
Հրապարակում
Սիրիական ծուղակ Թուրքիայի համար

Փորձագետի մեկնաբանություն, 15.10.2025թ.
Բոգդան Բ. Աթանեսյան[1]
Ըստ մերձավորարևելյան աղբյուրների՝ 2025 թ. հոկտեմբերի սկզբին արևելյան Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում կատաղի բախումներ են սկսվել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈՒ) ստորաբաժանումների, որոնք հիմնականում ներկայացված են քուրդ զինյալներով և «Նոր սիրիական բանակի» (ՆՍԲ) միջև, որոնց շարքերին միացել են «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (ՀԹՇ) և «Սիրիական ազգային բանակի» (ՍԱԲ) ծայրահեղական խմբավորումները[2]: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին մարտական գործողությունները սադրելու մեջ։ Մասնավորապես, քրդերը պնդում էին, թե Դամասկոսի նոր կառավարության ենթակայության տակ գտնվող ուժերը ցանկացել են պաշարել Հալեպ քաղաքի երկու` մեծամասամբ քրդերով բնակեցված շրջանները: Իր հերթին, ՍԱՀ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բախումների պատճառ, իբր, դարձել են «Քրդական բանվորական կուսակցության, ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների և ՍԺՈՒ-ի ուժերի գրոհները, քաղաքացիական անձանց վրա հարձակումները և ավելի շատ գյուղեր վերահսկողության տակ առնելու փորձերը»[3]:
Տանկերի, ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ մի քանի օր տևած կատաղի մարտերից հետո Ահմեդ ալ-Շարաայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար Մուրհեֆ Աբու Քասրան (նախկինում ՍԱԲ-ի հրամանատարը) հայտարարեց իբր թե «Քրդական ուժերի հետ համապարփակ զինադադարի հասնելու մասին»[4]: Պաշտպանության նախարարը Դամասկոսի և քրդական Ռոժավայի միջև խաղաղության հեռանկարը ներկայացրել է ամենալավատեսական գույներով՝ պնդելով, թե դրան, իբր, այժմ ոչինչ չի սպառնում։ Սակայն Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին հետևող փորձագետների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում նման կանխատեսումներին։
Հետասադյան ՍԱՀ-ում ինքնահռչակ քրդական ինքնավարության համապարփակ ռազմաքաղաքական և սոցիալ-վարչական ինտեգրման վերաբերյալ մարտյան համաձայնագիրն առաջվա պես մնում է սպառնալիքի տակ[5]։ Համաձայնագրի ստորագրումից հետո Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում տեղի ունեցող մարտերը սրացման միակ բռնկումը չեն ՍԱՀ-ի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և ՍԺՈՒ-ի առաջնորդ Մազլում Աբդիի միջև։ 2025 թ. մայիսին, հուլիսին և օգոստոսին «Նոր սիրիական բանակի» և քրդական ուժերի միջև ծանր մարտեր են տեղի ունեցել Հալեպի շրջանում, Մանբիջում, Դեյր Հաֆերում և Թիշրին ջրամբարտակի մոտակայքում[6]: Արդյունքները ցույց են տալիս, որ Դամասկոսն ի վիճակի չէ ուժի միջոցով ինքնուրույն լուծել հիմնախնդիրը և քրդական Ռոժավային ստիպել կատարելու մարտյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Դամասկոսը, ինչպես նաև նրա աջակից Անկարան, տեսնում են, որ սիրիացի քրդերը, թեև պաշտոնապես չեն մերժում ստորագրված համաձայնագիրը, գործնականում չեն էլ շտապում իրենց ուժերն ինտեգրել «Նոր սիրիական բանակին» կամ Դամասկոսի անվտանգության ուժերին փոխանցել նավթահորերի, օդանավակայանների, ջրամբարտակների և այլ ռազմավարական օբյեկտների վերահսկողությունը, որոնք ներկայումս գտնվում են ՍԺՈՒ-ի վերահսկողության տակ:
