Հրապարակում
Վրաստան. ներքաղաքական համախմբում և արտաքին քաղաքականության բազմազանացում
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 24.11.2025 թ.[1]
Վրաստանի 24.10.2025 թ. տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ երկրում արևմտամետ ընդդիմության ընտրական պաշարը զգալիորեն կրճատվել է [1]։ Դատելով քվեարկության արդյունքներից, որոնք ընդդիմությունն այդպես էլ համակարգված չի վիճարկել դատական կարգով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել երկրի գրեթե բոլոր համայնքներում, ներառյալ մայրաքաղաք Թբիլիսիում: Ինչպես ընդունված է համարել ընդդիմադիր ճամբարում, իշխանություններն օգտվեցին ընտրողների նվազ մասնակցությունից, ինչն իր հերթին ընտրությունները բոյկոտելու և իշխող ուժը ոչ խորհրդարանական մեթոդներով [2] փոխելու նոր փորձի կապակցությամբ ընդդիմության շարքերում առաջացած պառակտման հետևանք էր: Իր հերթին` ԵՄ-ը վրացական ընտրություններին արձագանքել է կոշտ ձևակերպումներով և իշխող ուժի հասցեին ուղղված քննադատությամբ, որը, Բրյուսելի կարծիքով, բռնաճնշման միջոցներ է կիրառել ընդդիմադիր ուժերի և հասարակության դեմ՝ դրանով իսկ խաթարելով ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը [3]։ ԱՄՆ-ը պաշտոնական մակարդակով ավելի զուսպ արձագանք է դրսևորել, մինչդեռ երկրի օրենսդիր մարմիններում առանձին խմբեր Վաշինգտոնի գործադիր իշխանությանը կոչ են արել ավելի կոշտ գործել «Վրացական երազանքի» նկատմամբ, որն անտեսում է «ազատ ընտրությունների թափանցիկությունը» և Վրաստանում «հատուկ ագրեսիա» է մշակում ԱՄՆ-ի դեմ [4]։
Եվ, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ ամերիկացի օրենսդիրների անհանգստությունն ավելի շատ պայմանավորված էր ոչ այնքան բուն ՏԻՄ ընտրություններով, որքան քվեարկությունից մի քանի օր առաջ Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեի արած հայտարարությամբ առ այն, որ ԱՄՆ-ը պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով շարունակում է ոչ թափանցիկ սխեմաների միջոցով ապօրինի ֆինանսավորել երկրի ընդդիմադիր տարրերին և ազդեցության գործակալներին [5]։ Այնուամենայնիվ, Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը, համեմատած Բրյուսելում ԵՄ վերպետական կառույցների հետ, վրացական ուղու վրա իրենց ավելի պասիվ են պահում և առայժմ ձեռնպահ են մնում կտրուկ գործողություններից:
Վրացական ընդդիմությունն ու ԵՄ խոսնակները պարբերաբար հայտարարում են, որ խորհրդարանական (2024 թ. հոկտեմբեր), նախագահական (2024 թ. դեկտեմբեր) և 2025 թ. հոկտեմբերյան ՏԻՄ ընտրություններից հետո այդ հարավկովկասյան հանրապետությունն ընկել է խոր քաղաքական ճգնաժամի մեջ։ Սակայն Թբիլիսիի իշխանությունները հակված են կարծելու, որ ճգնաժամային փակուղում են հայտնվել հենց իրենք` արմատական ընդդիմադիր ուժերն ու նրանց աջակցող արևմտյան ուղղորդողները, ինքնիշխան երկրներում պետական հեղաշրջումներ իրականացնելու որոնց տեխնոլոգիաները Վրաստանում այլևս անարդյունավետ են։ Գործող իշխանություններն ուշադիր ուսումնասիրել և վերլուծել են այդ տեխնոլոգիաների կիրառման մեթոդաբանությունն ու մշակել ազատականացման և առաջընթացի կարգախոսների ներքո երկրում իրականացվող անցանկալի գործընթացները քաղաքական-տեղեկատվական, իրավական և ուժային միջոցներով չեզոքացնելու գործուն մեխանիզմներ:
Ներքին զսպումից բացի, Վրաստանի իշխող ուժը դեռևս բավական արդյունավետորեն դիմակայում է քաղաքական-դիվանագիտական ոլորտում արևմտյան ճնշումներին՝ պնդելով, որ թեև մշտապես սպառնալիքների և շանտաժի է ենթարկվում, այնուամենայնիվ, մտադիր չէ հետ կանգնել երկրի ազգային շահերից: Թբիլիսին չի ցանկանում զիջել ընդդիմախոսներին` նույնիսկ հաշվի առնելով Բրյուսելի գրեթե բոլոր ինտեգրման ծրագրերի սառեցումը, ներառյալ առանց վիզայի ռեժիմը [6] և ԵՄ գծով ֆինանսական ծրագրերը։
ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքի» վստահ հաղթանակը, որը հաջողությամբ ավարտեց իշխանության բոլոր մակարդակներն իր առաջադրածներով համալրելու գործընթացը, առաջին հայացքից պետք է նվազեցներ լարվածության աստիճանն իշխող շրջանակներում և դրդեր վերսկսելու Արևմուտքի հետ կառուցողական երկխոսության փորձերը՝ համոզելով նրան վրացական ներքաղաքական պայքարի արդյունքներն ընկալելու որպես այլընտրանք չունեցող իրողություն։ Սակայն, ակնհայտ է, որ վրացական իշխանությունները չեն ցանկանում կանգ առնել ձեռք բերածով և պատրաստ են բարձրացնել տոկոսադրույքները ԵՄ-ի և նրա կողմից հովանավորվող ընդդիմության հետ դիմակայությունում։
Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է հայց ներկայացնել հանրապետության Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել երեք արմատական ընդդիմադիր կուսակցություններին՝ «Լելո – Ուժեղ Վրաստան», «Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» [7]։ Այս քաղաքական ուժերը 2024 թ. հոկտեմբերյան ընտրությունների արդյունքներով տեղ են ստացել խորհրդարանում, սակայն ընդհուպ մինչև վերջերս բոյկոտել են դրա աշխատանքը՝ «կեղծված» համարելով քվեարկության արդյունքները։ Դրանով վրացական իշխանությունները որոշել են օգտվել իրավական մեխանիզմներից՝ երկրում արևմտամետ ընդդիմադիր դաշտը վերջնականապես վերացնելու համար։ Ավելին, 27.10.2025 թ. «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովին ուղարկված բաց նամակում պաշտոնական Թբիլիսին տեղեկացրել է, որ չի պատրաստվում մասնակցել հոկտեմբերի 28-30-ը Երևանում կայանալիք ԵՄ Խորհրդարանական վեհաժողովի XII լիագումար նստաշրջանին՝ «հանրապետության ներքին գործերին Բրյուսելի կոպիտ, հակաօրինական միջամտության և երկրում անկարգություններ հրահրելու» պատճառով [8]։ Արդեն 01.11.2025 թ. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ամբողջովին հրաժարվում է մասնակցել ԵՄ ԽՎ բոլոր նիստերին, քանի որ «Եվրանեսթի» երևանյան նիստի ընթացքում ընդունվել են հակավրացական մի քանի բանաձևեր, որոնք կասկածի տակ են դնում վրացական իշխանությունների օրինականությունը և երկրում նոր ներքաղաքական ճգնաժամ ու ապակայունացում են հրահրում [9]:
Այսպիսով, Թբիլիսին հետևողականորեն շարունակում է Արևմուտքից հեռու մնալու գործընթացը՝ հարաբերությունների կարգավորման գլխավոր պայման դնելով գործող իշխանությունների օրինականության ճանաչումը և Վրաստանի հետ Հավաքական Արևմուտքի իրավահավասար երկխոսության հաստատումը՝ առանց ճնշման, շանտաժի և մենթորական դրսևորումների։
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում վրացական ուղեգիծն արմատապես հակասում է Արևմուտքի հարավկովկասյան ռազմավարության տրամաբանությանը, ինչով էլ, ակնհայտորեն, բացատրվում են ԱՄՆ-ի, գլխավորապես ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համառ, բայց դեռևս անհաջող փորձերը՝ ամեն գնով իշխանափոխության հասնել Թբիլիսիում։ Վրաստանը դուրս է մնում տարածաշրջանի առանձին հանրապետություններում քաղաքական համակարգերի վերաձևակերպման և դեպի հակառուսական ուղեգիծ դրանց համաժամանակ տեղափոխման ընդհանուր գործընթացից։ Հայաստանում այս խնդիրը սկսեց իրագործվել 2018 թվականից, երբ իշխանության եկան այն ուժերը, որոնք հետագայում արմատական վերանայման ենթարկեցին հայ-ռուսական հարաբերությունները։
Ադրբեջանում երեք տասնամյակ իշխող վարչախումբը չի փոխարկվել, սակայն, հնարավոր է, պարտավորվել է հասնել համակարգի ներքին վերակազմավորմանը՝ դրանից հեռացնելով այն քաղաքական խմբավորումներին, որոնք ավանդաբար զուգորդվում են ռուսամետ ուղեգծի հետ։ Այս գործընթացը ձգվել է երկու փուլով. սկզբում` Հայաստանում «հեղափոխական իշխանության» հաստատմանը զուգահեռ, ադրբեջանական պետական ապարատը մաքրվել է այն անձանցից, ովքեր ենթադրաբար սերտորեն կապված են Մոսկվայի հետ, այնուհետև, 2025 թվականի հոկտեմբերի կեսերից, նույն շրջանակների դեմ թույլատրվեց քրեական հետապնդում իրականացնել պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքներով [10]։
Հայաստանում իշխանության վերաձևավորումը և ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բարդացումը հարկ է համարել տարածաշրջանում հավաքական Արևմուտքի էական ձեռքբերում: Այնուամենայնիվ, առանց հասնելու Վրաստանի լիակատար բարեհաճությանը, Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության ուղեծրից վերջնականապես դուրս բերելու ռազմավարության հաջողությունը մնում է ոչ միանշանակ։ Եթե «Վրացական երազանքի» կառավարման ներքո Թբիլիսին սերտ, վստահելի հարաբերություններ չի պահպանում Մոսկվայի հետ, ապա չի էլ ձգտում հակառուսական տրամադրությունների վերարտադրման հարթակ, առավել ևս՝ հնարավոր «երկրորդ ճակատ» դառնալ Ուկրաինայից հետո [11]։ Հարավային Կովկասում Հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության պայմաններում Թբիլիսիի համար ակնհայտորեն նախընտրելի է մնալ պայմանական «գորշ գոտի» աշխարհաքաղաքական տարածքում, ինչը, թեև, հղի է վրացական պետականության համար զգալի ծախսերով, սակայն, առնվազն, չի վտանգում նրա գոյությունը:
Կարելի է ենթադրել, որ հակառուսական արևմտյան բլոկը Հարավային Կովկասում գործում է միասնաբար և սերտ համակարգմամբ, սակայն տարածաշրջանը, փաստորեն, ազդեցության արևմտյան կենտրոնների միջև բաժանված է պատասխանատվության գոտիների` սահմանված լինելով համադրողների առաջնահերթություններին և տարածաշրջանի սուբյեկտների հետ նրանց ավանդական կապերին համապատասխան: Վրաստանը դիտարկվում է որպես ԵՄ պատասխանատվության գոտի, մինչդեռ Ադրբեջանում և Հայաստանում իրենց ավելի ակտիվ են դրսևորում, համապատասխանաբար, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը:
2018 թ. «թավշյա հեղափոխությանն» աջակցության և ԱՄՆ հովանու ներքո TRIPP նախագծի գործարկման ուղղությամբ Վաշինգտոնի ակնհայտ հաջողությունների համապատկերում, ինչպես նաև հաշվի առնելով անցյալ դարավերջից ի վեր Լոնդոնի հետ ադրբեջանական քաղաքական և ֆինանսատնտեսական ընտրանիների սերտ կապը, Բրյուսելի աշխատանքը Թբիլիսիի հետ կարելի է ձախողված համարել: ԵՄ-ը չկարողացավ կանխել Արևմուտքի նկատմամբ լիովին բարեհաճ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տապալման գործընթացը և ի վիճակի չեղավ, նույնիսկ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զգալի աջակցությամբ, իրավիճակի հետընթաց խաղալ՝ սկսած 2012 թվականից։ Այս համատեքստում հարկ է հատուկ ընդգծել, որ 2024 թվականից ի վեր նկատելիորեն նվազել է վրացական ուղու վրա ԵՄ-ին աջակցելու հարցում ԱՄՆ-ի ակտիվությունը, ինչպես և ավելի զուսպ է դարձել պաշտոնական Վաշինգտոնի քննադատությունն իշխող «Վրացական երազանքի» հասցեին՝ դրա «կառավարման հակաժողովրդավարական մեթոդների» և ազատական ընդդիմության հանդեպ «բռնաճնշումների» համար։ Ակնհայտ է, որ դա կապված է ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակի և USAID-ի [12], Ջ. Սորոսին [13] փոխկապակցված կազմակերպությունների, դրանց կառուցած «խորքային պետության» ամբողջ համակարգի դեմ նախագահ Դ. Թրամփի նախաձեռնած կատաղի արշավի հետ, մի համակարգ, որն Ամերիկայի գործող նախագահի կարծիքով ոչ միայն ներսից ապակայունացրել է ԱՄՆ-ը, այլև բռնի մեթոդներով միջամտում էր ողջ աշխարհի շատ այլ երկրների ներքին գործերին։
Դրա հետ մեկտեղ չի կարելի բացառել, որ վրացական գործերում ԱՄՆ-ի պասիվության վրա նաև որոշակիորեն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնի փաստացի միջնորդությամբ կայացած «խաղաղ գործընթացը»: Դրա համար որպես «պարգևատրություն» Դ. Թրամփն իր երկրի համար իրավունք է ստացել վերահսկելու Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև տրանսպորտային միջանցքի հայկական հատվածը, որը հեռանկարում պետք է դառնա Հարավային Կովկասում «Միջին ճանապարհի» և «Արտակասպյան երթուղու» դիվերսիֆիկացման առանցքային տարրերից մեկը: Աշխարհաքաղաքական քարտեզի վրա Վրաստանի դիրքը և նրա հնարավոր տարանցիկ դերը, անշուշտ, ԱՄՆ-ի ուշադրությունը գրավել են Ռուսաստանի և Չինաստանի հետ աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակցության համատեքստում։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի, նրա տարանցիկ ներուժի և ներքաղաքական իրավիճակի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորությունը, ԱՄՆ-ը, հնարավոր է, որոշակի կորցրել է նախկին հետաքրքրությունը վրացական օրակարգի նկատմամբ։
Ստեղծված նոր փոխդասավորության մեջ Վաշինգտոնի համար ակնհայտորեն նախընտրելի է աշխատել Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հետ՝ դրանով իսկ Հայաստանից հուսալի հարթակ կառուցելով հարավային ուղղությամբ Ռուսաստանին մեկուսացնելու, դեպի Սև ծով Իրանի ճանապարհը փակելու, Կենտրոնական Ասիա ԱՄՆ-ի ռազմավարական ելքն ապահովելու և տարածաշրջանում առևտրա-լոգիստիկ նախաձեռնությունների զգալի մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Դրա հետևանքով Վրաստանն զգալիորեն կորցնում է իր դիրքերը նոր փոխդասավորության մեջ՝ դրանով իսկ ԵՄ-ին զրկելով «հարավկովկասյան կարկանդակի» բաժանմանը մասնակցությունից։
Հատկանշական է, որ նման սցենարի մասին գործող իշխանություններին զգուշացրել էր Թբիլիսիում անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի հաջող մեկնարկը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի վրա Արևմուտքի ուշադրության տեղափոխումը Վրաստանը կվերածեն «անդամահատված օրգանի» և աշխարհաքաղաքական աղետ կդառնան նրա համար [14]։ Այս գնահատականը, ամենայն հավանականությամբ, քաղաքական շարժառիթ ունի և արտացոլում Է Վրաստանի ողջ արևմտամետ արմատական ընդդիմության տեսակետները, մինչդեռ փորձագիտական մակարդակում «աղետի» հեռանկարը բացառվում է, թեկուզ և ահազանգեր արձանագրվում են։
Մի շարք վրացի վերլուծաբաններ կարծում են, որ Վրաստանի և Հայաստանի միջև տարանցիկ փոխադրումների փոխդասավորումը` դրանց քվոտավորմամբ, օգուտ կբերի երկու երկրներին՝ դրանք «միջանցիկ բակ» դարձնելու սպառնալիք չստեղծելով [15]։ Այլ փորձագետների գնահատականներով` հայկական տարանցման զարգացումը կարող է հանգեցնել Վրաստանի կողմից բեռնափոխադրումների հոսքի մինչև 20% կորստի, ինչն զգալի վնաս կհասցնի երկրի տնտեսությանը և բյուջեին՝ դրանից բխող լուրջ քաղաքական հետևանքներով: Ուստի հնարավոր կորուստները կանխելու համար մասնագետները Թբիլիսիին կոչ են անում արդեն հիմա քայլեր ձեռնարկել մրցունակության ամրապնդման, սակագնային քաղաքականության վերանայման, ենթակառուցվածքների զարգացման և փոխադրողների հետ փոխգործակցության աշխուժացման համար [16]։
Ըստ երևույթին, վրացական կառավարությունը մտադիր է հավատարիմ մնալ հենց այդ ուղեգծին՝ արևմտյան գործընկերների հետ քաղաքական տարաձայնությունները փոխհատուցելով նրանց համար վրացական տարանցիկ և տնտեսական նախագծերի գրավչության աճով [17]։
Թբիլիսին բացահայտ ձգտում է խորացնել փոխգործակցությունը տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական խաղացողի՝ Չինաստանի հետ, որի հետ գործընկերության վրա հենվելով՝ Վրաստանին հաջողվել է նկատելիորեն նվազեցնել Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհառազմավարական մրցակցության հավասարակշռման ռիսկերն առաջնագծում։ Չինաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը [18] ճանապարհ բացեց հանրապետության տնտեսության մեջ չինական լայնածավալ ներդրումների ու նրա լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման համար, ինչը թույլ տվեց նվազեցնել այդ հարավկովկասյան հանրապետության կախվածությունն արևմտյան ուժային կենտրոններից և հավասարեցնել նրանց ֆինանսա-քաղաքական ազդեցության լծակների արդյունավետությունը։
Առևտրա-էներգետիկ երթուղիների զարգացման ոլորտում Պեկինի հետ փոխգործակցության ընդլայնման մասին երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունը և որպես Արևմուտքի և Արևելքի միջև կապող օղակի` Վրաստանի պատմական դերի շեշտադրումը պարունակում է նաև ուղերձ արևմտյան ընդդիմախոսներին առ այն, որ Թբիլիսին համաձայն է միայն վրաց-չինական գործընկերությանը նման համագործակցության մոդելին, լայն տնտեսական ինտեգրմանը՝ առանց երկրի ներքին գործերին քաղաքական միջամտության և առանց գլոբալ աշխարհաքաղաքական դիմակայությանը մասնակցության պարտադրանքի:
Այսպիսով, Վրաստանը պատրաստակամություն է ցուցաբերում կատարել կապող կամրջի, բայց ոչ բեկման գծի դեր, որի վրա առկա է գլոբալ դիմակայության ճակատը։ Այս ուղերձն արդեն իսկ բավական հստակ է հնչում միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով, որ այդ փոքր հանրապետությանը մինչ օրս հաջողվում է փխրուն հավասարակշռություն պահպանել աշխարհի ամենաբարդ և պայթյունավտանգ տարածաշրջաններից մեկում։
Հղումներ
[1] «Невеликая октябрьская революция». Kommersant, 05.10.2025, https://www.kommersant.ru/doc/8097542 (բեռնման օրը՝ 08.11.2025).
[2] Н. Ошуев. «Оппозиция Грузии после выборов: есть ли выход из тупика?» DW, 10.10.20205, https://www.dw.com/ru/gruzinskaa-oppozicia-posle-municipalnyh-vyborov-est-li-vyhod-iz-tupika/a-74311864 (բեռնման օրը՝ 08.11.2025).
[3] «ЕС раскритиковал муниципальные выборы в Грузии». DW, 06.10.2025, https://www.dw.com/ru/es-raskritikoval-municipalnye-vybory-v-gruzii-prosedsie-v-usloviah-vseobemlusih-repressij/a-74245794 (բեռնման օրը՝ 08.11.2025).
[4] «Грузинская мечта» ответила на критику американских сенаторов». Sputnik Грузия, 09.10.2025, https://sputnik-georgia.ru/20251009/gruzinskaya-mechta-otvetila-na-kritiku-amerikanskikh-senatorov-295311731.html (բեռնման օրը՝ 08.11.2025).
