Հրապարակում
«Տրիումֆ»-ը թուրք-ռուսական հարաբերություններում
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.02.2026 թ.[1]
-
Թուրքիայի ՀՕՊ համակարգերի ճգնաժամը և այլընտրանքի որոնումը ՆԱՏՕ-ի շրջանակներում
17.12.2025 թ. հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին վերադարձնել 10 տարի առաջ նրանից ձեռք բերված C-400 հակաօդային պաշտպանության «Տրիումֆ» համակարգերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ այս թեման շոշափվել է 12.12.2025 թ. Աշխաբադում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ժամանակ [1]։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը, ինչպես նաև Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկությունը, մինչդեռ Կրեմլն ընդհանրապես հերքել է այդ թեմայով նախագահների բանակցությունների մասին տեղեկությունները: Ընդ որում՝ արևմտյան աղբյուրների տվյալներով, Անկարան C-400-ի գործարքը խզելու նախաձեռնությամբ Մոսկվային դիմել է Թուրքմենստանում նախագահների հանդիպումից շատ առաջ:
Թուրքիայի կողմից ռուսական արտադրության ՀՕՊ մարտկոցների հարկադիր ձեռքբերման պատմությունը սկիզբ է առնում 2007 թվականից, երբ Անկարան, ցանկանալով արդիականացնել և խտացնել իր ամբողջ հակաօդային պաշտպանության համակարգը, դիմել էր ԱՄՆ-ին՝ շահավետ գներով Patriot նոր համակարգեր մատակարարելու խնդրանքով։ Թուրքիայում կարծում էին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցը չի մերժի նման ծառայությունը, հատկապես Մյունխենում Վ. Պուտինի հնչեղ հայտարարությունների համապատկերում, որոնցում նա փաստորեն հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ հրապարակավ մարտահրավեր է նետել աշխարհում գործող անվտանգության միաբևեռ համակարգին [2]։ Անկարան համոզված էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունները լավ հնարավորություն են ՆԱՏՕ-ում իր երբեմնի դիրքերը վերականգնելու համար։ Հաշվի առնելով ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի փորձը՝ Թուրքիան վստահ էր, որ դաշինքի համար իր ռազմաքաղաքական նշանակությունը կրկին կդառնա առաջնային, և հարցը դրական լուծում կստանա։
-
C-400-ի գործարքի քաղաքական համապատկերը
Ամերիկացիները, սակայն, Թուրքիային ընդառաջ չգնացին ՀՕՊ համակարգի արդիականացման հարցում, ինչի հետևանքով Անկարան ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար աննախադեպ քայլ ցուցաբերեց՝ դիմելով Պեկինի օգնությանը և նրա հետ 2013թ. պայմանագիր կնքեց չինական HQ-9 համալիրների ձեռքբերման մասին, որոնք, ըստ էության, ռուսական C-300-ի պատճենն են [3]։ 2014-ին Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ճնշման ներքո չեղարկեց այդ գործարքը և ստիպված եղավ ընդունել եվրոպական SAMP/T համակարգերի ձեռքբերման փոխզիջումային առաջարկը։ Սակայն 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը, որի կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրել էր ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, տապալեց նաև այդ գործարքը: ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ Անկարայի հարաբերությունները կտրուկ սառեցին և մի շարք դիրքորոշումներով նույնիսկ բացահայտ քաղաքական առճակատման ձև ստացան։
Ուստի Թուրքիան ցուցադրաբար ՌԴ-ի հետ մերձեցման գնաց, որի արդյունքներից մեկը ռուսական С-400 «Տրիումֆ» համակարգերի ձեռքբերման 2017 թ. կնքված պայմանագիրն էր։ Չորս դիվիզիոնների մատակարարումներն իրականացվեցին ռեկորդային կարճ ժամանակահատվածում, և արդեն 2019 թ. C-400-ները մարտական հերթապահության էին կանգնել ՆԱՏՕ-ի այդ երկրում [4]։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այդ աննախադեպ պահվածքը առիթ դարձավ, որպեսզի ԱՄՆ ռազմաքաղաքական վերնախավն Անկարային դեմարշ հայտարարի պաշտպանական համագործակցության ոլորտում։ 2020 թ. դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) նկատմամբ՝ համաձայն Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի (CAATSA) 231-րդ բաժնի «զենիթահրթիռային համալիր գնելու միջոցով «Ռոսօբորոնէքսպորտի» (ՌՕԷ) հետ խոշոր գործարքին գիտակցաբար մասնակցելու համար» [5]։
-
Ամերիկյան ճնշման գործիքակազմը
Այդ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց Թուրքիայի գլխավոր կորուստը նրա վերջնական բացառումն էր դեռևս 2002 թ. մեկնարկած ԱՄՆ դաշնակիցներին նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագրից։ Որպես նման որոշման պատճառ նշվել է անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի կործանիչի և ռուսական ՀՕՊ համակարգի միասնական պաշտպանական հարթակում, ինչպես նաև ամերիկյան տեխնոլոգիաներին ՌԴ-ի տեխնիկական հասանելիության ռիսկերը: Թուրքիայի մասնակցությունն այդ ծրագրին սառեցվել էր դեռևս 2019 թվականին, սակայն CAATSA-ի պատժամիջոցներն իրավական հիմնավորումներով Թուրքիային դուրս բերեցին F-35-ի մշակման միջազգային հարթակի շահառուների ցանկից: Վաշինգտոնը նույնիսկ հրաժարվեց Անկարային վերադարձնել այն մի քանի F-35 մեքենաների կանխավճարը, որոնք պետք է հոսքագծից անմիջապես մարտական հերթապահության անցնեին Թուրքիայի ՌՕՈւ-ում [6]։ Միևնույն ժամանակ, Անկարան նաև բախվեց ամերիկյան ռազմաքաղաքական վերնախավի կողմից շտկված խոչընդոտների՝ ուղղված արդիականացված 40 F-16 Block 70 կործանիչների մատակարարման համար [7, 8] Lockheed Martin-ի հետ արդեն ստորագրված պայմանագրի իրականացմանը։
-
Բազմավեկտորության ճգնաժամ
Մինչ 2022 թ. Ուկրաինայում ռուսական Հատուկ ռազմական գործողության մեկնարկը Թուրքիայի իշխանությունները հաջողությամբ խուսավարում էին հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի շահերի միջև՝ մի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ցույց տալով սեփական պաշտպանական կարիքներն ապահովելու ունակությունը՝ առանց Հյուսիսատլանտյան դաշինքից կրիտիկական կախվածության, իսկ մյուս կողմից՝ Մոսկվային ներգրավելով էներգետիկայի («Ակքույու» ԱԷԿ, «Թուրքական հոսք»), ռազմաքաղաքական փոխգործակցության (Սիրիա, Լեռնային Ղարաբաղ) և առևտրատնտեսական կապերի ոլորտներում լայն համագործակցության դաշտում։ Նման խուսավարումը հիմնականում պայմանավորված էր հենց C-400-ի գործարքով, որն Արևմուտքի աչքում մատնանշեց տարածաշրջանում ավելի ինքնուրույն պաշտպանական քաղաքականություն վարելու Անկարայի կարողությունը, իսկ ռուսական վերնախավերում հույս ներշնչեց, որ իրատեսական են Թուրքիայի՝ իր վրա «ծանրացած» ՆԱՏՕ-ի խնամակալության տակից դուրս գալու վերաբերյալ եվրասիականության գաղափարախոսների կանխատեսումները։ Այս տեսանկյունից C-400 համալիրների ձեռքբերումը ոչ այնքան ռազմապաշտպանական նշանակության միջոցառում էր, որքան քաղաքական ձեռնարկ, որը Ռ. Թ. Էրդողանին անհրաժեշտ էր գլոբալ կարգի նոր վերակազմավորման միտումների տրամաբանությամբ իր երկիրը աշխարհաքաղաքական գործընթացների լիարժեք սուբյեկտ դարձնելու համար։
Սակայն ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նեղացրին աշխարհաքաղաքական խոշոր բեկվածքի գծում հայտնված Թուրքիայի խուսավարման դաշտը։ Ուկրաինայի օրակարգով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գաղափարի շուրջ արևմտյան երկրների համախմբումն Անկարային ստիպեց զգալիորեն կրճատել գործընկերությունը Մոսկվայի հետ, որը ռիսկային գոտի էր ներքաշել Թուրքիային։ Բացի այդ, Անկարան բարձր տեխնոլոգիական սպառազինությունների ոլորտում սեփական հետամնացությանը բախվեց մի այնպիսի պայմաններում, երբ Ուկրաինայում պատերազմը խթանել էր ՆԱՏՕ-ի ռազմարդյունաբերական համալիրի գործունեության դինամիկան և դաշինքի երկրների վերազինումը: Եթե թուրքական ռազմարդյունաբերական համալիրը վերջին տարիներին զգալի հաջողությունների և հիմնական ինքնաբավության չափանիշների է հասել անօդաչու օդուժի, նավաշինության և հրթիռային սպառազինության ոլորտում, ապա երկիրը որոշակի դժվարությունների է բախվել օդաչուավոր օդուժի ժամանակակից նմուշների մշակման կամ ձեռքբերման ոլորտում։ Չինական 5-րդ սերնդի J-31 կործանիչների կամ ռուսական Су-57 կործանիչների խմբաքանակի գնմամբ [9] F-35 ծրագրից բացառումը փոխհատուցելու փորձերի մասին Անկարայի հայտարարություններն ավելի շատ ԱՄՆ-ի հանդեպ դժգոհության ցուցադրանքի էին նման, քան իրական գործնական մտադրությունների, առավել ևս հաշվի առնելով, որ այդ մոդելները դեռ մշակման փուլում էին, ինչպես նաև ակնհայտորեն բազային անհամատեղելիություն ունեին Թուրքիայի պաշտպանական համակարգի հետ, որը կառուցված էր ՆԱՏՕ-ի չափանիշներով։
Ոչ այնքան համոզիչ էին թվում նաև իր հնացած F-16 ինքնաթիռները նմանատիպ մարտական բնութագրերով և գործառնությամբ չին-պակիստանյան 4-րդ սերնդի JF-17 Thunder կործանիչներով [10] համալրելու կամ փոխարինելու Անկարայի հայտարարած ծրագրերը։ Այդ մոդելների ուսումնասիրման գործընթացը և դրանց գնման շուրջ բանակցությունները առկախված էին մնացել երկար ժամանակ, քանի որ Անկարան չէր կորցնում հույսը, որ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, կվերացնի քաղաքական և բյուրոկրատական խոչընդոտները և կարագացնի Թուրքիային նոր F-16 Block 70-ների մատակարարումը։
Եվ վերջապես, Թուրքիան ֆինանսական, տեխնոլոգիական և արտադրական բնույթի մեծ բարդություններ ապրեց՝ կապված 5-րդ սերնդի KAAN հայրենական կործանիչի մշակման նախագծի իրականացման հետ [11]։ Տվյալ ծրագրի հեռանկարների մասին Ռ. Էրդողանի բարձրագոչ հայտարարությունները, ծրագիր, որը պետք է Թուրքիային դուրս բերի օդաչուավոր օդուժի ժամանակակից նմուշների արտադրության գծով համաշխարհային առաջատարների շարք, չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի Գլխավոր շտաբում հասկանում էին, որ KAAN նախագիծը լավագույն դեպքում կարող է ամբողջական արտադրության ավարտի եզրագծին հասնել մինչև 2030-ականների կեսերը, մինչդեռ F-35-ը վաղուց գործող ծրագիր է, որի արտադրանքից օգտվում է ԱՄՆ դաշնակիցների զգալի մասը, այդ թվում՝ տարածաշրջանում Թուրքիայի հետ մրցակից Հունաստանն ու Իսրայելը։
Ենթադրվում է, որ հենց Թուրքիայի Գլխավոր շտաբը, ՊՆ-ն և ազգային անվտանգության խնդիրների վերլուծության ոլորտում աշխատող ինստիտուտներն են երկրի իշխանություններին դրդել դուրս գալու F-35-ի հետ կապված պատային իրավիճակից՝ կտրուկ հրաժարվելով C-400-ից։ Թուրք գեներալներն ու փորձագետները Ռ. Էրդողանին համոզել են, որ նման նախաձեռնության ռազմապաշտպանական նշանակությունը շատ ավելի ծանրակշիռ է, քան քաղաքական հավակնություններն ու առաջնահերթությունները, որոնց համաձայն Անկարան ժամանակին զոհաբերել է մասնակցությունը F-35 ծրագրին։ Առավել ևս, որ վերջին տարիներին թուրք մասնագետներին հաջողվել է մշակել և արտադրության մեջ դնել C-400 համակարգի բավականին արդյունավետ նմանակը՝ SIPER 2 հեռահար ՀՕՊ հայրենական զենիթահրթիռային համալիրը [12]։
-
Թուրքիայի վերազինման երկընտրանքը
