Մեկնաբանություններ

Տարածաշրջանային անվտանգության և տարանցիկ-էներգետիկ հոսքերի վերադասավորումը Կենտրոնական Ասիայում և Մերձկասպիայում (2021–2025 թթ.)

Реконфигурация системы региональной безопасности и транзитно-энергетических потоков в Центральной Азии и Прикаспии 
(2021–2025 гг.).

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 10.01.2025 թ. [1]

  1. ՌԴ գերակայության իներցիոն մոդելի պատմական շարժընթացը և ճգնաժամը

 Ուժերի նոր գլոբալ դասավորության պայմաններում Կենտրոնական Ասիայի և Կասպիական տարածաշրջանները հատուկ նշանակություն են ձեռք բերում։ Դրանք հարուստ են բնական պաշարներով, գտնվում են «Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» առանցքներով առևտրա–էներգետիկ երթուղիների խաչմերուկում, ինչպես նաև առանցքային դեր են խաղում Եվրասիայի սրտում գերիշխանության համար համաշխարհային և տարածաշրջանային տերությունների ռազմաքաղաքական մրցակցության համատեքստում:

ԽՍՀՄ փլուզումը խթանեց արևմտյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Չինաստանի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, որի աշխարհաքաղաքական և տնտեսական աճը համընկավ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի գերիշխանության մայրամուտի հետ: Նոր դերակատարների ներթափանցումը տարածաշրջան ուժեղանում էր Մոսկվայի դիրքերի թուլացմանը զուգընթաց, որն իր քաղաքականությունը կառուցում էր Խորհրդային Միությունից ժառանգած իներցիոն տնտեսական և մտավոր-քաղաքակրթական կապվածության հիման վրա՝ նոր պայմաններում չձևավորելով այլ, կայուն հարթակ նախկին հարաբերությունների պահպանման համար։ Արդյունքում ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման նախաձեռնություններին չեն միացել Մերձկասպիայի և Կենտրոնական Ասիայի բոլոր հետխորհրդային հանրապետությունները՝ հիմնականում մնալով որպես ձևական և մակերեսային նախագծեր, որոնք իրականացվել են այնպիսի չափով, որը չի խոչընդոտել նախկինում «կողմնակի» աշխարհաքաղաքական դերակատարների ՝ տարածաշրջան ներթափանցելու գործընթացին։

  1. ԵՄ-ի և ԱՄՆ-ի ազդեցության հաստատութենականացումը. էներգետիկ երկխոսությունից մինչև ռազմավարական հովանավորություն

XXI դարի առաջին քառորդի ավարտին աշխարհաքաղաքական նոր խաղացողները Մերձկասպյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում կարողացան զգալի քանակությամբ քաղաքական, տնտեսական և մտավոր-գաղափարական պաշարներ կուտակել, որն անհրաժեշտ էր Ռուսաստանի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Չինաստանն այստեղ արդեն լայնածավալ ծրագրեր են իրականացնում առևտրա-տրանսպորտային երթուղիների անցկացման, ածխաջրածինների արդյունահանման ծավալների ընդլայնման և դրանց տեղափոխման, ինչպես նաև հումքային արդյունաբերության համեմատաբար նոր և հեռանկարային հատվածի՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման զարգացման ուղղությամբ: Տվյալ դերակատարներն ակտիվորեն ներդրումներ են կատարում տարածաշրջանի հիդրոէներգետիկայի, «կանաչ էներգետիկայի», ոսկու արդյունահանման արդյունաբերության բնագավառներում և ջրային ենթակառուցվածքներում: Զուգահեռաբար, Արևմուտքն ակտիվացնում է «ժողովրդավարական արժեքների» ներկրումն այստեղ և ընդլայնում հետխորհրդային տարածաշրջանի երկրների «ինքնիշխանության ամրապնդման» ծրագրերը` «ռուսական կայսերական ռևիզոնիզմի սպառնալիքների» համատեքստում:

Թուրքիան, իր հերթին, զգալիորեն աշխուժացրել է տարածաշրջանում սեփական հովանու ներքո գտնվող թյուրքական հանրապետությունների էթնոմշակութային միավորմանն ուղղված բազմաբնույթ գործունեությունը՝ ձգտելով հեռանկարում ավելացնել այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված հաջողություններն «ազգակից» պետությունների և ժողովուրդների ռազմաքաղաքական դաշինքում, որը ոչ պաշտոնապես կոչվում է «Թուրան»։ Տարածաշրջանում համարժեք տնտեսական ծավալման համար հավաքական Արևմուտքի և ՉԺՀ-ի հնարավորություններին համադրելի պաշարներ չունենալով հանդերձ, Անկարան, այնուամենայնիվ, հմտորեն խաղում է քաղաքական-գաղափարական դաշտում՝ թյուրքական հանրապետություններին առաջարկելով հավասարակշռել հիշյալ դերակատարների հարաճուն ազդեցությունն ինտեգրման տարաբնույթ ձևաչափերով (միասնական այբուբեն, նույնական գիտակրթական բազա, բազմակողմ ռազմական համագործակցություն և այլն)։

Ընդհանուր առմամբ, վերը նշված գործընթացները նպաստեցին Կենտրոնական Ասիայում և Մերձկասպիայում ՌԴ ազդեցության խաթարմանը, ինչը մեծապես պայմանավորված էր նաև համաժամանակ գործող «նոր» դերակատարների միջև կոնսենսուսով՝ չնայած նրանց միջև առկա կոշտ մրցակցությանը։ Կենտրոնական Ասիայում ծավալման առաջին փուլը որոշ չափով ենթադրում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Չինաստանի փոխադարձ հանդուրժողականություն միմյանց շահերի նկատմամբ, քանի որ տարածաշրջանում նշված կողմերի ամրագրման առանցքային պայման էր համարվում համատեղ ուժերով Մոսկվայի դուրս մղումը հարավային ուղղությամբ իր ռազմավարական շահերի գոտուց։ Այս առումով տրամաբանական է թվում, որ այդ դերակատարներն իրենց հիմնական ձեռքբերումներն ամրագրել են ամուր քաղաքական և իրավական հիմքերի տեսքով` ռուս-ուկրաինական զինված դիմակայության ժամանակ, որը Մոսկվայի ռազմավարական ուշադրությունը կենտրոնացրել է հիմնականում Արևմտյան ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատի վրա։

Սամարղանդում 04.04.2025 թ. տեղի ունեցավ պատմության մեջ առաջին «Եվրամիություն–Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը, որի արդյունքում որոշում կայացվեց և փաստաթղթեր ստորագրվեցին հարաբերությունների մակարդակը «ռազմավարական գործընկերության» ձևաչափի բարձրացնելու վերաբերյալ, ինչը նույնպես ամրագրվեց ԵՄ-ի կողմից խոստացված €12 մլրդ ծավալով նոր ներդրումային փաթեթով [1]: Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողությունն (ՀՌԳ) սկսվելուց ընդամենը 5 ամիս անց` 18.07.2022 թ., Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելեց Բաքու, որտեղ ստորագրվեց «Էներգետիկ ոլորտում ԱդրՀ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր» [2]: Նույն թվականի աշնանը, ելույթ ունենալով Հունաստան–Բուլղարիա գազային ինտերկոնեկտորի բացման արարողությանը, որին ներկա էր Իլհամ Ալիևը, ֆոն դեր Լայենը Ադրբեջանին անվանել է «Եվրոպայի հուսալի գործընկեր» [3]։ Դրանով հաստատվել է մի շարք փորձագետների ենթադրությունը Բրյուսելի էներգետիկ քաղաքականության ուղեծրում Բաքվի վերջնական ամրագրման մասին, որն իրականացվում է ի վնաս Մոսկվայի քաղաքական-տնտեսական շահերի։ Փորձագետների կարծիքով՝ դեպի Եվրոպա ադրբեջանական գազային մատակարարումների ծավալների ընդլայնումը, որը սկսվել է 2022 թվականից, թելադրված էր ոչ այնքան տնտեսական նպատակահարմարությամբ, որքան քաղաքական դրդապատճառներով, որոնց էությունն ադրբեջանա-ռուսական հարաբերություններում պառակտման խորացումն ու Բաքվին՝ Մոսկվայի դեմ ավելի վճռական քայլերի քարտ-բլանշի տրամադրումն էր։ Դրա արդյունքը դարձան 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավումը, ԵՄ-ի փաստորեն լուռ արձագանքի պարագայում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) հետագա վտարումը տարածաշրջանից, ինչպես նաև ադրբեջանական սպառազինության կանոնավոր մատակարարումներն Ուկրաինային։

Դրանով իսկ ԵՄ-ը` Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ, օգտվելով ուկրաինական ուղղությամբ Մոսկվայի ուշադրության կենտրոնացումից, ըստ էության, սկսեց Մերձկասպյան տարածաշրջանը և Կենտրոնական Ասիան Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելու եզրափակիչ փուլը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Կենտրոնական Ասիայի առնչությամբ նրա վերջին տարիների քաղաքականության հիմքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում տարածաշրջանի երկրների միանգամից հինգ առաջնորդների ընդունելությունն էր 2025 թ. նոյեմբերի սկզբին` «C5+1» գագաթնաժողովի ձևաչափով, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին աննախադեպ ծավալներով փոխադարձ ներդրումների ընդլայնման վերաբերյալ [4]։

Հարկ է առանձնապես նշել առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ուզբեկստանի կողմից ԱՄՆ-ի տնտեսությունում ներդրումների (ավելի քան $100 մլրդ) մասին երկկողմ պայմանավորվածությունը։ Իր հերթին ԱՄՆ-ը հնարավորություն կստանա մասնակցելու Կենտրոնական Ասիայի նախագծերին էներգետիկայի, նորարարությունների, հազվագյուտ մետաղների արդյունահանման, գյուղատնտեսության և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտներում: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ համագործակցությունը կարող է դիտվել որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի գերիշխող դերի հայտ՝ այստեղ ՌԴ-ի մնացորդային տնտեսական ազդեցության գրեթե ամբողջական վերացմամբ և չինական հարաճուն հավակնությունների միաժամանակյա չեզոքացմամբ հանդերձ։

Դրանից մի քանի ամիս առաջ Դ. Թրամփի վարչակազմը փաստորեն նախաձեռնել և առաջ է մղել ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագիրը TRIPP լոգիստիկ երթուղու ստեղծման մասին՝ «99 տարի ժամկետով այն կառավարելու ԱՄՆ բացառիկ իրավունքներով» [5]։ Այս նախագծի նշանակությունը պետք է գնահատել Կենտրոնական Ասիայի առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականության հետ համակողմանի կապի մեջ։ ԱՄՆ-ն ստեղծում է «կամուրջ», որն ապահովում է Թուրքիայի տարածքով ուղիղ մուտք ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններ և միաժամանակ թույլ է տալիս այդ երթուղու նկատմամբ վերահսկողության միջոցով սահմանափակել Անկարայի ավելորդ ակտիվությունը Կենտրոնական Ասիայում։

Այդպիսով իսկ Վաշինգտոնն իր տրամադրության տակ ստացել է Կենտրոնական Ասիա ներթափանցելու նոր բանալիներ Աֆղանստանում փաստացի ձախողված առաքելությունից հետո, որն ավարտվել էր 2021 թ. օգոստոսին [6]։ Հարկ է նաև նշել, որ ԱՄՆ-ը, որպես Կենտրոնական Ասիայի և Մերձկասպյան երկրների շարքում գլխավոր գործընկեր է դիտարկում Ուզբեկստանին՝ իբրև ժողովրդագրական և ռազմական առումով տարածաշրջանի ամենանշանակալի հանրապետություն, որը վերջին երեք տասնամյակի ընթացքում ավելի զգուշավոր քաղաքականություն է վարել ռուսաստանյան և թուրքական ինտեգրման նախագծերի նկատմամբ և համեմատաբար փակ է մնացել չինական տնտեսական ծավալման համար: Վաշինգտոնը, ըստ երևույթին, ծրագրում է Ուզբեկստանը դարձնել իր գլխավոր հենարանը տարածաշրջանում՝ ի հակակշիռ Ղազախստանում ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի, ինչպես նաև Տաջիկստանում Ռուսաստանի ուժեղ դիրքերի: Այդ մասին են վկայում, մասնավորապես, ֆինանսաբանկային ոլորտում Տաշքենդի նախաձեռնությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Ուզբեկստանի միջև կապիտալի տեղաշարժի ազատականացմանը [7]։

  1. Չինաստանի տնտեսական ծավալումը. համապարփակ գործընկերության ձևավորումը

Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվացմանը զուգահեռ Չինաստանը նաև ձգտում է ամրապնդել ու խորացնել տարածաշրջանի սուբյեկտների հետ տարիներ շարունակ հաստատված ռազմավարական փոխգործակցությունը, որը հիմնված է առավելապես տնտեսական հարթակի վրա: Դեռևս 2018 թ. հուլիսին Չինաստանը և Ղրղզստանը ստորագրել են «ռազմավարական գործընկերության» մասին փաստաթուղթ [8]։ 2023 թ. մայիսին կողմերը ստորագրել են «ՉԺՀ-ի և ՂՀ-ի համատեղ հռչակագիր նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման մասին» [9]։ Հետագայում՝ 2025 թ. փետրվարին նախագահ Սադիր Ժապարովի ՉԺՀ կատարած այցի արդյունքներով Բիշքեկը և Պեկինը ստորագրել են երկու երկրների միջև «գործընկերության խորացման» մասին համատեղ հայտարարություն [10]։ Այս հարաբերություններիարդյունքըբազմամիլիարդանոցչինական ներդրումներնէին Ղրղզստանիտնտեսությանմեջ,որոնքՊեկինին առաջին տեղում դրեցին ներդրողների շրջանումևԲիշքեկի արտաքին առևտրաշրջանառության շուրջ մեկ երրորդն ամրագրեցին ՉԺՀ-ին:

