Մեկնաբանություններ

«Սրբության ճգնաժամ». «Էփշթեյնի գործի» էթիկական և աշխարհաքաղաքական ենթատեքստը 2026 թվականին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.02.2026 թ.[1]

ԱՄՆ-ում 2026 թ. սկզբի իրադարձությունները նշանավորեցին ամերիկյան վերնախավերի համակարգային ճգնաժամի նոր փուլ։ Մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով գաղտնի փաստաթղթերի, տեսաֆիլմերի և լուսանկարչական նյութերի զանգվածային բացահայտումը դադարել է տեղայնական բնույթի քրեական հետաքննություն լինել՝ վերածվելով գլոբալ քաղաքական վերակառուցման գործիքի: Տվյալների հրապարակումը, որը հնարավոր է դարձել դեմոկրատների և հանրապետականների միջև հազվադեպ կոնսենսուսի շնորհիվ, բարձրացրել է հարցեր, որոնք դուրս են եկել իրավաբանության շրջանակներից՝ ԱՄՆ տարածքում օտարերկրյա հետախուզության աշխատանքի մեթոդներից մինչև իշխանության հաստատությունների նկատմամբ քաղաքացիների հիմնարար վստահությունը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, այսպես կոչված, «Ջեֆրի Էփշթեյնի գործից» 30.01.2026 թ. հրապարակել է լրացուցիչ 3 միլիոն էջ, ներառյալ 2.000 տեսանյութ և 180.000 լուսանկար: Ավելի վաղ՝ 18.11.2025 թ., ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 427 «կողմ» և մեկ «դեմ» ձայներով ընդունել էր «Էփշթեյնի ֆայլերի թափանցիկության մասին» օրենքը, որն այնուհետև միաձայն հաստատվել էր Սենատի կողմից: Հաջորդ օրն օրենքն ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփը: Օրենքը ֆայլերի հրապարակման վերջնաժամկետ է սահմանել 19.12.2025 թ.: Սակայն մինչ այդ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր իր ունեցած «Էփշթեյնի բոլոր ֆայլերի» միայն մի մասը, ինչն առաջացրել էր դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների դժգոհությունը։ Կոնգրեսի երկու պալատների ճնշման ներքո ԱՄՆ արդարադատության նախարարությունն ստիպված էր 30.01.2026 թ. հրապարակել մնացած նյութերը, սակայն դրանք հասանելի մնացին ընդամենը 1,5 ժամ։ Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունը ֆայլերը ջնջել է իրենց անձնական տվյալների հրապարակումն իրավունքների խախտում համարող «հանցագործությունների մի քանի զոհի» բողոքի պատճառով:

ԱՄՆ արդարադատության նախարարության լրացուցիչ հրապարակված ֆայլերը հաստատել են այն լուրերը, որ Ջ. Էփշթեյնի ստեղծած ընդհատակյա ցանցն զգալիորեն ավելի ծավալուն ու հանցավոր էր, քան վկայում էին մինչ 19.12.2025 թ. գաղտնազերծված փաստաթղթերը։ Աղմկահարույց ֆայլերի հրապարակման հետևանքների համատեքստում այս պահին առանցքային է դարձել ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճակատագրի և, որ ավելի կարևոր է, նրա վարած քաղաքական գծի վրա դրանց պրոյեկտավորման հարցը:

Հայտնի է, որ Դ. Թրամփն ինքն է նախաձեռնել նյութերի հրապարակումը, երբ 2024 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրազանգվածին խոստացել է բացահայտել «Էփշթեյնի գործի» բոլոր մանրամասները, որպեսզի ամերիկյան հասարակությունը ծանոթանա «այն հրեշավոր հանցագործությունների իրական ծավալներին, որոնցում թաղված են դեմոկրատները»։ Երկրորդ նախագահական ժամկետի համար ընտրվելուց հետո Դ. Թրամփն ստորագրեց երկու պալատների կողմից ընդունված «Էփշթեյնի ֆայլերի թափանցիկության մասին» օրենքը որն այդ ժամանակ ամերիկյան հասարակությանը վստահություն ներշնչեց, որ նախագահն իսկապես մտադիր է պատասխանատվության ենթարկել ամերիկյան վերնախավի բարոյալքված շրջանակներին, իսկ ինքը միշտ հեռու էր նման երևույթներից։ Այս կարծիքն ամրապնդվել է ռեփեր Փի Դիդիի (Շոն Քոմբս) նկատմամբ 2025 թ. մայիսին սկսված դատավարությունից հետո, որը նույնպես փաստացի կազմակերպել էր ամերիկյան շոու-բիզնեսի աստղերին թրաֆիքինգի և սեքս-ծառայությունների մատուցման ցանցը։ Այս կապակցությամբ Դ. Թրամփը քննարկվող փուլում ձեռք բերեց ավանդական արժեքների ջատագովի և ամերիկյան վերնախավերի «սանիտարի» վարկանիշ, որը ներդաշնակորեն տեղավորվում էր ԱՄՆ-ն արմատապես «վերաբեռնելու» և երկիրը ավանդական արժեքների ու քրիստոնեական բարոյականության հուն վերադարձնելու նրա հայտարարած քաղաքականության մեջ։

Այնուամենայնիվ, «Էփշթեյնի գործի» վերաբերյալ մինչ 19.12.2025 թ. հրապարակված ֆայլերի որոշակի «թերատությունը» և այն փաստը, որ նյութերը նախապես «մաքրվել են», երկու կուսակցություններում էլ քննադատության և հասարակական միջավայրում վրդովմունքի պատճառ են դարձել, որոնք սրվել են հրեշավոր հանցագործություններին Դ. Թրամփի մասնակցության չբացահայտված փաստերի առկայության մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերով, հանցագործություններ, որոնք իրագործվել են Ջ. Էփշթեյնի փակ «ակումբում»: Եթե դեմոկրատները պահանջում էին լիակատար թափանցիկություն՝ ելնելով այն հանգամանքից, որ հրապարակված նյութերը վարկաբեկում են հիմնականում իրենց կուսակցության առավել անցանկալի անդամներին և եվրոպական միապետությունների որոշ ներկայացուցիչների, ապա հանրապետականների նման խնդրանքը պայմանավորված էր նրանց ներխմբակցային պայքարով, որը չթուլացավ նույնիսկ անցած ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո։ Դ. Թրամփի ընդդիմախոս կուսակիցները «Էփշթեյնի գործով» աղմկահարույց իրավիճակը հարմար առիթ են համարել հանրապետական նախագահին հարվածելու համար, որը հեռացել է իր կուսակցության հետ հաստատութենական փոխգործակցության ավանդույթներից և չի պահպանում առանցքային որոշումների ընդունման կոլեգիալ ձևաչափերը:

Այսպես թե այնպես, ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուժեղ ճնշման տակ ստիպված էր հրապարակել ֆայլերը, չնայած այն հանգամանքին, որ դրանց հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրացել է։ Դ. Թրամփի համար սա լուրջ փորձություն էր, քանի որ նրա նախկին հավաստիացումներն առ այն, թե Ջ. Էփշթեյնի հետ իրեն կապում էին զուտ գործարար շահերը, կասկածի տակ դրվեցին նոր փաստերի հրապարակումից հետո։ Ըստ ամերիկյան աղբյուրների, հրապարակված ֆայլերը պարունակում են բազմաթիվ ապացույցներ, որ Դ. Թրամփը մասնակցել է Ջ. Էփշթեյնի կազմակերպած «երեկույթներին»:

Եթե աղմկահարույց ֆայլերն ԱՄՆ հանրային լայն շրջանակներին ավելի շատ հետաքրքրում են երկրի վերնախավերի բարոյալքման համատեքստում, ապա փորձագիտական հանրությունը փորձում է մանրամասն հասկանալ այս բացահայտիչ նախաձեռնության քաղաքական դրդապատճառները և այն, թե կոնկրետ ով է կանգնած այդ ամենի հետևում։ Իրավիճակի վերլուծությունը բարդանում է նրանով, որ հրապարակված ֆայլերը հավասարապես ստվեր են գցում ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների վրա: Այս հանգամանքը հանգեցնում է այն մտքին, որ հազիվ թե խոսքը վերաբերում է դեմոկրատների և հանրապետականների միջև միջկուսակցական պայքարի գործիքակազմին, որը սրվել է նախագահական պաշտոնից Բարաք Օբամայի հեռանալուց հետո։

 Եթե ելնենք այն հանգամանքից, որ սկանդալը ներամերիկյան քաղաքական գործընթացների հետևանք է, ապա դա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ի քաղաքական կյանքում նկատվում են ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների ճամբարում կուսակցական անվանացուցակի դեմ ստորին օղակների և խաղից դուրս մղված կուսակցական շրջանակների «ապստամբության» ակնհայտ նշաններ։ Այս առումով հատուկ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ «Էփշթեյնի ֆայլերի թափանցիկության մասին» օրենքի նախաձեռնությունը բխել է երկու կուսակցությունների ներկայացուցիչներից՝ ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում, և փաստաթուղթն ընդունվել է գրեթե միաձայն:

Հազիվ թե երկու կուսակցությունների սենատորներն ու կոնգրեսականները, մշակելով այս օրենքը, պատկերացում չունեին, թե ինչ ծավալի գործիչների է այն անդրադառնալու և ինչպիսին են լինելու բացահայտումների քաղաքական հետևանքները։ ԱՄՆ-ում տակավին 2019 թվականից են շրջանառվում տեղեկությունները Ջ. Էփշթեյնի հանցավոր ցանցում երկու կուսակցությունների առավել վատահամբավ քաղաքական դեմքերի, ինչպես նաև ֆինանսների և բիզնեսի ոլորտում նրանց մերձավոր գործիչների ներգրավվածության մասին։ Հետևաբար, չի կարելի պնդել, որ ամերիկացի խորհրդարանականները պատկերացում չունեին, թե բացահայտող ֆայլերի հրապարակմամբ որ «Պանդորայի արկղն» են պատրաստվում բացել։

Այնուամենայնիվ, շատ դիտորդներ կարծում են, որ բացահայտումների գործընթացը մեկնարկել է ոչ առանց արտաքին ուժերի մասնակցության։ Այս կապակցությամբ գլխավորապես հիշատակվում են Իսրայելը, նրա աջ արմատական կառավարությունը և նրա հետ սերտորեն համագործակցող Ամերիկայի սիոնիստական կառույցները, որոնք խորապես ինտեգրված են ԱՄՆ քաղաքական համակարգին: Ըստ այդ վարկածի կողմնակիցների՝ էփշթեյնի ստեղծած հանցավոր ցանցն ինքնին իսրայելական «Մոսադ» հետախուզության երկարամյա աշխատանքի արդյունքն էր, որի գործակալն էր, ենթադրաբար, հանդիսանում տխրահռչակ ֆինանսիստը: «Մոսադն» այդպիսով, իբր, քաղաքական վերնախավերի և ամերիկյան ընտրանու բարձրագույն շրջանակների ներկայացուցիչներին ներքաշել է «Էփշթեյնի գաղտնի ակումբ» և հավաքել վարկաբեկող նյութերի ընդարձակ քարտարան, նյութեր, որոնք Իսրայելի կառավարությունն ու նրա ամերիկացի կողմնակիցներն օգտագործում են Վաշինգտոնի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի վրա ազդելու համար։

Որպես հնարավոր պատճառներ, որոնք «ամերիկացի սիոնիստներին» դրդել են հենց հիմա դիմել ԱՄՆ-ի քաղաքական ընտրանուն վարկաբեկող նյութերի լցոնմանը, նշվում են Վաշինգտոնի անվճռականությունն իրանական խնդրի ուժային լուծման հարցում, ինչպես նաև Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունն ընդհանուր առմամբ, որը մի շարք առանցքային դիրքորոշումներով հակասում է հրեական պետության շահերին: Այս առումով ուշադրություն է հրավիրում այն փաստը, որ «Էփշթեյնի ֆայլերի» հրապարակման հետ կապված աղմուկը ժամանակագրական առումով համընկնում է Իրանի շուրջ լարվածության ներկայիս փուլի հետ, որը, սակայն, չի վերաճել ռազմական հակամարտության փուլի՝ Դ. Թրամփի այն մտավախությունների պատճառով, թե պատերազմը կարող է աղետ դառնալ հենց ԱՄՆ-ի համար:

«Իսրայելա-սիոնիստական հետքի» վարկածի կողմնակից փորձագետները հակված են կարծելու, որ «Էփշտեյնի ֆայլերը» գործի են դրվել՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարքագծի հեռանկարների ավելի լայն համատեքստը, հեռանկարներ, որոնք արտացոլված են «ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր դոկտրինում»: Ենթադրվում է, որ այդ փաստաթղթում «սիոնիստները» տեսնում են գլոբալ գերիշխանության գաղափարից ԱՄՆ-ի պատմական նահանջի և, առաջին հերթին, մերձավորարևելյան շահերի ավանդական առաջնահերթությունից Վաշինգտոնի հրաժարվելու վտանգը: Այս առումով «Ամերիկան նախ և առաջ» կարգախոսը կարող է գլոբալ քաղաքականության գաղափարական առանցք դառնալ ոչ միայն բուն թրամփականների, այլև հետագա՝ ներառյալ դեմոկրատների կողմից ձևավորված վարչակազմերի համար, որոնց համար «Նոր դոկտրինով» նշված ամերիկյան գերիշխանության հորիզոնը կսահմանափակվի սոսկ Արևմտյան կիսագնդով։

Հիշյալ փորձագետների կարծիքով՝ խոսքը ոչ թե դավադրության, այլ սիոնիստական աջ արմատականների միանգամայն իրական մտավախությունների մասին է, որոնք ամերիկյան վերնախավերի վարքագծում միաբևեռ աշխարհի համար պայքարից «հոգնածության» նշաններ են նկատել։ Ուստի չպետք է զարմանք հարուցի այն փաստը, որ «Էփշթեյնի գործով» ԱՄՆ քաղաքական ընտրանուն հասցված հարվածն առաջին հերթին բաժին է հասել «քրիստոնեական սիոնիզմի» գաղափարախոսության կրողներին՝ ի դեմս նախագահ Դ. Թրամփի և նրա շրջապատի, որոնք կարող են մեղադրվել աշխարհում ամերիկյան գերիշխանության գաղափարի սրբազան բաղադրիչն ուրանաալու մեջ։

Անկախ այն կոնկրետ գործոններից, որոնք լայն հասարակական արձագանք են հարուցել «Էփշթեյնի գործի» շուրջ, տվյալ նախադեպը կրիտիկական նշանակություն ունի ամերիկյան պետական հաստատությունների կայունության գնահատման համար: Այս գործի նշանակությունը դուրս է գալիս ԱՄՆ արտաքին քաղաքական վարկանիշի շրջանակներից՝ մատնանշելով քրիստոնեական էթիկայի սկզբունքներով պատմականորեն օրինականացված համակարգի հիմնարար քայքայումը։

Ամերիկյան պետականությունն ի սկզբանե նախագծվել է որպես սրբացված սոցիալական կառուցվածք։ Համակարգի հիմքում ընկած էր «Նոր Ավետյաց երկիր» հայեցակարգը, որը կոչված էր իրականացնելու ազատության և արդարության իդեալները բողոքական էթիկայի շրջանակներում: «God Bless America» («Աստված օրհնի Ամերիկան») կարգախոսը պատմականորեն ոչ թե որպես ձևականական կոչ է մեկնաբանվել, այլ որպես Աստծո նախախնամության ներքո պետական շինարարության համագործակցության Սահմանադրություն: Իր հերթին՝ ամերիկյան հասարակությունը դիրքավորվել է որպես «քաղաք բլրի վրա» հայեցակարգի նյութականացման փորձ՝ իդեալական համայնք ոչ իդեալական աշխարհում: Հին աշխարհի դասային տիտղոսներից ամերիկյան վերնախավի հրաժարումը ենթադրում էր նոր մերիտոկրատիայի՝ արժանավորների իշխանության ձևավորում, որտեղ «իշխանության մարդու» կարգավիճակը պայմանավորված էր բարոյական պատվիրաններին խիստ հավատարմությամբ։

Ներկայիս պայմաններում նկատվում է այդ «էտալոնի» սրընթաց վատթարացում, որը վերածվում է քաղաքական միֆի ինչպես համաշխարհային հանրության, այնպես էլ ամերիկյան հասարակության համար։ Առանցքային դեմքերի վարկաբեկումը, որոնք ավանդաբար դիտարկվում էին որպես համակարգի բարոյա-էթիկական հիմնակմախքի անսասան երաշխավորներ, հարցականի տակ է դնում ողջ պետական մեքենայի գործունակությունը։ Էթիկական առումով խնդիրը, մեղմ ասած, ամերիկյան ընտրանու ներկայացուցիչների՝ աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտների, «անթույլատրելի» վարքագծի մեջ է, մինչդեռ հաստատութենական առումով խոսքն ամբողջ համակարգի հետագա գործունակության մասին է։ Այլ կերպ ասած, խոսքը ամերիկյան պետության ինքնամաքրման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանման ունակության մասին է։

Մասնակից անձանց նկատմամբ համարժեք իրավակիրառման և մեղադրական ակտերի բացակայությունը կարող է վերջնական դատական որոշում դառնալ ներկայիս «զսպումների և հաշվեկշիռների համակարգի» համար: Դա չեղարկման է տանում երկու հիմնային կոնսենսուսներ՝ սոցիալ-իրավական, ինչը նշանակում է քաղաքացու և իշխանության միջև սոցիալական պայմանագրի խզում, և աստվածաբանական, ինչը հղի է «Սուրբ նախախնամությամբ» նախանշված իրավահաջորդության կորստյամբ, որը պատմականորեն հիմք է ծառայել ԱՄՆ սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական վերելքի համար:

Ընթացիկ ճգնաժամը վկայում է հռչակված «էթիկական մեսիանության» և Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավերի փաստացի վիճակի միջև խորը հակասության մասին: Ներկայիս վարչակազմի կողմից վճռական իրավական միջոցների բացակայության պայմաններում այս բացը վտանգում է ամերիկյան մոդելը գլոբալ ուղենիշից վերածել պատմական մի մասունքի, որը կորցրել է իր բարոյական և հաստատութենական օրինականությունը: Դա արդեն հիմա բացահայտ ակնարկում են նրա աշխարհաքաղաքական ընդդիմախոսները և ոչ միայն նրանք։

 

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 16.02.2026 թ.: