Սիրիական խնդրի ներկա հանգրվանը. հիմնական դերակատարների քաղաքականությունը

2024 թ. նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին նոր արար տեղի ունեցավ սիրիական երկարամյա ճգնաժամի համատեքստում։ Շուրջ 10-օրյա զինված ընդհարումները ապստամբների և կառավարական ուժերի միջև հանգեցրին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության անկմանը։ Ներկա պահին Սիրիան ղեկավարվում է ժամանակավոր կառավարության կողմից։ Չնայած նոր իշխանությունների վերջնական ձևավորմանը, ինչպես նաև երկրում իրավիճակի ընդհանուր կայունացմանն ու բարելավմանը միտված քայլերին, Սիրիայում դեռևս առկա են անկայունության և անորոշության տարրեր։ Երկիրը դեռևս մեծ ճանապարհ ունի արտաքին միջամտությամբ երկարատև քաղաքացիական պատերազմի վերքերն ամոքելու և վերակառուցվելու ճանապարհին։
Այս ընթացքում արտաքին դերակատարները շարունակում են իրենց շահերին միտված քաղաքականություն։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան և Իսրայելը, օգտվելով ստեղծված իրավիճակից, տարբեր եղանակներով ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայում։ ՌԴ-ն ու Իրանն էլ իրենց հերթին, պահպանելով սառնասրտությունը Բ. ալ-Ասադի վարչակազմի անկումից հետո, ձգտում են ստեղծված իրավիճակում սիրիական նոր իշխանությունների հետ երկխոսության և համագործակցության միջոցով թույլ չտալ իրենց դիրքերի թուլացումը ինչպես Սիրիայում, այնպես էլ մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում։
НЫНЕШНИЙ ЭТАП СИРИЙСКОЙ ПРОБЛЕМЫ:
ПОЛИТИКА ОСНОВНЫХ АКТОРОВ
Овян В. Р.
Аннотация
В конце ноября и начале декабря 2024 г. произошло новое действие в контексте долголетнего сирийского кризиса. Продлившееся около 10-и дней вооруженные столкновения между повстанцами и правительственными силами привели к падению власти президента Башара Асада. В настоящий момент Сирия находится под управлением временного правительства. Несмотря на шаги, направленные на окончательное формирование новых властей, а также общую стабилизацию и улучшение ситуации в стране, в Сирии еще присутствуют элементы нестабильности и неопределенности. Страна еще предстоит пройти долгий путь для лечения ран многолетней гражданской войны, сопряженной с внешним вмешательством, и достижения постконфликтного восстановления.
В это время внешние игроки продолжают политику по проведению собственных интересов. США, ЕС, Турция и Израиль, пользуясь возникшей ситуацией, пытаются разными способами укреплять свои позиции в Сирии. В свою очередь РФ и Иран, сохраняя хладнокровие после падения администрации Б. Асада, пытаются в возникшей ситуации посредством диалога и сотрудничества с новыми сирийскими властями не позволить ослабление своих позиций как в Сирии, так и во всем ближневосточном регионе в целом.
THE CURRENT STAGE OF THE SYRIAN ISSUE:
THE POLICY OF THE MAIN ACTORS
Hovyan V. R.
Summary
In late November and early December of 2024, a new act took place in the context of the prolonged Syrian crisis. Approximately 10-day armed clashes between rebels and the governmental army entailed to the decline of president Bashar Assad’s authority. Currently interim authorities govern Syria. In spite of the measures, directed to the eventual formation of new authorities, as well as to general stabilization and improvement of the situation in the country, in Syria still exist elements of instability and uncertainty. The country still has a long way to go in the treatment of wounds of the longtime civil war with foreign intervention and revival.
At the same time, foreign actors continue the policy of pursuing their own interests. The USA, the EU, Turkey and Israel, using the emerged situation, are trying to strengthen their positions in Syria by various means. Russia and Iran in their turn, keeping their cool after the decline of Assad’s administration, in the emerged situation are trying by means of dialog and cooperation with the new Syrian authorities to prevent the weakening of their positions in Syria, as well as in the region of Middle East generally.
Վահրամ Ռ. Հովյան(1)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սիրիայի կարևորությունն ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ համաշխարհային քաղաքական գործընթացներում դժվար է թերագնահատել։ Նման կարևորությունը պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպիսիք են. ա) աշխարհագրական դիրքը՝ Միջերկրական ծովի ափին գտնվելը, սահմանակցությունը Իրանի և Թուրքիայի հետ, բ) նավթի և բնական գազի հարուստ պաշարները, գ) բնակչության էթնո-կրոնական բազմազանությունը, մասնավորապես՝ քրդական գործոնի առկայությունը և այլն։
Պատահական չէ, որ 2011 թ. այդ երկրում սկիզբ առած քաղաքացիական պատերազմը կարճ ժամանակ անց սիրիական ներքին խնդրից վերածվեց տարածաշրջանային խնդրի, քանի որ դրան միջամտեցին հարևան երկրները, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանը։ Իսկ 2015–2016 թթ., որոշ գնահատականներով, Սիրիայում ընթանում էր «միկրո համաշխարհային պատերազմ», քանի որ իրենց զինված ուժերով այնտեղ էին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Թուրքիան և Իրանը։ Ռուսաստանի պարագայում Սիրիայի կարևորությունը կայանում է, մասնավորապես, նրանում, որ այնտեղ է գտնվում ռուսական երկու ռազմական հենակետ՝ Տարտուսի ռազմածովային և Հմեյմիմի ռազմաօդային բազաները։ Դրանց միջոցով է Ռուսաստանը ապահովում իր ներկայությունը և ազդեցությունը Միջերկրական ծովում, որի թե՛ ռազմաքաղաքական և թե՛ տնտեսական նշանակությունը կրկին դժվար է թերագնահատել։
Հայաստանի համար Սիրիայում տեղի ունեցող գործընթացների կարևորությունը կայանում է հետևյալ հանգամանքներում. ա) Սիրիան ավանդաբար բարեկամ երկիր է եղել Հայաստանի համար, նրա հետ համագործակցությունը տարբեր բնագավառներում և միջազգային հարթակներում կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի համար, բ) Սիրիայում էր գտնվում Սփյուռքի ամենաավանդական և ամենակազմակերպված համայնքներից մեկը, որը թեև մեծապես տուժել է այդ երկրում ընթացող երկարամյա քաղաքացիական պատերազմից, բայց շարունակում է տոկալ և պահպանել իր գոյությունը, գ) Սիրիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ուղղակի կամ անուղղակի ազդում են նաև Հարավային Կովկասի վրա։
2024 թ. նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին սիրիական ճգնաժամի վերաթեժացումը հանգեցրեց նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության անկմանը, ինչը նոր իրողություններ ստեղծեց ինչպես այդ երկրում, այնպես էլ բովանդակ Մերձավոր Արևելքում։ Աշխատանքը նպատակ է հետապնդում վերհանել Սիրիայում տիրող իրավիճակը նախագահ ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո, ինչպես նաև հիմնական արտաքին դերակատարների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, ԻԻՀ-ի և Իսրայելի քաղաքականությունը ստեղծված նոր իրավիճակում։
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ
2024 թ. վերջի միջազգային քաղաքական «երկրաշարժը» Սիրիայում անսասան թվացող Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն էր դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին։ Վերջինս, ով կարողացել էր դաշնակիցների, առաջին հերթին՝ Մոսկվայի աջակցությամբ 13 տարվա ընթացքում մեծ ջանքերի գնով երկրի մեծ մասը ազատել ապստամբներից և պահպանել իր իշխանությունը, մոտ 10 օր տևած նոր արշավանքի արդյունքում կորցրեց նախագահի պաշտոնը և ստիպված եղավ քաղաքական ապաստան հայցել Ռուսաստանում։
Սիրիական ճգնաժամի վերջին արարը անսպասելիորեն սկսվեց 2024 թ. նոյեմբերի 27-ին, երբ զինված ապստամբները ձեռնամուխ եղան իշխանությունը գրավելու ծրագրին և մեկը մյուսի հետևից գրավելով Սիրիայի բոլոր կարևոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և այլն, 10 օր անց հասան Դամասկոս։ Տպավորություն ձևավորվեց, թե ապստամբները գրեթե առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 7-ի գիշերը մտան մայրաքաղաք։ Թեև ստեղծված իրավիճակում Սիրիայի վարչապետ Մոհամեդ ալ-Ժալալին դրությունը մասամբ փրկելու նպատակով առաջարկեց զինված ապստամբներին երկխոսել Բաշար ալ-Ասադի հետ, սակայն դա արդեն ուշացած քայլ էր։ Դեկտեմբերի 8-ի առաջին ժամերին կայծակնային զարգացումները հանգեցրին նախագահ ալ-Ասադի վարչակարգի անկմանը։
Դեպքերի նման ընթացքը դրդել է որոշ վերլուծաբանների առաջ քաշելու այն վարկածը, որ տեղի ունեցածը նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության արդյունք էր, այսինքն՝ նախապես համաձայնեցված սցենար։ Սակայն, տվյալ վարկածն ապացուցող հստակ փաստերի բացակայության պայմաններում մենք կնախընտրենք զերծ մնալ դավադրապաշտական մեկնաբանություններին հավատ ընծայելուց։
Ներկա պահին Սիրիայում ձևավորվել է հետևյալ պատկերը։ Երկարամյա քաղաքացիական պատերազմից հետո երկիրն առերեսվում է տնտեսական և այլ ենթակառուցվածքների ու բնակելի ֆոնդի ավերածությունների, արտադրական հզորությունների անկման, էթնիկական-կրոնական ոլորտում ի հայտ եկած զանազան մարտահրավերների հետ։ Երեք պետություններ՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Թուրքիան, զինված ուժեր են տեղակայել Սիրիայի տարածքում։ Երկրի հյուսիս-արևելյան շրջաններն ու նավթագազային հիմնական պաշարները վերահսկվում են քրդական զինված խմբավորումների կողմից։
Դամասկոսում նոր իշխանության հաստատումից հետո էլ Սիրիայի որոշ հատվածներում դեռևս շարունակվում են բախումները տարբեր զինված խմբավորումների միջև։ Երկրի տարածքի որոշ հատվածներ դրսևորում են կենտրոնախույս ձգտումներ։ Սա վերաբերում է ոչ միայն քրդերին, այլև երկրի այլ էթնո-կրոնական խմբերին, որոնք, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ձգտում են հասնել որոշակի ինքնավարության։
Նոր իշխանությունները դեռևս գտնվում են ձևավորման փուլում։ Երկրում գործում է ժամանակավոր կառավարություն՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ։ Թե նոր իշխանության ձևավորման, թե, առհասարակ, Սիրիայի հեռանկարները ուրվագծելու նպատակով՝ ներառականության ոգով հրավիրվել է Սիրիական ազգային համընդհանուր համագումար։
Հետասադյան Սիրիայում տիրող իրողությունների մասին առարկայական պատկերացում կարող է տալ երկրի հայ համայնքի վիճակը։ Թեև իշխանափոխության օրերին և դրանից հետո սկզբնական շրջանում սիրիահայ համայնքում առկա էին որոշակի դրական և լավատեսական տրամադրություններ(2), դրանք, սակայն, աստիճանաբար իրենց տեղը զիջեցին հետզհետե ի հայտ եկող խնդիրներից բխող մտահոգություններին։ Վերջիններս, մասնավորապես, առնչվում են անվտանգության հիմնախնդրին։ Երկրում դեռևս շարունակվող քաոսն ու անիշխանության մթնոլորտը հանգեցրել են հանցագործությունների աննախադեպ աճին (գողություն, կողոպուտ, սպանություններ, մարդկանց առևանգում), ինչից տուժում են նաև հայ համայնքի ներկայացուցիչները։ Նշենք միայն, որ Սիրիայի հայ համայնքին պատուհասող մարտահրավերները հավասարապես վնասում են այդ երկրի քրիստոնեական այլ համայնքներին ևս, ուստի հայ համայնքի դրությունը հարկ է դիտարկել ոչ թե մեկուսի, այլ Սիրիայի ողջ քրիստոնեական հանրության ընդհանուր դրության համատեքստում։
Հալեպահայ մտավորական Լևոն Շառոյանի վկայությամբ(3) 2025 թ. փետրվարի կեսերի դրությամբ հալեպցիներն ապրում էին տագնապի մեջ, որն առնչվում է քաղաքի ներքին անվտանգությանը։ Գողության և կողոպուտի դեպքերը սրընթաց վերելք են արձանագրել, և մարդիկ տարակուսանքի մեջ են, թե ով պետք է պաշտպանի իրենց, իրենց ընտանիքը, իրենց ունեցվածքը ամենուրեք ու ամեն ժամ «որս» փնտրող ելուզակների, գողերի, խաբեբաների և ընդհուպ մինչև մարդասպանների ճիրաններից։ Հայտնի են անգամ մարդկանց առևանգման դեպքեր։
Ըստ Շառոյանի՝ «արհեստավարժ» գողերի ուշադրությունից զերծ չեն մնում նաև հայահոծ թաղամասերը։ Փետրվարի 13-ի գիշերը կողոպտվել է Մունշիե թաղամասում գտնվող համայնքային «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրատունը։ Ավելին, ազգային սեփականություն հանդիսացող նույն բարձրահարկ շենքի գրեթե բոլոր սեփական դարմանատները դարձել են մեկ ավազակախմբի կազմակերպված թալանի թիրախ։ Նյութական կորուստները խիստ մեծ են։
Ըստ նույն աղբյուրի, փետրվարի 15-ին Սուլեյմանիեի «Վենեսուելա» քրիստոնեաբնակ թաղամասում նույնպես սարսափազդու դեպք է տեղի ունեցել։ Երեկոյան ժամը 17:30-ի մոտակայքում անհայտ անձը բարձրացել է շենքերից մեկի 3-րդ հարկ և փորձել մտնել հայ ընտանիքի պատկանող մի բնակարան, որում այդ պահին եղել են երկու անչափահաս քույրեր: Հանցագործը փորձել է կոտրել դուռը, և միայն հայ հարևանների միջամտության շնորհիվ է հաջողվել փրկել անչափահաս աղջիկներին վերահաս վտանգից, իսկ հանցագործը շտապ հեռացել է դեպքի վայրից:
«Ո՞վ պետք է նման դեպքերի առաջն առնի, – տարակուսած հարցնում է Շառոյանը, –ոստիկանությո՞ւնը, որ դեռևս անկազմակերպ վիճակի մեջ է քաղաքում և բավարար չափով տարրեր էլ չունի ձեռքի տակ։ Գիշերապահ շրջիկ խմբե՞րը, որ չեն կարող ամեն տեղ հասնել»(4)։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՄՆ, ԵՄ) ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունեցին Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության անկումը և նոր ժամանակավոր վարչակարգի հաստատումը։ Ընդհանուր առմամբ, դա տեղավորվում էր Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ծիրում։ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալմամբ ԱՄՆ-ը, փաստորեն, ձերբազատվում է Մերձավոր Արևելքում վաղեմի «գլխացավանքից», մի վարչակազմից, որի գործողությունները տասնամյակներ շարունակ, մեղմ ասած, համահունչ չէին ԱՄՆ-ի շահերին ու վարած քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով ուշագրավ են շրջանառվող տեսակետներն առ այն, որ իրականում Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հաշվով իրականացրել է հենց Վաշինգտոնը՝ Անկարայի ձեռքերով։
Այնուամենայնիվ, կարծում ենք, Սիրիայում իշխանափոխության խնդիրը վերջնականապես լուծելուց հետո ԱՄՆ-ը կդադարի անմիջականորեն զբաղվել սիրիական գործերով և կպատվիրակի դա իր դաշնակիցներին, առաջին հերթին՝ Թուրքիային։ Այդ մասին են հուշում ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի գովեստի խոսքերը Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի, ինչպես նաև թուրքական բանակի հասցեին(5)։ Այս համատեքստում ուշագրավ է, որ 2025 թ. փետրվարի սկզբին շրջանառության մեջ մտան լուրեր, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ծրագիր է մշակում Սիրիայից ամերիկյան զորքերը լիովին դուրս բերելու ուղղությամբ(6)։
Եվրոպական Միության քաղաքականությունը հետասադյան Սիրիայում առայժմ սպասողական է։ Ընդհանուր առմամբ պատրաստակամություն հայտնելով երկխոսության մեջ մտնելու և համագործակցելու սիրիական նոր իշխանությունների հետ՝ Բրյուսելը, այնուամենայնիվ, սպասում է վերջիններիս քաղաքականության հստակեցմանը, թե որքանով նրանք հավատարմություն կցուցաբերեն Եվրոպային և եվրոպական արժեքներին։
ԵՄ-ից ակնկալվող գործողությունները առավելապես տնտեսական բնույթի են՝ նախկինում սահմանված պատժամիջոցների չեղարկում, աջակցություն Սիրիայի վերակառուցմանը, միլիոնավոր փախստականների վերադարձին և այլն։ Վերջին խնդիրը կարևոր նշանակություն ունի նաև հենց ԵՄ-ի համար, քանի որ քաղաքացիական պատերազմի հետևանքով մարդկային հոծ զանգվածների արտահոսքը Սիրիայից պատճառ դարձավ ապօրինի միգրացիայի խնդրի սրմանը եվրոպական մայրցամաքում։
2024 թ. դեկտեմբերի 17-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ արևմտյան պետությունները փորձում են աստիճանաբար կապեր հաստատել սիրիական նոր իշխանությունների հետ։ Ըստ Ու. ֆոն դեր Լայենի՝ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Սիրիային՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրա վերականգնմանը։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների չեղարկմանը, ապա այդ հարցով բանակցություններ կարող են սկսվել, երբ իրական առաջընթաց արձանագրվի երկրում վերջնական խաղաղության հաստատման հարցում։
Ռ. Էրդողանն էլ իր հերթին, հիշեցնելով, որ 13 տարի տևած քաղաքացիական պատերազմի հետևանքով միլիոնավոր սիրիացիներ բռնել են գաղթի ճամփան, կոչ է արել ԵՄ-ին աջակցել սիրիացի գաղթականների վերադարձին։ Դրան ի պատասխան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն հավելյալ €1 մլրդ է հատկացնելու Թուրքիային՝ այնտեղ հաստատված սիրիացի փախստականների կամավոր վերադարձին աջակցելու նպատակով(7)։
2025 թ. հունվարի վերջին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն մեկ տարով հետաձգել է օդային հաղորդակցության, նավագնացության, բանկային և էներգետիկ ոլորտներում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Սիրիայում տեղի ունեցածը ռուսական շահերի տեսանկյունից դիտարկելու դեպքում կարելի է արձանագրել, որ այն ՌԴ-ի և ԻԻՀ-ի, բայց, առավելապես, Մոսկվայի անհաջողությունն էր և, միաժամանակ, Թուրքիայի հաղթանակը։ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը, փաստորեն, պայթեցրեց «Աստանայի ձևաչափ» կամ «Աստանայի գործընթաց» հորջորջվող փուչիկը, որը ստեղծվել էր իբրև թե Սիրիական ճգնաժամի խաղաղ և քաղաքական հանգուցալուծման նպատակով և որի երաշխավորը Մոսկվա–Թեհրան–Անկարա եռյակն էր։ Թուրքիան, ըստ էության, անտեսելով «Աստանայի ձևաչափի» իր գործընկերներին, միայնակ արեց այն, ինչ ցանկանում էր։
Իրականում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալման գործընթացը սկիզբ էր առել ոչ թե 2024 թ. նոյեմբերի վերջին, այլ նվազագույնը 5 տարի առաջ, երբ երկու անգամ հնարավորություն կար ապստամբներից ազատագրելու Իդլիբը, բայց դա չարվեց, և Իդլիբը նվիրաբերվեց Թուրքիային(8)։
Արդ, երկու անգամ հիշյալ քաղաքը ազատագրելու փոխարեն՝ Ռուսաստանը, տուրք տալով Թուրքիայի հետ բարեկամության խորացման քաղաքական գծին, Իդլիբը թողեց վերջինիս փաստացի վերահսկողության ներքո՝ հակառակ մինչ այդ տեղի ունեցած ռուսական կործանիչի խոցմանը թուրքական օդուժի կողմից(9), ինչպես նաև Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության(10)։ Դրանից հետո Իդլիբն իր շրջակայքով, որը սահմանակցում է Թուրքիային, բառացիորեն վերածվեց ահաբեկչական որջի։ Եվ այնտեղ պատրաստություն անցած զինված խմբավորումներն էլ, ի վերջո, տապալեցին Բաշար ալ-Ասադի իշխանությունը։
Ուշագրավ է, որ այս տարիների ընթացքում, երբ Իդլիբը վերածվել էր ահաբեկչության կենտրոնակայանի, այնտեղ պատրաստվող ահաբեկիչներն անգամ «գործուղվում» էին Ուկրաինա՝ ՌԴ դեմ պատերազմելու համար, Մոսկվայի կողմից Անկարայի հասցեին այս հարցով այդպես էլ որևէ քննադատական խոսք չհնչեց։ Մոսկվայի կողմից քննադատություն չհնչեց նաև այն ժամանակ, երբ նույն ահաբեկիչները Արցախյան 44-օրյա պատերազմի նախօրեին տեղափոխվեցին Ադրբեջան և պատերազմի ժամանակ սկսեցին կռվել ԼՂՀ ԶՈւ-ի դեմ։ Ավելին, ռուսական լրատվամիջոցները կեղծ լուրեր էին տարածում, թե իբրև Արցախյան 44-օրյա պատերազմում հայերի կողմից կռվում էին քրդական զինված ջոկատներ։
Մոսկվայի կողմից Անկարայի հասցեին որևէ քննադատական խոսք չեղավ նաև ոչ 2024 թ. նոյեմբեր-դեկտեմբերյան 10-12-օրյա մարտերի ժամանակ, որի արդյունքում տապալվեց Բաշար ալ-Ասադի իշխանությունը, ոչ էլ դրանից հետո։ Ռուսաստանն ում ասես մեղադրում էր կատարվածի համար՝ Արևմուտքին, իրեն՝ Բաշար ալ-Ասադին, քրդերին, բայց ոչ երբեք Թուրքիային։
Եվս մի կարևոր հանգամանք այս համատեքստում։ Ժամանակին չազատագրելով Իդլիբը և այն թողնելով Թուրքիային, այնուհետև աչք փակելով այնտեղ տեղի ունեցողի վրա՝ Ռուսաստանը անբարենպաստ իրավիճակ ստեղծեց նաև Իրանի համար, քանի որ Մոսկվան և Թեհրանը դաշնակիցներ էին սիրիական հարցում, և Իդլիբի ազատագրումը կարևոր էր ոչ միայն Սիրիայի ու Ռուսաստանի, այլև Իրանի համար։ Իսկ Իդլիբի վերածումը թուրքական հենակետի և ապա Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը լուրջ մարտահրավեր են ստեղծել նաև Իսլամական Հանրապետության համար։
Ռուսական փորձագիտական շրջանում նշանակալի տեղ ունի այն միտքը, որ պետք է ամեն ինչ զոհաբերել հանուն Ուկրաինայի։ Այսինքն՝ կարելի է ամենուրեք նահանջել, դիրքերը թուլացնել Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և այլուր ու ողջ ներուժը ուղղել ուկրաինական ճակատ։ Երբ հաղթանակը կկայանա ուկրաինական ուղղությամբ, ապա կրկին կարելի է վերադառնալ թե՛ Մերձավոր Արևելք, թե՛ Հարավային Կովկաս, այսինքն՝ բոլոր այն տարածաշրջաններ, որտեղ ռուսները ընկրկել են՝ թուլացնելով իրենց դիրքերը։
Կյանքը ցույց է տալիս, որ մինչ այս պահը նման մոտեցումը կամ ռազմավարությունը իրեն չի արդարացնում։ Թե ինչ կլինի հետայսու, այլ հարց է։ Շատ բան կախված է Թրամփի վարչակարգի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններից և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ ամերիկյան նոր վարչակազմի ջանքերի արդյունավետությունից։ Սակայն մինչ այս պահը առկա է հետևյալ պատկերը. ռուսները թուլացել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, թուլացել են Հարավային Կովկասում՝ զգալիորեն կորցնելով իրենց ազդեցությունը, սակայն Ուկրաինայում էլ դեռ չեն կարողանում հասնել Հատուկ ռազմական գործողությամբ իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։ Հարավային Կովկասում ռուսական դիրքերի թուլացման ապացույց են, օրինակ, արտաքնապես փայլուն թվացող ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող «ճաքերը», երբ Ալիևը շարունակաբար կշտամբում է Մոսկվային ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի(11) կապակցությամբ, Բաքվում փակվում է «Ռուսական տունը»՝ հռչակվելով որպես լրտեսների և գործակալների բույն, սահմանափակվում է «Սպուտնիկ-Ադրբեջան» լրատվական գործակալության գործունեությունը։
Մինչդեռ, եթե ժամանակին Իդլիբը ազատագրվեր, Արցախն էլ չզիջվեր Ադրբեջանին, ապա Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտություն չէր լինի։ Շատ հարցեր հնարավոր կլիներ լուծել դիվանագիտությամբ՝ հիմնվելով Ռուսաստանի միջազգային բարձր հեղինակության և մեծ ազդեցության վրա։ Իսկ Իդլիբի ազատագրումը էապես կբարձրացներ Ռուսաստանի միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը՝ միաժամանակ ամրապնդելով նրա դիրքերը Մերձավոր Արևելքում։ Ավելին, ժամանակին Իդլիբի ազատագրմամբ Ռուսաստանի միջազգային հեղինակությունն այնքան կբարձրանար, որ Ուկրաինայում ոչ միայն շատ հարցեր հնարավոր կլիներ լուծել դիվանագիտական ճանապարհով, այլև այդ հարցերը չէին էլ ծագի, քանի որ Ռուսաստանի մեծ ազդեցությունը զսպիչ դեր կխաղար Ուկրաինայի և նրա հովանավոր Արևմուտքի համար։
Կարծում ենք, Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը ևս խթան եղավ ուկրաինական ճգնաժամի սրման և լայնամասշտաբ պատերազմի վերածման համար։ Սակայն քանի որ այս հարցը դուրս է սույն վերլուծության ընդհանուր թեմայից, ապա դրան ավելի մանրամասն թերևս կարելի է անդրադառնալ այլ առիթով։
Այնուամենայնիվ, ինչպես հարիր է համաշխարհային մասշտաբով ուժային կենտրոնին, Ռուսաստանը Բաշար ալ-Ասադի իշխանության անկումից հետո չկորցրեց սառնասրտությունը և հաշվի առնելով նոր իրողությունները՝ այժմ փորձում է ստեղծված նոր իրավիճակում պաշտպանել իր շահերը։ Իսկ դրա հիմնական եղանակը Սիրիայում ներկա պահին իշխանության ղեկին գտնվող ուժերի հետ հաղորդակցության և երկխոսության հաստատումն է։
Ինչպես նախկինում, այժմ էլ Ռուսաստանը ելնում է Սիրիայի ինքնիշխանության, միասնականության և տարածքային ամբողջականության անշեղ պահպանման անհրաժեշտությունից։ Ներկա բարդ հանգամանքներում, ըստ պաշտոնական Մոսկվայի, միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջվում է դրսևորել մեծ պատասխանատվություն, խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հրահրել լարվածության հետագա աճ Սիրիայում(12)։ Այս համատեքստում Ռուսաստանը դատապարտում է, օրինակ, իսրայելական բանակի գործողությունները Գոլանի բարձունքներում՝ դրանք համարելով ուժերի տարանջատման վերաբերյալ 1974 թ. սիրիա-իսրայելական համաձայնագրի խախտում, ինչպես նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները սիրիական ռազմական և քաղաքացիական օբյեկտներին՝ համարելով, որ դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի կայունացմանը, այլև ավելի են խորացնում առանց այդ էլ ծայրահեղ ծանր դրությունը Սիրիայում(13)։ Սիրայում Իսրայելի գործողությունների մասին ավելի մանրամասն անդրադարձ կա ստորև՝ սույն աշխատության համապատասխան հատվածում։
Անդրադառնալով Գոլանի բարձունքների սիրիական հատվածներում իսրայելական բանակի հաստատմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ դա ստեղծում է նոր իրավիճակ և պահանջում է այնպիսի կառուցողական քայլերի մշակում, որոնք հաշվի կառնեն տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության և զարգացման շահերը։ «Սակայն անվտանգության և զարգացման հարցերը պետք է լուծել ոչ ի վնաս այլոց անվտանգության և զարգացման»,- հավելել է Լավրովը(14)։
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվան շահագրգռված է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ծավալվող գործընթացը դուրս չգա վերահսկողությունից և չհանգեցնի պառակտման, ինչի վտանգը պահպանվում է(15)։ Ռուսաստանը կտրականապես դեմ է քրդական անկախական շարժմանը Սիրիայում՝ համարելով, որ այն կարող է տարածաշրջանը տանել դեպի լայնամասշտաբ պատերազմ։ Սույն թվականի փետրվարի 25-ին ԻԻՀ իր գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում Լավրովը խնդրի առնչությամբ հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը սկզբունքային կարևորություն ունի։ «Այդ երկրի առանձին տարածաշրջանների մղումը անջատականության, որը նկատվել է վերջին տարիներին, բացարձակապես անընդունելի է և ծայրահեղ վտանգավոր»(16)։
Մոսկվան միաժամանակ ձգտում է հասնել Սիրիայի նկատմամբ սահմանված բոլոր արևմտյան պատժամիջոցների անվերապահ չեղարկմանը՝ համարելով, որ դրանք ուղղված են եղել ոչ թե նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա վարչակազմի, այլ՝ սիրիացի ժողովրդի դեմ։
Ռուսաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ իրեն գործուն դերակատար է համարում սիրիական գործընթացներում։ Ըստ Ս. Լավրովի՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն միջազգային հանրության կողմից։ Այդ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին արտաքին աջակցությունը առանց այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը ոչ թե կնպաստի երկրի միավորմանը, այլ պառակտում կբերի դրսից(17)։ Ռուսաստանը իր գործուն դերակատարությունը սիրիական գործընթացներում պայմանավորում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր կարգավիճակով։ «Համոզված ենք, որ Մերձավոր Արևելքի, ինչպես և աշխարհի ցանկացած հատվածի բոլոր խնդիրները պետք է լուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ընդունված որոշումների հիման վրա», – ասում է ՌԴ ԱԳ նախարարը(18)։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ
(ԹՈՒՐՔԻԱ, ԻՐԱՆ, ԻՍՐԱՅԵԼ) ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում խարսխված է նորօսմանականության դոկտրինայի վրա, որը ենթադրում է Թուրքիայի ազդեցության հաստատում նախկինում Օսմանյան կայսրության տիրույթները կազմող երկրների վրա։ Այս համատեքստում պատահական չէր Թուրքիայի նախագահի ժամանակին արված մի հայտարարությունը, ըստ որի՝ Հալեպը, Մոսուլը, Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքները թուրքական են։
Աշխատության սկզբում նշվեց, որ 2024 թ. նոյեմբերի 27-ին սկսված սիրիական ճգնաժամի նոր արարը անսպասելի էր։ Այնուամենայնիվ, որոշ վերապահում այս հարցում պետք է լինի։ Բանն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այդ գործարք էր առաջարկել Բաշար ալ-Ասադին՝ իշխանությունը խաղաղ հանձնելու վերաբերյալ։ Եվ այդ գործարքի մերժմանը հաջորդեց զինված պայքարի նոր փուլի մեկնարկը Սիրիայում։ Սա նշանակում է, որ սիրիական դեպքերը նախապես պատրաստված և պլանավորված էին։ Պարզապես մինչ այդ Թուրքիան փորձում էր նախ խաղաղ ճանապարհով հասնել իր ուզածին։
Հարկ է նշել, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալմամբ Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել այդ երկիրը կլանելու հարցում։ Այդ մասին է վկայում թեկուզ այն, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայը, պաշտոնն ստանձնելուց հետո իր երկրորդ արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա (Սաուդյան Արաբիայից հետո)։ Այդ այցն իրականացվեց Թուրքիայից Դամասկոս ուղարկված հատուկ ինքնաթիռի միջոցով, ինչը վկայում է այն մասին, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը վայելում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությունը։ Մասնագետների գնահատմամբ՝ դա Սիրիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ Անկարայի բացառիկ դերի արտահայտությունն էր։
Միջազգային լրատվական գործակալությունների հավաստմամբ Էրդողանն ու Շարաայը փակ դռների հետևում քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության, այդ թվում՝ Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետեր ստեղծելու, ինչպես նաև Սիրիայի նոր բանակի կազմավորման հարցում Անկարայի կողմից ցուցաբերվելիք օժանդակության մասին։
Այնուամենայնիվ, Անկարայի համար Սիրիայում լուրջ խնդիր է շարունակում մնալ քրդական գործոնը, քանի որ երկրի հյուսիս-արևելյան շրջանները շարունակում են մնալ քրդական զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ վերջիններս էլ վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը։ Դեռևս 2024 թ. դեկտեմբերի 17-ին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահ Էրդողանը, նկատի ունենալով հատկապես քրդական զինված կազմավորումներին, շեշտել է, որ Մերձավոր Արևելքում «ահաբեկչական կազմակերպությունները» տեղ չունեն։ Իսկ այս տարվա հունվարի սկզբներին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, սիրիական քաղաքական զարգացումների լույսի ներքո հարցազրույց տալով CNN Türk գործակալությանը(19), ուղերձ է հղել ՔԲԿ-ական և վերջինիս սիրիական թևի ուժերին։ Վերջիններիս համարելով ահաբեկիչներ՝ Ֆիդանը բացահայտորեն հայտարարել է, որ սիրիական իշխանությունները վերջ պետք է դնեն դրանց գոյությանն այդ երկրի տարածքում։ Այլապես, ըստ նախարարի, եթե քրդական ուժերը զենքերը վայր չդնեն, Թուրքիան ռազմական գործողություններով կստիպի նրանց հեռանալ Սիրիայից։ Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս 2024 թ. դեկտեմբերի կեսերին մամուլում լուրեր շրջանառվեցին առ այն, որ Թուրքիան մեծ զորք է կուտակում Սիրիայի հետ սահմանին և կարող է ցամաքային գործողություն ձեռնարկել նրա տարածքում։
Էրդողան–Շարաա վերոնշյալ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում գտնվող «անջատականների» և նրանց հովանավորող ուժերի դեմ համատեղ պայքարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Քուրդ զինյալներին հավասարեցնելով ԻՊ ահաբեկիչների հետ՝ Էրդողանը հայտարարել է վերջիններիս դեմ պայքարում Սիրիային աջակցելու վերաբերյալ Շարաային տված հավաստիացումների մասին։
Քրդական գործոնի համատեքստում ուշագրավ էր այս տարվա փետրվարի 27-ին Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և 1999 թ. փետրվարից բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի կոչը իր կուսակիցներին՝ զենքը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու մասին(20)։ Կարծում ենք, Օջալանի այս կոչը ազդեցություն չի ունենա հատկապես Սիրիայի և Իրաքի քրդերի վրա։ Դա նույնն է, ինչ Արցախի այսօրվա բանտարկված առաջնորդները Բաքվից կոչ անեին արցախցիներին դադարեցնել իրենց իրավունքների համար պայքարը։ Պարզ է, որ Արցախի բանտարկված առաջնորդները իրականում գտնվում են պատանդի կարգավիճակում և պաշտոնական Բաքուն նրանց օգտագործում է իր քաղաքական նպատակների իրականացման համար՝ այդ ընթացքում կիրառելով նաև արգելված միջոցներ (կտտանքներ, հոգեներգործուն միջոցներ և այլն)։ Հետևաբար, նրանց կողմից հնչած այդպիսի ուղերձները չէին կարող լուրջ ընկալվել, ինչպես լուրջ չեն ընկալվում նախաքննության և դատավարության ընթացքում նրանց տված ցուցմունքներն ու արտահայտած մտքերը, օրինակ, առ այն, որ իրենք զղջում են իրենց նախկին գործունեության համար և որ իրենց նախկին գործունեության համար պատասխանատու է պաշտոնական Երևանը։
Նույն կերպ էլ Օջալանն է պատանդի կարգավիճակում Անկարայի համար։ Վերջինս նրան օգտագործում է իր քաղաքական նպատակների համար։ Հետևաբար, Օջալանի արտահայտած հիշյալ կոչը չի կարող լուրջ ընկալվել հատկապես Իրաքի և Սիրիայի քրդական շրջանակների կողմից։
Իրանի համար Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունն ընդհանուր առմամբ աննպաստ հանգամանք էր։ Դա հանգեցնում է տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացմանը՝ զուգակցված այլ գործոնների հետ, ինչպիսիք են ա) արևմտյան պատժամիջոցների խստացման հետևանքով երկրի տնտեսության կրած ծանր կորուստերը, որի վկայությունն են 35%-անոց սղաճն ու ազգային արժույթի աննախադեպ անկումը, բ) Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածները, գ) աննախադեպ սառնությունը Իրան-Եվրոպա հարաբերություններում՝ ռուս-ուկրաինական պատերազմում Թեհրանի կողմից Մոսկվային ցուցաբերած աջակցության հետևանքով, Թրամփի վարչակազմի օրոք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության էլ ավելի խստացումը և այլն։
Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում Իրանի դիրքերի թուլացման մասին է վկայում այդ երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հայտարարությունը, ըստ որի՝ նախկինում Սիրիայի ամբողջ տարածքում ազատ գործունեություն ծավալող Իրանի աշխարհազորայինները սպառնալիք էին ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի համար։
Այնուամենայնիվ, Իրանն էլ Մոսկվայի նման չի կորցնում սառնասրտությունը և փորձում է Սիրիայի նոր իշխանությունների հետ հաղորդակցության ու համագործակցության միջոցով պաշտպանել իր շահերը ինչպես այդ երկրում, այնպես էլ տարածաշրջանում։ Այս տարվա փետրվարի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. «Սիրիայի հարցում Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները գրեթե նույնն են։ Իրանը կայունության, խաղաղության, տարածքային միասնության ու ամբողջականության պահպանման, ինչպես նաև ժողովրդի կամքի վրա հիմնված Սիրիայի զարգացման կողմնակիցն է»(21)։
Իսրայելի համար Սիրիայում ստեղծված իրավիճակը ընկալվում է որպես լավ հնարավորություն ուժի միջոցով լուծելու խնդիրները վաղեմի հակառակորդ Սիրիայի հետ, ինչպես նաև բարձրացնելու իր անվտանգության մակարդակը՝ ի հաշիվ վերջինիս։ Թեև Իսրայելը համարվում է Մերձավոր Արևելքում Արևմուտքի դաշնակից երկիր, այնուամենայնիվ, վերջինիս գործողությունները հետասադյան Սիրիայում ընդհանուր առմամբ դուրս են արևմտյան ընդհանուր քաղաքականության տրամաբանությունից։ Փոխանակ Սիրիայի նոր իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու, Թել Ավիվը գնում է այդ երկրում ռազմական գործողություններ իրականացնելու, վերջինիս ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու ճանապարհով։ Դրա դրսևորումներն են այն, որ Իսրայելը ալ-Ասադի իշխանության տապալումից հետո գրավեց Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական զորքերի շփման գծում գտնվող չեզոք գոտին և սկսեց ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել այնտեղ։ Դեռևս 2024 թ. դեկտեմբերի կեսերին Իսրայելը հարվածներ էր հասցնում Սիրիայի Տարտուս քաղաքի ռազմական օդակայաններին և ռմբակոծում էր Լաթաքիա ու Հոմս քաղաքները։ Այս տարվա փետրվարի կեսերին իսրայելական բանակը մտել է Դամասկոսի հարավային շրջաններ։ Բացի այդ, Իսրայելը ոչնչացրել է նաև Սիրիայի ռազմածովային նավատորմը։
Փետրվարի վերջին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը անորոշ ժամանակով կշարունակեն մնալ Գոլանի բարձունքներում։ Դա ընկալվում է որպես հայտարարություն Իսրայելի կողմից Սիրիայի հարավի գրավման հավերժացման մասին։ Միևնույն ժամանակ շարունակվում են իսրայելական բանակի հարվածները սիրիական օբյեկտներին։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաշար ալ-Ասադի իշխանության անկումից հետո Սիրիայում ստեղծված իրավիճակը Հայաստանի համար ենթադրում է ինչպես մարտահրավերներ, այնպես էլ, թեկուզ փոքր, սակայն հնարավորություններ։ Վերջիններիս համարժեք ընկալումը հնարավորություն կտա մի կողմից նվազագույնի հասցնելու հնարավոր վնասները, իսկ մյուս կողմից առավելագույնս օգտվելու ստեղծված հնարավորություններից։
Մարտահրավերներ
- Սիրիայում Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերի գալը իշխանության կհանգեցնի ողջ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասում Անկարայի ազդեցության մեծացմանը։ Այդ հանգամանքը կբացի Ադրբեջանի՝ որպես Թուրքիայի կրտսեր եղբոր «ախորժակը» Հայաստանի հետ բանակցություններում և վերջինիս դիրքորոշումը կդարձնի ավելի կոշտ ու առավելապաշտական։ Դա էլ իր հերթին կնվազեցնի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման առանց այդ էլ փոքր հնարավորությունները՝ միաժամանակ մեծացնելով նոր պատերազմի հավանականությունը։
- Իրանի դիրքերի թուլացումը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել նրա դիրքերի թուլացմանը նաև Հարավային Կովկասում, ինչը նոր մարտահրավեր կստեղծի Հայաստանի համար՝ նկատի ունենալով Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
- Սիրայում տիրող քաոսի և անիշխանության, ինչպես նաև հակաքրիստոնեական որոշակի տրամադրությունների շարունակման պարագայում կրկին վտանգի տակ կարող է հայտնվել տեղի հայ համայնքը։ Դա կհանգեցնի առանց այդ էլ փոքրաթիվ հայ համայնքից արտագաղթի նոր ալիքի, որի հետևանքով այս անգամ թերևս վերջնականապես կորստյան կմատնվի Սփյուռքի ամենաավանդական և կազմակերպված համայնքներից մեկը։
- Սիրիահայ համայնքի համար առաջացող նոր մարտահրավերները լրացուցիչ հոգս կստեղծեն առանց այդ էլ հոգսերի բեռի տակ կքած Հայաստանի Հանրապետության՝ որպես արտերկրում իր հայրենակիցների իրավունքների ու շահերի պաշտպան պետության համար։
- Հնարավորություններ
- Իրավիճակի հնարավոր կայունացումը Սիրիայում և այնտեղ վերջնական խաղաղության հաստատումը՝ զուգակցված ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավման, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հետ, ընդհանուր առմամբ խաղաղության և կայունության մթնոլորտ կստեղծեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Դա կնպաստի նաև Հայաստանի շուրջ ստեղծված լարվածության թուլացմանը և խնդիրների կարգավորմանը խաղաղ ճանապարհով։
- Նկատի ունենալով մի կողմից Հայաստանի սերտացող հարաբերությունները հավաքական Արևմուտքի հետ, մյուս կողմից ավանդական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, որոնք միտում ունեն վերածվելու անգամ ռազմավարական գործընկերության, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Իրան-Արևմուտք ներկայիս բարդ հարաբերությունները հարթելու գործում, ինչը կբարձրացնի Երևանի միջազգային հեղինակությունը՝ քաղաքական և այլ դիվիդենտներ բերելով նրան։
- Սիրիայում անկայունության շարունակման պարագայում կրկին կարող է տեղի ունենալ սիրիահայության զանգվածային ներհոսք Հայաստան, այսինքն՝ տարերային հայրենադարձություն։ Հաշվի առնելով նախորդ ներհոսքի փորձը՝ ՀՀ իշխանությունները պետք է մշակեն Հայաստան եկող սիրիահայերին տեղի հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու, նրանց խնդիրների գոնե նախնական լուծման ողջամիտ ռազմավարություն(22), որպեսզի հնարավոր հայրենադարձները վերջնականապես հաստատվեն Հայաստանում՝ այդ կերպ որոշակիորեն մեղմելով մեր երկրի ժողովրդագրական սուր խնդիրը։
(1) Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006–2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակագիտության ամբիոնում։
(2) Տե՛ս Տարեվերջի եւ Տարեմուտի Իրադարձութիւններ Սուրիոյ մէջ, Նոր Մարմարա, 03.01.2025; Պատմական Հանդիպում՝ Դամասկոսի մէջ, Նոր Մարմարա, 01.01.2025; Սուրիոյ Նոր Իշխանութիւնները կը Տեսակցին Քրիստոնեայ Համայնքապետերուն հետ, Նոր Մարմարա, 10.12.2024։
(3) Տե՛ս Տարեվերջի եւ Տարեմուտի Իրադարձութիւններ Սուրիոյ մէջ, Նոր Մարմարա, 03.01.2025; Պատմական Հանդիպում՝ Դամասկոսի մէջ, Նոր Մարմարա, 01.01.2025; Սուրիոյ Նոր Իշխանութիւնները կը Տեսակցին Քրիստոնեայ Համայնքապետերուն հետ, Նոր Մարմարա, 10.12.2024։
(4) Անապահովութիւն եւ Աւազակութեան Բազմաթիւ Դէպքեր Հալէպի մէջ, Նոր Մարմարա, 17.02.2025։
(5) Նույն տեղում։
(6) Mason J., Trump says Turkey holds the key to Syria’s future, Reuters, 16.12.2024, https://www.reuters.com/ world/middle-east/trump-says-turkey-holds-key-syrias-future-2024-12-16/ (բեռնման օրը՝ 03.03.2025).
(7) Kube C., Defense Department drafting plans to withdraw all U.S. troops from Syria after recent Trump comments. NBC NEWS, 05.02.2025, https://www.nbcnews.com/politics/national-security/dod-drafting-plans-withdraw-us-troops-syria-recent-trump-comments-rcna190726 (բեռնման օրը՝ 03.03.2025).
(8) Press statement by President von der Leyen with President of Türkiye Erdoğan, 17.12.2024, Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնական կայք, https://enlargement.ec.europa.eu/news/press-statement-president-von-der-leyen-president-turkiye-erdogan-2024-12-17_en (բեռնման օրը՝ 03.03.2025).
(9) Տե՛ս Հովյան Վ., Իդլիբի խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոն, 13.03.2020, https://orbeli.am/hy/post/394/2020-03-13/Իդլիբի%20 խնդիրը%20ռուս-թուրքական%20հարաբերությունների%20 %20համատեքստում (բեռնման օրը՝ 03.03.2025)։
(10) Տե՛ս Лукашевич В., Гибель российского Су-24 в Сирии: некоторые вопросы, Forbes, 04.12.2015, https://www.forbes.ru/mneniya-column/mir/307393-gibel-rossiiskogo-su-24-v-sirii-nekotorye-voprosy (բեռնման օրը՝ 03.03.2025)։
(11) Տե՛ս Сысоев И., Пять лет назад был убит посол России в Турции Андрей Карлов, РГ.ру, 20.12.2021, https://rg.ru/2021/12/20/piat-let-nazad-byl-ubit-posol-rossii-v-turcii-andrej-karlov.html (բեռնման օրը՝ 03.03.2025)։
(12) Տե՛ս Cook S., Livesay Ch. & Reals T., What caused the Azerbaijan Airlines plane crash in Kazakhstan? Here’s what we know so far, CBSNEWS, 29.12.2024, https://www.cbsnews.com/news/what-caused-azerbaijan-airlines-plane-crash-kazakhstan-what-we-know/ (բեռնման օրը՝ 03.03.2025)։
(13) Брифинг официального представителя МИД России М.В. Захаровой, Москва, 27 февраля 2025 года, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/2000494/#%D0%B2%D0%BE15 (բեռնման օրը՝ 03.03.2025).
(14) Նույն տեղում։
(15) Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова по итогам визита в Катар, Доха, 26 февраля 2025 года, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/2000130/ (բեռնման օրը՝ 03.03.2025).
(16) Նույն տեղում։
(17) Выступление Министра иностранных дел Российской Федерации С.В. Лаврова по итогам переговоров с Министром иностранных дел Исламской Республики Иран А. Аракчи, Тегеран, 25 февраля 2025 года, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1999840/ (բեռնման օրը՝ 03.03.2025).
(18) Նույն տեղում։
(19) Նույն տեղում։
(20) Altun T. & Celiker G., If terrorist PKK/YPG defies ultimatum, response will be military operation: Turkish foreign minister. 08.01.2025, https://www.aa.com.tr/en/turkiye/if-terrorist-pkk-ypg-defies-ultimatum-response-will-be-military-operation-turkish-foreign-minister/3444704 (բեռնման օրը՝ 03.03.2025).
(21) Տե՛ս Jones D., Kurdish leader Ocalan calls for PKK disarmament, paving way for peace. RFI, 01.03.2025, https://www.rfi.fr/en/podcasts/international-report/20250301-kurdish-leader-ocalan-calls-for-pkk-disarmament-paving-way-for-peace (բեռնման օրը՝ 03.03.2025)։
(22) Выступление Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова по итогам переговоров с Министром иностранных дел Исламской Республики Иран А.Аракчи, Тегеран, 25 февраля 2025 года, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1999840/ (բեռնման օրը՝ 03.03.2025)։
(1) Խնդրի մասին մանրամասն տե՛ս Հովյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն արդի փուլում. հայրենադարձության խնդիրը, 21-րդ դար, թիվ 4, 2017, էջ 97-115։