Հարաբերությունների խորացման և չինական ակտիվ ներդրումային քաղաքականության նմանատիպ դինամիկա է նկատվում նաև ղազախական ուղղությունում, որտեղ Պեկինն իր շահերը նախանշել էր դեռևս 2005 թ.՝ այն ժամանակ Ալմա-Աթայի հետ ստորագրելով հռչակագիր «ռազմավարական գործընկերության հաստատման և զարգացման մասին»։ Ինչպես և Ղրղզստանի պարագայում է, այս հարաբերությունները երկար ճանապարհ են անցել մինչև «համապարփակ ռազմավարական գործընկերության» փուլը, որը ենթադրում է Պեկինի ներգրավում Ղազախստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և Աստանայի վրա ազդեցության քաղաքական լծակների ձևավորում: 2025 թ. սեպտեմբերին ՉԺՀ իշխանությունները Ղազախա-չինական գործարար խորհրդի 8-րդ նիստի արդյունքներով հայտարարեցին $15 մլրդ ընդհանուր գումարով նոր չինական ներդրումային փաթեթի ձևավորման մասին, որն էլ ավելի կամրապնդի երկրների միջեւ գործարար հարաբերությունները` ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում: Այսպիսով, 2025 թ. արդյունքներով Ղազախստանը մնում է չինական ուղղակի ներդրումների խոշորագույն հասցեատերը տարածաշրջանում (32%), որին հաջորդում են Ուզբեկստանը (30%) և Թուրքմենստանը (27%) [12]։

Դեպի Ուզբեկստան Չինաստանի ֆինանսատնտեսական ներթափանցման աճի կորագիծը ցույց է տալիս, որ Պեկինի կտրուկ ակտիվացման շրջանն սկսվել է 2022 թ.՝ ռուս-ուկրաինական զինված հակամարտության համապատկերում և իր գագաթնակետին հասել 2024-2025 թթ.։ Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում Ուզբեկստանի տնտեսությունում չինական կապիտալի ներհոսքն արձանագրել է աննախադեպ՝ 40-ապատիկ աճ [13]։ Տաշքենդի և Պեկինի միջև սերտ համագործակցությունը, հետևելով Աստանայի և Բիշքեկի օրինակին, պաշտոնապես ամրագրվել է 24.01.2024 թ. ստորագրված փաստաթղթով, որը երկկողմ հարաբերությունները բարձրացրել է որակական նոր՝ «համապարփակ ռազմավարական գործընկերության» մակարդակի [14]։

ՉԺՀ-ի և Թուրքմենստանիմիջև հարաբերություններինույնմակարդակիհաստատման մասինհռչակվելէր մեկտարի առաջՉինաստանի կոմկուսի նախագահ Սի Ցզինպինի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի համատեղ կատարած հայտարարության մեջ [15]։ Ըստ էության, տվյալ փաստաթուղթնարդեն գոյություն ունեցող սերտ տնտեսական և քաղաքական կապերի իրավաքաղաքական ամրապնդում է դարձել, կապեր, որոնց հիմքը կազմում է թուրքմենական գազի լայնածավալ արտահանումը Չինաստան:

Չինաստանը դեռևս 2017 թ. «Համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին պայմանագիր է ստորագրել նաև Տաջիկստանի հետ [16]: Չնայած չինական ուղղակի ներդրումներ ստանալու հարցում Դուշանբեի բաժինը տարածաշրջանի երկրների շրջանում ամենահամեստն է, Պեկինն, այնուամենայնիվ, մնում է Տաջիկստանի տնտեսության գլխավոր արտաքին առևտրային գործընկերը և ներդրողը: Սակայն երկու երկրների միջև փոխգործակցության ամենանշանակալի ոլորտը համարվում է ռազմաքաղաքական անվտանգությունը։ Պեկինն ակտիվ աշխատանք է տանում տաջիկական բանակի, տաջիկական սահմանների ամրապնդման և Դուշանբեում «աշխարհիկ վարչակարգի» պահպանման ուղղությամբ՝ այդ հանրապետության ներքին և արտաքին կայունությունը կապելով «ույղուրական հարցի» հետ և Տաջիկստանը դիտարկելով որպես Կենտրոնական Ասիա արմատական-իսլամիստական և ծայրահեղ ազգայնական (թյուրքական) գաղափարական շարժումների ներթափանցման բնական խոչընդոտ [17]։ Տաջիկստանում Չինաստանի քաղաքական և ռազմական ներկայության կտրուկ աճը կրկին տեղի ունեցավ ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան զգալիորեն նվազեցրեց ՀԱՊԿ հարավային սահմաններ ուղղվող ուշադրությունն ու պաշարները: Միևնույն ժամանակ, Պեկինը Տաջիկստանի անվտանգության ամրապնդման առաջին քայլերն սկսել է ձեռնարկել Աֆղանստանից ամերիկյան բանակի դուրսբերումից հետո՝ ձգտելով կանխել անկայունության և քաղաքացիական պատերազմի արտահանումն այդ հանրապետություն, իսկ այնուհետև՝ ամբողջ Կենտրոնական Ասիա:

Վերջապես, Կենտրոնական Ասիայի առնչությամբ Չինաստանի քաղաքականության համատեքստում հատուկ ուշադրության արժանացավ նաև Ադրբեջանը։ 2024 թ. հուլիսին Պեկինը և Բաքուն ստորագրեցին «Հռչակագիր ռազմավարական գործընկերության մասին» [18], իսկ արդեն 2025 թ. ապրիլին հայտարարեցին հարաբերությունների աստիճանը «համապարփակ ռազմավարական գործընկերության» մակարդակի բարձրացնելու մասին [19]։ ԱդրՀ-ում ՉԺՀ-ի ներդրումային քաղաքականությունը չունի Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ համադրելի ծավալներ: Այնուամենայնիվ, Չինաստանն այս պահին Ադրբեջանի համար ներմուծման խոշորագույն աղբյուրն է և երկրի 4-րդ խոշորագույն առևտրային գործընկերը: Պեկինին հիմնականում հետաքրքրում են ոչ թե Բաքվի համար հիմնարար ածխաջրածինների արդյունահանման և նավթավերամշակման ոլորտները, այլ Ադրբեջանի արևային էներգետիկան և տարանցիկ ներուժը, երկիր, որը հանդիսանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի առանցքային օղակը և, մասնավորապես, Կասպից ծովով անցնող «Միջին երթուղու» գլխավոր հանգույցը [20]։

Ինչպես հետևում է վերոգրյալից, այս փուլում ՉԺՀ-ն Կենտրոնական Ասիայի և Կասպիական տարածաշրջաններում տնտեսական գործընթացները խթանող գլխավոր և ամենաակտիվ արտաքին ուժն է։ Չինաստանն ձգտում է համապարփակ և հավասարաչափ աշխատանք իրականացնել ամբողջ տարածաշրջանի նկատմամբ՝ յուրաքանչյուր երկրի առաջարկելով համագործակցություն այն ոլորտներում, որոնք առավել մեծ հետաքրքրություն և հեռանկար են ներկայացնում Պեկինի համար: Արդյունքում ձևավորվել է փոխգործակցության և ներդրումային նախագծերի լայն շրջանակ, որոնք ընդգրկում են առևտրա-լոգիստիկ ոլորտը (ամբողջ տարածաշրջանը), նավթի արդյունահանումը և միջուկային էներգետիկան (Ղազախստան), ոսկու արդյունահանումը և հազվագյուտ ապարների հետախուզումը (Ղրղզստան և Ուզբեկստան), գազի ներմուծումը (Թուրքմենստան), «կանաչ էներգետիկան» (Ադրբեջան), անվտանգությունը (Տաջիկստան): Ընդհանուր առմամբ, նման ռազմավարությունը «փափուկ ուժի» ձև է, որտեղ լայնածավալ տնտեսական ծավալումն անխուսափելիորեն վերաճում է ուղղակի քաղաքական գերիշխանության գործիքի։

  1. Պանթուրանիզմը որպես Անկարայի գաղափարական և ռազմաքաղաքական ուղեգիծ

ԿենտրոնականԱսիայում և Կասպից ծովի շրջակայքում իր շահերընշմարող խոշորխաղացողներից ևս մեկըԹուրքիանէ։Տարածաշրջանն Անկարային հետաքրքրումէ ինչպեսպաշարայինևշուկայականհսկայական բազայիառումով, որը կարող է խթանել Թուրքիայի տնտեսական աճը, այնպես էլ նրա ռազմաքաղաքական հավակնությունների համատեքստում, որոնք հիմնված են Անկարայի ղեկավարության ներքո թյուրքական երկրների եւ ժողովուրդների խորը ինտեգրման ծրագրի վրա:Տարածաշրջանում տնտեսական ծավալման համար անհրաժեշտ ֆինանսական ներուժով Թուրքիանանհամեմատզիջումէ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Չինաստանին։Ուստիհիմնական շեշտը դնումէ թուրքերի հետ Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի էթնո-լեզվական ազգակցական կապի գործոնի վրա՝ ակտիվորեն առաջ մղելով թյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոսությունների հիման վրա նրանց արբանյակների վերածելու իր նախաձեռնությունները։Անկարանտարածաշրջանում իր համեմատաբար թույլ ֆինանսատնտեսական ակտիվությունը փոխհատուցումէ կրթամշակութային նախագծերի իրականացմամբ, բնակչության լայն շերտերի հետ գաղափարական աշխատանքով, տեղական վերնախավերում ազգայնական տրամադրությունների աճի քարոզչությամբ և համատեղ ռազմական ու պաշտպանական ծրագրերի իրականացմամբ:Դրանով Անկարանհմտորենօգտագործումէ թյուրքական պետությունների ձգտումը՝ խուսափելու տարածաշրջանային նոր խաղացողներից իրենց միակողմանի կախվածությունից։Հանդեսգալով որպես ուժի այլընտրանքային կենտրոն՝ Թուրքիան մեծացնում է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում՝ գործընկերներին առաջարկելով շահերի հավասարակշռման և արտաքին քաղաքական կապերի բազմազանացման մեխանիզմ։

Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներ և Ադրբեջան Թուրքիայի ակտիվ ներթափանցումն սկսվեց ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ 2009 թ. հոկտեմբերին Նախիջևանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարվեց «Թյուրքական խորհուրդ» կազմակերպության ստեղծման մասին, որն իր ծրագրում նախանշեց թյուրքական երկրների ապագա ինտեգրման ուրվագծերը, որը հավակնում է Եվրասիայում ուժի նոր բևեռի ձեւավորմանը: 2021 թ. նոյեմբերին Ստամբուլում «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» գագաթնաժողովում «Թյուրքական խորհուրդը» վերանվանվեց «Թյուրքական պետությունների կազմակերպություն» (ԹՊԿ): Այս ակտը խորհրդանշում էր աշխարհաքաղաքական միության մեջ էթնոմշակութային ինտեգրման նախագծի վերջնական վերափոխման փուլը, որն ամրապնդվեց տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ մոտեցումների և հայացքների համաձայնեցմամբ, խիտ ռազմական համագործակցությամբ՝ «Թուրանի բանակի» ստեղծման հեռանկարով [21], գիտական և կրթական ծրագրերի ստանդարտացմամբ և թյուրքական աշխարհի օրգանական սերտաճման համար այնպիսի հիմնական հիմքի ներդրմամբ, ինչպիսին է միասնական այբուբենի ընդունումը [22]։

Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում թյուրքական ինտեգրացիոն ծրագրերի իրականացման առավել ակտիվ փուլը ժամանակի առումով նույնպես համընկավ ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Ընդ որում, բազմաշերտ թյուրքական ինտեգրմանն ակտիվորեն աջակցող վերլուծաբանները դա բացատրում են Մոսկվայի տիրակալական ռևիզիոնիզմի և հարաճուն չինական հավակնությունների դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությամբ [23]։

  1. Եզրահանգումներ. ռուսական ազդեցության քայքայումը և նոր մարտահրավերները

Ակնհայտ է դառնում, որ վերջին 4 տարում, որոնց ընթացքում ՌԴ-ն կլանված էր ուկրաինական պատերազմով և Արևմուտքի հետ քաղաքական-դիվանագիտական հակամարտությամբ, նախկինում «կողմնակի» համարվող դերակատարները վերածվել են Կենտրոնական Ասիայի և Մերձկասպիայի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների լիիրավ մասնակիցների։Նրանքձգտումեն սահմանել խաղի կանոններ՝ Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականությունը հասցնելով ՝ նախաձեռնողականությունից զուրկ պատասխան արձագանքի սկզբունքով կատարվող գործողությունների։

Տարածաշրջանում ռուսական ազդեցության ոլորտը ենթարկվում է կառուցվածքային կրճատման՝ մասնատվելով պաշտպանական, էներգետիկ և առևտրատնտեսական համագործակցության առանձին հատվածների։ Այդ կապերը, որոնք ժառանգվել են դեռևս 90-ական թթ. հետխորհրդային ճարտարապետությունից, աստիճանաբար կորցնում են իրենց առաջնահերթությունն Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների համար՝ նոր ուժային կենտրոնների հետ ռազմավարական դաշինքների ձևավորման համապատկերում։ Ռուսաստանը դեռևս չի կարող առաջարկել համարժեք համապարփակ ծրագրեր տնտեսական զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների և անվտանգության համակարգերի ոլորտում, որոնք նրան թույլ կտան, նույնիսկ հաշվի առնելով համաշխարհային մրցակիցների ներթափանցումը, պահպանել իր առաջատար դիրքերը տարածաշրջանում: Իր առարկայորեն թուլացած դիրքերը փոխհատուցելու, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հասարակական միջավայրում, այսպես կոչված, «հետադարձ հայրենասիրական տրամադրությունները» և ԽՍՀՄ բարեկամության ու եղբայրության կարոտախտը վերարտադրելու փորձերը վերջնականապես իրենց սպառում են` կապված սերունդների և քաղաքական վերնախավերի փոփոխության հետ: Այս պատումները ոչ միայն անհասկանալի են Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի ժողովուրդների նոր երիտասարդ սերնդի համար, այլև, ոչ առանց արտաքին ազդեցության, ընկալվում են որպես Ռուսաստանի մտադրություն «վերադառնալ կայսերական քաղաքականության ուղի և վերականգնել ԽՍՀՄ ժառանգությունը»:Հաշվիառնելով այս բոլոր գործոնները՝ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի տարածաշրջանային մայրաքաղաքների հետ Մոսկվայի հարաբերությունների ուղղահայաց մոդելը վերածվել է հորիզոնականի։

Թեև Ռուսաստանի՝ տարածաշրջանային առանցքային դիրքերի վերջնական կորստի մասին խոսելը դեռևս վաղաժամ է, սակայն ակնհայտ է որակական տեղաշարժը։ ՇՀԿ-ի և ԹՊԿ-ի (ՕՏՊ) նման նոր ինտեգրացիոն նախագծերի գործնական բովանդակությունը դրանք շահեկանորեն առանձնացնում է ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ տիպի կառույցներից, որոնցից շատերն այսօր գտնվում են ձևականության և արդիականության խորը ճգնաժամում։ Ամեն դեպքում, Կենտրոնական Ասիայում և Կասպիական տարածաշրջանում ռուսական բացարձակ գերիշխանության փուլն այլևս անցյալ է։ Այս պահին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և Թուրքիան արդեն ծանր և ձգձգվող մրցապայքար են ծավալում ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում իրենց երկարաժամկետ դիրքերն ուղենշելու համար։ Այս պայքարում, ամենայն հավանականությամբ, կձևավորվեն իրավիճակային դաշինքներ, սակայն ուժի կենտրոններից յուրաքանչյուրը կառաջնորդվի սեփական շահերով և իր համար առավել շահեկան դասավորվածություն կփնտրի ձևավորվող նոր հավասարակշռության մեջ։

Հղումներ

[1]    Евросоюз и Центральная Азия: переход к этапу стратегического партнерства. Коммерсантъ, 04.04.2025, https://www.kommersant.ru/doc/7637902 (բեռնման օրը՝ 25.12.2025).

[2]    Потенциал Азербайджанской Республики в сфере возобновляемых источников энергии: заявления руководства Еврокомиссии. Azertag.az, 18.07.2022, https://azertag.az/ru/ xeber/2219489 (բեռնման օրը՝ 25.12.2025).

[3]    Энергетический диалог ЕС и Азербайджана: концепция «надежного партнерства». Caliber.az, 01.10.2022, https://caliber.az/post/ursula-fon-der-lyajen-azerbajdzhan-nadezhnyj-energeticheskij-partner-evropy (բեռնման օրը՝ 26.12.2025).

[4]    Внешнеполитическая стратегия администрации Д. Трампа в Центральной Азии: факторы сдерживания РФ и КНР. BBC News, 06.11.2025, https://www.bbc.com/russian/articles/ ce9d4mvexxno (բեռնման օրը՝ 26.12.2025).

[5]    Транспортный коридор TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) через территорию Армении: логистические параметры. Кавказский узел, 18.12.2025, https://www.kavkaz-uzel.eu/articles/416289 (բեռնման օրը՝ 26.12.2025).

[6]    Куклина И. Геополитические последствия вывода контингента США из Афганистана. ИМЭМО РАН. 24.05.2021, https://www.imemo.ru/news/events/text/the-withdrawal-of-us-troops-from-afghanistan-and-what-is-the-remainder (բեռնման օրը՝ 27.12.2025).

[7]    Либерализация инвестиционного законодательства Узбекистана в отношении американских активов (с 2026 г.). ТАСС, 19.12.2025, https://tass.ru/ekonomika/25968867 (բեռնման օրը՝ 27.12.2025).

[8]    Институционализация стратегического партнерства между Кыргызской Республикой и КНР. Anadolu Ajansi, 06.06.2018, https://www.aa.com.tr/ru/1167793 (բեռնման օրը՝ 27.12.2025).

[9]    Совместная декларация КНР и Кыргызской Республики об установлении всеобъемлющего стратегического партнерства в новую эпоху. Жэньминь жибао, 19.05.2023, https://russian.people.com.cn/n3/2023/0519/c31521-20020580.html (բեռնման օրը՝ 27.12.2025).

[10]  Перспективы углубления двустороннего взаимодействия Китая и Киргизии (февраль 2025 г.). SNG.FM, 11.02.2025, https://sng.fm/bishkek/35874-sovmestnoe-zajavlenie-ob-uglublenii-partnerstva-podpisali-kitaj-i-kirgizija.html (բեռնման օրը՝ 27.12.2025).

[11]  Инвестиционная стратегия КНР в Казахстане: анализ масштабных вливаний в инфраструктуру. Независимая газета, 02.08.2025, https://www.ng.ru/cis/2025-09-02/5_ 9329_kazakhstan.html (բեռնման օրը՝ 27.12.2025).

[12]  Республика Казахстан как приоритетное направление китайских инвестиций в Центральноазиатском регионе. Kazakhstan Today, 25.12.2025, https://www.kt.kz/rus/ finansy/kazahstan_ostaetsya_krupneyshim_poluchatelem_kitayskih_1377985675.html (բեռնման օրը՝ 27.12.2025).

[13]  Динамика роста китайских инвестиций в экономику Узбекистана: ретроспективный анализ десятилетия. Eurasia Today, 26.12.2025, https://eurasiatoday.ru/za-desyat-let-investitsii-kitaya-v-uzbekistan-vyrosli-v-40-raz/ (բեռնման օրը՝ 27.12.2025).

[14]  Повышение статуса межгосударственных отношений КНР и Узбекистана. CGTN, 24.01.2024, https://russian.cgtn.com/news/2024-01-24/1750113429646102530/index.html (բեռնման օրը՝ 27.12.2025).

[15]  Формирование всеобъемлющего стратегического партнерства между КНР и Туркменистаном. ТАСС, 06.01.2023, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/16747895 (բեռնման օրը՝ 27.12.2025).

[16]  Современное состояние и перспективы двусторонних отношений Таджикистана и Китая. МИД Республики Таджикистан, 25.02.2025, https://mfa.tj/ru/main/view/27/otnosheniya-tadzhiki stana-s-kitaem (բեռնման օրը՝ 27.12.2025).

[17]  Лемон Э., Норов Р. Китайско-таджикское взаимодействие в сфере безопасности: факторы и механизмы влияния. Carnegie Endowment for International Peace, 30.08.2025, https://carnegieendowment.org/posts/2025/03/how-china-is-adapting-to-tajikistans-demand-for-security-cooperation?lang=ru (բեռնման օրը՝ 27.12.2025).

[18]  Принятие декларации о стратегическом партнерстве между Азербайджанской Республикой и КНР. ТАСС, 03.07.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/ 21267517 (բեռնման օրը՝ 27.12.2025).

[19]  Установление отношений всеобъемлющего стратегического партнерства между Пекином и Баку (апрель 2025 г.). Синьхуа, 23.04.2025, https://russian.news.cn/20250423/d8708574 ee2347098d8b1b4c9abd8145/c.html (բեռնման օրը՝ 27.12.2025).

[20]  Анализ торгово-экономических показателей взаимодействия Азербайджана и КНР в 2025 г. Haqqin.az, 23.12.2025, https://haqqin.az/newsarchive/370104 (բեռնման օրը՝ 27.12.2025).

[21]  Военно-техническое сотрудничество в рамках Организации тюркских государств (ОТГ): тенденции и риски. Комсомольская правда. 12.02.2025, https://www.kp.ru/daily/27660/ 5048403/ (բեռնման օրը՝ 28.12.2025).

[22]  Унификация алфавита как инструмент культурно-идеологической политики Турции в отношении тюркских государств. Научно-аналитический фонд «Гегард», 12.12.2024, https://geghard-saf.am/ru/490/alphabet-turkic/ (բեռնման օրը՝ 28.12.2025).

[23]  Тюркский альянс в системе геополитического баланса сил в Евразии. Forbes Kazakhstan, 12.05.2022, https://forbes.kz/articles/dosyim_satpaev_-_o_tyurkskom_alyanse_i_ geopoliticheskom balanse (բեռնման օրը՝ 28.12.2025).

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 05.01.2026 թ.: