2024 թ. ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանդիպումը Բրյուսելում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղերձի համաձայն՝ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանի զարգացմանն առնչվող հարցերին։ «Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը։ Միջոցառումն ուղղված է նաև Հայաստանի զարգացմանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Գրիգորյանը՝ չհստակեցնելով սպասվող բանակցությունների կոնկրետ մանրամասները: ԱԽ քարտուղարի ասածին որևէ լրացում չի արել ՀՀ ԱԳՆ-ն, որի մամուլի խոսնակ Անի Բադալյանը նույն լրատվականին տված հարցազրույցում հայտնել է, որ հանդիպումը նվիրված է լինելու ՀՀ–ԱՄՆ–ԵՄ եռակողմ ձևաչափով համագործակցության հարցերին։ Ըստ խոսնակի՝ քննարկման օրակարգում ներառվելու են քաղաքական փոխգործակցության, Հայաստանի էներգետիկական ոլորտի զարգացման, մարդասիրական ոլորտի հիմնախնդիրներ։
Հարցազրույցի ընթացքում Բադալյանը բազմիցս շեշտել է, որ նախատեսված հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նկատի է ունեցել Ադրբեջանը, քանի որ հենց ինքը հպանցիկորեն նշել էր, որ ադրբեջանական կողմն արդեն մտահոգություն է հայտնել, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը «կարող է դրդել ՀՀ–ին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»: Սակայն ավելի իրատեսական է թվում, որ Բադալյանը նկատի է ունեցել ՌԴ-ն, ուստի ջանասիրաբար փորձում էր վերոնշյալ ուղերձը հասցնել Մոսկվային։ Մեր կարծիքով, հենց այս հանգամանքը պետք է դառնա բրյուսելյան նախատեսվող հանդիպման օրակարգի վերծանման բանալին։
Նախ, պետք է նշել, որ հայտարարված հանդիպման ձևաչափը վկայում է հավաքական Արևմուտքի կողմից Հայաստանի հետ «երկխոսության հարթակները» միավորելու մեկ միասնական «հովանոցային» հարթակի մեջ՝ Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացը միացյալ «միջնորդական սեղանի» (Վաշինգտոն-Բրյուսել), շուրջ տեղափոխելու հեռանկարով, բնականաբար՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Սա կարող է վկայել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից միասնական դիրքորոշման մանրամասն մշակման մասին թե՛ Հայաստանի տեսանելի ապագայի, թե՛ ամբողջ Հարավային Կովկասի ենթատարածաշրջանի վերաբերյալ։ Եվ, այնուամենայնիվ, ՀՀ–ԱդրՀ խաղաղ բանակցությունների նման ձևաչափը դեռ համեմատաբար հեռու է, հաշվի առնելով Ալիևի՝ «խաղաղության» գործընթացը ձգձգելու և Արևմուտքի ու Մոսկվայի միջև մանևրելու ռազմավարությունը։ Թվում է, թե հենց Բաքվի խուսանավումների տարածությունը «կրճատելու» համար էր, որ Փաշինյանը հրավիրվեց Բրյուսել՝ միասնական արևմտյան «կոլեգիայի» հետ զրույցի։ Նպատակը ՀՀ վարչապետին համոզելն է, ավելի ճիշտ՝ Ալիևին խոստացված և չխոստացված զիջումներն արագացնելը, որոնք ստանալով՝ Ադրբեջանի ղեկավարն այլևս չի կարողանա հետաձգել Երևանի հետ խաղաղության կնքումը, ինչն այնքան անհրաժեշտ է հավաքական Արևմուտքի բազմաքայլ կոմբինացիայի հաջորդ քայլի՝ Մոսկվային Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այդ իսկ պատճառով, հազիվ թե հարկ լինի
Ն. Փաշինյանի այցը Բրյուսել դիտարկել բացառապես ՀՀ–Արևմուտք հարաբերությունների և դրանց հետ կապված մասնավոր հարցերի համատեքստում։ Սպասվող հանդիպումը և պլանավորված պայմանավորվածությունները հավաքական Արևմուտքի համար ունեն աշխարհառազմավարական նշանակություն՝ նպատակ ունենալով զրկել Մոսկվային Հարավային Կովկասում իր ռազմաքաղաքական ներկայության «լեգիտիմության» այնպիսի մնացուկներից, ինչպիսին է տարածաշրջանն ապակայունացնող հայ-ադրբեջանական հակամարտությունը դադարեցնելու և թուրքական վտանգը զսպելու անհրաժեշտությունը։ Այսօր, ուկրաինական ճակատի կանխատեսվող փլուզման ֆոնին, Արևմուտքին շտապ անհրաժեշտ է «խաղաղություն» Հարավային Կովկասում, որը պետք է ապահովի կամ ՌԴ «կամավոր» հեռացումն իր ռազմավարական շահերի գոտուց, կամ դավագրգռի Մոսկվային ուժով դիմադրելու այդ պլաններին։ Ռուսաստանի համար Արևմուտքի պատկերացրած ցանկացած տարբերակ ոչ միայն կփոխհատուցի Ուկրաինայում կոալիցիոն ուժերի ձախողումը, այլև կնպաստի ՌԴ հետագա թուլացմանը։ Արևմուտքի ընկալմամբ Հարավկովկասյան «խաղաղությանը» հասնելու բանալին անփոփոխ է մնացել 2022 թ. հոկտեմբերից, այսպես կոչված՝ «Պրահայի համաձայնագրերի» ընդունումից հետո և ենթադրում է հետևյալ բանաձևը.
«Երևանը պետք է բավարարի Բաքվի և Անկարայի բոլոր պահանջները՝ որոշակի չեզոքության հասնելու համար այն բանի նկատմամբ, ինչը կմնա հայկական պետականությունից՝ արևմտյան երաշխիքների ներքո»:
Նկատի ունենալով Հայաստանում Ն. Փաշինյանի երերուն դիրքը, նրա կերպարանքի տոքսիկությունը երկրի ներքաղաքական դաշտում և ՌԴ հովանավորյալ միջազգային կառույցներում, նրա վարչապետության մի շարք ձախողումները, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտում, կանխատեսելի է, որ ՀՀ ղեկավարը վաղուց դարձել է Արևմուտքից կախման մեջ գտնվող ֆիգուր։ Գաղտնիք չէ, որ հենց հավաքական Արևմուտքն է (և միայն նա) աջակցում Փաշինյանին և դրսից սնուցում նրա՝ պետության և հասարակության մեջ վաղուց սպառված օրինականության ռեսուրսը, աչք փակում նրա կառավարման ոչ միշտ «դեմոկրատական» գործելաոճի վրա: Չնայած «Պլան Բ» խմբի մի շարք արևմտամետ հայկական ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանի «կրեմլասիրության» մասին խոսույթներին, դրանք դժվար է կապել նրա գլխավորած կառավարության և քաղաքական կուսակցության կոշտ հակառուսական կեցվածքի հետ։ Ընդսմին Ն. Փաշինյան–Արևմուտք փոխգործակցությունը երկուստեք չափազանց շահավետ է, քանի որ մի դեպքում խոսքը աշխարհաքաղաքական կենսական կարևորության պլանների իրականացման մասին է, իսկ մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու և անձնական անվտանգության երաշխիքները երկարաձգելու հնարավորության մասին։ Ամեն դեպքում, արևմտյան կենտրոնների՝ Փաշինյանի հետ աշխատելու փորձը վկայում է վերջինիս «ավելորդ կառուցողականության» և չարդարացված փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը չի կարելի ասել Ալիևի մասին։ Եվ, հետևաբար, ՀՀ ղեկավարի հենց «բանակցային թուլության» աստիճանն է, որ կբացահայտի Արևմուտքի կողմից ակնկալվող զիջումների առավելագույն սահմանը, որին հասնելով Ադրբեջանի ղեկավարը պատրաստ կլինի կնքել «խաղաղության պայմանագիր» և, հետևաբար, բացահայտորեն մասնակցել ՌԴ-ին տարածաշրջանից վերջնականապես վտարելու աշխարհաքաղաքական կոմբինացիային։
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատճառ չունեն չհավատալու Փաշինյանի հետ ակնկալվող պայմանավորվածությունների հաջողությանը, քանի որ նա ի զորու չէ կանգ առնել ճանապարհի կեսից, ինչը նշանակում է, որ մինչև վերջ կատարելու է իրեն առաջարկված դերն ամբողջությամբ։ Խնդիրը միայն ժամանակն է, ինչն արագացնելու համար վաշինգտոն–բրյուսելյան բանակցողներն ակնհայտորեն պատրաստ են, իրենց հերթին, խոստումներով պարգևատրելու նրան, որպեսզի Երևւան վերադառնալու, քաղաքական վերնախավին ու հասարակությանը զիջումները՝ որպես համարժեք (եթե նույնիսկ դրանց չգերազանցող) ձեռքբերումներ ներկայացնելու բան ունենա։
Վերոնշյալի համատեքստում բրյուսելյան ծրագրվող հանդիպումը պետք է դիտարկել սկզբունքորեն կարևոր երկու տեսանկյունից. Նախ՝ ինչո՞վ է Փաշինյանը գնում Բլինկենի և ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը։ Եվ, երկրորդ, ինչո՞վ է նա վերադառնալու։
Առաջին հարցին դեռ հնարավոր չէ սպառիչ պատասխան տալ, քանի որ միայն տեսականորեն կարելի է ենթադրել Վաշինգտոնի, Բրյուսելի և Բաքվի առավելագույն պահանջների բնույթի մասին, որոնք պարտադիր կորպով իրականացվելու են Փաշինյանի կողմից։ Այս մասին կան ենթադրություններ, որոնք կքննարկվեն ստորև։ Մյուս կողմից, վարչապետը Բրյուսել կատարած այցի ընթացքում նաև զեկուցելու բաներ ունի. օրինակ, սահմանագծման և սահմանազատման «գործընթացից անդին» Տավուշի հայկական չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու թեման հանրային խոսույթ մտցնելը։ Նաև ս. թ. մարտի 28-ին ՀՀ կառավարության նիստում գործնականում ուղիղ հրահանգը հատուկ ծառայություններին՝ Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանական կառույցների անդամների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։ Ինչպես նաև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ռուսական սահմանային անցակետի վերաբերյալ պայմանավորվածությունները չեղարկելու որոշումը։ Ապա նաև՝ Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտոնական ճանաչումը վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը։ Եվ վերջապես, ՀՀ-ում ռուսական «Միր» բանկային համակարգի գործունեության դադարեցումը։
Ինչպես երևում է վերը թվարկվածից (ցանկը կարելի է շարունակել), «Փաշինյանի ցուցակը» շատ ընդարձակ է և նախատեսված է ինչպես բրյուսելյան բանակցողների, այնպես էլ՝ նրանց թիկունքում երևացող շահառու Ալիևի խնդրանքները բավարարելու համար։ Այնուամենայնիվ, կրկնենք, որ վերը թվարկվածը միայն մակերեսային՝ տեսանելի մասն է, մինչդեռ ավելի հիմնարար քայլերի մասին կարելի է միայն կռահել:
Ինչ վերաբերում է Փաշինյանին «վարձատրությանը», ավելի ճիշտ՝ խոստումներին, որ նա պետք է ներկայացնի հայ հասարակությանը՝ որպես զիջումների փոխհատուցում, ապա իրավիճակն այստեղ պակաս ինտրիգային չէ։ Ելնելով պաշտոնական հայտարարություններից, ինչպես նաև համեմատելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ու հասարակական-քաղաքական դաշտ նետված խոսույթները՝ կարելի է որոշ ենթադրություններ անել։ Ինչպես արդեն նշվել է ՀՀ ԱԳՆ պարզաբանման մեջ, ապրիլի 5-ին բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվելու են մի կողմից՝ ԱՄՆ-ի և Եվրամիության և, մյուս կողմից՝ Հայաստանի միջև քաղաքական փոխգործության խորացմանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկական ոլորտի զարգացմանը և մարդասիրական օրակարգին վերաբերող հարցեր։ Էներգետիկայի շուրջ խոսակցությունները, ամենայն հավանականությամբ, Բլինկենի և ֆոն դեր Լեյենի որոշ առաջարկների մասին է՝ ՀՀ-ի համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների և հաղորդակցությունների ապահովումն է, որոնք կարող են բավարարել հանրապետության կարիքները Ռուսաստանի՝ «գազային շանտաժի» դիմելու, ինչպես նաև Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման հարցում Մոսկվա–Երևան համագործակցության սահմանափակման դեպքում։ Պատահական չէր, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Բադալյանն իր հարցազրույցում կրկին հիշեցրեց Բաքվի հետ համաձայնությունների շրջանակում էներգետիկական երթուղիների ապաշրջափակման և Երևանի, այսպես կոչված, «Տրանսկասպյան–սևծովյան կանաչ մալուխ»-ին միանալու հեռանկարների մասին: Պատահական չէ նաև, որ Փաշինյանի այցի նախօրեին «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում կայացած «Ատոմէքսպո–2024» միջազգային համաժողովի արդյունքներից ելնելով ասաց, որ Երևանը դեռ ուսումնասիրում է Մեծամորի ԱԷԿ-ը վերազինելու «Ռոսատոմի» առաջարկած ծրագիրը, ինչպես նաև՝ սպասում է առաջարկների Չինաստանից, Կորեայից և Ֆրանսիայից։ Սա, ըստ էության, վկայությունն է այն բանի, որ Երևանը ձգձգում է ատոմակայանի վերազինման գործընթացը՝ սպասելով Արևմուտքի համագործակցության առաջարկներին։ Հենց Բլինկենը և էներգետիկ հարցերով եվրոպական հայտնի «փորձագետ» Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ըստ ամենայնի, պետք է կոնկրետ առաջարկներով վերջ դնեն ձգձգվող «երևանյան միջուկային փոխատեղմանը»՝ տրամադրելով նրան վառելիքի մատակարարման, շահագործման և տեխնոլոգիական վերազինման՝ ռուսական համակարգից խաղաղ ատոմային էներգիայի այլ գործընկերների հետ այլընտրանքային փոխգործակցության անցնելու երաշխիքներ։ Ըստ էության, խոսքը այնքան էլ էներգետիկական ոլորտի մասին չէ, որքան Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ից վերակողմնորոշելու և անջատվելու երաշխավորված պայմաններ ստեղծելու, քանի որ հենց այդ ոլորտն է փոխգործակցության հիմնական հարթակը և տնտեսական ոլորտում Մոսկվայից Երևանի կախվածության ամենակարևոր գործոնը։ Հենց, ասենք, հայկական միջուկային ծրագրին ֆրանսիական պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունը միացնելու հավաստիացումները և ադրբեջանական գազի մատակարարումների խոստումը կարող են «քարտ բլանշ» տալ Փաշինյանին՝ համաձայնելով թեքել Հայաստանի տնտեսության վեկտորը՝ դրանով իսկ հարված հասցնելով Հայաստանի վրա ռուսական ազդեցության կարևորագույն ոլորտին:
Ինչ վերաբերում է Անի Բադալյանի «մարդասիրական հիմնախնդիրներին», ապա պետք է ենթադրել, որ խոսքը կարող է լինել արցախցիներին կամ նրանց մի մասին որպես «Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ» Ալիևի մանդատի ներքո հայրենիք վերադարձնելու դիտարկման մասին, ասենք, ԱՄՆ-ի և ԵՄ-ի երաշխավորությամբ։ Ադրբեջանում արցախցիների անվտանգության և քաղաքացիական իրավունքների պահպանման խոստումներով նման գործընթաց սկսելու մասին հայտարարելը, Բրյուսելից վերադառնալուն պես, տեսականորեն, կարող է նաև Փաշինյանի համար հաղթաթուղթ դառնալ։ Այս թեման լայնորեն կներդրվի նաև ՀՀ հասարակական և քաղաքական դիսկուրսում՝ լուծելով բարդ խնդիրներ, այդ թվում՝ 1. Ն. Փաշինյանի՝ որպես «Արցախի հայրենադարձության հայր» կերպարի ստեղծում, 2. Ալիևի ցեղասպան ու բռնակալ կերպարի վերակենդանացում ու արդարացում, 3. ռուսաստանյան քաղաքականության արժեզրկման խորացում, որն էլ դարձել է «Ղարաբաղի հայաթափման գլխավոր պատճառը»:
Եվ վերջապես, կարելի է նաև ենթադրել, որ բրյուսելյան բանակցություններում Փաշինյանի համար գլխավոր «շահումը» լինելու է ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու խոստումնալից հեռանկարների մասին ինչ-որ դեկլարատիվ ձևակերպման նախաձեռնումը: Գործընթաց, որն, իբր, սկսվում է Հայաստանի «ժողովրդավարական իշխանությունների»՝ տարածաշրջանում խաղաղության, բարիդրացիության հասնելու և Հարավային Կովկասում բոլոր անախորժությունների պատասխանատու հայտնի «կայսերապաշտական ուժի» բռնակալ կապանքներից ազատագրվելու ավելի համարձակ և կամային ջանքերին զուգահեռ:
Շատ հավաստի է թվում, որ հենց այսպիսի կետը դառնալու է բանակցությունների օրակարգի կենտրոնական քննարկման առարկան, և դրա շուրջ որոշ պայմանավորվածություններ կդառնան Փաշինյանի գլխավոր «ձեռքբերումը»: Այն կոչված է օգնելու նրան իրականացնելու ՀՀ-ն ռուսաստանյան վեկտորից «պոկելու» իր սկսած արմատական քայլերը և, անկասկած, կատարելու Ադրբեջանի առավելապաշտական պահանջները։ Անի Բադալյանի և Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ՀՀ-ի և Եվրոպայի միջև որակապես նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունը ապրիլի 5-ի հանդիպմանը քննարկելու մասին տարընթերցման տեղ չեն թողնում` հաշվի առնելով իշխանամետ ԶԼՄ-ների կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցության խոստումնալից հեռանկարների մասին հայկական տեղեկատվական տիրույթ արդեն իսկ նետված դիսկուրսը։ Կարելի է նաև ենթադրել, որ կոնկրետ այս խոսույթը Փաշինյանին անհրաժեշտ աջակցություն է՝ իրականացնելու Արևմուտքի կողմից իր առջև դրված հիմնական խնդիրը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Վերևում խոսքը հենց այս առավելապաշտական պահանջի մասին էր։ Եվ դա, մեր ենթադրություններով, կարող է լինել ԱՄՆ-ի և Եվրամիության կենտրոնական նպատակը հայկական ուղու վրա, որի ձեռքբերումը կնպաստի Հայաստանում հակառուսական օրակարգի խնդիրների համապարփակ լուծմանը։
Սահմանադրության փոփոխությունն, ըստ էության, դրանում զետեղված ազգային ծրագրի վերաձևակերպումն է նոր աշխարհակարգի գծագրված փոխդասավորության մեջ՝ որպես հավելում, ամորֆ տարածք, Հայաստանի տեխնիկական կենսագործունեության գաղափարապես անիմաստ կանոնակարգի կամ կանոնադրության։ Ակնհայտ է, որ Փաշինյանը հենց դա նկատի ուներ, երբ ասում էր, որ Հայաստանը պետք է իբր վերածնվի՝ որպես «Չորրորդ Հանրապետություն», և դրա համար գոյութենապես կարիք ունի Մայր օրենքի փոփոխության։ Դրա փոխարինման կամ վերաշարադրման հիմնական նպատակներն, անշուշտ, Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ հիմնարար թեզերի ձերբազատումն է։
Եվ եթե նորերս ՀՀ-ում հասարակական և ընդդիմադիր քաղաքական շրջանները խստորեն քննադատում էին սահմանադրական հանրաքվեի գաղափարը, և իշխանությունն արդարացիորեն վախենում էր ձայներ կորցնելուց, ապա ԵՄ անդամակցության մասին խոսույթն ակնհայտորեն նպատակ ունի համահարթեցնելու ՀՀ քաղաքացիների կողմից Ն. Փաշինյանի սահմանադրական նախաձեռնության բացասական ընկալումը; Կարելի է ենթադրել, որ որպես «ծրագրի մեխ» հենց «Եվրամիության հետ հավասարվելու» գաղափարն է առաջ քաշվելու վարչապետի կողմից՝ Արևմուտքի օրհնությամբ և թույլտվությամբ իր տեղն զբաղեցնելով նոր հրատարակության մեջ՝ որպես հիմնարար դոկտրին, իսկ հիշյալ «Արցախն» ու «Ցեղասպանությունը» ապահով կերպով կհեռացվեն Մայր օրենքից և կմոռացվեն՝ որպես գաղափարական և պատմական անախրոնիզմի դրսևորումներ՝ կապված «Չորրորդ հանրապետության»՝ դեպի պայծառ ապագա ուղու հետ։
Այդպիսով, Փաշինյանը և նրա արևմտյան գործընկերները Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին փորձում են հայ հասարակությանը հրապուրել բազմիցս փորձված գործարքով՝ օգտագործելով «խաղաղություն և բարգավաճում ազգային շահերի դիմաց» բանաձևը։ Սակայն, այս անգամ, եթե մեր ենթադրությունները ճիշտ են, խոսքը չափազանց բարձր խաղադրույքների մասին է, որոնց խաղարկումը կանխորոշելու է հենց ՀՀ-ի ֆիզիկական գոյության հեռանկարը։
Եթե անգամ վերանանք Փաշինյանի՝ երկրի համար չափազանց վտանգավոր կոմբինացիաներ իրականացնելու դրդող անձնական շարժառիթներից ու կախվածություններից և ենթադրենք, որ նա առաջնորդվում է բացառապես ցավոտ զիջումների գնով Հայաստանի ապագան փրկելու ցանկությամբ, ապա, նույնիսկ այս դեպքում, բաց է մնում նման ծրագրերի արդյունավետության հարցը։ Փորձը վաղուց հուշում է, որ շոշափելի հարթությունում արևմտյան գործընկերներին և Ադրբեջանին համակարգված զիջումները արդեն իսկ ստեղծել են բազմաթիվ խնդիրներ ՀՀ անվտանգության համար, մինչդեռ դրա դիմաց ստացված խոստումներն ավելի շատ նման են չմարված քաղաքական մուրհակների։ Դրա մասին է վկայում Արցախի անկախության հարցում «ակնկալիքների նշաձողը» մինչև «Ղարաբաղի բնակչության անվտանգության և քաղաքացիական իրավունքներ» իջեցնելու պահանջները։ Նույն շարքից են նաև Արցախի հետագա ճանաչումը՝ որպես Ադրբեջանի մաս և համաձայնությունը բոլոր ռազմագերիների անվերապահ հանձնմանը Բաքվին։ Նույն տիրույթից են նաև միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը հետ կանչելու պատրաստակամության հայտարարությունները… Ցուցակը շարունակելի է: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են արդյունքները: Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ Բրյուսելում սպասվող հաջորդ բանակցությունների արդյունքը չի լինի Հայաստանի ազգային շահերի համար նախատեսված «չմարված մուրհակների» նույն տրցակը: Օրինակ՝ հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի և նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, որոնցով հնարավոր է փոխվի քաղաքական լանդշաֆտը, և Փաշինյանի հիմնական «զրուցակիցներն» ուղարկվեն թոշակի, իսկ նրանց կուլուարային հիմնական ուղերձները, հավաստիացումներն ու խոստումներն՝ աղբարկղ:
Կարելի է պատկերացնել, որ «Զվարթնոցում» վայրէջք կատարելուց հետո Փաշինյանը, Չեմբեռլենի նման, հենց այս «մուրհակների տրցակը» հպարտորեն կթափի նրանց գլխավերևում, ովքեր չեն հավատում խոստացված «հարատև խաղաղությանն ու բարգավաճմանը»։ Սակայն ինտրիգն այն է, որ բրիտանացի վարչապետին միայն մեկ անգամ է հաջողվել սխալվել, ինչի համար վճարել է անհապաղ հրաժարականով, սակայն Փաշինյանի հռչակած «խաղաղությամբ» ստիպված ենք լինում շարունակ դեժավյուի զգացում ունենալ։
(1) Մշակութաբան, սոցիոլոգ։
(2) Պատմաբան, միջազգային հարաբերությունների մագիստրոս։
(3) Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերեն բնագիրը խմբագրություն է ներկայացվել 30.03.2024 թ.: