Մեկնաբանություններ

Վրաստանի համար պայքարը կատաղի փուլ է թևակոխում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.09.2024 թ.(1)

26.10.2024 թ. նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ներքաղաքական լարվածությունը Վրաստանում շարունակում է աճել։ Ե՛վ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և՛ ընդդիմությունը, որը ներկայացված է հիմնականում «Միասնական ազգային շարժում»-ով (ՄԱՇ) և մի շարք մանր կամակատար-կուսակցություններով, հայտարարում են, որ աշնանային քվեարկությունը երկրի ապագայի համար կդառնա «գլխավոր ճակատամարտը»։ Կողմերը կորցնելու բան ունեն, քանզի սպասվում է, որ նրանցից ցանկացած ոք իր հաղթանակի դեպքում կարող է իրավաքաղաքական քայլեր ձեռնարկել մրցակցի քաղաքական բազայի ապամոնտաժման համար։ Պայքարի գործընթացում, որը նոր ուժով բռնկվել է «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի շուրջ, կուտակվել են բավականին բացասական և փոխադարձ մեղադրանքներ, այնպես որ հաղթողների կողմից «քաղաքական վրեժխնդրությունը» պատկերացում է տալիս երկրում հետագա ներքաղաքական գործընթացների միանգամայն հավանական սցենարի մասին։

Օրինակ, գործող իշխանություններն արմատական ընդդիմությանն աջակցող նախագահ Ս. Զուրաբիշվիլուն բացահայտորեն մեղադրում են «հայրենիքի դավաճանության» մեջ(2),(3)։ Նույն կերպ շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ հետաքննչական նյութեր են նախապատրաստվում վրացական ընդդիմության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ, ում ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել՝ Վրաստանը 2008 թ. օգոստոսյան պատերազմի մեջ ներքաշելու գործով, պատերազմ, որը հանրապետությանը հասցրել է ոչնչացման եզրին։ Այս նոր գործում նույնպես արծարծվում է «դավաճանության» մասին հոդվածը(4)։ Իր հերթին վրաց արմատական ընդդիմությունն իր կողմնակիցներին խոստանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն և ներկայումս գործող վարչակազմին վաղ, թե ուշ պատասխանատվության ենթարկել «ազգի հավանած», «Վրաստանի ապագայի համար միակ ընդունելի» Արևմտյան վեկտորից և ազատական արժեքներից ետ քաշվելու համար։

Երկու կողմերն էլ խոստանում են հենց խորհրդարանական ընտրություններից հետո դիմել ընդդիմախոսների քաղաքական ոչնչացման։ Ընդդիմությունը խոստանում է դա անել ընտրություններում հաղթելուց հետո, քանզի տվյալ պահին իշխանությունը իր ձեռքում չէ։ Իշխող կուսակցությունը նույնպես ձգտում է հաղթել քվեարկության սկզբում, որպեսզի նախապես ստանա քաղաքացիների մեծամասնության անվերապահ աջակցությունը և լիովին օրինականացնի իր արմատական միջոցները։ «Հենց հաջորդ գումարման խորհրդարանի պայմաններում է հարկավոր դատել «ազգային շարժմանն իր կամակատարների և իրավահաջորդ կուսակցությունների հետ միասին», – այդ կապակցությամբ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, – ով էլ որ հաղթահարած լինի շեմը (ընտրությունների), մեկ է՝ ոչ ոք չի խուսափելու դատից՝ իրենց կատարած հանցագործությունների համար, երբ նրանք իշխանությունում էին և ապա՝ 12 տարի շարունակ, երբ ընդդիմադիր էին»(5)։

