ԱՊՀ, Արևմուտք, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Սահմանակից երկրներ

Վրաստանի՝ սպառազինություն արտադրելու ներուժը

Սեղմագիր

Վրաստանում ռազմական արտադրությունը զարգանում է մի քանի փուլով։ Երկրի խորհրդային փորձը, հարուստ պատմություն ունեցող ավիագործարանը, ինչպես նաև մասնագետների առկայությունը հնարավորություն են տվել անկախացումից հետո քայլեր անել ոչ զրոյական կետից։ Այնուամենայնիվ, ռազմական արտադրանք ապահովելու համար բացի մասնագիտական և ենթակառուցվածքների առկայությունից անհրաժեշտ է նաև ֆինանասական հսկայական հոսք։ Վրաստանում սպառազինության արտադրությամբ զբաղվող «Դելտա» կենտրոնն ամբողջովին ֆինանսավորվում է պետության կողմից՝ պարտավորվելով հոգալ ուժային համակարգի կարիքները։ Վերջին տարիներին Վրաստանը կարողացել է ոչ միայն սեփական արտադրանքով համալրել երկրի բանակի հաշվեկշիռը, այլ նաև արտահանման հաջողված պայմանագրեր է կատարել։ Ներկայում ռազմական արտադրության զարգացումը երկրի առաջնահերթություններից է համարվում, իսկ անօդաչուների արտադրության ուղղությունն ամենապահանջվածներից է։

ПОТЕНЦИАЛ ГРУЗИИ ПО ПРОИЗВОДСТВУ ОРУЖИЯ
Меликсетян А. М.

Аннотация

Военное производство в Грузии развивается в несколько этапов. Советский опыт страны, авиазавод с богатой историей, а также наличие специалистов позволили после обретения независимости сделать шаги с ненулевой точки. Однако для обеспечения военной продукцией, помимо наличия опыта и инфраструктуры, необходим еще и огромный финансовый поток. Центр «Дельта», занимающийся производством оружия в Грузии, полностью финансируется государством, взяв на себя заботу о нуждах силовых структур. За последние годы Грузия не только смогла пополнить баланс армии страны собственной продукцией, но и заключила успешные экспортные контракты. В настоящее время развитие военного производства считается одним из приоритетов страны, а направление производства дронов – одним из самых востребованных.

ARMS PRODUCTION CAPABILITIES OF GEORGIA
Meliksetyan H. M.

Summary

Military production in Georgia is developing in several stages. The country’s Soviet experience, the aircraft factory with a rich history, as well as the presence of specialists made it possible to take steps from a non-zero point after independence. However, in order to provide military products, in addition to the availability of expertise and infrastructure, a huge financial flow is also necessary. The “Delta” center, engaged in the production of weapons in Georgia, is fully state-financed. In recent years, Georgia has not only been able to replenish the balance of the country’s army with its own products, but also made successful export contracts. Currently, the development of military production is considered one of the country’s priorities, and the direction of drone production is one of the most demanded.

Հասմիկ Մ. Մելիքսեթյան(1)(2)

Ներածություն

Սպառազինությունների արտադրման, գնման և արտահանման համաշխարհային մրցավազքում Վրաստանն ամենանկատելին չէ, սակայն երկիրն ունի խորհրդային հարուստ ռազմաարդյունաբերական պատմություն, ինչպես նաև անկախացումից հետո երիցս կարողացել է սեփական արտադրանքը վաճառել միջազգային գործընկերների։ Վրացական հնարավորությունները տեղական արտադրության զարգացման համար բնավ քիչ չեն։ Երկիրը Խորհրդային Միությունից ժառանգած նշանակալի պատմությամբ ավիագործարան, սպառազինության արտադրության տարիների մեծ փորձ և կադրային ռեսուրս ունի։ 1941-ից գործող ավիացիոն գործարանը Վրաստանի պետական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի ամենակարևոր հենասյունն է։ Հենց այստեղ են իրականացվում ավիացիոն, հրետանային, հակաօդային միջոցների վերանորոգումը, արդիականացումը կամ մոդիֆիկացիան։ Գործարանի հնարավորությունների շնորհիվ է նաև հնարավոր դառնում միջազգային գործընկերների հետ համատեղ արտադրության հիմնումը, հոսքագծեր ունենալը։ Թեև 2008 թ. ռուս-վրացական պատերազմն ու Ռուսաստանի հետ խնդիրներն իր հետևանքներն ունեցան Վրաստանի ռազմական արտադրության հետագա ընթացքի վրա, այնուամենայնիվ, վրացական կողմը փորձում է Ռուսաստանին և ռուսական արտադրանքին այլընտրանք գտնել։ Տարածաշրջանում վերջին տարիների ուժային հավասարակշռության փոփոխության ֆոնին էլ Վրաստանը 2020–2030 թթ. մեծ ուշադրություն է դարձնելու սեփական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) արտադրությանը։

Այս աշխատանքում փորձ է արվել ուսումնասիրել Վրաստանի՝ սպառազինություն արտադրելու ներուժը, միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները։ Ներկայացվել են նաև տեղական ռազմական արտադրանքը, տարբեր ոլորտներում մշակումների կամ արտադրության փորձերը։ Հաշվի առնելով 2024 թ. հայ-վրացական ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ նախանշվել են այն հնարավոր ուղղությունները, որոնք կարող են կողմերի միջև ակտիվացնել և հետագայում խորացնել փոխգործակցությունը։

Պետական մակարդակով սպառազինություն արտադրելու ներուժի խթանում

2019 և 2020 թվականներին այն ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ռազմական արդյունաբերության զարգացումը հաջորդ տարիներին առաջնահերթություն է լինելու։ Երկրում սկսեցին մեծ ուշադրություն դարձնել ավիացիոն պարկի թարմացմանը, տեխնիկայի վերանորոգմանը, տեղական արտադրանքի խթանմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը, զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, սոցիալական հարցերին։ Վերջին տարիներին ռազմական բյուջեն հետզհետե ավելացել է՝ 2024-ին դառնալով 1.4 մլրդ լարի։ 2019 թ-ի համեմատ (875 մլն լարի)՝ բյուջեն աճել է 60%-ով։ Բյուջեի ավելացման պատճառներից մեկը զինծառայողների աշխատավարձերի 20% բարձրացումն է, ինչպես նաև պաշտպանական կարողությունների զարգացման կարևորությունը(3)։ 2021 թ-ին էլ Ղարիբաշվիլիին փոխարինած, բայց, ըստ էության, վերջինիս սկսած նախագծերը շարունակող Ջուանշեր Բուրճուլաձեն ներկայացրել էր ՊՈւ զարգացման 2020–2030 թթ. պլանը(4)։ Այն ունի 5 հիմնական առաջնահերթություն՝ հակատանկային, ավիացիոն, հրետանային, հետախուզական և ինժեներական կարողությունների զարգացում։ Պլանն, ի թիվս այլ կարևոր ոլորտների, ներառում է հետևյալ կետերը՝

2022 թ.-ից փոքր և մեծ ԱԹՍ-ների արտադրություն պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի հիմքի վրա։ Համատեղ ձեռնարկություն(5) հիմնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում հարավաֆրիկյան և լեհական ընկերությունների հետ։ 2024 թ.-ից ինտենսիվորեն զարգացնել հրետանային կարողությունները։ Պլանը ներառում է տեղական արտադրության ականանետների զարգացում, ինչպես նաև օտարերկրյա արտադրողներից հրետանային միջոցների ձեռքբերում։

Խորհրդային ժառանգության ընձեռնած հնարավորությունները

«Թբիլավիամշենի»-ն կամ «Թբիլիսիի ավիացիոն գործարան»-ը Վրաստանի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունն է, որը հարուստ պատմություն ունի։ Գործարանը հիմնադրվել է 1941-ին՝ որպես Դիմիտրովի անվան Թբիլիսիի N31 ավիացիոն գործարան, երբ Տագանրոգի և Սևաստոպոլի գործարանները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պետք էր տեղափոխել Թբիլիսի։ Գործարանն արդեն 1942-ին կարողացել էր արտադրել 714 միավոր ինքնաթիռ։ Թբիլիսիի ավիացիոն գործարանում տարբեր տարիների արտադրվել են Յակ-15, Յակ-17, Յակ-23, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-21 կործանիչներ, իսկ ավելի ուշ տարիների՝ Սու-25 գրոհիչներ(6)։

Թբիլավիամշենին այժմ Վրաստանի պետական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի մաս է կազմում, այնինչ 2000-ականների սկզբին գործարանը սեփականաշնորհվել էր: 2010-ին այն անցել է Վրաստանի կառավարությանը՝ տեղական ռազմական արտադրանքը զարգացնելու նպատակով։ 2008 թ. Օգոստոսյան պատերազմի ժամանակ ռուսական կողմը հարվածել էր նաև գործարանին և դրա թռիչքուղուն(7)։

Հետաքրքրական է, որ ռուս-վրացական պատերազմից հետո ավիացիոն գործարանը բախվել է Սու-25-երի վերանորոգման, արդիականացման և գրոհիչների շարժիչների գնման խնդիրների, ինչի հետևանքով վրացական կողմը կորցրել է տարածաշրջանում Սու-25 գրոհիչների արտադրության, արդիականացման և վերանորոգման մենաշնորհը։ 2002 և 2005 թթ. երկիրը Ադրբեջանին է մատակարարել 12 միավոր Սու-25 և 1 միավոր Սու-25ՈւԲ գրոհիչներ։ Օգոստոսյան պատերազմից հետո, երբ վրացական կողմն այլևս չէր կարողանում ապահովել ռուսական շարժիչների ձեռքբերումը, դրանով զբաղվում էր Ադրբեջանը։ «…Դրանից հետո շարժիչների խնդիրը լուծում էր ադրբեջանական կողմը: Ադրբեջանի փոխվարչապետը գնաց Մոսկվա և ռուսաստանյան կողմի հետ պայմանագիր կնքեց շարժիչների վերաբերյալ: Սակայն, ըստ պայմանագրի, Ադրբեջանն իրավունք չուներ շարժիչները տրամադրել Վրաստանին: Մենք հավաքում էինք ինքնաթիռներն առանց շարժիչների և ուղարկում էինք Սումգայիթ: Անշուշտ պայմանագրում փոփոխություն եղավ, այդ թվում և գումարի։ Սումգայիթում մեզ առանձին շինություն էին տվել, որտեղ մեր մասնագետներն ավարտին էին հասցնում գրոհիչների կառուցումը, ինչից հետո մեզ փոխանցվեց գումարը»(8)։

Հարկ է նշել, որ Թբիլավիամշենին բացի Ադրբեջանում ինքնաթիռների կառուցումն ավարտելուց, այդ երկրին 2010 թ. պայմանագրով փոխանցել է նաև գրոհիչների վերանորոգման տեխնոլոգիաներ։ Արդեն 2023-ին ադրբեջանական կողմը հայտարարել է, որ IDEF-23 ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի ՊՆ-ն և թուրքական TUSAŞ ընկերությունը համաձայնագիր են կնքել Սու-25-երի արդիականացման համար(9)։ Թուրքական նույն ընկերության պատվիրակությունը դեռ 2021-ի հոկտեմբերին այցելել էր Թբիլավիամշենիի գործարան, ծանոթացել դրա հնարավորություններին։ Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ կողմերը հետաքրքրված են համատեղ ձեռնարկություն հիմնելու և ռազմաօդային արտադրությունը զարգացնելու հարցով(10)։ Իսկ ահա ադրբեջանական լրատվամիջոցները 2023-ին հայտնել էին նաև, որ թուրքական և ադրբեջանական կողմերը հետաքրքրված են վրացական Ge-31 Բորա ինքնաթիռի գնմամբ։ Այն Սու-25Կ և Սու-25Տ ինքնաթիռների մոդիֆիկացված տարբերակն է լինելու, որի համար վրացական կողմը չի օգտագործելու ռուսական պահեստամասեր, այլ հավաքելու է իտալական, ֆրանսիական և բրիտանական սարքավորումներով և համակարգերով(11)։

Ge-31 «Բորա» (ბორა – ուրուր) անունը կրող ինքնաթիռի «Ge»-ն նշանակում է «Georgia» (Վրաստան), իսկ «31»-ը ավիագործարանի նախկին համարն է (№31)։ Թբիլավիամշենիի տնօրենը դեռ 2018-ին հայտարարել էր(12), որ 2020-ին արդեն Վրաստանում կարտադրվեն «Բորա»-ները, սակայն մինչ օրս նոր զարգացումների մասին տեղեկություններ չկան։

Վրաստանի պետական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնն ու միջազգային պայմանագրերը 

Թբիլավիամշենին «Դելտայի» առանցքային և գլխավոր հենասյունն է։ Գործարանի հնարավորություններն օգտագործվում են ոչ միայն ավիացիոն տեխնիկայի արտադրման, վերանորոգման կամ առանձին դետալների պատրաստման, այլ նաև՝ վրացական ռազմական այլ տեխնիկայի արտադրության համար։

Վրաստանի պետական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը հիմնադրվել է 1993-ին իբրև ՊՆ-ի ենթակայության տակ գործող օղակ։ Ստեղծված կենտրոնը համակարգելու էր ուժային կառույցների համար պաշտպանական նշանակության արտադրանքը։ Վրաստանի ՊՆ 2005 թ. նոյեմբերի 22-ի հրամանով հաստատվել էր «Դելտայի» կանոնադրությունը, ըստ որի՝ կառույցը զբաղվելու էր նաև ռազմական սպառազինության, զինամթերքի, տեխնիկայի վերանորոգմամբ, արդիականացմամբ, ստեղծմամբ։ Ավելի ուշ՝ 2010-ի հոկտեմբերի 12-ի ՊՆ հրամանով «Դելտան» պարտավորվում էր պաշտպանական գերատեսչությանը ներկայացնել պետական հատկացումներով ստեղծված արտադրանքն ու ծառայությունները։ Վրացական ռազմական արտադրության հանրայնացման սկիզբը կարելի է համարել հենց 2011-ը, երբ երկրի Անկախության օրը՝ մայիսի 26-ին, ցուցադրվել է Didgori զրահամեքենան։ 4×4 ընթացամասով մեքենան ստեղծվել է «F» սերիայի Ford մեքենաների հիմքի վրա, ապահովում է անձնակազմի պաշտպանությունը հրաձգային զենքերից ու արկերի բեկորներից։ Տարիների ընթացքում Didgori-1-ին ավելացել են նաև Didgori-2, Didgori-3-ը, իսկ հետագայում արդեն Didgori Medevac-ը և Didgori Meomari 120 մմ տրամաչափի ինքնագնաց ականանետը։ Հարկ է նշել, որ Didgori-ի տարատեսակներից բացի կա նաև զրահամեքենայի մոդիֆիկացված տարբերակը՝ հետախուզականը, որը կիրառում են երկրի պաշտպանական ուժերի հետախուզական ստորաբաժանումները։ Այն ներկայացվել է 2021-ին։ Այդ ժամանակ պաշտպանության նախարարը հայտնել էր(13), որ հաջորդ տարի նախատեսվում է 8 միավոր հետախուզական զրահամեքենա փոխանցել Պաշտպանության ուժերին(14)։ Պաշտոնական աղբյուրներում, սակայն, հետախուզական մեքենաների փոխանցման մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Այդուհանդերձ, 2022-ին երկրի բանակը համալրվել է Didgori-ների ընտանիքին պատկանող 6 միավոր Didgori Medevac-ով(15)։

«Դելտայի» արտադրանքն են նաև Լազիկա հետևակի մարտական մեքենան, RS-122 համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Կենտրոնը ռազմական ծանր տեխնիկայից բացի արտադրում է նաև ականանետներ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, համազգեստ և ուժային կառույցներին անհրաժեշտ այլ պարագաներ։

Հարկ է նշել, սակայն, որ վերոնշյալ տեխնիկայից 2020 թ-ից Վրաստանի Պաշտպանության ուժերի հաշվեկշռում են միայն «Դիդգորիները»(16)։ Բանակը կիրառում է նաև տեղական արտադրության սաղավարտներ և զրահաբաճկոններ։

Հետաքրքրական է, որ Didgori-ները մինչև վրացական բանակում հայտնվելն արդեն արտահանման հաջող պատմություն ունեին։ 2015 թ. դեկտեմբերին հարյուրից ավելի Didgori Medevac մատակարարելու մասին պայմանագիր էր կնքվել (մոտ 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ)։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Didgori-Medevac, 2016-ի հունվարի 30-ին ուղարկվել է Սաուդյան Արաբիա(17)։ Մյուս մատակարարումներն արվել են հաջորդաբար։ Սաուդյան Արաբիան զրահամեքենան օգտագործել է Եմենում մարտական գործողությունների ժամանակ(18)։ 2019-ին էլ հայտնի դարձավ, որ բժշկական մեքենաներ են մատակարարվել նաև Ինդոնեզիային։ Այդ ժամանակ վրացի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին հայտնել էր, որ դրանք, հավանաբար, ոստիկանական ուժերի համար են, քանի որ ներկվել են համապատասխան գույնով։ Մեքենայի սարքավորումների մի մասը նույնպես գնորդի պահանջով փոխվել էր(19)։ 2020 թ. սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ինդոնեզիա է ուղարկվել 2 միավոր Didgori-Medevac-ի «Բիզոն» հատուկ մոդիֆիկացիան(20)։

Խոսակցություններ կային, որ մեքենան կարող է արտահանվել նաև Կոնգո, սակայն պաշտոնապես հայտարարվել էր, որ գործարքը մերժվել է «քանի որ անպատրաստ, անընդունելի պայմաններով նախագիծ է եղել»(21)։

Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի օժանդակությամբ օգտագործված ԱԹՍ-ները, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմում դրանց լայնամասշտաբ կիրառումը մի շարք երկրների և ռազմաարդյունաբերական ընկերությունների կենտրոնացրին անօդաչու սարքերի արտադրության վրա։ Վրաստանը, որտեղ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողություններից շատ կիլոմետրեր հեռու ընկել էր Ադրբեջանին պատկանող իսրայելական Harop տիպի ԱԹՍ, նույնպես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում դրանց արտադրությանն ու պաշտպանության ուժերը նոր նմուշներով համալրելուն։

Վրաստանի ՊՆ հաղորդմամբ՝ 2023 թ. դեկտեմբերի 14-ին երկրի Պաշտպանության ուժերը «ՊՈւ զարգացման 2030 թ. պլանի» շրջանակներում համալրվել են վրաց-լեհական համատեղ արտադրության WARMATE և FLYEYE անօդաչու թռչող սարքերով(22)։ Վազիանի զորավարժարանում ցուցադրական թռիչքներին հետևել են պաշտպանության նախարարն ու ՊՈւ հրամանատարը, այլ պաշտոնատար անձինք։ WARMATE-ը մահապարտ ԱԹՍ է, որը կարող է օդում մնալ մոտ 70 րոպե, իսկ FLYEYE-ը փոքր, դյուրակիր սարք է, որը կարելի է գործարկել 10 րոպեից քիչ ժամանակում, տարատեսակ սահմանափակ հնարավորությամբ վայրերից։ Երկու ԱԹՍ-ն էլ արտադրում է 2022-ից գործող վրաց-լեհական համատեղ Delta-WB ընկերությունը։ Հիշյալ անօդաչուները որոշակի խմբաքանակով համալրել են ՊՈւ հաշվեկշիռը և բաշխվել տարբեր ստորաբաժանումների հետագա շահագործման համար։ Լեհական կողմն անօդաչուներ արտադրելուց բացի վերապատրաստում է նաև վրացի զինվորականներին։ Վրաստանը նախատեսում է մոտ ապագայում տարածաշրջանում բացել ԱԹՍ-ների առաջին ուսումնական կենտրոնը։

Ինչ վերաբերում է տեղական արտադրության ԱԹՍ-ներին, ապա 2020 թ. Արցախում ակտիվ մարտական գործողությունների ավարտից մի քանի ամիս անց՝ 2021 թ. հունվարին, վրացական մի քանի լրատվամիջոց վերահրապարակել էր TAM MANAGEMENT ընկերության տնօրեն Վաժա Թորդիայի հայտարարությունը, թե՝ «վրացական արտադրության առաջին Т-31 ԱԹՍ-ն պատրաստ է ու գերազանցում է թուրքական և հրեական անալոգներին»։ Ըստ Թորդիայի՝ ԱԹՍ-ի մշակման աշխատանքներն սկսվել են 2 տարի առաջ։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ԱԹՍ-ները մեծ հետաքրքրություն են առաջացրել՝ ցամաքային թիրախներն արդյունավետ խոցելու տեսանկյունից։ Թորդիան նշել էր նաև, որ ԱԹՍ-ն սպառազինված կարող է թռչել 24 ժամ, իսկ հավելյալ լիցքավորման բաք ունենալու դեպքում՝ մինչև 72 ժամ։ T-31-ի իրական նմուշ ցուցադրված չէ մինչ այս պահը, հասկանալի չէ, թե ԱԹՍ-ի մասերը ո՞ր երկրներից կամ ընկերություններից է ձեռք բերվելու։ Այնուամենայնիվ, պաշտոնյան հայտարարել է, որ ֆինանսավորման դեպքում ընկերությունը կարող է պատվեր գրանցել և սերտիֆիկացված ԱԹՍ-ներ ներկայացնել(23)։

Վրացալեզու և ռուսալեզու կայքերը հայտարարությունը տարածելիս, շեշտել են «վրացական արտադրության առաջին ԱԹՍ-ն» լինելը, սակայն պետք է նշել, որ, ի տարբերություն TAM MANAGEMENT-ի հրապարակած նմուշի վիրտուալ տարբերակի, Վրաստանում արտադրված և ցուցադրված ԱԹՍ-ներ վաղուց կան։

Դեռ 2012 թ. ապրիլի 10-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվել էր «վրացական առաջին» հետախուզական ԱԹՍ-ն։ Հայտարարվել էր, որ այն նախատեսված է ինչպես հետևակի, այնպես էլ՝ հրետանու համար։ ԱԹՍ-ի հիմնական գործառույթը մարտի դաշտի հետախուզությունն ու կոորդինատների փոխանցումն է։ Սարքն ունի ցերեկային և գիշերային ռեժիմներ։ ԱԹՍ-ն օդ է բարձրանում հատուկ նետող սարքով և վայրէջք կատարում օդապարիկի օգնությամբ։ Սահակաշվիլին ցուցադրության ժամանակ հայտարարել էր, թե այդ ԱԹՍ-ն դառնալու է Վրաստանից արտահանվող արտադրանքներից մեկը։ «Սա մերն է… մենք այլևս կախված չենք ուրիշներից», – ասել էր Սաակաշվիլին։

Նշյալ ԱԹՍ-ի վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները շատ չեն, այնուամենայնիվ, առկա տվյալների համաձայն, ԱԹՍ-ն ոչ թե վրացական արտադրության է, այլ՝ էստոնական Eli Military Simulations ընկերության։ Վրաստանի «Արսենալի» ռազմական ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին ցուցադրությունից հետո գրել էր(24), որ «վրացական ԱԹՍ-ի մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն շատ նման է էստոնականին… հնարավոր է այն պատրաստվել է էստոնական Eli-ի լիցենզիայով։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ ցուցադրության ժամանակ նրանք մեզ ճշմարտությունն ասեին»։ Վրացական աղբյուրները գրում են, որ ԱԹՍ-ի մոդելը մշակել է էստոնական ընկերությունն ու դրա արտադրման լիցենզիան տվել Վրաստանին։

Էստոնական UAV Swan ԱԹՍ-ն իր հայրենիքում ցուցադրվել է 2006 թ. զորավարժության ժամանակ։ Սարքը, սակայն, այդպես էլ չի բավարարել ՊՆ պահանջներին և զինվորականները դրանից հրաժարվել են։

Ոչ թե համատեղ, այլ սեփական ԱԹՍ արտադրելու փորձ ունի հենց «Դելտան»։ Կենտրոնը 2015 թ. մայիսի 26-ին երկրի անկախության օրը ցուցադրել էր ուղղաթիռատիպ անօդաչու թռչող սարք(25), որն, ըստ տեղեկությունների, հարվածային-հետախուզական է, սպառազինված է М134 Minigun տեսակի 2 վեցփողանի գնդացրով և 8 չկառավարվող ավիացիոն հրթիռներով։ Թռիչքի բարձրությունը 3 կմ է, իսկ առավելագույն արագությունը՝ 180 կմ/ժ։ Օդում կարող է մնալ առավելագույնը 2 ժամ։ Տարիներ անց՝ 2019-ին Վրաստանի պաշտպանության և կայուն զարգացման նախարարների՝ «Դելտա» այցելության ժամանակ ի թիվս այլ արտադրանքի՝ ներկայացվել էր նաև ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն, որը դեռ մշակումների փուլում էր։ Այդ ժամանակ հրապարակված լուսանկարներից երևում էր, որ ԱԹՍ-ն սպառազինված է հրթիռներով։ Defence Blog-ի հիմնադիր Դիլան Մալյասովն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դրանք ուկրաինական արտադրության հակատանկային կառավարվող հրթիռներ են և արտադրվում են Ուկրաինայի պետական «Луч» կոնստրուկտորական բյուրոյի կողմից։

Հարկ է նշել, որ 2015-ին և 2019-ին ցուցադրված ԱԹՍ-ները գրեթե նույնն են, տարբերվում են իրենց սպառազինությամբ։

Վրաստանի ԱԹՍ արտադրելու հնարավորությունների մասին Արցախում պատերազմի ավարտից մեկ ամիս անց հոդված էր հրապարակել ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։ Նա նշել էր, որ դեռ 1960-ականներին Թբիլիսիում հավաքում էին Ла-17М ԱԹՍ-ներ։ Ալադաշվիլին պնդել էր, թե Վրաստանը սեփական անօդաչուների մշակման մասին հայտարարել է դեռ 2001-ին, իսկ առաջին անգամ ցուցադրել 2012-ին։ Ըստ հեղինակի(26)՝ այդ ԱԹՍ-ների վրա վրացական եղել է միայն պոչի վրայի դրոշը։

Փորձագետի համոզմամբ՝ «Դելտայի» և Թբիլավիամշենիի համատեղ ջանքերով ու ՊՆ-ի ֆինանսավորմամբ կարող են սերիական արտադրություն հիմնել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ների համար։ «Պետք չէ պատրանքներ ունենալ, որ վրացական առաջին ԱԹՍ-ն պետք է հավաքված լինի ամբողջապես վրացական դետալներով», – գրել է Ալադաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանը պետք է արտասահմանից գնի օպտիկական և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ։ Եվ այդ առումով վրաց-լեհական համատեղ ձեռնարկությունը, իրավամբ, փորձագետի ասվածի ապացույց կարող է դիտարկվել։

Եզրակացություն

Սեփական ռազմական արտադրությունը որքան ծախսատար, այնքան էլ սեփական կարիքները հոգալու, հարկ եղած դեպքում ենթակառուցվածքները վերապրոֆիլավորելու և ճգնաժամային կամ պատերազմական իրավիճակում առավելություն է տալիս։ Վերջին տարիների Վրաստանի ուշադրությունը ռազմական արտադրության ոլորտին, ինչպես նաև դրան զուգահեռ սպառազինության նոր նմուշների գնումը փաստում են, որ արցախյան և ուկրաինական պատերազմներն իրենց ազդեցությունն են թողել երկրի՝ հետագա պաշտպանության կազմակերպման և պատրաստվածության պլանավորման հարցերում։ Սակայն պետք է նշել, որ սպառազինության տեղական արտադրության գործընթացի կազմակերպումը մեծ ռեսուրսներ, հնարավորություններ և կապեր է պահանջում։ Հարկ է նշել, սակայն, որ Վրաստանի ունեցած խորհրդային ժառանգությունը, ներկայում «Դելտայի» փորձն ու հաջողության օրինակները որոշ չափով կարող են վտանգված լինել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից հետո Արևմուտքի և արևմտյան գործընկերների հետ ունեցած հակասությունների, հնարավոր պատժամիջոցների կիրառման ֆոնին։ Այնուամենայնիվ, եթե վերջին շրջանի լարվածությունը ոչ մի կերպ չարտացոլվի կամ նվազագույն արտացոլում գտնի ռազմական արտադրության ոլորտի վրա, կարելի է ենթադրել, որ առաջիկա տարիներին Վրաստանը կփորձի նոր գործընկերներ գտնել համատեղ նոր արտադրություններ հիմնելու, ինչպես նաև՝ միջազգային փորձն ու տեխնոլոգիաները Վրաստան բերելու համար։

Մարտահրավերներ և հնարավորություններ պաշտպանական ոլորտում Հայաստան–Վրաստան հարաբերությունները զարգացնելու համար

2024 թ. Հայաստանի և Վրաստանի ստորագրած ռազմավարական գործընկերության համաձայնագիրը թեև դեռևս չի ներառում պաշտպանական ոլորտը, սակայն չի բացառվում, որ այն նույնպես կարող է մի օր ընդգրկվել կողմերի միջև բավարար հետաքրքրություն և էական զարգացումներ ունենալու պարագայում։ Վրաստանի ռազմական արտադրության զարգացումը թիրախային աշխատանքի շնորհիվ կարող է նոր հնարավորություններ բերել պաշտպանական, իսկ հետագայում՝ միգուցե նաև ռազմական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Ստորև ներկայացվում են, թե Վրաստանի ռազմական արդյունաբերության ինչ նմուշներ կարող են հետաքրքրել Հայաստանին և ռազմարդյունաբերության որ ոլորտները կարող են հաջողված համագործակցության հիմք ստեղծել։

  • 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին մարտի դաշտից, ինչպես նաև արցախյան հոսպիտալներից վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենաների վրա ադրբեջանական ԶՈւ-ի հարձակման դեպքերը, ինչպես նաև զոհված բուժաշխատողների թիվը քիչ չէ(27)։ Զրահապատ շտապօգնության մեքենաների առկայությունը կարող էր էականորեն հեշտացնել բուժաշխատողների գործը՝ փրկելով ինչպես վիրավոր զինծառայողների, այնպես էլ հենց բուժանձնակազմի կյանքը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ վրացական Didgori Medevac զրահամեքենան կարող է հետաքրքրել հայկական կողմին ու դառնալ նոր համագործակցության օրինակ։
  • Արցախում, ինչպես նաև Ուկրաինայում ակտիվորեն կիրառված/կիրառվող անօդաչու թռչող սարքերը ստիպել են մի շարք երկրների մեծացնել ուշադրությունը՝ դրանցով սեփական բանակը համալրելու համար։ Վրաստանը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է ինչպես միջազգային տարբեր գործընկերներից ԱԹՍ-ներ գնելով, այնպես էլ փորձում է ստեղծել և սերիական արտադրության մեջ դնել տեղական անօդաչուների արտադրությունը։ ՀՀ-ն ԱԹՍ արտադրելու և բանակում դրանք կիրառելու հաջողված փորձ ունի։ Խոսքը ՀՀ-ում արտադրվող «Կռունկ 25-1» և «Կռունկ 25-2», ինչպես նաև «Բազե» ԱԹՍ-ների մասին է։ Անօդաչուների համատեղ արտադրություն ունենալը թեև ներկայում իրատեսական չի թվում, բայց այս ուղղությունը նույնպես հնարավորություն է երկու երկրի մասնագետների և գերատեսչությունների համար։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. პარლამენტმა 2024 წლის სახელმწიფო ბიუჯეტი დაამტკიცა, https://civil.ge/ka/archives/574659
  2. ჯუანშერ ბურჭულაძემ უწყების ათწლიანი სამოქმედო გეგმა წარადგინა, https://mod.gov.ge/ge/news/read/8327/juansher-burchuladzem-uwyebis-atwliani-samoqmedo-gegma-waradgina
  3. ისტორია, https://shorturl.at/u3d3Q
  4. თბილავიამშენის მიმდებარე ტერიტორია კვლავ დაიბომბა, https://civil.ge/ka/archives/144330
  5. Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել,  https://razm.info/68595#comments
  6. Azerbaijan signs agreement with Turkish company on Su-25 modernization, https://www.azernews.az/nation/212757.html
  7. საქართველოს თავდაცვის მინისტრის მოადგილემ ზურაბ აზარაშვილმა და სააქციო საზოგადოება „თამ“ თბილავიამშენის გენერალურმა დირექტორმა მიხეილ ოღლიშვილმა საქართველოში ვიზიტით მყოფ თურქეთის დელეგაციას, კომპანია „თუსაშის“ აღმასრულებელ დირექტორს, https://shorturl.at/TAFZC
  8. საპროტესტო აქციის მონაწილეები პოლიციას და პოლიტიკოსებს მიმართავენ, https://bm.ge/news/saprotesto-aqtsiis-monatsileebi-politsias-da-politikosebs-mimartaven
  9. Ge-31 “ბორა” – ახალი ქართული მოიერიშე თვითმფრინავი არც ერთი რუსული ნაწილით!, https://kvirispalitra.ge/article/26102-ge-31-qboraq-akhali-qarthuli-moierishe-thvithmfrinavi-arc-erthi-rusuli-natsilith/
  10. Грузинская компания «Дельта» представила новый бронетранспортер-разведчик, https://www.newsgeorgia.ge/gruzinskaja-kompanija-delta-predst/
  11. Locally produced armoured cars equip Georgan Defence Forces, https://agenda.ge/en/news/2020/3134#gsc.tab=0
  12. დღეს საუდის არაბეთში „დიდგორის“ 12 მაქანას გააგზავნიან, https://ghn.ge/news/147902-dghes-saudis-arabetshi-didgoris-12-makanas-gaagzavnian
  13. Грузинские эксперты защищают бронемашину Didgori, https://www.ekhokavkaza.com/a/27948556.html
  14. ქართული ჯავშანსასწრაფოები ამჯერად უკვე ინდონეზიაში… (ექსკლუზივი), https://kvirispalitra.ge/article/59543-qarthuli-javshansastsrafoebi-amjerad-ukve-indoneziashi-eqskluzivi/
  15. „დელტამ“ ინდონეზიაში ორი ერთეული სამედიცინო-საევაკუაციო ჯავშანმანქანა გაგზავნა, https://1tv.ge/news/deltam-indoneziashi-ori-erteuli-samedicino-saevakuacio-javshanmanqana-gagzavna/
  16. დავით ებრალიძე ადასტურებს, რომ ჯავშანმანქანა “დიდგორის” კონგოში ექსპორტის პროექტზე თავდაცვის უწყებამ უარი თქვა, https://www.interpressnews.ge/ka/article/381154-davit-ebralize-adasturebs-rom-javshanmankana-didgoris-kongoshi-eksportis-proektze-tavdacvis-ucqebam-uari-tkva/
  17. საქართველოს თავდაცვის ძალებს საქართველოში დამზადებული უპილოტო საფრენი აპარატები და ამერიკული რადარები გადაეცა, https://mod.gov.ge/ge/news/read/9320/saqartvelos-tavdacvis-dzalebs-saqartveloshi-damzadebuli-upiloto-safreni-aparatebi-da-amerikuli-radarebi-gadaeca
  18. ԱԹՍ արտադրելու Վրաստանի հնարավորությունները, https://shorturl.at/uINBX
  19. უპილოტო მზვერავის პრეზენტაცია, https://kvirispalitra.ge/article/11991-upiloto-mzveravis-prezentacia/
  20. საქართველოს დამოუკიდებლობის დღე, https://www.youtube.com/watch?v=AdXNvp bPPpQ
    შეგვიძლია თუ არა ქართული დრონების აწყობა?!, https://kvirispalitra.ge/article/72680-shegvidzlia-thu-ara-qarthuli-dronebis-atsyoba/
  21. Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան, https://armenpress.am/arm/news/1031300.html

(1) Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–2018 թթթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզուանգլիալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.–ից սկսած աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 10.06.2024 թ:

(3) პარლამენტმა 2024 წლის სახელმწიფო ბიუჯეტი დაამტკიცა, https://civil.ge/ka/archives/574659 (բեռնման օրը՝ 31.05.2024)

(4) ჯუანშერ ბურჭულაძემ უწყების ათწლიანი სამოქმედო გეგმა წარადგინა, https://mod.gov.ge/ge/news/read/8327/juansher-burchuladzem-uwyebis-atwliani-samoqmedo-gegma-waradgina (բեռնման օրը՝ 31.05.2024)

(5) 2021 թ. մարտի 23-ին Ջ. Բուրճուլաձեն Ռուսթավի-2-ի եթերում հայտարարել էր, որ ՊՆ-ն ակտիվ աշխատում է անօդաչուների համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ։ «Մի ամիս առաջ ես ինքս եմ այցելել Լեհաստան և Չեխիա։ Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք ԱԹՍ-ների և այլ սպառազինության համատեղ արտադրության ուղղությամբ, ինչն էլ առաջիկայում արդյունքի կհանգեցնի»։ Ավելի վաղ Լեհաստանի, Չեխիայի և Իսրայելի հետ համատեղ ռազմական արտադրություն հիմնելու աշխատանքների մասին հայտնել էր նաև Իրակլի Ղարիբաշվիլին։

(6) ისტორია, https://shorturl.at/u3d3Q (բեռնման օրը՝ 31.05.2024)

(7) თბილავიამშენის მიმდებარე ტერიტორია კვლავ დაიბომბა, https://civil.ge/ka/archives/144330 (բեռնման օրը՝ 31.05.2024)

(8) Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել, https://razm.info/68595#comments (բեռնման օրը՝ 31.05.2024):

(9) Azerbaijan signs agreement with Turkish company on Su-25 modernization, https://www.azernews.az/nation/212757.html (բեռնման օրը՝ 31.05.2024).

(10) საქართველოს თავდაცვის მინისტრის მოადგილემ ზურაბ აზარაშვილმა და სააქციო საზოგადოება „თამ“ თბილავიამშენის გენერალურმა დირექტორმა მიხეილ ოღლიშვილმა საქართველოში ვიზიტით მყოფ თურქეთის დელეგაციას, კომპანია „თუსაშის“ აღმასრულებელ დირექტორს, https://shorturl.at/TAFZC (բեռնման օրը՝ 31.05.2024)

(11) საპროტესტო აქციის მონაწილეები პოლიციას და პოლიტიკოსებს მიმართავენ, https://bm.ge/news/saprotesto-aqtsiis-monatsileebi-politsias-da-politikosebs-mimartaven (բեռնման օրը՝ 31.05.2024).

(12) Ge-31 “ბორა” – ახალი ქართული მოიერიშე თვითმფრინავი არც ერთი რუსული ნაწილით!, https://kvirispalitra.ge/article/26102-ge-31-qboraq-akhali-qarthuli-moierishe-thvithmfrinavi-arc-erthi-rusuli-natsilith/ (բեռնման օրը՝ 31.05.2024).

(13) პრემიერ-მინისტრი ირაკლი ღარიბაშვილი „დელტაში“ ახალი სადაზვერვო მანქანის პრეზენტაციას დაესწრო, https://www.youtube.com/watch?v=5Rr9DVKJc6g&t=192s (բեռնման օրը՝ 10.06.2024)

(14) Грузинская компания «Дельта» представила новый бронетранспортер-разведчик, https://www.newsgeorgia.ge/gruzinskaja-kompanija-delta-predst/ (բեռնման օրը՝ 31.05.2024).

(15) „დელტას“ მიერ წარმოებული 6 ერთეული ჯავშანმანქანა თავდაცვის ძალებს გადაეცა, https://delta.gov.ge/News/152 (բեռնման օրը՝ 10.06.2024).

(16) Locally produced armoured cars equip Georgan Defence Forces, https://agenda.ge/en/news/2020/3134#gsc.tab=0 (բեռնման օրը՝ 31.05.2024).

(17) დღეს საუდის არაბეთში „დიდგორის“ 12 მაქანას გააგზავნიან, https://ghn.ge/news/147902-dghes-saudis-arabetshi-didgoris-12-makanas-gaagzavnian (բեռնման օրը՝ 31.05.2024)

(18) Грузинские эксперты защищают бронемашину Didgori, https://www.ekhokavkaza.com/a/27948556.html (բեռնման օրը՝ 31.05.2024).

(19) ქართული ჯავშანსასწრაფოები ამჯერად უკვე ინდონეზიაში… (ექსკლუზივი),https://kvirispalitra.ge/article/59543-qarthuli-javshansastsrafoebi-amjerad-ukve-indoneziashi-eqskluzivi/ (բեռնման օրը՝ 31.05.2024).

(20) „დელტამ“ ინდონეზიაში ორი ერთეული სამედიცინო-საევაკუაციო ჯავშანმანქანა გაგზავნა, https://1tv.ge/news/deltam-indoneziashi-ori-erteuli-samedicino-saevakuacio-javshanmanqana-gagzavna/  (բեռնման օրը՝ 31.05.2024)

(21) დავით ებრალიძე ადასტურებს, რომ ჯავშანმანქანა “დიდგორის” კონგოში ექსპორტის პროექტზე თავდაცვის უწყებამ უარი თქვა, https://www.interpressnews.ge/ka/article/381154-davit-ebralize-adasturebs-rom-javshanmankana-didgoris-kongoshi-eksportis-proektze-tavdacvis-ucqebam-uari-tkva/ 31.05.2024)

(22) საქართველოს თავდაცვის ძალებს საქართველოში დამზადებული უპილოტო საფრენი აპარატები და ამერიკული რადარები გადაეცა, https://mod.gov.ge/ge/news/read/9320/saqartvelos-tavdacvis-dzalebs-saqartveloshi-damzadebuli-upiloto-safreni-aparatebi-da-amerikuli-radarebi-gadaeca  (բեռնման օրը՝ 31.05.2024)

(23) ԱԹՍ արտադրելու Վրաստանի հնարավորությունները, https://shorturl.at/uINBX (բեռնման օրը՝ 31.05.2024):

(24) უპილოტო მზვერავის პრეზენტაცია, https://kvirispalitra.ge/article/11991-upiloto-mzveravis-prezentacia/ (բեռնման օրը՝ 31.05.2024):

(25) საქართველოს დამოუკიდებლობის დღე, https://www.youtube.com/watch?v=AdXNvpbPPpQ  (բեռնման օրը՝ 31.05.2024):

(26) შეგვიძლია თუ არა ქართული დრონების აწყობა?!, https://kvirispalitra.ge/article/72680-shegvidzlia-thu-ara-qarthuli-dronebis-atsyoba/ (բեռնման օրը՝ 31.05.2024)

(27) Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան, https://armenpress.am/arm/news/1031300.html (բեռնման օրը՝ 31.05.2024):