Հրապարակում
Ռուս-ադրբեջանական 2025 թ. հոկտեմբերյան հաշտեցումը
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.10.2025 թ.[1]
09.10.2025 թ. ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վ. Պուտինի և ԱդրՀ նախագահ Ի. Ալիևի հանդիպումը[2]։ Դա նրանց առաջին դեմ առ դեմ զրույցն էր ադրբեջանական AZAL ավիաընկերության ուղևորատար օդանավի կործանմանն առնչվող անցյալ տարվա դեկտեմբերյան միջադեպից հետ, որը Հյուսիսային Կովկասի օդային տարածքում ենթադրաբար սխալմամբ խոցվել էր ռուսաստանյան ՀՕՊ համակարգերի կողմից: Ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունը զգալիորեն սրեցին լարվածությունը երկու երկրների քաղաքական իշխանությունների միջև՝ նրանց հարաբերությունները հասցնելով փլուզման եզրի։ Հետևաբար, հարկ էր, որպեսզի կողմերն իրենց հանրություններին նրբանկատորեն ներկայացնեին Դուշանբեի հանդիպումը՝ բացատրելով դրա աշխարհաքաղաքական անհրաժեշտությունը՝ միաժամանակ միմյանց ցույց տալով, որ չեն հրաժարվել իրենց սկզբունքներից և շահերից։
Այս համատեքստում ՌԴ-ի նախագահի ձևակերպումն ավելի դիվանագիտական էր՝ լայն խուսավարման հնարավորություն տալով Մոսկվային և Բաքվին։ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Վ. Պուտինը կողմերի միջև տեղի ունեցած իրադարձությունները բնութագրեց որպես «զգացմունքների ճգնաժամ», ընդգծելով, որ դա չպետք է որակվի որպես «միջպետական ճգնաժամ»[3]։ Նրա խոսքով՝ չնայած ինքնաթիռի վթարի առնչությամբ առաջացած թյուրըմբռնմանը, այս ամբողջ ընթացքում շարունակվել են ՌԴ և Ադրբեջանի միջև կառուցողական շփումները, և տնտեսական համագործակցությունը ոչ միայն չի տուժել, այլև որոշ ուղղություններում նույնիսկ խորացել է։
Ռուսաստանի նախագահը, հավանաբար ելնելով քաղաքական և դիվանագիտական անհրաժեշտությունից, որոշ չափով չափազանցրել է։ Ինչևէ, գլոբալ մակարդակով շփումներն ու բազմակողմանի փոխգործակցությունները չեն դադարեցվել, ինչի վկայությունն է կառավարական հանձնաժողովների բարձր մակարդակի համատեղ նիստը, որը տեղի է ունեցել 2025 թ. օգոստոսի 22-ին Աստրախանում։ Այս հանդիպման ժամանակ, սովորական ընթացակարգով, խորհրդակցություններ են անցկացվել տնտեսական համագործակցության ողջ տարրապատկերի վերաբերյալ, ներառյալ ինչպես ընթացիկ համատեղ նախագծերն, այնպես էլ խոստումնալից նոր նախաձեռնությունները[4]։
Դուշանբեում առաջնորդների զրույցը, ըստ նրանց վերջնական գնահատականների, «բացեիբաց ու անկեղծ» էր, և, ենթադրաբար, մեծ պարզություն է մտցրել անցյալ տարվա դեկտեմբերին օդանավի հետ տեղի ունեցած միջադեպի հարցում։ Սակայն հազիվ թե ՌԴ նախագահը զրույցի ընթացքում իր ադրբեջանցի գործընկերոջը ներկայացրել է հետաքննության այնպիսի մանրամասներ, որոնց մասին վերջինս նախապես տեղյակ չէր։ Հատկապես այն պատճառով, որ հետաքննությունը վարում է «չեզոք» ղազախական կողմը՝ ռուս և ադրբեջանցի մասնագետների մասնակցությամբ։ Ի. Ալիևը, ակնհայտորեն, լավատեղյակ է գործի ընթացքին և քննարկվող բոլոր վարկածներին, բայց նրա համար կարևոր էր իր լսարանին ցույց տալ, որ Վ. Պուտինը հանդիպումը սկսել է օդանավի հետ տեղի ունեցած միջադեպի քննարկմամբ և ընդունել, որ այն տապալել է ռուսական կողմը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարի համար սկզբունքորեն անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ նախագահը պաշտոնապես ներողություն խնդրի իրենից, բայց դա տեղի չունեցավ։ Չնայած ադրբեջանական կառավարամետ ԶԼՄ-ների հետևած փորձերին` Դուշանբեի հանդիպումը ներկայացնել «որպես ներողության ակտ»[5], սակայն բաց ձևաչափով կայացած զրույցի բոլոր դետալների սղագրությունը և տեսագրությունը նման բան չեն արձանագրել: ՌԴ ղեկավարը ցավակցություն և ափսոսանք է հայտնել, խոստացել քննարկել փոխհատուցման հարցը, որպես աղետի պատճառ նշել Հյուսիսային Կովկասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստն ու ևս մեկ անգամ իր ադրբեջանցի գործընկերոջը հասկացրել, որ Ռուսաստանն ինքնաթիռի խոցման համար պատասխանատվություն է կրում այն պատճառով, որ ողբերգությունը տեղի է ունեցել «ռուսական երկնքում»։ Սակայն Ի. Ալիևը Վ. Պուտինից ներողություն չլսեց։ Սա սկզբունքորեն կարևոր դետալ է, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի քաղաքական գործիչների նախկինում քանիցս հնչեցրած այն թեզը, թե Մոսկվայից պաշտոնապես ներողության խնդրանքի բացակայության պարագայում անհեռանկար է վերականգնել նախկին գործընկերային հարաբերությունները, Բաքուն այժմ մի կողմ է դրել։ Հետևաբար, Դուշանբեի հանդիպումը, որին նախորդել էր նաև Ի. Ալիևի հեռախոսազանգը Վ. Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու նպատակով[6], կազմակերպվել էր առանց Ադրբեջանի կողմից ավելի վաղ հնչեցված նախապայմանների։
Դուշանբեի հանդիպման էական առանձնահատկությունն այն էր, որ պաշտոնական մասում չկար որևէ հիշատակում ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի քրեականացված կառույցների դեմ պայքարի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքական, լրատվական, փորձագիտական և գործարար շրջանակներում ադրբեջանական ազդեցության գործակալներին հայտնաբերելու և չեզոքացնելու արշավի մասին։ Մինչդեռ հենց այս գործընթացներն են կանխորոշել ճգնաժամի հետագա խորացումը: Ռուս և ադրբեջանցի շատ փորձագետներ, մեկնաբանելով հարաբերությունները վերագործարկելու վերջին փորձը, անտեսում են այս իրադարձությունները։ Նրանք սխալմամբ, գուցե և դիտավորյալ, որպես քաղաքական և դիվանագիտական հակամարտության հիմնական պատճառ առաջին պլան են մղում AZAL–ի օդանավին առնչվող միջադեպը։ Հարկ է նշել, որ ինքնաթիռի վթարի հետևանքով կողմերի միջև ծագած «հուզական պոռթկումից» մոտ մեկ ամիս անց հարաբերությունները վերջիվերջո կարգավորվեցին։ Մոսկվան և Բաքուն փոխադարձ համաձայնության եկան, որ Ղազախստանի ներկայացուցիչների գլխավորությամբ համատեղ հանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կանցկացնի և կկայացնի առարկայական վճիռ, որից հետո ՌԴ-ն և Ադրբեջանը կլուծեն պաշտոնական ներողությունների, փոխհատուցման և այլ հարցեր՝ համաձայն միջազգային պրակտիկայի և իրավունքի։ Իրական, լիարժեք ճգնաժամը, սակայն, սկիզբ առավ Եկատերինբուրգի իրադարձություններից[7], որոնք Բաքուն շատ ավելի ցավոտ ընդունեց և սկսեց անհամաչափ միջոցներ ձեռնարկել իր տարածքում գտնվող ռուս քաղաքացիների, զբոսաշրջիկների և վերաբնակիչների դեմ[8]։ Արդյունքում, այս միջոցառումները ոչ միայն չկարողացան կասեցնել Ռուսաստանի իրավապահ մարմինների գործողությունները, այլև, ընդհակառակը, նպաստեցին Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ադրբեջանական սփյուռքի կառույցների և գործարար խմբերի վրա ճնշման աճին, որոնք սերտորեն կապված էին էթնիկ ադրբեջանցի հանցագործների հետ։ Այս արշավի արդյունքում ձերբակալվեցին տասնյակ քրեական առաջնորդներ, ձեռնարկատերեր ու հասարակական գործիչներ, հարյուրավոր էթնիկ ադրբեջանցիներ զրկվեցին ՌԴ քաղաքացիությունից և վերոնշյալ Հարավային Կովկասի հանրապետությունից եկած հազարավոր միգրանտ աշխատողներ վտարվեցին հայրենիք։
Այս առումով, Վ. Պուտինի և Ի. Ալիևի միջև լայնորեն լուսաբանված «հաշտեցման» հանդիպումն այն տպավորությունն է թողնում, թե հանրության ուշադրությունը փոխադարձաբար շեղել են հակամարտության իրական պատճառներից։ Ակնհայտ է, որ օդանավի միջադեպը միայն պատրվակ էր, այլ ոչ թե առաջացած լարվածության հիմնական պատճառ։ Հետևաբար, այս հարցի լուծումը չի կարող նորմալ և կայուն հարաբերությունների հաստատում երաշխավորել։
Իրականում, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները պետք է անդրադառնան հակամարտության աշխարհաքաղաքական, տնտեսական և գաղափարախոսական արմատներին՝ այն արդյունավետ լուծելու համար, հաշվի առնելով հարաբերությունները վերականգնելու նրանց փոխադարձ կամեցողությունը: Կործանված օդանավի հետ կապված միջադեպի շուրջ առկա թյուրըմբռնումները, որոնք նախադեպ էին, չէին կարող Ռուսաստանի կողմից Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) նկատմամբ զավթողական քաղաքականություն վարելու և հետագայում «բուն ադրբեջանական տարածքները» Հայաստանի օգտին օտարելու վերաբերյալ Ադրբեջանի բացահայտ մեղադրանքների իրական պատճառ ծառայել, մեղադրանքներ, որ հնչել են «Ալ–Արաբիա»[9] գործակալությանն Ի. Ալիևի տված օգոստոսյան հարցազրույցում: Կասկածելի է թվում նաև, որ քաղաքացիական օդանավի հետ կապված միջադեպը կարող էր բավարար հիմք դառնալ, որպեսզի նա հրապարակային կոչեր հղի ուկրաինական կողմին՝ շարունակել «Ռուսաստանի կողմից զավթված տարածքների» ազատագրմանն ուղղված պատերազմը և այս գործում օգտվել Ադրբեջանի հնարավորինս աջակցությունից[10]:
Ավելի իրատեսական է թվում ենթադրել, որ Ադրբեջանի առաջնորդին նման վտանգավոր հռետորաբանության է դրդել Ռուսաստանում Ադրբեջանի քրեական, քաղաքական և ֆինանսատնտեսական ներկայության ապամոնտաժման` Բաքվի համար զգալի հիմնախնդիրներով հղի գործընթացը դադարեցնելու հույսը։ Սակայն Մոսկվան նման վարքագիծը որպես շանտաժ ընկալեց ու միայն սրեց ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի «ապաքրեականացման» գործընթացը և երկրի որոշակի շրջանակներում խթանեց իր արածի` ընդհուպ մինչև Ադրբեջանում «երկրորդ ՀՌԳ» (Հատուկ ռազմական գործողություն) նախապատրաստելու համար Բաքվին ռազմաքաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ խոսույթը։ Սկսած հակամարտային վիճակի այդ կետից` Մոսկվայի վրա ներգործության Բաքվի պաշարներն սպառվել էին, և մտավախություն ունենալով, որ սրացումը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Ադրբեջանի առաջնորդն ստիպված էր հնարավորություն խնդրել վերականգնելու անձնական շփումներն իր ռուս գործընկերոջ հետ և փորձել չեզոքացնելու վերահաս սպառնալիքները։
Հարկ է ենթադրել, որ իր հերթին Վ. Պուտինը ևս շահագրգռված է ճգնաժամի լիցքաթափմամբ՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական իրավիճակի վատթարացումը, Արևմուտքի կողմից հարաճուն լարվածությունը և Ադրբեջանի կարևոր դերն առևտրային, տնտեսական, էներգետիկ և լոգիստիկ մեկուսացումից ՌԴ-ի դուրս գալու ծրագրերում։
Այսպիսով, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ցուցաբերեցին հարաբերությունները վերականգնելու հարցում՝ «դեմքը պահպանելու» պայմանով և հաշվի առնելով երկու առաջնորդների համար ամենազգայուն հարցերի շուրջ փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը։ Պատճառները, որոնք նրանց դրդեցին հարաբերությունների բարելավման հեռանկար բացող շփման, կարելի է բաժանել երեք հիմնական բլոկի.
-
Սոցիալ–տնտեսական բաղադրիչ
Ադրբեջանը ներկայումս բախվում է ՌԴ-ում աշխատող իր քաղաքացիների, ինչպես նաև այդ երկրում գտնվող ադրբեջանցիների համար զանգվածային զբաղվածություն ապահովող էթնո-սոցիալական և քրեական կառույցների վրա Ռուսաստանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշման լուրջ հետևանքների հետ։ ՌԴ ողջ տարածքում գտնվող գյուղատնտեսական շուկաները, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից և, ի թիվս այլ ապրանքների, ադրբեջանական արտադրանք վաճառում, կամ փակվում են և կամ էլ փոխանցվում այլ գործարար խմբերի վերահսկողության։ Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր զբաղված էին Ռուսաստանում, արդեն վտարվել են իրենց հայրենիք, որտեղ առանց այդ էլ աշխատատեղերի պակաս և սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է դիտարկվում։ ՌԴ-ն շրջափակում է Ադրբեջանից գյուղատնտեսական ապրանքների, մրգեղենի և բանջարեղենի մեծածավալ ներմուծումը, ինչը լճացման է հանգեցնում իր հարավային հարևանի սննդի արդյունաբերության ոլորտում (պահածոների, խմիչքների, կաթնամթերքի և այլնի արտադրություն) և նպաստում ագարակատերերի սնանկացմանը: Իր հերթին, դա սոցիալական ճգնաժամ է առաջացնում, որը հղի է քաղաքական համակարգի և վերջին երեք տասնամյակի ընթացքում Ալիևների ընտանիքի կառուցած ուղղաձիգ իշխանության դեմ ելույթներով: Ստեղծված իրավիճակից դժգոհություն է հայտնում նաև հանրապետության տնտեսության զբոսաշրջության ոլորտը. վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսին տեղի ունեցած վերջին սրացումից հետո ռուս զբոսաշրջիկների հոսքը նվազել է ավելի քան մեկ երրորդով[11]: Ըստ որոշ տեղեկությունների` արդեն Ադրբեջանում կառավարության դեմ բողոքի ցույցերի աշխուժացման նշաններ են նկատվում, որոնց պատճառներից մեկը գործող վարչակարգի կարճատես հակառուսական քաղաքականությունն է։
Մոսկվան, իր հերթին, նույնպես լուրջ խնդիրների է բախվում՝ ադրբեջանական սփյուռքի կառույցների և քրեականացված ֆինանսատնտեսական խմբերի անօրինական գործունեությունը բացահայտելու հարցում։ Դաշնային մակարդակով թույլատրված հետաքննությունները գնալով ավելի շատ ապացույցներ են բացահայտում անօրինական բիզնեսով զբաղվող էթնիկ ադրբեջանական խմբավորումների սերտ կապերի մասին՝ տարածաշրջանային էլիտաների և երկրի բարձրագույն քաղաքական-վարչական օղակների որոշակի շրջանակների հետ։ Առանց Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման, համակարգի «ապաադրբեջանականացման» գործընթացը դադարեցնելը խելամիտ չի թվում՝ հասարակական տրամադրություններին նպաստելու տեսանկյունից, սակայն, մյուս կողմից, բացահայտումների գործընթացի շարունակումը սպառնում է հակակոռուպցիոն հետաքննությունների շրջանակներում հասնել ռուսական իշխանության ամենաբարձր օղակներին։ Հաշվի առնելով հետխորհրդային համակարգի առանձնահատկությունները, Կրեմլը չի կարող թույլ տալ իրադարձությունների նման զարգացում։ Ռուսաստանում ներկայիս քաղաքական իշխանությունը մեծապես հենվում է իր և էլիտաների տարբեր հատվածների միջև՝ ազդեցության ոլորտների վերահսկողության շուրջ ձեռք բերված կոնսենսուսի վրա, և այդ կոնսենսուսը խախտելու փորձերը Կրեմլի համար հարված կլինեն սեփական քաղաքական և ֆինանսատնտեսական հարթակին։
-
Մակրոտնտեսական բաղադրիչ
Մոսկվայի և Բաքվի միջև քաղաքական լարվածությունը բազմաթիվ խնդիրներ ծնեց ֆինանսական և տնտեսական համագործակցության, էներգետիկ գործողությունների և համատեղ առևտրային ու լոգիստիկ նախագծերի ոլորտներում։ Չնայած Վ. Պուտինի հավաստիացումներին առ այն, թե կողմերի միջև գործարար հարաբերությունները չեն ընդհատվել, մակրոտնտեսական փոխգործակցության սիներգետիկ ազդեցությունը նկատելիորեն նվազել է: Գազի փոխանակման գործողությունները խափանման վտանգի տակ են։ Ձախողման վտանգի տակ են հայտնվել ռուսական նավթի «չարտոնված փոխադրումներ» իրականացնող ադրբեջանական տանկերային նավատորմի գազի փոխանակման (սվոպ) եւ նավավարձակալության գործարքները: Նույնպես հարցականի տակ են մնում «Հյուսիս–Հարավ» (ՌԴ–Ադրբեջան–ԻԻՀ–Պարսից ծոց) ինտեգրված առևտրային և էներգետիկ երթուղու կառուցման ծրագրի վերաբերյալ համաձայնագրերը։ Պատահական չէ, որ Դուշանբեում Վ. Պուտինի և Ի. Ալիևի միջև կայացած «խորհրդանշական» զրույցից մի քանի օր հետո Բաքվում տեղի է ունեցել ՌԴ, Ադրբեջանի և Իրանի կառավարական պատվիրակությունների արտակարգ հանդիպում՝ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային և էներգետիկ միջանցքի վերաբերյալ հարցերով[12]: Ավելի վաղ այս եռակողմ խմբի խորհրդակցությունները սառեցվել էին անմիջապես Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների սրացումից հետո, ինչը հարված հասցրեց ուժեղացող արևմտյան մեկուսացման պայմաններում դեպի Հնդկական օվկիանոս «փրկության պատուհան» բանալուն կոչված նախագիծը տրամաբանական ավարտին հասցնելու Ռուսաստանի ծրագրերին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն էլ իր հերթին դեմ չէ կենտրոնական օղակ դառնալ այս լոգիստիկ նախագծում, որը հեռանկարում նրան նշանակալի բյուջետային եկամուտներ և ՌԴ-ի ու ԻԻՀ-ն վրա ազդեցության նոր գործիքի ձեռքբերում է խոստանում։
Ի թիվս այլ խնդիրների, պարզ է, որ Կասպից ծովի ծանծաղացման հարցը Բաքվի համար դարձել է նշանակալի գործոն Մոսկվայի հետ հարաբերությունների վերագործարկման համատեքստում: Ադրբեջանը, ինչպես նաև Ղազախստանը և Թուրքմենստանը, հասկանում է, որ այս փակ ջրային տարածքի ճակատագիրը շատ առումներով կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որի տարածքով հոսում է Կասպից ծովը սնուցող գլխավոր ջրատար ուղին՝ Վոլգան։ Ռուսաստանը, սակայն, մերժում է Կասպից ծովի ափամերձ հանրապետությունների, նախևառաջ՝ Ադրբեջանի, այն մեղադրանքները, թե անհիմն կերպով մեծ քանակությամբ ջուր է վերցնում Վոլգայից, և որ նոր հիդրոէլեկտրակայանները բացասաբար են անդրադառնում գետի բնական հոսքի վրա։ Չնայած ծովի մակերեսացման պատճառները պարզելու և գործողությունների ծրագիր մշակելու համար համատեղ աշխատանքային խմբերի և հանձնաժողովների ստեղծմանը, ՌԴ-ն մշտապես պնդել է, որ խնդրի արմատը տարածաշրջանի կլիմայական անոմալիաների և Ադրբեջանին, Ղազախստանին, Իրանին և Թուրքմենստանին պատկանող ծովային տարածքներում նավթի և գազի արդյունահանման հետևանքով առաջացած բնապահպանական վնասի մեջ է։
Բաքուն Վոլգայի ջրային հոսքերի հարցը «արդարացիորեն» լուծելու Ռուսաստանի չկամությունը դիտարկում է որպես Կասպից ծովի ծանծաղումը հարևան պետությունների վրա ճնշում գործադրելու աշխարհաքաղաքական գործիքի վերածելու ձգտում: Սակայն գործնական առումով Բաքուն ի վիճակի չէ ինչ-որ բան հակադրել ռուսական այս ռազմավարությանը։ Երկու երկրների միջև քաղաքական և դիվանագիտական ճգնաժամն ավելի է արմատականացրել Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում, և եթե հակամարտությունը շարունակվի, Ադրբեջանն էլ ավելի քիչ հնարավորություն կունենա համոզելու Ռուսաստանին՝ վերանայելու իր «ջրային քաղաքականությունը»։ Այս դեպքում, շարունակվող ծանծաղացման գործընթացը մոտ ապագայում կհասնի աղետալի մակարդակի՝ սպառնալով ոչ միայն Բաքվի կարևորագույն անդրկասպյան լոգիստիկայի և «Միջին միջանցքի» ճակատագրին, այլև ընդմիշտ կփոխի ամբողջ տարածաշրջանի կլիմայական և բնապահպանական բնապատկերը, առաջացնելով աննախադեպ սոցիալ-տնտեսական խնդիրներ, մասնավորապես՝ Ադրբեջանի համար։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Կասպից ծովի բնապահպանական խնդիրը նույնպես էական դեր է խաղացել Իլհամ Ալիևին ՌԴ հետ «կառուցողական հարաբերությունները» վերականգնելու հարկադրանքի գործում։
-
Աշխարհաքաղաքական բաղադրիչ
Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ճգնաժամի հրահրման գործում որոշակի դեր է խաղացել Ղարաբաղյան հարցի ուժային լուծումը, որը Բաքվին համոզել է ռուսական ազդեցությունից կախվածությունը զգալիորեն թուլացնելու իր կարողության մեջ: Հայաթափված Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի վաղաժամկետ դուրսբերման ակտը, ինչպես պատկերացնում էր Բաքուն, վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Մոսկվայի ճնշման և նրա ռազմաքաղաքական լծակների համահարթեցման հարցում։ Ադրբեջանը հնարավոր համարեց օդանավի հետ կապված միջադեպը և Եկատերինբուրգի իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելով՝ Մոսկվային ցույց տալ, որ իրեն առավելապես բավարարում է Ռուսաստանի հետ «հորիզոնական», այլ ոչ թե «ուղղահայաց» հարաբերությունների մոդելը: Այս դեմարշով Բաքուն հայտ ներկայացրեց Հարավային Կովկասում ռուսական գործոնի գերիշխանության դարաշրջանի ավարտի և տվյալ տարածաշրջանում իր առաջնորդության վերաբերյալ։ Այս նախաձեռնությունը նույնպես տեղավորվում էր Հարավային Կովկասում, Կասպից տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում ՌԴ-ին իր շահերի գոտիներից դուրս մղելու Արևմուտքի ծրագրերի մեջ։ Գործնականում կասկած չի հարուցում, որ Ի. Ալիևը չէր գնա ուժի և քաղաքական ինքնուրույնության նման ցուցադրության, եթե թիկունքում չունենար ավանդական արևմտյան դաշնակիցների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությունը։
Այնուամենայնիվ, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ դեմարշը ժամանակավրեպ էր։ Ուկրաինայում Մոսկվայի մոտալուտ պարտության մասին կանխատեսումները չարդարացան, իսկ Ռուսաստանի ղեկավարությունը, չնայած Բաքվի հետ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող կառուցողական հարաբերությունների պահպանման անհրաժեշտությանը, ցանկություն չցուցաբերեց հաշտվել Ադրբեջանի նախագահի հավակնությունների հետ։ Ուկրաինայում Ադրբեջանի տնտեսական և էներգետիկ ակտիվներին[13] ՌԴ-ի թիրախային հարվածներն Ադրբեջանի համար ազդանշան դարձան, որ Մոսկվան որոշակի փուլում կարող է դիմել նաև ավելի խիստ միջոցների, այդ թվում՝ Բաքվի արտասահմանյան ակտիվների վրա հարձակումներին, որոնք նրա` Ռուսաստանի թշնամիներին ապահովում են էներգետիկ պաշարներով և ռազմական տեխնիկայի համար վառելիքով։
Կրեմլին մոտ կանգնած ռուսական փորձագիտական շրջանակներում հաճախակի է սկսել հնչել ադրբեջանական տարածքում «երկրորդ ՀՌԳ» անցկացնելու անհրաժեշտության մասին խոսույթը, ինչը չէր կարող չանհանգստացնել Բաքվին։ Նման ազդակները հատկապես տագնապալի են դարձել իրանական ռազմաքաղաքական վերնախավի արմատական թևի ժամանակի առումով համահունչ հայտարարությունների համապատկերում՝ Իրանի դեմ Արևմուտքի քայքայիչ գործունեությանը մասնակցելու և Թեհրանին թշնամական գլոբալ ուժերի տարածաշրջան հրավիրելու համար Բաքվին պատժելու անհրաժեշտության մասին։ Ալիևի անհուսալիության մասին քաղաքական խոսույթն այն երկրներում, որոնք այս փուլում անվտանգության գոյութենական սպառնալիք են զգում Արևմուտքի հետ դիմակայությունում, կարող է որոշակի փուլում հանգեցնել Ադրբեջանին ամենածանր հետևանքներով սպառնացող գործնական քայլերի։ Հավանաբար, Բաքվում գիտակցել են, որ չափազանց հեռուն են գնացել «ռուսական իմպերիալիզմի» հետ դիմակայությունում, և որ սեփական հավակնություններն աստիճանաբար վերածվում են արևմտյան գործընկերների և Թուրքիայի կողմից ձեռնածվության (մանիպուլյացիայի) օբյեկտի, որն ադրբեջանական «տարանի» միջոցով առաջ է մղում Ռուսաստանի կենսական շահերի տարածքում թյուրքախոս ժողովուրդների «վերամիավորման» նախագիծը։
Հարկ է նշել նաև Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների հանկարծակի «վերագործարկման» հետևում կանգնած է մեկ այլ հետաքրքիր տեսություն։ Ռուս-ադրբեջանական քաղաքական և դիվանագիտական ճգնաժամի շրջանը Ադրբեջանին հնարավորություն տվեց Միացյալ Նահանգներին ներգրավել Հայաստանի հետ «հարաբերությունների կարգավորման» գործընթացում, ինչը հանգեցրեց Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում «TRIPP համաձայնագրի» ստորագրմանը։ Մոսկվայի հետ հավասար և կայուն հարաբերությունների պայմաններում նման համադրությունը, ըստ սահմանման, անհնար կլիներ իրականացնել։ Սակայն, օդանավի խոցմանն առնչվող ճգնաժամը և դրան հաջորդած միջադեպերը Բաքվի համար հնարավորությունների պատուհան բացեցին կնքելու դեպի Նախիջևան ցամաքային հասանելիության վերաբերյալ համաձայնագիր՝ նախագծում Վաշինգտոնի մասնակցության հարմարավետ ձևաչափով: Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը գործնականում խաղից դուրս է մնացել, իսկ Ադրբեջանը հնարավորություն ստացավ հանգիստ հեռանալ առճակատման ուղեգծից, միաժամանակ կառուցողականություն և գործընկերությունը շարունակելու կամեցողություն ցուցադրելով Ռուսաստանին:
Մոսկվային և Բաքվին գործընկերային երկխոսության հաստատման փորձ կատարելու դրդող պատճառների և հանգամանքների վերլուծությունը ենթադրում է, որ նրանց հարաբերություններում չլուծված հակասությունները շարունակվում են։ Ե՛վ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում քաղաքական գործիչներն ու փորձագետները զգուշավոր մոտեցում են ցուցաբերում` զերծ մնալով անվերապահ լավատեսությունից, գնահատելով իրենց առաջնորդների «վերագործարկման» ջանքերը։ Շատ անկախ մեկնաբաններ կասկածամտորեն են մոտենում Վ. Պուտինի և Ի. Ալիևի ձեռնարկած քայլերին՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես երկխոսությունը վերականգնելու և առկա տարաձայնությունները լուծելու անկեղծ ցանկություն, այլ որպես մարտավարական խուսավարում` ուղղված ժամանակ շահելով հետագա, հնարավոր է՝ ավելի արմատական և միմյանց նկատմամբ անբարյացակամ գործողությունների։ Երկրների միջև կուտակվել են զգալի թվով գաղափարական-քաղաքակրթական և կողմնորոշիչ բնույթի հակասություններ, ինչպես նաև հավակնությունների հետ կապված հակասություններ. կողմերից մեկը ձգտում է հաստատել իր ինքնաբավությունն ու ազդեցությունը տարածաշրջանում, երբ մյուսը՝ վերականգնել նախկին պետական մեծությունն ու ուժը: Այդ հավակնությունների իրագործումն անհնար է թվում առանց երկու կողմերի կենսական շահերի ոտնահարման։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 19.10.2025 թ.:
[2] «Встреча с Президентом Азербайджана Ильхамом Алиевым». Президент России, 09.20.2025, http://kremlin.ru/events/president/news/78179 (բեռնման օրը՝ 14.10.2025).
[3] «Путин описал ситуацию в отношениях с Баку как кризис эмоций». РБК, 10.10.2025, https://www.rbc.ru/politics/10/10/2025/68e8fbcd9a7947596015dabe (բեռնման օրը՝ 14.10.2025).
[4] «Делегации России и Азербайджана встретились в Астрахани». Каспийский Вестник, 25.08.2025, https://casp-geo.ru/delegatsii-rossii-i-azerbajdzhana-vstretilis-v-astrahani/ (բեռնման օրը՝ 14.10.2025).
[5] «Новая модель Азербайджана с Россией: партнерство равных». Haqqin.az, 10.10.2025, https://haqqin.az/news/362530 (բեռնման օրը՝ 14.10.2025).
[6] «Песков: когда Алиев поздравил Путина с Днем рождения, они условились о встрече». TACC, 12.10.2025, https://tass.ru/politika/25322833 (բեռնման օրը՝ 14.10.2025).
[7] «От Екатеринбурга до Баку: как расследование убийств 20-летней давности привело к новому витку международного конфликта». BBC, 14.08.2025, https://www.bbc.com/russian/articles/c30z624382go (բեռնման օրը՝ 14.10.2025).
[8] «Что известно о задержанных в Баку россиянах». Forbes, 02.07.2025, https://www.forbes.ru/ society/540973-cto-izvestno-o-zaderzannyh-v-baku-rossianah (բեռնման օրը՝ 14.10.2025).
[9] «Ильхам Алиев дал интервью телеканалу «Аль-Арабия». 27.08.2025, https://president.az/ru/articles/view/ 69968 (բեռնման օրը՝ 14.10.2025).
[10] «Продолжайте в том же духе»: Алиев поблагодарил украинскую журналистку за подаренные шевроны нацбатов ВСУ». Военное обозрение, 20.07.2025, https://topwar.ru/268354-prodolzhajte-v-tom-zhe-duhe-aliev-poblagodaril-ukrainskuju-zhurnalistku-za-podarennye-shevrony-nacbatov-vsu.html (բեռնման օրը՝ 14.10.2025).
[11] «Россияне начали массово отказываться от туров в Азербайджан после арестов». Южный Федеральный, 17.07.2025, https://u-f.ru/news/society/u9/2025/07/07/399102 (բեռնման օրը՝ 14.10.2025).
[12] «Международный транспортный коридор Север–Юг: что известно, перспективы». Известия, 14.20.2025, https://iz.ru/1972441/elizaveta-gritcenko/mezhdunarodnyi-transportnyi-koridor-sever-iug-chto-izvestno-perspektivy (բեռնման օրը՝ 15.10.2025).
[13] «Россия вновь бьет «Шахедами» по интересам Азербайджана». Caliber.az, 18.08.2025, https://caliber.az/post/rossiya-vnov-byot-shahedami-po-interesam-azerbajdzhana (дата обращения: 15.10.2025).