Այսպիսով, աշնանային խորհրդարանական ընտրությունները ռուբիկոն են դառնում, որի ետևում՝ քվեարկության ցանկացած արդյունքի պարագայում, Վրաստանում կարող են սկիզբ առնել գործընթացներ՝ ուղղված երկրի քաղաքական պատկերի արմատական վերափոխմանը։ Իրադարձությունների նման զարգացումն առավել ևս սպառնում է ապակայունացմամբ, եթե հաշվի առնենք, որ հարավկովկասյան այդ հանրապետությունում ընտրությունների ընթացքը զուգակցված է զինված սադրանքների, հեղաշրջման փորձի և, հնարավոր է, քաղաքացիական պատերազմի վտանգի հետ։ Նման սցենարի բարձր հավանականության մասին են հայտարարում ինչպես վրաց իշխանություններն իրենք, նույնպես և ռուսաստանյան պատկան մարմինները։ Մասնավորապես, Վրաստանում ընտրություններից հետո ծրագրվող հակասահմանադրական գործողությունների կապակցությամբ Արևմուտքի հասցեին ուղղակի մեղադրանքներով հանդես է եկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)(6)։ Դրա տեղեկություններով արևմտյան խաղացողները կասկածում են 26.10.2024 թ. ընտրություններում «Վրացական երազանք»-ից Սաակաշվիլիի ՄԱՇ կուսակցության և դրա բլոկային կամակատարների ռևանշ վերցնելու կարողունակության վրա, ուստի և նախապես Թբիլիսիում հող են պատրաստում երկրում զինված հեղաշրջում իրագործելու համար։ ԱՀԾ-ն մանրամասն շարադրել է, որ Արևմուտքի կողմից ծրագրված գործողությունները, որոնցում հատուկ գործառույթներ են դրված և՛ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, և՛ ընդդիմադիր կուսակցությունների, և՛ ամերիկա-եվրոպական հովանու ներքո գործող ՈԿԿ (ոչ կառավարական կազմակերպությունների) վրա։ ՌԴ հետախուզության համաձայն, հեղաշրջման փորձն իրագործվելու է ըստ «Արևմուտքի կողմից վաղուց գործարկվող ստանդարտ շաբլոնի». վերահսկողության տակ գտնվող լայն քարոզարշավով, անհնազանդության զանգվածային ձեռնարկներով, անկարգություններով ու «սրբազան զոհերով», որոնք պետք է խթան հանդիսանան փողոցային պայքարով իշխանությունը զավթելու համար։

Չի կարելի բացառել, որ ՌԴ ԱՀԾ-ի հայտարարությունն ընդամենը տեղեկատվական արտանետում է, որ կոչված է գործող վրացական իշխանության համար ազատ դաշտ ապահովելու խուսավարման և հակառուսաստանյան բաց դիրքերից հանդես եկող ընդդիմության նկատմամբ նրա գործողությունների առավել արմատականացման նպատակով։ Այսպես, թե այնպես, փաստորեն, Վրաստանում արտաքին քաղաքական գործընթացներին Սերգեյ Նարիշկինի գերատեսչության միջամտությունը վկայում է Մոսկվայի համար դրանց առաջնահերթ կարևորության մասին։ Նույնը վստահությամբ կարելի է ասել նաև Արևմուտքի մասին, հատկապես եթե Ռուսաստանի ԱՀԾ-ի տեղեկությունը անհիմն չէ։

Վրաստանն, ըստ էության, Եվրասիայի աշխարհաքաղաքական քարտեզում դարձել է առանցքային կետերից մեկը, որտեղ հավաքական Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ուղղակի բախման մեջ է մտել իր գլոբալ մրցակիցների՝ ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ։ Արևմտյան չափազանց ազդեցությունից ազատ Վրաստանը Ռուսաստանի համար հեռանկարային առևտրա-էներգետիկ երթուղի է դեպի հարավ՝ Թուրքիա. դա Սև ծովում բավականին ազդեցիկ ափեզր է և, վերջապես, իր կովկասյան սահմանների լրացուցիչ անվտանգային երաշխիք, ինչը ծայր աստիճան կարևոր է Ուկրաինայի շուրջ մարտական գործողությունների բարդանալու պայմաններում։ Չինաստանի համար Վրաստանը նույնպես առանցքային նշանակություն ունի «Մեծ Մետաքսի ճանապարհի միջին երթուղու» ճարտարապետության համատեքստում։

Հենց Վրաստանում է հանգուցվում Կենտրոնական Ասիայով և Կասպից ծովով անցնող այն մուլտիմոդալ հաղորդակցությունների ցանցը, որոնք կոչված են ՉԺՀ-ն կապել եվրոպական շուկաների հետ։ Ուստի այդ հարավկովկասյան հանրապետության նկատմամբ վերահսկողության վերջնական կորուստը հարվածի տակ կդնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ Մոսկվայի մեկուսացմանը և Եվրասիական մայրցամաքում Պեկինի քաղաքական-տնտեսական ազդեցության աճի սահմանափակմանն ուղղված ռազմավարությունը։

Դրանով իսկ վրաց ներքաղաքական օրակարգում ոչ այնքան զարգացման և ինտեգրման վեկտորն այդ փոքր երկրի կողմից ինքնուրույն ընտրելու հարցն է, ինչը կորոշի դրա սեփական ճակատագիրը, որքան որ այն հիմնախնդիրը, որի լուծումից կախված է տարածաշրջանում գլոբալ խաղացողների ուժերի և շահերի դիրքավորումը։ Վրացական իշխանությունների ներկայացուցիչների և իշխանամետ վերլուծաբանների համաձայն՝ Արևմուտքում իշխող «պատերազմի գլոբալ կուսակցությունը» ձգտում է երկրում իշխանության բերել ուժերի, որոնք նպաստում են Վրաստանի ներգրավմանը Ռուսաստանի դեմ պատերազմին և, այդպիսով իսկ, իրացնում են «ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի» բացման ծրագիրը(7)։ Այդ մասին մշտապես ասում են ռուսաստանյան քաղաքական շրջանակները, որոնց համաձայն՝ հենց Թբիլիսիի ներգրավումը պատերազմին հանդիսանում է Վրաստանում իշխանության վերաձևավորման հարցում Վաշինգտոնի և ԵՄ-ի գլխավոր նպատակը(8)։ Իրենց հերթին, Վրաստանում գործող ընդդիմությունը և հավաքական Արևմուտքի ներկայացուցիչները չեն դադարում պնդել, որ «երկրորդ ճակատի» և «Վրաստանի ուկրաինացման» մասին խոսույթն իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող սուտ է(9)։

«Վրացական աշխարհաքաղաքական կուսակցության» շուրջ կողմերի ակտիվ քաղաքական-տեղեկատվական գործունեության պայմաններում դժվար է կողմնորոշվել, թե տեսակետներից որն է առավել մոտ իրականությանը։ Ավելի հավանական է, որ ճշմարտությունը գտնվում է հնչեցվող նարատիվների մեջտեղում։ Քիչ հավանական է թվում, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները կկարողանան կարճ ժամանակամիջոցում Վրաստանում կազմակերպել հիշյալ «երկրորդ ճակատը», և հազիվ թե Վրաստանն ինքը քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական առումներով պատրաստ է նման հավակնոտ ծրագրերի իրագործմանը։ Սակայն դա Արևմուտքին չի խանգարում, որպեսզի Թբիլիսիում քաղաքական իշխանության փոփոխության դեպքում Վրաստանում մոդելավորեն մի իրավիճակ, որը անհարմարավետություն ու լարվածություն կհաղորդի Ռուսաստանին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այդ երկրում ռազմաբազաների և ուկրաինական ուժերի պատրաստման կենտրոնների հիմնմանը՝ Ռումինիայում գտնվող համալիրների օրինակով, որոնք կարճ ժամանակամիջոցում գործարկվել են մոլդովական սահմանի մոտ։ Նաև չի բացառվում, որ վրացական տարածքը կարող է օգտագործվել ուկրաինական զինվորների զանգվածային բուժման և վերակենդանացման համար։ Բացի այդ, կարելի է սպասել Վրաստանի ինտենսիվ զինումը ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի նոր համակարգերով ինչպես սևծովյան ավազանում, այնպես և Հարավային Ռուսաստանի երկնքին հետևելու ու հետախուզության միջոցներով։ Ինչ վերաբերում է Վրաստանի բարեփոխման տնտեսական բաղադրիչին, ապա այստեղ ոչ մի կասկած չեն հարուցում պատժամիջոցներից խուսափելու խնդրում ՌԴ-ին օգնող սխեմաների վերացմանն ուղղված քայլերը։ Խոսքը վերաբերում է Վրաստանով դեպի Ռուսաստան վերաարտահանման հնարավորությանը՝ ի շահ ՌԴ-ի «ստվերային» բանկային գործառնությունների և այլ ֆինանսա-տնտեսական գործարքների, որոնք ենթակա են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին։ Նաև չի բացառվում Արևմուտքի ճնշման ներքո Անակլիա խորջրյա նավահանգստի և Վրաստանում դրա հետ կապված ընդարձակ լոգիստիկ ենթակառուցվածքի շինարարության նախագիծը, որն իր ժամանակին վստահված էր ամերիկացիներին, չինական-սինգապուրյան CCCC ընկերությանը տրամադրելու մասին պայմանագրի չեղարկումը Թբիլիսիի կողմից։ Դա, իր հերթին, սաստիկ կհարվածի Թբիլիսիի և Պեկինի միջև հաստատված սերտ քաղաքական-տնտեսական փոխգործակցությանը, որը հիմնված է 31.07.2023 թ. ստորագրված «Ռազմավարական գործընկերության հռչակագրի» վրա(10)։

Ընդհանուր առմամբ, նոր իշխանությունների բարեհաճության շնորհիվ վրացական աշխարհաքաղաքական ռեսուրսին անսահմանափակ հասանելիությունն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հնարավորություն կտա ոչ միայն ամրանալու հարավկովկասյան հանրապետությունում, այլև իր դիրքերն ամրապնդելու հարևան Հայաստանում և ընդլայնելու Ադրբեջանի վրա ճնշման գործիքակազմը, որը 2020 թ.-ից հետո ցույց է տալիս որոշ փորձեր Արևմուտքից ավելի մեծ անկախության հասնելու և ՌԴ-ի ու ՉԺՀ-ի հովանու ներքո գտնվող քաղաքական-տնտեսական բլոկներին ինտեգրվելու համար։

Եթե վրացական իշխանության փոփոխության դեպքում Արևմուտքը հասնի իր վրացական օրակարգի վերը թվարկված կետերի իրագործմանը, ապա դրանք համալիր են և կարող են դառնալ նույն այն «երկրորդ ճակատը» Ռուսաստանի դեմ, որի համար տվյալ դեպքում պարտադիր չէ զինվորագրել վրացական բնակչությանը և սկսել մարտական գործողությունները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում հստակ տեսնում են ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների ներկայիս ծրագրերը, ինչպես նաև գիտակցում են դրանց կենսագործման բարձր հավանականությունը և ուստի իրենց կողմից ձգտում են որքան հնարավոր է ավելի թանձրացնել «հեղափոխական հեռանկարների» գույներն ու փորձում են վրացական հանրությանը նախազգուշացնել «անխուսափելի արյունահեղ պատերազմի» մասին։ Չէ՞ որ, նույնիսկ հաշվի առնելով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի, թե՛ Մոսկվայի և Պեկինի ուժեղ արտաքին միջամտությունը, շատ բան կախված կլինի հենց Վրաստանի քաղաքացիներից և իրենց երկրի շուրջ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու նրանց կարողությունից:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 17.09.2024 թ.:

(2) «Թբիլիսիի քաղաքապետը Վրաստանի նախագահին մեղադրել է դավաճանության և «դավաճանների» հետ կապի մեջ» (ռուս.), RTVI (15.07.2024), https://rtvi.com/news/mer-tbilisi-obvinil-prezidenta-gruzii-v-izmene-i-svyazi-s-predatelyami/ (բեռնման օրը՝ 13.09.2024):

(3) «Վրաստանի վարչապետը նախագահին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ» (ռուս.), ТАСС (26.05.2020), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20906417\ (բեռնման օրը՝ 13.09.2024):

(4) «Վրաստանում կարող է քրեական գործ հարուցեն Սաակաշվիլու դեմ՝՝ Ռուսաստանի հետ պատերազմի համար» (ռուս.), Газета RU (08.08.2024), https://www.gazeta.ru/politics/news/2024/08/08/23642323.shtml\ (բեռնման օրը՝ 15.09.2024):

(5) «Իրակլի Կոբախիձեն իր համար անհաջող օրինակ է գտել»: Эхо Кавказа (23.08.2024), https://www.ekhokavkaza.com/a/irakliy-kobahidze-nashel-sebe-neudachnyy-primer/33090339.html\ (բեռնման օրը՝ 14.09.2024)։

(6) «ԱՄՆ-ը հեղաշրջում է պատրաստում Վրաստանում. ի՞նչ են մտադրվել Արևմուտքում»: РЕН ТВ (09.07.2024), https://ren.tv/longread/1238846-ssha-gotoviat-perevorot-v-gruzii-kakie-rychagi-davleniia-est-u-zapada\ (բեռնման օրը՝ 14.09.2024)։

(7) «Վրաստանում հայտարարել են ՌԴ դեմ «երկրորդ ճակատ» բացելու ազդեցիկ գլոբալ ուժերի ծրագրերի մասին» (ռուս.): Интерфакс (22.05.2024), https://www.interfax.ru/world/961865\ (բեռնման օրը՝ 13.09.2024):

(8) «Արևմուտքը չի հրաժարվել Կովկասում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու գաղափարից, վստահ է Ջաբարովը» (ռուս.): Вместе – РФ (23.08.2024), https://vmeste-rf.tv/news/zapad-ne-ostavil-ideyu-otkryt-na-kavkaze-vtoroy-front-protiv-rossii-uveren-dzhabarov/ (բեռնման օրը՝ 14.09.2024):

(9) «ԱՄՆ դեսպանը Թբիլիսիում հերքում է ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունների մասին կեղծ պատումը» (ռուս.): Голос Америки (14.06.2024), https://www.golosameriki.com/a/posol-ssha-v-tbilisi-oprovergaet-lozhnyj-narrativ-ob-otnosheni yah-ssha-i-gruzii/7656217.html\ (բեռնման օրը՝ 15.09.2024):

(10) «Վրաստանն ու ՉԺՀ-ն հրապարակել են համատեղ հայտարարություն ռազմական համագործակցության մասին» (ռուս.): Civil Georgia (31.07.2023), https://civil.ge/ru/archives/553863\ (բեռնման օրը՝ 13.09.2024):