք. (2018). Կրիտիկական ենթակառուցվածքներ և ազգային անվտանգություն. «Նորավանք» ԳԿՀ, Երևան, Գլ. 3։
[17] JSC Georgian State Electrosystem (GSE). Վրաստանում Էլեկտրաէներգիայի տեղափոխման լիցենզավորված պետական միակ կազմակերպություն։
[18] Black Sea Submarine Cable Project Feasibility Study Review. (2022). https://www.gse. com.ge/communication/news/2022/black-sea-submarine-project-feasibility-study-review/ (բեռնման օրը՝ 13.02.2023).
[19] Власти Венгрии планируют получать зеленую электроэнергию из Азербайджана. (2022). https://ria.ru/ 20220824/vengrii-1811971060.html (բեռնման օրը՝ 15.02.2023)
[20] Working Meeting Between Georgian and Armenian Colleagues. (2022). https://www.gse.com.ge/communikatsia/akhali-ambebi/2022/working-meeting-between-georgian-and-armenian-colleagues/ (բեռնման օրը՝ 19.02.2023).
[21] CESI, feasibility Study for the GE-RO Interconnection Project. (2022). https://www.cesi.it/news/ 2022/cesi-feasibility-study-ge-ro-interconnection-project/ (բեռնման օրը՝ 19.02.2023).
[22] Ավելի վաղ, 2022 թ. սեպտեմբերի 9-ին CESI-ն հայտնում էր, որ իր KEMA Labs ստորաբաժանումը ավարտել է «Prysmian Group» ընկերության արտադրած հաստատուն հոսանքի և 525 կՎ լարման դասի ստորջրյա մալուխի առաջին փորձարկումը։
[23] Black Sea Submarine Cable Project Feasibility Study First Draft Assignment. (2022). https://www.gse.com.ge/communication/news/2022/Black-Sea-Submarine-Cable-Project-Feasibility-Study -First-Draft-Assignment (բեռնման օրը՝ 19.02.2023).
[24] EU Commissioner Varhelyi on the Black Sea submarine cable. (2022). https://www.cesi.it/news /2022/eu-commissioner-varhelyi-on-the-black-sea-submarine-cable/ (բեռնման օրը՝ 20.02.2023).
[25] Энергомост между Европой и Южным Кавказом – взгляд из Баку. (2022). https://sputnik-georgia.ru/ 20221205/272705392.html (բեռնման օրը՝ 20.02.2023).
[26] Сербия в очереди: откуда Баку возьмет допмощности электроэнергии для экспорта в Европу. (2022). https://az.sputniknews.ru/20221129/serbiya-v-ocheredi-otkuda-baku-vozmet-dopmoschnosti-elek troenergii-dlya-eksporta-v-evropu-449062217.html? (բեռնման օրը՝ 20.02.2023).
[27] Տե՛ս Մարջանյան, Ա. (2019). Վրաստանի նավահանգիստները. Կուլևի նավթային տերմինալը. Օրբելի կենտրոն. (25.11.2019), https://www.orbeli.am/hy/post/320/2019-11-25/Վրաստանի++նավա հանգիստները.+Կուլևի++նավթային++տերմինալը (բեռնման օրը՝ 19.02.2023).
[28] Gachechiladze, Z. (2022). Black Sea Submarine Cable Project. https://www.energy-com munity.org/dam/jcr:f8a94f9c-0881-4849-accb-cf33256b4459/WSIC-EL_GSE_12.22.pdf (բեռնման օրը՝ 19.02.2023).
[29] Projects of Eastern Partnership Interest.
[30] Black Sea Transmission Planning Project (BSTP)՝ ԱՄՆ էներգետիկ ասոցիացիայի (US EA), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Սևծովյան տարածաշրջանի էլեկտրահաղորդման օպերատորների (Transmission system operators, TSO) կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը մեկնարկել է 2004-ին, աշխատանքներն ավարտել՝ 2022-ին։
[31] 10-year Network Development Plan.
[32] Տե՛ս Մարջանյան Ա., Վերանյան Կ. (2019). Անակլիա. Վրաստանի խորջրյա նոր նավահանգիստը. Օրբելի կենտրոն. (14.11.2019). https://orbeli.am/hy/post/315/2019-11-14/Վրաստանի +խորջրյա+նոր+նավահանգիստը (բեռնման օրը՝ 19.02.2023)։
[33] Patricolo C. (2023). Turning ambitions into reality: the Black Sea Energy submarine cable – interview with Zviad Gachechiladze, Member of the Board of Directors, GSE. CEENERGYNEWS. (15.02.2023). https://ceenergynews.com/interviews/turning-ambitions-into-reality-the-black-sea-energy-submarine-cable-interview-with-zviad-gachechiladze-member-of-the-board-of-directors-gse/ (բեռնման օրը՝ 19.02.2023).
[34] Այսպես է բնագրում։ Հասկանալի է, որ հզորությունը (ԳՎտ, ՄՎտ կամ Վտ) չի «արտադրվում», արտադրվում է միայն էլեկտրաէներգիան։ Այն չափվում է ԳՎտժ-ով կամ մլրդ կՎտժ-ով։ Այնպես որ պ. Գաչեչիլաձեն, հավանաբար, ուզում է ասել, որ վերականգնվող էներգիայի տեղակայված հզորությունը Ադրբեջանում կազմում է 27 ԳՎտ կամ 27 հազար ՄՎտ, տե՛ս ԱՍԾԷՄ ծրագրի էներգետիկ ասպեկտներին նվիրված մեր հոդվածում։
[35] Խոսքը Ուկրաինայում 2022 թ. փետրվարի 24-ից սկսված ՌԴ ռազմական հատուկ գործողության մասին է։
[36] Ամենայն հավանականությամբ՝ ոչ, կամ ոչ բավարար ծավալով։ Սույն հոդվածի պատրաստման ժամանակ (2023 թ. փետրվար-մարտ) հիշյալ հաշվետվությունը ՀԲ, ԵՄ, ԵՀ, իտալական CESI, վրացական GSE ընկերությունների կայքերում բացակայում էր։
[37] Այն կառուցված չէ մինչ օրս:
[38] Մանրամասների համար տե՛ս Մարջանյան Ա. (2011). Ազգային անվտանգությունը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում. 21-րդ ԴԱՐ, (1), 30-60. https://cyber leninka.ru/article/n/nacionalnaya-bezopasnost-v-ehpohu-globalnyh-geopoliticheskih-izmenenij (բեռնման օրը՝ 21.02.2023)։
[39] Այս դրույթը չհաջողվեց գտնել ԵՄ «Global Gateway» ծրագրի պաշտոնական փաստաթղթերում։
[40] Տե՛ս, օրինակ, Dobbins J., Cohen R. S., Chandler N., Frederick B., Geist E., DeLuca P.,… & Williams, B. (2019). Overextending and Unbalancing Russia. RAND Corporation. https://www. rand.org/ pubs/research briefs/RB10014.html (բեռնման օրը՝ 25.02.2023).
[41] associated gas. Սկզբնապես նախատեսվում էր, որ այն պետք է ետ մղվեր դեպի ԱՉԳ նավթաբեր շերտերը։
[42] Տե՛ս նաև Մարջանյան Ա. (2013). Ադրբեջանական Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը. http://www.noravank.am/upload/pdf/Marjanyan_book.pdf Նորավանք ԳԿՀ, հ.1, Գլ․ 2։
[43] TRANS-EURASIAN INFORMATION SUPER HIGHWAY (TASIM), TRANS ASIA-EUROPE OPTICAL FIBER CABLE SYSTEM (TAE), մանրամասների համար տե՛ս «Կրիտիկական ենթակառուցվածքներ և Ազգային անվտանգություն», Գլ․ 3․8 և «Հավելված 2»։
[44] Այստեղ մեզ համար իրական խնդիրը նշված կարևորագույն ծրագրերից մի քանիսի իրականացման քրոնիկ ուշացումն է՝ հղի ծանրագույն հետևանքներով։