Մարտյան համաձայնագիրը կոչ է անում ինտեգրվել և լուծել բոլոր հարցերը՝ մինչև 2025 թ. վերջը խաղաղության հասնելու համար, սակայն պարբերաբար տեղի ունեցող զինված բախումները հետևողականորեն սպառում են կողմերի միջև առանց այն էլ սահմանափակ վստահությունը։ Անկախ այն բանից, թե որ կողմն է սկսել բախումները, որևէ մարտավարական առավելություն չի արձանագրվել, և խոսքը վերաբերում է հիմնականում դիրքային մարտերին` առանց ուժերի տեղակայման և հավասարակշռության փոփոխության: Մինչ այդ` գործնականում սպառվել է փոխվստահության պաշարը և, չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե Սիրիայի միավորման համաձայնեցված գործընթացն ընթանում է իր հունով, հակասությունները շատանում են, իսկ ատելությունը՝ աճում:
Քրդական հիմնախնդրին արդեն ավելացել է դրուզների հարցը, և Աս-Սուվեյդայում հուլիսյան բախումներից հետո Դամասկոսը ստիպված է զուգակցել ուժի սպառնալիքն ու դիվանագիտական հորդորները, որպեսզի հարավային Սիրիայի դրուզներով բնակեցված շրջանները պահպանի իր անվանական վերահսկողության ներքո: Հակառակ դեպքում, փորձագետների կանխատեսմամբ, Սիրիայի նոր կառավարությունը կփլուզվի[7]: ՍԱՀ-ի ներկայիս իշխանություններն ամրության ներուժ չունեն դրուզների հիմնախնդիրն ուժով լուծելու համար, մի խնդիր, որն Իսրայելը ներկայումս վերածում է «սիրիական» ակտիվի։ Իշխանությունները զրկված են հնարավորությունից ռազմական ճանապարհով ճնշելու նաև քրդական գործոնը, որը ԱՄՆ-ը սեփական շահերին է ծառայեցնում Մերձավոր Արևելքում իր աշխարհաքաղաքական ձեռնարկումներում: Կարելի է ենթադրել, որ առանց Իսրայելի և ԱՄՆ-ի աջակցության քրդերին և դրուզներին կսպասեր Լաթակիայում, Տարտուսում, Ջաբլայում, Բանիասում և Սիրիայի հյուսիս-արևմտյան այլ շրջաններում բնակվող ալավիների ճակատագիրը, որտեղ Ահմեդ աշ-Շարաային ենթակա ՀԹՇ-ի զինյալները հակաահաբեկչական գործողության անվան տակ դաժան հաշվեհարդար տեսան այդ դավանական փոքրամասնության հազարավոր ներկայացուցիչների նկատմամբ, որոնք անպաշտպան էին մնացել Դամասկոսից եկող ջիհադիստական սպառնալիքի դիմաց[8]: Սակայն քրդերի և դրուզների դեպքում իրավիճակն այլ է, և Անկարան ստիպված է խոստովանել, որ իշխանության արագ կենտրոնացման և Սիրիայի Արաբական Հանրապետության ողջ տարածքում Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման վերաբերյալ դեկտեմբերին իր արած հայտարարություններն անհիմն սնապարծություն են հանդիսացել։ Ըստ էության, Թուրքիան չի հաշվարկել այն հավանականությունը, որ Բ. ալ-Ասադի դեմ ամերիկացիների կիրառված «խաղաքարտը» նույն հաջողությամբ կգործադրվի նաև ալ-Շարաայի խամաճիկ կառավարության դեմ, իսկ դրուզների հարցը Իսրայելի կողմից կօգտագործվի որպես պատրվակ Հարավային Սիրիայի զավթման համար, ինչն, ըստ փորձագետների, սպասվում է մոտ հեռանկարում։ Թուրքիայի սխալ հաշվարկը կապված էր Դ. Թրամփի վարչակազմից նրա չարդարացված ակնկալիքների հետ, իսկ Թրամփը վստահեցնում էր, թե ամերիկյան զորքերը դուրս կբերվեն քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Սկզբնական փուլում Անկարան Վաշինգտոնին չվստահելու հիմքեր չուներ, քանի որ արդեն 2025 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ ամերիկացիները փակել են քրդական տարածքի իրենց մոտավորապես 9 ռազմակայաններից 3-ն ու Ռոժավայից տարհանել իրենց հարյուրավոր զինվորների[9]: Սակայն շուտով արևմտյան ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Պենտագոնն, իբր, դեմ է Դ. Թրամփի՝ Սիրիայում ամերիկյան ներկայությունը վերջնականապես վերացնելու քաղաքական որոշմանը և նրան համոզել է «քրդերին չթողնել բախտի քմահաճույքին»: Նախագահի հետ բանավեճի ժամանակ պաշտպանության նախարարության հիմնական փաստարկն այն էր, թե Ռ. Թ. Էրդողանին զիջելը և քրդերին փաստացի հանձնելը, որոնք մեծագույն ջանքեր են գործադրել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, կխաթարեն ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը Մերձավոր Արևելքում: Ոչ մի ուժ կամ պետություն այլևս շահագրգռված չի լինի ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատմամբ, քանզի կդադարեն հավատալ նրա խոստումներին:
Սպիտակ տան և Պենտագոնի միջև նկարագրված հակասությունները մնացին ասեկոսեների մակարդակում, մինչև որ 2025 թ. հոկտեմբերի սկզբին պաշտոնական լուրեր հայտնվեցին առ այն, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի Ռոժավայից զորքերը տարհանելու գործընթացը[10]: Անկարայի և նրա ենթակայության ներքո գտնվող Դամասկոսի համար այս լուրը ծայր աստիճան բացասական էր, քանի որ այն խափանեց ոչ միայն ՍԺՈՒ-ին մինչև տարեվերջ զինաթափելու և Ռոժավայի վարչակազմը Դամասկոսին ենթարկելու իրենց պլանները, այլև ՔԲԿ-ի գործունեությունը Թուրքիայի ներսում հիմնովին դադարեցնելու ծրագիրը: Ռոժավայում իր ռազմական ներկայությունն ամբողջությամբ չհանելու մասին ԱՄՆ-ի անսպասելի որոշումը քրդերին ևս մեկ անգամ մղեց կարծրացնելու իրենց դիրքորոշումը և պատրվակներ փնտրելու մարտյան պայմանավորվածություններից հրաժարվելու համար։ Պատահական չէ, որ Շեյխ Մաքսուդում և Աշրաֆիեում ՍԺՈՒ-ի և սիրիական բանակի միջև մարտերը սկսվել են ընդամենը 3 օր անց այն բանից հետո, երբ Պենտագոնը հայտարարեց Ռոժավայից ամերիկյան ուժերի տարհանումը դադարեցնելու մասին:
Քրդական օրակարգում նոր արմատական շրջադարձի առաջացման մասին, որը, չնայած Թուրքիային տված խոստումներին, պայմանավորված է ՍԱՀ-ի փլուզումն արագացնելու ԱՄՆ-ի ձգտմամբ, կարող է վկայել նաև սիրիական թեմատիկայով Ռուսաստանի հանկարծակի ընդհատված շարունակական լռությունը: ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը 08.10.2025 թ. հանդես է եկել Սիրիայում կենտրոնախույս գործընթացների սպասվող սաստկացման դատապարտմամբ, բառացիորեն հայտարարելով, որ եթե «սիրիական քրդերի հետ ինքնավարության և անջատողականության խաղերը» վերաճեն ինչ-որ կոնկրետության, ապա քրդական հիմնախնդիրը կարող է պայթել տարածաշրջանի մյուս բոլոր երկրներում[11]: Այդպիսով, Մոսկվան, ակնհայտորեն, ազդանշան է տալիս, որ տեղեկություններ ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ քրդերի անկախության հաստատման գործընթացին աջակցելու ծրագրերի մասին, մի գործընթաց, որը, սակայն, չի սահմանափակվելու Սիրիայով, այլև տարածվելու է Թուրքիայի, Իրանի և Իրաքի ինքնիշխանության վրա։
Կարելի է ենթադրել, որ քրդական հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի փոփոխված ծրագրերի առնչությամբ ՌԴ-ի ցուցաբերած անհանգստությունը բխում է սիրիական միասնականացման նախագծին անվերապահորեն աջակցելու` Անկարայի և Դամասկոսի հանդեպ նրա ստանձնած պարտավորություններից։ Դեռևս 2024 թ. դեկտեմբերից՝ ՍԱՀ-ում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից անմիջապես հետո, ՌԴ-ը Սիրիայի նոր կառավարության հետ ինտենսիվ բանակցություններ է վարել Տարտուսում և Խմեյմիմում ռուսական ռազմակայանները պահպանելու հնարավորությունների և պայմանների վերաբերյալ[12]։
Բանակցությունների մանրամասները, որոնք տևել են մինչև 2025 թ. ամառը, գաղտնի են պահվել։ Այնուամենայնիվ, մի շարք փորձագետների կարծիքով, Դամասկոսի և Ահմեդ Ալ-Շարաայի կառավարությանը խնամակալող Անկարայի կողմից Մոսկվային առաջադրված գլխավոր պահանջներից մեկը միասնական և անբաժանելի Սիրիայի հայեցակարգին անշեղորեն հավատարիմ մնալու պարտավորությունն էր։ ՌԴ-ն պետք է ոչ միայն հրաժարվեր Բաշար ալ-Ասադի վարչակարգը վերականգնելու և Սիրիայի օրակարգի շուրջ Իրանի հետ կապեր պահպանելու մտադրությունից, այլև բացառեր Սիրիայի քրդերի հետ համագործակցության ցանկացած ձև: Գործնականում նման գինը լիովին ընդունելի է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ միասնական Սիրիան խոչընդոտ է տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների նոր ծրագրերին։ Այսպիսով, ՍԱՀ-ում ռուս-ամերիկյան դիմակայության հոլովույթում իրականում ոչինչ չի փոխվել՝ բացառությամբ իշխող վարչախմբի փոփոխության: Ռուսաստանը շարունակում է պաշտպանել երկրի ամբողջականությունը, մինչդեռ Միացյալ Նահանգները հետամուտ է Արաբական Հանրապետության փաստացի մասնատմանը:
Արդեն 2025 թ. սկզբից Անկարան սկսեց զգալ, որ Սիրիայի քրդերի կողմից վերահսկվող տարածքներում իր ռազմական ներկայությունը սահմանափակելու Վաշինգտոնի վերջին խոստումները կարող են կրկին խախտվել, ինչպես դա եղավ 2019 թվականին՝ նախագահ Դ. Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ժամանակ[13]։ Այս կասկածներն էլ ավելի սաստկացան ժամանակի ընթացքում, երբ ամերիկյան զորքերը Ռոժավայից դուրս բերելու մասին Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններին զուգահեռ, թուրքական հետախուզությունը սկսեց արձանագրել զենքի շարունակական առաքումներ դեպի սիրիական Քրդստան և Կանդիլ՝ իբր թե Իրանի տարածքից: Այս հարցը նույնիսկ հակամարտություն առաջացրեց Անկարայի և Թեհրանի միջև, որի ընթացքում պարզվեց, որ ոչ թե իրանցիները, այլ ամերիկացիներն էին զենք տեղափոխում Իրաքի քրդաբնակ՝ զենքի առևտրի հանգուցակետ դարձած Սուլեյմանիե քաղաքով։ Թուրքիան էլ ավելի մեծ նյարդայնությամբ է արձագանքել օգոստոսին և սեպտեմբերին սիրիական Հասաքա նահանգի Քասրեկ ռազմակայանում ամերիկյան ստորաբաժանումների և ՍԺՈՒ-ի քրդական ջոկատների համատեղ զորավարժություններին[14]։ Անկարան նման գործողությունները համարել է Սիրիայի միասնությանը և ալ-Շարաայի անցումային կառավարությանն անվերապահ աջակցելու ԱՄՆ պաշտոնական հայտարարություններին հակասող։
Այսպիսով Անկարան պետք է ընդունի, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խաղ են խաղացել Թուրքիայի գլխին՝ գայթակղելով գցել նրան «սիրիական ծուղակը»: Արդեն կասկածելի է թվում այն խոսույթը, թե 2024 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի հեշտ և արագ տապալումը ՀԹՇ-ի և ՍՆԲ-ի հաջող և համակարգված գործողությունների արդյունք էր՝ Թուրքիայի գլխավոր շտաբի և ՄԻՏ գաղտնի ծառայության ղեկավարությամբ: Բաշար ալ-Ասադի բանակի կողմից դիրքերի զանգվածային հանձնումը և Դամասկոսից նախագահի հանկարծակի փախուստը կարող էին գաղտնի համաձայնության արդյունք լինել, որը նման էր ԿՀՎ-ի 2003 թ. իրաքյան ռազմագործողությանը, երբ ուղղակի խոշոր գումարներով և մեծ երաշխիքներով կաշառեցին Սադամ Հուսեյնի բանակի ամենամարտունակ կորպուսը ղեկավարող գեներալներին: Բաշար ալ-Ասադին, հավանաբար, նաև անխոչընդոտ փախուստի երաշխիքներ էին տրվել, ինչից նա օգտվեց՝ չնայած «խռովարարների» կողմից կալանավորվելու կամ սպանվելու չափազանց մեծ ռիսկին:
Այս, թեկուզև ոչ այդքան տարածված, բայց տրամաբանական տեսանկյունից առավել ամբողջական և համոզիչ վարկածը բացատրում է, թե ինչու պառակտված և կարգապահությամբ աչքի չընկնող թուրքամետ ուժերին հաջողվեց գրեթե մեկ շաբաթվա ընթացքում հասնել նրան, ինչը 2011 թվականից ի վեր ոչ մեկին չէր հաջողվում։ Համաձայն այս վարկածի՝ անվերջ քաղաքացիական պատերազմից ուժասպառ ու բարոյապես հյուծված ալ-Ասադի վերնախավին առաջարկվել է հանձնել երկիրը, մինչդեռ Թուրքիային խորհուրդ է տրվել ստանձնել ալ-Ասադի վարչակարգի գլխավոր հակառակորդի և իր փաստացի խնամակալության ներքո սիրիական միացյալ պետության վերակենդանացնողի դերը։ Անկարան ընդունել է այս դերը՝ բավարարվելով քրդական ինքնավարության օրակարգը փակվելու, ՍԱՀ-ի համադաշնային կառուցվածքի վերաբերյալ խոսակցությունները դադարեցնելու և Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանն աջակցելու համար տարբեր միջազգային ու տարածաշրջանային (ներարաբական) ֆինանսական հիմնադրամներ ստեղծելու երաշխիքներով։
Մինչդեռ Ռ. Թ. Էրդողանի «սիրիական հաղթանակն» աշխարհաքաղաքական ծուղակի է վերածվել Թուրքիայի համար: Նա չստացավ Դամասկոսի հանդեպ քրդերի խոստացած բարեհաճությունը և չտեսավ ամերիկացիների հեռանալը Ռոժավայից, որն Անկարայի ձեռքերը կազատեր սիրիացի քրդերի «անջատողական շարժումն» ուժի միջոցով ճնշելու գործում: Բացի այդ, Թուրքիան չհասցրեց տեսնել ֆինանսական և տնտեսական աջակցության ու ՍԱՀ-ի վերականգնման լայն ճակատի ստեղծումը և այժմ ստիպված է միայնակ կրել Դամասկոսի ֆինանսավորման և նրա տնտեսական հիմնախնդիրների լուծման հիմնական բեռը:
Անկարայի համար ևս մեկ լուրջ հիմնախնդիր է դարձել ՀԹՇ-ի և ՍԱԲ-ի տարբեր ծայրահեղական խմբավորումներին զսպելու անհրաժեշտությունը, որոնք անվանապես մաս են կազմում «Սիրիայի նոր բանակին», բայց չափազանց խնդրահարույց են խաղաղ պայմաններում կարգապահության և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի տեսանկյունից: Ջիհադականները չեն ընդունում այն հանդուրժողականությունը, որը նոր կառավարությունը ցուցաբերում է ՍԱՀ-ում «իսլամի թշնամիների» նկատմամբ, ինչպես նաև նրա «ժողովրդավարական վարկանիշը», ինչը շատ կարևոր է Դամասկոսի կառավարության համար։ Զինյալները, որոնց Անկարան ապավինում է Սիրիայում իր ենթադրյալ գերակայությանը հասնելու համար, ներկայումս շարունակում են բռնության ու սպառնալիքների գործադրմամբ երկրում վերարտադրել ազգային և կրոնական անհանդուրժողականության և գաղափարական խտրականության մթնոլորտը: Այսպիսով` Բ. ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայի հասարակական-քաղաքական, ազգային-կրոնական և սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի փլուզումը միայն արագացել է ի հեճուկս Թուրքիայի երկարամյա ջանքերին՝ ապացուցելու սիրիական պետականության քայքայման գործընթացը կասեցնելու իր կարողությունը:
Ըստ էության Թուրքիան հայտնվել է մերձավորարևելյան բարդությունների կիզակենտրոնում՝ ծանրաբեռնված սիրիական խնդրի ֆինանսական և տնտեսական ծանր բեռով, քաղաքացիական բախումների անլուծելի գլուխկոտրուկով, որն այդ երկրում ուժերի և շահերի հավասարակշռության պահպանում է պահանջում, և իր խնամքի տակ գտնվող վարչախմբով, որի հեղինակությունը միջազգային հարթակում չի հաջողվում բարելավել։
Անկարան, ինչպես կարծում են շատ անկախ փորձագետներ և ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչներ, հայտնվել է «սիրիական ծուղակում» և իր չմտածված գործողություններով ինքն է նպաստել Սիրիայի փլուզմանը, նախ` սկսելով մի շարք անդրսահմանային գործողություններ քրդերի և սիրիական կառավարական ուժերի դեմ, ապա՝ տապալելով Դամասկոսի օրինական իշխանությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Թուրքիային վարպետորեն ներքաշեցին այս սխեմայի մեջ, և այժմ նա ակամա նպաստում է տարածաշրջանում իր համար ամենաաղետալի աշխարհաքաղաքական համակցության` «Մեծ Քրդստաին» ստեղծմանը[15]:
Անկարայի՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի ծրագիրը խափանելու համար խուսավարման դաշտն արագորեն նեղանում է: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը 08.10.2025 թ. հայտարարեց, որ Պաղեստինի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը թևակոխել է իր առաջին փուլը[16]: Եթե այդ գործընթացը մեռյալ կետից շարժվի, ապա Անկարան կզրկվի ամերիկա-իսրայելական երկյակի վրա ներգործելու վերջին էական լծակից և կկորցնի պաղեստինյան հարցը շահարկելու հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում իր դիրքերը պահպանելու համար։ Վաշինգտոնը և Թել Ավիվը Պաղեստինից իրենց ուշադրությունը կուղղեն դեպի հյուսիս՝ դեպի Սիրիա, որտեղ քրդերի և դրուզների հարցերն արդեն հասունացել են, որպեսզի «Մեծ Քրդստան» և «Մեծ Իսրայել» նախագծերի հեղինակները կարողանան անցնել արմատական գործողությունների: Ս. Լավրովի վերոնշյալ հայտարարությունը միայն հաստատում է այս կանխատեսումը։
Անկարային անայլընտրանքորեն դուրս են մղում Սիրիայից և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքի «արաբական գոտուց»՝ նրան առաջարկելով երկու տարբերակ. կա՛մ կամավոր հեռանալ, կա՛մ, հակառակ դեպքում, պայքարել սեփական ամբողջականության համար։
[1] Հրապարակախոս, վերլուծաբան և վավերագրող: Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի: Աշխատել է Հ1, ԱՐ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներում։ Համագործակցել և թղթակից է եղել «Գոլոս Արմենիի», «Aysor.am», «Ոսկանապատ», «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի։
[2] «Sham TV: в Алеппо произошли столкновения между курдами и сирийской армией». TACC, 06.10.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/25257153 (բեռնման օրը՝ 08.10.2025).
[3] «Курдское ополчение обвинило военных Сирии в попытке блокировать ряд районов Алеппо». Интрефакс, 07.10.2025, https://www.interfax.ru/world/1051236 (բեռնման օրը՝ 08.10.2025).
[4] «Минобороны Сирии объявило о заключении всеобщего перемирия с курдским ополчением». Интерфакс, 07.10.2025, https://www.interfax.ru/world/1051305 (բեռնման օրը՝ 08.10.2025).
[5] «Сирийские курды вошли в состав сил безопасности, подконтрольных новым властям Сирии». TACC, 10.03.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/23356089 (բեռնման օրը՝ 08.10.2025).
[6] «Ожесточенные бои произошли между курдами и армией Сирии». Взгляд, 19.05.2025, https://vz.ru/news/2025/5/19/1333030.html; «Турецкие СМИ заявили о боях армии Сирии с «террористами» в провинции Алеппо». Взгляд, 16.06.2025, https://vz.ru/news/2025/7/16/1345644.html; «Столкновения между правительственными войсками и курдами произошли в Сирии», Взгляд, 03.08.2025, https://vz.ru/news/2025/ 8/3/1349897.html (բեռնման օրերը՝ 08.10.2025).
[7] «Остаться друзами: из-за чего бои на юге Сирии развернулись с новой силой». EDNEWS, 17.07.2025, https://ednews.net/ru/news/conflicts/687421-ostatsya-druzami-tcheqo-boi-yuqe (բեռնման օրը՝ 08.10.2025).
[8] Синджаб Л., «“Мы никогда не видели ничего подобного”. Сирийцы рассказывают о шокирующих сценах убийств алавитов». BBC, 10.03.2025, https://www.bbc.com/russian/articles/cjevkzgpkvqo (բեռնման օրը՝ 08.10.2025).
[9] «Пентагон подтвердил вывод части войск из Сирии». Kommersant, 19.04.2025, https://www.kommersant.ru/doc/7673182 (բեռնման օրը՝ 08.10.2025).
[10] Субботин И., «Пентагон притормозил эвакуацию из Сирии». Независимая газета, 02.10.2025, https://www.ng.ru/world/2025-10-02/2_9351_pentagon.html (բեռնման օրը՝ 08.10.2025).
[11] «Лавров предупредил о серьезных последствиях «игр с курдами». Lenta.ru, 08.10.2025, https://lenta.ru/ news/2025/10/09/lavrov-predupredil-o-serieznyh-posledstviyah-igr-s-kurdami/ (բեռնման օրը՝ 09.10.2025).
[12] «Bloomberg: РФ близка к соглашению с исламистами в Сирии по своим военным базам». Kommersant, 12.12.2025, https://www.kommersant.ru/doc/7365866 (բեռնման օրը՝ 09.10.2025).
[13] «Сирия: курдский вопрос в американо-турецкой повестке». Аналитический центр АРВАК, 22.02.2025, https://bit.ly/43as8a1 (բեռնման օրը՝ 09.10.2025).
[14] А. Сваранц, «Курдский фактор остается инструментом манипуляций США в Сирии». Новое Восточное Обозрение, 05.10.2025, https://journal-neo.su/ru/2025/10/05/kurdskij-faktor-ostayotsya-instrumentom-manipu lyaczij-ssha-v-sirii/ (բեռնման օրը՝ 09.10.2025).
[15] «США и Израиль приступили к осуществлению проекта «Большой Курдистан». Аналитический центр АРВАК, 28.08.2025, https://bit.ly/48uRzGQ (բեռնման օրը՝ 09.10.2025).
[16] «Трамп заявил, что Израиль и ХАМАС согласились с первым этапом мирного урегулирования в Газе». BBC, 09.10.2025, https://www.bbc.com/russian/articles/c3w5v0qj9x5o (բեռնման օրը՝ 09.10.2025).