Թուրքիան գտել է այդ դասի ռուսական, ամերիկյան կամ եվրոպական ՀՕՊ համակարգերի մատակարարումներից նախկին կախվածությունը փոխհատուցելու միջոցը, ինչը չի կարելի ասել կործանիչ օդուժի հետ կապված իրավիճակի մասին։ Պետք է դադարեցվեր հետագայում Թուրքիայի լուսանցքում հայտնվելու և ՆԱՏՕ-ի պաշտպանական-արդյունաբերական ծրագրերից դուրս մղվելու գործընթացը, և Ռ. Էրդողանը հարկ համարեց զոհաբերության գնալ՝ չեղարկելով Ռուսաստանի հետ C-400-ի գործարքը, այն սակավաթիվ գործոններից մեկը, որը պահպանում է Անկարայի գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ:
C-400-ի գործարքը հօգուտ Ֆ-35-ի ձեռքբերման չեղարկելու շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի գաղտնի բանակցություններն աշխուժացան Դ. Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո: Ռ. Էրդողանը Թուրքիայի համար անհրաժեշտություն համարեց խուսափել Դ. Թրամփի օրոք Վաշինգտոնի հետ հակամարտելուց՝ ձգտելով չսրել թուրք-ամերիկյան առանց այդ էլ լարված հարաբերությունները։
Բացի բարձր տեխնոլոգիական զարգացման և թուրքական ռազմաօդային ուժերի կործանիչների պարկի համալրման առումով օգուտներից, C-400-ի գործարքի չեղարկումն Անկարային նաև կօգներ հարթել վերջին տարիներին բարդացած թուրք-ամերիկյան հարաբերությունների ողջ տարրապատկերում առկա սուր անկյունները: Այս առումով տվյալ նախաձեռնության քաղաքական արժեքը Թուրքիայի համար դույզն իսկ պակաս չէ նրա ռազմական նշանակությունից։ Դիտարկելով Դ. Թրամփի կողմից միջազգային հարաբերությունների ավանդական կանոնների անտեսումը և արտաքին քաղաքական կտրուկ գործելաոճը՝ թուրքական կողմը հանգեց այն եզրակացության, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև աշխարհաքաղաքական մանևրների ժամանակաշրջանն ավարտվում է: Թուրքիան ստիպված էր վերջնականապես կատարել իր ընտրությունը՝ զոհաբերելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։
-
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերանայումը
Դեռևս 2025 թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգից՝ հօգուտ CAATSA օրենքի համաձայն F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության սահմանափակումների վերացման [13]։ Թուրքական իշխանությունները հրապարակավ չեն մեկնաբանել այդ հայտարարությունը, սակայն արդեն մեկ շաբաթ անց նախագահ Էրդողանը Պուտինի հետ առանձնազրույցում հնչեցրել է Անկարայի կայացրած վերջնական որոշումը:
Հարկ է ենթադրել, որ թուրքական նախաձեռնությունը չափազանց լուրջ հարված էր Մոսկվայի միջազգային հեղինակության ու ինքնասիրությանը, չնայած որոշ ռուս պաշտոնյաների հայտարարություններին, թե C-400 համալիրներից Թուրքիայի հրաժարումը, իբր, որևէ կերպ չի անդրադառնա Մոսկվայի և Անկարայի հետագա հարաբերությունների վրա [14]։ Էլ ավելի կասկածելի են որոշ ռուս ռազմական մեկնաբանների գնահատականները, որոնք կարծում էին, թե C-400-ի վերադարձը նույնիսկ ձեռնտու է Մոսկվային, քանի որ այդ 4 մարտկոցները կարող են շտապ մարտական հերթապահության դրվել Ռուսաստանի արևմուտքում՝ Ուկրաինայի հրթիռահրետանային հարվածների դեմ երկրի էշելոնացված պաշտպանությունն ուժեղացնելու համար։
ՀՕՊ մարտկոցների վերադարձը ՌԴ-ի համար հղի է բացասական հետևանքներով՝ քաղաքական, ռազմական և տնտեսական տեսանկյունից։ Այն վերջնականապես կարձանագրի Թուրքիային ԱՄՆ ազդեցության ուղեծրից դուրս բերելու ռուսական ռազմավարության պարտությունը, նախադրյալներ կստեղծի ՆԱՏՕ-ի հարավային թևի ամրապնդման համար և, վերջապես, կվնասի սպառազինությունների համաշխարհային շուկայում Ռուսաստանի հեղինակությանը։ Ռուսական ՀՕՊ համակարգերը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի բարձր եկամտաբերությամբ սակավաթիվ հոդվածներից են, և թուրքական նախաձեռնությունը կարող է անդրադառնալ արդեն իրականացվող պայմանագրերի ճակատագրի, ինչպես նաև երրորդ երկրներին ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ ընթացիկ բանակցությունների վրա։ Բացի այդ, հարկ է նշել, որ թուրքական կողմը պնդում է, որպեսզի ՌԴ-ն վերադարձնի դրանց համար վճարված գումարն ամբողջությամբ։ Խոսքը $2,5 մլրդ գումարի մասին է։ Bloomberg-ի տվյալներով՝ Անկարան Մոսկվային հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է այդ գումարը ստանալ ոչ թե դրամական փոխանցումներով, այլ այն հաշվանցել Ռուսաստանի կողմից մատակարարվող նավթի և գազի համար վճարման դիմաց: Այս պայմաններն աննախադեպ կոշտ բնույթ են կրում։ Դրանք ցույց են տալիս Անկարայի պատրաստակամությունը Մոսկվայի շահերը լիովին անտեսելու և երկկողմ վստահության ստեղծված մակարդակը քամահրելու հարցում։
-
Մոսկվայի հեղինակության ռիսկերը
Ավելին, կարելի է ենթադրել, որ Անկարան արևմտյան գործընկերների հետ համատեղ դիմում է բացահայտ շանտաժի տարրերի՝ նպատակ ունենալով գործարքը չեղարկել բացառապես սեփական պայմաններով։ Բանն այն է, որ Թուրքմենստանում Ռ. Էրդողանի և Վ. Պուտինի հիշյալ հանդիպումից մեկ օր առաջ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրի, հայտնել էին, որ ԵՄ-ը պատրաստ է գնել Թուրքիայի կողմից ձեռք բերված բոլոր S-400 «Տրիումֆ» համալիրները՝ դրանք հետագայում Ուկրաինային փոխանցելու համար [15]։ Այսպիսով, եթե հավատանք այդ տեղեկատվության հավաստիությանը, Արևմուտքում նախընտրել են օգնել Թուրքիային՝ չեղարկելու գործարքը, ընդ որում՝ առանց նրան ֆինանսական վնաս հասցնելու։ Հաշվարկը հիմնված է այն բանի վրա, որ C-400 համալիրները Կիևին հանձնելու մտադրությունների մասին լուրերը Ռուսաստանին ավելի զիջողական կդարձնեն ժամանակին ՀՕՊ համակարգերի դիմաց ստացած ամբողջ գումարը թուրքական կողմին վերադարձնելու հարցում։ Մյուս կողմից, նման լրատվական «արտանետումը» կարող է նպաստել ռուս-թուրքական հարաբերությունների հետագա վատթարացմանը՝ վերստին նրանց օրակարգ բերելով Մոսկվայի համար ցավոտ ուկրաինական գործոնը։
Մինչ այս պահը բաց աղբյուրներում տվյալներ չկան առ այն, թե ինչպես է Վ. Պուտինն արձագանքել Ռ. Էրդողանի առաջարկին և Կրեմլը ինչ միջոցներ է ձեռնարկել կամ պիտի ձեռնարկի թուրքական նախաձեռնության համատեքստում: C-400-ի հետ կապված պատմությունը դարձել է հնչեղ քաղաքական խնդիր և թուրք-ռուսական հարաբերություններում իրական կացության նշագիծ, կացություն, որով ռուս շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ տակավին մի քանի տարի առաջ խոստումնալից ապագա էին կանխատեսում:
-
Եզրակացություն
Ըստ էության, Ռուսաստանը հայտնվել է քաղաքական-դիվանագիտական երկընտրանքի վիճակում՝ ստիպված լինելով շանտաժի պատճառով կամ հետ կանչել իր զենիթահրթիռային համալիրները Թուրքիայից և վերադարձնել դրանց դիմաց ստացած գումարները և կամ իր համբավը փրկելու համար անորոշ ժամանակով հետ մղել թուրքական առաջարկի կատարումը՝ Անկարային որևէ զգալի զիջում անելով շահերի այլ ոլորտներում։ Եվ տակավին այնքան էլ պարզ չէ, թե, արդյոք, կարո՞ղ է նման մի զիջում համարվել Մոսկվայի որոշումը Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծում լրացուցիչ $9 մլրդ ներդրում կատարելու մասին, ինչի կապակցությամբ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են C-400 «Տրիումֆ»-ի գործարքը չեղարկելու մասին Վ. Պուտինին Ռ. Էրդողանի հայտնած որոշումից ուղիղ երկու շաբաթ անց [16]։
Հղումներ
[1] «Erdogan Asks Putin to Take Back Missiles to US Favor». Bloomberg, 17.12.2025, https://www.bloomberg.com/news/articles/2025-12-17/erdogan-asks-putin-to-take-back-missiles-in-bid-to-win-us-favor (дата обращения: 06.02.2026).
[2] «Выступление и дискуссия на Мюнхенской конференции по вопросам политики безопасности». Kremlin.ru, 10.02.2007, http://kremlin.ru/events/president/transcripts/24034 (дата обращения: 06.02.2026).
[3] А. Ермаков, «Турецкий пат». Kommersant, 07.10.2025, https://www.kommersant.ru/ doc/8098720 (дата обращения: 06.02.2026).
[4] «Эрдоган заявил, что покупка С-400 у РФ была вызвана отказом США продать ЗПК Patriot». Интерфакс, 30.09.2021, https://www.interfax.ru/world/794407 (дата обращения: 06.02.2026).
[5] «Раздел 231 CAATSA «Ввод санкций в отношении Управления оборонной промышленности Турции». U.S. Department of State, 14.12.2020, https://2017-2021-translations.state.gov/2020/12/14/раздел-231-caatsa-ввод-санкций-в-отношении-уп/ (дата обращения: 06.02.2026).
[6] «Консультации продолжаются»: США не желают возвращать Турции средства, потраченные на закупку F-35». Военное обозрение, 19.10.2019, https://topwar.ru/188223-konsultacii-prodolzhajutsja-ssha-ne-zhelajut-vozvraschat-turcii-sredstva-potrachennye-na-zakupku-f-35.html (дата обращения: 06.02.2026).
[7] «Bloomberg: Турция пытается договориться с США о продаже истребителей F-16». Overclockers.ru, 07.11.2025, https://overclockers.ru/blog/Nacvark/show/242706/Bloomberg-Turciya-pytaetsya-dogovorit-sya-s-SShA-o-prodazhe-istrebitelej-F-16 (дата обращения: 06.02.2026).
[8] «Поставка США новых F-16 Турции может затянуться на несколько лет, пишут СМИ». РИА Новости, 12.02.2024, https://ria.ru/20240212/f16-1926776245.html (дата обращения: 06.02.2026).
[9] «Турция рассматривает возможность покупки китайских истребителей J-31 вместо российских Су-57». Armiys.az, 11.16.2019, https://armiya.az/ru/news/147060 (дата обращения: 06.02.2026).
[10] «Пакистан и КНР способны дать крылья турецкой авиации». Независимая Газета, 14.12.2023, https://www.ng.ru/world/2023-12-14/1_8903_aviation.html (дата обращения: 06.02.2026).
[11] И. Стародубцев, «Турецкие оценки реалистичности массового производства истребителя KAAN». Институт Ближнего Востока, 10.03.2024, https://www.iimes.ru/?p=106754 (дата обращения: 06.02.2026).
[12] «Турция произвела первые стрельбы зенитной ракетой SIPER 2». Военное oбозрение, 26.08.2023, https://topwar.ru/224681-turcija-proizvela-pervye-strelby-zenitnoj-raketoj-siper-2.html (дата обращения: 06.02.2026).
[13] «Посол США рассказал о желании Турции отказаться от российских ПВО». Lenta.ru, 05.12.2025, https://lenta.ru/?error=sso_error&state=61b637a3-dbfb-4153-b252-cd15e34c10c9 (дата обращения: 07.02.2026).
[14] «В Кремле оценили последствия возможного возвращения Турцией С-400». РБК, 18.02.2025, https://www.rbc.ru/politics/18/12/2025/6943d8709a7947e82b5b101e (дата обращения: 07.02.2026).
[15] «ЕС хочет выкупить у Турции С-400 для передачи Киеву, сообщил источник». РИА Новости, 11.12.2025, https://ria.ru/20251211/s-400-2061265447.html (дата обращения: 07.02.2026).
[16] Е. Белкова. «В Турции заявили, что Россия выделила $9 млрд на строительство АЭС «Аккую». Forbes, 27.12.2025, https://www.forbes.ru/biznes/553029-v-turcii-zaavili-cto-rossia-vydelila-9-mlrd-na-stroitel-stvo-aes-akkuu (дата обращения: 07.02.2026).
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 10.02.2025 թ.: