Հրապարակում
Վրաստանի հավասարակշռման ռազմավարությունը (դեկտեմբեր, 2025թ.)
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.12.2025 թ. [1]
Վրաստանըփորձում է պահպանել չեզոքի իր դիրքերը Ռուսաստանի Դաշնության և հավաքական Արևմուտքի միջև գլոբալ ծավալման պայմաններում։
03.12.2025 թ. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «երկկողմ հարաբերությունների կարգավորման նախադրյալները բացակայում են», քանի որ Թբիլիսին որպես անփոխարինելի պայման է առաջադրում Աբխազիայի և Հարավային Օսիայի պետական ինքնիշխանության ճանաչման ակտի հետկանչը, պահանջ, որը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ, բացառվում է: Մի քանի ժամ անց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հաստատել է վրացական կողմի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն նախկին վրացական ինքնավարությունների անկախ կարգավիճակի ճանաչման հետկանչի և այդ բռնազավթված տարածքների «հետհանձնման» պարագայում:
Այսպիսով, նույն օրը երկու կողմերը համահունչ հայտարարեցին, որ իրենց հարաբերությունները շարունակում են գտնվել վատթարացման փուլում՝ Վրաստանի համար առավել զգայուն սեփական տարածքային ամբողջականության հարցի պատճառով։
Հատկանշական է, որ այդ հայտարարությունները ժամանակի առումով համընկան Արևմուտքի հետ Վրաստանի հարաբերություններում լարվածության հերթական փուլի և ագրեսիվ հռետորաբանության փոխադարձ սրման հետ։ Նույն մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Ի. Կոբախիձեն լրագրողներին պատմել է, որ Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելլի Դեգնանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մեկնարկից հետո «աղմուկ-աղաղակ» է բարձրացրել Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, սակայն «հստակ մերժում է ստացել»: Նույն օրը՝ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդես է եկել ԵՄ-ի հասցեին ուղղված խիստ քննադատությամբ, որը, նրա խոսքով, հիբրիդային պատերազմ է վարում՝ քաղաքականապես «Վրաստանին խեղդելու» նպատակով։Պապուաշվիլիննաև պահանջել է եվրաչինովնիկներից ներողություն խնդրել վրացական իշխանությունների կողմից ընդդիմադիր ցուցարարների դեմ քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ կեղծ մեղադրանքների համար:
Ակնհայտէ, որ Արևմուտքում չեն համակերպվել վրացական ընդդիմության լիակատար ձախողման հետ, որը հանրապետությունում խորհրդարանական (2024 թ., հոկտեմբեր), նախագահական (2024 թ., դեկտեմբեր) և տեղական ինքնակառավարման մարմինների (2025 թ., հոկտեմբեր) ընտրական փուլերի արդյունքներով բաց է թողել «Վրացական երազանք» կուսակցությանն իշխանությունից սահմանադրորեն հեռացնելու հնարավորությունները։
Հավաքական Արևմուտքի ծրագրերի ձախողումը, որը զգալի միջոցներ է ներդրել վրացական արմատական ընդդիմությանն աջակցելու համար, էլ ավելի կսաստկացնի արտաքին ճնշումը Թբիլիսիի վրա, քանի որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գործնականում այլընտրանք չունեն, քան Վրաստանի դեմ հաստատութենական պատժամիջոցային գործողությունների գործընթացի նախաձեռնումը` ուղղված արևմտյան աշխարհից նրա քաղաքական ու տնտեսական մեկուսացմանը: Նման միջոցառումներն արդիական են Բրյուսելի և Վաշինգտոնի համար՝ հաշվի առնելով, որ Երևանում և Բաքվում իշխանությունների հակառուսական ելույթները, եթե Թբիլիսին չմիանա դրանց, կարող են արժեզրկվել Մոսկվայի հետ Արևմուտքի գլոբալ առճակատման համատեքստում։ Այդ դեպքում Արևմուտքը ռիսկ է անում բաց թողնել ՌԴ ազդեցության ուղեծրից ամբողջ Հարավային Կովկասը միանգամից դուրս բերելու հնարավորությունների պատուհանը` այստեղ աշխարհաքաղաքական հենման կետեր չթողնելով նրա համար: Հետևաբար, Թբիլիսիի վրա նրա ճնշումը կշարունակվի և կսաստկացվի, սակայն հիմնական մարտերը ներվրացական քաղաքական դաշտից կտեղափոխվեն արտաքին ճակատ, որտեղ Վրաստանի նկատմամբ կուժեղանա տեղեկատվական պատերազմը և հետևողականորեն կկիրառվեն պատժամիջոցները՝ ընդհուպ մինչև չեղյալ կհայտարարվի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը, Արևմուտքի կողմից նրան ցուցաբերվող ֆինանսա-տնտեսական աջակցության ծրագրերի դադարեցումը և այլն:
Հաշվի առնելով դա՝ հասկանալի է դառնում, թե ինչու Արևմուտքի հետ Թբիլիսիի կոշտ քաղաքական առճակատման սպասվող նոր փուլի նախաշեմին վրացական իշխանությունները կրկին հիշեցրին Մոսկվայի հետ համատեղ գործակցության վերաբերյալ լուրերի անհիմն լինելու մասին։ Թբիլիսին ձգտում է դրանով իսկ արժեզրկել այդ խոսույթը, որը հիմնական դրդապատճառ է դարձել Վրաստանի վրա հարձակումների՝ Արևմուտքի քարոզչական արշավում։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ավելի ու ավելի են ագրեսիվացնում իրենց հակավրացական հռետորաբանությունը՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ հարավկովկասյան այդ երկրում արևմտամետ ՀԿ-ների ջախջախումը, ընտրություններում «կեղծիքները» և ընդդիմադիր առաջնորդների հետապնդումներն իբր չեն արվել առանց Ռուսաստանի ուղղակի աջակցության, որի վրա էլ, Արևմուտքի պնդմամբ, հենվում է «Վրացական երազանքը»։
Այս ամենը Վրաստանի իշխող կուսակցությանը հիմք է տալիս զգուշանալու, որ Արևմուտքը, հնարավոր է, չսահմանափակվի միայն պատժամիջոցներով և մեկուսացմամբ, իսկ այժմ արդեն «օրինական առիթներ» է փնտրում հանրապետության ներքին գործերին ուղղակի միջամտելու համար` ընդհուպ մինչև նրա ղեկավարության դեմ ռազմական ուժի կիրառումը։ Նման սցենարը չի կարելի բացառել՝ հաշվի առնելով, որ արևմտյան խաղում խաղասեղանին դրված է ոչ միայն Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն ու ենթակայությունը, այլև ողջ տարածաշրջանի ճակատագիրը։
Թբիլիսիում գիտակցում են, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հակամարտությունը չափազանց հեռուն է գնացել՝ արևմտյան ընդդիմախոսներին դրդելով արմատական գործողությունների դիմել հետխորհրդային տարածքում ռուսական ագրեսիվ ռևիզիոնիզմի դեմ պայքարի քողի տակ, որի զոհը, ինչպես պնդում են, դարձել է նաև Վրաստանը։ Հենց այդ պատճառով վրացական ներկայիս իշխանությունները հերթական անգամ հուսահատ փորձեր են անում միջազգային հանրությանը իրազեկելու, որ «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական էության մասին Արևմուտքում մշակվող խոսույթն առ այն, թե իբր նա Մոսկվայի ցուցումով ու նրա ազդեցությամբ երես է թեքել ԵՄ-ի ազատական արժեքներից, ի սկզբանե սխալ է և մոլորեցուցիչ։ Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ խոսքը կարող է լինել բացառապես Վրաստանի չեզոքության և գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի հարթակ ու, առավել ևս, մանրադրամ չդառնալու մասին։ Թբիլիսիի համար կարևոր է Արևմուտքին ցույց տալ, որ նա չունի և չի կարող ունենալ Մոսկվայի հետ քաղաքական փոխգործակցության որևէ կետ՝ նրա կողմից անկախ ճանաչված «բռնազավթված» ինքնավարությունների խնդրի առկայության պայմաններում։ Դրանով Թբիլիսին ձգտում է հնարավորինս հավասարեցնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ու համոզել նրանց հանգիստ թողնել վրացական օրակարգը։
Սակայն հետաքրքրականէ այն փաստը, որ Մոսկվանայդ նախաձեռնությունում լիովին խաղակցում է Թբիլիսիիհետ։ Չիկարելի բացառել, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին մեղադրանքների և կշտամբանքների փոխանակումը տեղի է ունեցել ոչ թե զուգադիպությամբ, այլ պայմանավորված էր երկու կողմերի անհրաժեշտությամբ՝ ցույց տալու Արևմուտքին, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը երաշխավորված կերպով բացառում են նրանց մերձեցման հնարավորությունը։Պատահականչէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, թե Միխեյիլ Սահակաշվիլիի ժամանակներից ի վեր Մոսկվայի նկատմամբ Թբիլիսիի դիրքորոշման մեջ բացարձակապես ոչինչ չի փոխվել։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար Վրաստանի ներկայիս մեկուսի պահվածքն ու սառնությունն ավելի ընդունելի են, քան Արևմուտքի առջև նրա «կապիտուլյացիան» և, հետևաբար, ներգրավումը հակառուսական ճամբարում: Ուստի Մոսկվային ծայր աստիճան ձեռնտու է աջակցել «վրացական չեզոքության» օրակարգին՝ նույնիսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի կապակցությամբ հակասությունների և թշնամանքի պահպանման գնով։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 10.12.2025 թ.: