ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.12.2023 թ.
Հայաստանի նկատմամբ ռուսաստանյան քաղաքականության ռազմավարության մեջ միանշանակ նկատելի են լուրջ ճշգրտումների, եթե ոչ՝ առաջնահերթությունների լայնածավալ փոփոխության նշաններ։ Թվում է, որ Մոսկվան գործի է դրել «պլան Բ»-ն՝ «պլան Ա»-ից սպասելիքները չարդարանալուց հետո։
Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի տեսակետների վերանայման և Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելու առաջարկը Մոսկվայի՝ իր շահերն այս նախագծում ինտեգրելու հնարավորությունների համատեքստում ընկալելու փորձի և դրանով իսկ ՀՀ-ի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի վրա նրա խաթարված ազդեցությունը վերականգնելու մասին է։ Համենայնդեպս, դժվար թե պատահականություն համարվի, որ «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես ՌԴ ԱԴԾ-ի հսկողության տակ գործող խոստումնալից նյութատեխնիկական զարկերակի մասին հիշատակումները կտրուկ անկում ապրեցին ռուսաստանյանքաղաքական գործիչների հռետորաբանության մեջ, փոխարենը բարձրաձայնվեցին առաջին մտքերն առ այն, որ Ռուսաստանը ուսումնասիրում է Փաշինյանի առաջարկած ծրագրին իր մասնակցության հնարավորությունը։
2023 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան միայն ճեպազրույցների ժամանակ մի քանի անգամ հայտարարություններ է արել Ռուսաստանի հովանու ներքո և, իբր, 2020 թ. նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագրի համաձայն «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ։ Այս մասին աշնանը մեկ անգամ չէ, որ խոսել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ընդգծելով, որ նախագիծը նպաստում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության արագ հաստատմանը և խթան կհանդիսանա տարածաշրջանի զարգացման համար։ Եթե դրան էլ ավելացնենք Պետդումայի պատգամավորների, ռուսաստանյանքաղաքական փորձագետների և մեկնաբանների նմանատիպ անթիվ հայտարարությունները, ապա պարզ է դառնում, թե աշնանը Ռուսաստանը ինչպիսի քաղաքական ճնշում է գործադրել Հայաստանի վրա` վերջին հուսահատ փորձով առաջ մղելու իր հատուկ ծառայությունների համար Սյունիքի երթուղու միանձնյա ռազմաքաղաքական և փաստացի տնտեսական վերահսկողության հասանելիությանիրավունքը։
Մինչդեռ ակնհայտ է, որ վերջին ճնշումը հաջողության չհասավ, և այժմ ռուս-հայկական հարաբերությունների օրակարգում ՌԴ-ի կողմից առաջադրվել են իշխանության ֆինանսատնտեսական բլոկի ներկայացուցիչները՝ նկատելիորեն մի կողմ հրելով դիվանագիտական կորպուսին: Իսկ դա կարող է նշանակել միայն մեկ բան. Մոսկվան արդեն ձգտում է վերականգնել իր ազդեցությունը ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա՝ գումարներ ներդրելով «Զանգեզուրի միջանցք»-ինայլընտրանք հանդիսացող նախագծում՝ գիտակցելով, որ պետք է տեղից շարժվել, և եթե ոչ «իրենց, ապա գոնե ուրիշի անիվներով»։ Ի վերջո, որտեղ հնարավոր չէ ԱԴԾ-ի ուղղակի վերահսկողություն հաստատել, ռուսական ֆինանսները կարող են «խծկվել» որպես փափուկ ուժ՝ քաղաքական ազդեցության վրա դրանց հետագա կապիտալացման հեռանկարով:
Դեկտեմբերի 15-ին ՌԴ և ՀՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փաստացի ճանաչեց Երևանի «Աշխարհի խաչմերուկ» նախագծի հեռանկարայնությունը` հայտարարելով հետևյալը. «Մենք փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը՝ ֆինանսավորելով Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ ենթաբաժնի կառուցումը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար։ Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումն այժմ հիմնադրամի կոլեգիալ մարմինների միջև համաձայնեցման փուլում է։ Այնտեղ աջակցության չափը կկազմի 200 մլն դոլար»։
Եվ, փաստորեն, Օվերչուկի ելույթը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարածաշրջանում լոգիստիկ խնդիրների լույսի ներքո հայտարարությունների շարքից դարձավ առաջինը՝ չհիշատակելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «միջանցքային» տրամաբանությունը։ Այսինքն՝ այն դարձավ անուղղակի վկայություն առ այն, որ Ռուսաստանն այլևս հակված չէ լոբբինգի ենթարկել այս զուտ քաղաքական նախագիծը՝ այն ճանաչելով միայն որպես փաշինյանական համապարփակ ծրագրի մաս՝ չտարանջատելով այն «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր տրամաբանությունից և իրավականհիմքերից։ Փոխարենը ՌԴ-ն պարտավորվել է անհրաժեշտ գումարներ ներդնել Երևանի նախաձեռնությունն իրականացնելու համար։ Ավելին, Մոսկվան հնարավորություն ստացավ և իր համաձայնությունը հայտնեց հսկայական միջոցներ և ռեսուրսներ ներդնելու ոչ միայն Հայաստանի տարածքում նոր ճանապարհների և հաղորդակցությունների ապաշրջափակման և անցկացման լոգիստիկ նախագծերում, այլ նաև նոր միջուկային էներգաբլոկների կառուցման, ինչպես նաև հայկական նախկին քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» վերականգնման, թերևս հայկական արդյունաբերության այս երբեմնի բազային ձեռնարկության հետագա վերակենդանացման հեռանկարով։
Մի խոսքով, Երևանն իր ազդեցության ուղեծրում պահելու համար Մոսկվան կրկին նախընտրեց ապավինել Երևանի հետ արդյունավետ փոխգործակցության փորձված միջոցներին՝ տնտեսությանը և կապիտալին։ Վերջին բացասական միտումների ֆոնին նման նախաձեռնությունը կարող է փրկությունդառնալ երկու երկրների հարաբերություններում՝ դրանց ընդունելի մակարդակի պահպանման համար։
Եվ վերջապես, հարկավոր է հատկապես ընդգծել, որ ՌԴ-ն դժվար թե այդքան արագ փոխեր «հայկական ռազմավարության» մեջ իր մոտեցումները, եթե չլինեին Պեկինի և Թեհրանի կայծակնային դրական արձագանքները, որոնք հաստատում էին «Խաղաղության խաչմերուկի» լիակատար համապատասխանությունը «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» մեգանախագծին՝ նշելով այն Մեծ Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ օրգանապես ներդնելու հնարավորությունը։
Կարծես թե, տարածաշրջանում, նկատելի են դառնում առճակատումը ռազմաքաղաքական հարթությունից ֆինանսատնտեսական մրցակցության տարածք տեղափոխելու փորձեր. թեև անխուսափելիորեն կոշտ, բայց ավելի ընդունելի՝ հայոց պետականության և ինքնիշխանության պահպանման հեռանկարի համատեքստում։