ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 05.07.2024 թ.(1)
Պաշտոնական Թբիլիսիի և Արևմուտքի միջև տարաձայնությունները, որոնց պատճառը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն է, թևակոխում են քաղաքական առճակատման փուլ։ Կողմերը սպառնալիքներից անցել են գործի: 06.06.2024-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ՝ «այս երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով»։ Ցուցակում ընդգրկված են կառավարության ներկայացուցիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ, իշխող կուսակցության պատգամավորներ և նրանց ընտանիքները։ Ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ «Միացյալ Նահանգները նրանց պատասխանատու է համարում ժողովրդավարությունը և հավաքների ազատությունը ճնշելու, ինչպես նաև խաղաղ ցուցարարներին դաժանորեն ցրելու համար»: Միևնույն ժամանակ Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը հույսը դնում է վրացական ղեկավարության խոհեմության վրա, որը դեռ ժամանակ ունի վերանայելու իր քայլերը և վերադառնալու «հայտարարված ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներին»։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։
Մինչդեռ մի քանի օր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագիծը և 18 ուղեկցող փաստաթուղթ։ Նոր օրենքը նախատեսում է արգելել ԼԳԲՏ քարոզչությունը, գեյ-շքերթները, միասեռական տեսարանները ֆիլմերում, ինչպես նաև երեխաների որդեգրումը միասեռական զույգերի և ոչ ավանդական կողմնորոշման կամ իրենց որպես այլ սեռի ճանաչող միայնակ մարդկանց կողմից։ Սեռափոխությունն ինքնին կարող է ամբողջովին անօրինական դառնալ Վրաստանում:
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքերով՝ օրենքը չի խախտի Վրաստանի քաղաքացիների իրավունքները. «Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են և խստորեն պաշտպանված կլինեն ապագայում։ Սա վերաբերում է յուրաքանչյուր մարդու՝ անկախ ապրելակերպից, բայց ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա դա անընդունելի է»։ Պապուաշվիլին վստահ է, որ ԼԳԲՏ քարոզչությունը պետք է կարգավորվի օրենքով, քանի որ այն պարունակում է որոշակի վտանգներ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 150-հոգանոց խորհրդարանում ունի 84 մանդատ։ Հետևաբար, կասկած չկա, որ եթե նույնիսկ օրենքի դեմ ողջ խորհրդարանական ընդդիմությունը համախմբվի, այն կընդունվի պարզ մեծամասնությամբ։ Այսպիսով, Վրաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զգայուն հարված հասցնել երկրում արևմտյան ուժերի ջատագովներին, քանի որ ԼԳԲՏ համայնքն ու նրանց օրակարգը սպասարկող ՀԿ-ները գտնվում են սոցիալ-քաղաքական ազատական խմբերի առաջնագծում, որոնց գործուն աջակցությամբ Վաշինգտոնն ու Բրյուսելն այստեղ առաջ են տանում իրենց շահերը։
Պապուաշվիլին պարզաբանել է, որ օրինագծի և փոփոխությունների վրա աշխատանքները կիրականացվեն մինչև խորհրդարանի աշնանային նստաշրջանի ավարտը, երբ էլ նախատեսվում է դրա վերջնական ընդունումը։
Նշենք, որ Վրաստանի իշխող կուսակցությունը և դրա ձևավորած կառավարությունն՝ այս օրինագիծը օրակարգ մտցնելով, ցույց են տալիս գործողությունների լավ հաշվարկված մարտավարություն ընդդեմ հակառակորդների և նրանց աջակցող արևմտյան ուժերի։ Փաստն այն է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատրաստվում են Վրաստանում կազմակերպել լայնամասշտաբ նախընտրական արշավ և մշակում են հանրապետության իշխանությունների վրա արտաքին ճնշման մի շարք միջոցառումներ: Այս գործողությունները կհարմարեցվեն երկրի նոր խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են անցկացնել այս տարվա հոկտեմբերի 26-ին։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի ընդդիմությունը, որին աջակցում է արևմտյան հանրությունը, վրեժխնդիր լինի «Վրացական երազանքից» և տապալի նրա իշխանությունը, որը մեղադրվում է «ռուսամետ համակրանքների մեջ»։ Եվ պատահական չէ, որ իշխանությունները երկարաձգեցին «ԼԳԲՏ քարոզչության արգելման մասին» օրենքի քննարկման ընթացակարգը մինչև աշուն և դրա քվեարկության վերջնաժամկետ սահմանեցին նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ։ Ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» դրանով այժմ ձգտում է սկսել հասարակության պահպանողական հատվածին իր շուրջ համախմբելու գործընթացը և ստանալ Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցությունը, որը մինչ այժմ իրեն բավականին զուսպ է պահել և չեզոքություն պահպանել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի շուրջ քաղաքական պայքարի ընթացքում։ Եթե «ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին» նոր օրինագիծը նախընտրական մրցավազքի ֆոնին հարուցի ազատական զանգվածների բողոքը (և դա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի), ապա Վրաստանի պատրիարքին այլ ելք չի մնա, քան կանգնել իշխանությունների կողքին և ի պաշտպանություն նրանց ոտքի հանել իր հոտի մոտիվացված հատվածին։ Վրացական իշխանությունների համար այժմ չափազանց կարևոր է պայքարը զուտ քաղաքական հարթությունից տեղափոխել գաղափարական և քաղաքակրթական արժեքների հարթություն, որտեղ ավանդական վրացական հասարակության համախմբումն անխուսափելի կլինի և հուսալի ռեսուրս կդառնա ներկայիս հակագլոբալիստական ղեկավարության համար։
Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Թբիլիսիի մարտավարության մեջ որոշակի դեր են խաղացել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ եկեղեցին՝ ի դեմս առանձին բարձրաստիճան հոգևորականների, ակտիվորեն ներգրավված է հասարակական-քաղաքական գործընթացներում և փոխակերպում է զանգվածների վերաբերմունքը երկրում և դրա շուրջ ձևավորված իրողություններին։ Այս զուգահեռները հազիվ թե պատահական համարվեն։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 08.05.2024 թ.: