Մեկնաբանություններ

Քրդական սուբյեկտայնության քայքայումը. աշխարհաքաղաքական կերպափոխումները Մերձավոր Արևելքում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 02.02.2026 թ.[1]

  1. Օպերատիվ իրավիճակը Ռոժավայում. խուսավարման տարածքի նեղացումը

Մերձավորարևելյան աղբյուրների համաձայն՝ Ռոժավայի ինքնահռչակ ինքնավար վարչակազմի շուրջ օպերատիվ իրավիճակը բնութագրվում է նրա պաշարների հետևողական արգելափակմամբ: Դա զգալիորեն նվազեցնում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈՒ) ջոկատների պաշտպանական ներուժը և սահմանափակում քաղաքական խուսավարման հնարավորությունները Ղամիշլիում գործող ղեկավարության համար։ Դամասկոսի անցումային կառավարության ստորաբաժանումներն, ըստ էության, պաշարել են Ռոժավան՝ գրավելով Եփրատի աջ ափին գտնվող բոլոր հիմնական ռազմավարական դիրքերն ու օբյեկտները: Սիրիայի կառավարական զորքերի կողմից նախկինում գրավված Աֆրին, Սերեկանիե և Այն Իսա շրջաններից ներքին տեղահանված անձանց (շուրջ 150.000 մարդ) մեծ ներհոսքի պատճառով տարածաշրջանը կանգնել է մարդասիրական ճգնաժամի շեմին: Ներկայումս անվանականորեն գործում է հրադադարի ռեժիմը, որի շրջանակներում Դամասկոսն ու Ղամիշլին բանակցություններ են վարում սիրիական միասնական պետության կազմում Ռոժավայի վերաինտեգրման պայմանների շուրջ: Սակայն խոսքը, փաստորեն, Դամասկոսի կողմից ներկայացված վերջնագրի մասին է, որի պայմանները չկատարելու դեպքում կշարունակվի «Նոր սիրիական բանակի» հարձակումը դեպի քրդական տարածքների խորքը:

  1. Նախկին համաձայնագրերի քայքայումը և արտաքին ճնշման գործոնը

Ռոժավայի ներկայացուցիչները հայտարարում են, որ Դամասկոսի ներկայիս պայմաններն արմատապես հակասում են 2025 թ. մարտյան պայմանավորվածություններին։ Օրինակ, կենտրոնական իշխանությունները հրաժարվում են քրդական զինված խմբավորումները, որոնք ձևավորված են 3 ազգային դիվիզիաների տեսքով, ներառել Սիրիայի միացյալ բանակի շարքերում՝ պնդելով, որ քուրդ մարտիկները կարող են երկրի զինված ուժերի մաս կազմել միայն «անհատական կարգով»։ Այս պայմանն անընդունելի է քրդական կողմի համար, քանի որ հանգեցնում է մարտական ներուժի մասնատմանը և Ռոժավայում քրդական ուժերի փոխարինմանն այնպիսի ստորաբաժանումներով, որոնց կազմում առկա են ՀԹՇ-ի («Հայաթ Թահրիր աշ-Շամ») և ՍԺԲ-ի («Սիրիայի ժողովրդավարական ուժեր») արմատական խմբավորումների տարրեր։

Քուրդ վերլուծաբանների կարծիքով՝ դիվիզիաների ինտեգրման մոդելից հրաժարումը պայմանավորված է արտաքին ճնշումներով։ Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել Թուրքիային, որը կարծում է, թե պետք է առավելապաշտական պահանջներ ներկայացնել անելանելի վիճակում հայտնված քրդերին։ Բանակցային գործընթացին և ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությունը կասկած չի հարուցում։ Քրդական աղբյուրները պնդում են, որ անհերքելի ապացույցներ կան հունվարի կեսերից Սիրիայի հյուսիսում և Արևելքում ՍԺՈԻ-ի դեմ սկսված ռազմագործողությանը թուրքական բանակի լայնածավալ մասնակցության մասին: Խոսքը սիրիական կառավարական ուժերին թուրքական բազմամակարդակ աջակցության մասին է, որը ներառում է հետախուզական տվյալների հավաքագրումն ու փոխանցումը, հրետանային կրակի ճշգրտումը և անօդաչու մարտական օդուժի օգտագործումը: Նշվում է նաև, որ թուրքական հատուկ ջոկատայինները մասնակցում են ՍԺՈՒ-ի հետ մարտական բախումների առավել բարդ հատվածներում իրականացվող գործողություններին։

