Մեկնաբանություններ

Ռուսական դիվանագիտությունը ռուսատյացություն է առաջացնում Հայաստանում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 14.02.2024 թ.

2024 թ. փետրվարի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը հարցազրույց է տվել Sputnik ռադիոյին, որում մեկնաբանել է Մոսկվա–Երևան հարաբերություններում վերջերս առաջ եկած դժվարությունները։ Կոպիրկինը, մասնավորապես, հայտարարել է, որ «այժմ կարծես այդ հարաբերությունների ամրության ստուգման շրջան է», բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ անկախ ամեն ինչից, Ռուսաստանը շարունակում է Հայաստանին իր դաշնակիցը համարել և մտադրություն չունի լքելու Հարավային Կովկասը, որքան էլ որ որոշակի քաղաքական ուժեր դրան ձգտեն թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։ Դեսպանն ուղղակիորեն մեղադրել է արևմտյան երկրներին՝ տարածաշրջանի հիմնախնդիրներն օգտագործելու և այստեղ Ռուսաստանի դերը թուլացնելու նկատառման մեջ և ճեղքեր ստեղծելու Հայաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններում։ Նա նաև ակնարկել է, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը չպետք է տրվեն Արևմուտքի նմանատիպ խաղին՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների հիմքը և երկու երկրների ու ժողովուրդների (ՌԴ-ի և ՀՀ-ի) օբյեկտիվ շահերը բավական ամուր են, որպեսզի անցնեն ներկա փորձությունների միջով:

Ընդհանրապես Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում Արևմուտքի «իսկական շարժառիթների» վերլուծության համատեքստում, դեսպանի փաստարկները դժվար թե եռանդագին վիճարկվեն հայկական իշխանությունների կողմից, որը կարողացել է վերջին 2-3 տարիներին «փորձել» իր բոլոր ընկերներին, հատկապես, որ Արևմուտքն ուղղակիորեն հայտարարում է, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակից օգտվելու և Մոսկվային այնտեղից դուրս մղելու մասին։ Դժվար է նաև չհամաձայնել Կոպիրկինի այն մտքին, որ Հայաստանի ժողովուրդը չպետք է միամիտ լինի և ենթարկվի դաշնակից ՌԴ-ին նսեմացնելու քարոզչությանը, որը հղի է հայ ժողովրդի համար մեծ վտանգներով։ Դա ողջամիտ դատողություն է, և պարոն Կոպիրկինը մեկ անգամ չէ, որ այն հնչեցրել է հայկական և ռուսական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում։

Եվ, այնուամենայնիվ, չի կարելի չնկատել, որ հակառուսական քարոզչությունը Հայաստանում, ըստ էության, ոչ միշտ է ստեղծվում Արևմուտքի հովանավորությամբ և փողերով, այլ հիմնականում կուտակվում է ռուսական դիվանագիտության հռետորաբանության շնորհիվ և բացարձակապես անվճար։  Եվ այս հռետորաբանության կործանարար ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա զգալիորեն գերազանցում է արևմտյան հիմնադրամների և կառույցների կողմից հովանավորվող «քաղաքական տեղեկատվական արշավի» արդյունքները։

Որպեսզի վերոնշյալը մերկապարանոց չհնչի, պարոն դեսպանի ուշադրությունը հրավիրենք մի քանի օրինակի վրա:

Հունվարի 12-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում պարոն դեսպանի գործընկեր Մարիա Զախարովան բառացիորեն հայտարարել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, ապա կրկին կցանկանայի տեսնել որոշ փաստեր։ Եթե կա որևէ միջազգային կազմակերպության կողմից Երևանում հեղինակավոր համարվող գեթ մեկ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման էթնիկ զտումներ եղել են, խնդրում ենք մեզ տրամադրել հղումներն այդ փաստաթղթին»:

Այնուհետև, ս. թ. փետրվարի 10-ին դիվանագիտական ​​կորպուսում պարոն Կոպիրկինի մեկ այլ գործընկեր, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Դա նրանց դժվարին, բայց կամավոր ընտրությունն էր»:

Իսկ փետրվարի 8-ին, Գալուզինի հայտարարությունից երկու օր առաջ, պարոն Կոպիրկինի՝ մեկ այլ գործընկեր-դիվանագետ, ՌԴ ԱԳՆ նախկին փոխնախարար, իսկ այժմ՝ սենատոր, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Парламентская газета-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում իր մասնակցության մասին տվել է հետևյալ գնահատականը. «Մարդիկ հասկանում են, որ քվեարկում են հանուն իրենց ապագայի, իսկ Իլհամ Ալիևի օրոք ապագան կանխատեսելի է և լուսավոր… Այն խնդիրների շուրջ որոշում ընդունելը, որոնք վերջին տարիներին եղել և լուծում են ստացել, առաջին հերթին, տարածքային խնդիրը, նոր լիցք է հաղորդում Ադրբեջանի դրական զարգացմանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրա արտաքին դիրքերի ամրապնդման գործում»:

Եվ, վերջապես, պարոն Կոպիրկինի՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնն զբաղեցնող գործընկերը փետրվարի 12-ին Բաքվի մամուլին հաղորդել է հետևյալը. «Այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները»։

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Հայաստանում ՌԴ դեսպանի նկատմամբ ամենայն հարգանքով, հաշվի առնելով վերը նշված հայտարարությունների միանշանակ բնույթը, պարոն Կոպիրկինը պետք է հակառուսական տրամադրությունների գեներացման աղբյուրներ որոներ բոլորովին այլ աշխարհագրական տարածքում։ Իսկ Արևմուտքը կարող է քարոզչության վրա այլևս փող չծախսել, այլ, պարզապես, ճաշակել հայ հասարակության մեջ սերմանված ռուսատյացության պտուղները, որն օրեցօր աճում է ռուսական դիվանագիտության ջանքերի շնորհիվ։