Հրապարակում
Վրաստանի քաղաքական, փորձագիտական և մեդիա արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանն ու հետագա զարգացումներին
Политическая, экспертная и медийная реакция Грузии на парафирование мирного соглашения между Арменией и Азербайджаном и последующее развитие событий
Меликсетян A. М.
Аннотация
После парафирования мирного соглашения между Арменией и Азербайджаном в августе 2025 года и заявлений о возможном разблокировании региональных транспортных путей, вопрос их влияния на Грузию остается в центре интенсивных политических и экспертных дискуссий. Практически еженедельно в политических кругах и аналитическом сообществе соседней страны обсуждаются стратегические шаги, которые позволят Тбилиси избежать исключения из новых региональных проектов.
Исследование грузинских медиа за последние месяцы свидетельствует о том, что перспектива деблокады коммуникаций и создание альтернативных маршрутов вызвали в стране серьезную озабоченность. Грузия стремится не только сохранить свой статус ключевого транзитного хаба на карте грузоперевозок «Восток — Запад», но и определить свою конкретную роль в реализации инициативы TRIPP (Regional Integration and Peace Project).
В данной работе предпринята попытка комплексного анализа официальной позиции Грузии, реакции оппозиционных сил, а также ключевых экспертных дискуссий и опасений, превалирующих в общественно-политическом пространстве страны.
Georgia’s political, expert, and media reaction to the initialing of the Armenia–Azerbaijan Peace Agreement and subsequent developments
Meliqsetyan H. M.
Summary
Following the initialing of the peace agreement between Armenia and Azerbaijan in August 2025 and subsequent declarations regarding the potential unblocking of regional transport links, the implications for Georgia have remained a subject of intense political and expert debate. Within the political circles and analytical community of the neighboring state, discussions occur almost weekly concerning the strategic measures necessary to ensure that Georgia is not marginalized from emerging regional projects.
An analysis of Georgian media over recent months indicates that the prospect of unblocking communications and establishing new routes has generated significant concern within the country. Georgia is striving not only to maintain its pivotal status as a transit hub on the East-West cargo corridor but also to define its specific role and participation in the implementation of the TRIPP (Regional Integration and Peace Project) initiative.
This study examines Georgia’s official stance, the reactions of opposition figures, and the prevailing concerns within expert discourses regarding the shifting regional transport architecture.
Հասմիկ Մ. Մելիքսեթյան[1]
Վրաստանի քաղաքական, փորձագիտական և մեդիա արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանն ու հետագա զարգացումներին[2]
Ներածություն
Վրաստանի քաղաքական, փորձագիտական և մեդիաարձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը շատ բուռն էր։ Օրեր շարունակ քաղաքական գործիչները, փորձագետները և մեդիան քննարկում էին թեման՝ գլխավորապես շեշտը դնելով այս գործընթացներում Վրաստանի հնարավորությունների և կորուստների վրա։ Հարկ է նշել, որ բոլոր խմբերի պարագայում էլ առաջին արաձագանքները և հետագա դիրքավորումն էականորեն տարբերվում են։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն, օրինակ, մեծամասամբ այս թեմային այլևս չեն անդրադառնում, մինչդեռ առաջին օրերին բավական ակտիվ էին։ Հակառակն է պաշտոնական արձագանքի տեսանկյունից։ Եթե նախնական արձագանքներում վրացական պետական քաղաքական գործիչները զուսպ, լակոնիկ հայտարարություններ էին անում, ապա վերջին ամիսներին միջազգային բազում հանդիպումների ժամանակ կամ ելույթներում վրացական կողմը խոսում է խաղաղության համաձայնագրից, տարածաշրջանում դրա ընձեռած հնարավորություններից և սեփական դերակատարությունից։
Փորձագիտական դաշտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև սկզբնական ակտիվությունն այլևս չի նկատվում, այնուամենայնիվ թեման շարունակում է մնալ դաշտում՝ ուշադրության կենտրոնում պահելով հենց Վրաստանի հնարավորությունները։ Ինչպես սկզբնական օրերին, այնպես էլ հիմա փորձագետների շրջանում տարածաշրջանային գործընթացներից դուրս չմնալու վերաբերյալ քայլերը, ճանապարհային քարտեզների առաջարկությունները շարունակում են արդիական մնալ։
Վրաստանի իշխանությունների պաշտոնական արձագանքը
Վրաստանի պաշտոնական արձագանքն օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում այդ երկրի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը բավականին զուսպ էր՝ համեմատած ընդդիմադիր դաշտի ակտիվությանը։ Պաշտոնական հաղորդագրություններում ներկայացնելով պետության դիրքորոշումը շեշտվում էր, որ դրա հիմքում «տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման հարցում Վրաստանի անսասան աջակցությունն է, ինչպես նաև այն, որ երկիրը միշտ արտահայտել է իր պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր հաշվում նշել էր, թե «Վրաստանը ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար այս պատմական պահը»։ Նա շնորհավորել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարներին՝ խաղաղության կարևորագույն համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ։ Կոբախիձեն հատկապես շեշտել էր, որ Վրաստանը մշտապես կողմ է եղել տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը[3]։
Օգոստոսի 9-ին համաձայնագրի նախաստորագրումը ողջունել էր նաև Վրաստանի ԱԳՆ-ն՝ «այն համարելով Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ նշանակալի քայլ»։ Գերատեսչության հաղորդագրության մեջ հատկապես շեշտվել էր ԱՄՆ նախագահի «ակնառու ներդրումն ու ջանքերը Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտության դադարեցման գործում»[4]։ Օրեր անց՝ օգոստոսի 12-ին, Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Բոճորիշվիլին շնորհավորել էր իր գործընկերոջը՝ նշելով, որ ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը զգալիորեն կնպաստի Հվ․ Կովկասում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունության ամրապնդմանը[5]։
Այդ օրերին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին իր հայտարարություններում ևս մեկ անգամ վերահաստատել էր, որ Թբիլիսին ողջունում է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քայլերը: Կղավելաշվիլին հայտարարել էր, թե «Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա եռակողմ ձևաչափը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող են արդյունավետորեն և հաջողությամբ համագործակցել այն երկրները, որոնք հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պատրաստ են իրականացնել տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող նախագծեր»[6]։
Հարկ է նշել, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը 2025 թ․ օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո հաճախ է իր հայտարարություններում անդրադառնում համաձայնագրին և դրա համատեքստում ենթակառուցվածքների, կապուղիների հնարավոր ապաշրջափակմանը։
Հետաքրքրական է, որ Վրաստանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի և արտգործնախարարի՝ վերջին ամիսներին արված հայտարարությունները նկատելիորեն զարգացում են ապրել։ Եթե նախկինում պաշտոնական ելույթներում հիմնական շեշտադրումը կատարվում էր հիշյալ փաստաթղթի և տարածաշրջանային խաղաղության հեռանկարների վրա, ապա վերջին ամիսներին Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստան–Ադրբեջան կարգավորմանը զուգահեռ, առանցքային են համարում նաև ենթակառուցվածքային նախագծերը։ Ընդ որում, ընդգծվում է, որ Թբիլիսին ոչ միայն հետևում է այդ գործընթացներին, այլև ակտիվորեն մասնակցում է դրանց իրագործմանը: Սրա մասին են վկայում նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունները, որոնցում շեշտվում է, որ ամերիկյան մի շարք պաշտոնյաներ վրացական կողմի հետ քանիցս քննարկել են, թե ինչպիսի դերակատարում կարող է ունենալ Վրաստանը TRIPP-ի իրագործման ընթացքում։