[5] «Американские конгрессмены направили письмо Рубио с критикой «Грузинской мечты». Эхо Кавказа, 06.11.2025, https://www.ekhokavkaza.com/a/amerikanskie-kongressmeny-napravili-pisjmo-rubio-s-kritikoy-gruzinskoy-mechty-/33582827.html (բեռնման օրը՝ 08.11.2025).
[6] «Последнее предупреждение»: ЕС угрожает отменить безвизовый режим с Грузией уже осенью». RFI, 17.07.2025, https://www.rfi.fr/ru/кавказ/20250717-последнее-предупреждение-ес-угрожает-отменить-безвизовый-режим-с-грузией-уже-осенью (բեռնման օրը՝ 08.11.2025).
[7] «Правящая партия Грузии подала иск в Конституционный суд, требуя запретить три «радикальные» оппозиционные партии». Настоящее Время, 28.10.2025, https://www.currenttime.tv/a/pravyaschaya-partiya-gruzii-podala-isk-v-konstitutsionnyy-sud-trebuya-zapretit-tri-radikalnye-oppozitsionnye-partii/33573142.html (բեռնման օրը՝ 08.11.2025).
[8] «Грузия отказалась от участия в ПА «Евронест» в Ереване». Sputnik, 27.10.2025, https://am.sputniknews.ru/20251027/gruziya-otkazalas-ot-uchastiya-v-pa-evronesta-v-erevane–95124908.html (բեռնման օրը՝ 08.11.2025).
[9] «Грузия больше не будет участвовать в заседаниях Парламентской ассамблеи «Евронест». Panorama.am, 01.11.2025, https://www.panorama.am/ru/news/2025/11/01/Грузия -Евронест/3144276 (բեռնման օրը՝ 08.11.2025).
[10] «Azerbaijan Purges Its Old Elites Amid Accusations of Pro-Russian Pensioners’ Plot». Carnegie politika, 06.11.2025, https://carnegieendowment.org/russia-eurasia/politika/2025/11/ azerbaijan-elites-reform?lang=en (բեռնման օրը՝ 08.11.2025).
[11] «Мэр Тбилиси заявил о требовании Запада открыть «второй фронт» против России». Kommersant, 26.08.2025, https://www.kommersant.ru/doc/7990399 (բեռնման օրը՝ 09.11.2025).
[12] «Разгром USAID команда Трампа ведет показательно и с особой жестокостью». Смотрим, 09.02.2025, https://smotrim.ru/article/4351079 (բեռնման օրը՝ 09.11.2025).
[13] «Почему крайне правые считают Сороса злодеем и при чем тут «еврейский заговор»?» BBC NEWS, 08.09.2019, https://www.bbc.com/russian/features-49623563 (բեռնման օրը՝ 09.11.2025).
[14] «И. Баратели, «Катастрофа или геополитический шанс? Что означают для Грузии мирные переговоры Армении и Азербайджана в Вашингтоне». Новая газета Европы, 10.08.2025 https://novayagazeta.eu/articles/2025/08/10/katastrofa-ili-geopoliticheskii-shans (բեռնման օրը՝ 09.11.2025).
[15] «Проходной двор» переедет в Армению – идеальный вариант для Грузии: Рцхиладзе». RUSARMINFO, https://www.youtube.com/watch?v=FMfSjOLOkUI (բեռնման օրը՝ 09.11.2025).
[16] «Грузия может потерять 20% грузопотока при открытии новых маршрутов через Армению». Sputnik Армения, 05.11.2025, https://am.sputniknews.ru/20251105/gruziya-mozhet-poteryat-do-20-gruzopotoka-pri-otkrytii-novykh-marshrutov-cherez-armeniyu–95456 836.html (բեռնման օրը՝ 09.11.2025).
[17] «Кобахидзе: Китай, Азербайджан и Грузия создают очень интересный маршрут». Голос Армении, 08.11.2025, https://www.golosarmenii.am/кобахидзе-китай-азербайджан-и-грузия/ (բեռնման օրը՝ 09.11.2025).
[18] «Грузия и КНР опубликовали совместное заявление о стратегическом партнерстве». Civil Georgia, 31.07.2023, https://civil.ge/ru/archives/553863 (բեռնման օրը՝ 09.11.2025).
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 13.11.2025 թ.: