ԱՊՀ, Հարավ-Արևելյան Ասիա, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Մերձավոր Արևելք, Սահմանակից երկրներ

Փոքր պետությունները փլուզվող աշխարհակարգի պայմաններում. պատմահամեմատական վերլուծություն

МАЛЫЕ ГОСУДАРСТВА
В УСЛОВИЯХ РАСПАДАЮЩЕГОСЯ МИРОПОРЯДКА:
СРАВНИТЕЛЬНО-ИСТОРИЧЕСКИЙ АНАЛИЗ
Дунамалян Н. A.

Аннотация

Положение малых стран в рамках многополярного мира всегда было неустойчивым, так как отсутствие «разделения труда» в контексте глобального управления (как минимум, в двух геополитических полюсов) способствовало росту угроз и уязвимости этих стран. В современном мире система международных отношений стала более сложной по причине конкуренции не только великих держав, но и появления средних, чей консолидированный потенциал может стать угрозой для мировых лидеров. Малые страны в этом контексте становятся более уязвимыми. Перед Первой и Второй мировыми войнами главными аренами противостояния великих держав становились малые государства, которые не были включены в систему международных отношений. Появление новых государств на осколках одной из сверхдержав эпохи Холодной войны привело к необходимости встроить их в текущий формат глобальных взаимоотношений, однако распад современной системы международных отношений создал конфликтный узел вокруг постсоветского пространства, где главными «жертвами» могут стать малые государства.

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ն. Ա. Դունամալյան

Սեղմագիր

Փոքր երկրների դիրքերը բազմաբևեռ աշխարհում միշտ եղել են անկայուն, քանի որ գլոբալ կառավարման շրջանակներում «աշխատանքի բաժանման» բացակայությունը (առնվազն երկու աշխարհաքաղաքական բևեռների միջև) փոքր երկրների պարագայում նպաստել է վտանգի և խոցելիության աճին։ Արդի աշխարհում միջազգային հարաբերությունների համակարգը բարդացել է ոչ միայն մեծ տերությունների միջև մրցակցության, այլև՝ միջին տերությունների առաջացման պատճառով, որոնց համախմբված ներուժը կարող է սպառնալիք դառնալ համաշխարհային առաջնորդների համար։ Փոքր երկրները այդ համատեքստում դառնում են ավելի խոցելի: Մինչև Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սկիզբը մեծ տերությունների միջև առճակատման հիմնական ասպարեզները փոքր պետություններն էին, որոնք ներառված չէին միջազգային հարաբերությունների համակարգում։ Նոր պետությունների ի հայտ գալը Սառը պատերազմի դարաշրջանի գերտերություններից մեկի բեկորների վրա հանգեցրեց գլոբալ հարաբերությունների ներկայիս ձևաչփին դրանց ինտեգրելու անհրաժեշտությանը, սակայն միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի փլուզումը ստեղծեց հակամարտության հանգույց հետխորհրդային տարածքի շուրջ, որտեղ հիմնական «զոհը» կարող էին դառնալ փոքր պետությունները։

SMALL STATES IN THE CONDITIONS OF THE COLLAPSING
WORLD ORDER: HISTORICAL-COMPARATIVE ANALYSIS
Dunamalyan N. A.

Summary

The position of small states in a multipolar world has always been unstable, since the lack of “labor division” in global governance (at least within the two geopolitical poles) contributed to the growth of threats and vulnerabilities of these countries. In the modern world, the system of international relations has become more complex due to competition not only between great powers, but also between middle powers, whose consolidated potential can become a threat to global leaders. Small countries are becoming more vulnerable in this context. Before the WWI and WWII, the main arenas of confrontation between the great powers were small states that were not included in the system of the international relations. The emergence of new states on the fragments of one of the Cold War era superpowers led to the need to integrate them into the current format of global relations, but the collapse of the modern system of international relations has created a conflict node around the post-Soviet space, where small states can become the main “victims”.

Նորայր Ա. Դունամալյան(1)(2)

Ներածություն

«Փոքր պետությունների» կամ «փոքր երկրների»՝ որպես առանձնահատուկ երևույթի, ուսումնասիրությունը հրատապ է դարձել համեմատաբար վերջերս, քանի որ 20-րդ դարի երկրորդ կեսին անկախ պետությունների թվաքանակի աճը հանգեցրել է այդ երկրներին նոր աշխարհակարգում ընդգրկելու մեխանիզմի որոնմանը։ «Փոքր պետության» (small state) հայեցակարգի դասական ընկալումը հիմնված է երկու տեսանկյան վրա. 1. փոքր երկիրը «խոստովանում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը՝ ելնելով սեփական ռեսուրսներից և հնարավորություններից, ուստի նա հույս է կապում այլ պետությունների և միջազգային հաստատությունների աջակցության հետ»(3), 2. փոքր պետությունը «ստիպված է մտնել անհամաչափ հարաբերությունների մեջ, հուսալով խոշոր տերությունների կամ միջազգային միավորումների աջակցության վրա»(4)։ Չնայած փոքր երկրների նկատմամբ նման վերաբերմունքի առնչությամբ առկա որոշակի փոխհամաձայնությանը, գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում բնակչության թվաքանակի կամ տարածքի ծավալի հարցում համանման պարագծեր ունեցող տարբեր երկրների քաղաքական, տեխնոլոգիական, տեղեկատվական կամ տնտեսական ազդեցության վրա։ Սակայն կարելի է գտնել մի շարք բացառություններ, որոնք կարող են խարխլել ընդհանուր պատկերը։ Օրինակ, Իսրայելը կամ Շվեյցարիան տարածքի տեսակետից փոքր պետություններ են, բայց միջազգային գործընթացների վրա դրանց ազդեցության մասշտաբը շատ ավելին է, քան նույն Մոնղոլիայինը, Ռումինիայինը կամ Մալիինը։ Մյուս կողմից, խնդրահարույց է «փոքր պետության» կայուն հատկանիշների բնորոշումը, միջազգային հարաբերություններում պետության դերը նշելու համար չեն կարող որպես նշանակալի ցուցանիշ դիտարկվել ոչ բնակչության թվաքանակը, ոչ էլ պետության տարածքը։

Ժամանակակից հայեցակարգերը, դժվարանալով ձևակերպել «փոքր պետություն» հասկացության համապիտանի բնորոշումը, առաջարկում են որպես միջազգային հարաբերություններում սեփական կշռի որոշման առանցքային գործոններից մեկը դիտարկել պետությունների քաղաքական ընտրանիների ինքնաընկալման տարրը՝ ինքնիշխանության, տարածքի, քաղաքական (արտաքին քաղաքական փոխհամաձայնություն ձևավորելու և ներքին համախմբվածություն ունենալու ունակություններ) և տնտեսական (ՀՆԱ-ի չափը և զարգացման գործընթացը) հնարավորությունների(5) «չափին» հավասար։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ փոքր երկրները, որոնք իրենց ընկալում են որպես միջազգային հարաբերությունների կարևոր դերակատարներ, կարող են որոշակի հաջողությունների հասնել այն պարագայում, երբ մեկ այլ մոտեցում կարող է տանել ռեակտիվ արտաքին քաղաքականության(6)։ Գլոբալ քաղաքականության մեջ «իր տեղի» ենթակայական ըմբռնումն ընդգծում է նաև նեոազատական դպրոցի դասական Ռ. Կեոհեյնը, ով նկատում է, որ «փոքր երկիրը մի պետություն է, որի առաջնորդները համարում են, թե գործելով միայնակ կամ փոքր խմբի մեջ, այն չի կարող էական ազդեցություն գործել համակարգի վրա»(7)։

Այս համատեքստում արժե նաև առաջարկել մեր սեփական սահմանումը։ Այս հոդվածում մենք կդիտարկենք փոքր պետությունը որպես տարածքային-քաղաքական միավոր, որը սահմանափակ ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա իր ցածր ռեսուրսային բազայի պատճառով, ինչը նպաստում է սեփական «խոցելիությունը» կառավարելու քաղաքականության իրականացմանը։

Ամեն դեպքում, փոքր երկրների արտաքին քաղաքականությունը ազատականների, ռեալիստների կամ կառուցողականների կողմից հասկանալու մոտեցումներն ունեն ինչպես ուժեղ, այնպես էլ՝ թույլ կողմեր, սակայն «փոքր երկրների տեսության» ձևավորման տարբեր ժամանակաշրջաններում հետազոտողները պատշաճ ուշադրություն չեն դարձրել որոշակի ժամանաշրջանում միջազգային հարաբերությունների կառուցվածքին, երբ փոքր պետությունների դիրքորոշումները փոխվեցին գլոբալ աշխարհակարգի փոփոխությունների ազդեցության տակ։ Ներքին կամ արտաքին քաղաքականության գերակայության մասին վիճելու փոխարեն կարելի է նաև շեշտը դնել փոքր երկրների գոյության համատեքստի փոփոխության և դրա հետևանքով քաղաքական վերնախավերի նոր պայմաններում դիրքավորման վրա։

Փոքր պետությունների դերը միջազգային հարաբերությունների համակարգի ձևավորման գործում

Մինչև 1648 թ., երբ առաջարկվեց միջազգային հարաբերությունների առաջին կենսունակ համակարգը, գոյություն ունեին շուրջ 350 ինքնիշխան տարածքային-քաղաքական կազմավորումներ, որոնք ստորադրվում էին «պետություն» հասկացության տակ։ Դրանցից շուրջ 200-ը փոքր երկրներ էին, որոնք ավելի խոշոր տերությունների միջև ռազմական գործողությունների թատերաբեմ էին դարձել գլոբալ ճգնաժամների շրջաններում։ Սակայն Վեստֆալյան աշխարհակարգի կայացումը, որը պետությունը հռչակեց որպես միջազգային հարաբերությունների գլխավոր սուբյեկտ, երաշխիքներ տվեց ինքնիշխանության անձեռնմխելիության և միջազգային իրավունքի նախատիպի վրա հիմնված փոքր պետությունների շահերի պաշտպանության համար։ Դրա հետ մեկտեղ, 17-րդ դարից հետո կտրուկ նվազեց պետությունների քանակը. 1914 թ. աշխարհում հաշվվում էին շուրջ 60 անկախ երկրներ (դրանցից փոքրերը՝ 40)։ Բանն այն է, որ մեծ տերությունների ծավալապաշտական կամ կայսերական նկրտումների զսպման առաջարկված մեխանիզմները արդյունավետ չէին, և դրա հետ համաժամանակ փոքր երկրները չեն դարձել կառուցվող աշխարհակարգի լիիրավ մասնակիցներ(8)։ Ընդհակառակը, անկախություն ստացած պետություններն անցել են միջազգային հարաբերությունների հաստատված համակարգի սկզբունքների յուրացման ցավոտ ճանապարհ և, միաժամանակ, նպաստել դրա հետագա քայքայմանը։

Այսպիսով, որոշելով նոր աշխարհակարգը, մեծ տերություններն անտեսել են փոքր երկրների դերը, բայց դրա հետ մեկտեղ դրանց հնարավորություն են տվել տեղավորվել առկա համակարգում։ Այսպես, Վիեննայի համակարգը, համաձայնեցնելով հինգ գլխավոր մեծ տերությունների հիմնական աշխարհաքաղաքական շահերը, հիմք է ստեղծել կախյալ պետությունների և գաղութների (Օսմանյան կայսրության, Զինաստանի, Լատինական Ամերիկայի երկրների և Աֆրիկայի տարածաշրջանների) տարածքներում դրանց մրցակցության համար։ Փոքր երկրների կարգավիճակը որոշվել է որպես պրոտեկտորատներ, ինչը սահմանափակել է միջազգային հարաբերությունների վրա դրանց ազդելու հնարավորությունները։ Որպես արդյունք, ազգային պետությունների կայացումը և ազգային-ազատագրական շարժումների աճը հանգեցրել են աշխարհակարգի վերաձևավորման. միավորված Գերմանիան և Իտալիան առաջադրել են աշխարհի բաժանման խնդրում իրենց բաժնի հարցը, այն ժամանակ, երբ նախկին օսմանյան տիրույթների անկախության հանգամանքը հին և նոր մեծ տերությունների հակասությունների գոտին տեղափոխել է Բալկանյան թերակղզի։ Համակարգը, հակված լինելով պահպանել հինգ տերությունների միջև պայմանավորվածությունները, չի կարողացել հաշվի առնել նորաստեղծ պետությունների շահերը և փլուզվել է։ Փոքր երկրներն այդ համատեքստում դարձել են միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության գլխավոր «զոհեր» և «շահառուներ»՝ ենթադրելով ապագա աշխարհակարգի մեջ «ներառվելու» երկարատև գործընթաց։

Ընդհանուր առմամբ, 19-րդ դարի միջազգային հարաբերությունների համակարգն ունեցել է սակավ բնութագրումներ, որոնք ձեռնտու էին փոքր պետությունների գոյատևման համար, քանզի միջազգային հարաբերություններում հավասարակշռության համար հիմնական պատասխանատվությունը դրվել էր մեծ տերությունների վրա։ Որպես հետևանք՝ մշակութային առումով իրար մերձ փոքր երկրների կենսունակության հարցը ազգայնական գաղափարների տարածման համապատկերում հանգեցրել է դրանց միավորմանն ավելի խոշոր միավորների մեջ (խոսքը վերաբերում է հիմնականում գերմանական և իտալական փոքր իշխանապետություններին)։ Բալկանյան պետությունները, արդեն աշխարհակարգի խորը ճգնաժամի օրոք առաջացած լինելով, չնայած էթնոմշակութային ընդհանրությանը, մեծ տերությունների հակասությունների պատճառով իսկույն ևեթ բաժանվել են մի քանի ճամբարների։ Այլ կերպ ասած՝ որպես գործընթացների գլխավոր ուղղորդողներ մնացել էին «հավաքական գերիշխանության» շրջանակներում գործառույթների «բաժանմանը» հավակնող մեծ տերությունները։ Սակայն խոշորագույն դերակատարների սահմանափակ հնարավորությունները հանգեցրել են փոքր երկրների վարքի մոդելների փոփոխության։

Երկրների թվաքանակի և միջազգային հարաբերություններում ճկունության մակարդակի միջև հակառակ համեմատական կապը փոքր երկրներին հնարավորություն է տալիս ընտրելու վարքագծի մոդելերից մեկը(9)։ Աշխարհակարգի փլուզման դեպքում վարքագծի մոդելի ընտրությունը գոյութենական մարտահրավեր է դառնում փոքր երկրների համար, որոնք ձգտում են կանխագուշակել հավասարակշռության հետագա դասավորումը մեծ տերությունների միջև։ Միջազգային հարաբերությունների համակարգի փլուզման շրջանում կարելի է առանձնացնել փոքր պետության վարքագծի չորս պատմական մոդելներ. 1. «ագրեսորի արբանյակներ» (Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա և այլն), 2. աշխարհակարգի փլուզման զոհպետություններ (Չեխոսլովակիա, Եթովպիա, Բելգիա և այլն), 3. մարտնչող պետություններ (Հունաստան, Սերբիա, Իսրայել և այլն), 4. չեզոք երկրներ (Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Շվեդիա)։ Շատ դեպքերում այդ մոդելներն ընթացիկ պահին կամ անցյալում միջազգային հարաբերությունների քայքայման սադրած «անոմալիաներ» են։ Փոքր երկրների գործողությունների «նորմալ» ռազմավարություն է ներկայանում աջակցությունը գոյություն ունեցող աշխարհակարգին, որը երաշխավորում է դրանց ինքնիշխանությունը և զարգացման հնարավորությունները։ Պատմական առումով այդպիսի աշխարհակարգ կարելի է անվանել Յալթա-Պոտսդամյան համակարգը, որը գոյություն է ունեցել 1945–2010 թթ. ժամանակաշրջանում։

«Թափառող վառոդի տակառ».փոքր երկրների վարքագծի պատմական մոդելները գլոբալ ճգնաժամի պայմաններում

Ժամանակակից գլոբալ փոխակերպումների ծավալը համեմատենք Առաջին և Երկրորդ համաշխարհայիններին նախորդած գործընթացների հետ։ Երկու դեպքում էլ նշանակալի էր փոքր երկրների դերն աշխարհակարգի փլուզման համատեքստում։ Դրա հետ մեկտեղ միջազգային հարաբերությունների անկայուն համակարգը, որը ստեղծել են մեծ տերությունները, անտեսել է նոր քաղաքական իրողությունները և ընդունակ չէր հարմարվել։ Այսպես, մեծ տերությունների կողմից «Արևելյան հարցի» անտեսումը բերել է նրան, որ նորաստեղծ բալկանյան պետությունները մնացել էին հավասարակշռությունների գոյություն ունեցող համակարգի շրջանակներից դուրս։ Որպես արդյունք՝ մշտական ճգնաժամերը հանգեցրել են տարածաշրջանում ուժերի մշտական վերադասավորման։ Այսպես, Բուլղարիայի ազատագրումը, ինչպես նաև Սերբիայի, Ռումինիայի և Չեռնոգորիայի անկախության վերջնական ձեռքբերումը կտրուկ բարձրացրել է Ռուսաստանի կայսրության (ՌԿ) դերը թերակղզում։ Սակայն Բուլղարիայի 1885 թ. ճգնաժամից և այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց աջակցել բուլղարներով բնակեցված Արևելյան Ռումելիայի միավորմանը Բուլղարիայի հետ, հանգեցրեց բուլղարական հանրության շրջանում հակառուսաստանյան տրամադրությունների աճին։ Թուրքական տիրապետությունից ազատագրվելուց 37 տարի անց Բուլղարիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության կողմից։ ՌԿ-ի համար գլխավոր հենարան էր մնացել Սերբիան, որը, չընդունելով 1915 թ. իր պարտությունն ավստրիական և գերմանական զորքերից, կատարել է շուրջ 250 հազ. զինվորական և քաղաքացիական անձանց տարհանում դեպի Ադրիատիկի ափերը, որն ստացել է «Ալբանական գողգոթա» անվանումը։ Սերբիայի երբեմնի դաշնակից բուլղարական զորքերն արագացրել են դրա ջախջախումը։ Միայն երեք տարի անց, պարտության արդյունքում Բուլղարիան զրկվեց դեպի Էգեյան ծով ելքից և խորասուզվեց ներքաղաքական ճգնաժամերի մեջ, այն ժամանակ, երբ Սերբիան դարձավ սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության (ապագա Հարավսլավիայի) միջուկը։ Այս երկու երկրների օրինակը ցույց է տալիս փոքր պետությունների վարքագծի ոչ գծայնությունը՝ ելնելով տարածաշրջանում քաղաքական ուժերի ընթացիկ դասավորումից։

Երկրորդ համաշխարհայինից առաջ ավելի բարդացավ ուժերի դասավորումն Արևելյան Եվրոպայի երկրների միջև։ Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Ռուսաստանի կայսրությունների փլուզումը հանգեցրեց նոր պետությունների ձևավորմանը։ Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ Վերսալյան-Վաշինգտոնյան նոր համակարգը (1919–1938 թթ.) կառուցվել էր աստիճանական բարեփոխման վրա՝ ուղղված նորանկախ պետությունների ձևավորմանը (օրինակ, ենթամանդատային տարածքները Մերձավոր Արևելքում), սակայն գոյություն չուներ փոքր երկրներին միջազգային հարաբերությունների նոր համակարգում ընդգրկելու համահունչ մեխանիզմ (Եվրոպայի շատ երկրներ մինչև 1930-ական թթ. նույնիսկ չէին ճանաչել ԽՍՀՄ-ը)։ Մեծ ճգնաժամը, եվրոպական գործերին մասնակցելուց ԱՄՆ-ի հրաժարումը և ֆաշիստական գաղափարախոսության տարածումը հանգեցրել էին ամբողջ Եվրոպայում ավտորիտարիզմի աճին։ Աշխարհաքաղաքական առումով Կենտրոնական և Արևելյան Եվրոպան մեծ տերությունների (մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի) կողմից ներկայացված էին «կոմունիստական գաղափարախոսության» դեմ «սանիտարական կորդոնով»։ Սակայն տարվածությունը «խորհրդային սպառնալիքով» վերջ ի վերջո հանգեցրեց տարածաշրջանի միակ ժողովրդավարական փոքր պետության՝ Չեխոսլովակիայի վերացմանը։ Մյուս փոքր երկրները և խամաճիկային վարչախմբերը Եվրոպայում և Ասիայում դարձան նացիստական Գերմանիայի և միլիտարիստական Ճապոնիայի «արբանյակները»։

Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին երկու ընտրություն էր կանգնած փոքր երկրների առջև. հանձնվել կամ միանալ ագրեսորին։ Շատերն ընտրեցին երկրորդը, թեկուզ հակահիտլերյան կոալիցիայի առաջին երկիրը, որը պարտության է մատնել «Առանցքի» տերություններին, եղել է փոքր պետություն՝ Հունաստանը (հունական զորքերը հարկադրել են նահանջել Իտալիային)։ Մինչդեռ նույն «արբանյակներն» արդեն 1943 թ. սկսել են շփումներ փնտրել դաշնակիցների հետ, ապա և անցել են հակահիտլերյան կոալիցիայի կողմը, այդպիսով իսկ միանալով նոր աշխարհակարգի կառուցմանը։

ՄԱԿ-ի ստեղծումը և գերտերությունների միջև ուժերի հավասարակշռությունն առավել բարենպաստ պայմաններ բերեցին գլոբալ խաղացողների միջև խուսանավման ջանացող անկախ փոքր պետությունների կայացման համար։ Դրա վառ օրինակ է դարձել ՄԱԿ-ի անդամ-պետությունների թվաքանակի աճը. 1945–2011թ. 51 երկրից հասնելով 193-ի։ Սակայն աշխարհակարգի պահպանման համար պատասխանատվության հաստատությունը վերստին դրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վրա, ինչը նվազեցրեց փոքր երկրների դերը միջազգային գործընթացներում։ Երկբևեռ համակարգը, որը կառուցվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև հավասարակշռության ու առճակատման հիման վրա, ստեղծել է պատմության մեջ միջազգային հարաբերությունների առավել վերահսկվող պայմաններ։ Փոքր երկրներն այդ համատեքստում ավելի շուտ հարմարվել են առաջացող հանգամանքներին, քան ազդել դրանց վրա։ ԽՍՀՄ փլուզոцմից և 1990-ականների ընթացքում նորանկախ (այդ թվում՝ չճանաչված և մասամբ ճանաչված) պետությունների ի հայտ գալուց հետո սկսեցին երևալ նույն այն նշանները, ինչ որ եղել էին Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից առաջ. նոր ալիքի ինքնիշխան երկրների ձևավորումը տեղի է ունեցել ազդեցության աշխարհաքաղաքական գոտիների հատման կետում, ինչը կարող էր հանգեցնել նոր ճգնաժամերի։ Մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների կողմից առաջ մղվող համաշխարհայնացման գործընթացը շահավետ էր այն փոքր երկրների համար, որոնք սեփական ռեսուրսների սակավության պարագայում կարող էին միանալ համաշխարհային թրենդներին՝ տեխնոլոգիայի, տնտեսության, տեղեկատվական տարածականության և քաղաքականության զարգացման գործում (Կատարի, Սինգապուրի, Շվեյցարիայի, Իսրայելի և այլնի օրինակները)։