Ընդդիմադիր գործիչների արձագանքը
Վրացական ընդդիմության արձագանքն ստորագրված փաստաթղթին ու իրողությունն ինքնին, մի քանի ձևով էր ներկայացվում՝ տարանջատելով հայտարարություններն արտաքին և ներքին լսարանների համար։ Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում իր գրառման մեջ նշել էր ԱՄՆ նախագահին՝ շեշտելով, որ «Կովկասում խաղաղության և առաջընթացի հաջողությունը» նաև Դոնալդ Թրամփինն է[7]։
Ընդդիմադիր մյուս գործիչների հայտարարությունների գլխավոր շեշտադրումն այն էր, որ ներկա իրավիճակը Վրաստանի համար «ամենածանր աշխարհաքաղաքական աղետն է»։ Ընդդիմությունն այս հարցում մեղադրում էր Վրաստանի ներկայիս իշխանությանն ու հատկապես իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ «Վրաստանին իր հիմնական դաշնակիցներից մեկուսացնելու համար»։
Վրացական ընդդիմության գրեթե բոլոր ակնառու ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ ներքաղաքական իրավիճակով և ստորագրված փաստաթղթով «Վրաստանը կորցնում է իր տարանցիկ հանգույցի գործառույթը»։
Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին գրել էր․ «Ամերիկան 100 տարով վարձակալելու է Զանգեզուրի միջանցքը, բացում է նոր տարանցիկ միջանցք Եվրոպայից դեպի Չինաստան, այս անգամ շրջանցելով Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը։ Այո, հենց Իրանի և Ռուսաստանի հետ ենք մենք բախվում լիակատար աշխարհաքաղաքական մեկուսացման։ Սա նշանակում է, որ երկաթե վարագույրը իջնում է Կարմիր կամրջի վրա, և մենք ընկնում ենք անդունդը՝ Մոսկվայի և Թեհրանի հետ միասին»[8]։
Կուսակցության առաջնորդներից Թինա Բոկուչավան էլ անդրառնալով թեմային՝ շեշտել էր, որ Վրաստանը մաս չի կազմում նման կարևոր իրադարձության։ Վերջինս նշել էր, որ աշխարհաքաղաքական ողբերգություն է, երբ ժամանակին տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը և Ասոցացման եռյակում առաջատար Վրաստանը դուրս է այդ ամենից[9]։ Քաղաքական գործիչն այդ ամենի համար նույնպես մեղադրել էր Բիձինա Իվանիշվիլիին։ Թ. Բոկուչավան նաև կարևորել էր, որ հենց Մ. Սաակաշվիլիի կառավարման օրոք է ներկայիս նախագահ Դ. Թրամփն առաջին անգամ եղել տարածաշրջանում և հատկապես՝ Վրաստանում, այցելել Բաթումի, ցանկություն հայտնել այնտեղ Trump Tower կառուցել։ Բոկուչավան մեղադրել էր վրաց իշխանությանը, որ այդպիսի հնարավորությունները չեն օգտագործվել, և երկիրը ներկա աշխարհաքաղաքական իրողություններին որևէ կերպ չի մասնակցում։ Նա նշել էր նաև, որ Վրաստանն այժմ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցության տակ է։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լևան Սանիկիձեն իր հերթին հռետորական հարց է բարձրացրել, թե որտեղ է Վրաստանը, որը ժամանակին տարածաշրջանում առաջատարն էր։ Նա նույնպես մեղադրել է Վրաստանի կառավարությանը «այս հանդիպմանը ներկայացված չլինելու համար»[10]։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան նույնպես այն կարծիքին էր, թե «Վրաստանը պետք է լիներ այս նոր տարածաշրջանային իրականության գլխավոր ճարտարապետը»։ Գախարիան, այնուամենայնիվ, հույս էր հայտնել, որ «Վրաստանն անխուսափելիորեն կզբաղեցնի իր արժանի աշխարհառազմավարական տեղը նախագահ Թրամփի Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման նախագծում։ Դա միայն ժամանակի հարց է»[11]։
Ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան էլ անդրադարձել էր ոչ միայն նոր իրողությունների՝ Վրաստանի վրա ազդեցությանը, այլ նաև, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ Հայաստանը։ «Հայաստանը շուտով կստանա առանց վիզայի ճանապարհորդություն դեպի Եվրամիություն և մի քանի տարի անց կդառնա Եվրամիության անդամ։ Թրամփի երթուղին գլխավոր գանձի՝ Սև ծովի այլընտրանք է։ Միջին միջանցքն այլևս բացառիկ չէ միայն Վրաստանի համար։ Պատմությունը ողբերգականորեն փոխվել է. Մետաքսի ճանապարհը այլևս չի անցնում Վրաստանով։ Այն անցնում է Հայաստանով։ Թբիլիսին ներկայումս աշխարհագրական, աշխարհաքաղաքական, տնտեսական և տրանսպորտային փակուղու մայրաքաղաքն է․․․», – գրել էր նա[12]։ Գվախարիան նաև նշել էր, որ Վրաստանը դեռևս հնարավորություն ունի և զգալի օգուտներ է ստացել համաձայանգրից՝ առաջին հերթին «հավերժական խաղաղություն», «Թբիլիսիից 500 կմ հեռավորության վրա տեղակայված ամերիկյան բանակ»։ Ըստ նրա՝ «Պատերազմի քարոզչությունն ավարտվեց՝ պատերազմ չի լինի»[13]։
Ընդհանուր առմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր (և ոչ միայն) դաշտին անհանգստացնում է Վրաստանի տարանցիկ գործառույթի հնարավոր կորուստը, աշխարհաքաղաքական իրավիճակից դուրս մնալը, ԱՄՆ-ի համար տարածաշրջանում բացառիկ դերակատարումից ու նշանակությունից զրկվելը։
Փորձագիտական արձագանք
Թեման ս. թ. օգոստոսից ի վեր շարունակում է ակտիվ քննարկվել վրացական մեդիայում ոչ միայն տեղեկատվական հրապարակումների, այլև վերլուծական և փորձագիտական կարծիքների ներկայացմամբ։ Փորձագիտական դաշտում, ի տարբերություն պաշտոնական և ընդդիմադիր քաղաքական հայտարարությունների և մտահոգությունների, հաճախ կարելի է հանդիպել հստակ ճանապարհային քարտեզների, որոնք կարող են օգնել Վրաստանին առաջիկա տարիներին ենթակառուցվածքների ոլորտում կարևոր դերակատարում ստանձնել։ Փորձագետներից շատերը հատկապես նշել են, որ ա. կ. «Զանգեզուրի միջանցքը» ենթակառուցվածքների առումով այս պահին պատրաստ չէ, և հենց դա էլ կարող է առաջիկա տարիներին օգնել Վրաստանին սեփական ենթակառուցվածքների շահագործումն արագացնել և պատրաստ լինել նոր իրողություններին։
Տրանսպորտային միջանցքի հետազոտական կոնտրոնի տնօրեն, տրանսպորտային հարցերով փորձագետ Պաատա Ցագարեիշվիլին վրացական մի շարք ընդդիմադիր հեռուստաընկերությունների եթերում ակտիվորեն արծարծել և շարունակում է ներկայացնել TRIPP-ը կամ, ինչպես վրացական մեդիան հիմնականում ներկայացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Սկզբնական շրջանում փորձագետն անդրադառնում էր այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP-ը, ինչ հնարավորություններ կան դրա ենթակառուցվածքային գործունեության համար և ինչ ազդեցություն կունենա այն Վրաստանի տարանցիկ և տնտեսական իրավիճակի վրա[14]։ Պ. Ցագարեիշվիլին մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ենթակառուցվածքների առումով այս պահին պատրաստ չէ, սակայն առաջիկա 5 տարվա ընթացքում կարող է վերափոխվել։ Մասնագետը ներկայացրել է նաև «Միջին միջանցքի» և ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» տարբերությունները՝ նշելով, որ այդ միջանցքի գործարկման դեպքում հնարավոր է «Միջին միջանցքից» 2-2,5 մլն տոննա բեռնափոխադրման հոսք վերաուղղորդել դեպի այս նոր միջանցքը[15]։
«5-7 տարի ժամանակ կպահանջվի մինչև Զագեզուրիի միջանցքի շահագործման հանձնումը։ Վրաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս ժամանակը և նախևառաջ ավարտի առկա ենթակառուցվածքային նախագծերը՝ ավելի մրցունակ դառնալու համար։ Եթե այս նախագծերը չշահագործվեն 2-3 տարվա ընթացքում, Վրաստանը դժվարություններ կունենա լրացուցիչ բեռներ գտնելու հարցում։ Այս միջանցքի գործարկման դեպքում հնարավոր է մեր «Միջին միջանցքից» 2-ից 2,5 մլն տոննա բեռնափոխադրման հոսք վերաուղղորդել դեպի այս նոր միջանցք։ Այս 2-2,5 մլն տոննան կազմում է առկա տարանցիկ ծավալի մոտավորապես 15-20%-ը։ Կորցնելով 15-20%-ը այն իրավիճակում, երբ երկրի քաղաքական ղեկավարները գիտակցում են, որ «Միջին միջանցքն» առաջնահերթություն է և ավելին՝ տնտեսական անկյունաքար, շատ մեծ կորուստ կլինի, և մենք կարող ենք դրա առջև կանգնել», – ասել էր Պաատա Ցագարեիշվիլին[16]։
Տնտեսական հարցերով Վրաստանում հայտնի փորձագետ Սանդրո Թվալճրելիձեն նույնպես նշել էր, թե «գիտի տարածքը, մեքենայով անցել է «Զանգեզուրի միջանցքով» և կարող է ասել, որ այնտեղ մեծ քանակությամբ բեռներ տեղափոխելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար շատ ժամանակ և գումար կպահանջվի»։
Փորձագետը համամիտ չէ, սակայն քաղաքական այն պնդումների հետ, թե «Վրաստանի համար աշխարհաքաղաքական փլուզում կլինի, եթե այս [ուղին] նվազեցնի Վրաստանի տարանցիկ գործառույթը»[17]։
«Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ: Սա բավականին դժվար լեռնային տեղանք է: Համապատասխանաբար, տարանցիկ և ցամաքային տեղաշարժը դժվար կլինի, եթե ոչ` անհնար: Իհարկե, մի կողմից, Ադրբեջան–Հայաստան, իսկ մյուս կողմից՝ Հայաստան–Թուրքիա սահմանների բացումը շատ բան կփոխի, չնայած սկզբում դրանք էական փոփոխություններ չեն բերի: Ժամանակ կպահանջվի: Եթե մենք ուզում ենք պատրաստ լինել այս ժամանակահատվածին, ապա պետք է շտապ ակտիվացնենք Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու շինարարությունը, և Անակլիայի նավահանգստի կառուցումը նույնպես պետք է սկսվի ժամանակին», – ասել է փորձագետը։
Վրացի վերլուծաբաններից ոմանք էլ հայտարարել են, թե «Վրացական երազանքը» շփոթված և անհանգստացած է Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացներից, որոնք ԱՄՆ-ին բացառիկ իրավունք տվեցին զարգացնել Հվ. Կովկասում կարևորագույն տարանցիկ երթուղին»[18]։
Վրաստանի հնարավոր դերակատարությունը TRIPP-ի իրագործման համատեքստում
Վրաստանը վերջին տարիներին լուրջ հակասություններ ունի Արևմուտքի հետ։ 2022 թ. ուկրաինական պատերազմի վերսկսումից և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալուց հետո արևմտյան երկրների և կառույցների հետ Վրաստանի հարաբերությունները հետզհետե մտան հակասությունների, իսկ այժմ՝ փոխադարձ բացահայտ քննադատությունների և մեղադրանքների փուլ։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքի հետ իդեալականին նմանվող հարաբերություններ ունենալուց հետո արևմտյան մի շարք երկրներ խիստ քննադատաբար են վերաբերվում Վրաստանին և ներկայիս իշխանությանը, որոշ երկրներ դադարեցրել են համագործակցությունը, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիրառում են տարատեսակ պատժամիջոցներ և սառեցրել են համագործակցության բազում մեխանիզմներ։ Հարավային Կովկասում Արևմուտքի երբեմնի օրինակելի գործընկերն ու ժողովրդավարության առաջամարտիկ Վրաստանը մեղադրում է Եվրոպային երկակի չափանիշներ կիրառելու, բյուրոկրատիայի և իր ներքին գործերին խառնվելու համար։ Ներկայումս Վրաստանի քաղաքական առաջնորդները հանրայնորեն քննադատում են Եվրոպային, արևմտյան կառույցներին՝ այդ թվում ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ԵԽԽՎ-ին՝ հաճախ կիրառելով կոշտ և հեգնական հռետորաբանություն։ Ի տարբերություն Եվրոպայի հետ ծայրահեղ լարված հարաբերություններին՝ որոշակի զսպվածություն կա ԱՄՆ-ի հետ կապերի կարգավորման հարցի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 2-րդ ժամկետի սկզբից ի վեր վրացական կողմը որոշակի ազդակի է սպասում ԱՄՆ-ից ՝ հարաբերությունների հնարավոր կարգավորման համար։ Վրաստանի նախագահը և վարչապետը մի քանի անգամ բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահին հարաբերությունները նոր, մաքուր էջից սկսելու պատրաստակամությամբ[19]։ Այնուհանդերձ, Վաշինգտոնի կողմից առայժմ չեն արվել այնպիսի հասցեական հայտարարություններ, որոնք կարող են որակվել որպես Թբիլիսիի հետ հարաբերությունների վերագործարկման լուրջ նախանշան: Հարկ է նշել, սակայն, որ 2025 թ․ օգոստոսին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից և «Թրամփի ուղու» ծրագրի մեկնարկի վերաբերյալ խոսակցությունների ֆոնին ակտիվացել են նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատան և Վրաստանի կառավարության միջև հանդիպումները և քննարկումները։
2025 թ. օգոստոսի 28-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, թե ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փըրսելի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի հանդիպման ժամանակ կողմերը շոշափել են տնտեսական հարցեր և Վրաստանում ամերիկյան ընկերությունների համար ներդրումային միջավայրը[20]։
«Նշվել է, որ վրացական կողմը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկմամբ և ռազմավարական համագործակցության վերականգնմամբ։ Նախարարը հատկապես ընդգծել է նախագահ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների կարևորությունը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման համար։ Նրա խոսքով՝ այս արդյունքը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար, ինչը Վրաստանի կառավարության քաղաքական առաջնահերթությունն է։ Երկու կողմից էլ հատուկ ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» զարգացման կարևորությանը։ Ընդգծվել է Վրաստանի՝ որպես տարածաշրջանային տարանցիկ նախագծերի առանցքային դերակատարի դերը, ինչպես նաև «Միջին միջանցքի»՝ Եվրոպան և Ասիան կապող կայուն, անվտանգ և արդյունավետ տարանցիկ երթուղու զարգացման նշանակությունը։ Ուշադրություն է դարձվել նաև ենթակառուցվածքային նախագծերին, որոնք Վրաստանի կառավարությունը իրականացնում և պլանավորում է՝ «Միջին միջանցքի» զարգացումը և մրցունակության բարձրացումը ապահովելու համար», – ասված էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ[21]։
ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հերթական քննարկումը TRIPP-ին Վրաստանի աջակցության վերաբերյալ տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին։ Այդ ժամանակ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ (ավագ խորհրդական) Ջոնաթան Ասկոնասի նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Վրաստանն աջակցել Թրամփի վարչակազմի կողմից կյանքի կոչվող TRIPP-ին։ Նշվել էր, որ Ասկոնասն այցելել է Սադախլոյի մաքսային անցակետ, որը հիմնականում կառուցվել և կահավորվել է ԱՄՆ աջակցությամբ[22]։ Այցի ընթացքում նա հանդիպել էր նաև Վրաստանի ԱԳՆ, կառավարության աշխատակազմի, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի և Ջոնաթան Ասկոնասի գլխավորած պատվիրակության հանդիպմանը կողմերն ուշադրություն են դարձրել Վրաստանի տարանցիկ և կապող գործառույթների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Ժորժոլիանին ամերիկյան կողմին տեղեկացրել է երկաթուղային, ճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքների զարգացման գործում կատարվող նշանակալի ներդրումների մասին։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ քննարկվել է նաև Վրաստանի դիրքորոշումը «Թրամփի երթուղու» վերաբերյալ։ Նշվել էր նաև, որ TRIPP-ը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա՝ ԱՄՆ-ի կողմից բեռնափոխադրումների իրականացման համար անվտանգության երաշխիքների ստեղծման տեսանկյունից[23]։
Հետաքրքրական է, որ այդ օրերին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել էր ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի այցին Վրաստան և հայտնել, որ Թբիլիսիում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչները իրենց քննարկումները կոորդինացրել են նաև Հայաստանի հետ։ «Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաև Թբիլիսին շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից։ Թույլ տվեք նաև ավելացնել մեկ այլ կետ․ մենք ինքներս էլ Միացյալ Նահանգների մեր գործընկերներին քաջալերում էինք և բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, և շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել», – հայտարարել էր Վահան Կոստանյանը[24]։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչների այցելությունից օրեր առաջ պաշտոնական այցով Վրաստանում էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում մշտապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը։ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել էր․ «Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս պատմական համաձայնագիրը քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»[25]։
Վրաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ մեկ այլ քննարկման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 26-ին։ Ըստ հաղորդագրության՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փըրսելը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին[26]։ Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, Վրաստանի տնտեսական զարգացումը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցեր, ինչպես նաև՝ թե ինչպես Վրաստանը կարող է աջակցել TRIPP նախաձեռնությանը։
Այս հանդիպումների օրերին վրացական հեռուստատեսության «Առաջին ալիքի» հետ զրույցում Վրաստան–ԱՄՆ հարաբերություններում տեղաշարժի մասին էր խոսել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա նշել էր, թե Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները կտրուկ վատթարացել են, ինչն այսօր այլևս այդպես չէ։
«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն դեռևս լիովին չի մշակել Վրաստանի նկատմամբ իր քաղաքականության շրջանակը։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչ հարցերով է զբաղված Սպիտակ տունը ներկայումս համաշխարհային մակարդակով։ Միացյալ Նահանգներն այսօր շատ կարևոր գործընթացների մասնակից է, և, իհարկե, մենք տեսնում ենք, որ Վրաստանը այդքան էլ բարձր տեղ չի զբաղեցնում օրակարգում։ Մենք ռազմավարական համբերության ռեժիմում ենք և սպասում ենք, որ որոշակի փուլում Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վերագործարկումը կլինի օրակարգում, և այդ վերագործարկումը դրական կլինի», – ասել էր Մակա Բոճորիշվիլին[27]։
Նա անդրադարձել էր նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ դերակատարմանը՝ նշելով, որ իրենք ողջունում են ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունն ու դինամիկան։ «Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն: Եթե մեր դերը «Միջին միջանցքում» ավելի առաջադիմի, դա միայն օգտակար կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ մեր երկրի համար: Մենք հետևում ենք այս գործընթացներին և ոչ միայն հետևում ենք, այլև մասնակից ենք», – շեշտել է Վրաստանի արտգործնախարարը։
«Միջին միջանցք» և TRIPP. Մրցակցություն թե՞ փոխլրացում
TRIPP-ի վերաբերյալ քննարկումների և ընթացիկ զարգացումների ֆոնին վրացական մեդիայում անընդհատ քննարկվում է, թե արդյոք TRIPP-ն ու «Միջին միջանցքը» մրցակից նախագծեր են, թե գալիս են փոխլրացնելու միմյանց։ Վրացի պաշտոնյաներն իրենց հերթին մշտապես կարևորում են «Միջին միջանցքն» ու Վրաստանի դերակատարությունը։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին նոյեմբերի 17-ին Ռուսթավի-2 հեռուստատեսության եթերում անդրադարձել էր տարածաշրջանային նախագծերին, ինչպես նաև «Միջին միջանցքին»՝ նշելով, որ Վրաստանն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի և միջանցքի այլ երկրների հետ «Միջին միջանցքի» զարգացման և մրցունակության համար[28]։ Նա նշել էր նաև, որ Վրաստանի՝ Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ և լոգիստիկ կենտրոնի դերի ամրապնդումը կառավարության գերակա խնդիրներից մեկն է։
Ըստ նախարարի՝ Վրաստանի կառավարությունը զգալի միջոցներ է հատկացրել երկաթուղիների արդիականացմանը, ինչը կրկնապատկել է բեռնափոխադրումների ծավալը, մեծացրել երկաթուղային շարժունակությունը և կրճատել բեռների առաքման ժամանակը։
Իր հերթին Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն՝ նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով Ստամբուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում, անդրադարձել էր տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին շրջանում գրանցված առաջընթացը։
«Այն իրական հնարավորություն է ընձեռում տարածաշրջանային կայունության և տնտեսական աճի համար: Որպես պատմական Մետաքսի ճանապարհի երկիր՝ Վրաստանը պատրաստ է մնալ չեզոք, հուսալի գործընկեր՝ խթանելով կայուն կապը մեր ավելի լայն տարածաշրջանում: Փաստերն ինքնին խոսում են իրենց մասին: Վրաստանի դերը «Միջին միջանցքում» ընդլայնվում է ուշագրավ տեմպերով. միայն 2024 թ․ տրանսպորտի ծավալները աճել են 62%-ով, մինչդեռ երկաթուղու արդիականացումն արագորեն մեծացնում է դրա հզորությունը: Միևնույն ժամանակ, նոր մայրուղիների, օդանավակայանների և նավահանգիստների նախագծումն ու կառուցումը՝ ստորջրյա մալուխային նախագծի ռազմավարական ներուժի հետ միասին, իրենցից ներկայացնում են շատ ավելին, քան պարզապես ենթակառուցվածքների զարգացում: Դրանք կազմում են Վրաստանի ռազմավարական տնտեսական անվտանգության հիմքը՝ ապահովելով անվտանգ և հուսալի երթուղի Եվրոպայի և Ասիայի միջև, նվազեցնելով աշխարհաքաղաքական ռիսկերը և ամրապնդելով ներդրողների վստահությունը», – ասել էր Բիթաձեն[29]։
Վրաստանում ենթակառուցվածքների բարելավման և նոր երկաթուղային ուղիների կառուցման մասին դեկտեմբերի 22-ին հանդես է եկել նաև «Վրացական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն։ Նա նշել էր, որ ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում դեպի Անակլիայի նավահանգիստ երկաթուղային ենթակառուցվածք կառուցել։
«Մենք որոշել ենք մոտ ապագայում մրցույթ հայտարարել և սկսել Անակլիայի նավահանգիստ մուտք գործելու համար երկաթուղային ենթակառուցվածքների կառուցում։ «Վրացական երկաթուղիները» նաև մտադիր են կառուցել Անակլիայի նավահանգստին միացված բեռնատար կայարան։ Անակլիայի նավահանգիստ տանող նոր երկաթուղային ենթակառուցվածքների կառուցումը կավարտվի 2-2,5 տարվա ընթացքում», – հայտարարել է Աբաշիձեն՝ նշելով, որ լայնածավալ նախագիծը կներառի ինչպես երկաթուղային գծերի, այնպես էլ կոնտակտային գծի կառուցում[30]։
Ինչ վերաբերում է Վրաստանի փորձագիտական քննարկումներին, ապա վերջին ամիսներին TRIPP-ի և «Միջին միջանցքի» համեմատության և երկրի ենթակառուցվածքների բարելավման մասին քննարկումները չեն դադարում։ Վրաստանի «Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի» տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին Interpressnews գործակալության հետ զրույցում անդրադարձել էր ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» ամբողջական գործարկման, Վրաստանի տարանցիկ գործառույթի և Հայաստանի նոր հնարավորություններին։ Այն հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցքը» լրացնելու է Վրաստանով անցնող «Միջին միջանցքին», թե մրցակցվելու է դրա հետ, Ցագարեիշվիլին նշել էր, որ «Վրաստանով անցնող միջանցքի մրցունակության նվազման կամ բարձրացման մասին ցանկացած քաղաքական գործչի, քաղաքագետի կամ փորձագետի կողմից արտահայտված ցանկացած կարծիք, առանց բեռների հոսքերի շարժի պատշաճ ուսումնասիրության, պետք է դիտարկել միայն որպես կարծիք»[31]։ Ըստ նրա՝ առկա է պատշաճ ուսումնասիրության կարիք, որից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել օրակարգում առկա հարցերին։
Այնուամենայնիվ, փորձագետը նշել էր, որ:
- Զանգեզուրի կամ Հայաստանի տարածքում «միջանցքների» ապաշրջափակումը կհանգեցնի Ադրբեջանից ՀՀ նավթի ուղիղ մատակարարման՝ շրջանցելով Վրաստանը։
- Թուրքմենական նավթը նախկինում հասնում էր վրացական նավահանգիստներ, ապա երկաթուղով հասնում Հայաստան, և, ըստ էության, նման «շրջանցիկ» փոխադրումը կկորցնի իր արդիականությունը, և 0.1-0.2 մլն տոննա թուրքմենական նավթ կհոսի Ադրբեջանով և ապա՝ [ա. կ.] «Զանգեզուրի միջանցքով»՝ վրացական միջանցքի փոխարեն։
- Առանձին հարց է վրացական ճանապարհներով Հայաստան ցորենի մատակարարումը՝ տարեկան 0.3-0.4 մլն տոննա, որը ներկայումս ՌԴ-ից ՀՀ է մատակարարվում Վերին Լարսով, վրացական ճանապարհներով՝ լոգիստիկորեն թանկարժեք ավտոմոբիլային տրանսպորտով։ Եթե երկաթուղային երթուղին բացվի, հեշտ կլինի Վրաստանի տարածքով ավտոմոբիլային տրանսպորտը փոխարինել երկաթուղով և ռուսական ու ղազախական ցորենը ուղղակիորեն Հայաստան տեղափոխել «Զանգեզուրի միջանցքով»։
Լրագրողի այն պնդմանը, թե «Թրամփի ճանապարհի» կառուցումը մեծապես կախված է նրանից, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի թիմը կհաղթի 2026-ի հուլիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում և ի՞նչ դանդաղ գործողության ականներ են դրվում Վրաստանի համար՝ Հայաստանի տարածքում նոր միջանցքների բացման արդյունքում, Ցագարեիշվիլին պատասխանել էր.
«Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքները բացելով՝ հարևան երկիրը կստանա տարանցիկի կարգավիճակ։ Երկրորդ և կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի տարածքում տնտեսական գործունեությունը միջանցքների բացմանը զուգահեռ կհանգեցնի լրացուցիչ բեռների առաջացման… Նախնական փորձագիտական գնահատականներով՝ Զանգեզուրի և Հայաստանի տարածքում միջանցքների ապաշրջափակման արդյունքում Վրաստանով անցնող տրանսպորտային միջանցքը տարեկան կկորցնի 1.5-2.0 մլն տոննա, ինչը կազմում է ներկայիս տարանցիկ հոսքի 10-15%-ը»։
Վերոնշյալ հարցազրույցում անդրադարձ կար նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու հնարավոր մրցակցության տակ հայտնվելու մասին։
«Անհերքելի է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու կառուցումն իրականացվել է այն ժամանակ, երբ ադրբեջանա-հայկական առճակատումը գագաթնակետին էր։ Իրականում, սկզբից էլ պարզ էր, որ Ադրբեջանի կողմից 800 մլն ԱՄՆ դոլարով ֆինանսավորվող նախագիծը հագեցած էր քաղաքական բաղադրիչով։ Արդյունքում, երկաթուղային գիծը բեռնված է ընդամենը 10%-ով», – նշել էր փորձագետը։ Ցագարեիշվիլին հայտնել էր նաև, որ Բաքու–Գյումրի–Կարս երկաթուղային գծի լիարժեք շահագործման պարագայում նախադրյալներ կստեղծվեն տարածաշրջանում մրցակցության առաջացման և բեռնափոխադրումների նոր բաշխման համար։
«Նման սցենարի դեպքում Հայաստանը այս միջանցքով կստանա տարանցիկ երկրի կարգավիճակ, «Միջին միջանցքի» Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղային ճյուղի գրավչությունը լրացուցիչ կնվազի, իսկ Վրաստանով անցնող միջանցքը կհայտնվի կրկնակի մրցակցության տակ»։
Վերլուծաբան, քաղաքագետ Գիա Խուխաշվիլին էլ վրացական միջանցքով ադրբեջանական վառելիքի տարանցման հետ կապված իրավիճակը պարզաբանելիս հայտարարել էր, թե «Եթե մենք շարունակենք այսպես վարվել, իրատեսական է, որ կկորցնենք մեր աշխարհաքաղաքական գործառույթը»։
«Եթե մենք շարունակենք այսպես գործել, ինչպես որ գործում ենք, ցավոք, իրատեսական է կորցնել այն աշխարհաքաղաքական գործառույթը (գերիշխող դերը լոգիստիկ սխեմաների առումով), որը մենք նախկինում պահպանում էինք տարածաշրջանում։ Ավելին, մենք գիտենք, որ Զանգեզուրի նախագիծը շուտով կմտնի ակտիվ փուլ, թվում է, թե այնտեղ լուծվում են նաև անվտանգության և այլ հարցեր, ինչը Ռուսաստանին այդքան էլ դուր չի գալիս։
Ինչ-ինչ պատճառներով ես ունեմ այնպիսի հիմնավոր կասկածներ, որ այն խնդիրները, որոնց բախվում են Ադրբեջանը և Հայաստանը՝ կապված անցումային փուլում լոգիստիկ կապի հետ, հաճախ հրահրվում են Ռուսաստանի կողմից։ Որովհետև Ռուսաստանի և Իրանի համար այս Զանգեզուրի միջանցքը կտրականապես անընդունելի է։
Ճիշտ է, որ սա նաև մեր շահերի համար լավ չէ, բայց մենք պետք է հաշվի առնենք երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները և հնարավորինս նրբանկատորեն մոտենանք այս հարցին։ Կմնանք այս ամենից դուրս, թե ոչ, կախված է հենց մեր քաղաքականության ադեկվատությունից։
Մի բան է, երբ մեր ուղղությունը լիովին փակ է, և դրա ռիսկերը շատ բարձր են, երկրորդը՝ տեղի կունենա դիվերսիֆիկացիա. մեր ուղղությունը կունենա իր գործառույթը, և Զանգեզուրն՝ իր։ Ցավոք, մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ լարվածություն առաջացնող քաղաքականությունը պետք է լուծվի ավելի դիվանագիտորեն, այլ ոչ թե կոշտ, անընդունելի մեթոդներով, ինչը, ցավոք, տեղի է ունենում։ Մենք այս մասին լսում ենք նաև այս երկու երկրների լրատվամիջոցներից, նույնիսկ լսում ենք արտահայտություններ, որ մաքսային աշխատակիցները վարորդներին ասում են գնալ և վարել Զանգեզուրով։ Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս տեղեկատվությունը, բայց եթե նման բան իսկապես տեղի է ունենում, դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ», –ասել է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին[32]։
Վրաստանի ցամաքային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Իրակլի Նեմսաձեն BMG-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Վրաստանի տարանցիկ միջանցքը դեռևս իրական այլընտրանք չունի, և այս ժամանակահատվածը պետք է օգտագործել ենթակառուցվածքների բարելավման համար։ Ինչպես հայտնի է, հաճախ քննարկվում է Զանգեզուրի միջանցքի թեման, որի իրագործման համար որոշ ժամանակ կպահանջվի։ Միևնույն ժամանակ, արդեն կան պատվիրատուներ, որոնք դիտարկում են նաև Ռուսաստանի տարածքով ցամաքային տարանցման հնարավորությունը, քանի որ փոխադրումները այնքան են թանկացել և վատթարացել, որ ստիպված են այլընտրանքներ փնտրել։ Այս ամենը միասին ցույց է տալիս, որ եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք՝ ստեղծելով համապատասխան պայմաններ բեռների փոխադրման պատվիրատուների համար, ժամանակի ընթացքում կարող ենք աստիճանաբար կորցնել այդ բեռները», – պարզաբանել էր Նեմսաձեն[33]։
Եզրակացություն
Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ պաշտոնական, փորձագիտական հայտարարությունների և կարծիքների վերլուծությունը հասկանալի է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթից հետո տարածաշրջանային իրողությունները մեծապես փոխվել են։ Տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների համար սկսվել է մի նոր փուլ, երբ պետք է կարողանալ ճկուն քաղաքականություն վարել տարածաշրջանային ենթակառուցվածքների ոլորտում դերակատարություն ունենալու կամ ունեցած դերը չկորցնելու համար։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս զարգացումների և կապուղիների հնարավոր ապաշրջափակման հետևանքով Վրաստանը կկորցնի տարածաշրջանում տարանցիկ հաբի մենաշնորհը, ինչը լրիվ հասկանալի պատճառներով չի կարող չմտահոգել վրացական կողմին։ Մյուս կողմից ստեղծված իրավիճակը կարող է Վրաստանին օգնել ավելին անել առաջիկա տարիներին ենթակառուցվածքների ոլորտում, որպեսզի Արևմուտք-Արևելք հետաքրքրությունների օրակարգում շարունակի ունենալ իր կարևոր տեղն ու նշանակությունը։
Աղբյուրներ և գրականություն
- Իրակլի Կոբախիձեի X-ի գրառումը, 09․08․2025, https://url-shortener.me/5382
- საქართველოს საგარეო საქმეთა სამინისტრო მიესალმება დონალდ ტრამპის შუამავლობით ილჰამ ალიევსა და ნიკოლ ფაშინიანს შორის მიღწეულ ისტორიულ შეთანხმებას „აზერბაიჯანის რესპუბლიკასა და სომხეთის რესპუბლიკას შორის მშვიდობისა და სახელმწიფოთაშორისი კავშირების დამყარების შესახებ“, 09․08․2025, https://mfa.gov.ge/news/174624-saqartvelos-sagareo-saqmeta-saministro-miesalmeba-2025-tslis-8-agvistos-vashingtonshi-ashsh-is-prezi
- სატელეფონო საუბარი, 12.08.2025, https://www.facebook.com/mfageorgia/posts/1318706803589285?ref=embed_post
- მივესალმებით აზერბაიჯანისა და სომხეთის მიერ მშვიდობის დამყარებისთვის გადადგმულ ნაბიჯებს – მიხეილ ყაველაშვილი, 12.08.2025, https://bm.ge/news/mivesalmebit-azerbaijanisa-da-somkhetis-mier-mshvidobis-damyarebistvis-gadadgmul-nabijebs-mikheil-yavelashvili
- Սալոմե Զուրաբիշվիլիի գրառումը X-ում, 09․08․2025, https://x.com/Zourabichvili_S/ status/1954065611106963511
- უმძიმესი გეოპოლიტიკური კატასტროფა საქართველოსთვის, 08․08․2025, https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/pfbid02Aib8xLhsRrZja82RQddDxJypW
8ACQ6rM8rQDSYY29t6ANafyvNs9v22JucsewG2Jl - დავრჩით გეოგრაფიული ჩიხი რუსეთის, ირანის და ჩინეთის ხელში | თინა ბოკუჩავა, 10.08.2025, https://www.youtube.com/watch?v=hWedBjuh1VE
- სომხეთსა და აზერბაიჯანს შორის ისტორიული შეთანხმება გაფორმდა, მაგრამ საქართველო ამ პროცესს მიღმაა-ლევან სანიკიძე, 09․08․2025, https://tvpirveli.ge/ka/siaxleebi/politika/107290-somkhetsa-da-azerbaijans-shoris-istoriuli-shetankhmeba-gapormda-magram-saqartvelo
- Գիորգի Գախարիայի գրառումը ֆեյսբուքում, 09․08․2025, https://www.facebook.com/ GakhariaGiorgi/posts/pfbid0VDoDowkC7Gh1Mp1pdn8LSDgwAeipda3bwS2VsosaDjeSjoVaxFLqTCDNLM4KbuKZl
- სამხრეთ კავკასიაში რენესანსია, ოღონდ საქართველოს გარეშე, 09․08․2025, https://www.facebook.com/nika.gvaramia.129/posts/pfbid09uXASDKAjSab883sfinr3H1X85rJtMcbz
QeQdVanPdDQVKzusz1FeMVk3NyBC2Jil - საქართველო შეთანხმების მიღმა – რას კარგავს ქვეყანა, 10․08․2025, https://tvpirveli.ge/ ka/siaxleebi/politika/107346-saqartvelo-shetankhmebis-migma-ras-kargavs-qvekana
- რა ელის საქართველოს ეკონომიკას ზანგეზურის დერეფნის სრულად დატვირთვის შემდეგ | პაატა ცაგარეიშვილი, 10․08․2025, https://www.youtube.com/watch?v=kzPYehx Ol80
- ზანგეზურის დერეფანი | პაატა ცაგარეიშვილი „გიორგი თარგამაძის ფორმულაში“, 12․08․2025, https://www.youtube.com/watch?v=nYF7QgS5kwA
- “კარგად ვიცნობ ზანგეზურის დერეფანს და პირდაპირ გეტყვით…” – რა სასწრაფო ზომები უნდა მიიღოს საქართველომ: “უნდა გავააქტიუროთ ბაქო-თბილისი-ყარსის რკინიგზის გაყვანის საკითხი და დავიწყოთ ანაკლიის პორტის მშენებლობა”, 11․08․2025, https://kvirispalitra.ge/article/135363-kargad-vicnob-zangezuris-derepans-da-pirdapir-getqvit-ra-sascrapo-zomebi-unda-miigos-sakartvelom-unda-gavaaktiurot-bako-tbilisi-qarsis-rkinigzis-gaqvanis-sakitxi-da-davicqot-anakliis-portis-mshenebloba/
- ქართული პრესის მიმოხილვა08.2025, https://www.interpressnews.ge/ka/article/ 845989-kartuli-presis-mimoxilva-11082025
- ღია წერილი ამერიკის შეერთებული შტატების პრეზიდენტს, მის აღმატებულება ბატონ დონალდ ტრამპს, 01.09.2025, https://www.facebook.com/MikheilKavelashvili Official/posts/1148784233733571?ref=embed_post
- Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գրառումը, 28․08․2025, https://www.facebook.com/ usingeo/posts/pfbid0g9E55pvLxqrn1cnrQLgL8afXuAEjAKwiwEMgoV9pwSWnkprt3MknuEyYu3QKhUgfl
- მარიამ ქვრივიშვილი აშშ-ის ელჩის მოვალეობის შემსრულებელს ალან პერსელს შეხვდა, 28.08.2025, https://www.economy.ge/index.php?page=news&nw=2808& lang=ge
- Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը, 18․11․2025, https://www.facebook.com/usingeo/posts/pfbid02eTCcHZrJZyZRQUbG1f2j7HMmgNmwMaD5WRAM
RTafGbm8Ac6cUzTnLj7g65LkJj7tl - Վրաստանի կառավարության հաղորդագրությունը, 18․11․2025, https://www.facebook. com/GeorgianGovernment/posts/1245031827657828?ref=embed_post
- Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, 20.11.2025, https://armenpress.am/hy/article/1235561
- მაკა ბოჭორიშვილი – სომხეთთან თანამშრომლობა, მეგობრობა და სტრატეგიული პარტნიორობა მნიშვნელოვანია როგორც ჩვენი ქვეყნებისთვის, ისე რეგიონის კეთილდღეობისთვის – გავაგრძელებთ წვლილის შეტანას რეგიონული თანამშრომლობის გაძლიერებაში, 14.11.2025, https://www.interpressnews.ge/ka/article/854625-maka-bochorishvili-somxettan-tanamshromloba-megobroba-da-strategiuli-partnioroba-mnishvnelovania-rogorc-chveni-kveqnebistvis-ise-regionis-ketildgeobistvis-gavagrzelebt-cvlilis-shetanas-regionuli-tanamshromlobis-gazlierebashi
- Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը, 26․11․2025, https://www.facebook.com/usingeo/posts/pfbid02fmDUWDBYx9USJkk4yRdcNhxyW7qVxb5PnYDKm8h
HtWJbNUamZrV7HuAWz3T74Qmtl - მაკა ბოჭორიშვილი – გარკვეულ ეტაპზე საქართველოსა და აშშ-ის ურთიერთობების გადატვირთვა დღის წესრიგში დადგება და ეს გადატვირთვა პოზიტიური იქნება, 27․11․2025, https://1tv.ge/news/maka-bochorishvili-garkveul-etapze-saqartvelosa-da-ashsh-is-urtiertobebis-gadatvirtva-dghis-wesrigshi-dadgeba-da-es-gadatvirtva-pozitiuri-iqneba/
- მარიამ ქვრივიშვილი; ღამის კურიერი-2025.11.17, https://www.youtube.com/watch? v=IWXmGAS4Rn4
- მაია ბითაძე – ზოგიერთმა აქტორმა სცადა ეუთო-ს ინსტრუმენტალიზება ვიწრო პოლიტიკური მიზნებისთვის საქართველოში, მხოლოდ მიუკერძოებელ ეუთო-ს შეუძლია, შეინარჩუნოს სტაბილურობა, დიალოგი, 18․11․2025, https://1tv.ge/news/maia-bitadze-zogiertma-aqtorma-scada-euto-s-instrumentalizeba-viwro-politikuri-miznebistvis-saqartveloshi-mkholod-miukerdzoebel-euto-s-sheudzlia-sheinarchunos-stabiluroba-dialogi/
- ლაშა აბაშიძე აცხადებს, რომ საქართველოს რკინიგზა ანაკლიაში სარკინიგზო ინფრასტრუქტურის მშენებლობას იწყებს, 22․12․2025, https://1tv.ge/news/lasha-abashidze-ackhadebs-rom-saqartvelos-rkinigza-anakliashi-sarkinigzo-infrastruqturis-shenebas-iwyebs/
- პაატა ცაგარეიშვილი – სომხეთის ტერიტორიაზე სატრანსპორტო დერეფნების დებლოკირებით მეზობელი ქვეყანა სატრანზიტო სტატუსს შეიძენს, 15․12․2025, https://www.interpressnews.ge/ka/article/857324-paata-cagareishvili-somxetis-teritoriaze-satransporto-derepnebis-deblokirebit-mezobeli-kveqana-satranzito-statuss-sheizens
- “ისეთი ფრაზებიც კი ისმის, რომ მებაჟეები მძღოლებს ეუბნებიან, წადით და ზანგეზურით იარეთო….თუ ეს მართალია, ძალიან მძიმე შედეგებს მოგვიტანს” – გია ხუხაშვილი, 22.12.2025, https://kvirispalitra.ge/article/140556-iseti-prazebic-ki-ismis-rom-mebazheebi-mzgolebs-eubnebian-cadit-da-zangezurit-iaretotu-es-martalia-zalian-mzime-shedegebs-mogvitans-gia-xuxashvili/
- გართულებული და გაძვირებული ლოგისტიკის გამო, ზოგიერთი გადამზიდავი რუსეთის დერეფანს უბრუნდება – ირაკლი ნემსაძე, 22.12.2025, https://bm.ge/news/gartulebuli-da-gadzvirebuli-logistikis-gamo-zogierti-gadamzidavi-rusetis-derefans-ubrundeba-irakli-nemsadze
[1] Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–2018 թթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.-ից աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։
[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 2025 թ. դեկտեմբերի 26-ին:
[3] Իրակլի Կոբախիձեի X-ի գրառումը, 09․08․2025, https://url-shortener.me/5382 (բեռնման օրը՝ 24․12․2025):
[4] საქართველოს საგარეო საქმეთა სამინისტრო მიესალმება დონალდ ტრამპის შუამავლობით ილჰამ ალიევსა და ნიკოლ ფაშინიანს შორის მიღწეულ ისტორიულ შეთანხმებას „აზერბაიჯანის რესპუბლიკასა და სომხეთის რესპუბლიკას შორის მშვიდობისა და სახელმწიფოთაშორისი კავშირების დამყარების შესახებ“, 09․08․2025, https://mfa.gov.ge/news/174624-saqartvelos-sagareo-saqmeta-saministro-miesalmeba-2025-tslis-8-agvistos-vashingtonshi-ashsh-is-prezi (բեռնման օրը՝ 24․12․2025).
[5] სატელეფონო საუბარი, 12.08.2025, https://www.facebook.com/mfageorgia/posts/13187068035 89285?ref=embed_post (բեռնման օրը՝ 24.12.2025).
[6] მივესალმებით აზერბაიჯანისა და სომხეთის მიერ მშვიდობის დამყარებისთვის გადადგმულ ნაბიჯებს – მიხეილ ყაველაშვილი, 12.08.2025, https://bm.ge/news/mivesalmebit-azerbaijanisa-da-somkhe tis-mier-mshvidobis-damyarebistvis-gadadgmul-nabijebs-mikheil-yavelashvili (բեռնման օրը՝ 24․12․2025).
[7] Սալոմե Զուրաբիշվիլիի գրառումը X-ում, 09․08․2025, https://x.com/Zourabichvili_S/status/19540 656111069-63511 (բեռնման օրը՝ 24․12․2025).
[8]უმძიმესი გეოპოლიტიკური კატასტროფა საქართველოსთვის, 08․08․2025, https://www.facebook. com/SaakashviliMikheil/posts/pfbid02Aib8xLhsRrZja82RQddDxJypW8ACQ6rM8rQDSYY29t6ANafyvNs9v22JucsewG2Jl (բեռնման օրը՝ 24․12․2025).
[9] დავრჩით გეოგრაფიული ჩიხი რუსეთის, ირანის და ჩინეთის ხელში | თინა ბოკუჩავა, 10.08.2025, https://www.youtube.com/watch?v=hWedBjuh1VE (բեռնման օրը՝ 24․12․2025).
[10] სომხეთსა და აზერბაიჯანს შორის ისტორიული შეთანხმება გაფორმდა, მაგრამ საქართველო ამ პროცესს მიღმაა-ლევან სანიკიძე, 09․08․2025, https://tvpirveli.ge/ka/siaxleebi/politika/107290-somkhe tsa-da-azerbaijans-shoris-istoriuli-shetankhmeba-gapormda-magram-saqartvelo (բեռնման օրը՝ 24․12․2025).
[11] Գիրոգի Գախարիայի գրառումը ֆեյսբուքում, 09․08․2025, https://www.facebook.com/Gakharia Giorgi/posts/pfbid0VDoDowkC7Gh1Mp1pdn8LSDgwAeipda3bwS2VsosaDjeSjoVaxFLqTCDNLM4KbuKZl (բեռնման օրը՝ 24․12․2025).
[12] სამხრეთ კავკასიაში რენესანსია, ოღონდ საქართველოს გარეშე, 09․08․2025, https://www.facebook.com/nika.gvaramia.129/posts/pfbid09uXASDKAjSab883sfinr3H1X85rJtMcbzQeQd VanPdDQVKzusz1FeMVk3NyBC2Jil (բեռնման օրը՝ 24․12․2025).
[13] 2024թ․ խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր քարոզարշավը կառուցում էր հանրությանը «խաղաղություն» և «պատերազմ» առաջարկություններով։ Նշվում էր, որ կուսակցության հետ երկիրը պատերազմի չի բախվի, իսկ «Վրացական երազանքին» այլընտրանքը պատերազմն է։
[14] საქართველო შეთანხმების მიღმა – რას კარგავს ქვეყანა, 10․08․2025, https://tvpirveli.ge/ka/siaxleebi/ politika/107346-saqartvelo-shetankhmebis-migma-ras-kargavs-qvekana (բեռնման օրը՝ 24․12․2025).
[15] რა ელის საქართველოს ეკონომიკას ზანგეზურის დერეფნის სრულად დატვირთვის შემდეგ | პაატა ცაგარეიშვილი, 10․08․2025, https://www.youtube.com/watch?v=kzPYehxOl80 (բեռնման օրը՝ 24․12․2025).
[16] ზანგეზურის დერეფანი | პაატა ცაგარეიშვილი „გიორგი თარგამაძის ფორმულაში“, 12․08․2025, https://www.youtube.com/watch?v=nYF7QgS5kwA (բեռնման օրը՝ 24․12․2025).
[17] “კარგად ვიცნობ ზანგეზურის დერეფანს და პირდაპირ გეტყვით…” – რა სასწრაფო ზომები უნდა მიიღოს საქართველომ: “უნდა გავააქტიუროთ ბაქო-თბილისი-ყარსის რკინიგზის გაყვანის საკითხი და დავიწყოთ ანაკლიის პორტის მშენებლობა”, 11․08․2025, https://kvirispalitra.ge/article/ 135363-kargad-vicnob-zangezuris-derepans-da-pirdapir-getqvit-ra-sascrapo-zomebi-unda-miigos-sakartvelom-unda-gavaaktiurot-bako-tbilisi-qarsis-rkinigzis-gaqvanis-sakitxi-da-davicqot-anakliis-portis-mshenebloba/ (բեռնման օրը՝ 24․12․2025).
[18] ქართული პრესის მიმოხილვა 11.08.2025, 11.08.2025, https://www.interpressnews.ge/ka/article/ 845989-kartuli-presis-mimoxilva-11082025 (բեռնման օրը՝ 24․12․2025).
[19] ღია წერილი ამერიკის შეერთებული შტატების პრეზიდენტს, მის აღმატებულება ბატონ დონალდ ტრამპს, 01.09.2025, https://www.facebook.com/MikheilKavelashviliOfficial/posts/11487842337 33571?ref=embed_post (բեռնման օրը՝ 24․12․2025).
[20] Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գրառումը, 28․08․2025, https://www.facebook.com/ usingeo/ posts/pfbid0g9E55pvLxqrn1cnrQLgL8afXuAEjAKwiwEMgoV9pwSWnkprt3MknuEyYu3QKhUgfl (բեռնման օրը՝ 24․12․2025).
[21] მარიამ ქვრივიშვილი აშშ-ის ელჩის მოვალეობის შემსრულებელს ალან პერსელს შეხვდა, 28.08.2025, https://www.economy.ge/index.php?page=news&nw=2808&lang=ge (բեռնման օրը՝ 24․12․2025).
[22]Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը, 18․11․2025, https://www.facebook. com/usingeo/posts/pfbid02eTCcHZrJZyZRQUbG1f2j7HMmgNmwMaD5WRAMRTafGbm8Ac6cUzTnLj7g65LkJj7tl (բեռնման օրը՝ 24.12.2025).
[23] Վրաստանի կառավարության հաղորդագրությունը, 18․11․2025, https://www.facebook.com/ GeorgianGovernment/posts/1245031827657828?ref=embed_post (բեռնման օրը՝ 24․12․2025).
[24] Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, 20.11.2025, https://armenpress.am/hy/article/1235561 (բեռնման օրը՝ 24․12․2025):
[25] მაკა ბოჭორიშვილი – სომხეთთან თანამშრომლობა, მეგობრობა და სტრატეგიული პარტნიორობა მნიშვნელოვანია როგორც ჩვენი ქვეყნებისთვის, ისე რეგიონის კეთილდღეობისთვის – გავაგრძელებთ წვლილის შეტანას რეგიონული თანამშრომლობის გაძლიერებაში, 14.11.2025, https://www.interpressnews.ge/ka/article/854625-maka-bochorishvili-somxettan-tanamshromloba-megobroba-da-strategiuli-partnioroba-mnishvnelovania-rogorc-chveni-kveqnebistvis-ise-regionis-ketildgeobistvis-gavagrzelebt-cvlilis-shetanas-regionuli-tanamshromlobis-gazlierebashi (բեռնման օրը՝ 24․12․2025).
[26] Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը, 26․11․2025, https://www.facebook.com/ usingeo/posts/pfbid02fmDUWDBYx9USJkk4yRdcNhxyW7qVxb5PnYDKm8hHtWJbNUamZrV7HuAWz3T74Qmtl (բեռնման օրը՝ 24․12․2025).
[27] მაკა ბოჭორიშვილი – გარკვეულ ეტაპზე საქართველოსა და აშშ-ის ურთიერთობების გადატვირთვა დღის წესრიგში დადგება და ეს გადატვირთვა პოზიტიური იქნება, 27․11․2025, https://1tv.ge/news/maka-bochorishvili-garkveul-etapze-saqartvelosa-da-ashsh-is-urtiertobebis-gadatvirtva-dghis-wesrigshi-dadgeba-da-es-gadatvirtva-pozitiuri-iqneba/ (բեռնման օրը՝ 24․12․2025).
[28] მარიამ ქვრივიშვილი; ღამის კურიერი-2025.11.17, 17․11․2025, https://www.youtube.com/watch? v=IW XmGAS4Rn4 (բեռնման օրը՝ 24․12․2025).
[29] მაია ბითაძე – ზოგიერთმა აქტორმა სცადა ეუთო-ს ინსტრუმენტალიზება ვიწრო პოლიტიკური მიზნებისთვის საქართველოში, მხოლოდ მიუკერძოებელ ეუთო-ს შეუძლია, შეინარჩუნოს სტაბილურობა, დიალოგი, 18․11․2025, https://1tv.ge/news/maia-bitadze-zogiertma-aqtorma-scada-euto-s-instrumentalizeba-viwro-politikuri-miznebistvis-saqartveloshi-mkholod-miukerdzoebel-euto-s-sheudzlia-sheinarchunos-stabiluroba-dialogi/ (բեռնման օրը՝ 24․12․2025).
[30] ლაშა აბაშიძე აცხადებს, რომ საქართველოს რკინიგზა ანაკლიაში სარკინიგზო ინფრასტრუქტურის მშენებლობას იწყებს, 22․12․2025, https://1tv.ge/news/lasha-abashidze-ackhadebs-rom-saqartvelos-rkinigza-anakliashi-sarkinigzo-infrastruqturis-shenebas-iwyebs/ (բեռնման օրը՝ 24․12․2025).
[31] პაატა ცაგარეიშვილი – სომხეთის ტერიტორიაზე სატრანსპორტო დერეფნების დებლოკირებით მეზობელი ქვეყანა სატრანზიტო სტატუსს შეიძენს, 15․12․2025, https://www.interpressnews.ge/ka/article/857324-paata-cagareishvili-somxetis-teritoriaze-satransporto-derepnebis-deblokirebit-mezobeli-kveqana-satranzito-statuss-sheizens (բեռնման օրը՝ 24․12․2025).
[32] “ისეთი ფრაზებიც კი ისმის, რომ მებაჟეები მძღოლებს ეუბნებიან, წადით და ზანგეზურით იარეთო….თუ ეს მართალია, ძალიან მძიმე შედეგებს მოგვიტანს” – გია ხუხაშვილი, 22.12.2025, https://kvirispalitra.ge/article/140556-iseti-prazebic-ki-ismis-rom-mebazheebi-mzgolebs-eubnebian-cadit-da-zangezurit-iaretotu-es-martalia-zalian-mzime-shedegebs-mogvitans-gia-xuxashvili/ (բեռնման օրը՝ 24․12․2025).
[33] გართულებული და გაძვირებული ლოგისტიკის გამო, ზოგიერთი გადამზიდავი რუსეთის დერეფანს უბრუნდება – ირაკლი ნემსაძე, 22.12.2025, https://bm.ge/news/gartulebuli-da-gadzvirebuli-logistikis-gamo-zogierti-gadamzidavi-rusetis-derefans-ubrundeba-irakli-nemsadze (բեռնման օրը՝ 24․12․2025).