  1. Թուրք-ամերիկյան կոնսենսուսը և ՍԺՈՒ-ին աջակցելուց Վաշինգտոնի հրաժարումը

Անկարան դիտարկվում է որպես Սիրիայում քրդական ինքնավարության փաստացի վերացմանն ուղղված գործընթացների գլխավոր աշխարհաքաղաքական շահառու։ Ռոժավայի շուրջ ստեղծված իրավիճակին հետևող փորձագիտական հանրությունը համակարծիք է, որ քրդերի դեմ «Նոր սիրիական բանակի» հունվարյան հարձակումը պետք է Վաշինգտոնի և Անկարայի միջեւ պայմանավորվածությունների արդյունք համարել, որոնց շրջանակներում ԱՄՆ-ը հրաժարվում է Ղամիշլիին աջակցելուց: Փոխարենը, հավանաբար, Թուրքիան պարտավորվել է ավելի բարեհաճ դիրքորոշում որդեգրել ԱՄՆ-ի հակաիրանական օրակարգի նկատմամբ և, հնարավոր է, աջակցել ԻԻՀ-ի վրա ճնշում գործադրելու քաղաքականությանը:

Վաշինգտոնը գրեթե բացահայտ կերպով քրդերին հաղորդում է իր պատրաստակամությունը՝ թույլ տալ Սիրիայի կազմում Ռոժավայի միասնականացման Դամասկոսի ծրագրերի իրականացմանը։ Եփրատ գետի աջ ափին 17.01.2026 թ. տեղի ունեցած մարտերի ամենաթեժ պահին, իրաքյան Էրբիլում բանակցություններ էին ընթանում Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանիի, ՍԺՈՒ ուժերի ղեկավար Մազլում Աբդիի և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջև: Բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվել, սակայն հունվարի վերջին հայտնի դարձավ, որ նշված հանդիպման ժամանակ ամերիկյան ներկայացուցիչը Մազլում Աբդիից պահանջել է համաձայնել Դամասկոսի վերջնագրին և, ըստ էության, հրաժարվել Ռոժավայի ինքնավարության պահպանման գաղափարից: Թոմ Բարաքը քուրդ առաջնորդներին ուղղակիորեն ասել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է Ռոժավային աջակցելուց, և եթե քրդերը շարունակեն դիմադրությունը, ԱՄՆ-ը չի կարողանա երաշխավորել, որ սիրիական բանակը զանգվածային հաշվեհարդար չի կազմակերպի ինքնահռչակ ինքնավարության քուրդ բնակչության նկատմամբ:

Հատկանշական է, որ դեսպան Թոմ Բարաքի՝ Դամասկոսին հանձնվելու կոչերի մասին տեղեկատվության ի հայտ գալուն զուգահեռ, միջազգային ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել հրապարակումներ առ այն, որ ԱՄՆ-ը երբեք Սիրիայի քրդերին անկախություն չի խոստացել և չի երաշխավորել նրանց պաշտպանությունը Դամասկոսի կենտրոնական կառավարության գործողություններից։ Այդ նյութերում հստակ երևում է ամերիկա-քրդական դաշինքի իրավիճակային բնույթի մասին պատումը, որը ստեղծվել է բացառապես ԴԱՀԻՇ-ի դեմ համատեղ պայքարի նպատակով։ ԶԼՄ-ներում ամրապնդվում է այն գաղափարը, որ Վաշինգտոնը որևէ պարտավորություն չի կրում ՍԺՈՒ-ի առջև՝ կանխելու Սիրիայի միասնականացումը, որն այժմ իրականացնում է «Դամասկոսի օրինական իշխանությունը»։ Այս առնչությամբ Ռոժավայի ինքնավարության վերացման հարցը զուտ Սիրիայի ներքին գործն է, և այդ օրակարգին Վաշինգտոնի միջամտությունը ոտնձգություն կլիներ Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

  1. Անդրսահմանային ռիսկեր. Իրաքը և արմատական խմբավորումների գործոնը

Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական վարչակազմի և նրա զինված ուժերի կազմալուծման ներկայիս գործընթացը ձեռք է բերում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև խոշոր աշխարհաքաղաքական գործարքի տարրի առանձնահատկություններ: Հարցը կայանում է նրանում, որ նման գործարքը կարող է շոշափել ոչ միայն Ռոժավայի, այլև Իրաքում քրդական վարչական կազմավորումների ճակատագիրը:

Քրդական աղբյուրների տեղեկատվությամբ՝ ներկայումս Թուրքիան ԴԱՀԻՇ-ի նախկին զինյալներին Սիրիայից ակտիվորեն տեղափոխում է իրաքյան Մոսուլ: Խոսքը 7.000 ծայրահեղականների մասին է, որոնցից միայն 1.500-ն են բնիկ իրաքցիներ։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել կալանավայրերի բանտարկյալները, կալանավայրեր, որոնք ավելի վաղ վերահսկվում էին ՍԺՈՒ-ի կողմից և Ռոժավայի վրա հունվարյան հարձակման ընթացքում անցել էին սիրիական կառավարական զորքերի ու թուրքական ուժերի ձեռքը: Քրդական ԶԼՄ-ները պնդում են, որ քրդական ինքնավարությանը սահմանակից շրջաններում ընդունելով և բնակեցնելով տվյալ մարդակազմին, Բաղդադի կենտրոնական իշխանությունները «ռումբ են դնում, որը կրկին կպայթեցնի ողջ Իրաքը»: Վաշինգտոնի կողմից արտաբերված արձագանքի բացակայությունը, որն ավելի վաղ հանդես էր գալիս որպես արմատական տարրերի մեկուսացման երաշխավոր ՍԺՈՒ-ի հետ համատեղ, թույլ է տալիս ԱՄՆ դիրքորոշումը մեկնաբանել որպես Անկարայի երկարաժամկետ ռազմավարության անուղղակի հավանություն: Խոսքը քրդական գործոնի համահարթեցման ծավալուն ծրագրի մասին է, որը դուրս է գալիս բուն սիրիական ուղղության շրջանակներից։ Հավանաբար, Թուրքիան Բաղդադի հետ խորը համակարգում է զարգացնում՝ Դամասկոսի հետ փոխգործակցության նմանությամբ տարածաշրջանային մայրաքաղաքների համախմբված ճակատ ձևավորելով քրդական էթնոքաղաքական սուբյեկտայնության դեմ։

  1. Ռուսաստանի և Իսրայելի դիրքերը փոփոխվող դիրքավորման մեջ

Այսպիսով, Սիրիայում և Իրաքում քրդական կազմավորումների համար կրիտիկական իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից՝ ԱՄՆ-ը հստակ հասկացնում է, որ այլևս մտադիր չէ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել քրդական Ղամիշլիի, Էրբիլի, Սուլեյմանիի և եզդիական Սինջարի վարչակազմերին: Մյուս կողմից՝ չի նշվարվում մեկ այլ համարժեք արտաքին քաղաքական դերակատար, որի վրա հենվելով, քրդերը կարող էին շարունակել պահպանել ինքնուրույնության ուղեգիծը։

2025 թ. հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Ռոժավայում ռուսական հենակետերի զորակազմը շտապ տարհանվում է սիրիական Լաթաքիա, ինչը վկայում է, որ ՌԴ-ն չի ցանկանում ակտիվորեն ներգրավվել քրդական խնդիրների մեջ։ Դա հաստատել է նաև Դամասկոսի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի այցը Մոսկվա 28.01.2026 թ.։ Սիրիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փակ դռների հետևում աշ-Շարաայի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վ. Պուտինը հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնականացման Դամասկոսի ուղեգծին:

Առարկայական լինելու համար հարկ է նշել, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Ռուսաստանը չէր կարողանա ազդել քրդական հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ընթացքի վրա, քանի որ ստեղծված պայմաններում նրա համար առավելագույն խնդիրը սիրիական Տարտուսում, որտեղ գտնվում է Միջերկրական ծովում նրա միակ ռազմածովային կայանը, որոշ ժամանակ ամրապնդվելու հնարավորությունն է։

Քրդերին աջակցելու գործում ամերիկացիների հնարավոր այլընտրանք կարող էր լինել Իսրայելը, սակայն քրդական հարցի նկատմամբ գործնական հարթության վրա նրա քաղաքականությունն այնքան էլ չի տարբերվում ԱՄՆ-ի մոտեցումներից։ Ռոժավայի վերջին իրադարձությունների վերաբերյալ իսրայելցի փորձագետների հնչեցրած կարծիքների դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ Թել Ավիվում առնվազն զգուշավոր են վերաբերվում քրդական հարցում ամերիկացիների «ձեռքերը լվանալու» պահվածքին: Այնուամենայնիվ, Բ. Նեթանյահուի կառավարությունը, թիրախ ունենալով իրանական ընդհանուր օրակարգը, ստիպված է հետևել Դ. Թրամփի վարչակազմի գլոբալ ռազմավարության ուղուն, որի շրջանակներում քրդական խնդիրը մանրադրամ է դառնում։ Բացի այդ, Իսրայելն անմիջական ռազմական ներկայություն չունի Քրդստանում, ինչը բացառում է քրդական ուղու վրա լրջորեն ինքնուրույն խաղալու հնարավորությունը:

Թել Ավիվը մտահոգված է, որ քրդական վարչակազմերի ինքնուրույնության ճնշումը կուժեղացնի Թուրքիայի դիրքերն արաբական աշխարհում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում: Անկարայի հետ հասունացող ռազմավարական մրցակցության համատեքստում դա հղի է Իսրայելի համար չափազանց անշահավետ տարածաշրջանային դիրքավորմամբ։ Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Սաուդյան Արաբիայի հետ ձևավորվող դաշինքը և Բաղդադում Իրաքի կենտրոնական կառավարության հետ մերձեցումը, Ռ. Թ. Էրդողանի թիմի կողմից լոբբինգով իրականացվող «Զարգացման ճանապարհ» ծրագիրն սկսում է անհրաժեշտ պայմաններ ձեռք բերել գործնական իրականացման համար: Հիշեցնենք, որ խոսքը Հնդկական օվկիանոսից Իրաքով և Թուրքիայով Եվրոպա անդրազգային առևտրա-էներգետիկ երթուղու նախագծի մասին է, որը պետք է մրցակցի IMEC-ի համանման նախագծի հետ, իսկ վերջինս կոչված է Հնդկաստանն ու միջերկրածովյան երկրները կապել Հարավային երթուղով, որի գլխավոր հանգույցը հենց Իսրայելը պետք է դառնա: Իրաքում և Սիրիայում քրդական գործոնը խոչընդոտ էր համարվում «Զարգացման ճանապարհ» նախագծի իրականացման համար, և Թել Ավիվում ենթադրում էին, որ տարածաշրջանում ուժեղ և համեմատաբար ինքնաբավ քրդական սուբյեկտի առկայությունը կհանգեցներ թուրքական նախաձեռնության սառեցմանը։ Այս կապակցությամբ տարածաշրջանում քրդական ռազմաքաղաքական սուբյեկտության ուժային վերացման ներկա պահին մեկնարկած գործընթացը, փաստորեն, վկայում է «Զարգացման ճանապարհի» իրականացման գլխավոր խոչընդոտներից մեկի վերացման մասին։

  1. Հեռանկարներ և ռիսկեր. քրդական գործոնը որպես տարածաշրջանային հավասարակշռության օբյեկտ

Իսրայելում կարող են, ոչ առանց հիմքի, համարել, որ Անկարայի հետ գործարքի պատճառով Ռոժավային աջակցելուց Վաշինգտոնի հրաժարումը կզրոյացնի ապագայում «քրդական խաղաքարտի» խաղարկությանը դիմելու հնարավորությունը: Քրդերը համարվում էին Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի և Թել Ավիվի հուսալի դաշնակիցները, որոնց օգնությամբ դաշնակից ամերիկա-իսրայելական երկյակը պայքարում էր տարածաշրջանի անցանկալի պետական վարչախմբերի և ծայրահեղական կազմակերպությունների դեմ, ազդեցություն նախագծում ներարաբական օրակարգի վրա, ճնշում գործադրում Թուրքիայի և Իրանի վրա։

Փաստորեն, Ռոժավայի հանձնումը, որը սպառնում է Իրաքում Քրդական ինքնավար վարչակազմերի և ռազմականացված կազմավորումների կազմալուծման հեռանկարով, կարող է հանգեցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի կարևոր դաշնակիցների կորստին, հետևաբար նաև Մերձավոր Արևելքում ուժերի և շահերի հավասարակշռությունը վերահսկելու անկարողությանը: Ակնհայտ է, որ Թել Ավիվում սկսել են գիտակցել, թե «իրանական սպառնալիքի» վրա Իսրայելի և ԱՄՆ-ի չափազանց մեծ կենտրոնացումը Թուրքիային հնարավորություն է տվել ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՝ համահարթեցնելով քրդական գործոնը։ Հենց այդ պատճառով էլ իսրայելցի քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններում ավելի հաճախ են հնչում գնահատականներ առ այն, որ այլևս ոչ թե Իրանը, այլ Թուրքիան է գոյութենական վտանգ ներկայացնում հրեական պետության համար։ Սակայն այդ գնահատականները հակասում են ԱՄՆ-ի գործողություններին. եթե Թել Ավիվում առարկայորեն ավելի շատ մտահոգված են տարածաշրջանային հավասարակշռության հեռանկարով, ապա Վաշինգտոնը գլխավորապես կենտրոնացած է իրանական գործոնի վերացման միջոցով Չինաստանին զսպելու գլոբալ ռազմավարության վրա։ Եվ այս նախաձեռնության մեջ Թուրքիայի բարեհաճությունը նրա համար խիստ անհրաժեշտ է նույնիսկ տարածաշրջանում այնպիսի ավանդական դաշնակիցներին անտեսելու գնով, ինչպիսին քրդերն են։

Ներկա պահին քրդական քաղաքական-վարչական միավորումներն ու կուսակցությունները գտնվում են խաչմերուկում։ Նրան կոնսոլիդացիան՝ Ռոժավային լայնածավալ ռազմական աջակցություն տրամադրելու նպատակով, կարող է դառնալ Սիրիայում էթնիկ զտումների պատրվակ և հանգեցնել Վաշինգտոնի հետ պահպանվող ձևական քաղաքական կապերի վերջնական խզմանը: Մյուս կողմից, Բարզանիի և Թալաբանիի քրդական կլանների, ինչպես նաև թուրքական բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանին դեռևս ենթարկվող ՔԲԿ (РКК) ռազմական կառույցների պասիվությունը մոտ ապագայում կարող է իրաքյան քրդական ինքնավարության վրա սիրիական ռազմաքաղաքական ճնշման նմանատիպ փորձի դրդել: Այդ մասին կարող է վկայել Մոսուլի և Սինջարի շրջաններ ԴԱՀԻՇ-ի զինյալների վերը նշված վերատեղակայումը։ Դրա հետ մեկտեղ քրդերի համար չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվում Էրբիլին և Սուլեյմանիին սահմանակից իրանական Քրդստանում, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոր ստորաբաժանումներ է տեղափոխում տեղի քրդական՝ ՔԱԿԿ-ի («Քրդստանի ազատ կյանքի կուսակցության») դեմ պայքարելու համար, եթե այն ակտիվանա Իրանի վրա ամերիկյան հարձակման համապատկերում: Այս իրավիճակում քրդերը դադար են վերցրել և Ռոժավայում, Էրբիլում, Սուլեյմանիեում ու իրանական Սենենդեջում խմբակցությունների միջև ակտիվ շփումների ընթացքում ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու հնարավորություններ են փնտրում: Մինչդեռ, որոշումներ կայացնելու համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 31.01.2026 թ.: