Մեկնաբանություններ

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործում շտապողականության պատճառների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 07.05.2024 թ.

ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մոտավորապես ապրիլի կեսից, սկսել է ՀՀ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս աշխատանքների արդյունքում ԱդրՀ-ի հսկողության տակ են անցնում զգալի չափերի հողատարածքներ, ՀՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցման համակարգի հատվածներ, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-ի մարտական դիրքեր։ Գործընթացն ուղեկցվում է բուն սահմանին գտնվող տեղի բնակիչների բողոքի ակցիաներով և ամբողջ Հայաստանի ընդդիմադիր ու հասարակական շրջանների ելույթներով։

Տեղի ունեցածը մամուլում Ն. Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերի նպատակահարմարության վերաբերյալ բանավեճի առիթ դարձավ։ ՀՀ ղեկավարությունն ու իշխանամերձ օղակները, ինչպես և սպասվում էր, կատարվածը ներկայացրին «նորերի» և «նախկինների» դիմակայության համատեքստում։ Մինչդեռ, բողոքի շարժման չհայտարարված խորհրդանիշն ու շարժիչ ուժը դարձած, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դերը կոտրում է դիմակայության սովորական և տեխնոլոգիապես փորձարկված ներքաղաքական փոխդասավորությունը Հայաստանում։

Հաշվի առնելով Հայաստանում առկա ներքաղաքական դիմակայությունը, սպասելի կերպով, բանավեճը շեղվեց սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և սահմանագծման բուն խնդրից՝ տարածվելով քաղաքական պայքարի ավելի լայն համատեքստում։ Ինստիտուցիոնալ ընդդիմությունը չկարողացավ հստակ ձևակերպել իր պահանջը սահմանազատման և սահմանագծման գործընթացը կասեցնելու համար, քանի դեռ այն չի դրվել անբասիր իրավական հիմքի վրա՝ սկսելով հայկական ինքնիշխան հողերը հանձնելուն միտված «իշխանությունների դավաճանական գործունեության» բացահայտմանն ուղղված ակտիվ քարոզչական արշավ։ ՀՀ ղեկավարությունն էլ իր բնակչությանը չափազանց հստակ փաստարկային բազա ներկայացնելու և ԱդրՀ-ի հետ սահմանի ողջ երկայնքով միմյանց կողմից վերահսկվող տարածքների փոխադարձ փոխանակում ներառող թափանցիկ պարիտետային գործարքի սկզբունքները մշակելու փոխարեն, ընտրեց պատերազմով սպառնալու ճանապարհը։

Խնդրի բացառապես ներքաղաքական փաթեթավորումը և երկու կողմերի փաստարկները առիթ տվեցին տեղեկատվական արշավի, որը հասարակությանը հեռու է տանում խնդրի էության և դրա հնարավոր լուծումների ռացիոնալ ըմբռնումից։

Այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա, որը դուրս է մնում սահմանագծի Տավուշի հատվածի շուրջ առկա հասարակական-քաղաքական խոսույթից։ Խոսքը Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի սահմանազատման աշխատանքների արագացված ժամկետների և ՀՀ իշխանությունների ակնհայտ շտապողականության մասին է, ինչը բացատրելու համար նրանք ավելի լավ բան չգտան, քան ասել, որ խոսքը «պիլոտային ծրագրի» մասին է։

Այս սահմանման մեջ որոշակի ճշմարտություն կա, եթե ելնենք նրանից, որ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի հապշտապ սահմանազատումը միջանկյալ քայլ է մեկ այլ գործընթացի իրականացման համար, որի նպատակներն, ըստ էության, հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներից դուրս են։

Հայտնի է, որ միջազգային պրակտիկան չի նախատեսում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների զուգահեռ կազմակերպում, նույնիսկ եթե խոսքը սահմանի համեմատաբար փոքր հատվածի է վերաբերում։ Սահմանազատումն իրականացվում է քարտեզագրական տվյալների ստուգման, տեղագրագիտական, արբանյակային և թվային տեխնոլոգիաներով չափումների միջոցով: Սահմանազատումը նախատեսում է նաև աշխատանքային շփումների ընթացքում հենց կողմերի առաջարկների հիման վրա գծանշման ճշգրտումներ: Սա մեծածավալ աշխատանք է, որը հնարավոր չէ կատարել հաշված օրերի ընթացքում և քարտեզագրումը զուգահեռ տեղափոխել «գետնի վրա»։ Միջազգային փորձը և տրամաբանությունը հուշում են, որ սահմանագծումը, որը ենթադրում է սահմանազատման մշակումների գործնական իրականացում, կատարվում է վերջում, այսինքն՝ բոլոր ճշգրտումները կատարելուց և սահմանազատման իրավական և տեխնիկական առանձնահատկությունները հաշվի առնելուց հետո։ Սահմանագծումը հող է նախապատրաստում սահմանի համակողմանի կահավորման և սահմանակից երկրների կողմից դրա պաշտպանության ու անվտանգության կազմակերպման համար։ Ելնելով աշխատատար գործընթացների հաջորդականության վերը նշված նկարագրությունից՝ պարզ է դառնում, թե ինչու միջազգային պրակտիկան հապճեպ որոշումներ չի ընդունում միջազգային սուբյեկտների՝ հատկապես, միմյանց հետ լարված հարաբերությունների և տարածքային վեճերի մեջ գտնվողների միջև սահմաններ հաստատելու հարցում։

Այս առումով Հայաստանի իշխանությունների կողմից ողջ գործընթացի արագացումը առաջին հայացքից թվում է անտրամաբանական և կասկածելի։ Հայկական կողմին, ենթադրաբար, ոչինչ չէր խանգարում թեկուզ սահմանազատումն իրականացնել Բաքվի համար ամենաբարենպաստ պայմաններով, ստորագրել բոլոր նախապատրաստված փաստաթղթերը, կազմված նոր քարտեզներն ու համապատասխան պարտավորությունները, սակայն, դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմից ստանալ ժամանակ՝ սահմանազատմանը նախապատրաստվելու, թղթի վրա հաստատված սահմանների երկայնքով անհրաժեշտ նոր ենթակառուցվածքները տեղադրելու և, վերջապես, նրանց զինվորականների դուրսբերման և սահմանային հենակետերի ստեղծման համար։ Սակայն այդպես չարվեց, ինչը հուշում է սահմանազատման և սահմանագծման «տարերայնորեն» իրականացման հարցում հենց հայկական կողմի առավելագույն շահագրգռվածության մասին։ Գործողությունների կատարման հապճեպությունը և բոլոր աշխատանքների համար օպտիմալ ժամկետների արագացումը կարող են վկայել որոշակի մտադրությունների մասին, որոնք հայ–ադրբեջանական օրակարգի հետ կապված չեն ուղիղ կերպով և պայմանավորված չեն ադրբեջանական շանտաժով:

Խոսքը, թերևս, հայ–ադրբեջանական սահմանի ամենազգայուն հատվածում խնդիրների արագ լուծման մասին է՝ Արևմուտքի համար ռազմավարական կարևոր նավթագազային հաղորդակցությունների մոտակայության տեսանկյունից։ Այս ոլորտում հակասությունների կարգավորումը, տեսականորեն, պետք է կանխի տվյալ տարածքում անցանկալի «անակնկալները» հայ–ադրբեջանական զինված դիմակայության այլ հատվածներում իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում։

Եվ, այնուամենայնիվ, Տավուշի «պիլոտային ծրագրի» որոշ դրվագների վերլուծությունը թույլ է տալիս պատկերացնել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների վերջնական «ապառուսաականացման» ծրագրերի և այս ձեռնարկման ուղիղ փոխկապվածության բավականին համոզիչ տարբերակը: Բանն այն է, որ գործող իշխանությունն արդեն որոշում է կայացրել Հայաստանի սահմանները ռուսական «խնամակալության» տակից դուրս բերել, ինչն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը՝ ՀՀ և ՌԴ միջև 1992 թ. սեպտեմբեր 30-ին կնքված պայմանագրի հիման վրա։  Այս խոսույթը վաղուց է մտցվել հայ հասարակության մեջ և իշխանամերձ քաղաքական շրջաններ, սակայն, մի շարք արտաքին և ներքին գործոններով պայմանավորված, այս հարցում ներքին փոխհամաձայնություն դեռ չի ձևավորվել։ Մի կողմ թողնելով դրանց թվարկումն ու վերլուծությունը, նշենք միայն ամենաէական հանգամանքը, որը դեռևս խոչընդոտում է հիշյալ միջպետական պայմանագրի խզմանը, որի պայմանները շարադրված են վերջին՝ 29-րդ հոդվածում։

Խոսքը Հայաստանի հարավային և արևելյան սահմանների ողջ երկայնքով պահպանությունն իրականացնելու սեփական ուժերի և ռեսուրսների բացակայության մասին է, ինչպես նաև Երևանի կողմից Մոսկվայի հետ կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո օրինական կերպով պատվիրակված պատասխանատվությունը ստանձնելու որևէ երրորդ կողմի պատրաստակամ չլինելու մասին։ Ըստ երևույթին, դա էր  մինչև վերջերս Հայաստանի իշխանություններին հետ պահում պայմանագրից դուրս գալուց, քանի որ հայ հանրության մտավախություններն ու ընդդիմության որոշակի հատվածի նախազգուշացումները թույլ չէին տալիս այս հարցում ընդհանուր փոխհամաձայնության գալ։ Կարելի է ենթադրել, որ «արևմտյան բարեկամները», որոնց հետաքրքրվածությունն Հարավային Կովկասում, առաջին հերթին, ռուսական սահմանապահ համակարգի կազմաքանդումն է, Փաշինյանի կառավարությանն առաջարկել են Թուրքիայի և Իրանի հետ սահմանների անվտանգության «ինքնաբավության» հայեցակարգը։ Տեխնիկական առումով դա պահանջում է ԶՈՒ-ի անձնակազմի զգալի մասի վերակազմափոխում սահմանապահ զորքերի ստորաբաժանումների։ Բայց անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսները ազատելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև զորքերի սահմանազատման գիծը՝ մի շարք փոփոխություններ կրելուց հետո, պետք է վերածվի համընդհանուր ճանաչում ունեցող սահմանի և, համապատասխանաբար, ապառազմականացվի։ Միայն այս պարագայում, երբ ՀՀ-ի և ԱդրՀ-ի միջև մոտ 1000 կմ երկարությամբ սահմանագծից՝ ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, տեղի ունենա իրավիճակի լարվածության թուլացում և բանակի ստորաբաժանումների համաձայնեցված դուրսբերում, Երևանը կկարողանա սեփական ուժերով կազմակերպել սահմանային հսկողություն Թուրքիայի և Իրանի սահմաններին:

Նման լայնածավալ ռազմաքաղաքական բարդ մտահղացումներ իրականացնելու համար Երևանին անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ Նույն հավաքական Արևմուտքը կարող էր ձեռնամուխ լինել խաղաղություն կնքելու և հայ–ադրբեջանական սահմանի ինքնաբերաբար ապառազմականացնելու հարցում Ի. Ալիևին համոզելու գործին։ Սակայն դրա համար Արևմուտքը պետք է համոզի Երևանին բավարարել Բաքվի առավելապաշտական տարածքային պահանջները։ Այս առումով, ակնհայտորեն, տեղի է ունենում սահմանազատում՝ առանց կողմերի համապատասխան պետական հանձնաժողովների միջև քննարկումների, իսկ սահմանագծումն իրականացվում է արագացված տեմպերով՝ առանց Հայաստանի հանրությանը որպես հիմք ընդունված քարտեզներ և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու։

Հատկանշական է, որ Երևանի և Բաքվի միջև այս գործընթացին ուղեկցող քաղաքական երկխոսությունը, իբր, արդեն ընթանում է առանց միջնորդների, և կողմերը բազմիցս հայտարարել են, որ այդ ձևաչափը միջնորդների մասնակցությամբ մյուս բոլոր փորձերից «միակ արդյունավետն» է։ Այս ռազմավարությունը նաև հուշում է, որ բանակցությունների և սահմանազատման ու սահմանագծման մեկնարկած գործընթացի ստվերային մոդերատորը նույնպես Արևմուտքն է։ Բայց վերջինս հրապարակայնորեն խուսափում է արդեն իսկ իրականացվող առաքելությունից՝ ռուսական միջնորդական նախաձեռնությունները չեզոքացնելու միակ նպատակով։ Որովհետև ռուսական միջնորդությունը՝ ՌԴ (ԽՍՀՄ) Գլխավոր շտաբի քարտեզների և նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններին վերաբերող արխիվային փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ և սահմանը գծելու համար կողմերի ենթադրվող  բծախնդիր աշխատանքով, կխոչընդոտի Արևմուտքի պլաններին և կխլի նրա թանկարժեք ժամանակը:

Իսկ ժամանակն Արևմուտքի համար ամենաարժեքավոր ռեսուրսն է: Իրադարձություններն Ուկրաինայում, վերահսկողությունից դուրս եկող Վրաստանը, հեռանկարում ՌԴ–ԻԻՀ ռազմավարական դաշինքի ակնկալվող կնքումը, Ն. Փաշինյանի կառավարության դիրքերի կտրուկ թուլացումը… ՌԴ ԱԴԾ սահմանապահներին, այնուհետև նաև 102-րդ ռազմակայանը Հարավային Կովկասից «դուրս մղելու» հնարավորության պատուհանը կարող է փակվել շատ մոտ ապագայում։ Հետևաբար, արևմտյան մոդերատորների նախաձեռնած սահմանի համաձայնեցման և Այրումից Մեղրի հսկայական սահմանագծի ապառազմականացման գործընթացը պետք է ընթանա արագացված տեմպերով, նույնիսկ «անփույթ» որոշումների գնով։ Արդյունքում՝ Փաշինյանի կառավարությունը պետք է «խաղաղություն» ստանա արևելքում և ռեսուրսներ տրամադրի արևմտյան սահմաններն ինքնուրույն պահպանելու համար՝ դրանով իսկ ձեռք բերելով Մոսկվայի հետ պայմանագրի չեղարկման բացակայող փաստարկները։

Այս տեսանկյունից «պիլոտային ծրագիրն» արդեն նախադեպ է դարձել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին փաստացի արտաքսելու համար։ Տավուշում տարվող տարերային գործունեությունը, որը շուտով կտարածվի այլ տարածքներ, նշանավորում է հայ-թուրքական և հայ-իրանական ոչ թե վիրտուալ, այլ՝ իրական սահմանների «ապառուսականացման» փուլի մեկնարկը։