Մեկնաբանություններ

Տարածաշրջանային անվտանգության հավասարակշռության փոփոխությանը պատրաստ լինելու մասին Բաքվից ստացված ազդանշանների վերլուծություն

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.07.2025 թ.

Առանցքային ռազմավարական ազդանշան.
Է. Նամազովի հայտարարությունը

Նման հաղորդագրությունների շարքում առավել արմատական է հնչում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովի՝ 2025 թ. հուլիսի 3-ին արած հայտարարությունը։ Նամազովը խոսել է տարածաշրջանում խոշորագույն թուրքական ռազմակայան հիմնելու համար իր տարածքը տրամադրելու Բաքվի ենթադրյալ ծրագրերի, ինչպես նաև միջուկային զենք ունեցող Պակիստանի ՌՕՈՒ-ին երկիր հրավիրելու հնարավորության մասին։ Քիչ հավանական է թվում, որ տպավորիչ քաղաքական փորձառություն ունեցող Է. Նամազովը կարող էր սեփական նախաձեռնությամբ նմանատիպ տեղեկատվություն հնչեցնել։ Ամենայն հավանականությամբ, նրան հանձնարարվել է այդ կերպ հանդես գալ՝ այն ակնկալիքով, որ նման հայտարարությունը Մոսկվայում կընկալվի որպես ազդանշան առ այն, որ Բաքուն պատրաստ է բարձրացնել խաղադրույքները և ռուս-ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական հակամարտությունը տեղափոխել աշխարհաքաղաքական մակարդակ։ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի հայտարարության մեջ հատուկ ուշադրություն է գրավում Պակիստանի միջուկային զենքի հիշատակումը: Ակնհայտ է, որ սա ակնարկ է այն մասին, որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատրաստակամության մեջ կանգ չեն առնի նույնիսկ նրա «միջուկային կարգավիճակի» առջև, որը Բաքուն, անհրաժեշտության դեպքում, իբր կարող է չեզոքացնել դաշնակից Պակիստանի հաշվին։

Թուրքական ռազմակայանի տեղակայման հնարավորության վերլուծություն

Ակնհայտ է, որ Է. Նամազովի հայտարարությունը ժողովրդահաճո բնույթ է կրում։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն դրանով Մոսկվային հասկացրել է, որ Ադրբեջանի համար անընդունելի հունով իրադարձությունների զարգացման և ՌԴ դիրքորոշման հետագա կոշտացման դեպքում Ադրբեջանն՝ իր դաշնակիցների օգնությամբ, ի վիճակի է նախաձեռնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերանայում: Այս համատեքստում ադրբեջանական տարածքում թուրքական ռազմակայանի հայտնվելու ենթադրյալ հնարավորությունը բավականին մեծ է։

Հետևելով, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» դաշինքի մասին տրամաբանությանը և դրույթներին, Թուրքիան իրեն իրավունք է վերապահում նշելու իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում։ Բաքվի ռազմական դոկտրինը «բացառիկ դեպքերում» է թույլ տալիս «օտարերկրյա զորքերի» ներկայությունը (ակնհայտ է, որ խոսքը թուրքական բանակի մասին է) իր տարածքում։ Հարցը այդ անորոշ հասկացության մեկնաբանության մեջ է, որը Բաքուն կարող է կիրառել ցանկացած իրավիճակում՝ գնահատելով այն որպես ազգային անվտանգությանը սպառնացող, և Թուրքիայից պահանջել ռազմական զորակազմ, որը նա պարտավոր կլինի ապահովել՝ ելնելով «Շուշիի հռչակագրի» դրույթներից։

Տեխնիկապես Անկարան ի վիճակի է համեմատաբար կարճ ժամանակահատվածում Ադրբեջանում տեղակայել ինչպես իր ռազմաօդային ուժերը, այնպես էլ ցամաքային ու մոտոհրաձգային ստորաբաժանումները: Թուրք զինվորականներն արդեն մշակել են ադրբեջանական ռազմական օբյեկտներում օդային փոխադրման և տեղակայման բոլոր տարրերը՝ ինչպես 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ դաշնակցի տարածքում անցկացված բազմաթիվ զորավարժությունների ընթացքում։ Այդ օբյեկտների նոր ենթակառուցվածքը կառուցված է ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ լոգիստիկան ինտեգրված է վրացական երթուղուն, որի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը, Թբիլիսիի հետ մի շարք պայմանագրերի համաձայն, կարող են իրականացնել ռազմական նշանակության տեխնիկայի և միջոցների անարգել տարանցում։

Ռուսաստանի հնարավոր արձագանքը
և գաղտնի պայմանավորվածությունները

Հարցն այն է, թե Ռուսաստանն ինքն ինչպես կարձագանքի Թուրքիայի նման գործողություններին, Եթե Ադրբեջանի կողմից «բացառիկ դեպքի» մեկնաբանումը համարժեք չլինի «գետնի վրա» ստեղծված օբյեկտիվ իրավիճակին: Այլ կերպ ասած, ինչ արձագանք կհետևի Մոսկվայից, եթե, օրինակ, Բաքուն, հղում անելով «ՌԴ-ի ագրեսիվ վարքագծին», արդեն իսկ Անկարայից ռազմական օգնություն խնդրի կամ պահանջի թուրքական ռազմակայաններ հիմնել իր տարածքում։

Ակնհայտ է, որ նման խնդրանքին Թուրքիայի դրական պատասխանը կհարուցի Մոսկվայի խիստ բացասական արձագանքը և կդիտարկվի որպես Կասպից-Սևծովյան տարածաշրջանում ավանդական մրցակցի (որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է) մտադրություն` մշտական հիմունքներով տեղակայվելու ՌԴ ռազմավարական անվտանգության գոտում: Դա կդիտարկվի որպես ուղղակի մարտահրավեր Մոսկվային և նրա գոյութենական շահերին, ինչը ենթադրում է լարվածության սրացում բարդ տարածաշրջանում՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախման անցնելու չափազանց մեծ հավանականությամբ։ Հետևաբար, առանց հաշվի առնելու Թուրքիայի ռազմավարական շահերը և նրա պատրաստակամությունը իրադարձությունների նման զարգացմանը, Բաքուն պարզապես ի վիճակի չէ «Շուշիի հռչակագիրը» ստորագրող կողմին «պարտադրել» ՌԴ-ին հրահրող գործողություններ:

Դատելով այդ ամենից՝ 2024 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) վաղաժամ դուրսբերման գործընթացի ժամանակ ռուսական և թուրքական կողմերի միջև ձեռք է բերվել չհայտարարված պայմանավորվածություն՝ Ադրբեջանի տարածքում ռազմակայանների Բաքվի կողմից հարկադիր կամ թույլատրված տեղակայումից փոխադարձաբար հրաժարվելու մասին։ Այդ պայմանավորվածությունն անուղղակիորեն հաստատել է նաև Թուրքիայի առաջնորդը։ 2025 թ. հունիսի 26-ին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռ. Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ քանի որ ռուս զինվորականները լքել են Ղարաբաղը, ապա Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության հարցն «այլևս արդիական չէ»։ Թուրքիայի նախագահի խոսքերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայաններ հիմնելու հարցն ուղղակիորեն կապված է ռուսական գործոնի հետ, և Ադրբեջանի վրա ՌԴ-ի ճնշման ցանկացած այլ ձև, բացի այդ հանրապետությունում ռուս զինվորականների ներկայության հաստատումից, Անկարայի կողմից չի դիտարկվում որպես սպառնալիք Բաքվի ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Սա չի նշանակում, որ Թուրքիայի առաջնորդը որևէ պարագայում չի փոխի իր դիրքորոշումը, բայց վկայում է Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ Անկարայի զգուշավորության մասին՝ Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում անմիջական ռազմական ներկայություն ունենալու համար: 

Պակիստանի միջուկային զենքի գործոնը.
սադրանք և անհամատեղելիություն
 

Ինչ վերաբերում է Է. Նամազովի կողմից Պակիստանի ռազմաօդային ուժերի և Իսլամաբադի միջուկային զենքի մասին հիշատակմանը, ապա դա, ըստ էության, բացահայտ սադրիչ քայլ է, որը բացարձակապես հակասում է աշխարհում «միջուկային աշխարհաքաղաքականության» տրամաբանությանը և «միջուկային փոխհամաձայնության» հիմքերին: Ադրբեջանում մարտավարական միջուկային զենքի հայտնվելը (Պակիստանը չունի ռազմավարական միջուկային մարտագլխիկներ) հավասարազոր կլիներ Իսլամաբադի կողմից Մոսկվային պատերազմ հայտարարելուն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հազիվ թե ՌԴ-ն, նույնիսկ գտնվելով իր պաշտպանական պատրաստվածության տեսանկյունից ամենաբարենպաստ հանգամանքներում, թույլ տա պակիստանյան կամ որևէ այլ միջուկային ուժերի տեղակայումն իր անմիջական սահմանների մոտ։ Տվյալ դեպքում կարելի է խոսել Մոսկվայի կողմից Իսլամաբադի և Բաքվի դեմ միանգամայն օրինական կանխարգելիչ գործողությունների մասին, այդ թվում՝ նույն միջուկային զենքի կիրառմամբ։

Բացի այդ, Է. Նամազովի Ռուսաստանին ուղղված «պակիստանյան սպառնալիքը» ոչ մի կերպ չի առնչվում Ադրբեջանում առկա իսրայելական գործոնի հետ։ Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը կարող է իր տարածքում ապահովել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկու երկրների ռազմահետախուզական ռազմակայանների առկայությունը, ինչի վկայությունն Է Իսլամաբադի արձագանքը Իրանում և Գազայում Թել Ավիվի գործողություններին, ինչպես նաև հրեական պետության կողմից Հնդկաստանին ցուցաբերված ռազմական աջակցությունը՝ Քաշմիրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այն պայմաններում, երբ Իսրայելն արդեն իսկ ունի իր սեփական թաքցված ռազմակայաններն Ադրբեջանում և հասանելիություն ունի այդ երկրի գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքներին, անհնար է խոսել պակիստանցիներին մուտք գործելու թույլտվություն տալու մասին, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է նրանց միջուկային զինանոցին։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին իսրայելցիների և պակիստանցիների մասնակցությունը չի կարող Ադրբեջանում փոխադարձ ռազմական ներկայության վերաբերյալ փոխհամաձայնության հիմք համարվել, քանի որ այն ժամանակ երկու կողմերն էլ մասնագիտանում էին հայերի դեմ մարտական գործողություններ վարելու բոլորովին այլ տարրերի մեջ և հետապնդում էին սեփական, տարբերվող շահերը՝ մասնակցելով հակահայկական ռազմարշավին: 

Եզրակացություն. ռազմավարական պարտադրանք
պանթյուրքիստական պատկերագծում

Այսպիսով, կարճ ժամանակում իր մոտ թուրքական ռազմակայան հիմնելու Բաքվի արդեն իսկ կայացրած որոշման մասին Է. Նամազովի հայտարարությունը Realpolitik-ի տեսանկյունից քննադատության չի դիմանում: Ավելի շուտ, դա ադրբեջանական իշխանությունների կազմակերպած «հորինվածքը հանրայնացնելն» է՝ Մոսկվային շանտաժի ենթարկելու և նրա արձագանքը ստուգելու նպատակով։ Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Իլհամ Ալիևը և նրա թիմն ադրբեջանա-ռուսական ճգնաժամի կրիտիկական փուլում չեն փորձի գործնական հարթություն մտցնել նման պլանի առնվազն «թուրքական բաղադրիչը»։ Հեռանկարում սա բավականին իրատեսական սցենար է, եթե ինչպես ներքին անվտանգության, այնպես էլ միջազգային և աշխարհաքաղաքական ասպարեզում որոշակի փուլում դիրքերը հանձնելու առումով Ռուսաստանի թուլացման միտումը Թուրքիային ստիպի ավելի վճռական ու արմատական գործել։ Սիրիայում շարունակվող թուրք-իսրայելական դիմակայության պայմաններում Ադրբեջանում թուրքական և իսրայելական ներկայության համատեղելիության հարցն առանձին վերլուծության առարկա է:

Մինչդեռ Է. Նամազովն իր հայտարարության մեջ հնչեցրել է ևս մեկ միտք, որին, որքան էլ տարօրինակ է, ամենաքիչ ուշադրություն են դարձրել Ռուսաստանից նրա ելույթը մեկնաբանող քաղաքական գործիչներն ու փորձագետները: Մինչդեռ հենց դա էր Բաքվի առանցքային ազդանշանը, որն ուղղված էր արդեն ոչ միայն և ոչ այնքան Մոսկվային։ Խոսքը Է. Նամազովի այն խոսքերի մասին է, որ Ադրբեջանում թուրքական ռազմակայանը կկարողանա «սպասարկել 250 մլն բնակչություն»: Բանն այն է, որ նրա հնչեցրած թիվը համընկնում է պանթուրքիստների կողմից պարբերաբար հրապարակվող գնահատականների հետ այն էթնիկ թուրքերի թվի վերաբերյալ, որոնք իրենց հողերով պետք է միանան ապագա «Թուրան» միավորմանը։ Խոսքը ինչպես Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության, այնպես էլ ույղուրների, իրանական և կովկասյան թյուրքերի, բաշկիրների, թաթարների և Ռուսաստանի այլ թյուրքալեզու ժողովուրդների մասին է։ Է. Նամազովի հայտարարության մեջ առկա այս նրբերանգն արմատապես փոխում է նրա  հայտարարության իմաստը՝ թուրքական ռազմակայանի ստեղծման ծրագրերը ներկայացնելով ոչ թե որպես Ադրբեջանին Ռուսաստանից պաշտպանելու հարկադրական միջոց, այլ որպես «Թուրանի» կայացման վճռական քայլ, որի հիմքը պետք է դառնա Թուրքիայի գլխավորությամբ միավորված ռազմական ուժը։ Հետևաբար, հայտարարությունը կարելի է համարել Թուրքիայի՝ դեպի արևելք ռազմարշավ սկսելու ծրագրի մեկնարկի ազդանշան։ Եվ այժմ այլևս կարևոր չէ, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին սրացումը առիթ կդառնա՞, այսպես կոչված, «Թուրանի բանակի» գործնական ստեղծման համար, թե՞ այն Թուրքիայի դեռևս պատրաստ չլինելու պատճառով հերթական անգամ կհարթվի, և նոր առիթ կհայտնվի այն ժամանակ, երբ Անկարան արդեն հարկ կհամարի արմատական գործողություններ ձեռնարկել։