«Ինքնորոշման իրավունքի» և «տարածքային ամբողջականության» միջև

Փոքր պետությունների կայացումը ցուցադրում է աշխարհակարգի փոխակերպումը մանրապատկերում։ Շատ գործընթացներ, որոնք փոքր պետությունների մասնակցությամբ տեղի են ունեցել տարածաշրջանային մակարդակով, դարձել են գլոբալ փոփոխության փորձ։ Փոքր պետությունների դերի մեծացումը կապված էր նաև կախյալ տարածքների նկատմամբ վերահսկողության հարցում գերտերությունների դիրքորոշման փոփոխության հետ։ Եթե գաղութատիրության դարաշրջանում կարևոր էր տիրել լայնարձակ տարածքների և դրանց պաշարներին, ապա Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիրքորոշումները մոտեցել են ապագաղութացման և աշխարհաքաղաքական դիմակայությունը տարածքային զավթողականության ասպարեզից գաղափարախոսական պայքարի ոլորտ տեղափոխելու անհրաժեշտության շուրջ։ Ընդ որում, գերտերությունների կողմից փոքր երկրի տեղափոխումը մի ճամբարից մյուսը չափազանց ցավոտ էր ընկալվում, ինչը լրացուցիչ «ազդեցության լծակ» էր տալիս փոքր երկրներին։ Փոքր պետությունները, մասնավորապես, կարող էին «ազատ ուղեկիցներ» դառնալ անվտանգության ապահովման ոլորտում՝ շահագործելով գերտերության մտահոգությունը կամ միասնության պահպանմամբ, կամ նույնիսկ իր բլոկի ընդլայնմամբ(10)։ Հարցի այդպիսի դրվածքը մեծ հնչեղություն է տվել «ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին» թեզին՝ որպես փոքր պետությունների կայացման համար կարևոր սկզբունքի։

Աշխարհակարգի ապագաղափարականացումը երկբևեռ համակարգի փլուզումից հետո հանգեցրել է հին դիցաբանությունների վերանայմանը. Ազատական կանոնակարգի գաղափարին փոխարինելու եկան ռեսուրսների պակասորդի հիմնախնդիրը և դրանց համար պայքարի անհրաժեշտությունը(11)։ «Տարածքային ամբողջականության» պահպանման կարևորության մասին տարբեր պետությունների դատողությունը, ընդհակառակը, ցուցադրել է «փոքր երկրների դարաշրջանի» մայրամուտն ու վերադարձը մեծ տերությունների ժամանակներ։ Աշխարհը սկսեց վերադառնալ «մեծ տերությունների համերգների» համակարգ, որտեղ կարևոր գործառույթ են իրականացնելու ոչ թե «կանոնները», այլ տերությունների միջև ուժերի հավասարակշռությունն ու պայմանավորվածությունները։ Ընդ որում՝ տվյալ համակարգը ոչ թե գլոբալ,այլ միջտարածաշրջանային ֆենոմեն է դառնալու(12)։

Այս համատեքստում ուժի գործիքը կարող է առավել կարևոր ռեսուրս դառնալ, քան պետության արժեքային կամ գաղափարախոսական ուղենիշները։ Ավանդաբար փոքր պետությունների գոյատևումը լրացուցիչ ապահովվել է «պայմանական» միջպետական պատերազմի(13) հարաճուն մարգինալացմամբ, ինչը պայմանավորված էր երկու համաշխարհային պատերազմների աղետների փորձով և գերտերությունների միջև զսպման (հիմնականում միջուկային զենքի շնորհիվ) առավել կայուն համակարգի ստեղծմամբ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դարձավ երկար տարիների ընթացքում առաջին միջպետական պատերազմը, հստակ ցուցադրելով համաշխարհային գործընթացների հետընթացը։ 2020–2023 թթ. ոչնչացվեց երկրորդ հայկական պետության՝ Արցախի սուբյեկտայնությունը։ Այդ իրադարձությունը դարձավ վերջին 75 տարում փոքր պետության (թեկուզ չճանաչված) լրիվ ոչնչացման առաջին դեպքը։

«Կավե ոտքերով հսկաների դարաշրջանը». միջին տերությունների ազդեցության աճը

Ժամանակակից միջազգային հարաբերությունների կարևոր հատկանիշ է, այսպես կոչված, «միջին տերությունների» առկայությունը։ Եթե 19-րդ դարի խոշոր երկրները, որոնք ինքնիշխանության տարրերն իրենց տարածքում պահպանում էին մեծ տերությունների մրցակցության հիման վրա, դարձել էին կիսագաղութներ (Օսմանյան կայսրության կամ Չինաստանի օրինակները), ապա արդի պայմաններում այդպիսի պետություններն ընդունակ են զարգացման հարաբերական կայունություն պահպանել և ազդել միջազգային հարաբերությունների վրա։ Համաձայն որոշ կարծիքների, բոլոր միջին տերությունները արտաքին քաղաքական վարքագիծ են ցուցադրում, որը կայունացնում և օրինականացնում է աշխարհակարգը սովորաբար բազմակողմանի և գործընկերային նախաձեռնությունների միջոցով։ Սակայն կարելի է զարգացող և ավանդական միջին տերությունները տարբերակել ըստ իրենց ներքաղաքական և վարքային տարբերությունների (Նկ. 1)(14)։ Երկրի՝ որպես «միջին տերության» դասակարգման հիմնական չափորոշիչը նրա տնտեսության չափն է, բնակչության թվաքանակի աճը, տեխնոլոգիական զարգացումը, դիվանագիտական աշխուժությունը, ինչպես նաև նրա կշիռը միջազգային առևտրական և ենթակառուցվածքային նախագծերում։ Սակայն կարևորագույն գործոն է խոշոր պետության ձգտումը՝ աջակցելու բազմակողմանիության միտմանը միջազգային հարաբերություններում, այսինքն՝ հավասար համագործակցությունը բոլոր ուժային կենտրոնների հետ։ Փոքր երկրների դեպքում հաճախ կիրառվում է «փոխլրացում» եզրույթը, որը ոչ այնքան «բազմակողմանիություն» է նշանակում, որքան՝ բացակայող ռեսուրսների համալրում մեծ տերությունների հետ համագործակցության միջոցով։

Միջին տերությունները, հակառակը, սահմանափակ են ինչպես իրենց մտադրություններում, այնպես էլ գործունեության մեջ՝ անվտանգության տարածաշրջանային պայմաններով և համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով(15)։

Նկար 1. Պոտենցիալ միջին տերությունները ժամանակակից աշխարհում։ Աղբյուր. https://www.clingendael.org/pub/2018/strategic-monitor-2018-2019/a-balancing-act/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

Շատ դեպքերում միջին և փոքր տերությունների ավանդը մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանության կամ միջնորդությունը միջազգային հակամարտություններում հանրագումարային առումով ավելի բարձր է, քան մեծ տերությունների մոտ է, ինչը ցույց է տալիս խոշոր պետությունների ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա (Աղ. 1-2)։ Բայց, միևնույն ժամանակ,

Աղյուսակ 1.
Միջին տերությունների ավանդը համաշխարհային բնապահպանության մեջ 2017 թ.
Աղբյուր. UN Environment Protection Fund (2017)

դիտարկվում է մեծ տերությունների կողմից իրենց գլոբալ պատասխանատվության մի մասի տեղափոխումն այլ պետությունների վրա, ինչը, սակայն, միջին և փոքր պետությունների «քաղաքական» ազդեցության աճ է նշանակում։ ­­­­

Աղյուսակ 2.

Միջին տերությունների ավանդը դիվանագիտական առաքելության և միջնորդության մեջ։
Աղբյուր. UN Department of Political Affairs (DPA)

Չնայած օգտակար հանածոների մեծ պաշարներին կամ բնակչության աճին, այդ երկրներն աշխարհագրական մեկուսացման և բնակչության աղքատության պատճառով անընդունակ են զարգացնել արդյունաբերությունը կամ սեփական շուկան հագեցնել իրենց իսկ արտադրանքով (բացառությամբ մի քանի օրինակների)։ Ցանկացած դեպքում առաջանում է կախվածություն առավել խոշոր պետություններից, որոնք տրամադրում են ելք դեպի համաշխարհային շուկաներ և տիրապետում առավել զարգացած տեխնոլոգիաների։ Դրա հետ մեկտեղ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Բրազիլիան, Եգիպտոսը, Ինդոնեզիան կամ Ղազախստանը, կարող են բարձր տնտեսական և ենթակառուցվածքային ներուժ ունենալ, սակայն ներքաղաքական ապակայունացման սպառնալիքը (ինչպես նաև կազմակերպված հանցագործության բարձր մակարդակը, ահաբեկչության և անջատողականության սպառնալիքը) այդ պետություններին չեն թողնում արդյունավետ կերպով մրցակցել մեծ տերությունների հետ։

Մյուս կողմից, միջին տերությունները փորձում են իրենց թուլությունները չեզոքացնել տարածաշրջանային կազմակերպությունների կամ միությունների ստեղծմամբ՝ հիմնված պատմամշակութային մերձավորության կամ տնտեսական շահերի վրա։ Նման ձևաչափերին կարելի է դասել «Թյուրքական պետությունների կազմակերպությունը» Թուրքիայի գլխավորությամբ, «Երեք ծովերի նախաձեռնությունը» Լեհաստանի գլխավորությամբ, Կենտրոնական Ասիայում Ղազախստանի տարբեր նախաձեռնությունները, բազմաթիվ ընդհանուր եվրասիական տրանսպորտային և առևտրային նախագծերը։ Իրենց ցուցադրելով որպես միջնորդ փոքր երկրների և գլոբալ խաղացողների միջև, միջին տերությունները ձգտում են իրենց վտանգազերծել ուժի համաշխարհային կենտրոնների ճնշումից։ Դրա հետ մեկտեղ, միջին տերությունների հավակնությունները կարող են իրական սպառնալիք դառնալ մեծ տերությունների շահերի համար, ինչն արդեն դիտարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը փոխելու պահանջներում և G20 երկխոսության հարթակում միջին տերությունների ազդեցության աճով։

Դրա ակնհայտ արդյունք կարող է դառնալ փոքր երկրների և գլոբալ առաջնորդների միջև համագործակցությունը՝ նպատակ ունենալով զսպել միջին տերությունների աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Սակայն միջազգային հարաբերությունների համակարգի փլուզման և գլոբալ խաղացողների միջև հակամարտության պայմաններում առաջացել է երկու միտում. 1. ԱՄՆ ռազմավարական մրցակիցների միավորումը միջին տերությունների հետ ԲՐԻԿՍ+ շրջանակներում, 2. «կանոնների վրա հիմնված աշխարհակարգը» պահպանելու Արևմուտքի փորձերը։ Երկու դեպքում էլ համագործակցության ձևաչափերի շրջանակներն անկերպ են, ինչն աշխարհաքաղաքական վակուում է հրահրում, որի շրջանակներում միջին տերությունները և փոքր երկրներն առանց նվազագույն մտավախության կարող են խախտել «կանոնները»։ Հետևապես, տարածաշրջանային մակարդակում մեծ տերությունները (միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի շուրջ պայմանավորվածությունների բացակայության պատճառով) միջին և փոքր տերություններից նշանակալի կախվածության մեջ են ընկնում էներգետիկայի և ենթակառուցվածքի փոխակերպման գործում։

Նման իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, բայց միջին տերությունների մոլուցքը՝ ընդգծելու իրենց ինքնուրույնությունը գլոբալ առաջնորդներից, ինչը ոչ միայն աշխարհաքաղաքական կողմնորոշում, այլև ինքնատիպ մշակույթի, պատմության, արժեքների և քաղաքական ռեժիմի առանձնահատկությունների շեշտադրում է ներառում, սպառնում առավել խոցելի փոքր երկրներին։ Փոքր երկրները կարող են ընկալվել որպես մեծ տերությունների «բնական» դաշնակիցներ, ինչը կնպաստի միջին տերությունների կողմից քաղաքական և տնտեսական ճնշման ուժեղացմանը։ Իբրև օրինակ կարելի է նշել Թուրքիայի և Իսրայելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի՝ որպես ՌԴ-ի և Իրանի «դաշնակցի» հանդեպ կամ ԱՍԵԱՆ-ի շրջանակներում Չինաստանի հետ Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հարաբերությունների «վերահսկվող» խորացումը։

Համենայն դեպս, չնայած միջին տերությունների տարածաշրջանային նախագծերի հավակնոտությանը, ակնհայտ է դրանց խոցելիությունն առաջատար համաշխարհային տերությունների ռազմական և տնտեսական հզորության առջև։ Արտաքին և ներքին քաղաքական փոփոխությունները նույնպես հղի են միջին տերությունների քաղաքական ուղեգծի փոփոխությամբ, ինչը դրանց թույլ չի տալիս մշակելու երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված արտաքին միջավայրի փոխակերպմանը։ Որոշ դեպքերում միջին տերությունները փորձում են գլոբալ կազմակերպությունների իրենց ռեսուրսներն օգտագործել իրենց իսկ սեփական նպատակներին հասնելու համար (օրինակներ՝ Թուրքիա–ՆԱՏՕ, Լեհաստան–ԵՄ), սակայն այդպիսի մոտեցումը կարող է գործուն լինել մինչև այն որոշակի սահմանը, որը գծել են միավորման կամ միության առաջնորդները։ Վերջին հաշվով՝ միջին տերությունների վարքը պատեհապաշտ է և արտացոլում է հզոր հարևանների ազդեցությունը նվազագույնի հասցնելու դրանց ձգտումը։ Փոքր երկրներն այդ համատեքստում կարող են ավելի կենսունակ ռազմավարություն մշակել՝ կապված առկա աշխարհակարգի աջակցության կամ աշխարհում ուժերի նոր հավասարակշռության կայացմանը մասնակցության հետ։

Փոքր երկրներին աշխարհակարգի մեջ ներառման ռազմավարությունը. հետխորհրդային տարածքի դասերը

Ինչպես նշվել է վերը, Վիեննայի համակարգի փլուզումը տեղի է ունեցել մեծապես «Արևելյան հարցի» անտեսման և ի հետևանք ՝ Օսմանյան կայսրության բեկորների վրա նոր պետությունների առաջացման պատճառով։ ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականությունը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը (Մեծ ճգնաժամը) և Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու մեծ տերությունների ձախողված փորձը նպաստել է արևելաեվրոպական երկրների մեկուսացմանը, որոնք չեն կարողացել հավասարակշռություն գտնել հարևան երկրների հետ հարաբերություններում, ինչը հանգեցրել է կամ դրանց կլանմանն առավել խոշոր տերությունների կողմից կամ ենթարկմանը նացիստական Գերմանիային։ Հետխորհրդային տարածքի պետությունների (ինչպես նաև հետսոցիալիստական ճամբարի որոշ այլ բեկորների, որոնք չեն կարողացել միանալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կառույցներին) լիարժեք մասնակցության բացառման համանման իրավիճակը հանգեցրել է միջազգային հարաբերությունների համակարգի ժամանակակից ճգնաժամին, որտեղ մեծ տերությունների դիմակայության գլխավոր ասպարեզը հենց այդ տարածաշրջանն է դառնում։

Չնայած տարբեր միջազգային զեկույցներում՝ որպես հետխորհրդային տարածքի միջին տերություններ, նշվում են Ուկրաինան և Ղազախստանը(16), չի կարելի միանշանակ որոշել հետխորհրդային հանրապետությունների դերը միջազգային հարաբերությունների ժամանակակից կառուցվածքում։ Հետխորհրդային հանրապետությունների՝ աշխարհակարգում «չներկառուցվելու» հանգամանքը դրանց դարձնում է, նախ և առաջ, մեծ տերությունների գործողությունների օբյեկտ, ինչը նպաստում է տարբեր աշխարհաքաղաքական «հոսանքների» միջև դրանց խուսանավմանը, սակայն այդ պետությունների հիմնական չափանիշները դեռևս համապատասխանում են փոքր պետությունների կարգին։ Կախված սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություններից և դրա համար ռեսուրսների առկայությունից, փոքր պետությունները կարող են ընտրել այդ երեք ռազմավարությունից մեկը. պասիվ, ակտիվ կամ պաշտպանական(17)։

Այսօր պասիվ ռազմավարության ներկայացուցիչներ են Մոլդովան, Հայաստանը և, մասամբ, Բելառուսը, քանզի այդ պետությունների քաղաքականության գլխավոր առանձնահատկությունները կայանում են գլոբալ քաղաքականության շրջանակներում որպես ինքնուրույն կազմավորումներ գործելուց ու գործառույթներ իրականացնելուց կամավոր հրաժարման մեջ (բացահայտ կամ ծածուկ)։ Այդպիսի դիրքորոշումը կարող է բխել ընտրախավերի և հանրությունների համոզվածությունից, թե անիմաստ են հակամարտային իրավիճակները, քանի որ սոցիալ-տնտեսական ծախսերը կարող են ավելի բարձր գտնվել, քան պետական շահերի պաշտպանությունը։ Բելառուսի օրինակը կարող է սխալ թվալ, սակայն ՌԴ-ին բարեհաճության ապահովման համատեքստում բելառուսական իշխանությունների գործողությունները կարող են ցուցադրել այդ պետության կամավոր հրաժարումը սեփական ազգային շահերի ձևակերպումից։ Ընդ որում՝ այստեղ կարևոր է հնարավոր հակամարտային իրավիճակի հանրային ընկալման գործոնը և քաղաքացիների՝ պետական շահերը պաշտպանելու պատրաստակամությունը։

Ակտիվ ռազմավարության շարքում կարելի է դասել Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Այդ երկրները փորձում են իրենց օգտին փոխել արտաքին (քաղաքական-անվտանգային) միջավայրը՝ իրենց ազգային ռազմավարական շահերը բավարարելով հակառակորդ պետության (կամ արտաքին մրցակցի) ռազմավարական շահերի և առավելությունների հաշվին։ Ակտիվ ռազմավարության առաջմղման շրջանակներում կարևոր տեսակետ է պետության՝ գլոբալ քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունների փոխակերպումը, ինչպես նաև սեփական ներքին ներուժի (ժողովրդագրություն, ռազմական հզորություն, տնտեսական կապեր, ենթակառուցվածք և այլն) նյութական ու որակական բազայի մեծացումն ու ընդլայնումը։

Պաշտպանական ռազմավարության շրջանակներում փոքր երկրները փորձում են պահպանել ստատուս-քվոն և ավելի վաղ ձեռք բերած առավելությունները՝ հենվելով ազգային ներուժի և տնտեսության ներքին աճի վրա։ Կարճաժամկետ հեռանկարում այդ ռազմավարությունը կարող է իրատեսական լինել, բայց ռազմավարական տեսանկյունից չարդարացված, քանզի այդ երկրների համար դժվար կլինի պահպանել զարգացման նախկին տեմպերը և քաղաքական կապերը միջազգային հարաբերությունների փլուզվող համակարգի համապատկերում։ Այսպես, Ռուսաստանի, Չինաստանի և Արևմուտքի շահերի միջև խուսանավելու հարցում Ղազախստանի և Վրաստանի դիրքորոշումը, ինչպես նաև Տաջիկստանի և Թուրքմենստանի՝ գլոբալ փոփոխությունների շրջանում քաղաքական ռեժիմը կոնսերվացման ենթարկելու ձգտումը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են պաշտպանական ռազմավարությանը։

Կասկած չկա, որ միջազգային հարաբերությունների կառուցվածքի փոփոխությունը կարող է հետխորհրդային տարածքի փոքր երկրներին ստիպել կտրուկ փոխել ռազմավարությունը, ինչը նույնպես կապված է արտաքին միջավայրի և հարևան պետությունների վարքի վերլուծության մեջ հնարավոր սխալ հաշվարկների հետ։ Ընդ որում, փոքր երկրների խոցելիությունն աճելու է բազմաբևեռ աշխարհակարգի կայացմանը զուգահեռ, որն ի սկզբանե ունի առճակատման բնույթ(18)։ Հետխորհրդային հանրապետությունների ռազմավարության բազմավեկտորայնությունը նույնպես մեծացնում է հակամարտային իրավիճակների հավանականությունը և առավել ակտիվ մրցակիցների ճնշման ներքո վարքի տիպերի փոփոխման հնարավորությունը։ Համենայն դեպս, նախկին միութենական հանրապետություններն անցնում են միջազգային կարգին միանալու ցավոտ գործընթաց, որտեղ կարող է աճել նրանց դերը։

ՀՀ ռազմավարության առանձնահատկությունները «փոքր երկրի» կարգավիճակում

Անկախության 33 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման շատ միտումներ համապատասխանել են փոքր երկրին բնորոշ հատկանիշներին, երկիր, որը տառապում է տարածքի ոչ մեծ չափերի, սահմանափակ ռեսուրսային բազայի, արտահանման համար հումքային ապրանքներից պատմականորեն առաջացած կախվածություն ունեցող փոքր ներքին շուկայի հետ կապված մի շարք սահմանափակումներից(19)։ Հետևապես Հայաստանի համար չի մնացել մեկ այլ ընտրություն՝ քան ձգտել, որպեսզի սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական առումներով բաց լինի աշխարհի համար, ինչն, իր հերթին, աշխարհաքաղաքական ասպարեզում հանգեցրել է խոցելիության աճի։ Հիմնախնդիրը կայանում էր նրանում, որ փոքր պետությունը սովորաբար «անհամաչափ հարաբերություններում դառնում է ավելի թույլ կողմ, որն ընդունակ չէ փոխելու հարաբերությունների բնույթն ու գործողականությունը (ինքնուրույն(20)։ Սակայն Հայաստանի գործնական փաստաթղթերի փաթեթը աչքի է ընկել պետական շահերի ձևավորման բազմագործոն բնույթով, որտեղ անկախության որոշակի ժամանակաշրջաններում պետության ներուժի ընկալումը կարող էր ձևավորվել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և սփյուռքի ընտրախավերի խոսույթների փոխազդեցության միջոցով։ Այդ իսկ պատճառով թեզիսն առ այն, թե «փոքր երկրները կապված են ուժերի փոխդասավորվածության (ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով) և նրա հաստատութենական արտահայտության հետ, անկախ նրա նկատմամբ դրանց կոնկրետ վերաբերմունքից»(21), Հայաստանի պարագայում տարբերվում էր արմատապես։

Հայկական օրինակը դուրս է մնացել ընդհանուր տրամաբանությունից, ենթարկվելով ազգային ինքնության էթնո-դավանական մոդելի շաբլոններին, ինքնություն, որը որոշակի պատմական վնասվածքների, «պատմական հայրենիքի» ընկալման և ինքնագիտակցման տարրերի հիման վրա նպաստել է մշակութային ազգայնականության արագ զորաշարժին, բայց ոչ Հայաստանի Հանրապետության շահերի առանձնացմանը «հայության շահերից»։ Սակայն հայ ազգի հետ իրենց կապող տարբեր համայնքների շահերի միասնականացմանը միտված հայկական անդրազգայնականությունը անկախ հանրապետության կողմից երկարաժամկետ հիմունքներով չէր կապիտալիզացվել։

Դրան խոչընդոտել են սփյուռքի հայկական համայնքների այլատարրությունը, Հայաստանի Հանրապետության ներսում և դրսում շահերի համաձայնեցմանն առնչվող հիմնախնդիրները, հայկական քաղաքական ընտրախավերի տարակողմնորոշված «գործակալականությունը»(22)։

Ընտրախավերի միջև առավել վառ պառակտումը երևան եկավ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ պատերազմում պարտությունը հայկական ղեկավարությունը մեկնաբանեց որպես նախկին «հավակնություններից» հրաժարվելու հարկավորություն և բացառապես Հայաստանի Հանրապետության շահերի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն(23)։ Դրա հետ մեկտեղ, երկրորդ հայկական պետության լուծարումը և Սփյուռքի ազգայնականորեն տրամադրված շրջանակների հետ հարաբերությունների խզումը հանգեցրին հայկական շահերի շուրջ երկխոսության «նեղացմանը» տառացիորեն ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության սահմանները։

Քաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանում և աշխարհում առկա հարաբերությունների համակարգի վրա ազդելու անկարողության ընդունումը ազդարարեց հակվածությունը «փոքր երկիր» հայեցակարգին՝ հասարակության ներքին կայունության դրական ընկալումն ապահովելու նպատակով տնտեսական հիմնախնդիրների լուծման վրա կենտրոնանալու շրջանակներում։ Այլ բան է, որ Հայաստանում արհեստական սահմանափակումների (շրջափակում և հակամարտություն) նկատմամբ հարմարվելու պատճառով քաղաքական ռիսկի ընկալումը ձևավորվել է ուրույն, փոքր երկրներին ոչ հատուկ ձևով։ Ղարաբաղյան հակամարտության գործոնը առաջ է բերել քաղաքական և տնտեսական այնպիսի համակարգի կառուցման անհրաժեշտություն, որը, հաշվի առնելով ռիսկի բարձր մակարդակը, պիտի կարողանար գոյություն ունենալ ռազմական գործողությունների մշտական սպառնալիքի պայմաններում և նպաստել տարածաշրջանում ուժերի առկա հավասարակշռության պահպանմանը։ Այսօր հայկական վերնախավի կողմից «փոքր պետություն» հայեցակարգի որդեգրումը որպես Հայաստանի ապագայի հիմնական տեսլական, հնարավոր է միայն հանրապետության զարգացման սկզբնական նախադրյալների (Ղարաբաղյան գործոն, Ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարց, հայ-ռուսաստանյան հարաբերություններ) լրիվ վերակազմման դեպքում, ինչը, ներկայիս վերնախավերի բոլոր ջանքերի ներդրման պարագայում անգամ քիչ հավանական է թվում։

Ընդ որում, Հարավկովկասյան գոտում հիմնական ուժերի տարածաշրջանային փոխդասավորվածությունը հետևյալ տեսքն ունի. մեծ տերություններ՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Չինաստան, միջին տերություններ՝ Թուրքիա, Իրան, Ադրբեջան (երկիր, որը տարածաշրջանային առաջնորդի և միջին տերության կոչման է հավակնում), փոքր երկրներ՝ Վրաստան, Հայաստան։ Այսպիսի իրավիճակը նպաստում է տարածաշրջանային առճակատման բարձր հավանականությանը, ինչը սպառնում է, առաջին հերթին, Վրաստանի և Հայաստանի անվտանգությանը։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը կարող է ընտրել գործողությունների մի քանի տարբերակ.

  1. հաստատութենականացնել պասիվ ռազմավարությունը ոչ բլոկային չեզոք պետության տեսքով(24),
  2. կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի միջին տերություններից մեկի հետ, որտեղ իր դիրքերը ստորադաս բնույթ են կրելու,
  3. ամրապնդել համագործակցությունն արտատարածաշրջանային մեծ տերությունների հետ։

Գլոբալ առճակատման պայմաններում անչափ դժվար է կյանքի կոչել տվյալ սցենարները, քանի որ առավել խոշոր խաղացողները միջազգային հարաբերությունների ընթացիկ կառուցվածքում կտրուկ փոփոխությունների բացակայության դեպքում կարող է չնկատեն փոքր և միջին տերությունների միջև հակամարտությունը։ Բացի այդ, մեծ տերությունների միջև առճակատումը խանգարելու է դրանց՝ անմիջական աջակցություն ցուցաբերել փոքր երկրներին։

Եզրակացություն

Նոր աշխարհակարգի կառուցման պայմաններում գլոբալ փոփոխությունների առաջին զոհերն են դառնում փոքր պետությունները, որոնք ընդունակ չեն արագ հարմարվելու հարաբերությունների նոր ճարտարապետությանը։ Ժամանակակից աշխարհում միջին տերությունների և ուղղակի գլոբալ հակամարտությունը զսպող գործիքների մեծ քանակը (միջուկային զենքի գործոն, առևտրատնտեսական փոխկախվածություն, հանրային կարծիքի դեր և այլն) նաև բարդացնում է նոր աշխարհակարգին անցնելու գործընթացը, որը կկարողանար ինքնիշխանության պահպանման որևէ երաշխիք տրամադրել փոքր երկրներին։

Պատմական վերլուծությունը ցույց է տալիս միջազգային հարաբերությունների համակարգի կայացման ոչ գծայնությունը, որն իրենից ներկայացնում է ոչ թե միանշանակ առաջընթաց, այլ պարբերական վերադարձ զարգացման նախորդ մոդելներին, ուստի աշխարհակարգի փոխակերպումը կարող է ունենալ ոչ միայն դրական տեսանկյուններ, այլ նաև հետընթացի տարրեր։ Փոքր երկրների համար այդ համատեքստում կարևոր է որոշակի շեմ զբաղեցնել (ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում կամ ինտեգրման միավորումներում), որտեղ դրանք կարող են իրենց գոյությունը երկարաձգել ընդհուպ մինչև միջազգային հարաբերությունների կայունացման հաջորդ փուլ։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Գումարովա Մ.. Միջին տերությունները. ո՞ր տերություններն են մտնում ցուցակի մեջ և ինչո՞ւ (ռուս.): (28.05.2024), https://www.inform.kz/ru/srednie-derzhavi-kakie-strani-vhodyat-v-spisok-i-pochemu-aeceb4
  2. Դունամալյան Ն. Ա,, Գաբրիելյան Ա.Ա., ՄԱԿ-ը միջազգային քաղաքականության կորդինատների համակարգում. Ընթացիկ կացություն և կանխատեսումներ (ռուս.): / ԱՊՀ երիտասարդ միջազգայնագետների Ա. Ա. Գրոմիկոյի անվան մրցույթի ֆինալիստների հոդվածների ժողովածու 2020/ Սուտիրինի Վ. Վ., Պեշենկով Ա. Ս.-ի խմբագրությամբ; Մ.։ ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտ, Ա. Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտ. ընկերակցություն։ 2021. Էջ 203–216
  3. Դունամալյան Ն. Ա., Դավթյան Վ. Ս., Թավադյան Ա.Ա., Տնտեսական զարգացումը որպես արտաքին քաղաքական ռիսկերի փոխհատուցման միջոց. Հայաստանի օրինակը։ Միջազգային վերլուծություն (ռուս.): 2023;14(1):92-110. https://doi.org/10.46272/2587-8476-2023-14-1-92-110
  4. Նովիկովա Ի. Ն., Փոքր երկրները միջազգային հարաբերություններում. որոշ տեսական ասպեկտներ (ռուս.) // Սանկտ-Պետերբուրգի համալսարանի բանբեր։ Միջազգային հարաբերություններ։ 2022. Հ. 15. Թող. 3. էջ 219–242. https://doi.org/10.21638/spbu06.2022.301
  5. Սմիրնով Վ. Ա., Մերձբալթյայի երկրների արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ (ռուս.) //Ժամանակակից Եվրոպա։ 2016։ № 5. сс. 44-54. http://dx.doi.org/10.15211/soveurope520164146
  6. Matthew L. Bishop, “The political economy of small states: Enduring vulnerability?” Review of International Political Economy, no. 19, (2012): 942-960. http://dx.doi.org/10.1080/09692290.2011.635118
  7. Gotev G. German think tank ranks Kazakhstan as ‘world middle power’ / Euraktiv (14.02.2024), https://www.euractiv.com/section/central-asia/news/german-think-tank-ranks-kazakhstan-as-world-middle-power/
  8. Handel M., (1981) Weak States in the International System. Totowa, NJ: Frank Cass
  9. Kaplan R. D., Gray J., & Thompson H., The New Age of Tragedy: Great-power rivalry, resource scarcity and the crumbling of the liberal rules-based order / The New Statesman (26.04.2023), https://www.newstatesman.com/ideas/2023/04/new-age-tragedy-china-food-europe-energy-robert-kaplan-helen-thompson-john-gray
  10. Keohane Robert O. “Liliputians’ Dilemmas: Small States in International Politics”, International Organization, no. 23 (1969): 291–310
  11. Maass M., Small states: Survival and proliferation. Int. Polit. 51, 709–728 (2014), https://doi.org/10.1057/ip.2014.31
  12. Moeini A., Mott Ch., Paikin Z., Polansky D. Middle Powers in the Multipolar World / The Institute for Peace & Diplomacy (March 2022), https://peacediplomacy.org/wp-content/uploads/2022/03/Middle-Powers-in-the-Multipolar-World-2.pdf
  13. Morgenthau, H. J. (1967) Politics among Nations, The Struggle for Power and Peace. New York: Alfred A. Knopf
  14. Mouritzen H., & Wivel A., “Introduction.” In H. Mouritzen & A. Wivel (Eds.), The geopolitics of Euro-Atlantic integration, London: Routledge. 2005: 1–11
  15. Rothstein Robert I., “Alliances and Small Powers.” New York: Columbia University Press, 1968, pp. 29-30
  16. Thorhallsson Baldur. “The Size of States in the European Union: Theoretical and Conceptual Perspectives.”Journal of European Integration,no 1 (28) (2006): 7-31, https://doi.org/10.1080/07036 330500480490
  17. Tilly C., (2002) ‘Violence, Terror, and Politics as Usual’, Boston Review 27 (3–4): 21–4. https://www.bostonreview.net/articles/charles-tilly-violence-terror-and-politics-usual/
  18. David Vital (1971), The Survival of Small States: Studies in Small Power/Great Power Conflict, Oxford University Press
  19. Wivel Anders, Bailes Alyson J., and Archer Clive (2014). “Setting the scene: small states and international security” In Small states and international security: Europe and beyond edited by Wivel Anders, Bailes Alyson J., and Archer Clive. London: Routledge. 2014: 3–25
  20. Աբրահամյան Է. Պատերազմն ու խաղաղությունը փոքր պետությունների միջև մրցակցային բազմաբևեռ դարաշրջանում/ Armagora, https://armagora.am/war-and-peace-small-states/
  21. Թաթիկյան Ս., Դասեր Ֆինլանդիայի արտաքին և անվտանգային քաղաքականությունից/ EVNreport (14.03.2024), https://evnreport.com/arm/politics-arm/lessons-from-finland/
  22. «Այո Անկախությանը, Այո Ինքնիշխանությանը, Այո Հայաստանին»։ «Փաշինյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ» (ռուս.)/ Արմենպրես (21.09.2021), https://armenpress.am/rus/news/1093038/
  23. «Էդուարդ Աղաջանյան. Հայաստանն այլևս հնարավորություններ, ռեսուրսներ չունի Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների ապահովման համար» (ռուս.)/ Panorama.am (08.10.2022), https://www.panorama.am/ru/news/2022/10/08/Эдуард-Агаджанян/2740744/

(1) Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ։ Ավելի քան 20 գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ։

(2) Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 25.08.2024 թ.

(3) Rothstein Robert I., “Alliances and Small Powers.” New York: Columbia University Press, 1968, pp. 29–30.

(4) Սմիրնով Վ. Ա., Մերձբալթյայի երկրների արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ (ռուս.)//Ժամանակակից Եվրոպա։ 2016, № 5. էջ 44-54. http://dx.doi.org/10.15211/soveurope520164146 (բեռնման օրը՝ 24.08.2024):

(5) Նովիկովա Ի. Ն., Փոքր երկրները միջազգային հարաբերություններում. որոշ տեսական ասպեկտներ (ռուս.) // Սանկտ-Պետերբուրգի համալսարանի բանբեր։ Միջազգային հարաբերություններ։ 2022. Հ. 15. Թող. 3. էջ 219–242. https://doi.org/10.21638/spbu06.2022.301 (բեռնման օրը՝ 24.08.2024):

(6) Thorhallsson Baldur. “The Size of States in the European Union: Theoretical and Conceptual Perspectives.” Journal of European Integration, no 1 (28) (2006): էջ 7-31, https://doi.org/10.1080/07036330500480490 (բեռնման օրը՝ 24.08.2024).

(7) Keohane, Robert O. “Liliputians’ Dilemmas: Small States in International Politics”, International Organization, no. 23 (1969): 291–310.

(8) Maass M., Small states: Survival and proliferation. Int. Polit. 51, 709–728 (2014), https://doi.org/10.1057/ip.2014.31 (բեռնման օրը՝ 24.08.2024).

(9) Morgenthau H. J., (1967) Politics among Nations: The Struggle for Power and Peace. New York: Alfred A. Knopf.

(10) Handel M., (1981) Weak States in the International System. Totowa, NJ: Frank Cass.

(11) Kaplan R. D., Gray J., & Thompson H., The New Age of Tragedy: Great-power rivalry, resource scarcity and the crumbling of the liberal rules-based order / The New Statesman (26.04.2023), https://www.newstatesman.com/ideas/2023/04/new-age-tragedy-china-food-europe-energy-robert-kaplan-helen-thompson-john-gray (բեռնման օրը՝ 24.08.2024).

(12) Դունամալյան Ն. Ա., Գաբրիելյան Ա. Ա., ՄԱԿ-ը միջազգային քաղաքականության կոորդինատների համակարգում. Ընթացիկ կացություն և կանխատեսումներ (ռուս.) / ԱՊՀ երիտասարդ միջազգայնագետների Ա.Ա. Գրոմիկոյի անվան մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների հոդվածների ժողովածու 2020/ Սուտիրինի Վ.Վ., Պեշենկովի Ա.Ս. խմբագրությամբ; Մ.։ ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտ, Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտ. ընկերակցություն։ 2021. Էջ 203–216:

(13) Tilly C., (2002) ‘Violence, Terror, and Politics as Usual’, Boston Review 27 (3–4): 21–4. https://www.bostonreview.net/articles/charles-tilly-violence-terror-and-politics-usual/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

(14) Մ. Գումարովա. Միջին տերությունները. ո՞ր տերություններն են մտնում ցուցակի մեջ և ինչո՞ւ (ռուս.), (28.05.2024), https://www.inform.kz/ru/srednie-derzhavi-kakie-strani-vhodyat-v-spisok-i-pochemu-aeceb4 (բեռնման օրը՝ 24.08.2024):

(15) Moeini A., Mott Ch., Paikin Z., Polansky D. Middle Powers in the Multipolar World / The Institute for Peace & Diplomacy (March 2022), https://peacediplomacy.org/wp-content/uploads/2022/03/Middle-Powers-in-the-Multipolar-World-2.pdf (բեռնման օրը՝ 24.08.2024).

(16) Gotev G. German think tank ranks Kazakhstan as ‘world middle power’ / Euraktiv (14.02.2024), https://www.euractiv.com/section/central-asia/news/german-think-tank-ranks-kazakhstan-as-world-middle-power/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

(17) David Vital (1971), The Survival of Small States: Studies in Small Power/Great Power Conflict, Oxford University Press.

(18) Աբրահամյան Է. Պատերազմն ու խաղաղությունը փոքր պետությունների միջև մրցակցային բազմաբևեռ դարաշրջանում / Armagora, https://armagora.am/war-and-peace-small-states/ (բեռնման օրը՝ 24.08.2024):

(19) Bishop Matthew L. “The political economy of small states: Enduring vulnerability?” Review of International Political Economy, no. 19, (2012): 942-960. http://dx.doi.org/10.1080/09692290.2011.635118 (բեռնման օրը՝ 24.08.2024).

(20) Wivel Anders, Bailes Alyson J., and Archer Clive (2014). “Setting the scene: small states and international security” In Small states and international security: Europe and beyond edited by Wivel Anders, Bailes Alyson J., and Archer Clive. London: Routledge. 2014: 3–25.

(21) Mouritzen H., & Wivel A., “Introduction.” In H. Mouritzen & A. Wivel (Eds.), The geopolitics of Euro-Atlantic integration, London: Routledge. 2005: 1–11.

(22) Դունամալյան Ն. Ա., Դավթյան Վ. Ս,, Թավադյան Ա. Ա., Տնտեսական զարգացումը որպես արտաքին քաղաքական ռիսկերի փոխհատուցման միջոց. Հայաստանի օրինակը։ Միջազգային վերլուծություն։ 2023;14(1):92-110. https://doi.org/10.46272/2587-8476-2023-14-1-92-110 (բեռնման օրը՝ 24.08.2024).

(23) «Այո Անկախությանը, Այո Ինքնիշխանությանը, Այո Հայաստանի»։ «Փաշինյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ»/ Արմենպրես (21.09.2021), https://armenpress.am/rus/news/1093038/; «Էդուարդ Աղաջանյան. Հայաստանն այլևս հնարավորություններ, ռեսուրսներ չունի Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների ապահովման համար»/ Panorama.am. (08.10.2022), https://www.panorama.am/ru/news/2022/10/08/Эдуард-Агаджанян/2740744/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

(24) Թաթիկյան Ս., Դասեր Ֆինլանդիայի արտաքին և անվտանգային քաղաքականությունից /EVNreport (14.03.2024), (https://evnreport.com/arm/politics-arm/lessons-from-finland/) (բեռնման օրը՝ 24.08.2024).